ԼՈՒՐԵՐ
Արցախի խորհրդարանում ընդունել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին
02 հունվարի 2019

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում hունվարի 2-ին ընդունել են աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:

Աշոտ Ղուլյանը, շնորհավորելով Արա Բաբլոյանին երկրին մատուցած ծառայությունների համար ԱՀ նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվելու կապակցությամբ՝  ընդգծել  է նրա ակնառու ավանդը երկու խորհրդարանների ակտիվ փոխգործակցության և միջազգային հարթակներում Արցախի ձայնը լսելի դարձնելու գործում:  ԱՀ խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Արա Բաբլոյանի՝ Արցախի հետ կապը շարունակական կլինի նաև լիազորությունների ավարտից հետո:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արա Բաբլոյանը նշել է.  «Ինչպես ՀՀ խորհրդարանի նախագահ ընտրվելուց հետո առաջին աշխատանքային այցով ժամանեցի Ստեփանակերտ, այնպես էլ այսօր՝ լիազորություններիս ավարտի նախաշեմին, այցելում եմ Արցախ»: ՀՀ խորհրդարանի ղեկավարը խոսել է նաև փորձն ու հմտությունները նոր ձևավորված խորհրդարանի գործընկերներին փոխանցելու պատրաստակամության մասին՝ ընդգծելով պետական նշանակության հարցերում երկու խորհրդարանների համագործակցելու և համատեղ աշխատելու կարևորությունը:

ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները, շնորհավորելով ՀՀ խորհրդարանի ղեկավարին, նույնպես բարձր են գնահատել ԱՀ-ՀՀ միջխորհրդարանական համագործակցությունը՝ առանձնացնելով  Արա Բաբլոյանի մեծ նվիրվածությունն ու ահռելի աշխատանքը այդ գործում:

ԼՈՒՐԵՐ