ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության խորհրդարանում ընդունել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին
06 մարտի 2019

 

 

Մարտի 6-ին ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ սոցիալական ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ: 

ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ողջունելով ՀՀ առողջապահության նախարարին, բարձր է գնահատել ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները՝ նշելով, որ ՀՀ հաջողությունները նաև Արցախի հաջողություններն են: Այդ համատեքստում Վահրամ Բալայանը կարևորել է բարձր մակարդակի վրա գտնվող ԱՀ ԱԺ-ՀՀ ԱԺ փոխգործակցությունը :

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ Արցախ կատարած իր երրորդ այցի ընթացքում արդեն իսկ նկատելի է տեղի առողջապահական համակարգի զարգացումը՝ ՀՀ առողջապահական համակարգին և դրանում իրականացվող բարեփոխումներին զուգընթաց: Խոսելով ոլորտի զարգացման հիմնական ուղղությունների մասին՝ Արսեն Թորոսյանը շեշտել է օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը՝ մասնավորապես օրեսնդիր-գործադիր արդյունավետ փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարն Արցախի օրենսդիրներին է ներկայացրել «Ծխելու մասին» իր հեղինակած օրինագիծը, խոսել «Առողջապահության մասին» և «Բուժօգնության մասին» նախատեսվող օրինագծերի վերաբերյալ:

Կողմերը քննարկել են նաև ՀՀ և ԱՀ պետպատվերով ներկրվող դեղորայքին, արյան բանկերի արդյունավետ կառավարմանը, զորացրվելու պահին քաղաքացու առողջական վիճակի գնահատմանը, հղիության արհեստական ընդհատման օրենսդրական կարգավորումներին վերաբերող այս և այլ հարցեր:

 

ԼՈՒՐԵՐ