ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 9-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2019Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

     Ժամը 11.00

 

Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, Կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են` 31, բացակա` 2 պատգամավորներ:

Աշոտ Ղուլյան - Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, ներկաներ, տիկնայք և պարոնայք: Արցախի Հանրապետության 6-դ գումարման Ազգային ժողովը սկսում է հերթական՝ 9-րդ նստաշրջանի աշխատանքները: Կանոնակարգ օրենքով մեր գարնանային նստաշրջանի աշխատանքները մեկնարկում են փետրվարին, և այս հանգամանքը հնարավորություն է տալիս պարբերաբար անդրադառնալու մեր ժողովրդի նորագույն պատմության փառավոր էջերին: Փետրվարը հայ ժողովրդի համար յուրահատուկ խորհուրդ ունի: 31 տարի առաջ, Ազգային ինքնությունը պահպանելու և պետականությունը վերականգնելու պահանջով ոտքի ելած ժողովուրդը բացառիկ օրինակ` հանդիսացավ ամբողջ աշխարհի համար: Ազգային ինքնորոշման, մարդու հիմնարար իրավունքների և ազատության համար սկսված Ղարաբաղյան շարժումը համաժողովրդական ազգային շարժում էր, որով ինքնակազմակերպվեց ամբողջ հայությունը:

Մենք առիթ ունեցել ենք իրար շնորհավորելու տոնի կապակցությամբ և ստանալու բազմաթիվ շնորհավորանքներ արտերկրի մեր բարեկամներից: Վստահ եմ, որ այսօրվա սերունդն էլ շարունակում է լինել շարժման արժեքների կրողը և արդարության ու անկախության իր ձգտումով իրագործելու է 88-ի գաղափարները: Ցավոք, փետրվարը միայն տոնական իրադարձությունների հիշողություն չէ, որ բերում է, չնայած, այսօրվա նիստին մենք դեռ խոսելու ենք 1988թ. Սումգայիթ քաղաքում իրականացրած ադրբեջանցիների կողմից հայ բնակչության կոտորածից, և կլինի Ազգային ժողովի խմբակցությունների և անկախ պատգամավորների հայտարարություն, այնուամենայնիվ, մեկ րոպե լռությամբ հարգենք ադրբեջանական վայրագություններին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակը: Շնորհակալություն:

Հարգելի ներկաներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօրվա նիստի առաջին մասին մասնակցում են նաև Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության և թարգմանչական գործ մասնագիտության ուսանողները, որոնք այս օրերին փորձուսուցում են անցնում հանրապետության օրենսդիր մարմնում: Եկեք ողջունենք նրանց և մաղթենք, որ եռանդով շարունակեն կատարելագործել մասնագիտական կարողությունները և իրենց ակտիվ մասնակցությամբ օգտակար ծառայություններ մատուցեն մեր հայրենիքին: 2018թ. տարեվերջին, մամուլի ասուլիսի ձևաչափով, հանրությանը արդեն ներկայացվել է խորհրդարանի 7-րդ և 8-րդ նստաշրջանների ընթացքում կատարված աշխատանքները: Հարկ եմ համարում նշել, որ նախորդ նստաշրջանի բոլոր նիստերը հեռարձակվել են խորհրդարանի յութուբյան ալիքով՝ հնարավորություն ստեղծելով դրանց հետևել ուղիղ եթերի ռեժիմով: Մինչև նիստի օրակարգային հարցերին անցնելը՝ տեղին եմ համարում հունվար-փետրվար ամիսներին առնչվող կյանքի կարևոր իրադարձություններին Ազգային ժողովի մասնակցությունը: 2019թ. հունվարի 18-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ: Հունվարի 28-ին խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը Երևանում մասնակցել է Հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Անդրադառնալով արտաքին կապերին ընդգծենք, որ հունվար-փետրվար ամիսներին առավել ակտիվ է եղել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության մեր գործընկերների հետ: Հունվարի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախկին նախագահ Արա Բաբլոյանին: Փետրվարի 1-ին ընդունել ենք ներկայացուցչական մեծ կազմով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման խորհրդարանի՝ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատվիրակությանը: Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել հանդիպելու Հայաստանի Հանրապետության նոր խորհրդարանի՝ Լուսավոր Հայաստան կուսակցության պատվիրակությանը: Փետրվարի 9-ին՝ առանձնազրույց, ապա և ընդլայնված կազմով հանդիպում ենք ունեցել աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման հարցերին: Ձեռք ենք բերել պայմանավորվածություն՝ նիստը գումարել Հայաստանի խորհրդարանում՝ համապատասխան հանձնաժողովի ձևավորումից հետո` սեղմ ժամկետներում: Փետրվարի 15-ին Ազգային ժողովում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Հարգելի գործընկերներ, մեկնարկող նստաշրջանի ընթացքում մենք շարունակելու ենք երկրի օրենսդրությունը մայր օրենքին համապատասխանեցնելու գործընթացը, հետևաբար ունենալու ենք օրենսդրական նախաձեռնություններով հագեցած գործունեություն: Նախորդ շաբաթների ընթացքում՝ մշտական հանձնաժողովներում կազմակերպված քննարկումներով, քննարկումների հիմքով էլ ձևավորվել է այսօրվա նիստի օրակարգը: Ուստի բոլորիս մաղթելով արդյունավետ և եռանդուն աշխատանքներ՝ ինձ վերապահված լիազորությամբ 6-րդ գումարման Արցախի Հանրապետության Ազգային ժողով 9-րդ նստաշրջանի աշխատանքները հայտարարում եմ բացված:

Հնչում է հիմնը:

Աշոտ Ղուլյան – Հարգելի գործընկերներ, այժմ պիտի խնդրեմ գրանցվել՝ նիստի աշխատանքները սկսելու համար: Գրանցում: Գրանցման արդյունքներով նոր նստաշրջանի առաջին նիստին ներկա են 31 պատգամավորներ, երկու պատգամավորները բացակայում են: Մեկը հարգելի է, մյուսը, երևի, լրացուցիչ կիմանանք: Ամեն դեպքում, նիստը իրավասու է սկսել իր աշխատանքները, և այժմ անցնում ենք օրակարգային հարցերին:

Վահրամ Բալայան – Հարգելի գործընկերներ, նստաշրջանի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ պարոն Աշոտ Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, մենք, սովորաբար, բոլոր նստաշրջանի մեկնարկին թարմացնում ենք մեծ օրակարգը նստաշրջանին, և այս անգամ մեր նստաշրջանի օրակարգում ներառվել են հարցեր, որոնց մեծ մասը մենք ստացել ենք Կառավարության կամ մեր պատգամավորական նախաձեռնությամբ նախագծերը՝ դեռևս անցած նստաշրջանի վերջին, բայց, քանի որ ժամկետները չէին թույլատրում, մենք այն տեղափոխել ենք նոր նստաշրջան: Ուրեմն մեր նստաշրջանի օրակարգը ձեզ բաժանված է, որպեսզի նորից չկարդամ այս ցանկը, որովհետև, հետո մենք առանձին-առանձին անդրադառնալու ենք: Մենք ունենք նստաշրջանի օրակարգում պարտադիր քննարկվող հարցերից մեկ հարց՝ տեղեկություններն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2018թ գործունեության մասին: Որպես օրենսդրական նախաձեռնություններ և դրական եզրակացությամբ հանձնաժողովների կողմից ստացված ունենք հինգ նախագիծ և ունենք նստաշրջանի օրակարգում մեկ նախագիծ, որի վերաբերյալ դեռևս եզրակացություն չի ներկայացվել: Այսպիսինն է մեր նստաշրջանի օրակարգը:

Վահրամ Բալայան – Եթե հարցեր կան, խնդրեմ: Էդուարդ Աղաբեկյան:

 Էդուարդ Աղաբեկյան – Պարոն Ղուլյան, դեկտեմբերի 20-ին «Ընդերքի մասին» օրենքի ընդունման ժամանակ քաղաքական հայտարարությամբ այդ ամբիոնից հայտարարվեց, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի վերաբերյալ ինչ-որ բան պետք է պատրաստվի, նախապատրաստվի: Հաշվի առնելով, որ օրենքի քննարկմանն էր վերաբերվում՝ ենթադրում եմ, որ դա նաև նախաձեռնությունը պիտի վերաբերվեր օրենսդրական կամ առնվազն Ազգային ժողովի որոշման նախագծին: Դատելով ներկայացված օրակարգից՝ նման նախաձեռնություն չկա: Ոչ մի բան չի՞ արվել, թե, պարզապես, հայտարարությունը հայտարարություն է, որպես փուչիկ:

Աշոտ Ղուլյան – Պարոն Աղաբեկյան, հենց որ հայտարարության հետքերով լինի նման նախաձեռնություն, մենք՝ հերթական բոլոր նիստերին թարմացնում ենք: Լինելու է այդ առաջարկը, և կարծում եմ՝ գնահատականներ այստեղ տալ որևէ բան չունի: Բոլորն էլ ներկայացնում են առաջարկություններ: Թե ի՞նչ է դա իրենից ներկայացնում, կարծում եմ՝ ամեն պատգամավոր ինքն է որոշում: Հենց լինի առաջարկություն, ներկայացվելու է:

Վահրամ Բալայան – Եթե ուրիշ հարցեր կան: Չկան ուրիշ հարցեր:

 Աշոտ Ղուլյան – Մենք առանձին-առանձին ենք քննարկում օրակարգերը, և հիմա պատգամավորներին խնդրում եմ քվեարկության պատրաստվել Ազգային ժողովի որոշման նախագծի համար՝ Ազգային ժողովի 6-րդ գումարման, 9-րդ նստաշրջանի օրակարգը հաստատելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է, նստաշրջանի օրակարգը պարզ է:

Վահրամ Բալայան – Փետրվարի 27-ի նիստի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ պարոն Աշոտ Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան – Հարգելի գործընկերներ, նստաշրջանի օրակարգը հաստատելուց հետո, կարծում եմ՝ որևէ դժվարություն չի ներկայացնում, կոնկրետ օրվա, հերթական նիստի օրակարգը հաստատելը, քանի որ մենք այստեղ ներառում ենք հարցեր, որոնք արդեն քիչ առաջ հաստատված են Ազգային ժողովի կողմից: Հաշի առնելով, որ կանոնակարգը տարբեր ամիսներին նախատեսում է տարբեր հարցերի քննարկումներ, մենք այսօրվա լիագումար նիստի՝ փետրվարի 27-ի նիստի օրակարգում ներառել ենք քիչ առաջ նշված այդ տեղեկատվությունը՝ որպես պարտադիր քննարկվող հարցեր: Մեր օրենսդրական նախաձեռնությունները, որոնց մի մասը փաթեթներ են, դրանք նորից չընթերցեմ, և մենք ունենք այսօրվա նիստի համար Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին հարցերի հնարավորություն, որը կանոնակարգով փետրվար, ապրիլ և հունիս ամիսներին է նախատեսված: Ինչպես բոլոր հերթական նիստերին՝ նաև պատգամավորական հայտարարություններ: Այսպիսինն է մեր այսօրվա նիստի օրակարգը:

Վահրամ Բալայան – Եթե հարցեր կա՞ն: Արթուր Թովմասյան:

Արթուր Թովմասյան – Օրակարգի վերաբերյալ՝ չէ, պարոն Ղուլյան: Այդ կանոնադրության պահա՞նջ է, որ տեղից չեք ներկայացնում, այլ՝ տրիբունայից:

Աշոտ Ղուլյան – Ոչ մի այդպիսի պահանջ չկա, պարզապես հաշվի ենք առնում մյուս խորհրդարանների փորձը: Տված է, որ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահը կամ նիստը վարողը, եթե ներկայացնում է, ուրեմն ներկայացնում է այստեղից:

Վահրամ Բալայան – Եթե հարցեր կան: Չկան:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Մենք հիմա անցնում ենք հաջորդ մեր քվեարկությանը: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2019թ. փետրվարի 27-ի նիստի օրակարգը հաստատելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ` 31, դեմ` չկա, ձեռնպահ` նույնպես: Շնորհակալություն, մենք հաստատեցինք: Ես, երևի մի քիչ բացատրություն պետք է տամ մեր ուսանողների համար: Ամեն նիստը սկսելուց՝ մենք հաստատում ենք այն հարցերի շարքը, որը պիտի քննարկվի և արդեն պարզ է այդ շրջանակը, և մենք անցնում ենք այդ օրակարգային հարցերի քննարկմանը:

Նշեցինք, որ առաջինը պարտադիր Ազգային ժողովի օրակարգ մտնող հարցերից է և տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2018թ. գործունեության մասին: Այն Ազգային ժողովին է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական խորհրդի նախագահ պարոն Բորիս Առուշանյանը, խնդրեմ:

Բորիս Առուշանյան – Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ: Քաղաքացիական ծառայության խորհուրդը իր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և համակարգել է հետևյալ աշխատանքները: Նախ` ասեմ, որ համակարգում ընդգրկված է, հունվարի 1-ի դրությամբ 27 մարմին, 1351 քաղաքացիական ծառայող, որոնք բաժանվում են հետևյալ խմբերի. բարձրագույն` 33 քաղծառայող, գլխավոր` 401, առաջատար` 640 և կրտսեր` 277: Անվանացանկերի և պաշտոնների անձնագրերում կատարվել են փոփոխություններ: Համաձայնեցվում և հաստատում, կարճաժամկետ և երկարաժամկետ ռեզերվի ձևավորում և կառավարում: Ժամկետային աշխատանքային պայմանագրերով մարմիններին ներկայացրել են գրանցված քաղաքացիներին պաշտոններում նշանակման համար: Թվային տվյալները չեմ ներկայացնում, դրանք կան տեղեկանքում, որը ձեզ մոտ է գտնվում: Արցախի Հանրապետության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով` խորհուրդը, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ է մշակել և ներկայացրել է Արցախի Հանրապետության Կառավարությանը, և եթե չեմ սխալվում, այժմ գտնվում է Ազգային ժողովում՝ ձեր քննարկմանը: Մշտապես հայտարարվում և կազմակերպվում են մրցույթներ՝ մարմիններում և քաղաքացիական ծառայության մարմիններում ըստ պաշտոնների դասակարգման: Կրտսեր պաշտոնների թափուր պաշտոնների համալրման համար տարեկան 4 անգամ անց ենք կացնում հավաստագրման համար թեստավորումներ, մոտավորապես հաղթողների 20 տոկոսը նշանակվել են պաշտոններում: Մյուս մասը գրանցված են և մեկ տարի իրավունք ունեն ըստ հավաստագրի տեղավորվել թափուր պաշտոններում, որոնք ընթացքում կարող են ազատվել: Խորհրդի աշխատակազմը օգնում է մարմիններին՝ հարցաշարի լրամշակման և համակարգչային ծրագրերի տեղադրման ուղղությամբ, մասնակցող մարմիններում կազմակերպող մրցույթներին և ատեստավորումներին իրականացնում վերահսկողություն մարմինների կողմից կադրային գործերի վարման ուղղությամբ` օրենքի պահանջներին համապատասխան: Ընթացքում վերահսկվում է, որպեսզի թույլ տված խախտումները վերացվեն: Տարին մեկ անգամ կազմակերպվում են համապատասխան մարմինների քաղծառայողների հերթական վերապատրաստում երկու էտապով՝ ամռանը և աշնանը: Գյուղոլորտի աշխատակիցների համար կազմակերպվում է աշնանը, որպեսզի նրանք ազատվեն այդ աշխատանքներից: Այդ ուղղությամբ մեզ մեծ ծառայություն է մատուցում «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի կոլեկտիվը, հրավիրում է նաև մասնագետներ Հայաստանի Հանրապետությունից: Խորհուրդը 2018թ. ընդունել է 300 նորմատիվ և անհատական որոշումներ: Մարմիններին տրամադրել է մեթոդական պարզաբանումներ, փորձառություններ և այլն: Խորհուրդը համագործակցում է Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցի հետ: Տեղի են ունենում փոխադարձ այցելություններ, համատեղ քննարկումներ, օրենսդրական դաշտում կատարել փոփոխությունների և լրացումների մասով և այլն: Շարունակվում են աշխատանքները՝ մարդկային ռեսուրսների կառավարման  տեղեկատվական համակարգի տեղադրման ուղղությամբ: Խորհրդի գործունեությունը մեր կողմից մշտապես լուսաբանվում է, ապահովվում է հրապարակայնությունը և թափանցիկությունը: Այսքանը, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Առուշանյան: Մեր կանոնակարգի 115-րդ հոդվածի համաձայն, մենք պետական մարմինների զեկույցների հաղորդումներ, հաշվետվությունները, զեկույցները ներկայացնելու կարգ ունենք և կարող ենք հարցերով դիմել պարոն Առուշանյանին: Խնդրեմ, եթե կա այդպիսի հարցեր, գրանցվում ենք: Հայկ Խանումյան, Ալյոշա Գաբրիելյան և Արմեն Սարգսյան, խնդրեմ, Հայկ Խանումյան, հարց:

Հայկ Խանումյան – Պարոն Առուշանյան, քաղծառայության մրցույթի արդյունքները դատական կամ այլ կարգով բողոքարկվե՞լ են և այս ընթացիկ շրջանում` Ձեր զեկույցի, քանի՞ բողոքարկում եք ստացել:

Բորիս Առուշանյան – Հիմա դատարանի կողմից քննարկվում է Դոլուխանյան Կամոյի բողոքը` պաշտոնի նշանակման հետ կապված, որ վարչակազմը, ըստ նրա ներկայացվող դիմումի՝ օրենքի խախտմամբ նրան նշանակել է ընդամենը երկու տարով: Եթե չեմ սխալվում, կատարվել է դատական նիստ, և դատարանը մերժել է նրա հայցը, և, երևի, նա կշարունակի բողոքարկել այլ մարմիններում: Ճիշտն ասած, այս հարցում, քանի որ օրենքի այդ հոդվածը հստակ չի շարադրված, Հայաստանի կողմից մշակված օրենք է, մենք կապվել ենք Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցի հետ, և քանի որ, եթե մեկ տոկոս կասկածանքի դեպքում մենք միշտ պաշտպանում ենք քաղծառայողի շահերը, ապա խորհուրդը իր նամակով դիմել է դատարանին և արտահայտել ի օգուտ քաղծառայողի, բայց դատարանը որոշել է մերժել: Հետո ինչ կլինի` կտեսնենք, կարող է նա բողոքարկի, որովհետև մենք չենք կարողանում հաշվի առնել այլ հանգամանքներ, որ դատարանը կարող է հաշվի առնել: Մենք զուտ ղեկավարվում ենք օրենքի պահանջներով, բայց դատարանը կարող է հաշվի առնել նաև ուրիշ հանգամանքներ, այնպես որ հարցը գտնվում է դատական քննարկման մեջ:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք: Հայկ Խանումյան:

Հայկ Խանումյան  - Ես, կոնկրետ դեպքի չէի անդրադառնում, այլ ընդհանրապես, բողոքարկումները ի՞նչ տոկոս են կազմում:

Բորիս Առուշանյան – Շատ քիչ, ես կասեի, որ այս 15 տարիների ընթացքում երկու, երեք դեպք է եղել ընդամենը, դատական նման քննարկումներ: Մեկ, թե երկու դեպքում է դատարանը ի վնաս քաղծառայողի որոշում ընդունել:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ հարցը՝ Ալյոշա Գաբրիելյան, խնդրեմ:

Ալյոշա Գաբրիելյան – Հարցս, կարելի է ասել, պարոն Խանումյանի հարցի շարունակությունն է: Այսպիսի բան, ասենք կադրային որոշակի փոփոխություններ կատարվում է, և ղեկավարը նոր գալիս է ու իր ղեկավարած հիմնարկում քաղաքացիական ծառայության անդամներին ազատում է աշխատանքից: Ձեր կողմից որոշակի միջամտություն` օրենքով նախատեսված, ուղղորդում, վերահսկողություն կատարվո՞ւմ է, թե չէ:

Բորիս Առուշանյան – Իհարկե, անպայման: Բոլոր քաղծառայողները մշտապես մեր կողմից տեղեկացում են, որ ցանկացած օրենքի խախտում նրանց հանդեպ, մենք անմիջապես միջամտում ենք: Կառուցվածքային փոփոխությունները իրականացնում է Կառավարությունը, եթե այդ կրճատումները կատարվում են կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, ապա մենք չենք կարող միջամտել, ընդամենը գրանցում ենք ռեզերվում և օգնում աշխատանքի տեղավորում: Բայց, եթե կատարվում է առանց կառուցվածքային փոփոխությունների, օրենքի խախտման, ապա մենք անմիջապես միջամտում ենք և պաշտպանում ենք քաղծառայողի շահերը: Ուղղակի կան քաղծառայողներ, որոնք կամ չեն ցանկանում մտնել կոնֆլիկտի մեջ մտնել ղեկավարության հետ` սուսուփուս դիմում են գրում, այս դեպքում էլ մենք չենք միջամտում: Բայց մենք միշտ զգուշացնում ենք, որ եթե ձեր շահերը ոտնահարվում են, իսկույն դիմեք մեզ: Չի եղել մի դեպք, որ մենք քաղծառայողի շահերը չպաշտպանենեք:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Գաբրիելյան, շնորհակալություն: Հաջորդ հարցը, Վահրամ Բալայան:

Վահրամ Բալայան  - Քանի որ ինձ մտահոգող հարցը ներկայացրին, ես հարցս հանում եմ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ հարցը՝ Արմեն Սարգսյան:

Արմեն Սարգսյան – Պարոն Առուշանյան, հարցս հետևյալն է՝ քաղծառայության մասին օրենքում չի՞ նախատեսվում, արդյոք, որոշակի փոփոխություններ այն բուհերի շրջանավարտների համար, որոնք, այսպես ասենք, ունեն համաշխարհային ճանաչում, թեկուզ այդ ցանկը կհաստատվի Կառավարության նիստում՝ որոշ արտոնություններ տալու համար: Օրինակ, Օքսֆորդի համալսարանի շրջանավարտը գալիս է Ղարաբաղ և ստիպված պետք է աշխատի` 1-ին կարգի մասնագետ: Արդյունքում թողնում, գնում է: Տուժում ենք ֆինանսապես և լավագույն մասնագետին թողնում ենք դուրս: Չե՞ք նախատեսում նման ինչ-որ մի փոփոխություն, որպեսզի մասնագետները պահենք Ղարաբաղում:

Բորիս Առուշանյան – Ճիշտն ասած, դա մի քիչ բարդ հարց է: Այժմ, Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես օրենքի փոփոխությունները այնպիսի ուղղություն են վերցրել, որ համակարգը լրիվ ենթարկվում է կառավարությանը: Այսինքն, նրանց սահմանադրության պահանջներին համապատասխան, քաղաքացիական ծառայության համակարգը Կառավարության աշխատակարգի մեջ է մտցված: Այս հարցերը պետք է կարգավորվի Կառավարության համապատասխան որոշումներով: Մենք դեռևս տատանման մեջ ենք: Մենք դեռևս մեր օրենքի համապատասխանությունը մեր սահմանադրությանը` այդ ուղղությամբ ենք աշխատում: Հետագայում կտեսնենք: Ճիշտն ասած, լավ հարց է, բայց ես չգիտեմ՝ շա՞տ են այդ մասնագետների թիվը: Եթե քիչ են, կարելի է առանց օրենքի փոփոխությունների, Կառավարության կողմից խնդիրը լուծել: Մի բան էլ ասեմ Ձեզ, քաղաքացիական ծառայության համակարգը պետական ծառայողների ընդամենը 15,20 տոկոսն է ընդգրկում այդ համակարգը, մյուս 80 տոկոսը մեր կառույցի մեջ չեն մտնում, հետևաբար, այդ մարդիկ կարող են նաև աշխատանքի տեղավորվել այն համակարգում, որտեղ նման պահանջներ չկան` կրտսեր, առաջատար և այլն: Մենք, ընդամենը 15,20 տոկոսն ենք ընդգրկում պետական ծառայողներին և, անպայման չէ, որ դրանք ընդգրկվեն քաղաքացիական ծառայության համակարգ: Կարող են ընդգրկվել ուրիշ մարմիններում: Եթե լինի նման պահանջ, մենք կարող ենք նման փոփոխություն նախատեսել: Բացի դրանից` Դուք, որպես պատգամավոր, կարող եք նախաձեռնություն՝ հանդես գալ օրենքի փոփոխությամբ: Դուք կարող եք առաջարկություն մտցնել, կքննարկեն, կտեսնենք:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Սարգսյան: Չէ:

Արմեն Սարգսյան – Լավ, Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Առուշանյան: Մենք ավարտեցինք հարցերը:

Արթուր Թովմսայան – Մի հատ հարց ունեմ:

Աշոտ Ղուլյան – Պարոն Թովմասյան, հարցերը ավարտեցինք, առաջարկությո՞ւն եք անում: Մի հատ առաջարկություն է անում:

Արթուր Թովմասյան – Առաջարկություն չէ: Պարոն Առուշանյան, ես հիացած եմ պատգամավորների բարձրացրած հարցերի՝ Ձեր պատասխանից:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Մենք ունենք նաև մտքեր փոխանակության հնարավորություն, եթե ցանկություն կա՝ արտահայտվելու և շարունակելու այս թեմաները: Մտքերի փոխանակության համար, չկան: Մենք այս հարցով որոշում չենք ընդունում, պարզապես քաղծառայության խորհրդի տարեկան գործունեությունը Ազգային ժողովը լսում է, որպես տեղեկատվություն, համապատասխան եզրակացություններ անում՝ հետագայում օրենսդրական տարբեր ընթացակարգերով դրա վրա ազդելու նպատակայնությամբ: Մենք այս թեման ավարտել ենք: Հիմա շարունակում ենք մեր օրակարգային հարցերը և անցնում ենք 2-րդ խումբ օրակարգային հարցերին, որոնք օրենքի նախագծեր են: Այժմ, ես հայտարարում եմ մեր օրակարգից առաջին հարցը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և դրան կից փաթեթը: Երկար փաթեթ է, երկու անգամ չթվարկենք: Այն Ազգային Ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանը, խնդրեմ:

Արարատ Դանիելյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, սիրելի ուսանողներ: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքների նախագծերը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգրքում կատարել երեք տասնյակից ավել փոփոխություններ` կապված օրենսգրքով կարգավորվող իրավահարաբերությունները սահմանադրությամբ ամրագրված հիմնադրույթներին համապատասխան կարգավորելու, ինչպես նաև օրենսդրությունում օգտագործվող հասկացողությունները սահմանադրության մեջ օգտագործվող հասկացությունների հետ համապատասխանեցնելու հետ: Խոսքը, օրենսգրքի՝ Արցախի Հանրապետության սահմանադրության 3-րդ՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները, 25-րդ` ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը,  27-րդ՝ անձնական ազատությունը, 31-րդ՝ պատվի ու բարի համբավի, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, 63-րդ՝ արդար դատաքննության իրավունքը, 65-րդ՝ ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը, 67-րդ՝ մեղադրանքից պաշտպանելու իրավունքը հոդվածներին համապատասխանեցնելու մասին է: Նախագծով առաջարկվում է նաև լրացնել քրեադատավարական վերադասությունը նախաքննական հոդվածը, ինչը բխում է անմիջական վերադաս հասկացողությունը  օրենսգրքից: Միայն նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է 16 հոդվածներում կատարել փոփոխություն՝ հիմք ընդունելով սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը: Խոսքը վերաբերում է օրինական բառը իրավաչափ բառով փոխարինելուն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգրքում կատարել փոփոխություններ և լրացումներ մեկ տասնյակից ավել, դրանք կապված են սահմանադրության 25-րդ՝ ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, 27-րդ՝ անձնական ազատությունը, 31-րդ՝ պատվի ու բարի համբավի, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, 61-րդ՝ արդար դատաքննության իրավունքը, 65-րդ՝ ցուցմունք տալու պարտականությունից ազատելու իրավունքը հոդվածներին համապատասխանեցնելու մասին: Նախագծով առաջարկվում է օրենսգրքում նախատեսել նաև էլեկտրոնային ծանուցման եղանակը` պայմանավորված դատական ծանուցման ինստիտուտում առավել հստակ ու մանրամասն ձևակերպելու հետ: Օրենսգրքում նախատեսված սույն փոփոխությունը նախագծում ներառվել է Գերագույն դատարանի առաջարկությամբ՝ հիմք ընդունելով պրակտիկան:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է կատարել մեկ տասնյակից ավելի փոփոխություններ և լրացումներ: Խոսքը, նախ և առաջ, օրենսգիրքը սահմանադրության 25-րդ՝ ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, 27-րդ՝ անձնական ազատությունը, 63-րդ՝ արդար դատաքննության իրավունքն հոդվածներին համապատասխանացնելու մասին է: Նախագծում ներկայացրած փոփոխություններին ուղղված է նաև հայցի հիմքն ու առարկան փոփոխելուն, պրակտիկայում հանդիպող գործի վարույթի կասեցման դեպքերն օրենսդրորեն ամրագրելուն, ինչպես նաև պրակտիկայում հանդիպող մի շարք այլ խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի առաջին մասով նախատեսված փոփոխությունը պայմանավորված է սահմանադրության 65–րդ՝ ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը հոդվածում ամրագրված կարգավորման հետ:

Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի առաջին հոդվածով նախատեսված է փոփոխություն կատարել օրենքի 12-րդ հոդվածում և դա պայմանավորված է «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ: Կա նաև ամփոփաթերթ, երբ  ներկայացված էր օրինագիծը խորհրդարան, այս ամիսների ընթացքում հեղինակի կողմից նաև ամփոփաթերթ է կազմվել՝ կապված «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի 27-րդ հոդվածը առաջարկվում է շարադրել հետևյալ խմբագրությամբ: Օրենսգրքի 300-րդ հոդվածում կատարում բառից առաջ լրացնել բացառությամբ սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված դեպքերի բառերը: «Քաղաքացիական դավադրության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 10-րդ հոդվածով, նոր խմբագրությամբ շարադրել 11-րդ գլխի 76-րդ հոդվածը: Առաջին նախադասությունը համարակալել, որպես առաջին մաս՝ համապատասխանաբար փոխելով մյուս մասերի համարակալումը, առաջին մասում անձի բառը փոխարինել՝ գործիր մասնակցող անձի օրինական ներկայացուցչի, վկայի, օրինական ներկայացուցչի, թարգմանչի, փորձագետի բառերով: 5-րդ մասում` վկաները բառը փոխարինել վկան բառով: Փոփոխություն է առաջարկվում Վարչական դատավարության օրենսգրքում 1. նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետը հանել, 3-րդ կետը համարակալել, որպես 2-րդ կետ և նախագծի 14-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրել 118-րդ կետ, 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել վերաքննիչ, վարչական բառերը այսինքն` խոսքը վերաբերում է այդ դատարանին, մյուս դատավարական, նշվում է դատարանի անվանումը, նախագծով ներկայացված է վերաքննիչ վարչական դատարան, առաջարկվում է վերաքննիչ վարչական բառերը հանել, թողնել դատարան բառը:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Եթե հարցեր կան, խնդրեմ: Գրանցվում ենք: Հայկ Խանումյան: Ուրի՞շ: Ուրիշ հարցեր չկան: Խնդրեմ, մենք սկսում ենք հարցերի ընթացակարգը: Հայկ Խանումյան:

 Հայկ Խանումյան – Պարոն նախարար, օրինագիծը հանրային քննարկման դնելուց հետո որևէ առաջարկ ստացել եք, ասենք, փաստաբանական պալատի անդամների կողմից:

Արարատ Դանիելյան – Ոչ: Նախագիծը նոյեմբեր ամսից շրջանառության մեջ է, նախագիծը ներկայացվել էր բոլոր այն շահագրգիռ մարմիններին, ովքեր անմիջապես առնչություն ունեն դատավարական օրենսգրքերի հետ: Փաստաբանների պալատին էլ էինք մենք առաջարկել, որպեսզի մասնակցեն, բայց կոնկրետ առաջարկ չի եղել: Այս երեք ամիսների ընթացքում մենք այդ ամփոփաթերթը, որ կազմել ենք, հնարավորություն է ընձեռվել, որպեսզի էլ ավելի խորը ուսումնասիրենք և հաշվի առնենք դատարանի կողմից ներկայացված այդ առաջարկը: Կա նաև ոստիկանության կողմից ներկայացված այդ առաջարկը` վերադասության սկզբունքը: Այդքանը:

 Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Խանումյան: Չէ: Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Օրենքը ներկայացվեց և օրենքին վերաբերվող հարցերին տրվեցին պարզաբանումներ: Այժմ, մենք կանոնակարգով լսում ենք գլխադասային հանձնաժողովի` Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը: Ես հրավիրում եմ Ազգային ժողովի պետական- իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանին, խնդրեմ, պարոն Ջիվանյան:

   Հովիկ Ջիվանյան – Ողջույն բոլորին: Հեղինակը մանրամասն ներկայացրեց, չեմ ուզում նորից կրկնվեմ: Փաթեթի մեջ ընդգրկված օրենքների անվանումները, մանրամասն ներկայացվեց խորհրդարանին: Ասեմ, որ օրինագծերի փաթեթը նաև պետաիրավական հանձնաժողովում, որպես գլխադասային հանձնաժողով, քննարկվել է, տրվել է դրական եզրակացություն, և հիմա էլ առաջարկում եմ այս ամբիոնից օրենքի նախագծերը ընդունել որպես օրենքներ: Շնորհակալություն:                                                                                                                                      Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր կա՞ն պարոն Ջիվանյանին: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Եթե ցանկություն կա ելույթների, մտքերի փոխանակության: Չկան: Ես կարծում եմ` հանձնաժողովային քննարկումների ժամանակ հնարավորինս, առավելագույն չափով բացել ենք նաև այդ հոդվածներին վերաբերող առաջարկները, և այն հանգամանքը, որ մեր նոր սահմանադրության` մարդու իրավունքների բաժնի համապատասխան հոդվածները շարունակվում են և քրեական, և քաղաքացիական, և վարչական իրավախախտումների հետ: Քվեարկություն: Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է, շնորհակալություն: Հաջորդ օրենքի նախագիծը, որը նույնպես ներկայացվում է փաթեթով՝ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքի նախագիծն է և դրան կից՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության մասին» նախագիծն է: Այն Ազգայի ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության արդարադատության նախարար, պարոն Արարատ Դանիելյանը:

Արարատ Դանիելյան – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ և սիրելի ուսանողներ: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում 1-ին ընթերցմամբ՝ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության» օրենքների նախագծերը: Օպերատիվ հետախուզական գործունեությունը, որպես փաստացի կարևորագույն ձեռքբերման կարևորագույն նշանակություն ունեցող առանձնահատուկ ընթացակարգ, մինչ այժմ՝ ըստ էության, դուրս է օրենքի կարգավորման դաշտից: Այս առումով «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը նպատակ ունի կարգավորել օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավական համակարգը  ու նպատակ ունի արդարության պատշաճ իրականացման և մարդու իրավունքների պաշտպանության միջև արդարացի հավասարակշռությունը: Վերոնշյալ նախագծով՝ 1-ին անգամ, օրենքով սահմանվելու են օպերատիվ հետախուզական գործունեության սկզբունքները, նպատակները, օպերատիվ հետախուզական գործունեություն  իրականացնող մարմինները, օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելիս նրանց իրավունքները և պարտականությունները, օպերատիվ հետախուզական միջոցառումների տեսակները, օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև «Քրեական դատավարության օրենսգրքի» 292-րդ մասի 2-րդ մասում՝  ճշգրտելով նշված օրենքի հղումը: Օրինագիծը քննարկվել է բոլոր շահագրգիռ մարմինների հետ, ովքեր օրենքով լիազորվում են՝ իրականացնել օպերատիվ հետախուզական գործունեություն: Հեղինակի կողմից նախապատրաստվել է ամփոփաթերթ, որը այս ժամանակաշրջանում առաջացրել է որոշակի խնդիրներ: Խոսքը վերաբերում է 4-րդ հոդվածի 1-ին մասից 7-րդ կետից հետո ավելացնել նոր կետ, 8-րդ կետ: Քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեության ապահովումը, քրեակատարողական հիմնարկներում նախապատրաստվող հանցագործությունների նախազգուշացումը, կանխումը և բացահայտումը՝ համապատասխանաբար փոխելով նաև հաջորդող համարակալումը: 2-րդ և 9-րդ հոդվածի 2-րդ մասում ծառայության ղեկավարը փոխարինել ծառայության տնօրենը բառերով, իսկ 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում ծառայության ղեկավարում բառերը փոխարինել ծառայության տնօրինում բառերով: 3. 39-րդ հոդվածի 3-րդ մասի և 49-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին պարբերությունում չեն հանդիսանում ապացույցներ բառերը փոխարինել չեն կարող համարվել, որպես թույլատրելի ապացույցներ բառերով՝ նույն հոդվածի 1-ին մասին ներկայացված ձևակերպմանը համապատասխանեցնելու նպատակով: 41-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում կան ծանուցման գործունեությամբ զբաղվելու իրավունքը բառերը հանել՝ Արցախի Հանրապետության գործունեության այդ տեսակի բացակայության պատճառով:

Աշոտ Ղուլյան  - Շնորհակալություն: Այժմ, եթե հարցեր ունենք այս նախագծի հետ կապված, նոր նախագիծ է, հիմնական օրենք է, խնդրեմ, հարցերի համար գրանցվում ենք: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Մենք  գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ենք հիմա լսում՝ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Հովիկ Ջիվանյանը:

Հովիկ Ջիվանյան – Նշված օրենքի նախագծերը հեղինակի կողմից նույնպես մանրամասն ներկայացվել են պետաիրավական հանձնաժողովում, մանրամասն քննարկվել են: Հեղինակը արդեն ներկայացրել է ավելացումները: Նշեմ միայն այն, որ ինչպես հեղինակը ասաց, սա նոր օրենքի նախագիծ է, սա մայր օրենք է և սա 2-րդ ընթերցում էլ է անցնելու: Գլխադասային հանձնաժողովը տվել է իր դրական եզրակացությունը, և առաջարկում եմ ընդունել այն 1-ին ընթերցմամբ և մեծ հնարավորություն կլինի, եթե ինչ-որ դիտողություններ, դիտարկումներ, առաջարկություններ կլինեն մինչև 2-րդ ընթերցումը:

Աշոտ Ղուլյան   - Շնորհակալություն: Հարցեր ունե՞նք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Եթե կա՞ ցանկություն մտքերի փոխանակություն ծավալելու, մենք, հիմա այդ փուլում ենք: Չկա ելույթների ցանկություն: Քանի որ և հեղինակի կողմից, և գլխադասային հանձնաժողովի նախագահի կողմից նշվեց, ես կարծում եմ՝ հանձնաժողովային քննարկումների ժամանակ, մենք որոշակի կարգավորումների հետ մեր հետաքրքրությունն ենք բավարարել, բայց և՝ այնպես չէ, որ օրենքի նախագծի հետ կապված թեմաներ չկան խոսելու, կարծում եմ՝ սա այն կարևոր գործունեության ձևերից է, որը մինչև հիմա օրենքով կարգավորման դաշտից դուրս է: Շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք այս դաշտում համապատասխան իրավակարգավորումների հետ գործ ունենալ: Ամեն դեպքում, պետք է քվեարկենք, օրենքը՝ որպես  մայր օրենք, նոր օրենք, 1-ին ընթերցմամբ ընդունելու համար, բայց դրանից հետո մենք նոր փուլ ենք մտնում՝ 2-րդ ընթերցմամբ օրենքի նախագիծը նախապատրաստելու, այսինքն, պատգամավորները իրենց առաջարկությունները ներկայացնելու են և հեղինակին, և գլխադասային հանձնաժողովին, որից հետո մենք նորից այն՝ նոր շրջանով, անցնելու ենք հանձնաժողովային քննարկման միջոցով: Այժմ մենք խնդրում եմ ուշադիր լինել: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքներն 1-ին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ 1: Ձայների այսպիսի հարաբերակցությամբ փաթեթը ընդունվում է 1-ին ընթերցմամբ: Շնորհակալություն:

Մենք անցնում ենք հաջորդ օրենսդրական նախաձեռնությանը, խոսքը վերաբերում է «Դատախազության մասին Արցախի Հանրապետության օրենքում>> փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին և այն  նորից Ազգային ժողովին է ներկայացնում Կառավարության կողմից Արցախի Հանրապետության արդարադատության նախարար, պարոն Արարատ Դանիելյանը, խնդրեմ, պարոն Դանիելյան:

Արարատ Դանիելյան – Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Դատախազության մասին Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Դատախազուության մասին Արցախի Հանրապետության օրենքի դատախազ և քննիչ նշանակելու համար ներկայացվող ընդհանուր  պահանջները վերտառությամբ 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, որպես տվյալ պաշտոններում նշանակվելու պահանջ նախատեսվում է վերջին 5 տարում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն 2 տարվա փորձառություն ունենալը: Նշված կետում շեշտադրված վերջին հինգ տարում բառակապակցությունը գործնականում խոչընդոտում է դատախազների և քննիչների ցուցակների համալրմանը, քանի որ դատախազների և քննիչների թեկնածուների ցուցակների ընդգրկելուն հավակնող անձի համար նախատեսված երկու տարվա իրավաբանի մասնագիտության աշխատանքի փորձառության որոշակի ժամանակահատվածը կարող է չընդգրկվել վերջին 5 տարում: Սակայն, հավակնորդը կարող է ունենալ որոշակի տարիների իրավաբանի մասնագիտության աշխատանքի փորձառություն և միաժամանակ անցած լինի համապատասխան ուսումնառություն: Դատախազության մասին Արցախի Հանրապետության օրենքի  37-րդ հոդվածով սահմանված դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակի կազմում է, որի առաջին մասով սահմանված է, որ դատախազների և քննիչների ցուցակը համալրվում է որակավորման հանձնաժողովի կողմից առնվազն 3 տարին մեկ անգամ՝ Գլխավոր դատախազի սահմանված կարգով անցկացվող բաց մրցույթի միջոցով: Փաստորեն, օրենքով գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը արհեստականորեն զրկում է և սահմանափակում է՝ անցկացնելով փակ մրցույթ և փակ մրցույթին չեն կարող մասնակցել 37-րդ հոդվածի 10-րդ մասում նախատեսված այն անձինք, որոնք վերջին 5 տարվա ընթացքում ունեն դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ կամ իրավաբանական գիտությունների դոկտոր են և ունեն իրավաբանի մասնագետի առնվազն երեք տարվա ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածու են և ունեն իրավաբանի մասնագիտությամբ առնվազն աշխատանքի 5 տարվա ստաժ:

Նախագծով առաջարկվում է Դատախազության մասին օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել վերջին հինգ տարում բառերը, իսկ 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ սահմանելով, որ դատախազների և քննիչների համալրման ցուցակը համալրվում է բաց և փակ մրցույթի միջոցով: Բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը՝ առնվազն 3 տարին մեկ անգամ, դատախազների և քննիչների թեկնածուների ցուցակում լրացումներ կատարելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ կարող է անցկացվել հավակնորդի փակ մրցույթ: Բաց և փակ մրցույթների կազմակերպման կարգը սահմանվում է Գլխավոր դատախազի հրամանով: Նախագծով նախատեսվում է նաև օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակից հանելու նոր հիմք՝ մինչև հերթական ատեստավորման անցկացում: Սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետով սահմանված կարգով` անձն ընդգրկված է եղել դատախազների կամ քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում: Նման կարգավորման պահանջը ձևավորվել է պրակտիկ գործունեության ամփոփման արդյունքում, այսինքն, եթե դատախազի կամ քննիչի նկատմամբ հերթական ատեստավորման արդյունքներով կայացվել է՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, օրենքով սահմանված կարգով ներառելով դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման համապատասխան ցուցակում որոշումը, ապա հերթական ատեստավորման անցկացումից հետո նպատակահարմար է հանել նրան ծառայողական առաջխաղացման ցուցակից և առաջնորդվել արդեն վերջին ատեստավորման արդյունքներով: Առաջարկվում է նաև օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում դատախազների բառից հետո լրացնել և քննիչների բառը և 2-րդը` դատախազի բառից հետո լրացնել կամ քննիչի բառը, ինչպես նաև օրենքի 40-րդ հոդվածի վերնագրում դատախազների բառից հետո լրացնել և քննիչների բառերը: 1-ին մասում 10-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ և լրացնել 11-րդ կետ՝ մինչև հերթական ատեստավորման անցկացում՝ սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով ընդգրկված է եղել դատախազների կամ քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում:

Աշոտ Ղուլյան -  Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Հարցե՞ր: Արպատ Ավանեսյան: Ուրի՞շ: Ուրիշ հարցեր չկան, խնդրեմ, Արպատ Ավանեսյան:

Արպատ Ավանեսյան - Պարոն Դանիելյան, ես կցանկանայի նորից ուշադրություն դարձնեք այդ 5 տարվա արտահայտությանը, որովհետև 5 տարին մենակ այն չէ, որ նա պետք է իրավաբանական ինչ-որ ծառայություն իրականացնի, այլ գոնե պետք է ունենա աշխատանքային ստաժ, այլապես մենք վերջերս տեսանք, շատ հետաքրքիր է, օրինակ, երբ, որ 23 տարեկան տղային նշանակում են Հանրապետության կամ քաղաքի զինվորական դատախազ: Դրանով աշխատանքային փորձառություն է պահանջում: Այդ աշխատանքային փորձառությունը պարտադիր չէ, որ լինի իրավաբանական կրթությամբ, այնպես որ մի անգամ ևս ուշադրություն դարձրեք այդ 5 տարին հանելու գործընթացին, որովհետև չեմ կարծում, որ դա ճիշտ է:

Արարատ Դանիելյան – Եթե նկատել եք՝ մեկ տարի էլ չկա, որ ընդունել ենք, նման դրույթ ենք մենք մտցրել՝ հաշվի առնելով դա, երևի թե պետք է լինի ինչ-որ տարբերություն Հայաստանի Հանրապետության այդ նույնանուն օրենքին: Իրենց մոտ դա չկար, բայց փաստացի այն իրավիճակն է ստեղծվել, որ այդ ժամանակահատվածում դատախազությունում այդ ցուցակներում ընդգրկված մարդիկ ուղարկվել են ուսումնառության, անցել են այդ ուսումը, եկել են, իսկ օրենքի այս պահանջը չկա: Վերջին 5 տարիների այդ պահանջը խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի իրավաբանական ստաժը` 2 տարին, եթե կա: Ինքը կարող է ունենա այդ երկու տարին, նախկինում` 5,6,8 տարի աշխատանքային ստաժ: Բայց, եթե մենք ընդգրկում ենք վերջին 5 տարում, պարտադիր պետք է լինի, ապա դա դժվարացնում է համապատասխան կադրեր ունենալու համար ցուցակներում ընդգրկելու համար:

Աշոտ Ղուլյան -  Արձագանքո՞ւմ եք: Արպատ Ավանեսյան:

Արպատ Ավանեսյան – Ես կարծում եմ, որ այդ հինգ տարին   շեշտվել են նրա համար, որ այդ նոր շրջանավարտները միանգամից  2 տարի չաշխատեն և միանգամից դառնան առաջնակարգ դատախազ կամ իրավաբան: Այդ հինգ տարվա նպատակը դա էր ժամանակին:

Արարատ Դանիելյան – Դա մեկ պահանջն է, քանի որ կա նաև որակավորման քննություն, պետք է ինքը ուսումնառություն անցնի համապատասխան արդարադատության ակադեմիայում, համապատասխան քննություններ հանձնի: Կան էլ ավելի կարևոր դրույթներ օրենքում` հանձնաժողովի նիստի ժամանակ էլ եմ ասել, որ յուր ժամանակին խորհրդարանում ուշադրության չի արժանացել: Ձեր այդ մտավախությունը, որպեսզի փարատվի, բայց այսօր սա է առաջարկվում, նույն դատախազության առաջարկն է դա: Ունենք մարդիկ, որ անցել են այդ դասընթացները, բայց այդ պահանջը հնարավորություն չի տալիս, որպեսզի այդ ցուցակները համալրեն և նշանակեն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, մենք հարցերն էլ ավարտեցինք: Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Շարունակում ենք: Հիմա պետք է նորից լսենք Ազգային ժողովի եզրակացությունը, այն ներկայացնում է գլխադասային հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը, խնդրեմ:

Հովիկ Ջիվանյան -  Դատախազության մասին օրենքի նախագիծը նույնպես քննարկվել է գլխադասային հանձնաժողովում, մանրամասն նոր ներկայացվեց հեղինակի կողմից` արդարադատության նախարարի կողմից, հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, և առաջարկում եմ, կոչ եմ անում քվեարկել օրենքի ընդունման օգտին, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր ունե՞նք գլխադասային հանձնաժողովին, հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Եթե կա ցանկություն արտահայտվելու ելույթների տեսքով, մտքերի փոխանակություն: Նույնպես չկա: Ուրեմն, ամփոփենք: Մեզ ներկայացվել է Դատախազության մասին Արցախի Հանրապետության  օրենքում փոփոխությունների և լրացումների նոր փաթեթ, որին մենք անդրադարձել ենք մի քանի ամիս առաջ, բայց հաշվի առնելով դատախազության համակարգում կադրային այդ առաջխաղացումները, համապատասխանության այդ ցուցակները՝ մենք ստացել ենք նոր առաջարկ, և կարծում եմ`  հանձնաժողովի քննարկման ժամանակ մի քանի մտահոգությունների անդրադարձել ենք, պարզապես պիտի փորձենք և տեսնենք, որ այս տարբերակով ինչպես է լուծվում նաև դատախազության համակարգում նշված այդ հարցերը: Խնդրում եմ պատգամավորներին այժմ պատրաստվել քվեարկության: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը` Դատախազության մասին Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ` 29, դեմ` չկա, ձեռնպահ` նույնպես: Որոշումն ընդունված է: Այս նախագծին նույնպես Ազգային ժողովը տալիս է հավանություն:

Հաջորդ մեր օրենսդրական նախաձեռնությունը պատգամավորական նախաձեռնության տեսքով է և այն վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Այն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, որպես հիմնական զեկուցող, խնդրեմ:

Ալյոշա Գաբրիելյան – Հարգելի գործընկերներ: Նախագիծը, որ ներկայացվել է, ունի նախադրյալներ, շարժառիթ և այն առնչված է ոչ այնքան 2017թ. պետական բյուջեի կատարողականը ներկայացնելու հետ, երբ երևաց պաշտոնաթող նախագահին մեծ գումարի հատկացումերը, այն ավելի շատ առնչված է Արցախի կարգավիճակի հետ` մեր այս կարգավիճակի՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, ապագայի նկատմամբ չիմանալով դեռևս ինչպիսի զարգացումներ տեղի կունենան, և հաշվի առնելով այս ամենը, և հաշվի առնելով այն գործընթացները, որ տեղ են գտել 2018թ. հայաստանյան համահայկական պոռթկման, և որոշակի ալիք տարածվեց նաև Արցախում` առիթ հանդիսացան, որպեսզի ես հանդես գամ նախաձեռնությամբ և պիտի ասեմ, որ ի սկզբանե այն, բավականին լավ, մեծ, դրական արձագանք է գտել ինչպես հասարակության մեջ, այնպես էլ այսօր այստեղ նստած իմ շատ գործընկերների մոտ: Այնուհետև գործընթացն ընթացել է: Կարելի է ասել, անցել է իր փորձաշրջանը, քննարկվել է գլխադասային հանձնաժողովում: Կառավարությունը ունի իր ներկայացրած տեսակետը, որի մի մասը վերաբերում է զուտ խմբագրականին, որի հետ, իհարկե, կա համաձայնություն, բայց կոնկրետ այն, ինչ վերաբերում է հատկապես պաշտոնաթող նախագահի արտոնություններին, թույլ տվեք ասել, որ կոնկրետ ես համաձայն չեմ և ասեմ, որ ինչն է հիմնական՝ նորից նշելով այն, ինչ-որ կա: Այսինքն, ուզում եմ ասել, որ այս օրենքի նախագիծը  ենթադրաբար բաղադրիչներ, որոնք են՝ և քաղաքական, և իրավական և բարոյական: Ինչո՞ւ եմ այսքանը ասում, որովհետև, եթե խոսում ենք քաղաքական բաղադրիչի մասին, ապա պետք է ասել, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր ժողովրդի համախմբվածության մեջ, որքան կարևոր է ղեկավար մարմինների, ղեկավարների իր կոչման, բարձրության վրա գտնվելը, ժողովրդի կողքին կանգնելը: Սկսած պաշտպանության բանակի հրամանատարներից, եկած մեր ղեկավարներով, և մենք զգացինք ինչ-որ տեղ բաց` ընդամենը մի քանի օրերի ընթացքում զգացինք բաց և նման դեպքերում, ես կարծում եմ` պաշտոնաթող նախագահի անմիջական ժողովրդի կողքին գտնվելը բավականին կնպաստեն մեր անվտանգության, ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա: Եթե խոսքը գնում է իրավական, ապա ես կասեմ, որ եթե պաշտոնաթող նախագահը, բնակվելով այլ վայրերում, կարողանում է օգտվել այն արտոնություններից, որ տրվում է և դա միջազգայնորեն անընդունելի է, քանի որ քաղաքակիրթ ոչ մի պետության մեջ նման նախագիծ ներկայացնել, ես կասեի ծիծաղելի կլիներ նման նախագիծ ներկայացնելը, որովհետև այդ պետություններում այդպիսի բան չի լինում, որ պաշտոնաթող նախագահը ապրի այլ երկրում, եթե քաղաքական հետապնդումների չի ենթարկվում, իհարկե: Բայց այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ այդ ինչու պաշտոնաթող նախագահը համարվում է մեր քաղաքացին և օգտվում է: Նման իրավունքներից չեն օգտվում մեր կենսաթոշակառուները, ինչու կենսաթոշակառուն ստիպված իր սոցիալական տնտեսական վիճակից, իր տարիքից ստիպված տեղափոխվում է այլ երկիր: Այնտեղ չի օգտվում այդ արտոնություններից, չի տրամադրում կենսաթոշակ և որևէ դեպքերում, ներողություն,  մահվան  ծախսը չի կարողանում իր ժառանգորդը հոգալ, որովհետև ինքը այնտեղ է մահացել, թեկուզ իր ծառայությունները չի հաշվառում այստեղ, որ կատարել է այդ մարդը, բայց նախագահը կարող է օգտվել: Այս բաներին պետք է ուշադրություն դարձնել: Ես չեմ կարծում, որ Նախագահը, հատկապես ժողովրդի ընտրյալը, իրեն թույլ տա, որպեսզի այդպիսի լավ, գերակա վիճակում լինի: Եվ վերջապես, բարոյական, մարդու խառնվածքի հետ կապված հարց է: Մարդ` ժողովրդի կողմից ընտրյալ: Կարծում եմ` պետք է քայլի ժողովրդի հետ, լինի ժողովրդի հետ և իրեն վեր չդասի իր ապրելակերպով, իր կեցվածքով, իր պահվածքով, ավելին, քան այն ժողովուրդն է, որ այսօր Արցախում ապրում է և ունի բազում խնդիրներ: Եվ ամենամեծը` իր անվտանգությունն է, իր կենսապայմաններն են: Այս բաները հաշվի առնելով՝ ես ներկայացնում եմ այսքանը ձեր դատին: Ես կարծում եմ՝ դուք պիտի որոշեք, թե ինչ անենք: Վերջացնելով՝ ուզում եմ մի բան ասել` անկախ նրանից, որ եթե չընդունվի, անկախ նրանից ես` հետագայում, իմ տարիքի առումով և ընդհանրապես, կլինեմ, չեմ լինի, բայց մեր ազգային անվտանգությունը այնքան է խարխուլ վիճակում, որ կարող է վաղը պատերազմ լինի` այս հարցը բարձրանալու է: Գուցե, ուրիշ խորհրդարանում` գալիք խորհրդարանում, բայց հարցը բարձրանալու է և այն ժամանակ իմ կարգավիճակից անկախ, ես այս հարցը պահելու եմ, որ ներկայացնեմ ավելի երիտասարդ որևէ խորհրդարանականի: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր կա՞ն պարոն Գաբրիելյանին: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Գաբրիելյան: Քանի որ նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի պատգամավորի կողմից, տվյալ դեպքում մենք ունենում ենք գործադիր իշխանության եզրակացությունը և այս դեպքում այն, որպես հարակից զեկույց է ներկայացվում: Ուզում եմ այդ նույն նախագծի հետ կապված հրավիրել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության ղեկավար, պարոն Արայիկ Լազարյանին, խնդրեմ:

Արայիկ Լազարյան – Շնորհակալություն, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: Պարոն Գաբրիելյանի հեղինակած օրենքի նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է նաև գործադիր իշխանության եզրակացությանը: Ասեմ, որ գործադիր իշխանության եզրակացությունը կարող ենք բաժանել երկու մասի: Ունենք խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնց հետ, ինչպես նշեց պարոն Գաբրիելյանը, համաձայն է, բայց հիմնական դրույթի հետ կապված, որը վերաբերում է նախագծի 2-րդ հոդվածին, որը փոփոխություն է կատարվում մայր օրենքի 6-րդ հոդվածում` պաշտոնաթող նախագահի համար սահմանվող երաշխիքներին, Կառավարությունը գտնում է ոչ նպատակահարմար այդ փոփոխությունների կատարումը՝ հաշվի առնելով այն, որ այդ հոդվածով ամրագրված երաշխիքները սահմանված են սահմանադրորեն, որպես պետության գլուխը բնորոշող նախագահի պաշտոնաթողությունից հետո, իր բարձր կարգավիճակին համարժեք և դրանց տրամադրումը որևէ առնչություն չունի պաշտոնաթող նախագահի հետ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցեր կա՞ն պարոն Լազարյանին: Արմեն Սարգսյան:

Արմեն Սարգսյան – Պարոն Լազարյան, կարո՞ղ եք նշել աշխարհում մի երկիր, որի նախագահը չի ապրում իր երկրում պաշտոնաթող լինելուց հետո, եթե չի ենթարկվում քաղաքական հետապնդման:

Արայիկ Լազարյան – Պարոն Սարգսյան, ճիշտն ասած, այդպիսի ուսումնասիրություն չունեմ և չեմ կարող նշել, բայց չի բացառվում, որ կարող է լինի այդպիսի երկիր: Կոնկրետ Արցախի Հանրապետության դեպքում՝ պաշտոնաթող երկու նախագահների մասին է խոսքը, նրանք բնակվում են, չենք կարող բնորոշել այլ երկիր, նրանք բնակվում են Հայաստանի Հանրապետությունում: Այնտեղ են հայտնվել տարբեր հանգամանքներով` աշխատանքի և այլն: Չեմ կարող ասել, ոչ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք: Չէ: Շնորհակալություն: Հարցը եղել է մեկը, շնորհակալություն, պարոն Լազարյան, եթե կա ցանկություն արտահայտվելու, մտքերի փոխանակության` Արթուր Թովմասյան, Դավիթ Իշխանյան, Ռիտա Մնացականյան և ես:

Արթուր Թովմասյան – Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, փոխնախագահ, սիրելի գործընկերներ: Հայրենիք խմբակցությունը համոզված է, որ օրենքի նախագիծը թերի է, բայց գաղափարը՝ ընդունելի: Այն չի տալիս մի շարք հարցերի պատասխաններ` տարածվում է այն Արցախի նախկին նախագահների վրա և երկրորդ` Հայաստանի Հանրապետությունը համարում ենք այլ երկիր, եթե այո, ապա չունենք մաքսատուն, որտեղ նախկին Նախագահի անձնագրում դրվի կնիք, նշվի նրա ելումուտը: Հայրենիք խմբակցության պատգամավորները ոչ թե դեմ կամ կողմ են, ոչ թե` ձեռնպահ են քվեարկելու, այլ նշված վերը թերությունները, չեն մասնակցելու քվեարկությանը, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Դավիթ Իշխանյան, խնդրեմ:

Դավիթ Իշխանյան-  Հարգելի գործընկերներ: Անկեղծ ասած, խոսելու տրամադրվածություն չունեի, որովհետև հանձնաժողովային քննարկումների ժամանակ այս հարցը բավականին քննարկումների բուռն տեղիք է տվել և նաև որոշակի ճշգրտումներ եմ մտցրել: Ուրախ եմ, որ այստեղ ներկա են մեր ուսանողները, համալսարանականները և օրենքի հեղինակի կողմից ներկայացվեց այն կարևոր բաղադրիչները` քաղաքական, իրավական, բարոյական և փորձեց տալ իր հիմնավորումները: Այո, Կառավարության տեսակետը բացասական է և Կառավարությունը ներկայացրել է իր բացասական տեսակետը որոշակի հիմնավորումներով, գուցե այս քննարկումների ժամանակ շատ սեղմ ու հակիրճ է ներկայացրել, հանձնաժողովային քննարկումների ժամանակ ավելի մանրամասն և տարբեր հիմնավորումներով երկուսն էլ ներկայացրել են: Կուզենայի այստեղ մի հարցի մասին բարձրաձայնել և անդրադառնալ: Ինչ որակում, ինչ քննարկում էլ փորձենք մենք բերել մեջտեղ, բնականաբար, քաղաքական-իրավականի կողքին բարոյական բաղադրիչը շատ ակնհայտ է մեր պարագայում` Արցախի պարագային: Տարածված մի թեզ կա մեր քաղաքական ուժերի և նաև պատգամավորների մոտ, որ այս ամենը ուղղված է նախկին նախագահի կամ գործող նախագահի: Ուզում եմ մի բան բարձրաձայնել, որևէ մեկի դեմ ուղղված չէ, սա ոչ թե ընդդեմ է, այլ հանունի գաղափարն է: Այս ամենը ուղղված է հանուն մեր պետության և մեր պետական շահերի և մեր պատական բյուջեի: Ուզում եմ այս ամենը շատ հստակ գիտակցվի, ոչ թե ընդդեմ է, այլ հանուն է: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Ես պիտի ներողություն խնդրեմ: Մենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ենք բաց թողել, որովհետև ելույթները լինում են դրանից հետո, խնդրեմ: Արարատ Օհանջանյան՝ Ազգային ժողովի սոցիալական հարցերի և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Արարատ Օհանջանյան – Ճիշտն ասած, սպասում էի ավելի բուռն քննարկումների: Հանձնաժողովի նիստում տվյալ հարցը քննարկվել է դեռևս երկու-երեք ամիս առաջ, և կարելի է ասել, որ քննարկումները հիմնականում եղել են հանձնաժողովի նիստում: Բուռն քննարկումներ են եղել, և կարելի է ասել, որ բոլոր հարցերի պատասխանները չէ, որ տրվել են այդ քննարկումների ժամանակ: Իհարկե, ինչպես որ նշեց պարոն Թովմասյանը, գաղափարը ընդունելի է բոլորիս կողմից, բայց, քանի որ եղել են հարցեր` իրավական տեսանկյունից, որոնց պատասխանները չի տրվել, դրանից էլ ելնելով՝ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և ներկայացրել Ազգային ժողովին՝ ավելի լայն ու ավելի բուռն քննարկումների համար, որպեսզի ընդունվի կամ չընդունվի: Իսկ եթե ընդունվի կամ չընդունվի, ինձ թվում է` յուրաքանչյուրդ առանձին-առանձին կարող եք որոշել` կողմ կամ` դեմ, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Արմեն Սարգսյան, խնդրեմ:

Արմեն Սարգսյան – Եթե իրավական որոշակի թերություններ կար, հանձնաժողովը որևէ քայլ կատարե՞լ է, որպեսզի մինչև Ազգային ժողովի նիստ գալը շտկի այդ թերությունը:

Արարատ Օհանջանյան – Կատարողը հանձնաժողովը չէ: Եթե իրավական տեսանկյունից, եթե ունենք ինչ-որ հարցեր, ապա դա չի քննարկում հանձնաժողովը: Կան մարդիկ, որոնք զբաղվում են այդ հարցերով և քանի որ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը իրավաբան չէ, ապա հասկանալի է, որ իրավական տեսանկյունից չենք կարող տալ այդ հարցերի պատասխանները: Հենց դրա համար էլ՝ ելնելով, ավելին, ես կասեմ, ավելի լայն, ավելի բուռն քննարկումների համար, դրական եզրակացություն է տվել, որպեսզի մենակ հանձնաժողովը չորոշի այդ հարցը` ընդունել կամ չընդունել:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, կարող եք նստել, պարոն Օհանջանյան: Հաջորդը` Ռիտա Մնացականյան:

Ռիտա Մնացականյանը հանում է հարցը, շնորհակալություն:

Վահրամ Բալայան - Հարգելի գործընկերներ, խոսքը տանք պարոն Աշոտ Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ճիշտն ասած, այս թեմայով շատ երկար խոսելը անիմաստ է: Մենք ինչ-որ պիտի ասեինք, իրար հետ պարզեինք, արդեն հանձնաժողովի նիստում ասել ենք, և որևէ մեկը, պարոն Գաբրիելյանի ներկայացրած գաղափարին դեմ չէ: Չեմ կարծում, որ սա այն հարցն է, որ մենք պետք է օրենք ընդունենք՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներին, Արցախի Հանրապետությունում բնակվելու համար:

Խոսքը նրա մասին է, երբ որ ասում ենք, որ օրենքը թերի է իրավական առումով, երբ որ օրենքի հոդվածը վերաբերում է պաշտոնաթող նախագահին, բայց մենք օրենքի այդ հոդվածի տակ գրում ենք Արցախի Հանրապետությունում ապրող, պաշտոնաթող նախագահին` սա իրար հետ չի բռնում: Կամ օրենքի հոդվածը պիտի լրիվությամբ վերանայվի, որ դա ում է վերաբերվում,  առանձին՝ ովքեր ապրում են, ովքեր չեն ապրում: Իհարկե, այդ համեմատությունները, որ բերվել են, մասամբ տեղին են, մասամբ անտեղի են: Կարելի է համաձայնվել, կարելի է չհամաձայնվել կան բազմաթիվ մարդկային հասկացության առումով տարբեր իրավիճակներ, որ շատ դժվար է միանշանակ ներկայացնել, որ այս մարդը մշտապես է այստեղ ապրում, թե չէ: Օրինակ մի ամիս այստեղ ապրելը՝ 10-ը գնալ, դա համարվում է մշտական ապրել թե՝ չէ: Եթե մենք սկսում ենք այդ բոլոր հարցերի պարզաբանումները ստանալ կամ սպասել, որ դա վերաբերում է Արցախի Հանրապետության նախագահին, սա կարծում եմ՝ բարոյական կողմը նա է, որն այս կարգի հարցերը, որը որ այդպես քննարկման, այդպես օրենսդրական կարգավորման ենթարկելու չէ: Այն, որ Արցախի Հանրապետության բոլոր նախագահները պետք է ապրեն Արցախում՝ որևէ առարկություն չունի, բայց, որ դա պետք է արվի առանց որևէ օրենքի, ես կարծում եմ՝ ակնհայտ է: Շնորհակալություն:

Մենք նաև ավարտեցինք մտքերի փոխանակության փուլը: Եթե որևէ բան կա ասելու՝ եզրափակիչ ելույթների տեսքով, չկան: Մենք, կարծես թե այս թեմայով բոլոր հնարավոր հարցերը, հարցադրումները արդեն իրար հետ խոսել ենք: Մի մասի հետ համաձայնվել ենք, մի մասի հետ չենք համաձայնվել, բայց հենց քվեարկությունը նրա համար է, որպեսզի Ազգային ժողովը իր դիրքորոշում արտահայտի այս հարցի հետ կապված: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ:  Քվեարկություն: Կողմ՝ 9, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Ուրեմն, մեր կանոնակարգի 70-րդ հոդվածի համաձայն, օրենքներն ընդունվում են, բացառությամբ սահմանադրությամբ սահմանված դեպքերի, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին, այսինքն` ձայն եթե լինում է, այդ դեպքում՝ կողմ ձայն տվածների կեսից ավելին, ընդունվում է: Այս դեպքում մենք ունենք 9 կողմ քվեարկություն և դեմ ու ձեռնպահ՝ չունենք: Օրենքը չի ընդունվում: Այսքանով մենք ավարտում ենք այս նախագիծը և մեզ մնում է օրենսդրական միայն մեկ նախաձեռնություն՝ «Պետական կենսաթոշակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար պարոն Սամվել Ավանեսյանը:

Սամվել Ավանեսյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում «Պետական կենսաթոշակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության նախագիծը: Առաջարկվող լրացումներով, փոփոխություններով նպատակ է հետապնդվում կենսաթոշակառուների շրջանում պարենային աղքատության հաղթահարումը: Կսահմանվի նոր հասկացողություն կամ եթե նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ, որի  չափն էլ կորոշի Արցախի Հանրապետության Կառավարությունը: Գիտեք, որ բյուջեի նախագծով համապատասխան գումարները նախատեսված են արդեն և ահա ամբողջ գործընթացը ավարտելուց հետո կբարձրացվի 3332 կենսաթոշակառուի կենսաթոշակների չափերը՝ կհավասարեցվի 25 հազար 500  դրամի: Այսքանը:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր կա՞ն պարոն նախարարին՝ օրենքի նախագծի հետ կապված: Չկան: Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար ես նորից հրավիրում եմ խորհրդարանի սոցիալական և առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Արարատ Օհանջանյանին:

Արարատ Օհանջանյան – Օրենքի նախագիծը մանրամասն քննարկվել է հանձնաժողովի նիստում, բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ նախարարի կողմից և այն միաձայն՝ դրական եզրակացությամբ ընդունվել է և ներկայացվել Ազգային ժողովի նիստին և այն ընդունել որպես օրենք:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին, խնդրեմ: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Օհանջանյան, եթե կա ցանկություն ելույթների, մտքերի փոխանակության, չկան: Մենք, փաստորեն, հանձնաժողովում այս թեմայի շուրջ խոսել ենք ավելի, բայց սա այն նախագիծն է, որով մեր երկրում նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակի չափը հավասարեցվում է և բոլորի համար արդեն սահմանվում են նույն չափով և կարծում եմ՝ մեր երկրում գործում է, պարզապես, մենք պետք է ներկայացնենք այդ օրենսդրական կարգավորումը: Քանի որ մենք ամփոփում ենք, ավարտում ենք այս հարցի քննարկումը, պատգամավորներին խնդրում եմ ուշադիր լինել՝ քվեարկում ենք Ազգային ժողովի որոշման նախագծի համար՝ «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է, օրենքն արժանանում է հավանության Ազգային ժողովի կողմից:

Հարգելի գործընկերներ, մենք, փաստորեն, այսքանով ավարտում ենք մեր հաստատած, հերթական նիստի օրակարգի առաջին մասը, մեզ մնում է երկու՝ Կառավարության հետ հարցուպատասխանը և պատգամավորական հայտարարությունները, քանի որ այս երկու հարցերը առանձին ռեժիմով է խորհրդարանը քննարկում, և մեզ մնում է ընդամենը երեք րոպե, ընդմիջում կանենք, որից հետո՝ ժամը 13.00-ին, կգանք հարցուպատասխանի: Էդուարդ Աղաբեկյան, վարման կարգի համար, խնդրեմ:

Էդուարդ Աղաբեկյան – Չնայած, վարման կարգի մասին է, բայց ուսանողների բողոքն եմ ուզում ներկայացնել, որ ցանկություն ունեն մասնակցել նիստի 2-րդ մասին՝ ուզում են ներկա լինեն նաև հարց ու պատասխանին:

Աշոտ Ղուլյան – Ուսանողներն իրենք կարող են ասել իրենց բողոքը, կարծեմ, մենք արդեն պայմանավորվել ենք: Վարման կարգի հետ, ընդհանրապես կապ չունի դա: Շնորհակալություն, հայտարարվում է ընդմիջում՝ մինչև 13..00-ն:

13.00

Աշոտ Ղուլյան – Հարգելի գործընկերներ,Կառավարության հարգարժան անդամներ, շարունակում ենք Ազգային ժողովի՝ փետրվարի 27-ի հերթական նիստը և այս պահին մեր օրակարգային հաջորդ  հարցը Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացակարգն է, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն գարնանային նստաշրջանի ընթացքում՝ փետրվար, ապրիլ, հունիս ամիսներին, Հանրապետության նախագահը, Կառավարության անդամները ներկա են լինում Ազգային ժողովի նիստերին Ազգային ժողովի պատգամավորների հարցերին պատասխանելու համար: Ուզում եմ տեղեկացնել, որ հենց այս ժամերին Հանրապետության նախագահը անհետաձգելի ծրագրով գտնվում է սահմանամերձ շրջաններում, մեր Կառավարության անդամներ, գործընկերներից ոմանք առողջական պատճառով, երկու հոգի գործուղման մեջ են, դրա համար որոշ նախարարությունների ղեկավարներ ներկա են տեղակալներ մակարդակով:

         Այժմ, սկսում ենք Կառավարության հետ հարց ու պատասխանի օրակարգային հարցը:  Ինչպես նախատեսված է՝ ես, խնդրում եմ պատգամավորներին գրանցվել: Ուզում եմ հիշեցնել, որ Կանոնակարգի 53-րդ հոդվածով հարցերը տալու համար նախատեսված է երկու րոպե, պատասխանների համար նախատեսված է երեք րոպե, հարցը տալու և պատասխանելու, արձագանքի համար՝ մեկական րոպե, խնդրում եմ պահել այս ժամանակը:  Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:

Գագիկ Բաղունց, Հայկ Խանումյան, Արամ Սարգսյան, Վիլեն Սաֆարյան, Էրիկ Հարությունյան, Ալյոշա Գաբրիելյան, Ռոմելա Դադայան, Արարատ Օհանջանյան, Ռիտա Մնացականյան, Լյուդմիլա Բարսեղյան, Արպատ Ավանեսյան, Վահրամ Բալայան: Նորից ընթերցեմ, հարցերի համար գրանցվել են պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Հայկ Խանումյանը, Ռոմելա Դադայան, Վիլեն Սաֆարյանը, Էրիկ Հարությունյանը, Ալյոշա Գաբրիելյանը,   Արամ Սարգսյանը, Արարատ Օհանջանյանը, Ռիտա Մնացականյանը, Լյուդմիլա Բարսեղյանը, Արպատ Ավանեսյանը և Վահրամ Բալայանը: Գրանցեցի՞նք բոլորին: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Գագիկ Բաղունցը, թող պատրաստվի Հայկ Խանումյան:

Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, սկսեմ կոնկրետ փաստից: Տարեսկզբին Առաջաձորի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչի թափուր տեղի լրացման խնդիրը լուծվել է միայն շնորհիվ նախարար Աղաբալյանի էկստրաօրդինար ջանքերի: Բայց հարցն այն է, որ նման խնդիրներ միայն ֆիզիկայի պարագայում երկրում կարող են հասնել տասնյակ դեպքերի: Եւ ոչ մի նախարար, թող որ նա երիցս Լունաչարսկի լինի, ի զորու չէ լուծել խնդիրը, եթե հարցը չդառնա համաժողովրդական՝ աշակերտներից սկսած եւ վերջացրած երկրի նախագահովՊատճառը՝  վերջին երկու տասնամյակում տեղական կադրերի պատրաստման մտածված եւ   հաշվարկված Ծրագրի բացակայությունն էՊատճառը՝ ուսուցիչների չարդարացված ցածր աշխատավարձն է, որը հիմնավորապես վերացնում է ուսուցչի, հատկապես ֆիզիկայի եւ մաթեմատիկայի գծով, մասնագիտություն ընտրելու տաղանդավոր երիտասարդության ցանկությունը:

Ո՞րն է ելքը: Իմ նախորդ ելույթներում ես բերել եմ ինչպես Հայաստանի հանրապետությունում ձեռնարկվող քայլերի օրինակը, այնպես էլ Վրաստանի, որտեղ ընդունված  է կրթության համակարգի զարգացման հնգամյա ծրագիր, մասնավորապես՝ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպում եւ աշխատավարձի բարձրացում 2022թ.-ին՝ մինչեւ 2000 լարի կամ 770 դոլար: Ավելացնեմ մեջբերում Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Դաշնային ժողովին  օրերս հղած ուղերձից՝ աջակցել եւ այլ մարզերում տարածել կրթության որակի ապահովման Ծրագրերը, ինչպիսիք են «մոբիլ ուսուցիչ», «մոբիլ աշակերտ», «զեմստվայական ուսուցիչ», որոնք արդարացվել են Յակուտիայի, Հեռավոր Արեւելքի, Հյուսիսային Կովկասի հեռավոր եւ սակավաթիվ դպրոցներում: Դպրոցներն ապահովել որակյալ ինտերնետային կապով՝ մեծացնելով արագությունը մոտ հարյուր անգամ: Կուզենայի լսել նման ծրագրերի համառոտ թվարկումը, որ այս փուլում իրականացնում է մեր կառավարությունը:

Եւ երկրորդ հարցս դարձյալ կսկսեմ կոնկրետ փաստից:

18-19 ուսումնական տարում, կապված թոշակային տարիքի հասնելու հետ, աշխատանքից ազատվել է Մարտակերտի թիվ մեկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Գրիգորյան Կարինե Միխայլովնան՝ անգնահատելի փորձառության մանկավարժ, ով տարեկան թողարկում էր մինչեւ տասը գերազանց պատրաստված շրջանավարտների: Երևի, ներկաներից յուրաքանչյուրը գիտի նման օրինակներ մեր երկրի առանց բացառության բոլոր անկյուններում: Քաղաքական կամքի առկայության դեպքում պատրաստ եմ բազմաթիվ առաջարկություններով մասնակցել նման մեծատառով ուսուցիչների արդյունավետ լուսավորչական գործունեությունը երկարաձգելու Ծրագրի մշակմանը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար տիկին Նարինե Աղաբալյանը, խնդրեմ:

Նարինե Աղաբալյան – Բարև ձեզ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Բաղունցին հենց կոնկրետ Առաջաձորի դպրոցի ֆիզիկայի ուսուցչի հետ կապված թափուր տեղը համալրելու գործում միջնորդության համար: Ցավոք սրտի, մեր գյուղական համայնքների դպրոցներում առկա է ոչ միայն ֆիզիկայի ուսուցչի թափուր տեղ, այլև տարբեր առարկաների: Իհարկե, դրանց մեջ մեծ թիվ են կազմում բնագիտական առարկանները: Ինչ վերաբերվում է ֆիզիկային, ապա ներկայացնեմ առաջիկա մեր քայլերը. ինչ ենք նախատեսել: Մարտին նախատեսված է հանրապետության ֆիզիկայի ուսուցիչների համար «Քվանթ» վարժարանի հետ և Արցախի պետական համալսարանի համապատասխան ամբիոնի հետ համագործակցությամբ: Հաջորդ շաբաթ նախատեսված է հանդիպում բոլոր այն տասներկու դասարանցիների հետ, ովքեր գյուղական բնակավայրերից, ովքեր որ ընտրել են բնագիտական հոսքի մասնագիտություններ, որպեսզի փորձենք նաև նրանց ներկայացնել մեր քաղաքականությունը և որոշ արտոնություններ՝ կոնկրետ այդ մասնագիտությունները ընտրելու, մանկավարժական մասնագիտությունները ընտրելու դեպքում:

Այո, խոսում ենք անընդհատ ուսուցչի աշխատավարձի մասին, ցավոք սրտի, ուսուցչի աշխատավարձը   գրավիչ չի դարձնում այդ մասնագիտությունը, առավելապես, բնագիտական առարկաների համար, որոնք կարող են այլ, ոչ մանկավարժական մասնագիտություն ընտրելու պարագայում ավելի շատ վաստակել: Անընդհատ ասում ենք, որ դա կապված է մեր տնտեսական զարգացման հետ, այսինքն` նաև տնտեսական զարգացմանը զուգահեռ պետք է ստեղծեն այն հնարավորությունները, որոնք պետք է ուղղվեն ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը: Ինչ վերաբերվում է թոշակառու ուսուցչին թոշակի ուղարկելուն, ապա մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ որ գյուղական դպրոցներում շարունակում են աշխատել թոշակի տարիքը լրացած ուսուցիչներ, գործատուն ինքն է որոշում: Տվյալ դեպքում դպրոցի տնօրենը կարող է, եթե չկա համապատասխան մասնագետ գյուղում, կարող դիմել նախարարությանը, նույնիսկ առանց դիմելու էլ, կարող է շարունակել ապահովել տվյալ ուսուցչի աշխատանքը:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, արձագանքում եք պարոն Բաղունց: Չէ: Շնորհակալություն տիկին նախարար, հարցի համար հրավիրվում է պատգամավոր Հայկ Խանումյանը, թող պատրաստվի Ռոմելա Դադայանը:

Հայկ Խանումյան – Դեկտեմբերին՝ բյուջեի քննարկման ժամանակ, ես խոսեցի Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից Մաղավուզի հանք շահագործող ընկերությունը գնելու համար և նշեցի, որ այդտեղ տեղի է ունեցել միլիարդավոր փողերի լվացում: Հարց ով է վերադարձնելու այդ փողերը Արցախի ներդրումային հիմնադրամին, չնայած ներդրումային հիմնադրամը ֆինանսավորվում է պետության կողմից: Բակո Սահակյանը ում ղեկավարման տարիներին եղել է այդ գործարքը, Արայիկ Հարությունյանը, ով այդ պահին եղել է վարչապետ և ներդրումային հիմնադրամի խորհրդի նախագահ, Սերժ Սարգսյանը ու իր փեսան, որոնք գլխավոր շահառուն են այդ գործարքի, թե ո՞վ: Երկրորդ հարցը՝ սպորտի վերաբերյալ, տիկին նախարար: Մի խումբ մարզիչներ, այդ թվում նաև օլիմպիական քսան քանի մարզիչ, այդ թվում նաև օլիմպիական մարզաձևերի դիմել են նախագահական իրենց խնդիրների մասին: Նամակը էլի հետ է եկել սպորտի վարչություն, այն ինչ, գոնե տրամաբանությունը հուշում է, որ ում քաղաքականությունը դժգոհում են գոնե նրան չպետք է ուղղեն նամակը: Մարզիչները խոսում են նրանից, որ տարվա ընթացքում տեղի ունեցող մրցաշարին մարզիկները չեն կարողանում պետական միջոցներով չեն կարող մասնակցել աշխարհի Եվրոպայի առաջնություններին և ուսումնական հավաքներին, խոսում են, որ նախատեսված բյուջեն ոչ ճիշտ է բաշխվում, պետական ռեսուրսների միջոցները օգտագործում են անձնական ամբիցիաների բավարարման համար, մարզիչներին աշխատանքի տեղավորում  են միայն ծանոթով, որոշ մարզաձևեր փորձում են անհիմն հեռացնել պետական աջակցությունից: Արդյո՞ք հնարավոր չէ այս մարզիչների հանդիպումը կազմակերպել և այս հարցին տալ լուծում՝ սպորտի բնագավառում եղած այս ճգնաժամային վիճակը, որ ամիսներ շարունակ շարունակվում են և դրան տալ լուծում: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Առաջին հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետնախարար պարոն Գրիգորի Մարտիրոսյանը, հաջորդ հարցը կրթության, սպորտի նախարարը:

Գրիգորի Մարտիրոսյան – Հարցում մատնանշված կազմակերպությունը Արցախի ներդրումային հիմնադրամի ծրագրերի համաձայն, այսինքն` օրենսդրությամբ նախատեսված ծրագրերի համապատասխան ձեռք է բերվել և այս պահի դրությամբ կոնսերվացված է և չի աշխատում: Այդ գործընթացը իրականացվել է բացարձակապես օրենսդրությամբ և գործող ծրագրի շրջանակներում: Բյուջեից փող վերցնելու փաստերի առկայության դեպքում, մեր երկրի օրենսդրությամբ սահմանված է որոշակի ընթացակարգեր, որոնց պետք է դիմել և տվյալ դեպքում դա կլինի ավելի ճիշտ և համարժեք քայլ, քան ուղղակի հայտարարությունները:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք պարոն Խանումյան, Հայկ Խանումյան:

Հայկ Խանումյան – Պարոն Մարտիրոսյան, ամեն տարի պետական բյուջեով մենք հաստատում ենք գումարներ, որոնք գնում են Արցախի ներդրումային հիմնադրամին, ի՞նչի մասին է խոսքը, գաղտնի՞ք է, որ պետական բյուջեից ներդրումային հիմնադրամ գումարներ եք փոխանցում տարբեր ծրագրերի համար:

Գրիգորի Մարտիրոսյան – Դուք ճիշտ չընկալեցիք իմ պատասխանը, իհարկե պետական բյուջեով նախատեսվում է աջակցություն ներդրումային հիմնադրամին, որը այդ աջակցության միջոցների հաշվին, ինչպես նաև ներգրավված կամ այլ սեփական եկամուտների հաշվին, որոնք գոյանում են, մասնավորապես, նախկինում տրամադրված փոխառու միջոցների վերադարձից կամ տոկոսավճարներից, իրականացնում են այն ծրագրերը, որոնք Կառավարությունը սահմանել է տվյալ տարվա համար և այդ ծրագրերը սահմանվում են Կառավարության համապատասխան որոշմամբ և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվող տարեկան նախահաշիվների միջոցով: Ինչ վերաբերվում է Ձեր ասածին, եթե կա որևէ կասկած, որևէ ռիսկ, որ այդ գործարքի կամ այլ գործարքների դեպքում բյուջեից որևէ գումար է վերցվել, ապա տվյալ փաստերի առկայության դեպքում կան ընթացակարգեր՝ դիմելով իրավապահ մարմիններին, այս էր ասածս:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, պարոն պետնախարար, հաջորդ հարցին պատասխանում է կրթության, գիտության և սպորտի նախարար, տիկին Նարինե Աղաբալյանը

Նարինե Աղաբալյան – Պարոն Խանումյան, այո եղել է մի շարք մարզիկների կողմից նամակ՝ ուղղված և նախարարին, և Հանրապետության նախագահին, ինչպես որ եղել է նաև Ձեր հարցումը էլեկտրոնային տարբերակով, նույն ֆինանսավորման մասով, տարբեր  մարզաձևերի, ֆեդերացիաներին ցուցաբերվող աջակցության, կոնկրետ՝ անուն առ անուն մարզիկներին ցուցաբերված աջակցության մասով: Քանի որ դա աշխատատար պրոցես է, իսկ ժամկետը դեռ չի լրացել մենք՝ սահմանված ժամկետներում Ձեզ լրիվությամբ կտրամադրենք բոլոր այդ տեղեկությունները և կարծում եմ, Դուք ևս առիթ կունենաք համոզվելու, որ այդ բողոքները հիմնականում անհիմն են:

Ուշացումների մասով՝ այդպիսի խնդիր եղել է, որ ֆինանսավորման հետ կապված, պետական բյուջեից ֆինանսավորման հետ կապված առաջին եռամսյակում ուշացումներ եղել են, բայց այսօր արդեն այդ հարցը կարգավորված է և բոլոր մարզիկները, ովքեր որ պետք է մասնակցեն Հայաստանի Հանրապետությունում, Եվրոպայում և աշխարհի առաջնություններին կամ տարբեր մրցումներին իրենց մրցումների, իրենց մեկնումից հինգ օր առաջ կստանան իրենց ֆինանսական աջակցությունը: Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին տարիներին պետական քաղաքականության արդյունքում զգալիորեն աշխուժացել է մարզական կյանքը հանրապետությունում, և մենք գնացել ենք այնպիսի քայլերի՝ 2011թ. ընդունված որոշմամբ, որ ոչ օլիմպիական մարզաձևերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում որևէ ձևով պետական աջակցություն չեն ստանում Արցախում ստանում են: Այդ մարզաձևերից արդյունքներ արձանագրած մարզիկները: Զարգացմանը զուգընթաց խնդիր է առաջացել կարգավորման: Բոլոր այդ տեղեկությունները իմի բերելուց հետո՝ նախատեսել ենք այս շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին հանդիպում մարզիկների և մարզիչների հետ, որտեղ կներկայացվեն  և պետական քաղաքականության մեր հետագա ուղղությունները: Ուզում եմ տեղեկացնել, որ գործում է Արցախի Հանրապետության պետական բյուջեից մարզական հասարակական կազմակերպություններին ֆինանսական աջակցության գումարի չափի ձևավորման կարգ, որը նույնպես կքննարկվի և ըստ անհրաժեշտության նաև կկատարենք փոփոխություն այդ կարգի մեջ:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, Հայկ Խանումյան:

Հայկ Խանումյան – Տիկին նախարար, Ձեզ շնորհակալություն, նախորդին արձագանքեմ: Արցախի ներդրումային հիմնադրամի վերցրված փոխառությունները ամբողջությամբ տրվում ե Կառավարության երաշխիքով, մոտավորապես 200 միլիոն դոլարի Կառավարության երաշխիքների մի զգալի մասը Արցախի ներդրումային հիմնադրամն է վերցրել և հետևաբար, պարոն Մարտիրոսյան, ես հետևելու եմ Ձեր խորհրդին, բնականաբար, դիմելու եմ իրավապահ մարմիններին, բայց թե երբ և որ փուլում դա դեռ կերևա: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Պարոն Խանումյան, երբ արձագանքում եք, արձագանքում եք կոնկրետ հարցին: Հաջորդ հարցը, խնդրեմ Ռոմելա Դադայան, թող պատրաստվի Վիլեն Սաֆարյանը:

Ռոմելա Դադայան – Հարգարժան պարոն նախագահ, սիրելի գործընկերներ, Կառավարության անդամներ: Երկրում յուրաքանչյուր բարելավում՝ բոլոր ժամանակներում դրական որևէ ազդեցություն ունենում են, սակայն երբեք այն անթերի չի լինում: Բացառություն չէին նաև 2008-2014թթ. բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ և բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման որոշումները: Հաշվի առնելով, որ դրանք բարեփոխման անհրաժեշտություն ունեն վերջերս Կառավարությունը հաստատեց ֆինանսական աջակցության տրամադրման նոր կարգ: Ցավոք, կարգում շահառուներից ոչ բոլորին են հասու սահմանված կետերը: Խոսքս Արցախի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամների և քաղաքական իրադարձությունների հետևանքով փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացիների մասին է, ովքեր տարիներ շարունակ կարոտ են ուշադրության և հոգատարության: Հույս ունեի գոնե այս որոշմամբ հերթը իրենց էլ կհասցնի և սեփական տանիք կունենան, սակայն ոչ տարիքային առումով, ոչ կանխավճար մուծելու առումով բարելավումից օգտվել չեն կարող:Երկրու հարց-առաջարկություն ունեմ. 1) Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների և փախստականների համար հնարավո՞ր է կատարել տարիքային արտոնություն՝ պահպանելով կենսաթոշակային սահմանը: Կարգը ուսումնասիրել եմ, ցավոք տարիքային ցենզը չեմ գտել, կարող է լավ չեմ նայել, եթե կարելի է դա էլ ասեք: Հայաստանում այն սահմանված է 70 տարի:

Հաջորդ հարցը՝ հնարավոր է արդյոք ընտանիքում յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով վարկի տարեկան տոկոսադրույքի հինգ տոկոսով սուբսիդավորման չափի մեջ կատարել փոփոխություն: Մեկ և երկու երեխայի դեպքում թողնելով 5, իսկ երեք երեխայի դեպքում 7 տոկոսով: Դրանով՝ կարծում եմ, որոշ չափով կնպաստենք երկրում ծնելիության խթանմանը:

 Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետական նախարար պարոն  Գրիգորի Մարտիրոսյանը, խնդրեմ:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն, հարցի համար: Նոր կարգի համաձայն Ձեր նշած կատեգորիաները ընդգրկված են արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրում և առավելագույն ժամկետ նախատեսված է նրան կենսաթոշակային տարիքի լրանալը դա նախատեսված է կարգով, պահպանվում է նաև արտոնություններ տոկոսագումարի վճարման՝ կոնկրետ 2-րդ և 3-րդ խմբերի՝ զինվորական հաշմանդամներին և փախստականների համար սահմանված է լրիվ  ամբողջ տոկոսավճարի չափով սուբսիդավորում, այսինքն` ըստ էությամբ տրամադրվում է անտոկոս վարկ, բացի դրանից պետությունը սահմանված չափով կատարում է նաև կանխավճարի վճարում, այն դեպքում, եթե տվյալ շահառուն նույնպես որոշ չափով մասնակցում է տվյալ կանխավճարի վճարմանը: Այսպես, եթե շահառուն վճարում է ընդհանուր ձեռք բերվող բնակելի տարածության ասենք 10 տոկոսի չափով՝ պետությունը ևս 20 տոկոսը վճարում է, դրանով նվազեցնում է բեռը հետագա տարիներին սպասարկման համար՝ տվյալ շահառուի համար: Սա առաջին մոսով, երկրորդ մոսով՝ մենք նախկինում չենք ունեցել այսպիսի մոտեցում, որ ընտանիքում երեխաների ծննդյան կապակցությամբ ավելացնենք սուբսիդավորման չափը: Սա նոր մոտեցում է, կարծում եմ՝ արդարացված է: Ինքը ծնելիության տեսակետից նույնպես կարող է հանդիսանալ խթան: Այս պահի դրությամբ նախատեսել էինք հետևյալ մոտեցումը, ինչպես նշեցիք 5 տոկոսի չափով՝ 1-ին, 2-րդ և 3-րդ երեխայի կապակցությամբ: Չորրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տոկոսը սուբսիդավորվում է նույնպես ամբողջությամբ: Հնարավոր է նաև ընթացքում այդ չափերի վերանայումներ, ուղղակի, քանի որ սա նոր մոտեցում է և ընդամենը մեկ ամիս է ինչ կարգը ընդունվել է, կարծում եմ որոշ ժամանակ անց հնարավոր կլինի անդրադառնալ և կարգի բացասական ու դրական կողմերը գնահատելուց հետո անել որոշակի վերանայումներ:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, տիկին Դադայան, խնդրեմ Ռոմելա Դադայան:

Ռոմելա Դադայան – Ես՝ խնդրում եմ, նման պարզաբանում:Ամուսինների տարիքը միացյալ 96 տարի է: Երկուսն էլ արցախյան պատերազմի մասնակիցներ են: Ունեն երեք երեխա: Արդյո՞ք նրանք երբևէ կունենան բնակարան:

Գրիգորի Մարտիրոսյան – Խոսքը հիփոթեքի ծրագրի շրջանակներո՞ւմ: Կարգի համաձայն, ցանկացած անձ կարող է օգտվել, եթե ընդգրկվում է կարգով նախատեսված կատեգորիաներում, մինչև կենսաթոշակային տարիքի լրանալը: Գումարային տարիքը այդտեղ չի հաշվարկվում: Ամուսինների մինչև կենսաթոշակային տարիքի լրանալը՝ իրավունքից կարող են օգտվել:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, պարոն պետնախարար: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Վիլեն Սաֆարյանը, թող պատրաստվի Էրիկ Հարությունյանը:

Վիլեն Սաֆարյան – Հարգելի Կառավարություն, գործընկերներ, ներկաներ: Առաջին հարցս վերաբերվում է հողերի պարտադիր գնահատմանը: Հողերի պարտադիր գնահատումը անհրաժեշտությունը ամրագրված է հողային օրենսգրքի 35-րդ հոդվածի, իսկ ըստ հողի հարկի մասին Արցախի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի անհրաժեշտ է եռամյա պարբերաբար իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում (չի լսվում): Ներկա դրությունում հանրապետությունում գործում է 1998թ. ոչ պատշաճ մակարդակով կատարված աշխատանքների որոշված հիմունքների վրա հողերի կադաստրային գնահատման ցուցանիշները, որոնք բնակչության կողմից մշտական բողոքի տեղիք են տվել: 2007-2008թթ. Հայաստանի Հանրապետության մոնիտորինգ պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվել է հանրապետության գյուղնշանակության հողերի որակական հաշվառման և կադաստրային գնահատման աշխատանքներ, որի դիմաց բյուջեից ծախսվել է 88 ու կես միլիոն դրամ: Սրանց հիման վրա առանձնացվել է հողագնահատման հինգ խումբ: 2009թ. մայիսի 21-ի ԼՂՀ  Կառավարության թիվ 331 N որոշումով վերոնշյալ տվյալները վերահաստատվել են, սակայն որոշման ուժի մեջ մտնելը երեք անգամ մեկ տարով հետաձգվել է: Կատարելով օրենսդրական պահանջները, հիմք ընդունելով հողագնահատման նոր տվյալները, հավասար պայմաններ կստեղծվեն բոլոր հողօգտագործողների համար: Պրակտիկայից հանել միջին ցուցանիշներով հարկ և վարձավճարներ հավաքագրելը:

Հաջորդ հարցս վերաբերվում է, վերջերս հեռուստացույցով ցույց տված ջրաչափական հաշվիչների շնորհանդեսի, որը իմ կարծիքով, պրոբլեմների առկայությունը, փոքր ՀԵԿ-ում ջրօգտագործողների (չի լսվում) որոշ  պատճառով կանգնած են անշրջելի բնապահպանական աղետի շեմին: Արդյոք, հնարավո՞ր է այդպիսի հաշվիչներով հսկել բնապահպանական թոխքը և ե՞րբ հնարավոր կլինի դա կատարել:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն:

Վիլեն Սաֆարյան – Առաջին հարցի վերաբերյալ ես չեմ ակնկալում պատասխան:

Աշոտ Ղուլյան –  Պատրաստ են պատասխանել:

Վիլեն Սաֆարյան – Չէ, պատրաստ չեն պատասխանել: Ասե՞մ ինչի համար:

Աշոտ Ղուլյան –  Պարոն Սաֆարյան, մենք Կանոնակարգ ունենք:

Վիլեն Սաֆարյան – Ես մինչև բարձրանալը Դուք դա միացրել եք:

Աշոտ Ղուլյան –  Ես իմ վարկյանաչափով եմ նայում, պարոն Սաֆարյան: Հիմա 2 րոպե 50 է: Շատ լավ, առաջին հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Հաջորդ հարցը՝ կհայտարարեմ:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն հարցի համար: Իրականում մեծ կարևորություն է ներկայացնում տվյալ հարցը և ժամանակ առ ժամանակ այդպիսի ընդունված որոշման, գործողության մեջ մտնելու ժամկետները երկարաձգվել են: Հիմնականում տվյալ երկարաձգման պատճառ է հանդիսացել, այսպես ասած, հարցի սոցիալական կոնտեքստը նույնպես, որովհետև այդ աշխատանքները, որոնք որ իրականացվել են ժամանակին և այդ նոր կադաստրային արժեքները, որոնք որ սահմանվել են և հիմք պետք է հանդիսանան նաև հողի հարկի բազայի համար՝ կբերեին ընդհանուր, թե հողի հարկի, թե հողի վարձավճարների էական ավելացման: Հետևապես այդ հարցը տարբեր, բազմակողմանի  ուսումնասիրման կարիք ունի և մենք, անպայման, նորից կանդրադառնանք այդ հարցին, կարծում եմ համատեղ քննարկումը Ձեր հետ նույնպես կարող ենք իրականացնել այդ հարցի կապակցությամբ:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք,պարոն Սաֆարյան:

Վիլեն Սաֆարյան - Այո, իհարկե: Պարոն Մարտիրոսյան, ես ուզում էի ասել, որ չեմ ակնկալում հարցի պատասխանը այն առումով, որ հարցը ունի ուսումնասիրման կարիք, բայց որ հարցը հասունացել է՝ միանշանակ պարզ է, այդ առումով ես չէի ուզում լսել այդ պատասխանը, որ դեռևս պետք է ուսումնասիրվի, հենց այդ առումով ես ուզում էի հայտարարել, որ չեմ ուզում լսել, որովհետև այնպես տարբերակներ կան,  նոր գործակիցներ կիրառելը և այլն, և այլն: Երևի, դուք էլ տեղյակ եք, ինչքան ես հարցի պատասխանից հասկացա, ուսումնասիրման և խորհրդակցելու մասնագետների կարիք կա: Դրա համար չէի ուզում հարցի պատասխանը լսել, բայց պարոն Ղուլյանը չթողեց ես հայտարարեմ:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն, մենք համակարծիք ենք և սա ընդունենք ոչ թե հարց, այլ հարցի բարձրացում կամ առաջարկություն, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Երկրորդ հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար, պարոն Ֆելիքս Գաբրիելյանը:

Ֆելիքս Գաբրիելյան – Շնորհակալություն հարցի համար: Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության տարածքում գործում է 21 կառուցման և նախագծային փուլերում են գտնվում 11 փոքր ՀԷԿ-եր: Այդ ստրատեգիական նշանակություն ունեցող ոլորտը կարգավորելու համար 2019թ. նախատեսվում է իրականացնել Արցախի փոքր ՀԷԿ –երի ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված համակարգի ներդրման ծրագիր, որի միջոցով կիրականացվի (չի լսվում) և փոքր ՀԷԿ-երի կողմից ջրօգտագործման ծավալների ավտոմատ, առցանց հաշվառում ապահովելով ընդհանրական կտրվածքով՝ ջրօգտագործման ռեժիմի ծավալների հաշվառումը,հավաքագրումը և էլեկտրոնային եղանակով փոխանցումը: Սույն թվականի՝ փետրվարի 4-ին, նախարարության կողմից իրականացվել է Արցախի ՀԷԿ ընկերության Շահումյանի շրջանի ԼԵ-1 փոքր ՀԷԿ-երի վրա ջրաչափական դիտակետերի տեղադրման շնորհանդես՝ ցուցադրում: Ասեմ, որ, բացի դրանից, համապատասխան միջոցառումներ է անցկացվել: Ձեր հարցում ասեցինք, որ մինչև որ ժամկե՞տը: Նախատեսված է մինչև մայիսի վերջը, որպեսզի այդ մշտադիտարկման համակարգը ստեղծվի, բացի դրանից կա համապատասխան հրաման: Հրամանը հասցվել է բոլորին: Եթե մայիսի վերջին չավարտեն, ուրեմն մենք այդ ջրօգտագործման թույլտվությունը կճանաչենք անվավեր և կանգնեցնենք այդ ՀԷԿ-երը: Մինչև մայիսի վերջը:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք,պարոն Սաֆարյան, խնդրեմ Վիլեն Սաֆարյան:

Վիլեն Սաֆարյան – Ողջունելի ժամկետ է՝ մայիսի վերջը, որովհետև գետերը կանգնած են անշրջելի էկոլոգիական աղետի առաջ, դա միանշանակ է, և ես Ձեր հարցով լրիվ բավարարված եմ, բայց նախկին հարցը՝ լքված հանքավայրերը ռեկուլտիվացիայի վերաբերյալ Ձեր խոստացած պատասխանը դեռևս մինչև հիմա չեմ ստացել: Նոյեմբերի վերջին խոստացել եք:

Ֆելիքս Գաբրիելյան – Կարող եմ հիմա էլ պատասխանեմ, որովհետև մենք ունենք ծրագիր՝ հաստատված ծրագիր, Կառավարության կողմից և այդ ծրագրի համաձայն առաջին հերթին նախատեսված է կոնսերվացված և լքված հանքավայրերի ուսումնասիրությունը և համապատասխան որոշում ընդունելը:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, պարոն նախարար: Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Էրիկ Հարությունյանը, հաջորդը՝ Ալյոշա Գաբրիելյանը:

Էրիկ Հարությունյան – Հարգարժան նախագահ Ազգային ժողովի, հարգելի ներկաներ: Քաշաթաղի շրջանը մեր հանրապետության մյուս շրջաններից տարբերվում է իր բազմազան խնդիրներով և հարցերով: Դրանց մեջ առաջնահերթ տեղ են զբաղեցնում վերաբնակեցման, ճանապարհների և խմելու ջրի հետ կապված հարցերը: Ինչպես գիտենք Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում պետական միջոցներով և Քաշաթաղ բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորմամբ 2018թ. կառուցվել և շահագործման է հանձնվել 52 առանձնատուն, որը տրամադրվել է գյուղի վերաբնակիչներին, իսկ բնակչությունը հասել է մոտ 600-ի: Մեծ է կարևորությունը այդ կենտրոնացված բնակավայրի: Դա ունի թե տնտեսական և թե ռազմավարական մեծ նշանակություն: Առաջին հերթին խթան է հանդիսանում փոքր և միջին բիզնեսի զարգացման և ներդրումների առումով: Նախադպրոցական երեխաների թիվը զգալիորեն մեծ է: Շատ կարևոր է մանկապարտեզ ունենալը, որը նաև կլուծի որոշակի աշխատատեղերի խնդիր: Մեծ է նաև ցանկություն հայտնած մարդկանց թիվը վերաբնակվել Իշխանաձորում: Հարցս հետևյալն է՝ նախատեսվում է, արդյոք նոր բնակարանաշինարարության ծրագիր Իշխանաձորում:

Երկրորդ հարցս վերաբերում է Քաշաթաղի շրջանի Գետափ, Մարտունաշեն և Ձորափ գյուղերին, որտեղ խմելու ջրի հարցը լուրջ խնդիր է: Այդ գյուղերում կան մի քանի ջրհորներ, որտեղից մարդիկ այսպես ասած ջուր են կրում: Բայց Մարտունաշեն համայնքում կա խորքային հոր, որը շահագործված չէ: Անհրաժեշտ եմ համարում կատարել հետազոտական աշխատանքներ  և կազմել նախահաշիվ խորքային հորի շահագործման համար, որը կարող է ապահովել այդ երեք իրար մոտ գյուղերը շատ անհրաժեշտ խմելու ջրով: Հարցս հետևյալն է՝ այս տարի կարող ենք կատարել այդ մասնագիտական աշխատանքները, որպեսզի հետագա տարվա բյուջեի քննարկումներին քննարկվի այս հարցը: Ի դեպ, նշեմ, որ նշված գյուղերում և հարևան Սարատակ գյուղում մեծ անհրաժեշտություն է գյուղերը շրջկենտրոնին կապող տրանսպորտի խնդիրը: Եթե տրամադրվի մեկ ավտոբուս թեկուզ շաբաթական մեկ կամ երկու անգամ երթևեկի Բերձորից մինչև նշված գյուղեր կլուծվի միանգամից չորս գյուղի տրանսպորտի խնդիրը: Այսքանը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, հարցերին պատասխանում է քաղաքաշինության նախարարի տեղակալ պարոն Գեորգի Հայրիյանը, խնդրեմ:

Գեորգի Հայրիյան – Շնորհակալություն հարցի համար: Նախ` Իշխանաձոր համայնքի խմելու ջրի վերաբերյալ տեղեկացնեմ:

Էրիկ Հարությունյան - Բնակարանաշինության վերաբերյալ:

Գեորգի Հայրիյան – Իշխանաձորի բնակարանաշինության վերաբերյալ նման ծրագիր չունենք այս պահին, դեռ չի քննարկվել մեր մոտ: Խմելու ջրի մասով՝ կա հանձնարարություն ուսումնասիրելու Որոտանի  գյուղի  ջուրը, Որոտանից պետք է գա Իշխանաձոր: Գետափ, Մարտունաշեն գյուղերի մասին ոչ մի ուսումնասիրություն չի կատարվել, կուսումնասիրենք և լրացուցիչ կտեղեկացնենք:

Աշոտ Ղուլյան – Տրանսպորտի հետ կապված, Դուք կասե՞ք: Շնորհակալություն: Հարցի երկրորդ մասին պատասխանում է պետնախարար, պարոն Գրիգորի Մարտիրոսյանը: Հետո կարձագանքեք, պարոն Հարությունյան:

Գրիգորի Մարտիրոսյան – Իրականում տրանսպորտով ապահովելու գյուղական համայնքներին՝ հիմնականում դպրոցահասակ երեխաներին տեղափոխելու համար հարցը, Կառավարության ուշադրության կենտրոնում է և այդպիսի նպատակ կա, որովհետև ինքը շատ ավելի քիչ ռեսուրսներով հնարավորություն է տալիս ապահովել երեխաների ընդգրկվածությունը, սակայն նախկինում տվյալ ծրագիրը իրականացվում էր հիմնականում բարեգործական միջոցներով, որոնք այս պահի դրությամբ դադարեցված են և միջոցներ են հայթայթվում կամ այլ բարեգործական աղբյուրներից, կամ դրանց բացակայության դեպքում պետական բյուջեի միջոցների հաշվին տվյալ լուծում տալու համար: Իշխանաձորի բնակարանաշինության մասով ավելացնեմ, որ մեծածավալ, բնակարանաշինություն այս պահի դրությամբ բյուջեով նախատեսված չէ, բայց մենք ունենք վերաբնակեցման շրջանակներում որոշակի ծրագիր՝ նախատեսված թե վերանորոգման, թե որոշ փոքր ծավալների բնակարանաշինության կամ շինանյութերի տրամադրման ծրագիր, որոնց միջոցով, թե Իշխանաձորում, թե այլ համայնքներում վերաբնակեցման ուղղությամբ աշխատանքները ընթացքի մեջ են:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, պարոն Հարությունյան: Չէ: Շնորհակալություն, պարոն պետնախարար: Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, թող պատրաստվի Արամ Սարգսյանը:

Ալյոշա Գաբրիելյան – Շնորհակալություն: Հարգարժան Կառավարության անդամներ, սիրելի գործընկերներ երկու հարց ունեմ: Առաջինը՝ կապված 2018թ. մի քանի հանրային հնչեղություն ստացված դեպքերի, որոնք կատարվել են հանրապետությունում, որի արդյունքում՝ Ազգային ժողովում կյանքի է կոչվել հանրային հնչեղության հանձնախումբ, ես էլ եմ անդամ եղել, կատարել ենք որոշակի աշխատանքներ: Եկել ենք և կանգնել ենք փաստի առաջ, որ քրեակատարողական հիմնարկներում, հատկապես Ճարտարի դեպքերի հետ կապված, կատարվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Արդյունքում, իհարկե որոշակի կադրային փոփոխություններ ընդհանրապես համակարգերում կատարվել է, բայց գործը մնում է նրանում, որ հարցը պետք է համակարգային լուծում ստանա, և այսօր հասունացել է այն հարցը, որ քրեակատարողական հիմնարկները պետք է դուրս գան ոստիկանության համակարգից և տրվեն արդարադատությանը: Այս հարցը բարձրացրել ենք մեկ անգամ և նորից եմ բարձրացում, արդյո՞ք Կառավարությունը ունի նման միտում այդ գործընթացը իրականացնելու համար:

Երկրորդ հարցս վերաբերվում է գյուղատնտեսության ոլորտին: Լավ է, որ գյուղատնտեսության բնագավառում կան բնակչության ծրագրեր, որոնց մասին խոսել ենք, ասել ենք և մատնանշել ենք, որ այդ ծրագրերը հիմնականում որոշակի անձանց, որոշակի մարդկանց է ծառայում: Այն հասու չէ հասարակ հողօգտագործողին, փոքր հողակտոր ունեցողներին կամ միջին բիզնեսով զբաղվող հողագործներին: Առնչվել եմ դրա հետ և կարծում եմ՝ այսպիսի հարցը՝ կոնկրետ, եթե անասնապահության մեջ, շատ ենք խոսել, ում են տալիս, ապա խոսքս գնում է հողագործության բնագավառին: Կա երկու ծրագիր՝ բանջարաբուծության և այստեղ կարգը, որ սահմանել եք՝ անհասանելի է ժողովրդին, մենատնտեսներին: Նույնը նաև ջերմոցային տնտեսությունների հետ: Ես չեմ ցանկանում այսպես մանրացնել, բայց կարծում եմ՝ այն կարգը, որ Դուք դնում եք գնում է մի խումբ մարդկանց՝ աջակցության համար: Ժողովուրդը դուրս է մնում, ծավալի տեսակետից, մասնատվածության տեսակետից, աբսուրդի նման մի բան եք դնում, որոնք որ անհասանելի են: Ես՝ ինքս զբաղվելով այդ գործով, եթ ես անպաշտպան եմ, ապա այն մնացած հասարակ հողագործները ինչպես կարող են պաշտպանված լինել: Ես խնդրում եմ, եթե կա ծրագիր՝ ներկայացնեք:  

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, առաջին հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար, պարոն Արարատ Դանիելյանը, հաջորդը գյուղատնտեսության նախարարի տեղակալը:

Արարատ Դանիելյան – Շնորհակալություն հարցի համար: Պարոն Գաբրիելյան շնորհակալություն Ձեզ, Ձեր հետևողական պայքարի և դիրքորոշման համար և պետք է Ձեզ տեղեկացնեմ, որ այսօր այդ աշխատանքները կատարվում են, Ձեր առաջին հարցի երկրորդ մասով կարող եմ ասել: Քրեակատարողական համակարգը արդարադատության նախարարության փոխանցելու հետ կապված: Այս տարվա Կառավարության գործունեությունում այդ խնդիրը նաև որոշված է, որպես գերակա խնդիր և Հանրապետության նախագահի հանձնարարականով նախատեսված է, որ չորրորդ եռամսյակում, թեկուզ մատնանշում եմ չորրորդ եռամսյակ, բայց դա ծավալուն աշխատանք է: Այսօր էլ կատարվում է այդ աշխատանքը, որովհետև դա մեկ տասնյակից ավել օրենքներ են, բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր են և այդ ուղղությամբ կատարվում են աշխատանքներ: Հույս ունեմ, որ Ձեր օգնությամբ, առավել ևս, այդ օրենսդրական կարգավորումը պետք է կատարվի Ազգային ժողովի կողմից: Այդ հարցը բարձրացրել են մեր փաստաբանները: Այս պահին այդ ուղղությամբ կատարվում են աշխատանքներ:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Գաբրիելյան: Չէ: Շնորհակալություն պարոն նախարար: Երկրորդ հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ, պարոն Տիգրան Առուստամյանը, խնդրեմ:

Տիգրան Առուստամյան – Շնորհակալություն, հարցի համար: Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող բոլոր աջակցության ծրագրերը համաձայնեցվում է շրջանի վարչակազմի հետ և հայտերն ընդունվում են շրջանի վարչակազմի կողմից: Ընդհանրապես, այդ ծրագրի մշակման ժամանակ մենք աշխատում ենք, որ նման ծրագրերը լինեն հասանելի բոլոր հողօգտագործողներին, անասնապահների: Ինձ թվում է՝ խոչընդոտներ չկան, իսկ, եթե ինչ-որ մեկը չի կարողանում օգտվել նշված ծրագրերից, նշանակում է գործող կարգերին չի համապատասխանում գործառույթները:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Գաբրիելյան, խնդրեմ:

Ալյոշա Գաբրիելյան – Ես ներկայացնում եմ փաստ: Հողօգտագործողները, ընդհանուր առմամբ, ունեն մեկ հեկտար տարածք, բայց  իրենց տարածքները մասնատված են սեփականությամբ կամ վարձակալությամբ: Հիմա՝ կարգը այն է, որ մի հողակտորի վրա, դա աբսուրդի նման ի բան է: Մարդը՝ չարչարվում է, Դուք ասում եք, որ պետք է լինի մեկ հողակտորի վրա: Ինչպե՞ս պատկերացնել դա: Ընդհանրապես, դա մասնավոր դեպք եմ ասում:

Տիգրան Առուստամյան – Ուսումնասիրություններ է կատարվում մասնագետների կողմից և նշվում է ինչ-որ մի չափ: Այսինքն` արդյունավետությունը ապահովելու համար: Փոքր հողատարածքներում նշված ծրագրերի իրականացումը մասնագետների եզրակացությամբ, կարող է լինել ոչ արդյունավետ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, շնորհակալություն պարոն Առուստամյան, կարող եք նստել: Հաջորդ հարցի համար հրավիրվում է Արամ Սարգսյանը և  պատրաստվում է Արարատ Օհանջանյանը:

Արամ Սարգսյան – Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, Կառավարության անդամներ, ներկաներ: 2008թ. Արցախի Հանրապետությունում մեկնարկեց պետական աջակցությամբ, հիփոթեքային վարկավորման ծրագիրը, որը, անշուշտ Կառավարության ամենահաջողված ծրագրերից մեկն էր: Տասը տարվա ընթացքում ծրագիրը էական փոփոխությունների չի ենթարկվել, միայն ներդրվել է եկամտային հարկի վերադարձելիության մեխանիզմը: 2018թ. մեկնարկ տվեց սույն ծրագրի կարգի բարելավման, որը, անշուշտ ուներ դրա կարիքը: Նույն կարգով նախատեսվում է վարկավորման տոկոսադրույքը տալ ՀՀ դրամով՝ 12-ից դարձնել 15 այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից սահմանվել են ավելի ցածր տոկոսադրույքներ: Ինչո՞վ է պայմանավորված տոկոսադրույքի բարձրացումը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն: 2019թ. ընդունված՝ նոր կարգի համաձայն, տոկոսադրույքի բարձրացում չի նախատեսված: Առավելագույն դրույքաչափերը, որոնք որ սահմանված են տվյալ կարգով՝ 15 տոկոս դրամի և 12 տոկոս արտարժույթի համար, գործում են, եթե չեմ սխալվում, առնվազն մի քանի ամիս՝ կես տարի և ժամանակին այդ որոշման ընդունումը պայմանավորված էր շուկայում գործող շուկայական տոկոսադրույքներով: Ներկայումս որոշակի նվազման միտում առկա է տոկոսադրույքներում, սակայն ոչ մեծածավալ վարկային ռեսուրսների դեպքում: Այդ նպատակով սահմանվել է այնպիսի մեխանիզմ, որ տվյալ վարկառուն, շահառուն նույնպես շահագրգռված լինի  և տարբեր բանկերի առաջարկվող վարկային պրոդուկտների միջև ընտրություն կատարելու միջոցով ընտրի այն առաջարկը, որը ավելի մատչելի պայմաններ է առաջարկում տվյալ քաղաքացու համար: Յուրաքանչյուր դեպքում առավելագույն չափերը, որ մենք նախատեսել ենք այս կարգով՝ վերանորոգման դեպքում, նույնիսկ նվազեցել են սահմանվելով 18 տոկոսից մինչև 15 տոկոս և սահմանելով համաֆինանսավորման տոկոսադրույք, այդ տրամաբանությունը դրվել է սուբսիդավորման մեջ, որպեսզի շահագրգռի և մարդկանց, և բանկերին նվազեցնելու տոկոսները:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք պարոն Սարգսյան, խնդրեմ Արամ Սարգսյան:

Արամ Սարգսյան – Նոր կարգում հստակ 15 տոկոս է գրված պարոն Մարտիրսյան:

Գրիգորի Մարտիրոսյան – Այո, ես նույնպես ասեցի, որ նոր կարգում հստակ դրված է 15 տոկոս, ինչպես և նախորդ կարգում: Այսինքն` փոփոխություն տեղի չի ունեցել, մենք պահպանել ենք գործող տոկոսադրույքները և ավելացրել ենք պետության համար ֆինանսավորումը: Եվ պետությունը, և շահառուն շահագրգռված են ավելի ցածր տոկոսով վարկեր ձեռք բերելու մեջ: Սակայն, հաշվի առնելով այն, որ մեր այսօրվա վարկային ռեսուրսների շուկայում ոչ բոլոր բանկերն են առաջարկում ցածր տոկոսներ և մենք նպատակ չունենք դուրս մղելու որոշակի մեծ ռեսուրսներ առաջարկող բանկերին այս գործընթացից, սահմանվել է այդ առավելագույն տոկոսը, որպեսզի սահմանափակի հետագայում նույնպես դրանց աճը:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Արարատ Օհանջանյանը, պատրաստվում է Ռիտա Մնացականյանը:

 Արարատ Օհանջանյան – Հարցս վերաբերվում է առողջապահական համակարգին, մասնավորապես` պետության կողմից իրականացնող անվճար բուժօգնությանը: Բոլորիդ հայտնի է, որ ունենք արտոնյալ կատեգորիաներ, որոնք բուժումը և բոլոր հետազոտությունները բոլոր հիվանդանոցներում ստանում են` պետպատվերի հաշվին: Հարցս վերաբերվում է, երևի թե, վերջերս մտցված յամեր հետազոտությանը, կատե և կոմպյուտերային տոմոգրաֆիա հետազոտությանը: Ստանում ենք բազմաթիվ զանգեր, որտեղ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները հարց են բարձրացնում, որ իրենցից գումար են պահանջում տվյալ հետազոտությունը անցնելու համար: Այսինքն, մի կողմից պետությունը երաշխավորում է այդ արտոնյալ կատեգորիաներին, որ նրանք բուժում են ստանալու պետպատվերի շրջանակներում, առանց որևէ վճարի, մյուս կողմից մենք այդ մարդկանց ստիպում ենք, որպեսզի նրանք որոշակի մուծումներ անեն հիվանդանոցներում բուժվելու և հետազոտություններ անցնելու համար: Ինչքանով’վ է համապատասխանում մենք օրենքին: Մոտավորապես գիտեմ պատասխանը` ես խոսացել եմ նախարարի հետ, երևի թե պարզաբանում է պետք հանրության համար, որպեսզի մարդիկ հասկանան ի՞նչի համար են փող մուծում: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար, պարոն Արայիկ Բաղրյանը, խնդրեմ:

Արայիկ Բաղրյան – Շնորհակալություն հարցի համար: Նշեմ, որ ՄՌՏ  հետազոտությունը 2018թ. դեկտեմբերից ենք սկսել Արցախի Հանրապետությունում իրականացնել, մինչ այդ բոլոր հետազոտվողները ուղեգրվում էին Հայաստանի Հանրապետություն: Առողջապահության նախարարության կողմից տրվում էր ուղեգրեր և տվյալ անձը` ում անհրաժեշտ էր այդ հետազոտությունը, ծախսում էր ավելի շատ գումար, քան այսօր Արցախի Հանրապետությունում: Այդ հետազոտության համար ամրագրված է վճարման հետ կապված, բայց տեղեկացնեմ, որ բոլորի համար` կլինեն սոցիալապես անապահովներ, թե որոշակի կարգերից օգտվող քաղաքացիներ, անհետաձգելի դեպքերը թե Կատեի, թե ՄՌՏ-ի համար անվճար են, իսկ Կատեի համար վճարովի ծառայությունները պետությունը սուբսիդավորում է 60 տոկոս, 40 տոկոսը քաղաքացին, եթե պլանային դեպքեր են: ՄՌՏ հետազոտության համար վճարում է 50 տոկոս, 50 տոկոսը պետությունը: Այսինքն` Հայաստանի Հանրապետության գներից սահմանված: Վերցրել ենք միջին գնացուցակ և ամրագրել այստեղ գները: Նորից նշեմ, որ անհետաձգելի դեպքերը բոլորի համար անվճար են:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, Արարատ Օհանջանյան:

Արարատ Օհանջանյան – Պարոն նախարար, խոսքս անհետաձգելի դեպքերի մասին չէ, խոսքս վերաբերվում է պլանային հետազոտությունների համար: Այսինքն, ստացվում է 1-ին խմբի հաշմանդամը և սովորական քաղաքացին` ոչ մի արտոնություն չունեցող սովորական քաղաքացին, որին ուղեգրել է տեղամասային բժիշկը նույն կարգավիճակում են: Այսինքն, պետք է կատարեն նույն ձևի մուծումներ պետք է անեն` պլանային հետազոտություն անցնելու համար:

Արայիկ Բաղրյան – Այս պահին, ինչպես մատնանշեցի նման ձև է, բայց ապագայում` մարտ ամսին, նախատեսվում է վերանայել այն քաղաքացիները, ովքեր որ չունեն ոչ մի կատեգորիա` սոցիալապես անապահովության կամ հաշմանդամության կարգ, իրենց համար լինելու է 100 տոկոս վճարովի:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն նախարար: Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Ռիտա Մնացականյանը, թող պատրաստվի Լյուդմիլա Բարսեղյանը:

Ռիտա Մնացականյան – Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան ներկաներ: Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցությանն են դիմել Արցախյան ազատամարտում մահացած  մի խումբ կանայք` այրիներ և ծնողներից: Նրանց հուզում և վիրավորում է այն հանգամանքը, որ 28 տարի առաջ սահմանված նպաստի չափը առայսօր չի փոխվել` 15 հազար դրամ: Նրանք հիշեցնում են, որ այդ արանքում, մի քանի անգամ բարձրացրել են աշխատավարձեր, թոշակներ, սակայն նպաստի չափը մնացել է նույնը: Նրանք մատնանշում են գների բարձրացում` մի քանի անգամ և այս նպաստի չափի անհամապատասխանությունը իրենց ապրելակերպին: Նրանք խնդրում և պահանջում են բարձրացնել նպաստի չափը: Հնարավոր է արդյո՞ք վերանայել և բարձրացնել նպաստի չափը վերանշյալ մարդկանց համար:

Երկրորդ հարցս` ԼՂՀ Բռնադատվածների մասին օրենքում հստակ նշվում է, թե ով է համարվում բռնադատված, այդ թվում` Ադրբեջանի հետաքննական և նախաքննական մարմինների կողմից պահվել է անազատության մեջ: Այսօր կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կամայականորեն ձերբակալվել են, պահվել Շուշիի կամ Ադրբեջանի այլ բանտերում` ենթարկվել դաժան կտտանքների, սակայն չեն ստացել կարգավիճակ: Ի՞նչ հիմքերով են մերժվել նրան դիմումները` իրենց բռնադատվածի կարգավիճակ տալու համար: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է աշխատանքի և սոցիալական ապահովության,  վերաբնակեցման հարցերի նախարար, պարոն Սամվել Ավանեսյանը:

Սամվել Ավանեսյան – Շնորհակալություն հարցի համար: Տիկին Մնացականյան Դուք ճիշտ նշեցիք, որ թե վերջին 28 տարվա ընթացքում, թե ցանկացած ժամանակահատված, եթե վերցնենք մշտական վերանայվել են տարբեր վճարների չափեր` սկսած աշխատավարձից, մինիմալ աշխատավարձ, աշխատավարձների բարձրացում, թոշակներից, դրամական օգնություններ: Դուք տեղյակ եք, որ այդ ամբողջ փաթեթը մշտական վերանայման ենթակա է: Եթե միայն այդ ամբողջ փաթեթից ինչ-որ մի նպաստի տեսակ չի վերանայվել, ինձ չի թվում, որ այդ ընտանիքները իրականում շատ լուրջ տուժվում են, հաշվի առնելով, որ մյուս վճարները` տարբեր տեսակի, որոնք որ տրամադրվում են նման ընտանիքներին, նրանք պարբերաբար բարձրացվում են: Ինչ վերաբերվում է նպաստի բարձրացմանը` մշտական այդ հարցը օրակարգում է, հնարավորության առկայության դեպքում.  նաև նշեմ` այսօր ներկայացրած նախագիծը, որը լրացուցիչ ծախսեր է ենթադրում պետական բյուջեի կողմից իրականացնելու: Մշտական այդ հարցերը օրակարգում են և հնարավորության առաջին իսկ դեպքում ամեն ինչը` դրույքաչափերը, թե չափերը վերանայվում են: Բողոքն է, երևի, ավելի շատ դրանք առաջարկություններ են, որովհետև եթե բողոքում են՝ դա նշանակում է, որ հաշվի չեն առնում՝ մյուս վճարները ի՞նչի չեն բարձրացվում, բայց նորից եմ ասում հնարավորության դեպքում, իհարկե, առաջին հերթին նման կատեգորիա քաղաքացիներին տրամադրվող տարբեր նպաստներ և վճարներ վերանայվում են և կվերանայվեն:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք տիկին Մնացականյան, շնորհակալություն: Երկրորդ հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանը:

Արարատ Դանիելյան – Շնորհակալություն հարցի համար: Բռնադատվածների հետ կապված հարցերը կարգավորում է համապատասխան օրենքով: Այդ օրենքը ընդունվել է, ինչքան հիշում եմ, 2000թ. սկզբին: Նման օրենք կա նաև Հայաստանի Հանրապետությունում: Օրենքի անվանումն է` բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի վկայական տրամադրվող հանձնաժողով կամ այդ օրենքը կարգավորում է այդ հարցերը: Այս վերջին` 6 տարիների ընթացքում, մեզ դիմողներ եղել են, բայց ես չեմ հիշում, թե մերժված լինի այդ կարգավիճակ տալու համար: Օրենքում` 7,8 տարի գործածելուց հետո, կատարվել է փոփոխություն և համապատասխան հոդված է մտցվել` կապված մեր ազատագրական շարժման ժամանակ քաղաքացիների բռնադատված լինելու կապակցությամբ: Խնդիրը կայանում է նրանում, որ բացի դիմումից, երկու նկարից և անձնագրի պատճենից, բացի, բռնադատվածի կարգավիճակ ունեցող քաղաքացին պետք է դիմի դատարան, այսինքն` դա նշանակում է, որ նա եղել անազատության մեջ տարբեր բնակավայրերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս, բայց այդ մարմինների կողմից, դա օրենքում է նշված, պետք է լինի համապատասխան փաստաթուղթը` դատարանի վճիռը… այդ պատճառով պահանջվում է դատարանի որոշում: Այսինքն` մեր շրջանային այդ առաջին ատյանի դատարանի նստավայրերում գործեր քննում են, վկաներին հարցաքննում են, լսում են և վերջում վճիռ են կայացնում և փաստաթղթերի հետ ներկայացնում են մեր հանձնաժողով: Այս տարիների ընթացքում չեմ հիշում դեպք, որ հիմնավորված այդ փաստաթղթերը ներկայացված լինի և որևիցե մեկին բռնադատվածի կարգավիճակ տված չլինի: Մոտավորապես 285 քաղաքացի ունեն այդ կարգավիճակը:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք տիկին Մնացականյան: Ռիտա Մնացականյան:

Ռիտա Մնացականյան – Կոնկրետ մարդկանց ցուցակը կա ինձ մոտ, որոնք դիմել և մերժվել են, նրանք կարո՞ղ են նորից դիմել:

Արարատ Դանիելյան – Այո: Կդիմեն մենք կբացատրենք կարգը, որովհետև եթե կապված է վկաների հարցաքննության հետ, մենք այդ լիազորությունը չունենք: Երևի, նրանք դիմել են` տարիներ առաջ, դատարանի որոշում չկար, դրա համար խնդիր է առաջացել: Նաև այլ աղբյուրների միջոցով այդ ստուգումները իրականացվում են: Շատերը եղել են ակտիվիստներ և գիտեն, որ այդ պայմանները պետք է հստակ լինեն, որպեսզի անորոշություն չլինի: Ինքը` իրոք եղել է բռնադատված, թե` ոչ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն նախարար:

Արարատ Դանիելյան – Մեկ ավելացում` մենք ունենք հայտնի քաղաքական գործիչներ, ովքեր, որ գիտեն` կա որոշում և Ռոստովում, և Սարատովում, որ մեկ ամիս պահել են և այսօր այդ կարգավիճակը էլի չունեն, չեն դիմել, չունեն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ հարցի համար հրավիրվում է Լյուդմիլա Բարսեղյանը: Պարոն Ավանեսյանը հանում է հարցը և եզրափակիչ հարցով` Վահրամ Բալայան:

Լյուդմիլա Բարսեղյան – Վերջերս բողոքներ եմ ստացել, հիմնականում ցածր աշխատավարձերի պատճառով համատեղության կարգով աշխատողների, ինչպես նաև պարտադիր զինծառայողների և զոհվածների ծնողներից, ովքեր դրոշմանշային վճարները` ժողովրդի մեջ ասած, համարում են անհրաժեշտություն, սակայն դժգոհ են այդ վճարների ետ վերադարձման կարգից: Այս առումով բյուրոկրատական քաշքշուկը առաջացրել է այնպիսի մեծ դժգոհություն, որ որոշ աշխատողներ հրաժարվել են մուծած գումարի հետ վերադարձումից: Ժամանակի սղության պատճառով չեմ ուզում թվարկել բոլոր փաստաթղթերը և նրանց պատրաստման պրոցեսը, որը շատ ծանր է: Փաստաթղթերը հավաքելուց հետո, քաղաքացին պետք է մտնի հազար պլյուս ամ կայք և լրացնի բոլոր հարցերի պատասխանները, եթե չես կարող օգտվել համացանցից դիմում ես առանց այդ էլ ծանրաբեռնված հաշվապահին: Կան հիմնարկներ, որտեղ երեսունից ավելի համատեղության կարգով աշխատողներ կան ու պատկերացրեք կամ այցելում ես Արցախփոստ բոլոր հավաքած փաստաթղթերը հիմնադրամ ուղարկելու համար, իհարկե գրանցված նամակով: Եթե բոլոր փաստաթղթերը ճիշտ են լրացված` երկու շաբաթից հետո վճարը հետ է վերադարձվում աշխատողի բանկային հաշվին, եթե` ոչ, կրկնվում է նույն քաշքշուկը: Համոզված եմ, որ հնարավոր է աշխատավայրերում ունենալ զոհվածների և պարտադիր զինծառայողների վերաբերյալ փաստաթղթեր, որպեսզի գանձումները իրենց հարազատներից չկատարվի: Ընդհանրապես, այդ գործառույթները հեշտ իրականացնելու համար պետք է ունենանք տվյալների բանկ: Հարցս հետևյալն է: Եթե դրոշմանշային վճարը համատեղության կարգով աշխատողին տարեվերջին հետ է վերադարձվում, հնարավոր չէ այն գանձել միայն հիմնական աշխատավայրից: Կարծում եմ` Ձեր պատասխանը կլինի, որ մենք չենք մշակում այդ կարգը, բայց ես ակնկալում եմ, որ  բարձրացված հարցը կքննարկվի: Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների հետ այդ գործընթացը վերամշակելու նպատակով: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար պարոն Արթուր Հարությունյանը, խնդրեմ:

Արթուր Հարությունյան – Շնորհակալություն հարցի համար: Իրականում այդ գործընթացը, Դուք ճիշտ նշեցիք` սահմանվում է օրենքով, որը համահունչ է Հայաստանի Հանրապետության նույնանման օրենքի հետ և այդ գումարները, մենք բոլորս գիտենք, որ մուտքագրվում է այդ հիմնադրամի հաշվին, այսինքն` մենք առանձին Արցախի Հանրապետությունում չունենք նման հիմնադրամ: Գումարները նույնպես հետ են վերադարձվում Հայաստանի Հանրապետության այդ հիմնադրամից: Ինչ վերաբերվում է այդ գործընթացին, իհարկե, այստեղ վարչարարական որոշակի խնդիրներ կարող են առաջանալ, երբ որ ոչ թե գանձենք միանգամից այդ 100 դրամները, այլ համատեղությամբ աշխատելու դեպքում` հիմնական աշխատանքից միայն գանձենք: Այստեղ կարող է խնդիրներ առաջանալ վարչարարական, որովհետև միևնույն մարդը հիմնական աշխատանքը հիմնավորելու համատեղությամբ նաև աշխատելու հիմնավորումները, ավելի շատ փաստաթղթաբանություն ենք անելու, քան այս պահին: Հիմնականում պրակտիկան դա է ցույց տալիս: Եթե մարդը աշխատում է 3,4 տեղ և այդ փաստաթղթերը հավաքագրել է, պայմանագրերը, վճարված գումարների հավաքագրել, ներկայացնել համապատասխան մարմիններին որոշակի, ավելի շատ բարդություններ է առաջացնում: Իսկ   կարգը համատեղ քննարկելու և Հայաստանի Հանրապետության այնտեղ փոփոխություն անել դեպքում, բնականաբար մենք էլ ենք անելու այդ փոփոխությունը:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք տիկին Բարսեղյան: Լյուդմիլա Բարսեղյան:

Լյուդմիլա Բարսեղյան – Բայց ինչո՞ւ պետք է համատեղության կարգող աշխատողները հավաքեն այդ փաստաթղթերը: Ես առաջարկում եմ միայն հիմնական աշխատողից գանձեն:

Արթուր Հարությունյան – Կան աշխատողներ, որտեղ որ հիմնական աշխատանքը առանձնացնելը անհնար է: Ձեր ասածը դեպքերում կան դեպքեր, որ հնարավոր է առանձնացնել հիմնական աշխատանքը տվյալ անձի հիմնական աշխատանքը, բայց կան մարդիկ, որ աշխատում են հինգ տեղ և այստեղ հիմնական աշխատանք առանձնացնելն է բարդ, որ մի տեղ պետք է գանձվի:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն նախարար: Եզրափակիչ հարցի համար` Վահրամ Բալայան:

Վահրամ Բալայան – Իմ հարցերը վերաբերվում է բնակչության տրանսպորտային միջոցներին: Ինչպես ասում են` աչք է շոյում, որ մեր քաղաքում` աջափնյակ թաղամասում բավականին ակտիվ շինարարական աշխատանքներ են ծավալվում, բնակչությունը շատանում է, բայց դրա հետ միասին կա հիմնախնդիրներ: Բնակչության մոտ կա դժգոհություն, որ այդ հաճախականության հետ կապված տրանսպորտի, երեխաները խմբակներ են հաճախում, այնտեղ են աշխատում կամ այնտեղից են գալիս այստեղ աշխատում այս խնդիրները այստեղ կան: Երկրորդը` գյուղերում մեր քաղաքացիների մի մասը սեփական մեքենաներ են ձեռք բերել, որը նույնպես ողջունելի է, բայց դրանից նոր խնդիրներ է առաջանում: Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում ձեռք բերել այդ մեքենաները, նախկին հասարակական տրանսպորտից օգտվելու հետ կապված, խնդիրներ է առաջանում: Եթե, նախկինում ամեն շաբաթ դեպի Ստեփանակերտ տրանսպորտային երթևեկություն կա, հիմա` մեկ կամ երկու անգամ: Կառավարությունը ինչպե՞ս է տեսնում այս երկու հարցերի լուծումը: Շնորհակալություն

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, պարոն Տիգրան Թորոսյանը:

Տիգրան Թորոսյան – Շնորհակալություն հարցի համար: Տրանսպորտային գրաֆիկի հետ կապված նշեմ հետևյալը: Ստեփանակերտ քաղաքում քաղաքային տրանսպորտի ծառայությունը իրականացնում է մեկ մասնավոր ընկերության և հիմնադրամի կողմից ստեղծված հիմնարկ ձեռնարկության միջոցներով: Վերջինս ֆինանսական ծանր իրավիճակների մեջ հայտնվելու պատճառով` հարց է առաջացել և հարցին տալ ինչ-որ լուծում: Ներկա դրությամբ քննարկումներ են գնում նոր օպերատորների ներգրավելու հարցը: Ինչ վերաբերվում է հարցի 2-րդ մասին նշենք հետևյալը: Տվյալ սուբյեկտները, որոնք իրականացնում են կանոնավոր երթուղիներ, ճիշտ նշեցիք, սեփական մեքենաների ավելացման պատճառով հայտնվել են ոչ եկամտաբեր վիճակում և նույնիսկ ամեն շաբաթ դիմում են մեզ` օրերի կրճատման կամ լրիվ հրաժարվելու խնդրանքով: Ներկա դրությամբ այդ հարցի լուծման համար գնում են քննարկումներ` հաստատագրված վճարների կրճատման, ճանապարհային մասհանումների կրճատման հետ կապված: Հիմք ընդունելով այն փաստը, որ կանոնավոր երթուղիներով զբաղվող սուբյեկտները իրենից ներկայացնում է ստրատեգիական նշանակություն ունեցող` պատերազմական վիճակները հաշվի առնելով: Մենք նույնպես շահագրգռված ենք այդ միակ տրանսպորտային ցամաքային ծառայությունը, որը մեր հանրապետությունում, կարելի է այսպես ասել, երակն է` պահել անխափան վիճակում և ինչ-որ տեղ պետական աջակցության կարիք է զգում: 

Աշոտ Ղուլյան –Արձագանքո՞ւմ եք պարոն Բալայան: Շնորհակալություն պարոն Թորոսյան:

Հարգելի գործընկերներ, մենք այսքանով` ավարտում ենք Կառավարության հետ հարց ու պատասխանի մեր օրակարգային հարցը: Ամփոփելով ուզում եմ ասել, որ հարցերի համար գրանցվել են 12 պատգամավոր, հարցերը հնչեցրել են 11 պատգամավոր, ընդհանուր առմամբ հնչել է 19 հարց և բոլոր հարցերին տրվել են անհրաժեշտ պատասխաններ և պարզաբանումներ: Այսքանով` ավարտում ենք այս հարցն էլ: Ուզում եմ, պատգամավորական կազմի անունից շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին` պետնախարարի գլխավորությամբ, Կառավարության անդամներին ու նրանց փոխարինողներին: Մինչև նոր հանդիպում: Շնորհակալություն:

          Աշոտ Ղուլյան – Հարգելի գործընկերներ, մենք հիմա անցնում ենք մեր օրակարգային վերջին հարցին` պատգամավորական հայտարարություններին ժամն է, և պատգամավորներին խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Էրիկ Հարությունյան, Հայկ Խանումյան, Գագիկ Բաղունց, Ռոմելա Դադայան, Վարդգես Բաղրյան, Դավիթ Իշխանյան, Ռոբերտ Ղահրամանյան, Ալյոշա Գաբրիելյան, Արպատ Ավանեսյան, Արամ Գրիգորյան, Գեղամ Ստեփանյան, Արթուր Թովմասյան: Բոլորիդ հիշեցնում եմ` 3 րոպե ժամանակ: Պատգամավորական հայտարարության համար հրավիրվում է պատգամավոր Էրիկ Հարությունյանը, թող պատրաստվի Հայկ Խանումյանը:

Էրիկ Հարությունյան - Հարգելի ներկաներ, խոսքս վերաբերում է մեր կրթության ոլորտին և առաջին հերթին բնագիտական առարկաների մասնագետների բացակայությանը: Եթե Ստեփանակերտում և շրջկենտրոններում մեծ հաշվով այդպիսի խնդիր չկա, նշեմ, որ շրջաններում գյուղերում շատ կան ուսուցիչների պակաս, Եվ ոչ միայն բնագիտական առարկաների, այլ բոլոր առարկաներից: Մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք կրթությանը, կրթության որակին, որովհետև ամեն ինչ սկսվում է կրթությունից, դպրոցական կրթությունից: Կրթության հիմքը դա դպրոցական կրթությունն է: Ժամանակին Ճապոնիայի վարչապետին հարցրել են, որն է ձեր երկրի աննախադեպ հաջողության գաղտնիքը, նա ասաց մենք տվել ենք դպրոցական ուսուցչին նախարարի չափ աշխատավարձ, պատգամավորի չափ կարգավիճակ և կայսրի չափ պաշտամունք: Ճիշտ է մենք չենք կարող այսօր համեմատվել Ճապոնիայի հետ, բայց որ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտություն կա, դա մենք տեսնում ենք: Ուսուցիչը պիտի շահագրգռված լինի նորմալ ուսուցանել իր դասը, ոչ թե ժամանակ սպանի ժամը անցկացնելու համար: Համալսարան ավարտած նոր մասնագետները պետք է ապահովված լինեն նորմալ ժամերով և նորմալ աշխատավարձով, ոչ թե թողնեն գնան խոպան կամ չգիտեմ որտեղ: Եթե աշակերտը դպրոցական կրթությունը նորմալ չանցնի, նա չի կարող հետագայում դառնալ լավ բժիշկ, լավ տնտեսագետ և ուրիշ մասնագիտության տեր: Ամեն ինչ սկսվում է դպրոցական կրթությունից: Հարգելի գործընկերներ բերեք մեծ ուշադրություն դարձնենք կրթությանը, կրթության ոլորտի ֆինանսավորմանը: Այսքանը, Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Հաջորդ հայտարարությունը Հայկ Խանումյանինն է, թող պատրաստվի Գագիկ Բաղունցը:

Հայկ Խանումյան - Հարգելի ներկաներ, Այս շենքում մենք բազմաթիվ անգամ խոսել ենք Արցախի դեմոգրաֆիական խնդիրներից, Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը նույնիսկ խոստացել էր այս ոլորտին վերաբերող նոր հայեցակարգ ներկայացնել: Մենք մտածում ենք բնական աճը խրախուսող նոր ծրագրերի մասին և կարևորում ծնելիության աճը, սակայն ակնհայտ է, որ թերբնակեցված շրջաններն ու համայնքները կենսունակ դարձնելու համար մենք հենց այսօր կարիք ունենք բնակչության: Հետևաբար` այս խնդրի լուծումը կարող է լինել առավելապես բնակչության մեխանիկական աճի միջոցով, որը տարիներ շարունակ իրականացվել է վերաբնակեցման ծրագրերով: Այս խնդիրը առաջնահերթություն է ձեռք բերում վերջին տարիներին Արցախից բնակչության անօրինակ արտագաղթի ֆոնին:

Ինչպե՞ս ենք իրականացրել վերաբնակեցումը: Հիմնականում առաջարկել ենք որոշակի արտոնություններ, սոցիալական որոշակի փաթեթ որոշակի շրջաններում: Ես չեմ ուզում քննարկել, թե 90-ականներին կամ 2000-ականներին ինչպես է ընթացել այդ գործընթացը, սակայն ուզում եմ մի քանի կարևոր սկզբունքի մասին բարձրաձայնել: Վերաբնակեցման գոտի պետք է դիտարկել ամբողջ Արցախը: Մարդկանց պետք է առաջարկել ոչ թե փոքրիկ օգնություններ, այլ պայմաններ ստեղծել մարդկանց գործունեության համար:

Հսկայական ներուժ ունեցող Արցախի տարածքն այսօր տառապում է ապաշնորհ կառավարումից, որոշ շրջաններում կառավարման ֆեոդալական մոտեցումներից: Տարիներ շարունակ Արցախի այսօրվա իշխանությունը վերաբնակեցման ծրագրերն իրականացնելիս շեշտը դրել է ոչ թե ամուր, ուժեղ ընտանիքներ, ընտանեկան տնտեսություններ խթանելու վրա, այլ մի քանի հոգու կողմից հազարավոր հեկտարների մշակումն ապահովելու վրա: Արցախի ներկայիս իշխանությունները թերբնակեցված, բայց հողերով հարուստ համայնքների բնակիչներին դիտարկել են միայն որպես էժան աշխատուժ, հնարավորինս փորձել են ոտնահարել նրանց իրավունքները և վերածել նրանց վարչական ռեսուրսի ուղղորդմամբ քվեարկող զանգվածի: Պայքարել են ինքնաբավ ընտանիքների դեմ, հասել նրանցից շատերի հեռանալուն, օրենսդրական բացերի և իրավական մանիպուլյացիաների միջոցով զանգվածաբար խլել են մարդկանց կողմից տասը տարուց ավելի մշակվող հողերը, ստեղծել խոշոր պաշտոնյա հողատերերի կաթսա, որը վերաբնակեցման ծրագրերն օգտագործում է խոշոր հողակտորների վրա էժան աշխատուժ ապահովելու նպատակով: Շրջեցեք Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Քաշաթաղի հողերով հարուստ համայնքներով, տեսեք թե ինչպես է գյուղացին լրացուցիչ հեկտար հող ստանալու համար հանդիպում չհաղթահարվող արգելքների: Ուղարկեք հարցումներ համայնքապետերին և կտեսնեք, որ համայնքային ջրովի հողերի զգալի մասը պատկանում են նախկին վարչապետին, պաշտպանության փոխնախարարին, այս կամ այն վարչակազմի ղեկավարին կամ կասկածելի հիմնադրամների, որոնց տակ էլի նույն մարդիկ են թաքնված: Ուսումնասիրելով փաստաթղերը՝ կտեսնեք, որ այդ մարդիկ համայնքային հողերի մեծ մասը ձեռք են բերել իրենց պաշտոնավարության շրջանում:

Ժողովրդագրական ասպարեզում ճգնաժամը մենք կարող ենք հաղթահարել միայն այն ժամանակ, երբ սեփական համայնքում ապրող բնակիչը կկարողանա արժանապատիվ կյանք ստեղծել, հարստանալ իր տնտեսության միջոցով: Ոչ մեկն իր երեխային այստեղ չի պահի, որ դառնա այս կամ այն խոշոր հողատիրոջ բատրակը: Նմանապես ոչ մեկը չի գա այստեղ բնակվելու իր ընտանիքի համար նման հեռանկարով:

Կա հստակ խնդիր, մենք պետական բյուջեի, Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով և ՀՀ հետ գործակցությամբ պետք է տարեկան 200-250 կմ որակյալ ճանապարհ կառուցենք, առաջնահերթ Ստեփանակերտ-Մարտակերտ, Ասկերան-Ակնա-Մարտունի, Բերձոր-Միջնավան, Միջնավան-Ագարակ, Կապան-Կովսական, Կոռնիձորն ու Խնձորեսկը Քաշաթաղին կապող ճանապարհները, Հադրութի տարբեր ձորակներ այս մայրուղիներին կապող ճանապարհները: Այս համայնքներում մենք պետք է կարողանանք նորմալ դպրոցական կրթություն առաջարկել և կտեսնենք, որ լրացուցիչ այլ ծրագրերի կարիք չկա: Ամենակարճ ժամանակահատվածում այս համայնքները թռիչքային զարգացում են ունենալու: Ժամանակի սղությունը թույլ չի տալիս ծավալվել, շնորհակալություն:

     Աշոտ Ղուլյան – Պատգամավոր Գագիկ Բաղունց, հաջորդը Ռոմելա Դադայան:

          Գագիկ Բաղունց – Հայաստանի հանրապետության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների վերջին ժամանակներս հաճախակի դարձած այցելություններն Արցախ վկայում են ղարաբաղյան դիմակայության մթնոլորտում կախված բազմաթիվ հարցերի պատասխանների ակտիվ որոնումների մասին: Եվ նրանից, թե որքան կոնսոլիդացված և ողջամիտ կկարողանանք մենք պատասխանել այդ հարցերին, կախված է մեր պետականության լինել-չլինելը: Հայաստանի հանրապետության ղեկավարության փորձերը՝ դուրս գալու բանակցային գործընթացից եւ տեղը զիջելու արցախյան կողմին, արդեն այժմ մեզ դնում են պահանջների եւ զիջումների ներդաշնակեցման համալիր մոտեցում մշակելու անհրաժեշտության առջև: Ինչպես նաև իրականացնելու մտածված եւ հավասարակշռված քաղաքականություն, որպեսզի բնակչությունը պատրաստ լինի հնարավոր պատերազմական գործողություններին: Ոչ պակաս կարեւոր է երկրի ներքին կառույցի հետ կապված հարցերի համալիրը, որը պահանջում է շուտափույթ եւ լայն հանրային դիսկուրս: Այդ հարցերը, հատկապես սուր են երեւում Հայաստանում թավշյա հեղափոխության համապատկերում: Գնալով դժվարանում է միասնական տնտեսական տարածքում պետական և մասնավոր սեփականության նկատմամբ երկու տարբեր մոտեցումները, հակակոռուպցիոն պայքարի եւ սոցիալական քաղաքականության էական տարբերությունների համատեղումը: Հայաստանում հասարակության ավելի ու ավելի բեւեռացումը սեւի եւ սպիտակի նաև մեզնից է պահանջում մեր ընդհանուր պատմությանը ընկալման, պետական շինարարության այս կամ այն սխալների համար պատասխանատվության հարցերում կողմնորոշվել: Հստակ դիրքորոշում է պահանջում դրսից մեզ պարտադրվող ամենատարբեր աղանդների, սեքսուալ փոքրամասնությունների գաղափարախոսությունների թույլատրելի սահմանի որոշումը:

Արցախյան քաղաքական իրողությունների համար անսովոր շուտ մեկնարկած նախագահական կամպանիան իր մեջ ներառնում է հնարավորություն ինչպես հասարակությունը մղելու միջկուսակցական եւ կորպորատիվ հակասությունների հորձանուտ, այնպես էլ մշակելու գաղափարական պլատֆորմ, որի շուրջ հնարավոր կլինի համախմբել հասարակությանը՝ հստակ գծված նպատակ ունենալով քաղաքակիրթ, ժողովրդավարության բարձր չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացումը:

Օգտվելով հնարավորությունից, կուզենայի դիմել մեկնարկած եւ մեկնարկի պատրաստվող քաղաքական ուժերին՝ կոչ անելով ամբողջ քարոզչական կամպանիայի ընթացքում հավատարիմ մնալ  ռազմավարական ուղեգծին՝ պահպանելու  ներքաղաքական կայունությունը եւ ապահովելու ազգային անվտանգության առաջնահերթությունները:

 

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ հայտարարությունը՝ Ռոմելա Դադայան, թող պատրաստվի Վարդգես Բաղրյանը: Խնդրեմ՝ ընկեր Դադայան:

Ռոմելա Դադայան – 21-րդ դարը տեղեկատվական տեխնոլոգիաների դար է, զարգացման և առաջխաղացման դար է: Այդ առաջընթացից զերծ չի մնացել նաև Արցախը: Այսօր սոցցանցերը դարձել են անհրաժեշտություն  և պահանջ  մեծերի և փոքրերի համար:

Իհարկե, ողջունել է յուրաքանչյուր ընտանիքում համացանցի և նրա բազում  հնարավորությունների մուտքը: Խոստովանենք նաև, որ այն իր բացասական ազդեցությունն ունի մի շարք առումներով: Մտահոգությունս երկրի  ապագան է, նոր սերունդը: Բազմիցս խոսել և համոզված ենք եղել,որ ընտանիքի, դպրոցի և հասարակության կուռ միասնության արդյունքում կունենանք  դաստիարակված, ուսյալ ու հայրենասեր սերունդ ու չենք սխալվել, սակայն հողը փախչում է մեր ոտքերի տակից ու մենք անտարբեր ենք:

Թե մեծ, թե փոքր հետևում ենք սոցցանցերին` ակնկալելով կարդալ հասուն մտքեր, ծանոթանալ նորություններին, ուսանել և ուսուցանել, ուրախանալ և ոգևորվել, քննադատել և լինել սկզբունքային, տեղյակ լինել աշխարհի անցուդարձին,կարելի է դեռ երկար թվարկել:

Ցավոք, կարծում եմ` բոլորդ եք նկատել, որ սոցցանցերը  այսօր դարձել են բամբասանքի, ասեկոսների,  անվայել ու անբարո  արտահայտությունների, թացը չորին խառնելու, մեծ ու փոքր չճանաչելու խառնիճաղանջ հարթակ: Էլ չենք խոսում դիմակավորված ու անդեմ մարդկանց` ֆեյքերի մասին, որոնք չարիք են հասարակության բոլոր բնագավառների համար: Միթե  տքնանքով ու թանկ գնով  պետականություն ենք  կերտել շատ հեշտությամբ չարի ու թշնամու բաժին  դարձնելու համար:

Գուցե մի քիչ խրատական է հնչում, խոստովանեմ, մասնագիտական թերություն է: Առաջարկում եմ պետական բոլոր օղակներին  հնարավորին և նույնիսկ անհնար  բոլոր լծակները օգտագործել  անախորժ  և անընդունելի  բարքերը  սոցցանցերից մաքրելու համար` դիմելով անգամ ծայրահեղ քայլերի, գիտակցենք, որ սերունդ ենք  դաստիարակում ոչ թե մի քանի տարվա, այլ երկրի ապագան կերտելու համար: Պարկեշտության կոչ եմ անում հասարակության գիտակից  մասսային, քննադատենք հոռի բարքերն ու փրկենք մեր երեխաներին, անտարբեր չլինենք մեր  երեխաներին, անտարբեր չլինենք, լավին լավ ասենք, վատին` վատ, սակայն չափի սահմանում, առանց զազրախոսության, մեր  անզորությունը չարով  չպարուրենք:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ հայտարարությունը` Վարդգես Բաղրյան, թող պատրաստվի Դավիթ Իշխանյանը:

Վարդգես Բաղրյան – Հարգելի գործընկերներ, վերջին օրերին և զանգվածային լրատվամիջոցներում և մեր հասարակական-քաղաքական օրակարգում հայտնվել է մի բեմ` կապված սահմանադրական փոփոխությունների հանրային նախաձեռնության հետ, որը փոխանակ ունենա օրինական, քաղաքակիրթ շարունակություն, ընդհակառակը, որոշ ուժերի կողմից տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել:

Բանը հասել է նրան, որ Արցախի իշխանություններին սկսել են մեղադրել ինչ-ինչ մտացածին խոչընդոտող գործողությունների մեջ և խոսել վերջնագրերի լեզվով` սպառնալով հեղափոխությամբ: Թե ինչ հեղափոխության մասին է խոսքը` թողնում եմ նրանց երևակայությանը:

Անկեղծ ասած, մեզ թվում էր, թե Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հարցազրույցում տրված պարզաբանումներից հետո նրանք կհասկանան խնդրի էությունը և ճիշտ հետևություններ կանեն: Պարզվում է` ոչ: Սամվել Բաբայան գրասենյակ անվամբ հանդես եկող սուբյեկտը իրեն թույլ է տալիս ամբարտավան կեցվածք իշխանության ներկայացուցչի հանդեպ, որն ընդունելի է ու դատապարտելի:

Մեր երկրում որևէ մեկը չի կարող իրեն վեր դասել օրենքից և այս դեպքում էլ ամեն ինչ պետք է արվի Սահմանադրության, օրենքի և դրանից բխող իրավական ակտերի շրջանակներում` անկախ անձի կարգավիճակից և նրանից, թե ինչ պաշտոնների կարող է հավակնել նա:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս թեմայի շուրջ ակտիվությունը միտում ունի անցանկալի աղմուկ ու անիմաստ վեճեր հրահրել հանրության շրջանում` շեղելով ուշադրությունը մեր օրախնդիր հարցերից: Պետք է հասկանալ, որ նման իրավիճակը ոչ մեկին ձեռնտու չէ:

Այս հարցը մենք քննարկել ենք Ժողովրդավարություն խմբակցության նիստում և ես արտահայտում եմ խմբակցության ամբողջական տեսակետը:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ հայտարարությունը` Դավիթ Իշխանյանը, թող պատրաստվի Ռոբերտ Ղահրամանյանը:

Դավիթ Իշխանյան – Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում արդիական հարց է դարձել Արցախի ներգրավվածությունը արցախյան հիմնախնդրի լուծման բանակցություններում: Դեռեւս 2007թԱրցախի       Հանրապետության նախագահական ընտրություններից հետո, երբ նախագահ ընտրվեց Բակո Սահակյանը, որպես հիմնախնդրի լուծման առավելագույն արդյունավետ երաշխիք Արցախի կողմից շեշտվել է բանակցություններին մասնակցելու անհրաժեշտության հարցը:

Այս օրերին քննարկումների արդյունքում  պարզվում է, որ դեռեւս 1997թ. Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք է Արցախը դուրս դրվել բանակցություններին ուղղակի մասնակցության ձեւաչափից՝  բանակցություններն առավել արդյունավետ դարձնելու համար: Դեռեւս կան չբացահայտված էջեր, համոզված ենք  եւ անհրաժեշտ ենք գտնում, որ հանրությանը թափանցիկորեն ներկայացվի այդ օրերին տեղի ունեցածը:

Այժմ, երբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից բանակցությունների սեղանին է դրված  Արցախի մասնակցության հարցը անհրաժեշտ է, որպեսզի ձևավորվի այդ բանակցություններին մասնակցելու իրավական հիմնավորումները: Եվ դա հնարավոր է միայն ու միայն երկու հայկական հանրապետությունների միջեւ քաղաքական համաձայնագրի կնքման միջոցով:

Այդ համաձայնագրում պետք է ամրագրվի երկու հանրապետությունների իրավասություններն ու լիազորությունները միմյանց նկատմամբ, ինչպես նաեւ սահմանվի միջազգային ասպարեզում յուրաքանչյուրի ստանձնելիք դերն ու պարտավորությունը:

Մյուս կողմից վերը նշված համաձայնագիրը կլինի  միասնականության վառ ապացույց եւ կարեւորագույն գործնական քայլ ապացուցելու  համար Հայաստանի Հանրապետության առաքելությունը, որպես հայ ժողովրդի իղձերի եւ տեսլականների իրականացման երաշխավոր եւ կռվան:

Եռամիասնությունը մեր ժողովրդի իղձերը իրականացնելու կարեւորագույն հենասյուներից մեկն է, իսկ դա իրականացնելու համար որպես գործնական առանցք պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետությունը, իսկ գաղափարական հենքը պետք է սերվի Արցախից՝ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի մերօրյա դրոշակակիրից: Ռազմաքաղաքական դաշինքը մի անգամ եւս գալու է ապացուցելու մեր  ժողովրդի միասնական կամքն ու վճռականությունը:

Աշոտ Ղուլյան – Պատգամավորական հայտարարությունների համար հրավիրվում է Ռոբերտ Ղահրամանյանը, թող պատրաստվի Ալյոշա Գաբրիելյանը:

Ռոբերտ Ղահրամանյան - Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ։

      Հայրենիք խմբակցությունը ցանկանում է դիրքորոշում հայտնել Արցախի ներքին կյանքում վերջերս արծարծվող մի հարցի շուրջ, որն իր արտաքին կերպավորմամբ, միգուցե և առհասարակ չհրավիրեր մեր ուշադրությունը, եթե չլինեին այն կողմնակի ու անցանկալի ազդեցությունները, որ խմորվող դեպքերը կարող են թողնել Արցախում հասարակական համերաշխության և օրինականության վրա խարսխված ներքին կայունության վրա։

       Գործ ունենք մի վիճակի հետ, երբ առերևույթ իրավաբանության ու օրինապաշտության քողի ներքո փորձ է արվում շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսելու Արցախի իշխանությունների և առհասարակ ժողովրդական ներկայացուցչականություն ունեցող ամբողջ քաղաքական համակարգի հետ։ Մենք սա համարում ենք սկզբունքորեն անթույլատրելի։ Եվ պատճառը բնավ այն չէ, որ այսօր մենք հանդես ենք գալիս առաջատար քաղաքական ուժի դիրքերից։ Սա անթույլատրելի է սկզբունքորե՛ն, քանզի ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական ամբիցիաներն ու անցյալից եկող քինախնդրությունը ժողովրդական հոգսերի հանդեպ սրտացավ լինելու պատրանքի հետ շաղախելու միջոցով անազնիվ և իր էության մեջ ոչ լեգիտիմ պայքարի հրավեր, որի արդյունքում չեն լինի շահողներ, փոխարենը կլինեն միայն պարտվողներ։

Ժամանակն է, որ բոլորը գիտակցեն այն պարզ ու մատչելի փաստը, որ Արցախը պատերազմական ու խաղաղ պետականաշինության աստիճանական ու հետևողական զարգացման երկարատև ճանապարհի վրա է, և որ այստեղ օրենքի գերակայությունը, իրավականությունը և ընդհանուրի շահը չեն կարող ստորադասել մասնավոր կամ նեղ խմբային շահերի։ Մեր զարգացման հրամայականը և ընդհանրական շահերի գերակայությունը ելակետային կողմնորոշիչ են մեզ համար այսօր և այդպիսին են եղել նաև պատերազմի տարիներին։ Շնորհակալություն։

  Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պատգամավորական հայտարարությունների համար` Ալյոշա Գաբրիելյան, հաջորդը` Արպատ Ավանեսյանը:

         Ալյոշա Գաբրիելյան – Ժամանակակից սոցցանցերում և մեդիադաշտում տիրող աննախընթաց զարգացումները հաճախ ստեղծում են հասարակական ընկալումների  խեղաթյուրված խճանկար:

Մեր պետականության և ազգային-ազատագրական պայքարի 30-ամյա պատմությունը լի է հերոսական և պատմական արժեք  ունեցող դեպքերով:

Սակայն քիչ չեն  նաև այն մութ էջերը, որոնց մասին բարձրաձայնելը, երբեմն, լինում  է անհրաժեշտություն:

Այժմ ժամանակը չէ դեռ ամբողջապես անդրադառնալ հանրությանը հայտնի և ոչ հայտնի` 1991-1999թթ. Արցախում տեղի ունեցած ներքաղաքական մութ էջերին:

Սակայն արցախցիների հիշողությունից չեն ջնջվել  հատկապես հետպատերազմյան 1994 թվականից հետո Արցախում սկիզբ առած և  արմատավորված կաստայական, բռնատիրական ու մենատիրական համակարգը, որը ուղեկցվում էր ծեծով, ջարդով, ձերբակալություններով, ահաբեկչություններով:

Բոլորն են հիշում թե ինչ ահ ու սարսափի մեջ էր ապրում արցախցին այդ օրերին, թե ինչպես էին խորտակվում մարդկանց ճակատագրերը, ինչպիսի քմահաճությամբ էր կառավարվում երկիրը, ինչպես էր անձի իշխանությունը գերակայում օրենքի իշխանությունը, իսկ ժողովրդավարական սկզբունքների արմատավորման նվազագույն նշույթներ չէին ուրվագծվում:

Իսկ քաղաքական մրցակցության, իշխանության տարբեր թևերի տարանջատման, տեղական ինքնակառավարման հաստատման, ազատ խոսքի և մամուլի կայացման մասին կարելի էր  միայն երազել:

Ինչևէ` մեր նորանկախ պետության կենսունակությունը պայմանավորված չէր անձերով և անձերի իշխանությամբ: Քաղաքական ու հասարակական զարգացումները դարձան այն խարիսխը, որով պայմանավորված էր նաև Արցախի հանրապետության լինելիությունը, նրա միջազգային ճանաչումն ու  ինտեգրումը համաշխարհային գործընթացներին, ինչպես նաև ազատագրական պայքարում տարած հաղթանակի լիարժեք ամրապնդումն ու  շարունակականության ապահովումը:

Կարծում եմ` բոլորին հասկանալի էր, թե որ և ինչ ժամանակաշրջանի մասին է խոսքը: Այսօր կարող ենք վստահորեն հայտարարել, որ անցյալի բարքերն ու ժամանակները այլևս տեղ չունեն Արցախում:

Ազգային արժեքների վրա հիմնված և ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախը այլընտրանք չունի: Օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից:

Այո, յուրաքանչյուր ոք ունի ընտրելու և ընտրվելու իրավունք, բայց օրենքի պահանջներին համապատասխան: Շնորհակալություն:

         Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ հայտարարությունը, պարոն Արպատ Ավանեսյան, թող պատրաստվի Արամ Գրիգորյանը:

         Արպատ Ավանեսյան – Հարգելի գործընկերներ, վերջին շուրջ մեկ տարվա ընթացքում, կապված 2020թ. նախագահական ընտրությունների հետ տեղական և հայաստանյան մի շարք գաճաճ քաղաքական գործիչներ հանդես են գալիս հայտարարություններով, որոնցից պարզ երևում է, որ նաև Արցախի պետականության և պետական գործիչների մասին թյուր պատկերացում ունեն: Այդպիսի քաղաքական գործիչներին ես ասելիք չունեմ, սակայն ավելորդ չեմ համարում դիմել Արցախի հերոս պրն Սամվել Բաբայանին, որպեսզի նրանց էլ պարզ լինի արցախցիների մոտեցումը:

Պարոն Բաբայան, Դուք ասում եք, որ իշխանությունները վախեցել են Ձեր հայտարարություններից: Ես Ազգային Ժողովի պատգամավոր եմ, առաջատար խմբակցության անդամ եմ, իշխանավոր եմ, իմ գերդաստանով մասնակցել եմ արցախյան ազատագրական շարժմանը (իմ նախապապի սերունդները անձնվիրաբար մասնակցել են արցախյան ազատագրական պատերազմին, տվել են 25 զոհ, մեկ անհայտ կորած, մեկը զրկվել է տեսողությունից, հինգ հաշմանդամ) և Արցախի պետականաշինությանը: Ինձ ահաբեկում եք: Չի ծնվել այն հայը, որ կարող է ինձ վախեցնել կամ ահաբեկել:

Դուք շատ լավ գիտեք, թե Ձեր կյանքում տեղի ունեցած արդար կամ գուցե անարդար վերաբերմունքի դեպքում ես ինչպես եմ վերաբերվել տեղի ունեցածին: Ի վերջո` արցախյան պատերազմի ամենապայծառ էջերը գրվել է Ձեր բանակի հրամանատար լինելու տարիներին: Ուստի հեռու լինելով որևէ մեկին, առանձնապես Ձեզ խորհուրդ տալուց, հորդորում եմ ցուցաբերեք  այնպիսի վերաբերմունք  արցախցիների և Արցախի պետականության և նրա գործիչների նկատմամբ, որը հարիր է Արցախի հերոս Սամվել Բաբայանին: Հուսով եմ հորդորս կընդունեք ըստ արժանվույն: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն Ավանեսյան: Հաջորդ հայտարարությունը` պատգամավոր Արամ Գրիգորյանինն է, թող պատրաստվի Գեղամ Ստեփանյանը:

Արամ Գրիգորյան – Հարգելի գործընկերներ, ուզում եմ կանգ առնել հանրապետությունում ծնելիության խթանման խնդրի վրա: Գրեթե ընտանիքների ստեղծման բոլոր փուլերում պետությունը իր աջակցությունը ունի: Ընտանիքի ստեղծելուց պետությունը իր հնարավորության շրջանակներում տրամադրում է միանվագ նպաստ՝ 150000 դրամի չափով: Այնուհետև հղիությունը, ծնելիությունը, վաղ հետծնելիության շրջանի բուժսպասարկումը, իրականացվում է անվճար: Անպտղության առկայության պարագայում Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում գործում է ռեպրոտուկտոլոգիայի ծառայությունը անվճար, ինչպես նաև իրականացվում է արհեստական բեղնավորում, ինչպես նաև մեր հանրապետության երեխաների բուժումը մինչև 18 տարեկանը (ի դեպ Հայաստանում մինչև 7 տարեկանը) իրականացվում է պետպատվերի շրջանակներում: Բնակարանային պայմանների բարելավման համար գործում են տարբեր հիփոթեքային ծրագրեր, ընդհուպ մինչև տոկոսադրույքների սուբսիդավորման մինչև 100% պետության կողմից` ելնելով երեխաների քանակից ընտանիքներում: Բազմազավակ ընտանիքների համար նախատեսվում է 50% զեղչ մանկապարտեզներում, իսկ առաջին դասարանցիների համար ֆինանսական աջակցություն: Ավելորդ չէ նշել, որ յուրաքանչյուր երեխայի համար առձեռն գումարների տրամադրում, և դեպոզիտների բացում, ինչպես նաև 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար անփոխադարձ բնակարանների տրամադրում: Այս շարքը կարելի է շարունակել, բայց հարկ եմ համարում նշել, որ օրենսդրական դաշտում ընդունել երեխաների իրավունքի մասին օրենքը, ինչպես նաև օրենսդրորեն դժվարացրել ենք իշխանության արհեստական ընդհատման կարգը: Արդյո՞ք, թվարկվածը հերիք է ծնելիության խթանման համար, իհարկե ոչ, սակայն հարկ եմ համարում ընդգծել ,որ մեր պետությունը իր հնարավորության շրջանակներում կատարել , կատարում է ամեն ինչ դրան խթանելու համար:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն Գրիգորյան, հաջորդ հայտարարությունը Գեղամ Ստեփանյան, և եզրափակիչ հայտարարությունը` Արթուր Թովմասյան:

          Գեղամ Ստեփանյան – Հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների և անկախ պատգամավորների հայտարարությունը` Սումգայիթի հայ բնակչության կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ:

Երեսունմեկ տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվեց հայ բնակչության կոտորած և բռնի տեղահանություն: Միայն ազգային պատկանելիության համար դաժանաբար սպանվեցին հարյուրավոր և բռնությամբ տեղահանվեցին հազարավոր հայեր, մեծամասամբ կանայք, երեխաներ և ծերեր:

Ցեղասպանության ալիքը տարածվեց Գանձակում, Բաքվում, Հյուսիսային Արցախի և Ադրբեջանի մյուս հայաբնակ վայրերում: Հայ փոքրամասնության դեմ 1988-1990թթ. հետևողականորեն և նույն ձեռագրով կրկնվող հանցագործությունները Բաքվի իշխանությունների համար վերածվեցին պաշտոնական քաղաքականության՝ բնաջնջման իրական սպառնալիք դառնալով Ադրբեջանի բնիկ հայ համայնքի և Լեռնային Ղարաբաղի հայության համար: Հենց ազգային արժանապատվության և ոտնահարված իրավունքների վերականգնման, ինքնության պահպանմանն էր ուղղված համաժողովրդական ազատագրական շարժումը, որն այդ նույն օրերին թափ էր առնում Արցախում:

Հարգանքի տուրք մատուցելով սումգայիթյան կոտորածին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակին և դատապարտելով խտրականության, անհանդուրժողականության և հայատյացության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները և անկախ պատգամավորները. պնդում են, որ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական ակտերի անպատժելիությունը հանգեցրեց զանգվածային նոր հանցագործությունների և Արցախի ժողովրդի դեմ պատերազմների, վերահաստատում են հանձնառությունը՝ բռնությունների և տեղահանման ենթարկված ադրբեջանահայության իրավունքների վերականգնման հարցում, հորդորում են միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը, կոչ են անում, որպեսզի Ադրբեջանն առերեսվի սեփական անցյալին, հրաժարվի պատերազմական հռետորաբանությունից ու դադարեցնի ցայսօր շարունակվող հայատյացության պետական քաղաքականությունը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Մենք մինչև այսօր առավոտ փորձում էինք համաձայնեցնել և խմբակցությունների, և մեր անկախ պատգամավորները առավոտյան են միացել հայտարարությանը: Այսօր կտարածենք այդ հայտարարությունը: Ուզում եմ հայտարարել, որ վաղը` ինչպես նախորդ տարիներին, խնդրում ենք բոլոր պատգամավորներին, 10 անց 40-ին լինել հուշահամալիրում հարգանքի տուրքին  մատուցելու համար:

Արթուր Թովմասյան - Վերածնունդ խմբակցության ղեկավար պարոն Խանումյանը չհիմնավորված հայտարարություն տարածեց, երբ լքեց խորհրդարանի նիստերի դահլիճը: Իմ հայտարարությունը, քանի որ հասցեագրված է նրան սկսեցի այսպես. 1. պարոն Խանումյան. ես մեր պապերից եմ լսել, որ նապաստակը 7 երգ գիտի, 7-ն էլ գազարի մասին: Դու էլ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ և հայտարարության մեջ նշում ես Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինձ համար պարզ է ինչու եք թիրախավորել երկրի նախագահին և նախկին պետնախարարին, որպեսզի պահեք ընդդիմության դրոշը Ձեր ձեռքին: Պարոն Խանումյան, ընդդիմության դրոշը վաղուց Ձեր ձեռքին չէ, Դուք էլ կարող եք ասել առաջատար քաղաքական ուժի դրոշը մեր ձեռքին չէ: Այդ հարցերի պատասխանը մենք կստանանք 2020թ. համապետական ընտրություններում: Դուք նշում եք, որ նախկին վարչապետը իր ղեկավարման տարիներին ընդլայնել է իր հողատարածքները Արցախի շրջաններում: Հայտարարում եմ, որ եթե վարչապետ և պետնախարար աշխատած տարիներին 1սմ հողակտոր ավելացրել է, և ամբողջ Մարտակերտի շրջանում ցույց տալ մեկ սմ հողակտոր, որ իրեն է պատկանում, ես պատրաստ եմ մեր ժողովրդից ներողություն խնդրելու: Եթե ոչ՝ խաբկանքի համար պատասխան եք տալու: 2015թ. ես առաջարկեցի ընդդիմադիր 4 պատգամավորների, որ եկեք աշխատենք համերաշխության դաշտում, երևի Դուք դա նկատի եք առել իմ թուլության նշանը: Բազմաթիվ անգամ ասել եմ՝ մի կպիր անձերին, քննադատիր, ըստ քեզ, ձախողված ծրագրերը: Ես անիծում եմ քեզ, որովհետև այլևս անհնար է սատանայի հետ համագործակցել:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Մենք պետք է ամփոփենք պատգամավորական հայտարարությունների մեր օրակարգային հարցի արդյունքները: Երևի, վաղուց այսպիսի առատություն չենք ունեցել հայտարարությունների և սա խոսում է նրա մասին, որ մեր հանրային տրամադրությունները շատ ավելի հագեցած են, ինչ-որ տեղ լարված են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր պատգամավորներին, որովհետև բոլորս էլ խոսել ենք շատ հրատապ թեմաների մասին: Ուզում եմ խորհուրդ տալ բոլորին, ինձանից սկսած բոլորով ավարտած մի խորհուրդ տալ: Մենք դեռ աշխատելու ենք մի լրիվ տարի և չի կարելի նախընտրական ժամանակաշրջանը չի կարելի բացել հիմա: Բոլոր այդ հարցերի պատասխանները տալու, բոլոր այդ հարցերին պարզաբանումներ տալու ժամանակները դեռ լինելու է ու հասցնելու ենք: Եվ կարծում եմ` ճիշտ չի լինի, հաշվի առնելով  Արցախի Հանրապետության խորհրդարանի ավանդույթները, որ մենք խորհրդարանի ամբիոնը դարձնենք անհիմն մեղադրանքների, չստուգված երևույթների, լուրերի: Ես անընդհատ, ամեն անգամ այն նույն հայտարարությունների ժամանակ խոսում եմ և փաստորեն, մինչև հիմա մենակ եմ ստացել այդ պատասխանները, որ չի կարելի միջամտել: Ուզում եմ առաջարկել, որ 3 րոպեն լրանալուց հետո անջատենք միկրոֆոնը, որպեսզի ամեն մարդ օգտագործի այդ երեք րոպեն և մենք իրար չմեղադրենք: Կարծում եմ` կհասցնենք, ինչքան տարողունակ բաների մասին խոսեցինք: Ով, որ ճիշտ կառուցում է կարողանում է հասցնում է այդ երեք րոպեների մեջ: Կարծում եմ մեր ներքին պայմանավորվածությամբ արեցինք: Մենք այսքանով ավարտում ենք, սպառել են մեր այսօրվա աշխատանքային օրակարգը, կարծում եմ` արդյունավետ աշխատեցինք, չնայած չարաշահել ենք մեր աշխատանքային ռեժիմը, աշխատեցինք արդյունավետ և համապատասխան մեր այսօրվա խնդիրներին, որ դրված է այսօր մեր հասարակության առաջ: Շնորհակալություն: Այսքան

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 9-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2019Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

     Ժամը 11.00

 

Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, Կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են` 31, բացակա` 2 պատգամավորներ:

Աշոտ Ղուլյան - Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, ներկաներ, տիկնայք և պարոնայք: Արցախի Հանրապետության 6-դ գումարման Ազգային ժողովը սկսում է հերթական՝ 9-րդ նստաշրջանի աշխատանքները: Կանոնակարգ օրենքով մեր գարնանային նստաշրջանի աշխատանքները մեկնարկում են փետրվարին, և այս հանգամանքը հնարավորություն է տալիս պարբերաբար անդրադառնալու մեր ժողովրդի նորագույն պատմության փառավոր էջերին: Փետրվարը հայ ժողովրդի համար յուրահատուկ խորհուրդ ունի: 31 տարի առաջ, Ազգային ինքնությունը պահպանելու և պետականությունը վերականգնելու պահանջով ոտքի ելած ժողովուրդը բացառիկ օրինակ` հանդիսացավ ամբողջ աշխարհի համար: Ազգային ինքնորոշման, մարդու հիմնարար իրավունքների և ազատության համար սկսված Ղարաբաղյան շարժումը համաժողովրդական ազգային շարժում էր, որով ինքնակազմակերպվեց ամբողջ հայությունը:

Մենք առիթ ունեցել ենք իրար շնորհավորելու տոնի կապակցությամբ և ստանալու բազմաթիվ շնորհավորանքներ արտերկրի մեր բարեկամներից: Վստահ եմ, որ այսօրվա սերունդն էլ շարունակում է լինել շարժման արժեքների կրողը և արդարության ու անկախության իր ձգտումով իրագործելու է 88-ի գաղափարները: Ցավոք, փետրվարը միայն տոնական իրադարձությունների հիշողություն չէ, որ բերում է, չնայած, այսօրվա նիստին մենք դեռ խոսելու ենք 1988թ. Սումգայիթ քաղաքում իրականացրած ադրբեջանցիների կողմից հայ բնակչության կոտորածից, և կլինի Ազգային ժողովի խմբակցությունների և անկախ պատգամավորների հայտարարություն, այնուամենայնիվ, մեկ րոպե լռությամբ հարգենք ադրբեջանական վայրագություններին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակը: Շնորհակալություն:

Հարգելի ներկաներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօրվա նիստի առաջին մասին մասնակցում են նաև Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության և թարգմանչական գործ մասնագիտության ուսանողները, որոնք այս օրերին փորձուսուցում են անցնում հանրապետության օրենսդիր մարմնում: Եկեք ողջունենք նրանց և մաղթենք, որ եռանդով շարունակեն կատարելագործել մասնագիտական կարողությունները և իրենց ակտիվ մասնակցությամբ օգտակար ծառայություններ մատուցեն մեր հայրենիքին: 2018թ. տարեվերջին, մամուլի ասուլիսի ձևաչափով, հանրությանը արդեն ներկայացվել է խորհրդարանի 7-րդ և 8-րդ նստաշրջանների ընթացքում կատարված աշխատանքները: Հարկ եմ համարում նշել, որ նախորդ նստաշրջանի բոլոր նիստերը հեռարձակվել են խորհրդարանի յութուբյան ալիքով՝ հնարավորություն ստեղծելով դրանց հետևել ուղիղ եթերի ռեժիմով: Մինչև նիստի օրակարգային հարցերին անցնելը՝ տեղին եմ համարում հունվար-փետրվար ամիսներին առնչվող կյանքի կարևոր իրադարձություններին Ազգային ժողովի մասնակցությունը: 2019թ. հունվարի 18-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ: Հունվարի 28-ին խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը Երևանում մասնակցել է Հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Անդրադառնալով արտաքին կապերին ընդգծենք, որ հունվար-փետրվար ամիսներին առավել ակտիվ է եղել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության մեր գործընկերների հետ: Հունվարի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախկին նախագահ Արա Բաբլոյանին: Փետրվարի 1-ին ընդունել ենք ներկայացուցչական մեծ կազմով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման խորհրդարանի՝ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատվիրակությանը: Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել հանդիպելու Հայաստանի Հանրապետության նոր խորհրդարանի՝ Լուսավոր Հայաստան կուսակցության պատվիրակությանը: Փետրվարի 9-ին՝ առանձնազրույց, ապա և ընդլայնված կազմով հանդիպում ենք ունեցել աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման հարցերին: Ձեռք ենք բերել պայմանավորվածություն՝ նիստը գումարել Հայաստանի խորհրդարանում՝ համապատասխան հանձնաժողովի ձևավորումից հետո` սեղմ ժամկետներում: Փետրվարի 15-ին Ազգային ժողովում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Հարգելի գործընկերներ, մեկնարկող նստաշրջանի ընթացքում մենք շարունակելու ենք երկրի օրենսդրությունը մայր օրենքին համապատասխանեցնելու գործընթացը, հետևաբար ունենալու ենք օրենսդրական նախաձեռնություններով հագեցած գործունեություն: Նախորդ շաբաթների ընթացքում՝ մշտական հանձնաժողովներում կազմակերպված քննարկումներով, քննարկումների հիմքով էլ ձևավորվել է այսօրվա նիստի օրակարգը: Ուստի բոլորիս մաղթելով արդյունավետ և եռանդուն աշխատանքներ՝ ինձ վերապահված լիազորությամբ 6-րդ գումարման Արցախի Հանրապետության Ազգային ժողով 9-րդ նստաշրջանի աշխատանքները հայտարարում եմ բացված:

Հնչում է հիմնը:

Աշոտ Ղուլյան – Հարգելի գործընկերներ, այժմ պիտի խնդրեմ գրանցվել՝ նիստի աշխատանքները սկսելու համար: Գրանցում: Գրանցման արդյունքներով նոր նստաշրջանի առաջին նիստին ներկա են 31 պատգամավորներ, երկու պատգամավորները բացակայում են: Մեկը հարգելի է, մյուսը, երևի, լրացուցիչ կիմանանք: Ամեն դեպքում, նիստը իրավասու է սկսել իր աշխատանքները, և այժմ անցնում ենք օրակարգային հարցերին:

Վահրամ Բալայան – Հարգելի գործընկերներ, նստաշրջանի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ պարոն Աշոտ Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, մենք, սովորաբար, բոլոր նստաշրջանի մեկնարկին թարմացնում ենք մեծ օրակարգը նստաշրջանին, և այս անգամ մեր նստաշրջանի օրակարգում ներառվել են հարցեր, որոնց մեծ մասը մենք ստացել ենք Կառավարության կամ մեր պատգամավորական նախաձեռնությամբ նախագծերը՝ դեռևս անցած նստաշրջանի վերջին, բայց, քանի որ ժամկետները չէին թույլատրում, մենք այն տեղափոխել ենք նոր նստաշրջան: Ուրեմն մեր նստաշրջանի օրակարգը ձեզ բաժանված է, որպեսզի նորից չկարդամ այս ցանկը, որովհետև, հետո մենք առանձին-առանձին անդրադառնալու ենք: Մենք ունենք նստաշրջանի օրակարգում պարտադիր քննարկվող հարցերից մեկ հարց՝ տեղեկություններն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2018թ գործունեության մասին: Որպես օրենսդրական նախաձեռնություններ և դրական եզրակացությամբ հանձնաժողովների կողմից ստացված ունենք հինգ նախագիծ և ունենք նստաշրջանի օրակարգում մեկ նախագիծ, որի վերաբերյալ դեռևս եզրակացություն չի ներկայացվել: Այսպիսինն է մեր նստաշրջանի օրակարգը:

Վահրամ Բալայան – Եթե հարցեր կան, խնդրեմ: Էդուարդ Աղաբեկյան:

 Էդուարդ Աղաբեկյան – Պարոն Ղուլյան, դեկտեմբերի 20-ին «Ընդերքի մասին» օրենքի ընդունման ժամանակ քաղաքական հայտարարությամբ այդ ամբիոնից հայտարարվեց, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի վերաբերյալ ինչ-որ բան պետք է պատրաստվի, նախապատրաստվի: Հաշվի առնելով, որ օրենքի քննարկմանն էր վերաբերվում՝ ենթադրում եմ, որ դա նաև նախաձեռնությունը պիտի վերաբերվեր օրենսդրական կամ առնվազն Ազգային ժողովի որոշման նախագծին: Դատելով ներկայացված օրակարգից՝ նման նախաձեռնություն չկա: Ոչ մի բան չի՞ արվել, թե, պարզապես, հայտարարությունը հայտարարություն է, որպես փուչիկ:

Աշոտ Ղուլյան – Պարոն Աղաբեկյան, հենց որ հայտարարության հետքերով լինի նման նախաձեռնություն, մենք՝ հերթական բոլոր նիստերին թարմացնում ենք: Լինելու է այդ առաջարկը, և կարծում եմ՝ գնահատականներ այստեղ տալ որևէ բան չունի: Բոլորն էլ ներկայացնում են առաջարկություններ: Թե ի՞նչ է դա իրենից ներկայացնում, կարծում եմ՝ ամեն պատգամավոր ինքն է որոշում: Հենց լինի առաջարկություն, ներկայացվելու է:

Վահրամ Բալայան – Եթե ուրիշ հարցեր կան: Չկան ուրիշ հարցեր:

 Աշոտ Ղուլյան – Մենք առանձին-առանձին ենք քննարկում օրակարգերը, և հիմա պատգամավորներին խնդրում եմ քվեարկության պատրաստվել Ազգային ժողովի որոշման նախագծի համար՝ Ազգային ժողովի 6-րդ գումարման, 9-րդ նստաշրջանի օրակարգը հաստատելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է, նստաշրջանի օրակարգը պարզ է:

Վահրամ Բալայան – Փետրվարի 27-ի նիստի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ պարոն Աշոտ Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան – Հարգելի գործընկերներ, նստաշրջանի օրակարգը հաստատելուց հետո, կարծում եմ՝ որևէ դժվարություն չի ներկայացնում, կոնկրետ օրվա, հերթական նիստի օրակարգը հաստատելը, քանի որ մենք այստեղ ներառում ենք հարցեր, որոնք արդեն քիչ առաջ հաստատված են Ազգային ժողովի կողմից: Հաշի առնելով, որ կանոնակարգը տարբեր ամիսներին նախատեսում է տարբեր հարցերի քննարկումներ, մենք այսօրվա լիագումար նիստի՝ փետրվարի 27-ի նիստի օրակարգում ներառել ենք քիչ առաջ նշված այդ տեղեկատվությունը՝ որպես պարտադիր քննարկվող հարցեր: Մեր օրենսդրական նախաձեռնությունները, որոնց մի մասը փաթեթներ են, դրանք նորից չընթերցեմ, և մենք ունենք այսօրվա նիստի համար Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին հարցերի հնարավորություն, որը կանոնակարգով փետրվար, ապրիլ և հունիս ամիսներին է նախատեսված: Ինչպես բոլոր հերթական նիստերին՝ նաև պատգամավորական հայտարարություններ: Այսպիսինն է մեր այսօրվա նիստի օրակարգը:

Վահրամ Բալայան – Եթե հարցեր կա՞ն: Արթուր Թովմասյան:

Արթուր Թովմասյան – Օրակարգի վերաբերյալ՝ չէ, պարոն Ղուլյան: Այդ կանոնադրության պահա՞նջ է, որ տեղից չեք ներկայացնում, այլ՝ տրիբունայից:

Աշոտ Ղուլյան – Ոչ մի այդպիսի պահանջ չկա, պարզապես հաշվի ենք առնում մյուս խորհրդարանների փորձը: Տված է, որ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահը կամ նիստը վարողը, եթե ներկայացնում է, ուրեմն ներկայացնում է այստեղից:

Վահրամ Բալայան – Եթե հարցեր կան: Չկան:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Մենք հիմա անցնում ենք հաջորդ մեր քվեարկությանը: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2019թ. փետրվարի 27-ի նիստի օրակարգը հաստատելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ` 31, դեմ` չկա, ձեռնպահ` նույնպես: Շնորհակալություն, մենք հաստատեցինք: Ես, երևի մի քիչ բացատրություն պետք է տամ մեր ուսանողների համար: Ամեն նիստը սկսելուց՝ մենք հաստատում ենք այն հարցերի շարքը, որը պիտի քննարկվի և արդեն պարզ է այդ շրջանակը, և մենք անցնում ենք այդ օրակարգային հարցերի քննարկմանը:

Նշեցինք, որ առաջինը պարտադիր Ազգային ժողովի օրակարգ մտնող հարցերից է և տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2018թ. գործունեության մասին: Այն Ազգային ժողովին է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական խորհրդի նախագահ պարոն Բորիս Առուշանյանը, խնդրեմ:

Բորիս Առուշանյան – Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ: Քաղաքացիական ծառայության խորհուրդը իր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և համակարգել է հետևյալ աշխատանքները: Նախ` ասեմ, որ համակարգում ընդգրկված է, հունվարի 1-ի դրությամբ 27 մարմին, 1351 քաղաքացիական ծառայող, որոնք բաժանվում են հետևյալ խմբերի. բարձրագույն` 33 քաղծառայող, գլխավոր` 401, առաջատար` 640 և կրտսեր` 277: Անվանացանկերի և պաշտոնների անձնագրերում կատարվել են փոփոխություններ: Համաձայնեցվում և հաստատում, կարճաժամկետ և երկարաժամկետ ռեզերվի ձևավորում և կառավարում: Ժամկետային աշխատանքային պայմանագրերով մարմիններին ներկայացրել են գրանցված քաղաքացիներին պաշտոններում նշանակման համար: Թվային տվյալները չեմ ներկայացնում, դրանք կան տեղեկանքում, որը ձեզ մոտ է գտնվում: Արցախի Հանրապետության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով` խորհուրդը, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ է մշակել և ներկայացրել է Արցախի Հանրապետության Կառավարությանը, և եթե չեմ սխալվում, այժմ գտնվում է Ազգային ժողովում՝ ձեր քննարկմանը: Մշտապես հայտարարվում և կազմակերպվում են մրցույթներ՝ մարմիններում և քաղաքացիական ծառայության մարմիններում ըստ պաշտոնների դասակարգման: Կրտսեր պաշտոնների թափուր պաշտոնների համալրման համար տարեկան 4 անգամ անց ենք կացնում հավաստագրման համար թեստավորումներ, մոտավորապես հաղթողների 20 տոկոսը նշանակվել են պաշտոններում: Մյուս մասը գրանցված են և մեկ տարի իրավունք ունեն ըստ հավաստագրի տեղավորվել թափուր պաշտոններում, որոնք ընթացքում կարող են ազատվել: Խորհրդի աշխատակազմը օգնում է մարմիններին՝ հարցաշարի լրամշակման և համակարգչային ծրագրերի տեղադրման ուղղությամբ, մասնակցող մարմիններում կազմակերպող մրցույթներին և ատեստավորումներին իրականացնում վերահսկողություն մարմինների կողմից կադրային գործերի վարման ուղղությամբ` օրենքի պահանջներին համապատասխան: Ընթացքում վերահսկվում է, որպեսզի թույլ տված խախտումները վերացվեն: Տարին մեկ անգամ կազմակերպվում են համապատասխան մարմինների քաղծառայողների հերթական վերապատրաստում երկու էտապով՝ ամռանը և աշնանը: Գյուղոլորտի աշխատակիցների համար կազմակերպվում է աշնանը, որպեսզի նրանք ազատվեն այդ աշխատանքներից: Այդ ուղղությամբ մեզ մեծ ծառայություն է մատուցում «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի կոլեկտիվը, հրավիրում է նաև մասնագետներ Հայաստանի Հանրապետությունից: Խորհուրդը 2018թ. ընդունել է 300 նորմատիվ և անհատական որոշումներ: Մարմիններին տրամադրել է մեթոդական պարզաբանումներ, փորձառություններ և այլն: Խորհուրդը համագործակցում է Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցի հետ: Տեղի են ունենում փոխադարձ այցելություններ, համատեղ քննարկումներ, օրենսդրական դաշտում կատարել փոփոխությունների և լրացումների մասով և այլն: Շարունակվում են աշխատանքները՝ մարդկային ռեսուրսների կառավարման  տեղեկատվական համակարգի տեղադրման ուղղությամբ: Խորհրդի գործունեությունը մեր կողմից մշտապես լուսաբանվում է, ապահովվում է հրապարակայնությունը և թափանցիկությունը: Այսքանը, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Առուշանյան: Մեր կանոնակարգի 115-րդ հոդվածի համաձայն, մենք պետական մարմինների զեկույցների հաղորդումներ, հաշվետվությունները, զեկույցները ներկայացնելու կարգ ունենք և կարող ենք հարցերով դիմել պարոն Առուշանյանին: Խնդրեմ, եթե կա այդպիսի հարցեր, գրանցվում ենք: Հայկ Խանումյան, Ալյոշա Գաբրիելյան և Արմեն Սարգսյան, խնդրեմ, Հայկ Խանումյան, հարց:

Հայկ Խանումյան – Պարոն Առուշանյան, քաղծառայության մրցույթի արդյունքները դատական կամ այլ կարգով բողոքարկվե՞լ են և այս ընթացիկ շրջանում` Ձեր զեկույցի, քանի՞ բողոքարկում եք ստացել:

Բորիս Առուշանյան – Հիմա դատարանի կողմից քննարկվում է Դոլուխանյան Կամոյի բողոքը` պաշտոնի նշանակման հետ կապված, որ վարչակազմը, ըստ նրա ներկայացվող դիմումի՝ օրենքի խախտմամբ նրան նշանակել է ընդամենը երկու տարով: Եթե չեմ սխալվում, կատարվել է դատական նիստ, և դատարանը մերժել է նրա հայցը, և, երևի, նա կշարունակի բողոքարկել այլ մարմիններում: Ճիշտն ասած, այս հարցում, քանի որ օրենքի այդ հոդվածը հստակ չի շարադրված, Հայաստանի կողմից մշակված օրենք է, մենք կապվել ենք Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցի հետ, և քանի որ, եթե մեկ տոկոս կասկածանքի դեպքում մենք միշտ պաշտպանում ենք քաղծառայողի շահերը, ապա խորհուրդը իր նամակով դիմել է դատարանին և արտահայտել ի օգուտ քաղծառայողի, բայց դատարանը որոշել է մերժել: Հետո ինչ կլինի` կտեսնենք, կարող է նա բողոքարկի, որովհետև մենք չենք կարողանում հաշվի առնել այլ հանգամանքներ, որ դատարանը կարող է հաշվի առնել: Մենք զուտ ղեկավարվում ենք օրենքի պահանջներով, բայց դատարանը կարող է հաշվի առնել նաև ուրիշ հանգամանքներ, այնպես որ հարցը գտնվում է դատական քննարկման մեջ:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք: Հայկ Խանումյան:

Հայկ Խանումյան  - Ես, կոնկրետ դեպքի չէի անդրադառնում, այլ ընդհանրապես, բողոքարկումները ի՞նչ տոկոս են կազմում:

Բորիս Առուշանյան – Շատ քիչ, ես կասեի, որ այս 15 տարիների ընթացքում երկու, երեք դեպք է եղել ընդամենը, դատական նման քննարկումներ: Մեկ, թե երկու դեպքում է դատարանը ի վնաս քաղծառայողի որոշում ընդունել:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ հարցը՝ Ալյոշա Գաբրիելյան, խնդրեմ:

Ալյոշա Գաբրիելյան – Հարցս, կարելի է ասել, պարոն Խանումյանի հարցի շարունակությունն է: Այսպիսի բան, ասենք կադրային որոշակի փոփոխություններ կատարվում է, և ղեկավարը նոր գալիս է ու իր ղեկավարած հիմնարկում քաղաքացիական ծառայության անդամներին ազատում է աշխատանքից: Ձեր կողմից որոշակի միջամտություն` օրենքով նախատեսված, ուղղորդում, վերահսկողություն կատարվո՞ւմ է, թե չէ:

Բորիս Առուշանյան – Իհարկե, անպայման: Բոլոր քաղծառայողները մշտապես մեր կողմից տեղեկացում են, որ ցանկացած օրենքի խախտում նրանց հանդեպ, մենք անմիջապես միջամտում ենք: Կառուցվածքային փոփոխությունները իրականացնում է Կառավարությունը, եթե այդ կրճատումները կատարվում են կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, ապա մենք չենք կարող միջամտել, ընդամենը գրանցում ենք ռեզերվում և օգնում աշխատանքի տեղավորում: Բայց, եթե կատարվում է առանց կառուցվածքային փոփոխությունների, օրենքի խախտման, ապա մենք անմիջապես միջամտում ենք և պաշտպանում ենք քաղծառայողի շահերը: Ուղղակի կան քաղծառայողներ, որոնք կամ չեն ցանկանում մտնել կոնֆլիկտի մեջ մտնել ղեկավարության հետ` սուսուփուս դիմում են գրում, այս դեպքում էլ մենք չենք միջամտում: Բայց մենք միշտ զգուշացնում ենք, որ եթե ձեր շահերը ոտնահարվում են, իսկույն դիմեք մեզ: Չի եղել մի դեպք, որ մենք քաղծառայողի շահերը չպաշտպանենեք:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Գաբրիելյան, շնորհակալություն: Հաջորդ հարցը, Վահրամ Բալայան:

Վահրամ Բալայան  - Քանի որ ինձ մտահոգող հարցը ներկայացրին, ես հարցս հանում եմ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ հարցը՝ Արմեն Սարգսյան:

Արմեն Սարգսյան – Պարոն Առուշանյան, հարցս հետևյալն է՝ քաղծառայության մասին օրենքում չի՞ նախատեսվում, արդյոք, որոշակի փոփոխություններ այն բուհերի շրջանավարտների համար, որոնք, այսպես ասենք, ունեն համաշխարհային ճանաչում, թեկուզ այդ ցանկը կհաստատվի Կառավարության նիստում՝ որոշ արտոնություններ տալու համար: Օրինակ, Օքսֆորդի համալսարանի շրջանավարտը գալիս է Ղարաբաղ և ստիպված պետք է աշխատի` 1-ին կարգի մասնագետ: Արդյունքում թողնում, գնում է: Տուժում ենք ֆինանսապես և լավագույն մասնագետին թողնում ենք դուրս: Չե՞ք նախատեսում նման ինչ-որ մի փոփոխություն, որպեսզի մասնագետները պահենք Ղարաբաղում:

Բորիս Առուշանյան – Ճիշտն ասած, դա մի քիչ բարդ հարց է: Այժմ, Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես օրենքի փոփոխությունները այնպիսի ուղղություն են վերցրել, որ համակարգը լրիվ ենթարկվում է կառավարությանը: Այսինքն, նրանց սահմանադրության պահանջներին համապատասխան, քաղաքացիական ծառայության համակարգը Կառավարության աշխատակարգի մեջ է մտցված: Այս հարցերը պետք է կարգավորվի Կառավարության համապատասխան որոշումներով: Մենք դեռևս տատանման մեջ ենք: Մենք դեռևս մեր օրենքի համապատասխանությունը մեր սահմանադրությանը` այդ ուղղությամբ ենք աշխատում: Հետագայում կտեսնենք: Ճիշտն ասած, լավ հարց է, բայց ես չգիտեմ՝ շա՞տ են այդ մասնագետների թիվը: Եթե քիչ են, կարելի է առանց օրենքի փոփոխությունների, Կառավարության կողմից խնդիրը լուծել: Մի բան էլ ասեմ Ձեզ, քաղաքացիական ծառայության համակարգը պետական ծառայողների ընդամենը 15,20 տոկոսն է ընդգրկում այդ համակարգը, մյուս 80 տոկոսը մեր կառույցի մեջ չեն մտնում, հետևաբար, այդ մարդիկ կարող են նաև աշխատանքի տեղավորվել այն համակարգում, որտեղ նման պահանջներ չկան` կրտսեր, առաջատար և այլն: Մենք, ընդամենը 15,20 տոկոսն ենք ընդգրկում պետական ծառայողներին և, անպայման չէ, որ դրանք ընդգրկվեն քաղաքացիական ծառայության համակարգ: Կարող են ընդգրկվել ուրիշ մարմիններում: Եթե լինի նման պահանջ, մենք կարող ենք նման փոփոխություն նախատեսել: Բացի դրանից` Դուք, որպես պատգամավոր, կարող եք նախաձեռնություն՝ հանդես գալ օրենքի փոփոխությամբ: Դուք կարող եք առաջարկություն մտցնել, կքննարկեն, կտեսնենք:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Սարգսյան: Չէ:

Արմեն Սարգսյան – Լավ, Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Առուշանյան: Մենք ավարտեցինք հարցերը:

Արթուր Թովմսայան – Մի հատ հարց ունեմ:

Աշոտ Ղուլյան – Պարոն Թովմասյան, հարցերը ավարտեցինք, առաջարկությո՞ւն եք անում: Մի հատ առաջարկություն է անում:

Արթուր Թովմասյան – Առաջարկություն չէ: Պարոն Առուշանյան, ես հիացած եմ պատգամավորների բարձրացրած հարցերի՝ Ձեր պատասխանից:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Մենք ունենք նաև մտքեր փոխանակության հնարավորություն, եթե ցանկություն կա՝ արտահայտվելու և շարունակելու այս թեմաները: Մտքերի փոխանակության համար, չկան: Մենք այս հարցով որոշում չենք ընդունում, պարզապես քաղծառայության խորհրդի տարեկան գործունեությունը Ազգային ժողովը լսում է, որպես տեղեկատվություն, համապատասխան եզրակացություններ անում՝ հետագայում օրենսդրական տարբեր ընթացակարգերով դրա վրա ազդելու նպատակայնությամբ: Մենք այս թեման ավարտել ենք: Հիմա շարունակում ենք մեր օրակարգային հարցերը և անցնում ենք 2-րդ խումբ օրակարգային հարցերին, որոնք օրենքի նախագծեր են: Այժմ, ես հայտարարում եմ մեր օրակարգից առաջին հարցը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և դրան կից փաթեթը: Երկար փաթեթ է, երկու անգամ չթվարկենք: Այն Ազգային Ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանը, խնդրեմ:

Արարատ Դանիելյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, սիրելի ուսանողներ: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքների նախագծերը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգրքում կատարել երեք տասնյակից ավել փոփոխություններ` կապված օրենսգրքով կարգավորվող իրավահարաբերությունները սահմանադրությամբ ամրագրված հիմնադրույթներին համապատասխան կարգավորելու, ինչպես նաև օրենսդրությունում օգտագործվող հասկացողությունները սահմանադրության մեջ օգտագործվող հասկացությունների հետ համապատասխանեցնելու հետ: Խոսքը, օրենսգրքի՝ Արցախի Հանրապետության սահմանադրության 3-րդ՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները, 25-րդ` ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը,  27-րդ՝ անձնական ազատությունը, 31-րդ՝ պատվի ու բարի համբավի, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, 63-րդ՝ արդար դատաքննության իրավունքը, 65-րդ՝ ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը, 67-րդ՝ մեղադրանքից պաշտպանելու իրավունքը հոդվածներին համապատասխանեցնելու մասին է: Նախագծով առաջարկվում է նաև լրացնել քրեադատավարական վերադասությունը նախաքննական հոդվածը, ինչը բխում է անմիջական վերադաս հասկացողությունը  օրենսգրքից: Միայն նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է 16 հոդվածներում կատարել փոփոխություն՝ հիմք ընդունելով սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը: Խոսքը վերաբերում է օրինական բառը իրավաչափ բառով փոխարինելուն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգրքում կատարել փոփոխություններ և լրացումներ մեկ տասնյակից ավել, դրանք կապված են սահմանադրության 25-րդ՝ ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, 27-րդ՝ անձնական ազատությունը, 31-րդ՝ պատվի ու բարի համբավի, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, 61-րդ՝ արդար դատաքննության իրավունքը, 65-րդ՝ ցուցմունք տալու պարտականությունից ազատելու իրավունքը հոդվածներին համապատասխանեցնելու մասին: Նախագծով առաջարկվում է օրենսգրքում նախատեսել նաև էլեկտրոնային ծանուցման եղանակը` պայմանավորված դատական ծանուցման ինստիտուտում առավել հստակ ու մանրամասն ձևակերպելու հետ: Օրենսգրքում նախատեսված սույն փոփոխությունը նախագծում ներառվել է Գերագույն դատարանի առաջարկությամբ՝ հիմք ընդունելով պրակտիկան:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է կատարել մեկ տասնյակից ավելի փոփոխություններ և լրացումներ: Խոսքը, նախ և առաջ, օրենսգիրքը սահմանադրության 25-րդ՝ ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, 27-րդ՝ անձնական ազատությունը, 63-րդ՝ արդար դատաքննության իրավունքն հոդվածներին համապատասխանացնելու մասին է: Նախագծում ներկայացրած փոփոխություններին ուղղված է նաև հայցի հիմքն ու առարկան փոփոխելուն, պրակտիկայում հանդիպող գործի վարույթի կասեցման դեպքերն օրենսդրորեն ամրագրելուն, ինչպես նաև պրակտիկայում հանդիպող մի շարք այլ խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի առաջին մասով նախատեսված փոփոխությունը պայմանավորված է սահմանադրության 65–րդ՝ ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը հոդվածում ամրագրված կարգավորման հետ:

Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի առաջին հոդվածով նախատեսված է փոփոխություն կատարել օրենքի 12-րդ հոդվածում և դա պայմանավորված է «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ: Կա նաև ամփոփաթերթ, երբ  ներկայացված էր օրինագիծը խորհրդարան, այս ամիսների ընթացքում հեղինակի կողմից նաև ամփոփաթերթ է կազմվել՝ կապված «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի 27-րդ հոդվածը առաջարկվում է շարադրել հետևյալ խմբագրությամբ: Օրենսգրքի 300-րդ հոդվածում կատարում բառից առաջ լրացնել բացառությամբ սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված դեպքերի բառերը: «Քաղաքացիական դավադրության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 10-րդ հոդվածով, նոր խմբագրությամբ շարադրել 11-րդ գլխի 76-րդ հոդվածը: Առաջին նախադասությունը համարակալել, որպես առաջին մաս՝ համապատասխանաբար փոխելով մյուս մասերի համարակալումը, առաջին մասում անձի բառը փոխարինել՝ գործիր մասնակցող անձի օրինական ներկայացուցչի, վկայի, օրինական ներկայացուցչի, թարգմանչի, փորձագետի բառերով: 5-րդ մասում` վկաները բառը փոխարինել վկան բառով: Փոփոխություն է առաջարկվում Վարչական դատավարության օրենսգրքում 1. նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետը հանել, 3-րդ կետը համարակալել, որպես 2-րդ կետ և նախագծի 14-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրել 118-րդ կետ, 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել վերաքննիչ, վարչական բառերը այսինքն` խոսքը վերաբերում է այդ դատարանին, մյուս դատավարական, նշվում է դատարանի անվանումը, նախագծով ներկայացված է վերաքննիչ վարչական դատարան, առաջարկվում է վերաքննիչ վարչական բառերը հանել, թողնել դատարան բառը:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Եթե հարցեր կան, խնդրեմ: Գրանցվում ենք: Հայկ Խանումյան: Ուրի՞շ: Ուրիշ հարցեր չկան: Խնդրեմ, մենք սկսում ենք հարցերի ընթացակարգը: Հայկ Խանումյան:

 Հայկ Խանումյան – Պարոն նախարար, օրինագիծը հանրային քննարկման դնելուց հետո որևէ առաջարկ ստացել եք, ասենք, փաստաբանական պալատի անդամների կողմից:

Արարատ Դանիելյան – Ոչ: Նախագիծը նոյեմբեր ամսից շրջանառության մեջ է, նախագիծը ներկայացվել էր բոլոր այն շահագրգիռ մարմիններին, ովքեր անմիջապես առնչություն ունեն դատավարական օրենսգրքերի հետ: Փաստաբանների պալատին էլ էինք մենք առաջարկել, որպեսզի մասնակցեն, բայց կոնկրետ առաջարկ չի եղել: Այս երեք ամիսների ընթացքում մենք այդ ամփոփաթերթը, որ կազմել ենք, հնարավորություն է ընձեռվել, որպեսզի էլ ավելի խորը ուսումնասիրենք և հաշվի առնենք դատարանի կողմից ներկայացված այդ առաջարկը: Կա նաև ոստիկանության կողմից ներկայացված այդ առաջարկը` վերադասության սկզբունքը: Այդքանը:

 Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Խանումյան: Չէ: Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Օրենքը ներկայացվեց և օրենքին վերաբերվող հարցերին տրվեցին պարզաբանումներ: Այժմ, մենք կանոնակարգով լսում ենք գլխադասային հանձնաժողովի` Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը: Ես հրավիրում եմ Ազգային ժողովի պետական- իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանին, խնդրեմ, պարոն Ջիվանյան:

   Հովիկ Ջիվանյան – Ողջույն բոլորին: Հեղինակը մանրամասն ներկայացրեց, չեմ ուզում նորից կրկնվեմ: Փաթեթի մեջ ընդգրկված օրենքների անվանումները, մանրամասն ներկայացվեց խորհրդարանին: Ասեմ, որ օրինագծերի փաթեթը նաև պետաիրավական հանձնաժողովում, որպես գլխադասային հանձնաժողով, քննարկվել է, տրվել է դրական եզրակացություն, և հիմա էլ առաջարկում եմ այս ամբիոնից օրենքի նախագծերը ընդունել որպես օրենքներ: Շնորհակալություն:                                                                                                                                      Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր կա՞ն պարոն Ջիվանյանին: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Եթե ցանկություն կա ելույթների, մտքերի փոխանակության: Չկան: Ես կարծում եմ` հանձնաժողովային քննարկումների ժամանակ հնարավորինս, առավելագույն չափով բացել ենք նաև այդ հոդվածներին վերաբերող առաջարկները, և այն հանգամանքը, որ մեր նոր սահմանադրության` մարդու իրավունքների բաժնի համապատասխան հոդվածները շարունակվում են և քրեական, և քաղաքացիական, և վարչական իրավախախտումների հետ: Քվեարկություն: Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է, շնորհակալություն: Հաջորդ օրենքի նախագիծը, որը նույնպես ներկայացվում է փաթեթով՝ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքի նախագիծն է և դրան կից՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության մասին» նախագիծն է: Այն Ազգայի ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության արդարադատության նախարար, պարոն Արարատ Դանիելյանը:

Արարատ Դանիելյան – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ և սիրելի ուսանողներ: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում 1-ին ընթերցմամբ՝ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության» օրենքների նախագծերը: Օպերատիվ հետախուզական գործունեությունը, որպես փաստացի կարևորագույն ձեռքբերման կարևորագույն նշանակություն ունեցող առանձնահատուկ ընթացակարգ, մինչ այժմ՝ ըստ էության, դուրս է օրենքի կարգավորման դաշտից: Այս առումով «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը նպատակ ունի կարգավորել օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավական համակարգը  ու նպատակ ունի արդարության պատշաճ իրականացման և մարդու իրավունքների պաշտպանության միջև արդարացի հավասարակշռությունը: Վերոնշյալ նախագծով՝ 1-ին անգամ, օրենքով սահմանվելու են օպերատիվ հետախուզական գործունեության սկզբունքները, նպատակները, օպերատիվ հետախուզական գործունեություն  իրականացնող մարմինները, օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելիս նրանց իրավունքները և պարտականությունները, օպերատիվ հետախուզական միջոցառումների տեսակները, օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև «Քրեական դատավարության օրենսգրքի» 292-րդ մասի 2-րդ մասում՝  ճշգրտելով նշված օրենքի հղումը: Օրինագիծը քննարկվել է բոլոր շահագրգիռ մարմինների հետ, ովքեր օրենքով լիազորվում են՝ իրականացնել օպերատիվ հետախուզական գործունեություն: Հեղինակի կողմից նախապատրաստվել է ամփոփաթերթ, որը այս ժամանակաշրջանում առաջացրել է որոշակի խնդիրներ: Խոսքը վերաբերում է 4-րդ հոդվածի 1-ին մասից 7-րդ կետից հետո ավելացնել նոր կետ, 8-րդ կետ: Քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեության ապահովումը, քրեակատարողական հիմնարկներում նախապատրաստվող հանցագործությունների նախազգուշացումը, կանխումը և բացահայտումը՝ համապատասխանաբար փոխելով նաև հաջորդող համարակալումը: 2-րդ և 9-րդ հոդվածի 2-րդ մասում ծառայության ղեկավարը փոխարինել ծառայության տնօրենը բառերով, իսկ 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում ծառայության ղեկավարում բառերը փոխարինել ծառայության տնօրինում բառերով: 3. 39-րդ հոդվածի 3-րդ մասի և 49-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին պարբերությունում չեն հանդիսանում ապացույցներ բառերը փոխարինել չեն կարող համարվել, որպես թույլատրելի ապացույցներ բառերով՝ նույն հոդվածի 1-ին մասին ներկայացված ձևակերպմանը համապատասխանեցնելու նպատակով: 41-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում կան ծանուցման գործունեությամբ զբաղվելու իրավունքը բառերը հանել՝ Արցախի Հանրապետության գործունեության այդ տեսակի բացակայության պատճառով:

Աշոտ Ղուլյան  - Շնորհակալություն: Այժմ, եթե հարցեր ունենք այս նախագծի հետ կապված, նոր նախագիծ է, հիմնական օրենք է, խնդրեմ, հարցերի համար գրանցվում ենք: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Մենք  գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ենք հիմա լսում՝ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Հովիկ Ջիվանյանը:

Հովիկ Ջիվանյան – Նշված օրենքի նախագծերը հեղինակի կողմից նույնպես մանրամասն ներկայացվել են պետաիրավական հանձնաժողովում, մանրամասն քննարկվել են: Հեղինակը արդեն ներկայացրել է ավելացումները: Նշեմ միայն այն, որ ինչպես հեղինակը ասաց, սա նոր օրենքի նախագիծ է, սա մայր օրենք է և սա 2-րդ ընթերցում էլ է անցնելու: Գլխադասային հանձնաժողովը տվել է իր դրական եզրակացությունը, և առաջարկում եմ ընդունել այն 1-ին ընթերցմամբ և մեծ հնարավորություն կլինի, եթե ինչ-որ դիտողություններ, դիտարկումներ, առաջարկություններ կլինեն մինչև 2-րդ ընթերցումը:

Աշոտ Ղուլյան   - Շնորհակալություն: Հարցեր ունե՞նք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Եթե կա՞ ցանկություն մտքերի փոխանակություն ծավալելու, մենք, հիմա այդ փուլում ենք: Չկա ելույթների ցանկություն: Քանի որ և հեղինակի կողմից, և գլխադասային հանձնաժողովի նախագահի կողմից նշվեց, ես կարծում եմ՝ հանձնաժողովային քննարկումների ժամանակ, մենք որոշակի կարգավորումների հետ մեր հետաքրքրությունն ենք բավարարել, բայց և՝ այնպես չէ, որ օրենքի նախագծի հետ կապված թեմաներ չկան խոսելու, կարծում եմ՝ սա այն կարևոր գործունեության ձևերից է, որը մինչև հիմա օրենքով կարգավորման դաշտից դուրս է: Շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք այս դաշտում համապատասխան իրավակարգավորումների հետ գործ ունենալ: Ամեն դեպքում, պետք է քվեարկենք, օրենքը՝ որպես  մայր օրենք, նոր օրենք, 1-ին ընթերցմամբ ընդունելու համար, բայց դրանից հետո մենք նոր փուլ ենք մտնում՝ 2-րդ ընթերցմամբ օրենքի նախագիծը նախապատրաստելու, այսինքն, պատգամավորները իրենց առաջարկությունները ներկայացնելու են և հեղինակին, և գլխադասային հանձնաժողովին, որից հետո մենք նորից այն՝ նոր շրջանով, անցնելու ենք հանձնաժողովային քննարկման միջոցով: Այժմ մենք խնդրում եմ ուշադիր լինել: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքներն 1-ին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ 1: Ձայների այսպիսի հարաբերակցությամբ փաթեթը ընդունվում է 1-ին ընթերցմամբ: Շնորհակալություն:

Մենք անցնում ենք հաջորդ օրենսդրական նախաձեռնությանը, խոսքը վերաբերում է «Դատախազության մասին Արցախի Հանրապետության օրենքում>> փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին և այն  նորից Ազգային ժողովին է ներկայացնում Կառավարության կողմից Արցախի Հանրապետության արդարադատության նախարար, պարոն Արարատ Դանիելյանը, խնդրեմ, պարոն Դանիելյան:

Արարատ Դանիելյան – Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Դատախազության մասին Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Դատախազուության մասին Արցախի Հանրապետության օրենքի դատախազ և քննիչ նշանակելու համար ներկայացվող ընդհանուր  պահանջները վերտառությամբ 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, որպես տվյալ պաշտոններում նշանակվելու պահանջ նախատեսվում է վերջին 5 տարում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն 2 տարվա փորձառություն ունենալը: Նշված կետում շեշտադրված վերջին հինգ տարում բառակապակցությունը գործնականում խոչընդոտում է դատախազների և քննիչների ցուցակների համալրմանը, քանի որ դատախազների և քննիչների թեկնածուների ցուցակների ընդգրկելուն հավակնող անձի համար նախատեսված երկու տարվա իրավաբանի մասնագիտության աշխատանքի փորձառության որոշակի ժամանակահատվածը կարող է չընդգրկվել վերջին 5 տարում: Սակայն, հավակնորդը կարող է ունենալ որոշակի տարիների իրավաբանի մասնագիտության աշխատանքի փորձառություն և միաժամանակ անցած լինի համապատասխան ուսումնառություն: Դատախազության մասին Արցախի Հանրապետության օրենքի  37-րդ հոդվածով սահմանված դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակի կազմում է, որի առաջին մասով սահմանված է, որ դատախազների և քննիչների ցուցակը համալրվում է որակավորման հանձնաժողովի կողմից առնվազն 3 տարին մեկ անգամ՝ Գլխավոր դատախազի սահմանված կարգով անցկացվող բաց մրցույթի միջոցով: Փաստորեն, օրենքով գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը արհեստականորեն զրկում է և սահմանափակում է՝ անցկացնելով փակ մրցույթ և փակ մրցույթին չեն կարող մասնակցել 37-րդ հոդվածի 10-րդ մասում նախատեսված այն անձինք, որոնք վերջին 5 տարվա ընթացքում ունեն դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ կամ իրավաբանական գիտությունների դոկտոր են և ունեն իրավաբանի մասնագետի առնվազն երեք տարվա ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածու են և ունեն իրավաբանի մասնագիտությամբ առնվազն աշխատանքի 5 տարվա ստաժ:

Նախագծով առաջարկվում է Դատախազության մասին օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել վերջին հինգ տարում բառերը, իսկ 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ սահմանելով, որ դատախազների և քննիչների համալրման ցուցակը համալրվում է բաց և փակ մրցույթի միջոցով: Բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը՝ առնվազն 3 տարին մեկ անգամ, դատախազների և քննիչների թեկնածուների ցուցակում լրացումներ կատարելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ կարող է անցկացվել հավակնորդի փակ մրցույթ: Բաց և փակ մրցույթների կազմակերպման կարգը սահմանվում է Գլխավոր դատախազի հրամանով: Նախագծով նախատեսվում է նաև օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակից հանելու նոր հիմք՝ մինչև հերթական ատեստավորման անցկացում: Սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետով սահմանված կարգով` անձն ընդգրկված է եղել դատախազների կամ քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում: Նման կարգավորման պահանջը ձևավորվել է պրակտիկ գործունեության ամփոփման արդյունքում, այսինքն, եթե դատախազի կամ քննիչի նկատմամբ հերթական ատեստավորման արդյունքներով կայացվել է՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, օրենքով սահմանված կարգով ներառելով դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման համապատասխան ցուցակում որոշումը, ապա հերթական ատեստավորման անցկացումից հետո նպատակահարմար է հանել նրան ծառայողական առաջխաղացման ցուցակից և առաջնորդվել արդեն վերջին ատեստավորման արդյունքներով: Առաջարկվում է նաև օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում դատախազների բառից հետո լրացնել և քննիչների բառը և 2-րդը` դատախազի բառից հետո լրացնել կամ քննիչի բառը, ինչպես նաև օրենքի 40-րդ հոդվածի վերնագրում դատախազների բառից հետո լրացնել և քննիչների բառերը: 1-ին մասում 10-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ և լրացնել 11-րդ կետ՝ մինչև հերթական ատեստավորման անցկացում՝ սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով ընդգրկված է եղել դատախազների կամ քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում:

Աշոտ Ղուլյան -  Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Հարցե՞ր: Արպատ Ավանեսյան: Ուրի՞շ: Ուրիշ հարցեր չկան, խնդրեմ, Արպատ Ավանեսյան:

Արպատ Ավանեսյան - Պարոն Դանիելյան, ես կցանկանայի նորից ուշադրություն դարձնեք այդ 5 տարվա արտահայտությանը, որովհետև 5 տարին մենակ այն չէ, որ նա պետք է իրավաբանական ինչ-որ ծառայություն իրականացնի, այլ գոնե պետք է ունենա աշխատանքային ստաժ, այլապես մենք վերջերս տեսանք, շատ հետաքրքիր է, օրինակ, երբ, որ 23 տարեկան տղային նշանակում են Հանրապետության կամ քաղաքի զինվորական դատախազ: Դրանով աշխատանքային փորձառություն է պահանջում: Այդ աշխատանքային փորձառությունը պարտադիր չէ, որ լինի իրավաբանական կրթությամբ, այնպես որ մի անգամ ևս ուշադրություն դարձրեք այդ 5 տարին հանելու գործընթացին, որովհետև չեմ կարծում, որ դա ճիշտ է:

Արարատ Դանիելյան – Եթե նկատել եք՝ մեկ տարի էլ չկա, որ ընդունել ենք, նման դրույթ ենք մենք մտցրել՝ հաշվի առնելով դա, երևի թե պետք է լինի ինչ-որ տարբերություն Հայաստանի Հանրապետության այդ նույնանուն օրենքին: Իրենց մոտ դա չկար, բայց փաստացի այն իրավիճակն է ստեղծվել, որ այդ ժամանակահատվածում դատախազությունում այդ ցուցակներում ընդգրկված մարդիկ ուղարկվել են ուսումնառության, անցել են այդ ուսումը, եկել են, իսկ օրենքի այս պահանջը չկա: Վերջին 5 տարիների այդ պահանջը խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի իրավաբանական ստաժը` 2 տարին, եթե կա: Ինքը կարող է ունենա այդ երկու տարին, նախկինում` 5,6,8 տարի աշխատանքային ստաժ: Բայց, եթե մենք ընդգրկում ենք վերջին 5 տարում, պարտադիր պետք է լինի, ապա դա դժվարացնում է համապատասխան կադրեր ունենալու համար ցուցակներում ընդգրկելու համար:

Աշոտ Ղուլյան -  Արձագանքո՞ւմ եք: Արպատ Ավանեսյան:

Արպատ Ավանեսյան – Ես կարծում եմ, որ այդ հինգ տարին   շեշտվել են նրա համար, որ այդ նոր շրջանավարտները միանգամից  2 տարի չաշխատեն և միանգամից դառնան առաջնակարգ դատախազ կամ իրավաբան: Այդ հինգ տարվա նպատակը դա էր ժամանակին:

Արարատ Դանիելյան – Դա մեկ պահանջն է, քանի որ կա նաև որակավորման քննություն, պետք է ինքը ուսումնառություն անցնի համապատասխան արդարադատության ակադեմիայում, համապատասխան քննություններ հանձնի: Կան էլ ավելի կարևոր դրույթներ օրենքում` հանձնաժողովի նիստի ժամանակ էլ եմ ասել, որ յուր ժամանակին խորհրդարանում ուշադրության չի արժանացել: Ձեր այդ մտավախությունը, որպեսզի փարատվի, բայց այսօր սա է առաջարկվում, նույն դատախազության առաջարկն է դա: Ունենք մարդիկ, որ անցել են այդ դասընթացները, բայց այդ պահանջը հնարավորություն չի տալիս, որպեսզի այդ ցուցակները համալրեն և նշանակեն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, մենք հարցերն էլ ավարտեցինք: Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Շարունակում ենք: Հիմա պետք է նորից լսենք Ազգային ժողովի եզրակացությունը, այն ներկայացնում է գլխադասային հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը, խնդրեմ:

Հովիկ Ջիվանյան -  Դատախազության մասին օրենքի նախագիծը նույնպես քննարկվել է գլխադասային հանձնաժողովում, մանրամասն նոր ներկայացվեց հեղինակի կողմից` արդարադատության նախարարի կողմից, հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, և առաջարկում եմ, կոչ եմ անում քվեարկել օրենքի ընդունման օգտին, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր ունե՞նք գլխադասային հանձնաժողովին, հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Եթե կա ցանկություն արտահայտվելու ելույթների տեսքով, մտքերի փոխանակություն: Նույնպես չկա: Ուրեմն, ամփոփենք: Մեզ ներկայացվել է Դատախազության մասին Արցախի Հանրապետության  օրենքում փոփոխությունների և լրացումների նոր փաթեթ, որին մենք անդրադարձել ենք մի քանի ամիս առաջ, բայց հաշվի առնելով դատախազության համակարգում կադրային այդ առաջխաղացումները, համապատասխանության այդ ցուցակները՝ մենք ստացել ենք նոր առաջարկ, և կարծում եմ`  հանձնաժողովի քննարկման ժամանակ մի քանի մտահոգությունների անդրադարձել ենք, պարզապես պիտի փորձենք և տեսնենք, որ այս տարբերակով ինչպես է լուծվում նաև դատախազության համակարգում նշված այդ հարցերը: Խնդրում եմ պատգամավորներին այժմ պատրաստվել քվեարկության: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը` Դատախազության մասին Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ` 29, դեմ` չկա, ձեռնպահ` նույնպես: Որոշումն ընդունված է: Այս նախագծին նույնպես Ազգային ժողովը տալիս է հավանություն:

Հաջորդ մեր օրենսդրական նախաձեռնությունը պատգամավորական նախաձեռնության տեսքով է և այն վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Այն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, որպես հիմնական զեկուցող, խնդրեմ:

Ալյոշա Գաբրիելյան – Հարգելի գործընկերներ: Նախագիծը, որ ներկայացվել է, ունի նախադրյալներ, շարժառիթ և այն առնչված է ոչ այնքան 2017թ. պետական բյուջեի կատարողականը ներկայացնելու հետ, երբ երևաց պաշտոնաթող նախագահին մեծ գումարի հատկացումերը, այն ավելի շատ առնչված է Արցախի կարգավիճակի հետ` մեր այս կարգավիճակի՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, ապագայի նկատմամբ չիմանալով դեռևս ինչպիսի զարգացումներ տեղի կունենան, և հաշվի առնելով այս ամենը, և հաշվի առնելով այն գործընթացները, որ տեղ են գտել 2018թ. հայաստանյան համահայկական պոռթկման, և որոշակի ալիք տարածվեց նաև Արցախում` առիթ հանդիսացան, որպեսզի ես հանդես գամ նախաձեռնությամբ և պիտի ասեմ, որ ի սկզբանե այն, բավականին լավ, մեծ, դրական արձագանք է գտել ինչպես հասարակության մեջ, այնպես էլ այսօր այստեղ նստած իմ շատ գործընկերների մոտ: Այնուհետև գործընթացն ընթացել է: Կարելի է ասել, անցել է իր փորձաշրջանը, քննարկվել է գլխադասային հանձնաժողովում: Կառավարությունը ունի իր ներկայացրած տեսակետը, որի մի մասը վերաբերում է զուտ խմբագրականին, որի հետ, իհարկե, կա համաձայնություն, բայց կոնկրետ այն, ինչ վերաբերում է հատկապես պաշտոնաթող նախագահի արտոնություններին, թույլ տվեք ասել, որ կոնկրետ ես համաձայն չեմ և ասեմ, որ ինչն է հիմնական՝ նորից նշելով այն, ինչ-որ կա: Այսինքն, ուզում եմ ասել, որ այս օրենքի նախագիծը  ենթադրաբար բաղադրիչներ, որոնք են՝ և քաղաքական, և իրավական և բարոյական: Ինչո՞ւ եմ այսքանը ասում, որովհետև, եթե խոսում ենք քաղաքական բաղադրիչի մասին, ապա պետք է ասել, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր ժողովրդի համախմբվածության մեջ, որքան կարևոր է ղեկավար մարմինների, ղեկավարների իր կոչման, բարձրության վրա գտնվելը, ժողովրդի կողքին կանգնելը: Սկսած պաշտպանության բանակի հրամանատարներից, եկած մեր ղեկավարներով, և մենք զգացինք ինչ-որ տեղ բաց` ընդամենը մի քանի օրերի ընթացքում զգացինք բաց և նման դեպքերում, ես կարծում եմ` պաշտոնաթող նախագահի անմիջական ժողովրդի կողքին գտնվելը բավականին կնպաստեն մեր անվտանգության, ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա: Եթե խոսքը գնում է իրավական, ապա ես կասեմ, որ եթե պաշտոնաթող նախագահը, բնակվելով այլ վայրերում, կարողանում է օգտվել այն արտոնություններից, որ տրվում է և դա միջազգայնորեն անընդունելի է, քանի որ քաղաքակիրթ ոչ մի պետության մեջ նման նախագիծ ներկայացնել, ես կասեի ծիծաղելի կլիներ նման նախագիծ ներկայացնելը, որովհետև այդ պետություններում այդպիսի բան չի լինում, որ պաշտոնաթող նախագահը ապրի այլ երկրում, եթե քաղաքական հետապնդումների չի ենթարկվում, իհարկե: Բայց այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ այդ ինչու պաշտոնաթող նախագահը համարվում է մեր քաղաքացին և օգտվում է: Նման իրավունքներից չեն օգտվում մեր կենսաթոշակառուները, ինչու կենսաթոշակառուն ստիպված իր սոցիալական տնտեսական վիճակից, իր տարիքից ստիպված տեղափոխվում է այլ երկիր: Այնտեղ չի օգտվում այդ արտոնություններից, չի տրամադրում կենսաթոշակ և որևէ դեպքերում, ներողություն,  մահվան  ծախսը չի կարողանում իր ժառանգորդը հոգալ, որովհետև ինքը այնտեղ է մահացել, թեկուզ իր ծառայությունները չի հաշվառում այստեղ, որ կատարել է այդ մարդը, բայց նախագահը կարող է օգտվել: Այս բաներին պետք է ուշադրություն դարձնել: Ես չեմ կարծում, որ Նախագահը, հատկապես ժողովրդի ընտրյալը, իրեն թույլ տա, որպեսզի այդպիսի լավ, գերակա վիճակում լինի: Եվ վերջապես, բարոյական, մարդու խառնվածքի հետ կապված հարց է: Մարդ` ժողովրդի կողմից ընտրյալ: Կարծում եմ` պետք է քայլի ժողովրդի հետ, լինի ժողովրդի հետ և իրեն վեր չդասի իր ապրելակերպով, իր կեցվածքով, իր պահվածքով, ավելին, քան այն ժողովուրդն է, որ այսօր Արցախում ապրում է և ունի բազում խնդիրներ: Եվ ամենամեծը` իր անվտանգությունն է, իր կենսապայմաններն են: Այս բաները հաշվի առնելով՝ ես ներկայացնում եմ այսքանը ձեր դատին: Ես կարծում եմ՝ դուք պիտի որոշեք, թե ինչ անենք: Վերջացնելով՝ ուզում եմ մի բան ասել` անկախ նրանից, որ եթե չընդունվի, անկախ նրանից ես` հետագայում, իմ տարիքի առումով և ընդհանրապես, կլինեմ, չեմ լինի, բայց մեր ազգային անվտանգությունը այնքան է խարխուլ վիճակում, որ կարող է վաղը պատերազմ լինի` այս հարցը բարձրանալու է: Գուցե, ուրիշ խորհրդարանում` գալիք խորհրդարանում, բայց հարցը բարձրանալու է և այն ժամանակ իմ կարգավիճակից անկախ, ես այս հարցը պահելու եմ, որ ներկայացնեմ ավելի երիտասարդ որևէ խորհրդարանականի: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր կա՞ն պարոն Գաբրիելյանին: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Գաբրիելյան: Քանի որ նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի պատգամավորի կողմից, տվյալ դեպքում մենք ունենում ենք գործադիր իշխանության եզրակացությունը և այս դեպքում այն, որպես հարակից զեկույց է ներկայացվում: Ուզում եմ այդ նույն նախագծի հետ կապված հրավիրել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության ղեկավար, պարոն Արայիկ Լազարյանին, խնդրեմ:

Արայիկ Լազարյան – Շնորհակալություն, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: Պարոն Գաբրիելյանի հեղինակած օրենքի նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է նաև գործադիր իշխանության եզրակացությանը: Ասեմ, որ գործադիր իշխանության եզրակացությունը կարող ենք բաժանել երկու մասի: Ունենք խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնց հետ, ինչպես նշեց պարոն Գաբրիելյանը, համաձայն է, բայց հիմնական դրույթի հետ կապված, որը վերաբերում է նախագծի 2-րդ հոդվածին, որը փոփոխություն է կատարվում մայր օրենքի 6-րդ հոդվածում` պաշտոնաթող նախագահի համար սահմանվող երաշխիքներին, Կառավարությունը գտնում է ոչ նպատակահարմար այդ փոփոխությունների կատարումը՝ հաշվի առնելով այն, որ այդ հոդվածով ամրագրված երաշխիքները սահմանված են սահմանադրորեն, որպես պետության գլուխը բնորոշող նախագահի պաշտոնաթողությունից հետո, իր բարձր կարգավիճակին համարժեք և դրանց տրամադրումը որևէ առնչություն չունի պաշտոնաթող նախագահի հետ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցեր կա՞ն պարոն Լազարյանին: Արմեն Սարգսյան:

Արմեն Սարգսյան – Պարոն Լազարյան, կարո՞ղ եք նշել աշխարհում մի երկիր, որի նախագահը չի ապրում իր երկրում պաշտոնաթող լինելուց հետո, եթե չի ենթարկվում քաղաքական հետապնդման:

Արայիկ Լազարյան – Պարոն Սարգսյան, ճիշտն ասած, այդպիսի ուսումնասիրություն չունեմ և չեմ կարող նշել, բայց չի բացառվում, որ կարող է լինի այդպիսի երկիր: Կոնկրետ Արցախի Հանրապետության դեպքում՝ պաշտոնաթող երկու նախագահների մասին է խոսքը, նրանք բնակվում են, չենք կարող բնորոշել այլ երկիր, նրանք բնակվում են Հայաստանի Հանրապետությունում: Այնտեղ են հայտնվել տարբեր հանգամանքներով` աշխատանքի և այլն: Չեմ կարող ասել, ոչ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք: Չէ: Շնորհակալություն: Հարցը եղել է մեկը, շնորհակալություն, պարոն Լազարյան, եթե կա ցանկություն արտահայտվելու, մտքերի փոխանակության` Արթուր Թովմասյան, Դավիթ Իշխանյան, Ռիտա Մնացականյան և ես:

Արթուր Թովմասյան – Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, փոխնախագահ, սիրելի գործընկերներ: Հայրենիք խմբակցությունը համոզված է, որ օրենքի նախագիծը թերի է, բայց գաղափարը՝ ընդունելի: Այն չի տալիս մի շարք հարցերի պատասխաններ` տարածվում է այն Արցախի նախկին նախագահների վրա և երկրորդ` Հայաստանի Հանրապետությունը համարում ենք այլ երկիր, եթե այո, ապա չունենք մաքսատուն, որտեղ նախկին Նախագահի անձնագրում դրվի կնիք, նշվի նրա ելումուտը: Հայրենիք խմբակցության պատգամավորները ոչ թե դեմ կամ կողմ են, ոչ թե` ձեռնպահ են քվեարկելու, այլ նշված վերը թերությունները, չեն մասնակցելու քվեարկությանը, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Դավիթ Իշխանյան, խնդրեմ:

Դավիթ Իշխանյան-  Հարգելի գործընկերներ: Անկեղծ ասած, խոսելու տրամադրվածություն չունեի, որովհետև հանձնաժողովային քննարկումների ժամանակ այս հարցը բավականին քննարկումների բուռն տեղիք է տվել և նաև որոշակի ճշգրտումներ եմ մտցրել: Ուրախ եմ, որ այստեղ ներկա են մեր ուսանողները, համալսարանականները և օրենքի հեղինակի կողմից ներկայացվեց այն կարևոր բաղադրիչները` քաղաքական, իրավական, բարոյական և փորձեց տալ իր հիմնավորումները: Այո, Կառավարության տեսակետը բացասական է և Կառավարությունը ներկայացրել է իր բացասական տեսակետը որոշակի հիմնավորումներով, գուցե այս քննարկումների ժամանակ շատ սեղմ ու հակիրճ է ներկայացրել, հանձնաժողովային քննարկումների ժամանակ ավելի մանրամասն և տարբեր հիմնավորումներով երկուսն էլ ներկայացրել են: Կուզենայի այստեղ մի հարցի մասին բարձրաձայնել և անդրադառնալ: Ինչ որակում, ինչ քննարկում էլ փորձենք մենք բերել մեջտեղ, բնականաբար, քաղաքական-իրավականի կողքին բարոյական բաղադրիչը շատ ակնհայտ է մեր պարագայում` Արցախի պարագային: Տարածված մի թեզ կա մեր քաղաքական ուժերի և նաև պատգամավորների մոտ, որ այս ամենը ուղղված է նախկին նախագահի կամ գործող նախագահի: Ուզում եմ մի բան բարձրաձայնել, որևէ մեկի դեմ ուղղված չէ, սա ոչ թե ընդդեմ է, այլ հանունի գաղափարն է: Այս ամենը ուղղված է հանուն մեր պետության և մեր պետական շահերի և մեր պատական բյուջեի: Ուզում եմ այս ամենը շատ հստակ գիտակցվի, ոչ թե ընդդեմ է, այլ հանուն է: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Ես պիտի ներողություն խնդրեմ: Մենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ենք բաց թողել, որովհետև ելույթները լինում են դրանից հետո, խնդրեմ: Արարատ Օհանջանյան՝ Ազգային ժողովի սոցիալական հարցերի և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Արարատ Օհանջանյան – Ճիշտն ասած, սպասում էի ավելի բուռն քննարկումների: Հանձնաժողովի նիստում տվյալ հարցը քննարկվել է դեռևս երկու-երեք ամիս առաջ, և կարելի է ասել, որ քննարկումները հիմնականում եղել են հանձնաժողովի նիստում: Բուռն քննարկումներ են եղել, և կարելի է ասել, որ բոլոր հարցերի պատասխանները չէ, որ տրվել են այդ քննարկումների ժամանակ: Իհարկե, ինչպես որ նշեց պարոն Թովմասյանը, գաղափարը ընդունելի է բոլորիս կողմից, բայց, քանի որ եղել են հարցեր` իրավական տեսանկյունից, որոնց պատասխանները չի տրվել, դրանից էլ ելնելով՝ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և ներկայացրել Ազգային ժողովին՝ ավելի լայն ու ավելի բուռն քննարկումների համար, որպեսզի ընդունվի կամ չընդունվի: Իսկ եթե ընդունվի կամ չընդունվի, ինձ թվում է` յուրաքանչյուրդ առանձին-առանձին կարող եք որոշել` կողմ կամ` դեմ, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Արմեն Սարգսյան, խնդրեմ:

Արմեն Սարգսյան – Եթե իրավական որոշակի թերություններ կար, հանձնաժողովը որևէ քայլ կատարե՞լ է, որպեսզի մինչև Ազգային ժողովի նիստ գալը շտկի այդ թերությունը:

Արարատ Օհանջանյան – Կատարողը հանձնաժողովը չէ: Եթե իրավական տեսանկյունից, եթե ունենք ինչ-որ հարցեր, ապա դա չի քննարկում հանձնաժողովը: Կան մարդիկ, որոնք զբաղվում են այդ հարցերով և քանի որ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը իրավաբան չէ, ապա հասկանալի է, որ իրավական տեսանկյունից չենք կարող տալ այդ հարցերի պատասխանները: Հենց դրա համար էլ՝ ելնելով, ավելին, ես կասեմ, ավելի լայն, ավելի բուռն քննարկումների համար, դրական եզրակացություն է տվել, որպեսզի մենակ հանձնաժողովը չորոշի այդ հարցը` ընդունել կամ չընդունել:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, կարող եք նստել, պարոն Օհանջանյան: Հաջորդը` Ռիտա Մնացականյան:

Ռիտա Մնացականյանը հանում է հարցը, շնորհակալություն:

Վահրամ Բալայան - Հարգելի գործընկերներ, խոսքը տանք պարոն Աշոտ Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ճիշտն ասած, այս թեմայով շատ երկար խոսելը անիմաստ է: Մենք ինչ-որ պիտի ասեինք, իրար հետ պարզեինք, արդեն հանձնաժողովի նիստում ասել ենք, և որևէ մեկը, պարոն Գաբրիելյանի ներկայացրած գաղափարին դեմ չէ: Չեմ կարծում, որ սա այն հարցն է, որ մենք պետք է օրենք ընդունենք՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներին, Արցախի Հանրապետությունում բնակվելու համար:

Խոսքը նրա մասին է, երբ որ ասում ենք, որ օրենքը թերի է իրավական առումով, երբ որ օրենքի հոդվածը վերաբերում է պաշտոնաթող նախագահին, բայց մենք օրենքի այդ հոդվածի տակ գրում ենք Արցախի Հանրապետությունում ապրող, պաշտոնաթող նախագահին` սա իրար հետ չի բռնում: Կամ օրենքի հոդվածը պիտի լրիվությամբ վերանայվի, որ դա ում է վերաբերվում,  առանձին՝ ովքեր ապրում են, ովքեր չեն ապրում: Իհարկե, այդ համեմատությունները, որ բերվել են, մասամբ տեղին են, մասամբ անտեղի են: Կարելի է համաձայնվել, կարելի է չհամաձայնվել կան բազմաթիվ մարդկային հասկացության առումով տարբեր իրավիճակներ, որ շատ դժվար է միանշանակ ներկայացնել, որ այս մարդը մշտապես է այստեղ ապրում, թե չէ: Օրինակ մի ամիս այստեղ ապրելը՝ 10-ը գնալ, դա համարվում է մշտական ապրել թե՝ չէ: Եթե մենք սկսում ենք այդ բոլոր հարցերի պարզաբանումները ստանալ կամ սպասել, որ դա վերաբերում է Արցախի Հանրապետության նախագահին, սա կարծում եմ՝ բարոյական կողմը նա է, որն այս կարգի հարցերը, որը որ այդպես քննարկման, այդպես օրենսդրական կարգավորման ենթարկելու չէ: Այն, որ Արցախի Հանրապետության բոլոր նախագահները պետք է ապրեն Արցախում՝ որևէ առարկություն չունի, բայց, որ դա պետք է արվի առանց որևէ օրենքի, ես կարծում եմ՝ ակնհայտ է: Շնորհակալություն:

Մենք նաև ավարտեցինք մտքերի փոխանակության փուլը: Եթե որևէ բան կա ասելու՝ եզրափակիչ ելույթների տեսքով, չկան: Մենք, կարծես թե այս թեմայով բոլոր հնարավոր հարցերը, հարցադրումները արդեն իրար հետ խոսել ենք: Մի մասի հետ համաձայնվել ենք, մի մասի հետ չենք համաձայնվել, բայց հենց քվեարկությունը նրա համար է, որպեսզի Ազգային ժողովը իր դիրքորոշում արտահայտի այս հարցի հետ կապված: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ:  Քվեարկություն: Կողմ՝ 9, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Ուրեմն, մեր կանոնակարգի 70-րդ հոդվածի համաձայն, օրենքներն ընդունվում են, բացառությամբ սահմանադրությամբ սահմանված դեպքերի, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին, այսինքն` ձայն եթե լինում է, այդ դեպքում՝ կողմ ձայն տվածների կեսից ավելին, ընդունվում է: Այս դեպքում մենք ունենք 9 կողմ քվեարկություն և դեմ ու ձեռնպահ՝ չունենք: Օրենքը չի ընդունվում: Այսքանով մենք ավարտում ենք այս նախագիծը և մեզ մնում է օրենսդրական միայն մեկ նախաձեռնություն՝ «Պետական կենսաթոշակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար պարոն Սամվել Ավանեսյանը:

Սամվել Ավանեսյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում «Պետական կենսաթոշակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության նախագիծը: Առաջարկվող լրացումներով, փոփոխություններով նպատակ է հետապնդվում կենսաթոշակառուների շրջանում պարենային աղքատության հաղթահարումը: Կսահմանվի նոր հասկացողություն կամ եթե նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ, որի  չափն էլ կորոշի Արցախի Հանրապետության Կառավարությունը: Գիտեք, որ բյուջեի նախագծով համապատասխան գումարները նախատեսված են արդեն և ահա ամբողջ գործընթացը ավարտելուց հետո կբարձրացվի 3332 կենսաթոշակառուի կենսաթոշակների չափերը՝ կհավասարեցվի 25 հազար 500  դրամի: Այսքանը:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր կա՞ն պարոն նախարարին՝ օրենքի նախագծի հետ կապված: Չկան: Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար ես նորից հրավիրում եմ խորհրդարանի սոցիալական և առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Արարատ Օհանջանյանին:

Արարատ Օհանջանյան – Օրենքի նախագիծը մանրամասն քննարկվել է հանձնաժողովի նիստում, բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ նախարարի կողմից և այն միաձայն՝ դրական եզրակացությամբ ընդունվել է և ներկայացվել Ազգային ժողովի նիստին և այն ընդունել որպես օրենք:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին, խնդրեմ: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Օհանջանյան, եթե կա ցանկություն ելույթների, մտքերի փոխանակության, չկան: Մենք, փաստորեն, հանձնաժողովում այս թեմայի շուրջ խոսել ենք ավելի, բայց սա այն նախագիծն է, որով մեր երկրում նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակի չափը հավասարեցվում է և բոլորի համար արդեն սահմանվում են նույն չափով և կարծում եմ՝ մեր երկրում գործում է, պարզապես, մենք պետք է ներկայացնենք այդ օրենսդրական կարգավորումը: Քանի որ մենք ամփոփում ենք, ավարտում ենք այս հարցի քննարկումը, պատգամավորներին խնդրում եմ ուշադիր լինել՝ քվեարկում ենք Ազգային ժողովի որոշման նախագծի համար՝ «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է, օրենքն արժանանում է հավանության Ազգային ժողովի կողմից:

Հարգելի գործընկերներ, մենք, փաստորեն, այսքանով ավարտում ենք մեր հաստատած, հերթական նիստի օրակարգի առաջին մասը, մեզ մնում է երկու՝ Կառավարության հետ հարցուպատասխանը և պատգամավորական հայտարարությունները, քանի որ այս երկու հարցերը առանձին ռեժիմով է խորհրդարանը քննարկում, և մեզ մնում է ընդամենը երեք րոպե, ընդմիջում կանենք, որից հետո՝ ժամը 13.00-ին, կգանք հարցուպատասխանի: Էդուարդ Աղաբեկյան, վարման կարգի համար, խնդրեմ:

Էդուարդ Աղաբեկյան – Չնայած, վարման կարգի մասին է, բայց ուսանողների բողոքն եմ ուզում ներկայացնել, որ ցանկություն ունեն մասնակցել նիստի 2-րդ մասին՝ ուզում են ներկա լինեն նաև հարց ու պատասխանին:

Աշոտ Ղուլյան – Ուսանողներն իրենք կարող են ասել իրենց բողոքը, կարծեմ, մենք արդեն պայմանավորվել ենք: Վարման կարգի հետ, ընդհանրապես կապ չունի դա: Շնորհակալություն, հայտարարվում է ընդմիջում՝ մինչև 13..00-ն:

13.00

Աշոտ Ղուլյան – Հարգելի գործընկերներ,Կառավարության հարգարժան անդամներ, շարունակում ենք Ազգային ժողովի՝ փետրվարի 27-ի հերթական նիստը և այս պահին մեր օրակարգային հաջորդ  հարցը Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացակարգն է, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն գարնանային նստաշրջանի ընթացքում՝ փետրվար, ապրիլ, հունիս ամիսներին, Հանրապետության նախագահը, Կառավարության անդամները ներկա են լինում Ազգային ժողովի նիստերին Ազգային ժողովի պատգամավորների հարցերին պատասխանելու համար: Ուզում եմ տեղեկացնել, որ հենց այս ժամերին Հանրապետության նախագահը անհետաձգելի ծրագրով գտնվում է սահմանամերձ շրջաններում, մեր Կառավարության անդամներ, գործընկերներից ոմանք առողջական պատճառով, երկու հոգի գործուղման մեջ են, դրա համար որոշ նախարարությունների ղեկավարներ ներկա են տեղակալներ մակարդակով:

         Այժմ, սկսում ենք Կառավարության հետ հարց ու պատասխանի օրակարգային հարցը:  Ինչպես նախատեսված է՝ ես, խնդրում եմ պատգամավորներին գրանցվել: Ուզում եմ հիշեցնել, որ Կանոնակարգի 53-րդ հոդվածով հարցերը տալու համար նախատեսված է երկու րոպե, պատասխանների համար նախատեսված է երեք րոպե, հարցը տալու և պատասխանելու, արձագանքի համար՝ մեկական րոպե, խնդրում եմ պահել այս ժամանակը:  Պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:

Գագիկ Բաղունց, Հայկ Խանումյան, Արամ Սարգսյան, Վիլեն Սաֆարյան, Էրիկ Հարությունյան, Ալյոշա Գաբրիելյան, Ռոմելա Դադայան, Արարատ Օհանջանյան, Ռիտա Մնացականյան, Լյուդմիլա Բարսեղյան, Արպատ Ավանեսյան, Վահրամ Բալայան: Նորից ընթերցեմ, հարցերի համար գրանցվել են պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Հայկ Խանումյանը, Ռոմելա Դադայան, Վիլեն Սաֆարյանը, Էրիկ Հարությունյանը, Ալյոշա Գաբրիելյանը,   Արամ Սարգսյանը, Արարատ Օհանջանյանը, Ռիտա Մնացականյանը, Լյուդմիլա Բարսեղյանը, Արպատ Ավանեսյանը և Վահրամ Բալայանը: Գրանցեցի՞նք բոլորին: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Գագիկ Բաղունցը, թող պատրաստվի Հայկ Խանումյան:

Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, սկսեմ կոնկրետ փաստից: Տարեսկզբին Առաջաձորի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչի թափուր տեղի լրացման խնդիրը լուծվել է միայն շնորհիվ նախարար Աղաբալյանի էկստրաօրդինար ջանքերի: Բայց հարցն այն է, որ նման խնդիրներ միայն ֆիզիկայի պարագայում երկրում կարող են հասնել տասնյակ դեպքերի: Եւ ոչ մի նախարար, թող որ նա երիցս Լունաչարսկի լինի, ի զորու չէ լուծել խնդիրը, եթե հարցը չդառնա համաժողովրդական՝ աշակերտներից սկսած եւ վերջացրած երկրի նախագահովՊատճառը՝  վերջին երկու տասնամյակում տեղական կադրերի պատրաստման մտածված եւ   հաշվարկված Ծրագրի բացակայությունն էՊատճառը՝ ուսուցիչների չարդարացված ցածր աշխատավարձն է, որը հիմնավորապես վերացնում է ուսուցչի, հատկապես ֆիզիկայի եւ մաթեմատիկայի գծով, մասնագիտություն ընտրելու տաղանդավոր երիտասարդության ցանկությունը:

Ո՞րն է ելքը: Իմ նախորդ ելույթներում ես բերել եմ ինչպես Հայաստանի հանրապետությունում ձեռնարկվող քայլերի օրինակը, այնպես էլ Վրաստանի, որտեղ ընդունված  է կրթության համակարգի զարգացման հնգամյա ծրագիր, մասնավորապես՝ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպում եւ աշխատավարձի բարձրացում 2022թ.-ին՝ մինչեւ 2000 լարի կամ 770 դոլար: Ավելացնեմ մեջբերում Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Դաշնային ժողովին  օրերս հղած ուղերձից՝ աջակցել եւ այլ մարզերում տարածել կրթության որակի ապահովման Ծրագրերը, ինչպիսիք են «մոբիլ ուսուցիչ», «մոբիլ աշակերտ», «զեմստվայական ուսուցիչ», որոնք արդարացվել են Յակուտիայի, Հեռավոր Արեւելքի, Հյուսիսային Կովկասի հեռավոր եւ սակավաթիվ դպրոցներում: Դպրոցներն ապահովել որակյալ ինտերնետային կապով՝ մեծացնելով արագությունը մոտ հարյուր անգամ: Կուզենայի լսել նման ծրագրերի համառոտ թվարկումը, որ այս փուլում իրականացնում է մեր կառավարությունը:

Եւ երկրորդ հարցս դարձյալ կսկսեմ կոնկրետ փաստից:

18-19 ուսումնական տարում, կապված թոշակային տարիքի հասնելու հետ, աշխատանքից ազատվել է Մարտակերտի թիվ մեկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Գրիգորյան Կարինե Միխայլովնան՝ անգնահատելի փորձառության մանկավարժ, ով տարեկան թողարկում էր մինչեւ տասը գերազանց պատրաստված շրջանավարտների: Երևի, ներկաներից յուրաքանչյուրը գիտի նման օրինակներ մեր երկրի առանց բացառության բոլոր անկյուններում: Քաղաքական կամքի առկայության դեպքում պատրաստ եմ բազմաթիվ առաջարկություններով մասնակցել նման մեծատառով ուսուցիչների արդյունավետ լուսավորչական գործունեությունը երկարաձգելու Ծրագրի մշակմանը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար տիկին Նարինե Աղաբալյանը, խնդրեմ:

Նարինե Աղաբալյան – Բարև ձեզ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Բաղունցին հենց կոնկրետ Առաջաձորի դպրոցի ֆիզիկայի ուսուցչի հետ կապված թափուր տեղը համալրելու գործում միջնորդության համար: Ցավոք սրտի, մեր գյուղական համայնքների դպրոցներում առկա է ոչ միայն ֆիզիկայի ուսուցչի թափուր տեղ, այլև տարբեր առարկաների: Իհարկե, դրանց մեջ մեծ թիվ են կազմում բնագիտական առարկանները: Ինչ վերաբերվում է ֆիզիկային, ապա ներկայացնեմ առաջիկա մեր քայլերը. ինչ ենք նախատեսել: Մարտին նախատեսված է հանրապետության ֆիզիկայի ուսուցիչների համար «Քվանթ» վարժարանի հետ և Արցախի պետական համալսարանի համապատասխան ամբիոնի հետ համագործակցությամբ: Հաջորդ շաբաթ նախատեսված է հանդիպում բոլոր այն տասներկու դասարանցիների հետ, ովքեր գյուղական բնակավայրերից, ովքեր որ ընտրել են բնագիտական հոսքի մասնագիտություններ, որպեսզի փորձենք նաև նրանց ներկայացնել մեր քաղաքականությունը և որոշ արտոնություններ՝ կոնկրետ այդ մասնագիտությունները ընտրելու, մանկավարժական մասնագիտությունները ընտրելու դեպքում:

Այո, խոսում ենք անընդհատ ուսուցչի աշխատավարձի մասին, ցավոք սրտի, ուսուցչի աշխատավարձը   գրավիչ չի դարձնում այդ մասնագիտությունը, առավելապես, բնագիտական առարկաների համար, որոնք կարող են այլ, ոչ մանկավարժական մասնագիտություն ընտրելու պարագայում ավելի շատ վաստակել: Անընդհատ ասում ենք, որ դա կապված է մեր տնտեսական զարգացման հետ, այսինքն` նաև տնտեսական զարգացմանը զուգահեռ պետք է ստեղծեն այն հնարավորությունները, որոնք պետք է ուղղվեն ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը: Ինչ վերաբերվում է թոշակառու ուսուցչին թոշակի ուղարկելուն, ապա մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ որ գյուղական դպրոցներում շարունակում են աշխատել թոշակի տարիքը լրացած ուսուցիչներ, գործատուն ինքն է որոշում: Տվյալ դեպքում դպրոցի տնօրենը կարող է, եթե չկա համապատասխան մասնագետ գյուղում, կարող դիմել նախարարությանը, նույնիսկ առանց դիմելու էլ, կարող է շարունակել ապահովել տվյալ ուսուցչի աշխատանքը:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, արձագանքում եք պարոն Բաղունց: Չէ: Շնորհակալություն տիկին նախարար, հարցի համար հրավիրվում է պատգամավոր Հայկ Խանումյանը, թող պատրաստվի Ռոմելա Դադայանը:

Հայկ Խանումյան – Դեկտեմբերին՝ բյուջեի քննարկման ժամանակ, ես խոսեցի Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից Մաղավուզի հանք շահագործող ընկերությունը գնելու համար և նշեցի, որ այդտեղ տեղի է ունեցել միլիարդավոր փողերի լվացում: Հարց ով է վերադարձնելու այդ փողերը Արցախի ներդրումային հիմնադրամին, չնայած ներդրումային հիմնադրամը ֆինանսավորվում է պետության կողմից: Բակո Սահակյանը ում ղեկավարման տարիներին եղել է այդ գործարքը, Արայիկ Հարությունյանը, ով այդ պահին եղել է վարչապետ և ներդրումային հիմնադրամի խորհրդի նախագահ, Սերժ Սարգսյանը ու իր փեսան, որոնք գլխավոր շահառուն են այդ գործարքի, թե ո՞վ: Երկրորդ հարցը՝ սպորտի վերաբերյալ, տիկին նախարար: Մի խումբ մարզիչներ, այդ թվում նաև օլիմպիական քսան քանի մարզիչ, այդ թվում նաև օլիմպիական մարզաձևերի դիմել են նախագահական իրենց խնդիրների մասին: Նամակը էլի հետ է եկել սպորտի վարչություն, այն ինչ, գոնե տրամաբանությունը հուշում է, որ ում քաղաքականությունը դժգոհում են գոնե նրան չպետք է ուղղեն նամակը: Մարզիչները խոսում են նրանից, որ տարվա ընթացքում տեղի ունեցող մրցաշարին մարզիկները չեն կարողանում պետական միջոցներով չեն կարող մասնակցել աշխարհի Եվրոպայի առաջնություններին և ուսումնական հավաքներին, խոսում են, որ նախատեսված բյուջեն ոչ ճիշտ է բաշխվում, պետական ռեսուրսների միջոցները օգտագործում են անձնական ամբիցիաների բավարարման համար, մարզիչներին աշխատանքի տեղավորում  են միայն ծանոթով, որոշ մարզաձևեր փորձում են անհիմն հեռացնել պետական աջակցությունից: Արդյո՞ք հնարավոր չէ այս մարզիչների հանդիպումը կազմակերպել և այս հարցին տալ լուծում՝ սպորտի բնագավառում եղած այս ճգնաժամային վիճակը, որ ամիսներ շարունակ շարունակվում են և դրան տալ լուծում: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Առաջին հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետնախարար պարոն Գրիգորի Մարտիրոսյանը, հաջորդ հարցը կրթության, սպորտի նախարարը:

Գրիգորի Մարտիրոսյան – Հարցում մատնանշված կազմակերպությունը Արցախի ներդրումային հիմնադրամի ծրագրերի համաձայն, այսինքն` օրենսդրությամբ նախատեսված ծրագրերի համապատասխան ձեռք է բերվել և այս պահի դրությամբ կոնսերվացված է և չի աշխատում: Այդ գործընթացը իրականացվել է բացարձակապես օրենսդրությամբ և գործող ծրագրի շրջանակներում: Բյուջեից փող վերցնելու փաստերի առկայության դեպքում, մեր երկրի օրենսդրությամբ սահմանված է որոշակի ընթացակարգեր, որոնց պետք է դիմել և տվյալ դեպքում դա կլինի ավելի ճիշտ և համարժեք քայլ, քան ուղղակի հայտարարությունները:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք պարոն Խանումյան, Հայկ Խանումյան:

Հայկ Խանումյան – Պարոն Մարտիրոսյան, ամեն տարի պետական բյուջեով մենք հաստատում ենք գումարներ, որոնք գնում են Արցախի ներդրումային հիմնադրամին, ի՞նչի մասին է խոսքը, գաղտնի՞ք է, որ պետական բյուջեից ներդրումային հիմնադրամ գումարներ եք փոխանցում տարբեր ծրագրերի համար:

Գրիգորի Մարտիրոսյան – Դուք ճիշտ չընկալեցիք իմ պատասխանը, իհարկե պետական բյուջեով նախատեսվում է աջակցություն ներդրումային հիմնադրամին, որը այդ աջակցության միջոցների հաշվին, ինչպես նաև ներգրավված կամ այլ սեփական եկամուտների հաշվին, որոնք գոյանում են, մասնավորապես, նախկինում տրամադրված փոխառու միջոցների վերադարձից կամ տոկոսավճարներից, իրականացնում են այն ծրագրերը, որոնք Կառավարությունը սահմանել է տվյալ տարվա համար և այդ ծրագրերը սահմանվում են Կառավարության համապատասխան որոշմամբ և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվող տարեկան նախահաշիվների միջոցով: Ինչ վերաբերվում է Ձեր ասածին, եթե կա որևէ կասկած, որևէ ռիսկ, որ այդ գործարքի կամ այլ գործարքների դեպքում բյուջեից որևէ գումար է վերցվել, ապա տվյալ փաստերի առկայության դեպքում կան ընթացակարգեր՝ դիմելով իրավապահ մարմիններին, այս էր ասածս:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, պարոն պետնախարար, հաջորդ հարցին պատասխանում է կրթության, գիտության և սպորտի նախարար, տիկին Նարինե Աղաբալյանը

Նարինե Աղաբալյան – Պարոն Խանումյան, այո եղել է մի շարք մարզիկների կողմից նամակ՝ ուղղված և նախարարին, և Հանրապետության նախագահին, ինչպես որ եղել է նաև Ձեր հարցումը էլեկտրոնային տարբերակով, նույն ֆինանսավորման մասով, տարբեր  մարզաձևերի, ֆեդերացիաներին ցուցաբերվող աջակցության, կոնկրետ՝ անուն առ անուն մարզիկներին ցուցաբերված աջակցության մասով: Քանի որ դա աշխատատար պրոցես է, իսկ ժամկետը դեռ չի լրացել մենք՝ սահմանված ժամկետներում Ձեզ լրիվությամբ կտրամադրենք բոլոր այդ տեղեկությունները և կարծում եմ, Դուք ևս առիթ կունենաք համոզվելու, որ այդ բողոքները հիմնականում անհիմն են:

Ուշացումների մասով՝ այդպիսի խնդիր եղել է, որ ֆինանսավորման հետ կապված, պետական բյուջեից ֆինանսավորման հետ կապված առաջին եռամսյակում ուշացումներ եղել են, բայց այսօր արդեն այդ հարցը կարգավորված է և բոլոր մարզիկները, ովքեր որ պետք է մասնակցեն Հայաստանի Հանրապետությունում, Եվրոպայում և աշխարհի առաջնություններին կամ տարբեր մրցումներին իրենց մրցումների, իրենց մեկնումից հինգ օր առաջ կստանան իրենց ֆինանսական աջակցությունը: Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին տարիներին պետական քաղաքականության արդյունքում զգալիորեն աշխուժացել է մարզական կյանքը հանրապետությունում, և մենք գնացել ենք այնպիսի քայլերի՝ 2011թ. ընդունված որոշմամբ, որ ոչ օլիմպիական մարզաձևերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում որևէ ձևով պետական աջակցություն չեն ստանում Արցախում ստանում են: Այդ մարզաձևերից արդյունքներ արձանագրած մարզիկները: Զարգացմանը զուգընթաց խնդիր է առաջացել կարգավորման: Բոլոր այդ տեղեկությունները իմի բերելուց հետո՝ նախատեսել ենք այս շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին հանդիպում մարզիկների և մարզիչների հետ, որտեղ կներկայացվեն  և պետական քաղաքականության մեր հետագա ուղղությունները: Ուզում եմ տեղեկացնել, որ գործում է Արցախի Հանրապետության պետական բյուջեից մարզական հասարակական կազմակերպություններին ֆինանսական աջակցության գումարի չափի ձևավորման կարգ, որը նույնպես կքննարկվի և ըստ անհրաժեշտության նաև կկատարենք փոփոխություն այդ կարգի մեջ:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, Հայկ Խանումյան:

Հայկ Խանումյան – Տիկին նախարար, Ձեզ շնորհակալություն, նախորդին արձագանքեմ: Արցախի ներդրումային հիմնադրամի վերցրված փոխառությունները ամբողջությամբ տրվում ե Կառավարության երաշխիքով, մոտավորապես 200 միլիոն դոլարի Կառավարության երաշխիքների մի զգալի մասը Արցախի ներդրումային հիմնադրամն է վերցրել և հետևաբար, պարոն Մարտիրոսյան, ես հետևելու եմ Ձեր խորհրդին, բնականաբար, դիմելու եմ իրավապահ մարմիններին, բայց թե երբ և որ փուլում դա դեռ կերևա: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Պարոն Խանումյան, երբ արձագանքում եք, արձագանքում եք կոնկրետ հարցին: Հաջորդ հարցը, խնդրեմ Ռոմելա Դադայան, թող պատրաստվի Վիլեն Սաֆարյանը:

Ռոմելա Դադայան – Հարգարժան պարոն նախագահ, սիրելի գործընկերներ, Կառավարության անդամներ: Երկրում յուրաքանչյուր բարելավում՝ բոլոր ժամանակներում դրական որևէ ազդեցություն ունենում են, սակայն երբեք այն անթերի չի լինում: Բացառություն չէին նաև 2008-2014թթ. բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ և բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման որոշումները: Հաշվի առնելով, որ դրանք բարեփոխման անհրաժեշտություն ունեն վերջերս Կառավարությունը հաստատեց ֆինանսական աջակցության տրամադրման նոր կարգ: Ցավոք, կարգում շահառուներից ոչ բոլորին են հասու սահմանված կետերը: Խոսքս Արցախի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամների և քաղաքական իրադարձությունների հետևանքով փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացիների մասին է, ովքեր տարիներ շարունակ կարոտ են ուշադրության և հոգատարության: Հույս ունեի գոնե այս որոշմամբ հերթը իրենց էլ կհասցնի և սեփական տանիք կունենան, սակայն ոչ տարիքային առումով, ոչ կանխավճար մուծելու առումով բարելավումից օգտվել չեն կարող:Երկրու հարց-առաջարկություն ունեմ. 1) Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների և փախստականների համար հնարավո՞ր է կատարել տարիքային արտոնություն՝ պահպանելով կենսաթոշակային սահմանը: Կարգը ուսումնասիրել եմ, ցավոք տարիքային ցենզը չեմ գտել, կարող է լավ չեմ նայել, եթե կարելի է դա էլ ասեք: Հայաստանում այն սահմանված է 70 տարի:

Հաջորդ հարցը՝ հնարավոր է արդյոք ընտանիքում յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով վարկի տարեկան տոկոսադրույքի հինգ տոկոսով սուբսիդավորման չափի մեջ կատարել փոփոխություն: Մեկ և երկու երեխայի դեպքում թողնելով 5, իսկ երեք երեխայի դեպքում 7 տոկոսով: Դրանով՝ կարծում եմ, որոշ չափով կնպաստենք երկրում ծնելիության խթանմանը:

 Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետական նախարար պարոն  Գրիգորի Մարտիրոսյանը, խնդրեմ:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն, հարցի համար: Նոր կարգի համաձայն Ձեր նշած կատեգորիաները ընդգրկված են արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրում և առավելագույն ժամկետ նախատեսված է նրան կենսաթոշակային տարիքի լրանալը դա նախատեսված է կարգով, պահպանվում է նաև արտոնություններ տոկոսագումարի վճարման՝ կոնկրետ 2-րդ և 3-րդ խմբերի՝ զինվորական հաշմանդամներին և փախստականների համար սահմանված է լրիվ  ամբողջ տոկոսավճարի չափով սուբսիդավորում, այսինքն` ըստ էությամբ տրամադրվում է անտոկոս վարկ, բացի դրանից պետությունը սահմանված չափով կատարում է նաև կանխավճարի վճարում, այն դեպքում, եթե տվյալ շահառուն նույնպես որոշ չափով մասնակցում է տվյալ կանխավճարի վճարմանը: Այսպես, եթե շահառուն վճարում է ընդհանուր ձեռք բերվող բնակելի տարածության ասենք 10 տոկոսի չափով՝ պետությունը ևս 20 տոկոսը վճարում է, դրանով նվազեցնում է բեռը հետագա տարիներին սպասարկման համար՝ տվյալ շահառուի համար: Սա առաջին մոսով, երկրորդ մոսով՝ մենք նախկինում չենք ունեցել այսպիսի մոտեցում, որ ընտանիքում երեխաների ծննդյան կապակցությամբ ավելացնենք սուբսիդավորման չափը: Սա նոր մոտեցում է, կարծում եմ՝ արդարացված է: Ինքը ծնելիության տեսակետից նույնպես կարող է հանդիսանալ խթան: Այս պահի դրությամբ նախատեսել էինք հետևյալ մոտեցումը, ինչպես նշեցիք 5 տոկոսի չափով՝ 1-ին, 2-րդ և 3-րդ երեխայի կապակցությամբ: Չորրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տոկոսը սուբսիդավորվում է նույնպես ամբողջությամբ: Հնարավոր է նաև ընթացքում այդ չափերի վերանայումներ, ուղղակի, քանի որ սա նոր մոտեցում է և ընդամենը մեկ ամիս է ինչ կարգը ընդունվել է, կարծում եմ որոշ ժամանակ անց հնարավոր կլինի անդրադառնալ և կարգի բացասական ու դրական կողմերը գնահատելուց հետո անել որոշակի վերանայումներ:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, տիկին Դադայան, խնդրեմ Ռոմելա Դադայան:

Ռոմելա Դադայան – Ես՝ խնդրում եմ, նման պարզաբանում:Ամուսինների տարիքը միացյալ 96 տարի է: Երկուսն էլ արցախյան պատերազմի մասնակիցներ են: Ունեն երեք երեխա: Արդյո՞ք նրանք երբևէ կունենան բնակարան:

Գրիգորի Մարտիրոսյան – Խոսքը հիփոթեքի ծրագրի շրջանակներո՞ւմ: Կարգի համաձայն, ցանկացած անձ կարող է օգտվել, եթե ընդգրկվում է կարգով նախատեսված կատեգորիաներում, մինչև կենսաթոշակային տարիքի լրանալը: Գումարային տարիքը այդտեղ չի հաշվարկվում: Ամուսինների մինչև կենսաթոշակային տարիքի լրանալը՝ իրավունքից կարող են օգտվել:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, պարոն պետնախարար: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Վիլեն Սաֆարյանը, թող պատրաստվի Էրիկ Հարությունյանը:

Վիլեն Սաֆարյան – Հարգելի Կառավարություն, գործընկերներ, ներկաներ: Առաջին հարցս վերաբերվում է հողերի պարտադիր գնահատմանը: Հողերի պարտադիր գնահատումը անհրաժեշտությունը ամրագրված է հողային օրենսգրքի 35-րդ հոդվածի, իսկ ըստ հողի հարկի մասին Արցախի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի անհրաժեշտ է եռամյա պարբերաբար իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում (չի լսվում): Ներկա դրությունում հանրապետությունում գործում է 1998թ. ոչ պատշաճ մակարդակով կատարված աշխատանքների որոշված հիմունքների վրա հողերի կադաստրային գնահատման ցուցանիշները, որոնք բնակչության կողմից մշտական բողոքի տեղիք են տվել: 2007-2008թթ. Հայաստանի Հանրապետության մոնիտորինգ պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվել է հանրապետության գյուղնշանակության հողերի որակական հաշվառման և կադաստրային գնահատման աշխատանքներ, որի դիմաց բյուջեից ծախսվել է 88 ու կես միլիոն դրամ: Սրանց հիման վրա առանձնացվել է հողագնահատման հինգ խումբ: 2009թ. մայիսի 21-ի ԼՂՀ  Կառավարության թիվ 331 N որոշումով վերոնշյալ տվյալները վերահաստատվել են, սակայն որոշման ուժի մեջ մտնելը երեք անգամ մեկ տարով հետաձգվել է: Կատարելով օրենսդրական պահանջները, հիմք ընդունելով հողագնահատման նոր տվյալները, հավասար պայմաններ կստեղծվեն բոլոր հողօգտագործողների համար: Պրակտիկայից հանել միջին ցուցանիշներով հարկ և վարձավճարներ հավաքագրելը:

Հաջորդ հարցս վերաբերվում է, վերջերս հեռուստացույցով ցույց տված ջրաչափական հաշվիչների շնորհանդեսի, որը իմ կարծիքով, պրոբլեմների առկայությունը, փոքր ՀԵԿ-ում ջրօգտագործողների (չի լսվում) որոշ  պատճառով կանգնած են անշրջելի բնապահպանական աղետի շեմին: Արդյոք, հնարավո՞ր է այդպիսի հաշվիչներով հսկել բնապահպանական թոխքը և ե՞րբ հնարավոր կլինի դա կատարել:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն:

Վիլեն Սաֆարյան – Առաջին հարցի վերաբերյալ ես չեմ ակնկալում պատասխան:

Աշոտ Ղուլյան –  Պատրաստ են պատասխանել:

Վիլեն Սաֆարյան – Չէ, պատրաստ չեն պատասխանել: Ասե՞մ ինչի համար:

Աշոտ Ղուլյան –  Պարոն Սաֆարյան, մենք Կանոնակարգ ունենք:

Վիլեն Սաֆարյան – Ես մինչև բարձրանալը Դուք դա միացրել եք:

Աշոտ Ղուլյան –  Ես իմ վարկյանաչափով եմ նայում, պարոն Սաֆարյան: Հիմա 2 րոպե 50 է: Շատ լավ, առաջին հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Հաջորդ հարցը՝ կհայտարարեմ:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն հարցի համար: Իրականում մեծ կարևորություն է ներկայացնում տվյալ հարցը և ժամանակ առ ժամանակ այդպիսի ընդունված որոշման, գործողության մեջ մտնելու ժամկետները երկարաձգվել են: Հիմնականում տվյալ երկարաձգման պատճառ է հանդիսացել, այսպես ասած, հարցի սոցիալական կոնտեքստը նույնպես, որովհետև այդ աշխատանքները, որոնք որ իրականացվել են ժամանակին և այդ նոր կադաստրային արժեքները, որոնք որ սահմանվել են և հիմք պետք է հանդիսանան նաև հողի հարկի բազայի համար՝ կբերեին ընդհանուր, թե հողի հարկի, թե հողի վարձավճարների էական ավելացման: Հետևապես այդ հարցը տարբեր, բազմակողմանի  ուսումնասիրման կարիք ունի և մենք, անպայման, նորից կանդրադառնանք այդ հարցին, կարծում եմ համատեղ քննարկումը Ձեր հետ նույնպես կարող ենք իրականացնել այդ հարցի կապակցությամբ:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք,պարոն Սաֆարյան:

Վիլեն Սաֆարյան - Այո, իհարկե: Պարոն Մարտիրոսյան, ես ուզում էի ասել, որ չեմ ակնկալում հարցի պատասխանը այն առումով, որ հարցը ունի ուսումնասիրման կարիք, բայց որ հարցը հասունացել է՝ միանշանակ պարզ է, այդ առումով ես չէի ուզում լսել այդ պատասխանը, որ դեռևս պետք է ուսումնասիրվի, հենց այդ առումով ես ուզում էի հայտարարել, որ չեմ ուզում լսել, որովհետև այնպես տարբերակներ կան,  նոր գործակիցներ կիրառելը և այլն, և այլն: Երևի, դուք էլ տեղյակ եք, ինչքան ես հարցի պատասխանից հասկացա, ուսումնասիրման և խորհրդակցելու մասնագետների կարիք կա: Դրա համար չէի ուզում հարցի պատասխանը լսել, բայց պարոն Ղուլյանը չթողեց ես հայտարարեմ:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն, մենք համակարծիք ենք և սա ընդունենք ոչ թե հարց, այլ հարցի բարձրացում կամ առաջարկություն, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Երկրորդ հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար, պարոն Ֆելիքս Գաբրիելյանը:

Ֆելիքս Գաբրիելյան – Շնորհակալություն հարցի համար: Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության տարածքում գործում է 21 կառուցման և նախագծային փուլերում են գտնվում 11 փոքր ՀԷԿ-եր: Այդ ստրատեգիական նշանակություն ունեցող ոլորտը կարգավորելու համար 2019թ. նախատեսվում է իրականացնել Արցախի փոքր ՀԷԿ –երի ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված համակարգի ներդրման ծրագիր, որի միջոցով կիրականացվի (չի լսվում) և փոքր ՀԷԿ-երի կողմից ջրօգտագործման ծավալների ավտոմատ, առցանց հաշվառում ապահովելով ընդհանրական կտրվածքով՝ ջրօգտագործման ռեժիմի ծավալների հաշվառումը,հավաքագրումը և էլեկտրոնային եղանակով փոխանցումը: Սույն թվականի՝ փետրվարի 4-ին, նախարարության կողմից իրականացվել է Արցախի ՀԷԿ ընկերության Շահումյանի շրջանի ԼԵ-1 փոքր ՀԷԿ-երի վրա ջրաչափական դիտակետերի տեղադրման շնորհանդես՝ ցուցադրում: Ասեմ, որ, բացի դրանից, համապատասխան միջոցառումներ է անցկացվել: Ձեր հարցում ասեցինք, որ մինչև որ ժամկե՞տը: Նախատեսված է մինչև մայիսի վերջը, որպեսզի այդ մշտադիտարկման համակարգը ստեղծվի, բացի դրանից կա համապատասխան հրաման: Հրամանը հասցվել է բոլորին: Եթե մայիսի վերջին չավարտեն, ուրեմն մենք այդ ջրօգտագործման թույլտվությունը կճանաչենք անվավեր և կանգնեցնենք այդ ՀԷԿ-երը: Մինչև մայիսի վերջը:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք,պարոն Սաֆարյան, խնդրեմ Վիլեն Սաֆարյան:

Վիլեն Սաֆարյան – Ողջունելի ժամկետ է՝ մայիսի վերջը, որովհետև գետերը կանգնած են անշրջելի էկոլոգիական աղետի առաջ, դա միանշանակ է, և ես Ձեր հարցով լրիվ բավարարված եմ, բայց նախկին հարցը՝ լքված հանքավայրերը ռեկուլտիվացիայի վերաբերյալ Ձեր խոստացած պատասխանը դեռևս մինչև հիմա չեմ ստացել: Նոյեմբերի վերջին խոստացել եք:

Ֆելիքս Գաբրիելյան – Կարող եմ հիմա էլ պատասխանեմ, որովհետև մենք ունենք ծրագիր՝ հաստատված ծրագիր, Կառավարության կողմից և այդ ծրագրի համաձայն առաջին հերթին նախատեսված է կոնսերվացված և լքված հանքավայրերի ուսումնասիրությունը և համապատասխան որոշում ընդունելը:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, պարոն նախարար: Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Էրիկ Հարությունյանը, հաջորդը՝ Ալյոշա Գաբրիելյանը:

Էրիկ Հարությունյան – Հարգարժան նախագահ Ազգային ժողովի, հարգելի ներկաներ: Քաշաթաղի շրջանը մեր հանրապետության մյուս շրջաններից տարբերվում է իր բազմազան խնդիրներով և հարցերով: Դրանց մեջ առաջնահերթ տեղ են զբաղեցնում վերաբնակեցման, ճանապարհների և խմելու ջրի հետ կապված հարցերը: Ինչպես գիտենք Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում պետական միջոցներով և Քաշաթաղ բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորմամբ 2018թ. կառուցվել և շահագործման է հանձնվել 52 առանձնատուն, որը տրամադրվել է գյուղի վերաբնակիչներին, իսկ բնակչությունը հասել է մոտ 600-ի: Մեծ է կարևորությունը այդ կենտրոնացված բնակավայրի: Դա ունի թե տնտեսական և թե ռազմավարական մեծ նշանակություն: Առաջին հերթին խթան է հանդիսանում փոքր և միջին բիզնեսի զարգացման և ներդրումների առումով: Նախադպրոցական երեխաների թիվը զգալիորեն մեծ է: Շատ կարևոր է մանկապարտեզ ունենալը, որը նաև կլուծի որոշակի աշխատատեղերի խնդիր: Մեծ է նաև ցանկություն հայտնած մարդկանց թիվը վերաբնակվել Իշխանաձորում: Հարցս հետևյալն է՝ նախատեսվում է, արդյոք նոր բնակարանաշինարարության ծրագիր Իշխանաձորում:

Երկրորդ հարցս վերաբերում է Քաշաթաղի շրջանի Գետափ, Մարտունաշեն և Ձորափ գյուղերին, որտեղ խմելու ջրի հարցը լուրջ խնդիր է: Այդ գյուղերում կան մի քանի ջրհորներ, որտեղից մարդիկ այսպես ասած ջուր են կրում: Բայց Մարտունաշեն համայնքում կա խորքային հոր, որը շահագործված չէ: Անհրաժեշտ եմ համարում կատարել հետազոտական աշխատանքներ  և կազմել նախահաշիվ խորքային հորի շահագործման համար, որը կարող է ապահովել այդ երեք իրար մոտ գյուղերը շատ անհրաժեշտ խմելու ջրով: Հարցս հետևյալն է՝ այս տարի կարող ենք կատարել այդ մասնագիտական աշխատանքները, որպեսզի հետագա տարվա բյուջեի քննարկումներին քննարկվի այս հարցը: Ի դեպ, նշեմ, որ նշված գյուղերում և հարևան Սարատակ գյուղում մեծ անհրաժեշտություն է գյուղերը շրջկենտրոնին կապող տրանսպորտի խնդիրը: Եթե տրամադրվի մեկ ավտոբուս թեկուզ շաբաթական մեկ կամ երկու անգամ երթևեկի Բերձորից մինչև նշված գյուղեր կլուծվի միանգամից չորս գյուղի տրանսպորտի խնդիրը: Այսքանը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, հարցերին պատասխանում է քաղաքաշինության նախարարի տեղակալ պարոն Գեորգի Հայրիյանը, խնդրեմ:

Գեորգի Հայրիյան – Շնորհակալություն հարցի համար: Նախ` Իշխանաձոր համայնքի խմելու ջրի վերաբերյալ տեղեկացնեմ:

Էրիկ Հարությունյան - Բնակարանաշինության վերաբերյալ:

Գեորգի Հայրիյան – Իշխանաձորի բնակարանաշինության վերաբերյալ նման ծրագիր չունենք այս պահին, դեռ չի քննարկվել մեր մոտ: Խմելու ջրի մասով՝ կա հանձնարարություն ուսումնասիրելու Որոտանի  գյուղի  ջուրը, Որոտանից պետք է գա Իշխանաձոր: Գետափ, Մարտունաշեն գյուղերի մասին ոչ մի ուսումնասիրություն չի կատարվել, կուսումնասիրենք և լրացուցիչ կտեղեկացնենք:

Աշոտ Ղուլյան – Տրանսպորտի հետ կապված, Դուք կասե՞ք: Շնորհակալություն: Հարցի երկրորդ մասին պատասխանում է պետնախարար, պարոն Գրիգորի Մարտիրոսյանը: Հետո կարձագանքեք, պարոն Հարությունյան:

Գրիգորի Մարտիրոսյան – Իրականում տրանսպորտով ապահովելու գյուղական համայնքներին՝ հիմնականում դպրոցահասակ երեխաներին տեղափոխելու համար հարցը, Կառավարության ուշադրության կենտրոնում է և այդպիսի նպատակ կա, որովհետև ինքը շատ ավելի քիչ ռեսուրսներով հնարավորություն է տալիս ապահովել երեխաների ընդգրկվածությունը, սակայն նախկինում տվյալ ծրագիրը իրականացվում էր հիմնականում բարեգործական միջոցներով, որոնք այս պահի դրությամբ դադարեցված են և միջոցներ են հայթայթվում կամ այլ բարեգործական աղբյուրներից, կամ դրանց բացակայության դեպքում պետական բյուջեի միջոցների հաշվին տվյալ լուծում տալու համար: Իշխանաձորի բնակարանաշինության մասով ավելացնեմ, որ մեծածավալ, բնակարանաշինություն այս պահի դրությամբ բյուջեով նախատեսված չէ, բայց մենք ունենք վերաբնակեցման շրջանակներում որոշակի ծրագիր՝ նախատեսված թե վերանորոգման, թե որոշ փոքր ծավալների բնակարանաշինության կամ շինանյութերի տրամադրման ծրագիր, որոնց միջոցով, թե Իշխանաձորում, թե այլ համայնքներում վերաբնակեցման ուղղությամբ աշխատանքները ընթացքի մեջ են:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, պարոն Հարությունյան: Չէ: Շնորհակալություն, պարոն պետնախարար: Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, թող պատրաստվի Արամ Սարգսյանը:

Ալյոշա Գաբրիելյան – Շնորհակալություն: Հարգարժան Կառավարության անդամներ, սիրելի գործընկերներ երկու հարց ունեմ: Առաջինը՝ կապված 2018թ. մի քանի հանրային հնչեղություն ստացված դեպքերի, որոնք կատարվել են հանրապետությունում, որի արդյունքում՝ Ազգային ժողովում կյանքի է կոչվել հանրային հնչեղության հանձնախումբ, ես էլ եմ անդամ եղել, կատարել ենք որոշակի աշխատանքներ: Եկել ենք և կանգնել ենք փաստի առաջ, որ քրեակատարողական հիմնարկներում, հատկապես Ճարտարի դեպքերի հետ կապված, կատարվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Արդյունքում, իհարկե որոշակի կադրային փոփոխություններ ընդհանրապես համակարգերում կատարվել է, բայց գործը մնում է նրանում, որ հարցը պետք է համակարգային լուծում ստանա, և այսօր հասունացել է այն հարցը, որ քրեակատարողական հիմնարկները պետք է դուրս գան ոստիկանության համակարգից և տրվեն արդարադատությանը: Այս հարցը բարձրացրել ենք մեկ անգամ և նորից եմ բարձրացում, արդյո՞ք Կառավարությունը ունի նման միտում այդ գործընթացը իրականացնելու համար:

Երկրորդ հարցս վերաբերվում է գյուղատնտեսության ոլորտին: Լավ է, որ գյուղատնտեսության բնագավառում կան բնակչության ծրագրեր, որոնց մասին խոսել ենք, ասել ենք և մատնանշել ենք, որ այդ ծրագրերը հիմնականում որոշակի անձանց, որոշակի մարդկանց է ծառայում: Այն հասու չէ հասարակ հողօգտագործողին, փոքր հողակտոր ունեցողներին կամ միջին բիզնեսով զբաղվող հողագործներին: Առնչվել եմ դրա հետ և կարծում եմ՝ այսպիսի հարցը՝ կոնկրետ, եթե անասնապահության մեջ, շատ ենք խոսել, ում են տալիս, ապա խոսքս գնում է հողագործության բնագավառին: Կա երկու ծրագիր՝ բանջարաբուծության և այստեղ կարգը, որ սահմանել եք՝ անհասանելի է ժողովրդին, մենատնտեսներին: Նույնը նաև ջերմոցային տնտեսությունների հետ: Ես չեմ ցանկանում այսպես մանրացնել, բայց կարծում եմ՝ այն կարգը, որ Դուք դնում եք գնում է մի խումբ մարդկանց՝ աջակցության համար: Ժողովուրդը դուրս է մնում, ծավալի տեսակետից, մասնատվածության տեսակետից, աբսուրդի նման մի բան եք դնում, որոնք որ անհասանելի են: Ես՝ ինքս զբաղվելով այդ գործով, եթ ես անպաշտպան եմ, ապա այն մնացած հասարակ հողագործները ինչպես կարող են պաշտպանված լինել: Ես խնդրում եմ, եթե կա ծրագիր՝ ներկայացնեք:  

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, առաջին հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար, պարոն Արարատ Դանիելյանը, հաջորդը գյուղատնտեսության նախարարի տեղակալը:

Արարատ Դանիելյան – Շնորհակալություն հարցի համար: Պարոն Գաբրիելյան շնորհակալություն Ձեզ, Ձեր հետևողական պայքարի և դիրքորոշման համար և պետք է Ձեզ տեղեկացնեմ, որ այսօր այդ աշխատանքները կատարվում են, Ձեր առաջին հարցի երկրորդ մասով կարող եմ ասել: Քրեակատարողական համակարգը արդարադատության նախարարության փոխանցելու հետ կապված: Այս տարվա Կառավարության գործունեությունում այդ խնդիրը նաև որոշված է, որպես գերակա խնդիր և Հանրապետության նախագահի հանձնարարականով նախատեսված է, որ չորրորդ եռամսյակում, թեկուզ մատնանշում եմ չորրորդ եռամսյակ, բայց դա ծավալուն աշխատանք է: Այսօր էլ կատարվում է այդ աշխատանքը, որովհետև դա մեկ տասնյակից ավել օրենքներ են, բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր են և այդ ուղղությամբ կատարվում են աշխատանքներ: Հույս ունեմ, որ Ձեր օգնությամբ, առավել ևս, այդ օրենսդրական կարգավորումը պետք է կատարվի Ազգային ժողովի կողմից: Այդ հարցը բարձրացրել են մեր փաստաբանները: Այս պահին այդ ուղղությամբ կատարվում են աշխատանքներ:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Գաբրիելյան: Չէ: Շնորհակալություն պարոն նախարար: Երկրորդ հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ, պարոն Տիգրան Առուստամյանը, խնդրեմ:

Տիգրան Առուստամյան – Շնորհակալություն, հարցի համար: Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող բոլոր աջակցության ծրագրերը համաձայնեցվում է շրջանի վարչակազմի հետ և հայտերն ընդունվում են շրջանի վարչակազմի կողմից: Ընդհանրապես, այդ ծրագրի մշակման ժամանակ մենք աշխատում ենք, որ նման ծրագրերը լինեն հասանելի բոլոր հողօգտագործողներին, անասնապահների: Ինձ թվում է՝ խոչընդոտներ չկան, իսկ, եթե ինչ-որ մեկը չի կարողանում օգտվել նշված ծրագրերից, նշանակում է գործող կարգերին չի համապատասխանում գործառույթները:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Գաբրիելյան, խնդրեմ:

Ալյոշա Գաբրիելյան – Ես ներկայացնում եմ փաստ: Հողօգտագործողները, ընդհանուր առմամբ, ունեն մեկ հեկտար տարածք, բայց  իրենց տարածքները մասնատված են սեփականությամբ կամ վարձակալությամբ: Հիմա՝ կարգը այն է, որ մի հողակտորի վրա, դա աբսուրդի նման ի բան է: Մարդը՝ չարչարվում է, Դուք ասում եք, որ պետք է լինի մեկ հողակտորի վրա: Ինչպե՞ս պատկերացնել դա: Ընդհանրապես, դա մասնավոր դեպք եմ ասում:

Տիգրան Առուստամյան – Ուսումնասիրություններ է կատարվում մասնագետների կողմից և նշվում է ինչ-որ մի չափ: Այսինքն` արդյունավետությունը ապահովելու համար: Փոքր հողատարածքներում նշված ծրագրերի իրականացումը մասնագետների եզրակացությամբ, կարող է լինել ոչ արդյունավետ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, շնորհակալություն պարոն Առուստամյան, կարող եք նստել: Հաջորդ հարցի համար հրավիրվում է Արամ Սարգսյանը և  պատրաստվում է Արարատ Օհանջանյանը:

Արամ Սարգսյան – Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, Կառավարության անդամներ, ներկաներ: 2008թ. Արցախի Հանրապետությունում մեկնարկեց պետական աջակցությամբ, հիփոթեքային վարկավորման ծրագիրը, որը, անշուշտ Կառավարության ամենահաջողված ծրագրերից մեկն էր: Տասը տարվա ընթացքում ծրագիրը էական փոփոխությունների չի ենթարկվել, միայն ներդրվել է եկամտային հարկի վերադարձելիության մեխանիզմը: 2018թ. մեկնարկ տվեց սույն ծրագրի կարգի բարելավման, որը, անշուշտ ուներ դրա կարիքը: Նույն կարգով նախատեսվում է վարկավորման տոկոսադրույքը տալ ՀՀ դրամով՝ 12-ից դարձնել 15 այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից սահմանվել են ավելի ցածր տոկոսադրույքներ: Ինչո՞վ է պայմանավորված տոկոսադրույքի բարձրացումը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն: 2019թ. ընդունված՝ նոր կարգի համաձայն, տոկոսադրույքի բարձրացում չի նախատեսված: Առավելագույն դրույքաչափերը, որոնք որ սահմանված են տվյալ կարգով՝ 15 տոկոս դրամի և 12 տոկոս արտարժույթի համար, գործում են, եթե չեմ սխալվում, առնվազն մի քանի ամիս՝ կես տարի և ժամանակին այդ որոշման ընդունումը պայմանավորված էր շուկայում գործող շուկայական տոկոսադրույքներով: Ներկայումս որոշակի նվազման միտում առկա է տոկոսադրույքներում, սակայն ոչ մեծածավալ վարկային ռեսուրսների դեպքում: Այդ նպատակով սահմանվել է այնպիսի մեխանիզմ, որ տվյալ վարկառուն, շահառուն նույնպես շահագրգռված լինի  և տարբեր բանկերի առաջարկվող վարկային պրոդուկտների միջև ընտրություն կատարելու միջոցով ընտրի այն առաջարկը, որը ավելի մատչելի պայմաններ է առաջարկում տվյալ քաղաքացու համար: Յուրաքանչյուր դեպքում առավելագույն չափերը, որ մենք նախատեսել ենք այս կարգով՝ վերանորոգման դեպքում, նույնիսկ նվազեցել են սահմանվելով 18 տոկոսից մինչև 15 տոկոս և սահմանելով համաֆինանսավորման տոկոսադրույք, այդ տրամաբանությունը դրվել է սուբսիդավորման մեջ, որպեսզի շահագրգռի և մարդկանց, և բանկերին նվազեցնելու տոկոսները:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք պարոն Սարգսյան, խնդրեմ Արամ Սարգսյան:

Արամ Սարգսյան – Նոր կարգում հստակ 15 տոկոս է գրված պարոն Մարտիրսյան:

Գրիգորի Մարտիրոսյան – Այո, ես նույնպես ասեցի, որ նոր կարգում հստակ դրված է 15 տոկոս, ինչպես և նախորդ կարգում: Այսինքն` փոփոխություն տեղի չի ունեցել, մենք պահպանել ենք գործող տոկոսադրույքները և ավելացրել ենք պետության համար ֆինանսավորումը: Եվ պետությունը, և շահառուն շահագրգռված են ավելի ցածր տոկոսով վարկեր ձեռք բերելու մեջ: Սակայն, հաշվի առնելով այն, որ մեր այսօրվա վարկային ռեսուրսների շուկայում ոչ բոլոր բանկերն են առաջարկում ցածր տոկոսներ և մենք նպատակ չունենք դուրս մղելու որոշակի մեծ ռեսուրսներ առաջարկող բանկերին այս գործընթացից, սահմանվել է այդ առավելագույն տոկոսը, որպեսզի սահմանափակի հետագայում նույնպես դրանց աճը:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Արարատ Օհանջանյանը, պատրաստվում է Ռիտա Մնացականյանը:

 Արարատ Օհանջանյան – Հարցս վերաբերվում է առողջապահական համակարգին, մասնավորապես` պետության կողմից իրականացնող անվճար բուժօգնությանը: Բոլորիդ հայտնի է, որ ունենք արտոնյալ կատեգորիաներ, որոնք բուժումը և բոլոր հետազոտությունները բոլոր հիվանդանոցներում ստանում են` պետպատվերի հաշվին: Հարցս վերաբերվում է, երևի թե, վերջերս մտցված յամեր հետազոտությանը, կատե և կոմպյուտերային տոմոգրաֆիա հետազոտությանը: Ստանում ենք բազմաթիվ զանգեր, որտեղ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները հարց են բարձրացնում, որ իրենցից գումար են պահանջում տվյալ հետազոտությունը անցնելու համար: Այսինքն, մի կողմից պետությունը երաշխավորում է այդ արտոնյալ կատեգորիաներին, որ նրանք բուժում են ստանալու պետպատվերի շրջանակներում, առանց որևէ վճարի, մյուս կողմից մենք այդ մարդկանց ստիպում ենք, որպեսզի նրանք որոշակի մուծումներ անեն հիվանդանոցներում բուժվելու և հետազոտություններ անցնելու համար: Ինչքանով’վ է համապատասխանում մենք օրենքին: Մոտավորապես գիտեմ պատասխանը` ես խոսացել եմ նախարարի հետ, երևի թե պարզաբանում է պետք հանրության համար, որպեսզի մարդիկ հասկանան ի՞նչի համար են փող մուծում: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար, պարոն Արայիկ Բաղրյանը, խնդրեմ:

Արայիկ Բաղրյան – Շնորհակալություն հարցի համար: Նշեմ, որ ՄՌՏ  հետազոտությունը 2018թ. դեկտեմբերից ենք սկսել Արցախի Հանրապետությունում իրականացնել, մինչ այդ բոլոր հետազոտվողները ուղեգրվում էին Հայաստանի Հանրապետություն: Առողջապահության նախարարության կողմից տրվում էր ուղեգրեր և տվյալ անձը` ում անհրաժեշտ էր այդ հետազոտությունը, ծախսում էր ավելի շատ գումար, քան այսօր Արցախի Հանրապետությունում: Այդ հետազոտության համար ամրագրված է վճարման հետ կապված, բայց տեղեկացնեմ, որ բոլորի համար` կլինեն սոցիալապես անապահովներ, թե որոշակի կարգերից օգտվող քաղաքացիներ, անհետաձգելի դեպքերը թե Կատեի, թե ՄՌՏ-ի համար անվճար են, իսկ Կատեի համար վճարովի ծառայությունները պետությունը սուբսիդավորում է 60 տոկոս, 40 տոկոսը քաղաքացին, եթե պլանային դեպքեր են: ՄՌՏ հետազոտության համար վճարում է 50 տոկոս, 50 տոկոսը պետությունը: Այսինքն` Հայաստանի Հանրապետության գներից սահմանված: Վերցրել ենք միջին գնացուցակ և ամրագրել այստեղ գները: Նորից նշեմ, որ անհետաձգելի դեպքերը բոլորի համար անվճար են:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, Արարատ Օհանջանյան:

Արարատ Օհանջանյան – Պարոն նախարար, խոսքս անհետաձգելի դեպքերի մասին չէ, խոսքս վերաբերվում է պլանային հետազոտությունների համար: Այսինքն, ստացվում է 1-ին խմբի հաշմանդամը և սովորական քաղաքացին` ոչ մի արտոնություն չունեցող սովորական քաղաքացին, որին ուղեգրել է տեղամասային բժիշկը նույն կարգավիճակում են: Այսինքն, պետք է կատարեն նույն ձևի մուծումներ պետք է անեն` պլանային հետազոտություն անցնելու համար:

Արայիկ Բաղրյան – Այս պահին, ինչպես մատնանշեցի նման ձև է, բայց ապագայում` մարտ ամսին, նախատեսվում է վերանայել այն քաղաքացիները, ովքեր որ չունեն ոչ մի կատեգորիա` սոցիալապես անապահովության կամ հաշմանդամության կարգ, իրենց համար լինելու է 100 տոկոս վճարովի:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն նախարար: Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Ռիտա Մնացականյանը, թող պատրաստվի Լյուդմիլա Բարսեղյանը:

Ռիտա Մնացականյան – Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան ներկաներ: Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցությանն են դիմել Արցախյան ազատամարտում մահացած  մի խումբ կանայք` այրիներ և ծնողներից: Նրանց հուզում և վիրավորում է այն հանգամանքը, որ 28 տարի առաջ սահմանված նպաստի չափը առայսօր չի փոխվել` 15 հազար դրամ: Նրանք հիշեցնում են, որ այդ արանքում, մի քանի անգամ բարձրացրել են աշխատավարձեր, թոշակներ, սակայն նպաստի չափը մնացել է նույնը: Նրանք մատնանշում են գների բարձրացում` մի քանի անգամ և այս նպաստի չափի անհամապատասխանությունը իրենց ապրելակերպին: Նրանք խնդրում և պահանջում են բարձրացնել նպաստի չափը: Հնարավոր է արդյո՞ք վերանայել և բարձրացնել նպաստի չափը վերանշյալ մարդկանց համար:

Երկրորդ հարցս` ԼՂՀ Բռնադատվածների մասին օրենքում հստակ նշվում է, թե ով է համարվում բռնադատված, այդ թվում` Ադրբեջանի հետաքննական և նախաքննական մարմինների կողմից պահվել է անազատության մեջ: Այսօր կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կամայականորեն ձերբակալվել են, պահվել Շուշիի կամ Ադրբեջանի այլ բանտերում` ենթարկվել դաժան կտտանքների, սակայն չեն ստացել կարգավիճակ: Ի՞նչ հիմքերով են մերժվել նրան դիմումները` իրենց բռնադատվածի կարգավիճակ տալու համար: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է աշխատանքի և սոցիալական ապահովության,  վերաբնակեցման հարցերի նախարար, պարոն Սամվել Ավանեսյանը:

Սամվել Ավանեսյան – Շնորհակալություն հարցի համար: Տիկին Մնացականյան Դուք ճիշտ նշեցիք, որ թե վերջին 28 տարվա ընթացքում, թե ցանկացած ժամանակահատված, եթե վերցնենք մշտական վերանայվել են տարբեր վճարների չափեր` սկսած աշխատավարձից, մինիմալ աշխատավարձ, աշխատավարձների բարձրացում, թոշակներից, դրամական օգնություններ: Դուք տեղյակ եք, որ այդ ամբողջ փաթեթը մշտական վերանայման ենթակա է: Եթե միայն այդ ամբողջ փաթեթից ինչ-որ մի նպաստի տեսակ չի վերանայվել, ինձ չի թվում, որ այդ ընտանիքները իրականում շատ լուրջ տուժվում են, հաշվի առնելով, որ մյուս վճարները` տարբեր տեսակի, որոնք որ տրամադրվում են նման ընտանիքներին, նրանք պարբերաբար բարձրացվում են: Ինչ վերաբերվում է նպաստի բարձրացմանը` մշտական այդ հարցը օրակարգում է, հնարավորության առկայության դեպքում.  նաև նշեմ` այսօր ներկայացրած նախագիծը, որը լրացուցիչ ծախսեր է ենթադրում պետական բյուջեի կողմից իրականացնելու: Մշտական այդ հարցերը օրակարգում են և հնարավորության առաջին իսկ դեպքում ամեն ինչը` դրույքաչափերը, թե չափերը վերանայվում են: Բողոքն է, երևի, ավելի շատ դրանք առաջարկություններ են, որովհետև եթե բողոքում են՝ դա նշանակում է, որ հաշվի չեն առնում՝ մյուս վճարները ի՞նչի չեն բարձրացվում, բայց նորից եմ ասում հնարավորության դեպքում, իհարկե, առաջին հերթին նման կատեգորիա քաղաքացիներին տրամադրվող տարբեր նպաստներ և վճարներ վերանայվում են և կվերանայվեն:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք տիկին Մնացականյան, շնորհակալություն: Երկրորդ հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանը:

Արարատ Դանիելյան – Շնորհակալություն հարցի համար: Բռնադատվածների հետ կապված հարցերը կարգավորում է համապատասխան օրենքով: Այդ օրենքը ընդունվել է, ինչքան հիշում եմ, 2000թ. սկզբին: Նման օրենք կա նաև Հայաստանի Հանրապետությունում: Օրենքի անվանումն է` բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի վկայական տրամադրվող հանձնաժողով կամ այդ օրենքը կարգավորում է այդ հարցերը: Այս վերջին` 6 տարիների ընթացքում, մեզ դիմողներ եղել են, բայց ես չեմ հիշում, թե մերժված լինի այդ կարգավիճակ տալու համար: Օրենքում` 7,8 տարի գործածելուց հետո, կատարվել է փոփոխություն և համապատասխան հոդված է մտցվել` կապված մեր ազատագրական շարժման ժամանակ քաղաքացիների բռնադատված լինելու կապակցությամբ: Խնդիրը կայանում է նրանում, որ բացի դիմումից, երկու նկարից և անձնագրի պատճենից, բացի, բռնադատվածի կարգավիճակ ունեցող քաղաքացին պետք է դիմի դատարան, այսինքն` դա նշանակում է, որ նա եղել անազատության մեջ տարբեր բնակավայրերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս, բայց այդ մարմինների կողմից, դա օրենքում է նշված, պետք է լինի համապատասխան փաստաթուղթը` դատարանի վճիռը… այդ պատճառով պահանջվում է դատարանի որոշում: Այսինքն` մեր շրջանային այդ առաջին ատյանի դատարանի նստավայրերում գործեր քննում են, վկաներին հարցաքննում են, լսում են և վերջում վճիռ են կայացնում և փաստաթղթերի հետ ներկայացնում են մեր հանձնաժողով: Այս տարիների ընթացքում չեմ հիշում դեպք, որ հիմնավորված այդ փաստաթղթերը ներկայացված լինի և որևիցե մեկին բռնադատվածի կարգավիճակ տված չլինի: Մոտավորապես 285 քաղաքացի ունեն այդ կարգավիճակը:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք տիկին Մնացականյան: Ռիտա Մնացականյան:

Ռիտա Մնացականյան – Կոնկրետ մարդկանց ցուցակը կա ինձ մոտ, որոնք դիմել և մերժվել են, նրանք կարո՞ղ են նորից դիմել:

Արարատ Դանիելյան – Այո: Կդիմեն մենք կբացատրենք կարգը, որովհետև եթե կապված է վկաների հարցաքննության հետ, մենք այդ լիազորությունը չունենք: Երևի, նրանք դիմել են` տարիներ առաջ, դատարանի որոշում չկար, դրա համար խնդիր է առաջացել: Նաև այլ աղբյուրների միջոցով այդ ստուգումները իրականացվում են: Շատերը եղել են ակտիվիստներ և գիտեն, որ այդ պայմանները պետք է հստակ լինեն, որպեսզի անորոշություն չլինի: Ինքը` իրոք եղել է բռնադատված, թե` ոչ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն նախարար:

Արարատ Դանիելյան – Մեկ ավելացում` մենք ունենք հայտնի քաղաքական գործիչներ, ովքեր, որ գիտեն` կա որոշում և Ռոստովում, և Սարատովում, որ մեկ ամիս պահել են և այսօր այդ կարգավիճակը էլի չունեն, չեն դիմել, չունեն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ հարցի համար հրավիրվում է Լյուդմիլա Բարսեղյանը: Պարոն Ավանեսյանը հանում է հարցը և եզրափակիչ հարցով` Վահրամ Բալայան:

Լյուդմիլա Բարսեղյան – Վերջերս բողոքներ եմ ստացել, հիմնականում ցածր աշխատավարձերի պատճառով համատեղության կարգով աշխատողների, ինչպես նաև պարտադիր զինծառայողների և զոհվածների ծնողներից, ովքեր դրոշմանշային վճարները` ժողովրդի մեջ ասած, համարում են անհրաժեշտություն, սակայն դժգոհ են այդ վճարների ետ վերադարձման կարգից: Այս առումով բյուրոկրատական քաշքշուկը առաջացրել է այնպիսի մեծ դժգոհություն, որ որոշ աշխատողներ հրաժարվել են մուծած գումարի հետ վերադարձումից: Ժամանակի սղության պատճառով չեմ ուզում թվարկել բոլոր փաստաթղթերը և նրանց պատրաստման պրոցեսը, որը շատ ծանր է: Փաստաթղթերը հավաքելուց հետո, քաղաքացին պետք է մտնի հազար պլյուս ամ կայք և լրացնի բոլոր հարցերի պատասխանները, եթե չես կարող օգտվել համացանցից դիմում ես առանց այդ էլ ծանրաբեռնված հաշվապահին: Կան հիմնարկներ, որտեղ երեսունից ավելի համատեղության կարգով աշխատողներ կան ու պատկերացրեք կամ այցելում ես Արցախփոստ բոլոր հավաքած փաստաթղթերը հիմնադրամ ուղարկելու համար, իհարկե գրանցված նամակով: Եթե բոլոր փաստաթղթերը ճիշտ են լրացված` երկու շաբաթից հետո վճարը հետ է վերադարձվում աշխատողի բանկային հաշվին, եթե` ոչ, կրկնվում է նույն քաշքշուկը: Համոզված եմ, որ հնարավոր է աշխատավայրերում ունենալ զոհվածների և պարտադիր զինծառայողների վերաբերյալ փաստաթղթեր, որպեսզի գանձումները իրենց հարազատներից չկատարվի: Ընդհանրապես, այդ գործառույթները հեշտ իրականացնելու համար պետք է ունենանք տվյալների բանկ: Հարցս հետևյալն է: Եթե դրոշմանշային վճարը համատեղության կարգով աշխատողին տարեվերջին հետ է վերադարձվում, հնարավոր չէ այն գանձել միայն հիմնական աշխատավայրից: Կարծում եմ` Ձեր պատասխանը կլինի, որ մենք չենք մշակում այդ կարգը, բայց ես ակնկալում եմ, որ  բարձրացված հարցը կքննարկվի: Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների հետ այդ գործընթացը վերամշակելու նպատակով: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար պարոն Արթուր Հարությունյանը, խնդրեմ:

Արթուր Հարությունյան – Շնորհակալություն հարցի համար: Իրականում այդ գործընթացը, Դուք ճիշտ նշեցիք` սահմանվում է օրենքով, որը համահունչ է Հայաստանի Հանրապետության նույնանման օրենքի հետ և այդ գումարները, մենք բոլորս գիտենք, որ մուտքագրվում է այդ հիմնադրամի հաշվին, այսինքն` մենք առանձին Արցախի Հանրապետությունում չունենք նման հիմնադրամ: Գումարները նույնպես հետ են վերադարձվում Հայաստանի Հանրապետության այդ հիմնադրամից: Ինչ վերաբերվում է այդ գործընթացին, իհարկե, այստեղ վարչարարական որոշակի խնդիրներ կարող են առաջանալ, երբ որ ոչ թե գանձենք միանգամից այդ 100 դրամները, այլ համատեղությամբ աշխատելու դեպքում` հիմնական աշխատանքից միայն գանձենք: Այստեղ կարող է խնդիրներ առաջանալ վարչարարական, որովհետև միևնույն մարդը հիմնական աշխատանքը հիմնավորելու համատեղությամբ նաև աշխատելու հիմնավորումները, ավելի շատ փաստաթղթաբանություն ենք անելու, քան այս պահին: Հիմնականում պրակտիկան դա է ցույց տալիս: Եթե մարդը աշխատում է 3,4 տեղ և այդ փաստաթղթերը հավաքագրել է, պայմանագրերը, վճարված գումարների հավաքագրել, ներկայացնել համապատասխան մարմիններին որոշակի, ավելի շատ բարդություններ է առաջացնում: Իսկ   կարգը համատեղ քննարկելու և Հայաստանի Հանրապետության այնտեղ փոփոխություն անել դեպքում, բնականաբար մենք էլ ենք անելու այդ փոփոխությունը:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք տիկին Բարսեղյան: Լյուդմիլա Բարսեղյան:

Լյուդմիլա Բարսեղյան – Բայց ինչո՞ւ պետք է համատեղության կարգող աշխատողները հավաքեն այդ փաստաթղթերը: Ես առաջարկում եմ միայն հիմնական աշխատողից գանձեն:

Արթուր Հարությունյան – Կան աշխատողներ, որտեղ որ հիմնական աշխատանքը առանձնացնելը անհնար է: Ձեր ասածը դեպքերում կան դեպքեր, որ հնարավոր է առանձնացնել հիմնական աշխատանքը տվյալ անձի հիմնական աշխատանքը, բայց կան մարդիկ, որ աշխատում են հինգ տեղ և այստեղ հիմնական աշխատանք առանձնացնելն է բարդ, որ մի տեղ պետք է գանձվի:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն նախարար: Եզրափակիչ հարցի համար` Վահրամ Բալայան:

Վահրամ Բալայան – Իմ հարցերը վերաբերվում է բնակչության տրանսպորտային միջոցներին: Ինչպես ասում են` աչք է շոյում, որ մեր քաղաքում` աջափնյակ թաղամասում բավականին ակտիվ շինարարական աշխատանքներ են ծավալվում, բնակչությունը շատանում է, բայց դրա հետ միասին կա հիմնախնդիրներ: Բնակչության մոտ կա դժգոհություն, որ այդ հաճախականության հետ կապված տրանսպորտի, երեխաները խմբակներ են հաճախում, այնտեղ են աշխատում կամ այնտեղից են գալիս այստեղ աշխատում այս խնդիրները այստեղ կան: Երկրորդը` գյուղերում մեր քաղաքացիների մի մասը սեփական մեքենաներ են ձեռք բերել, որը նույնպես ողջունելի է, բայց դրանից նոր խնդիրներ է առաջանում: Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում ձեռք բերել այդ մեքենաները, նախկին հասարակական տրանսպորտից օգտվելու հետ կապված, խնդիրներ է առաջանում: Եթե, նախկինում ամեն շաբաթ դեպի Ստեփանակերտ տրանսպորտային երթևեկություն կա, հիմա` մեկ կամ երկու անգամ: Կառավարությունը ինչպե՞ս է տեսնում այս երկու հարցերի լուծումը: Շնորհակալություն

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, պարոն Տիգրան Թորոսյանը:

Տիգրան Թորոսյան – Շնորհակալություն հարցի համար: Տրանսպորտային գրաֆիկի հետ կապված նշեմ հետևյալը: Ստեփանակերտ քաղաքում քաղաքային տրանսպորտի ծառայությունը իրականացնում է մեկ մասնավոր ընկերության և հիմնադրամի կողմից ստեղծված հիմնարկ ձեռնարկության միջոցներով: Վերջինս ֆինանսական ծանր իրավիճակների մեջ հայտնվելու պատճառով` հարց է առաջացել և հարցին տալ ինչ-որ լուծում: Ներկա դրությամբ քննարկումներ են գնում նոր օպերատորների ներգրավելու հարցը: Ինչ վերաբերվում է հարցի 2-րդ մասին նշենք հետևյալը: Տվյալ սուբյեկտները, որոնք իրականացնում են կանոնավոր երթուղիներ, ճիշտ նշեցիք, սեփական մեքենաների ավելացման պատճառով հայտնվել են ոչ եկամտաբեր վիճակում և նույնիսկ ամեն շաբաթ դիմում են մեզ` օրերի կրճատման կամ լրիվ հրաժարվելու խնդրանքով: Ներկա դրությամբ այդ հարցի լուծման համար գնում են քննարկումներ` հաստատագրված վճարների կրճատման, ճանապարհային մասհանումների կրճատման հետ կապված: Հիմք ընդունելով այն փաստը, որ կանոնավոր երթուղիներով զբաղվող սուբյեկտները իրենից ներկայացնում է ստրատեգիական նշանակություն ունեցող` պատերազմական վիճակները հաշվի առնելով: Մենք նույնպես շահագրգռված ենք այդ միակ տրանսպորտային ցամաքային ծառայությունը, որը մեր հանրապետությունում, կարելի է այսպես ասել, երակն է` պահել անխափան վիճակում և ինչ-որ տեղ պետական աջակցության կարիք է զգում: 

Աշոտ Ղուլյան –Արձագանքո՞ւմ եք պարոն Բալայան: Շնորհակալություն պարոն Թորոսյան:

Հարգելի գործընկերներ, մենք այսքանով` ավարտում ենք Կառավարության հետ հարց ու պատասխանի մեր օրակարգային հարցը: Ամփոփելով ուզում եմ ասել, որ հարցերի համար գրանցվել են 12 պատգամավոր, հարցերը հնչեցրել են 11 պատգամավոր, ընդհանուր առմամբ հնչել է 19 հարց և բոլոր հարցերին տրվել են անհրաժեշտ պատասխաններ և պարզաբանումներ: Այսքանով` ավարտում ենք այս հարցն էլ: Ուզում եմ, պատգամավորական կազմի անունից շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին` պետնախարարի գլխավորությամբ, Կառավարության անդամներին ու նրանց փոխարինողներին: Մինչև նոր հանդիպում: Շնորհակալություն:

          Աշոտ Ղուլյան – Հարգելի գործընկերներ, մենք հիմա անցնում ենք մեր օրակարգային վերջին հարցին` պատգամավորական հայտարարություններին ժամն է, և պատգամավորներին խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Էրիկ Հարությունյան, Հայկ Խանումյան, Գագիկ Բաղունց, Ռոմելա Դադայան, Վարդգես Բաղրյան, Դավիթ Իշխանյան, Ռոբերտ Ղահրամանյան, Ալյոշա Գաբրիելյան, Արպատ Ավանեսյան, Արամ Գրիգորյան, Գեղամ Ստեփանյան, Արթուր Թովմասյան: Բոլորիդ հիշեցնում եմ` 3 րոպե ժամանակ: Պատգամավորական հայտարարության համար հրավիրվում է պատգամավոր Էրիկ Հարությունյանը, թող պատրաստվի Հայկ Խանումյանը:

Էրիկ Հարությունյան - Հարգելի ներկաներ, խոսքս վերաբերում է մեր կրթության ոլորտին և առաջին հերթին բնագիտական առարկաների մասնագետների բացակայությանը: Եթե Ստեփանակերտում և շրջկենտրոններում մեծ հաշվով այդպիսի խնդիր չկա, նշեմ, որ շրջաններում գյուղերում շատ կան ուսուցիչների պակաս, Եվ ոչ միայն բնագիտական առարկաների, այլ բոլոր առարկաներից: Մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք կրթությանը, կրթության որակին, որովհետև ամեն ինչ սկսվում է կրթությունից, դպրոցական կրթությունից: Կրթության հիմքը դա դպրոցական կրթությունն է: Ժամանակին Ճապոնիայի վարչապետին հարցրել են, որն է ձեր երկրի աննախադեպ հաջողության գաղտնիքը, նա ասաց մենք տվել ենք դպրոցական ուսուցչին նախարարի չափ աշխատավարձ, պատգամավորի չափ կարգավիճակ և կայսրի չափ պաշտամունք: Ճիշտ է մենք չենք կարող այսօր համեմատվել Ճապոնիայի հետ, բայց որ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտություն կա, դա մենք տեսնում ենք: Ուսուցիչը պիտի շահագրգռված լինի նորմալ ուսուցանել իր դասը, ոչ թե ժամանակ սպանի ժամը անցկացնելու համար: Համալսարան ավարտած նոր մասնագետները պետք է ապահովված լինեն նորմալ ժամերով և նորմալ աշխատավարձով, ոչ թե թողնեն գնան խոպան կամ չգիտեմ որտեղ: Եթե աշակերտը դպրոցական կրթությունը նորմալ չանցնի, նա չի կարող հետագայում դառնալ լավ բժիշկ, լավ տնտեսագետ և ուրիշ մասնագիտության տեր: Ամեն ինչ սկսվում է դպրոցական կրթությունից: Հարգելի գործընկերներ բերեք մեծ ուշադրություն դարձնենք կրթությանը, կրթության ոլորտի ֆինանսավորմանը: Այսքանը, Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Հաջորդ հայտարարությունը Հայկ Խանումյանինն է, թող պատրաստվի Գագիկ Բաղունցը:

Հայկ Խանումյան - Հարգելի ներկաներ, Այս շենքում մենք բազմաթիվ անգամ խոսել ենք Արցախի դեմոգրաֆիական խնդիրներից, Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը նույնիսկ խոստացել էր այս ոլորտին վերաբերող նոր հայեցակարգ ներկայացնել: Մենք մտածում ենք բնական աճը խրախուսող նոր ծրագրերի մասին և կարևորում ծնելիության աճը, սակայն ակնհայտ է, որ թերբնակեցված շրջաններն ու համայնքները կենսունակ դարձնելու համար մենք հենց այսօր կարիք ունենք բնակչության: Հետևաբար` այս խնդրի լուծումը կարող է լինել առավելապես բնակչության մեխանիկական աճի միջոցով, որը տարիներ շարունակ իրականացվել է վերաբնակեցման ծրագրերով: Այս խնդիրը առաջնահերթություն է ձեռք բերում վերջին տարիներին Արցախից բնակչության անօրինակ արտագաղթի ֆոնին:

Ինչպե՞ս ենք իրականացրել վերաբնակեցումը: Հիմնականում առաջարկել ենք որոշակի արտոնություններ, սոցիալական որոշակի փաթեթ որոշակի շրջաններում: Ես չեմ ուզում քննարկել, թե 90-ականներին կամ 2000-ականներին ինչպես է ընթացել այդ գործընթացը, սակայն ուզում եմ մի քանի կարևոր սկզբունքի մասին բարձրաձայնել: Վերաբնակեցման գոտի պետք է դիտարկել ամբողջ Արցախը: Մարդկանց պետք է առաջարկել ոչ թե փոքրիկ օգնություններ, այլ պայմաններ ստեղծել մարդկանց գործունեության համար:

Հսկայական ներուժ ունեցող Արցախի տարածքն այսօր տառապում է ապաշնորհ կառավարումից, որոշ շրջաններում կառավարման ֆեոդալական մոտեցումներից: Տարիներ շարունակ Արցախի այսօրվա իշխանությունը վերաբնակեցման ծրագրերն իրականացնելիս շեշտը դրել է ոչ թե ամուր, ուժեղ ընտանիքներ, ընտանեկան տնտեսություններ խթանելու վրա, այլ մի քանի հոգու կողմից հազարավոր հեկտարների մշակումն ապահովելու վրա: Արցախի ներկայիս իշխանությունները թերբնակեցված, բայց հողերով հարուստ համայնքների բնակիչներին դիտարկել են միայն որպես էժան աշխատուժ, հնարավորինս փորձել են ոտնահարել նրանց իրավունքները և վերածել նրանց վարչական ռեսուրսի ուղղորդմամբ քվեարկող զանգվածի: Պայքարել են ինքնաբավ ընտանիքների դեմ, հասել նրանցից շատերի հեռանալուն, օրենսդրական բացերի և իրավական մանիպուլյացիաների միջոցով զանգվածաբար խլել են մարդկանց կողմից տասը տարուց ավելի մշակվող հողերը, ստեղծել խոշոր պաշտոնյա հողատերերի կաթսա, որը վերաբնակեցման ծրագրերն օգտագործում է խոշոր հողակտորների վրա էժան աշխատուժ ապահովելու նպատակով: Շրջեցեք Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Քաշաթաղի հողերով հարուստ համայնքներով, տեսեք թե ինչպես է գյուղացին լրացուցիչ հեկտար հող ստանալու համար հանդիպում չհաղթահարվող արգելքների: Ուղարկեք հարցումներ համայնքապետերին և կտեսնեք, որ համայնքային ջրովի հողերի զգալի մասը պատկանում են նախկին վարչապետին, պաշտպանության փոխնախարարին, այս կամ այն վարչակազմի ղեկավարին կամ կասկածելի հիմնադրամների, որոնց տակ էլի նույն մարդիկ են թաքնված: Ուսումնասիրելով փաստաթղերը՝ կտեսնեք, որ այդ մարդիկ համայնքային հողերի մեծ մասը ձեռք են բերել իրենց պաշտոնավարության շրջանում:

Ժողովրդագրական ասպարեզում ճգնաժամը մենք կարող ենք հաղթահարել միայն այն ժամանակ, երբ սեփական համայնքում ապրող բնակիչը կկարողանա արժանապատիվ կյանք ստեղծել, հարստանալ իր տնտեսության միջոցով: Ոչ մեկն իր երեխային այստեղ չի պահի, որ դառնա այս կամ այն խոշոր հողատիրոջ բատրակը: Նմանապես ոչ մեկը չի գա այստեղ բնակվելու իր ընտանիքի համար նման հեռանկարով:

Կա հստակ խնդիր, մենք պետական բյուջեի, Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով և ՀՀ հետ գործակցությամբ պետք է տարեկան 200-250 կմ որակյալ ճանապարհ կառուցենք, առաջնահերթ Ստեփանակերտ-Մարտակերտ, Ասկերան-Ակնա-Մարտունի, Բերձոր-Միջնավան, Միջնավան-Ագարակ, Կապան-Կովսական, Կոռնիձորն ու Խնձորեսկը Քաշաթաղին կապող ճանապարհները, Հադրութի տարբեր ձորակներ այս մայրուղիներին կապող ճանապարհները: Այս համայնքներում մենք պետք է կարողանանք նորմալ դպրոցական կրթություն առաջարկել և կտեսնենք, որ լրացուցիչ այլ ծրագրերի կարիք չկա: Ամենակարճ ժամանակահատվածում այս համայնքները թռիչքային զարգացում են ունենալու: Ժամանակի սղությունը թույլ չի տալիս ծավալվել, շնորհակալություն:

     Աշոտ Ղուլյան – Պատգամավոր Գագիկ Բաղունց, հաջորդը Ռոմելա Դադայան:

          Գագիկ Բաղունց – Հայաստանի հանրապետության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների վերջին ժամանակներս հաճախակի դարձած այցելություններն Արցախ վկայում են ղարաբաղյան դիմակայության մթնոլորտում կախված բազմաթիվ հարցերի պատասխանների ակտիվ որոնումների մասին: Եվ նրանից, թե որքան կոնսոլիդացված և ողջամիտ կկարողանանք մենք պատասխանել այդ հարցերին, կախված է մեր պետականության լինել-չլինելը: Հայաստանի հանրապետության ղեկավարության փորձերը՝ դուրս գալու բանակցային գործընթացից եւ տեղը զիջելու արցախյան կողմին, արդեն այժմ մեզ դնում են պահանջների եւ զիջումների ներդաշնակեցման համալիր մոտեցում մշակելու անհրաժեշտության առջև: Ինչպես նաև իրականացնելու մտածված եւ հավասարակշռված քաղաքականություն, որպեսզի բնակչությունը պատրաստ լինի հնարավոր պատերազմական գործողություններին: Ոչ պակաս կարեւոր է երկրի ներքին կառույցի հետ կապված հարցերի համալիրը, որը պահանջում է շուտափույթ եւ լայն հանրային դիսկուրս: Այդ հարցերը, հատկապես սուր են երեւում Հայաստանում թավշյա հեղափոխության համապատկերում: Գնալով դժվարանում է միասնական տնտեսական տարածքում պետական և մասնավոր սեփականության նկատմամբ երկու տարբեր մոտեցումները, հակակոռուպցիոն պայքարի եւ սոցիալական քաղաքականության էական տարբերությունների համատեղումը: Հայաստանում հասարակության ավելի ու ավելի բեւեռացումը սեւի եւ սպիտակի նաև մեզնից է պահանջում մեր ընդհանուր պատմությանը ընկալման, պետական շինարարության այս կամ այն սխալների համար պատասխանատվության հարցերում կողմնորոշվել: Հստակ դիրքորոշում է պահանջում դրսից մեզ պարտադրվող ամենատարբեր աղանդների, սեքսուալ փոքրամասնությունների գաղափարախոսությունների թույլատրելի սահմանի որոշումը:

Արցախյան քաղաքական իրողությունների համար անսովոր շուտ մեկնարկած նախագահական կամպանիան իր մեջ ներառնում է հնարավորություն ինչպես հասարակությունը մղելու միջկուսակցական եւ կորպորատիվ հակասությունների հորձանուտ, այնպես էլ մշակելու գաղափարական պլատֆորմ, որի շուրջ հնարավոր կլինի համախմբել հասարակությանը՝ հստակ գծված նպատակ ունենալով քաղաքակիրթ, ժողովրդավարության բարձր չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացումը:

Օգտվելով հնարավորությունից, կուզենայի դիմել մեկնարկած եւ մեկնարկի պատրաստվող քաղաքական ուժերին՝ կոչ անելով ամբողջ քարոզչական կամպանիայի ընթացքում հավատարիմ մնալ  ռազմավարական ուղեգծին՝ պահպանելու  ներքաղաքական կայունությունը եւ ապահովելու ազգային անվտանգության առաջնահերթությունները:

 

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ հայտարարությունը՝ Ռոմելա Դադայան, թող պատրաստվի Վարդգես Բաղրյանը: Խնդրեմ՝ ընկեր Դադայան:

Ռոմելա Դադայան – 21-րդ դարը տեղեկատվական տեխնոլոգիաների դար է, զարգացման և առաջխաղացման դար է: Այդ առաջընթացից զերծ չի մնացել նաև Արցախը: Այսօր սոցցանցերը դարձել են անհրաժեշտություն  և պահանջ  մեծերի և փոքրերի համար:

Իհարկե, ողջունել է յուրաքանչյուր ընտանիքում համացանցի և նրա բազում  հնարավորությունների մուտքը: Խոստովանենք նաև, որ այն իր բացասական ազդեցությունն ունի մի շարք առումներով: Մտահոգությունս երկրի  ապագան է, նոր սերունդը: Բազմիցս խոսել և համոզված ենք եղել,որ ընտանիքի, դպրոցի և հասարակության կուռ միասնության արդյունքում կունենանք  դաստիարակված, ուսյալ ու հայրենասեր սերունդ ու չենք սխալվել, սակայն հողը փախչում է մեր ոտքերի տակից ու մենք անտարբեր ենք:

Թե մեծ, թե փոքր հետևում ենք սոցցանցերին` ակնկալելով կարդալ հասուն մտքեր, ծանոթանալ նորություններին, ուսանել և ուսուցանել, ուրախանալ և ոգևորվել, քննադատել և լինել սկզբունքային, տեղյակ լինել աշխարհի անցուդարձին,կարելի է դեռ երկար թվարկել:

Ցավոք, կարծում եմ` բոլորդ եք նկատել, որ սոցցանցերը  այսօր դարձել են բամբասանքի, ասեկոսների,  անվայել ու անբարո  արտահայտությունների, թացը չորին խառնելու, մեծ ու փոքր չճանաչելու խառնիճաղանջ հարթակ: Էլ չենք խոսում դիմակավորված ու անդեմ մարդկանց` ֆեյքերի մասին, որոնք չարիք են հասարակության բոլոր բնագավառների համար: Միթե  տքնանքով ու թանկ գնով  պետականություն ենք  կերտել շատ հեշտությամբ չարի ու թշնամու բաժին  դարձնելու համար:

Գուցե մի քիչ խրատական է հնչում, խոստովանեմ, մասնագիտական թերություն է: Առաջարկում եմ պետական բոլոր օղակներին  հնարավորին և նույնիսկ անհնար  բոլոր լծակները օգտագործել  անախորժ  և անընդունելի  բարքերը  սոցցանցերից մաքրելու համար` դիմելով անգամ ծայրահեղ քայլերի, գիտակցենք, որ սերունդ ենք  դաստիարակում ոչ թե մի քանի տարվա, այլ երկրի ապագան կերտելու համար: Պարկեշտության կոչ եմ անում հասարակության գիտակից  մասսային, քննադատենք հոռի բարքերն ու փրկենք մեր երեխաներին, անտարբեր չլինենք մեր  երեխաներին, անտարբեր չլինենք, լավին լավ ասենք, վատին` վատ, սակայն չափի սահմանում, առանց զազրախոսության, մեր  անզորությունը չարով  չպարուրենք:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ հայտարարությունը` Վարդգես Բաղրյան, թող պատրաստվի Դավիթ Իշխանյանը:

Վարդգես Բաղրյան – Հարգելի գործընկերներ, վերջին օրերին և զանգվածային լրատվամիջոցներում և մեր հասարակական-քաղաքական օրակարգում հայտնվել է մի բեմ` կապված սահմանադրական փոփոխությունների հանրային նախաձեռնության հետ, որը փոխանակ ունենա օրինական, քաղաքակիրթ շարունակություն, ընդհակառակը, որոշ ուժերի կողմից տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել:

Բանը հասել է նրան, որ Արցախի իշխանություններին սկսել են մեղադրել ինչ-ինչ մտացածին խոչընդոտող գործողությունների մեջ և խոսել վերջնագրերի լեզվով` սպառնալով հեղափոխությամբ: Թե ինչ հեղափոխության մասին է խոսքը` թողնում եմ նրանց երևակայությանը:

Անկեղծ ասած, մեզ թվում էր, թե Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հարցազրույցում տրված պարզաբանումներից հետո նրանք կհասկանան խնդրի էությունը և ճիշտ հետևություններ կանեն: Պարզվում է` ոչ: Սամվել Բաբայան գրասենյակ անվամբ հանդես եկող սուբյեկտը իրեն թույլ է տալիս ամբարտավան կեցվածք իշխանության ներկայացուցչի հանդեպ, որն ընդունելի է ու դատապարտելի:

Մեր երկրում որևէ մեկը չի կարող իրեն վեր դասել օրենքից և այս դեպքում էլ ամեն ինչ պետք է արվի Սահմանադրության, օրենքի և դրանից բխող իրավական ակտերի շրջանակներում` անկախ անձի կարգավիճակից և նրանից, թե ինչ պաշտոնների կարող է հավակնել նա:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս թեմայի շուրջ ակտիվությունը միտում ունի անցանկալի աղմուկ ու անիմաստ վեճեր հրահրել հանրության շրջանում` շեղելով ուշադրությունը մեր օրախնդիր հարցերից: Պետք է հասկանալ, որ նման իրավիճակը ոչ մեկին ձեռնտու չէ:

Այս հարցը մենք քննարկել ենք Ժողովրդավարություն խմբակցության նիստում և ես արտահայտում եմ խմբակցության ամբողջական տեսակետը:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ հայտարարությունը` Դավիթ Իշխանյանը, թող պատրաստվի Ռոբերտ Ղահրամանյանը:

Դավիթ Իշխանյան – Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում արդիական հարց է դարձել Արցախի ներգրավվածությունը արցախյան հիմնախնդրի լուծման բանակցություններում: Դեռեւս 2007թԱրցախի       Հանրապետության նախագահական ընտրություններից հետո, երբ նախագահ ընտրվեց Բակո Սահակյանը, որպես հիմնախնդրի լուծման առավելագույն արդյունավետ երաշխիք Արցախի կողմից շեշտվել է բանակցություններին մասնակցելու անհրաժեշտության հարցը:

Այս օրերին քննարկումների արդյունքում  պարզվում է, որ դեռեւս 1997թ. Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք է Արցախը դուրս դրվել բանակցություններին ուղղակի մասնակցության ձեւաչափից՝  բանակցություններն առավել արդյունավետ դարձնելու համար: Դեռեւս կան չբացահայտված էջեր, համոզված ենք  եւ անհրաժեշտ ենք գտնում, որ հանրությանը թափանցիկորեն ներկայացվի այդ օրերին տեղի ունեցածը:

Այժմ, երբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից բանակցությունների սեղանին է դրված  Արցախի մասնակցության հարցը անհրաժեշտ է, որպեսզի ձևավորվի այդ բանակցություններին մասնակցելու իրավական հիմնավորումները: Եվ դա հնարավոր է միայն ու միայն երկու հայկական հանրապետությունների միջեւ քաղաքական համաձայնագրի կնքման միջոցով:

Այդ համաձայնագրում պետք է ամրագրվի երկու հանրապետությունների իրավասություններն ու լիազորությունները միմյանց նկատմամբ, ինչպես նաեւ սահմանվի միջազգային ասպարեզում յուրաքանչյուրի ստանձնելիք դերն ու պարտավորությունը:

Մյուս կողմից վերը նշված համաձայնագիրը կլինի  միասնականության վառ ապացույց եւ կարեւորագույն գործնական քայլ ապացուցելու  համար Հայաստանի Հանրապետության առաքելությունը, որպես հայ ժողովրդի իղձերի եւ տեսլականների իրականացման երաշխավոր եւ կռվան:

Եռամիասնությունը մեր ժողովրդի իղձերը իրականացնելու կարեւորագույն հենասյուներից մեկն է, իսկ դա իրականացնելու համար որպես գործնական առանցք պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետությունը, իսկ գաղափարական հենքը պետք է սերվի Արցախից՝ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի մերօրյա դրոշակակիրից: Ռազմաքաղաքական դաշինքը մի անգամ եւս գալու է ապացուցելու մեր  ժողովրդի միասնական կամքն ու վճռականությունը:

Աշոտ Ղուլյան – Պատգամավորական հայտարարությունների համար հրավիրվում է Ռոբերտ Ղահրամանյանը, թող պատրաստվի Ալյոշա Գաբրիելյանը:

Ռոբերտ Ղահրամանյան - Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ։

      Հայրենիք խմբակցությունը ցանկանում է դիրքորոշում