ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն աշխատանքային այցով Բելգիայում է
05 մարտի 2019

 

Մարտի 5-ից Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելգիայում:

Աշխատանքային այցի առաջին օրը ԱՀ խորհրդարանի ղեկավարը  Բրյուսելում այցելել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակ և հանդիպել կառույցի ղեկավար կազմի, ինչպես նաև ՀՅԴ Բելգիայի կոմիտեի, Հայ օգնության միության(ՀՕՄ), Համազգային մշակութային միության, ՀՅԴ Արամ Երկանյան Երիտասարդական միության, Հայկական մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ) պատասխանատուների հետ:

Ներկայացնելով մասնակիցներին՝ Հայ դատի Եվրոպայի կառույցի ղեկավար Գասպար Կարապետյանը նշել է, որ հանդիպմանը մասնակցող կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց առօրյա աշխատանքում առնչվում են Արցախի և համազգային օրակարգի այլ հարցերի, և այս տեսանկյունից կարևորել նման հանդիպումների պարբերականությունը:

Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Բելգիայում գործող հայկական կառույցների ջանքերը՝ Արցախը ներկայացնելու առումով, և ընդգծել  անցած տարիների ընթացքում դրանց՝ ԱՀ Ազգային ժողովի հետ ձևավորված համագործակցության կարևորությունը:

Իր խոսքում խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության շարունակական զարգացմանը, համահայկական ներուժը արդյունավետ օգտագործելու քայլերին, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, կադրերի պատրաստման ուղղութամբ հետագա համագործակցությանը և Արցախի՝ եվրոպական երկրների խորհրդարանների ու միջխորհրդարանական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներին վերաբերող թեմաների:

Այնուհետև Աժ նախագահը պատասխանել է ներկաների հարցերին:

Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության կազմում են՝ ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և ԱՀ ԱԺ նախագահի օգնական Գեղամ Ստեփանյանը:

 

ԼՈՒՐԵՐ