ԼՈՒՐԵՐ
Ազգային ժողովի նախագահի հանդիպումը Նիդեռլանդների խորհրդարանականների հետ
07 մարտի 2019

Մարտի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Հաագայում հանդիպել է Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի մի խումբ պատգամավորների՝ խորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի արտաքին հարաբերությունների պատասխանատուների հետ: Հանդիպումը կազմակերպվել է Նիդեռլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի աջակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում Արցախի խորհրդարանը գործընկերային հարաբերություններ է հաստատել եվրոպական մի շարք երկրների և միջխորհրդարանական կազմակերպությունների հետ, իսկ Նիդեռլանդների օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ նման կազմով առաջին անգամ է հանդիպում: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ շփումները շարունակական կլինեն, ինչը հնարավորություն կտա Նիդեռլանդների խորհրդրանականներին առավել համակողմանի ծանոթանալու Արցախում առկա իրողություններին և հիմք կհանդիսանա հարաբերությունների ինստիտուցիոնալացման համար:

Աշոտ Ղուլյանը հակիրճ տեղեկություններ է հաղորդել Արցախի պատմության, ազատության և ինքնորոշման համար պայքարի քաղաքական և իրավական հիմքերի, Արցախի պետականաշինության առանձնահատկությունների վերաբերյալ:

Հանդիպման վերջում պատասխանելով ներկաների հարցերին՝ Արցախի խորհրդարանի նախագահը անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակին և հեռանկարներին, Արցախի տնտեսական զարգացման հնարավորություններին ու մի շարք այլ թեմաների:

Հանդիպմանը մասնակցել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

ԼՈՒՐԵՐ