«Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին»« ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                            ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

                                                                                                                                                                                                                                          Ընդունված է 2018 թվականի

                                                                                                                                                                                                                                                    դեկտեմբերի 13-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ 

 

Հոդված 1. «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցու­թյունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-4 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ և 6-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5. Կարգավորման հիմնական սկզբունքները

 

Կարգավորման հիմնական  սկզբունքներն  են՝

ա) կարգավորման իրականացումն ինքնուրույն պետական մարմնի կողմից՝ օրենքներով լիազորված իրավասությունների շրջանակում.

բ) կարգավորող մարմնի որոշումների ընդունման կոլեգիալությունը և անկախությունը.

գ) կարգավորման թափանցիկության ապահովումը հանրության համար.

դ) սպառողների կամ որևէ կարգավորվող անձի նկատմամբ խտրականության բացառումը.

ե) սպառողների և կարգավորվող անձանց շահերի հավասարակշռումը՝ սպառողներին որակյալ ծառայությունների մատուցում երաշխավորելու համար անհրաժեշտ իրավատնտեսական նախադրյալների ձևավորման և ծառայու­թյունների հիմնավորված սակագների սահմանման միջոցով, միաժամանակ ապահովելով ներդրողներին՝ ռիսկերին համարժեք, ողջամիտ հասույթ ստանալու հնարավորություն.

զ) մրցակցային շուկաների զարգացմանը համընթաց կարգավորման շրջա­նակների սահմանափակումը, ինչպես նաև հանրային ծառայությունների ոլորտում ոչ մրցակցային շուկաների առաջացման դեպքում՝ կարգավորման ներդրումը.

է) հանրային ծառայությունների ոլորտում շուկաներ մուտքի խոչըն­դոտ­ների կրճատումը և կարգավորվող անձանց կողմից մատուցվող ծառայու­թյունների (վաճառվող ապրանքների) հասանելիության կանոնների պահպան­ման ապահովումը.

ը) հասցեական կարգավորումը.

թ) հանձնաժողովի կողմից սահմանվող սակագների համապատաս­խա­նու­թյունը մատուցվող ծառայությունների (վաճառվող ապրանքների) սպասարկման որակին:

 

Հոդված 6. Կարգավորող մարմինը

 

1. Հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում կարգավորումն իրականացնում է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (այսուհետ՝ նաև Հանձնաժողով), որը գործում է սույն օրենքով, ճյուղային օրենքներով և այլ օրենքներով իրեն վերապահված լիազորու­թյունների հիման վրա և ինքնուրույն է իր իրավասությունների շրջանակում:

2. Հանձնաժողովի գտնվելու վայրը Արցախի Հանրապետության Ստեփա­նակերտ քաղաքն է: Հանձնաժողովն ունի Արցախի Հանրապետության զինանշանով և «Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով»  բառերով կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ:

3. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է Արցախի Հանրապետության անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կարող է կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաև իր գործունեության նպատակներին և ամրացված գույքի նշանակությանը համապատասխան՝ տիրապետել, օգտագործել և տնօրինել այդ գույքը:»:

 

Հոդված 2.  Օրենքի  7-րդ  հոդվածի՝     

  1. 2-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրու­թյամբ.
  2. 2. Հանձնաժողովի նախագահին նշանակում է Արցախի Հանրապետու­թյան նախագահը, իսկ մյուս անդամներին Արցախի Հանրապետության նախագահը՝ Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ՝ հինգ տարի պաշտո­նավարման ժամկետով, բացառությամբ առաջին կազմի և սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքերի:».
  3. 4-րդ կետում`
  4. . «ա» ենթակետի «դատավճռով» բառը փոխարինել «վճռով» բառով,

բ. «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետ.

«դ) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկով նախատեսված դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն ունեցող անձինք:».

3) 5-րդ կետի «ե» ենթակետում «հինգ» բառը փոխարինել «երկու» բառով.

4) 6-րդ  կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ,» բառերը փոխարինել «սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով» բառերով.    

5) 7-րդ կետից հանել «և տեղյակ պահելով Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության վարչապետին» բառերը: 

 

Հոդված 3. Օրենքի  8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 8.

Հանձնաժողովի աշխատակազմը

 

1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատա­կազմի միջոցով, որի կանոնադրությունը, կառուցվածքը, հաստիքացուցակը և աշխատակիցների ծառայողական պարտականությունների շրջանակը հաստատում է Հանձնաժողովը:

Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցների թիվը հաստատում է Հանձնաժողովը՝ համաձայնեցնելով պետական ֆինանսների կառավարման բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հետ:

2. Հանձնաժողովի աշխատակազմը գործում է Արցախի Հանրապետու­թյան օրենսդրությանը, սույն օրենքին, իր կանոնադրությանը, Հանձնաժողովի որոշումներին և Հանձնաժողովի նախագահի հրամաններին համապատաս­խան և ապահովում է Հանձնաժողովի լիազորությունների իրականացումը:

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավասու­թյուն­ները, բացառությամբ հայցվոր և պատասխանող հանդես գալու իրավուն­քից, Հանձնաժողովի կողմից Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պատվիրակվել աշխատակազմին:

4. Աշխատակազմի կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանում­ների գործառույթները, աշխատակիցների թիվը և աշխատակազմի գործունե­ության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցեր կարգավորվում են Հանձնաժողովի որոշումներով:»:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել ներկայացուցչական որևէ մարմնի անդամ, զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակեր­պություններում կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից՝ պայմանով, որ այդ աշխատանքները չեն ֆինանսավորվում կարգավորվող անձանց կողմից:

Հանձնաժողովի անդամն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերի քաղաքական զսպվա­ծու­թյուն:»:

 

Հոդված 5. Օրենքի  10-րդ հոդվածի 1-ին կետի՝

1) «ա» ենթակետում «գործունեությունը» բառից հետո լրացնել «, աշխա­տանքը» բառը.

2)  «գ»  և «դ»  ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) իր լիազորությունների շրջանակում ընդունում է հրամաններ, ներառ­յալ՝ ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում՝ հսկիչ գնում) կամ դիտանցում իրականացնելու վերաբերյալ, Հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, տալիս լիազորագրեր և կնքում պայմանագրեր, վերահսկում է Հանձնաժողովի ընդունած որոշումների կատարումը.

դ) իր իրավասությունների շրջանակում ներկայացնում է Հանձնաժողովը Արցախի Հանրապետությունում, այլ պետություններում, միջազգային կազմա­կեր­պություններում, առանց լիազորագրի հանդես է գալիս Հանձնաժողովի անունից.».

3) «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) իր իրավասությունների սահմաններում աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներին, ընդունում է հրամաններ նրանց խրախուսման կամ կարգապահական տույժի ենթարկելու մասին.»:

 

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11.

 Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգումը

 

1. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի և աշխատանքային քննարկումների միջոցով: Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ընդունում է որոշումներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել նորմատիվ, անհատական կամ ներքին (լոկալ) իրավական ակտեր:

2. Հանձնաժողովն իր որոշումներն ընդունում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ քննարկվում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող կամ Հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցեր, ինչպես նաև, երբ դա կարող է վնաս հասցնել շահագրգիռ անձանց շահերին:

Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված առանձին հարցեր կարող են նշվել որպես քննարկման ոչ ենթակա հարցեր, եթե դրանք ունեն տեխնիկական կամ ներքին կանոնակարգային բնույթ: Եթե քննարկման ոչ ենթակա հարցի մասին հայտարարելուց հետո այդ հարցի վերաբերյալ ներկայացվում է առարկություն կամ առաջարկություն, ապա այն պետք է քննարկվի և ընդունվի սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

3. Հանձնաժողովի նիստերը գումարվում են Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

Հանձնաժողովի արտահերթ նիստերը հրավիրում է Հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի առնվազն երեք անդամի պահանջով:

4. Հանձնաժողովն իր սահմանած կարգի համաձայն հայտարարում է նիստերի անցկացման տեղը և ժամանակը, հնարավորություն է ընձեռում շահագրգիռ անձանց և հասարակության ներկայացուցիչներին մասնակցել նիստերին, ստանալ օրակարգը և քննարկվող նյութերը, ներկայացնել տեղեկություններ և հանդես գալ ելույթներով:

5. Եթե Հանձնաժողովի նիստում քննարկվում են սպառողների համար սահմանվող սակագները, սակագների հաշվարկման մեթոդիկաները, բնագավառների (համակարգերի) կառուցվածքին, սպառողների սպասարկման որակին և պայմաններին վերաբերող հարցեր, ապա Հանձնաժողովն այդ մասին ողջամիտ ժամկետներում իրազեկում է Արցախի Հանրապետության կառավարությանը և սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին` հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացուցիչներին մասնակցել նիստերին, հանդես գալ ելույթներով և առաջարկություններով:

Նիստում պատասխանատվության միջոցների կիրառման հարցի քննարկման դեպքում Հանձնաժողովը նիստից առնվազն հինգ օր առաջ ծանուցում է շահագրգիռ անձանց քննարկման վայրի, օրվա և ժամի մասին՝ նշելով քննարկման ենթակա հարցի բնույթը:

Ծանուցված շահագրգիռ անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը և որոշումների ընդունմանը:

Շահագրգիռ անձինք իրավունք ունեն ներկայացնել ապացույցներ, տալ բացատրություններ և բերել փաստարկներ, առարկել նախատեսվող պատասխանատվության միջոցների կիրառման դեմ, ինչպես նաև ներկայացնել այլ միջնորդություններ:

Որոշման ընդունումից հետո՝ հինգ օրվա ընթացքում, դրա պատճենը տրամադրվում է այն անձին, որի վերաբերյալ դա կայացվել է, կամ ուղարկվում է նրան պատվիրված նամակով:

Հանձնաժողովն իր որոշման չկատարման դեպքում իրավասու է հայցով դիմել դատարան:

Հանձնաժողովի որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողու­թյունը (կատարումը):

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Հանձնա­ժողովի առնվազն երեք անդամ, ներառյալ` նախագահը կամ նախա­գահի տեղակալը կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով Հանձնաժողովի նախագահի պաշտոնեական պարտականությունները կատարող Հանձնաժողովի անդամը:

Հանձնաժողովի որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, բացի օրենքով նախատեսված դեպքերից, եթե դրան կողմ է քվեարկել Հանձնաժողովի առնվազն երեք անդամ:

Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը մեկ այլ անդամի չի թույլատրվում:

Հանձնաժողովի որոշման վերաբերյալ Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը կցվում է նիստի արձանագրությանը:

Հանձնաժողովի նիստում քննարկվող որևէ հարցի վերաբերյալ անձ­նա­կան շահագրգռվածություն ունեցող Հանձնաժողովի անդամը պարտավոր է քննարկումից առաջ տեղեկացնել մյուս անդամներին իր շահագրգռվածության փաստի և բնույթի մասին, ինչը պետք է արձանագրվի նիստի արձանագ­րու­թյան մեջ: Այդ տեղեկացումից հետո նշված անդամը՝

ա) պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի վերաբերյալ նիստին մասնակցելուց.

բ) չպետք է հաշվառվի այդ նիստի իրավազորության ապահովման նպատակով:

Անձը, որի հարցը քննվում է, կարող է բացարկ հայտնել Հանձնաժողովի անդամին, եթե վերջինս քննարկվող հարցի վերաբերյալ ունի անձնական շահագրգռվածություն:

Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Նիստերն արձանագրում է Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարը: Արձանագրությունն ստորա­գրում են նիստը նախագահողն ու քարտուղարը:

7. Հանձնաժողովը վարում է իր իրավական ակտերի գրանցամատյանը: Հանձնաժողովի նորմատիվ բնույթի ակտերը հրապարակվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում»:

8. Հանձնաժողովը պարտավոր է ապահովել իր իրավական ակտերի մատչելիությունը:

9. Հանձնաժողովը հաստատում է Հանձնաժողովի անդամների և աշխա­տակազմի, Հանձնաժողովի անդամների, աշխատակազմի և կարգավորվող անձանց, ինչպես նաև աշխատակազմի և սպառողների միջև վարվեցողության կանոնները:

10. Հանձնաժողովի ներկայացուցիչները, Հանձնաժողովի իրավասու­թյուն­­ներով և պարտականություններով պայմանավորված, ունեն ազատ մուտքի իրավունք կարգավորվող անձանց գործունեության տարածք:

11. Հանձնաժողովն իր աշխատանքներում իրավասու է հասարակական կամ վճարովի հիմունքներով ներգրավել մասնագետներ կամ անկախ փորձագետներ:

Փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

12. Հանձնաժողովն ապահովում է իր և իր կողմից կարգավորվող գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, ինտերնետային էջի և այլ միջոցներով:

13. Սույն օրենքի պահանջները խախտելու համար Հանձնաժողովի պաշ­տոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

14. Հանձնաժողովն իրավասու է կիրառել օրենքներով նախատեսված պատասխանատվության միջոցներ, նշանակել օրենքներով նախատեսված չափով տուգանք:

15. Իր վերահսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով Հանձնաժողովն ուսումնասիրություններ և ստուգումներ է իրականացնում «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Հանձնաժողովի գործունեության տարեկան ծրագիրը և նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը հաստատվում են Հանձնաժողովի որոշմամբ:»:

 

Հոդված 8. Օրենքի  18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

      «Հոդված 18.

 Հանձնաժողովի ֆինանսավորումը 

 

1. Հանձնաժողովն ունի ինքնուրույն հաշվեկշիռ: Հանձնաժողովի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի օրենսդրությամբ սահմանված կարգով և «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Հանձնաժողովի և աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) ներկայացնում է Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին: Այն ընդգրկվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի նախագծում և առանձին տողով ամփոփ ներկայացվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:

2. Արցախի Հանրապետության պետական բյուջեից Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձևավորվում է սույն օրենքի 19.1-ին հոդվածի համաձայն ձևավորված՝ Հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդը բազմապատկելով 1.35 գործակցով: Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծության և սույն օրենքի 19.1-ին հոդվածի համաձայն ձևավորված՝ Հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդի տարբերությունն ուղղվում է Հանձնաժողովի պահպանման և կարողությունների զարգացման, հանձնաժողովի անդամների և աշխատողների նյութական խրախուսման և զարգացման, Հանձնաժողովի անդամների և աշխատողների սոցիալական ծրագրերի իրականացման և այլ ֆոնդերին, որոնց չափերը (մեծությունը) սահմանում է Հանձնաժողովը: Ընդ որում, նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի, ինչպես նաև այլ աղբյուրներից յուրաքանչյուրից պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել տվյալ մարմնի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը: Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների պատշաճ իրականացման հնարավորությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված՝ Հանձնաժողովի անդամների և աշխատակիցների նյութական խրախուսման և զարգացման, Հանձնաժողովի անդամների և աշխատակիցների սոցիալական ծրագրերի իրականացման և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված՝ Հանձնաժողովի այլ ֆոնդերի ծախսման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

4. Սույն հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան հաշ­վարկ­ված Հանձնաժողովի տարեկան բյուջեի մեկ տոկոսի չափով հաշվարկված գումարը, որը ներառվում է Հանձնաժողովի պահպանման ծախսերում, ուղղ­վում է հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, Արցախի Հանրապետության օրենսդրությանը համա­պա­տաս­խան գրանցված հասարակական կազմակերպություններին՝ կարողու­թյունների զարգացման և նրանց անդամների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով: Յուրաքանչյուր տարի հաշվարկված գումարը հասարակական կազմակերպություններին տրամադրվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պետական լիազոր մարմնի կողմից: Սույն մասում նշված հասարակական կազմակերպություն­ների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ:

5. Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձևավորվում է նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                          Բ. ՍԱՀԱԿՅԱՆ                                              

 

                                                                                                                     

 2018թ. դեկտեմբերի 20

Ստեփանակերտ

ՀՕ-74-Ն