30 դեկտեմբերի 2018
30 դեկտեմբերի 2018
Թանկագի՛ն արցախցիներ,
Տարեմուտը միմյանց շնորհավորելու, իրար հետ ջերմություն և ուրախություն կիսելու լավագույն պահն է:
Անցնող տարին մարտահրավերների տարի էր՝ հիշողություններով, կորուստներով ու ձեռքբերումներով: Լավատեսությամբ, սեփական ուժերի հանդեպ հավատով ու միասնականությամբ հաղթահարեցինք մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները՝ հանուն հայրենիքի անվտանգության և բարօրության:
Մեր հետևողական ջանքերը՝ ժողովրդավարական գործընթացներն ամրապնդելու և տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ հիմք են տալիս վստահ լինելու, որ մեր պարտականությունները բարեխղճորեն կատարելով մասնակցում ենք ընթացող բարեփոխումներին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Նոր տարին նոր երազանքներ կյանքի կոչելու ու ձեռքբերումները բազմապատկելու տարի է: Այս գիտակցումով՝ եկեք մեզ հետ վերցնենք միայն դրականը, նոր եռանդով ու պատրաստակամությամբ սկսենք մեր կյանքի հաջորդ փուլը:
Թո՛ղ նոր տարում յուրաքանչյուրիս կյանքում և բոլոր ընտանիքներում տիրի բարություն և ներդաշնակություն: Եվ այդպես էլ կլինի, եթե միշտ մեծարենք մեր ծնողներին, հոգատար լինենք մեր երեխաների հանդեպ ու գնահատենք հարազատների հետ անցկացրած ամեն մի րոպեն:
Ամանորի նախաշեմին իմ ու ընտանիքիս անունից շնորհավորում եմ ձեզ գալիք տոների առթիվ և անկեղծ սրտով ու մեծ սիրով մաղթում բոլորիս հաջողություններ. Արցախին, մայր Հայաստանին ու համայն հայությանը՝ խաղաղություն և բարեկեցություն:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ: