Ընդունված է 2008թ. դեկտեմբերի 24-ին
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (21 մայիսի 2003 թվականի, ՀՕ-52) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ մասերով`
«11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշներ ձեռք բերելու համար հարկային մարմին ներկայացվում են՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ձեւին համապատասխան դիմում՝ 2 օրինակից.
2) ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) հաշվետվություն` ձեռք բերված ակցիզային դրոշմանիշների օգտագործման մասին, հարկային մարմնի սահմանած ձեւով.
4) արտադրողների (ներառյալ՝ շշալցում իրականացնողների) կողմից որպես հումք ձեռք բերված սպիրտի ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերի պատճենները.
5) լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի ու համապատասխանության սերտիֆիկատի (պարտադիր լինելու դեպքում) պատճենները: Լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենները կարող են չներկայացվել, եթե դրանք տվյալ տարվա համար մեկ անգամ արդեն ներկայացվել են: Համապատասխանության սերտիֆիկատը գործողության յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ներկայացվում է մեկ անգամ: Այս դեպքում սույն կետում նշված փաստաթղթերին կից ներկայացվող գրությունում նշվում են այն գրության ամսաթիվը և համարը, որին կից ներկայացվել են այդ պատճենները:
12. Ակցիզային դրոշմանիշները տրամադրվում են սույն հոդվածի 11-րդ մասում նշված փաստաթղթերի և արտադրողների մոտ հարկային մարմինների կողմից արտադրական կարողությունների ուսումնասիրության վերաբերյալ կազմված տեղեկանքի հիման վրա: Հարկային մարմինն ակցիզային դրոշմանիշները տրամադրում է փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Ակցիզային դրոշմանիշներ չեն տրամադրվում, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ակցիզային հարկի գծով գերավճարը քիչ է պահանջվող դրոշմանիշերի համար վճարման ենթակա գումարից, կամ արտադրական հզորությունները չեն համապատասխանում պահանջվող դրոշմանիշների քանակին: Այս դեպքում հայտը կարող է բավարարվել մասնակի՝ գերավճարի գումարին կամ արտադրական հզորություններին համապատասխան:
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար` 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ, բացառությամբ բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշների:
14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի մանրածախ առեւտրի ոլորտում իրացման համար տարաների թույլատրելի չափեր:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
30 դեկտեմբերի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-82-Ն