ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Աժ նախագահը մասնակցել է Եվրոպական խորհրդարանում կազմակերպված համաժողովին
06 մարտի 2019

 

Մարտի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Եվրոպական խորհրդարանում մասնակցել է «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի և Թուֆենկյան հիմնադրամի ջանքերով, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի աջակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը ողջույնի խոսքով դիմել է համաժողովի մասնակիցներին՝ հատուկ ընդգծելով նման կարևոր միջոցառման կազմակերպումը Եվրոպական խորհրդարանի շենքում՝ որպես մի կառույց, որը ոչ միայն եվրոպական ընտանիքում ապրող ժողովուրդների, այլև ամբողջ աշխարհի համար ժողովրդավարության օրինականության և համերաշխության առաջամարտիկներից է:

Իր խոսքում Աշոտ Ղուլյանն անդրադարձել է այլատյացության՝ որպես ժամանակակից աշխարհում մարդկությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերներից մեկի դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությանը և շեշտել, որ այս ուղղությամբ հաջողության կարելի է հասնել, եթե բոլորի կողմից ընկալելի լինի այն գիտակցումը, որ այլատյացությամբ թունավորված հանրությունը երբեք և ոչ մի պարագայում չի կարող հասարակական և համամարդկային արժեք ստեղծել:

Այնուհետև, խոսելով Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ երևույթը հարևան երկրում նոր չէ, ավելին՝ տարիների ընթացքում այն դարձել է ադրբեջանական ինքնության անբաժանելի մասը, իսկ չկարգավորված հակամարտության պայմաններում,  Ադրբեջանի իշխանությունների կողմից օգտագործվում է որպես սեփական ժողովրդին մոլորեցնելու և Արցախի մասին թյուր տեղեկություններ տարածելու գործիք: Խորհրդարանի ղեկավարը խորհուրդ է տվել արտասահմանյան գործընկերներին այցելել Արցախ և տեղում ծանոթանալ իրավիճակին:

Ամփոփելով խոսքը՝ Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ նման ձևաչափով կազմակերպված ցանկացած միջոցառում օգնում է բացահայտելու համամարդկային զարգացմանը խոչընդոտող երևույթների էությունը և համատեղ ջանքերով փնտրելու ու գտնելու ելքեր՝ բարդ իրավիճակներից:

Համաժողովին մասնակցել են՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, փորձագիտական և այլ ոլորտների մի շարք ներկայացուցիչներ:

 

ԼՈՒՐԵՐ