Ռազմական դրության մասին

                                                                                                ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                                                                    Օ  Ր  Ե  Ն Ք  Ը

 

                                                                                                 ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

                                                                                                                                                                                                                                                          (փոփ. 19.03.98)       

Հոդված 1. Ռազմական դրությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա զինված հարձակման կամ դրա անմիջական սպառնալիքի առկայության դեպքում պետական իշխանության կամ կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների (անկախ սեփականու-թյան ձեւից) գործունեության հատուկ իրավական ռեժիմ, որը թույլ է տալիս ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակում, ինչպես նաեւ նրանց վրա լրացուցիչ պարտականություններ է դնում սույն օրենքով սահմանված ծավալներով ու կարգով:

 

Հոդված 2. Ռազմական դրություն հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից հանրապետության առանձին վայրերում կամ ամբողջ տարածքում՝ ելնելով պետության պաշտպանության, հանրապետության տարածքային ամբողջականության եւ նրա քաղաքացիների անվտանգության ապահովման շահերից:

Ռազմական դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը ոչ ուշ, քան 48 ժամում հաստատման է ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության Ազգային ժողով, որը հրամանագիրն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում քննարկում է այն եւ ըստ այդմ ընդունում որոշում:

Եթե ինչ-որ պատճառներով Ազգային ժողովը հնարավորություն չի ունենում սույն հոդվածով սահմանված ժամկետներում որոշում ընդունել նախագահի հրամանագրի վերաբերյալ, ապա ռազմական դրության ռեժիմն ուժի մեջ է մտնում այն հայտարարվելու պահից՝ Ազգային ժողովի կողմից երեք ամսվա ընթացքում այդ հրամանագրի հետագա հաստատմամբ:

 

Հոդված 3. Ռազմական դրություն հայտարարելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագիրը պետք է բովանդակի.

- տեղեկություններ այն հանգամանքների մասին, որոնք հիմք են ծառայել ռազմական դրություն հայտարարելու համար.

- տեղեկություններ ընդհանուր կամ մասնակի զորահավաք մտցնելու մասին.

-արտակարգ միջոցառումների եւ քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների սահմանափակումների ցուցակը եւ սահմանները.

- այն պետական մարմինների ցուցակը, որոնք պատասխանատու են ռազմական դրության ռեժիմի իրականացման համար, եւ նրանց լիազորությունների ճշգրիտ սահմանները: Ռազմական դրություն հայտարարված վայրերում պաշտպանության, հասարակական կարգի եւ պետական անվտանգության ապահովման բնագավառում ռազմական դրության ռեժիմի իրականացմանն ուղղված պետական իշխանության մարմինների բոլոր գործառույթները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը կարող է դնել ինչպես իր կողմից ստեղծված հատուկ մարմնի, այնպես էլ գոյություն ունեցող պետական իշխանության մարմինների վրա:

 

Հոդված 4. Հանրապետության վրա զինված հարձակման դեպքում ռազմական դրության ռեժիմն իրականացնող մարմնին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից կարող են տրվել հետեւյալ իրավունքները.

 ա) անցկացնել ընդհանուր կամ մասնակի զորահավաք.

 բ) քաղաքացիներին ներգրավել պարհակային աշխատանքում՝ պաշտպանական աշխատանքների կատարման, հաղորդակցության ուղիների, կապի միջոցների, կառույցների, էլեկտրակայանների, էլեկտրացանցերի եւ մյուս կարեւորագույն օբյեկտների  պահպանման, հրդեհների, համաճարակների, տարերային եւ այլ հասարակական աղետների դեմ պայքարին մասնակցելու համար.

գ) սահմանել ռազմաբնակարանային պարտականություն՝ զորամասերին եւ հիմնարկություններին տեղավորելու համար.

դ) հայտարարել աշխատանքային եւ ավտոսայլային պարհակ՝ ռազմական կարիքների համար.

ե) կատարել տրանսպորտային միջոցների եւ պաշտպանության կարիքների համար անհրաժեշտ այլ գույքի ժամանակավոր առգրավում ձեռնարկություններից եւ առանձին քաղաքացիներից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցուցակով կրած վնասի հետագա փոխհատուցմամբ.

զ) կարգավորել ձեռնարկությունների աշխատանքի ժամանակը, արգելել ժողովների, հանրահավաքների եւ երթերի կազմակերպումը, սահմանափակել փողոցային երթեւեկությունը, սահմանել պարետային ժամ: Պարետային ժամը խախտող անձինք կարող են կալանվել մինչեւ դրա ավարտը, իսկ կալանվածների անձը պարզելու անհրաժեշտության դեպքում՝ մինչեւ նրանց անձի հաստատումը, բայց երեք օրից ոչ ավելի:

Այդ պարագայում կալանված անձինք, ինչպես նաեւ նրանց տրամադրության տակ եղած տրանսպորտային միջոցները կարող են ենթարկվել  զննման.

է) կարգավորել պետական, կոմերցիոն եւ մասնավոր առեւտուրը, առեւտրական կազմակերպությունների (շուկա, խանութներ, պահեստներ, հասարակական սննդի ձեռնարկություններ) եւ կոմունալ ձեռնարկությունների աշխատանքը, ինչպես նաեւ սահմանել բնակչությանը սննդամթերքի եւ արդյունաբերական ապրանքների բացթողման նորմեր.

ը) գրաքննության ենթարկել զանգվածային լրատվության միջոցները կամ դադարեցնել դրանց գործունեությունը.

թ) բնակիչներին ժամանակավոր դուրս բերել բնակության համար վտանգավոր վայրերից՝ նրանց տրամադրելով ժամանակավոր կացարաններ այլ բնակավայրերում:

Երկարատեւ հրադադարի հասնելու դեպքում սույն հոդվածում նշված արտակարգ միջոցառումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով լրիվությամբ կամ մասնակիորեն կարող են դադարեցվել:

 

Հոդված 5. Սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ ռազմական դրության ռեժիմն իրականացնող մարմիններն իրավասու են արձակել բնակչության, ձեռնարկությունների եւ այլ պաշտոնատար անձանց համար պարտադիր որոշումներ: Դրանք չկատարելը առաջ է բերում վարչական պատասխանատվություն ազատազրկման ձեւով՝ մինչեւ 2 ամիս ժամանակով կամ տուգանքի նշանակման ձեւով՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ քաղաքացիների եւ քսանապատիկի չափով՝ պաշտոնատար անձանց համար:

Ռազմական դրության ռեժիմն իրականացնող կենտրոնական մարմինների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին հակասող որոշումները կարող են փոփոխվել կամ բեկանվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կամ Ազգային ժողովի կողմից, դրանց կատարումը կասեցնելու իրավունքով, մինչեւ օրենքին համապատասխանեցնելը:

Իրավախախտումների համար վարչական պատժամիջոցները վարչական ազատազրկման ձեւով նշանակվում են.

- մինչեւ մեկ ամիս ժամանակով՝ ռազմական դրության ռեժիմն իրականացնող մարմինների կողմից.

- մինչեւ երկու ամիս ժամանակով՝ դատական կարգով:

 

Հոդված 6. Ռազմական դրության ռեժիմն իրականացնող պաշտոնատար անձինք օրենքները խախտելու եւ սույն օրենքով ու ռազմական դրություն մտցնելու մասին նախագահի հրամանագրով իրենց տրված լիազորությունների սահմանն անցնելու համար կրում են քրեական եւ այլ պատասխանատվություն:

 

Հոդված 7. Նախարարությունների, գերատեսչությունների, շրջանային (քաղաքային) վարչակազմերի ղեկավարները եւ մյուս պաշտոնատար անձինք պարտավոր են անհրաժեշտ աջակցություն ցույց տալ ռազմական դրության ռեժիմն իրականացնող մարմիններին՝ պետության պաշտպանության եւ հասարակական կարգի ու անվտանգության ապահովման կազմակերպման գործում:

 

Հոդված 8. Ռազմական դրության ռեժիմն իրականացնող մարմինների կարգադրություններին չենթարկվելու, ինչպես նաեւ սույն օրենքի այլ խախտումների համար պաշտոնատար անձինք եւ քաղաքացիները կրում են քրեական, վարչական եւ կարգապահական պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Քրեական եւ վարչական դատավարությունը ռազմական դրության պայմաններում իրացվում է հանրապետության համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հատուկ դատական եւ քննչական մարմինների ստեղծումն արգելվում է:

 

Հոդված 9. Ռազմական դրության պայմաններում օրենքների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազը եւ նրան ենթակա դատախազները:

 

Հոդված 10. Ռազմական դրությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ ռազմական դրություն մտցնելը առաջ բերած  պայմանների վերացման դեպքում: 24 ժամվա ընթացքում հրամանագիրը ենթակա է  քննարկման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից:

 

Հոդված 11. Ռազմական դրության ռեժիմն ապահովելու համար ընդունված նորմատիվային ակտերը ուժը կորցնում են ռազմական դրությունը դադարեցնելու պահից:

 

Հոդված 12. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1992 թվականի օգոստոսի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռազմական դրություն մտցնելու մասին» հրամանագիրը:

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                    Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

 

 

 

11 սեպտեմբերի 1995 թ.

ք.Ստեփանակերտ