ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԻՄՈՒՄՆԵՐԸ
ԵՎ ԳԱՆԳԱՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Պետական, հասարակական եւ մյուս մարմինները պետք է քաղաքացիների համար անհրաժեշտ պայմաններ ապահովեն իրագործելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ երաշխավորվող իրավունքները՝ գրավոր ու բանավոր ձեւով պետական, հասարակական եւ մյուս մարմիններին ներկայացնելու նրանց գործունեության բարելավման վերաբերյալ առաջարկություններ, գանգատարկելու պաշտոնատար անձանց, պետական, հասարակական եւ մյուս մարմինների գործողությունները:
Պետական, հասարակական եւ մյուս մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, դրանց ղեկավարները, մյուս պաշտոնատար անձինք պարտավոր են ընդունել եւ իրենց լիազորություններին համապատասխան սույն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում քննարկել քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ գանգատները, պատասխանել դրանց ու ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:
Հոդված 2. Քաղաքացու գրավոր դիմումը պետք է ստորագրված լինի՝ նշելով ազգանունը, անունը, հայրանունը, եւ առաջարկության, դիմումի կամ գանգատի էության շարադրանքից բացի նաեւ տվյալներ բովանդակի նրա բնակության, աշխատանքի կամ ուսման վայրի մասին: Այս տեղեկությունները չբովանդակող դիմումը համարվում է անստորագիր, ենթակա չէ քննարկման եւ սահմանված կարգով ոչնչացվում է:
Քննարկման ենթակա չեն նաեւ այն դիմումները, որոնցում դիմումի հեղինակի ինքնությանը վերաբերվող տվյալները կեղծ են:
Հոդված 3. Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ գանգատները ժամանակին քննարկելու նպատակով՝
ա) քաղաքացիներն իրենց առաջարկությունները եւ դիմումները տալիս են այն պետական ու հասարակական մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին կամ այն պաշտոնատար անձանց, որոնց անմիջական տնօրինությանն է վերապահվում տվյալ հարցի լուծումը.
բ) գանգատները տրվում են այն մարմիններին կամ այն պաշտոնատար անձանց, որոնց անմիջականորեն ենթակա է այն պետական, հասարակական մարմինը, ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը, որոնց գործողությունները գանգատարկվում են.
գ) իրենց վերադաս մարմինները չունեցող կոլեկտիվ տնտեսությունների, կոոպերատիվ եւ այլ հասարակական կազմակերպությունների անդամների ընդհանուր ժողովների որոշումների, ինչպես նաեւ վարչակազմերի ղեկավարությամբ գործող հասարակական ինքնագործունեության մարմինների որոշումների դեմ ուղղված գանգատները տրվում են համապատասխան գործադիր եւ կարգադրիչ մարմնին:
Օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով գանգատները կարող են տրվել դատարանին:
Հոդված 4. Այն պետական ու հասարակական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, դրանց ղեկավարները եւ պաշտոնատար մյուս անձինք, որոնց տնօրինությանը չի վերապահվում առաջարկություններում, դիմումներում, գանգատներում առաջադրված հարցերի լուծումը, դրանք ամենաուշը հնգօրյա ժամկետում ուղարկում են ըստ պատկանելույն, այդ մասին ծանուցելով դիմողներին, իսկ անձնական ընդունելության ժամանակ պարզաբանում են, թե նրանք ուր պետք է դիմեն:
Հոդված 5. Արգելվում է քաղաքացիների գանգատները լուծման ուղարկել այն պաշտոնատար անձանց, որոնց գործողությունները գանգատարկվում են:
Հոդված 6. Պետական եւ հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են ապահովել յուրաքանչյուր առաջարկության, դիմումի, գանգատի ժամանակին ու համակողմանի քննարկումը, դրանց առթիվ հիմնավորված որոշումների ընդունումը, քաղաքացիների առաջարկությունների, դիմումների եւ գանգատների առթիվ ընդունվող որոշումների փաստացի կատարումը, իրականացնել քաղաքացիների առաջարկությունների, դիմումների եւ գանգատների համալիր ուսումնասիրություն՝ այդ աշխատանքի արդյունքներն օգտագործելով համապատասխան բնագավառում ծառացած խնդիրները լուծելիս:
Հոդված 7. Այն քաղաքացին, որը համաձայն չէ իր առաջարկության, դիմումի, գանգատի առթիվ ընդունված որոշմանը, իրավունք ունի այդ որոշումը գանգատարկելու այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որոնց անմիջականորեն ենթակա են գանգատարկվող որոշում ընդունած պետական, հասարակական մարմինը, ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը
Հոդված 8. Պետական եւ հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարները եւ մյուս պաշտոնատար անձինք պարտավոր են քաղաքացիների անձնական ընդունելություն կատարել:
Ընդունելությունը պետք է կատարվի սահմանված եւ քաղաքացիներին հայտնված օրերին ու ժամերին:
Պետական եւ հասարակական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում քաղաքացիների ընդունելությունը եւ նրանց առաջարկությունների, դիմումների ու գանգատների քննարկումը կազմակերպելու համար անձնական պատասխանատվություն են կրում դրանց ղեկավարները:
Հոդված 9. Դիմումներին ու գանգատներին ընթացք են տալիս հարցը ըստ էության լուծելու պարտավոր պետական, հասարակական մարմնում, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում դրանք ստացվելուց հետո մինչեւ մեկ ամսվա ժամկետում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն եւ ստուգում չպահանջող դիմումներն ու գանգատները՝ 15 օրից ոչ ուշ:
Այն դեպքում, երբ դիմումին կամ գանգատին ընթացք տալու համար անհրաժեշտ է կատարել հատուկ ստուգում, պահանջել լրացուցիչ նյութեր կամ ձեռնարկել այլ միջոցներ, դիմումին կամ գանգատին ընթացք տալու ժամկետները, բացառության կարգով, համապատասխան մարմնի, ձեռնարկության, հիմնարկի եւ կազմակերպության ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից կարող են երկարացվել, բայց ոչ ավելի, քան մեկ ամսով, այդ մասին հայտնելով դիմում կամ գանգատ տված անձին:
Քաղաքացիների առաջարկությունները քննարկվում են մեկ ամսվա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող առաջարկությունների, որի մասին հայտնվում է հեղինակին:
Հոդված 10. Առանձին դեպքերում քաղաքացիների դիմումներն ու գանգատները վերցվում են հատուկ հսկողության եւ դրանց կատարման համար սահմանվում անհատական ժամկետներ:
Քաղաքացիների դիմումներն ու գանգատները հատուկ հսկողության վերցնելու եւ պատասխան պահանջելու իրավունք ունեն հանրապետության պետական իշխանության ու կառավարման բարձրագույն մարմինները, իսկ մյուս մարմիններն ու կազմակերպությունները՝ ըստ ենթակայության:
Հոդված 11. Քաղաքացիների դիմումների ընթացքը համարվում է ավարտված, երբ ըստ էության ձեռնարկված միջոցների մասին պատասխան է տրվել քաղաքացուն:
Պատասխանը տրվում է գրավոր կամ հեղինակի համաձայնությամբ՝ բանավոր:
Հոդված 12. Տեղական ինքնակառավարման մարմինները՝ վարչակազմերը եւ նրանց մարմիններն իրենց ենթակա պետական, հասարակական եւ մյուս մարմիններում, ինչպես նաեւ տվյալ վարչակազմի ենթակայության տարածքում գտնվող ձեռնարկություններում, հիմնարկներում եւ կազմակերպություններում ստուգում են քաղաքացիների առաջարկությունների, դիմումների եւ գանգատների քննարկման վիճակը, ստուգումների արդյունքները անհրաժեշտ դեպքում քննարկում վարչակազմերի, նրանց մշտական հանձնաժողովների նիստերում:
Վարչակազմերի, պետական մյուս մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարները պետք է առաջարկությունների, դիմումների եւ գանգատների քննարկման աշխատանքի մասին կանոնավոր հաշվետվություն տան վարչակազմերի նիստերին:
Հոդված 13. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների եւ գանգատների քննարկման սահմանված կարգի խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք կարգապահական պատասխանատվության են ենթարկվում գործող օրենսդրությանը համապատասխան:
Պետական կամ հասարակական շահերին կամ քաղաքացիների իրավունքներին եւ օրենքով պաշտպանվող շահերին էական վնաս պատճառած խախտումներ թույլ տվող, ինչպես նաեւ գանգատ կամ դիմում տված քաղաքացիներին հետապնդող պաշտոնատար անձինք ենթարկվում են քրեական պատասխանատվության:
Քաղաքացու կողմից զրպարտչական նպատակներով, ինչպես նաեւ անձի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ պարունակող դիմում կամ գանգատ տալը պատասխանատվություն է առաջ բերում օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 14. Սույն օրենքը չի տարածվում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների եւ գանգատների քննարկման այն կարգի վրա, որը սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության, աշխատանքային եւ այլ օրենսդրությամբ:
Հոդված 15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը եւ նրան ենթակա դատախազները բարձրագույն հսկողություն են իրականացնում բոլոր նախարարությունների, պետական կոմիտեների եւ գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների, կոոպերատիվ եւ այլ հասարակական կազմակերպությունների, պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու գանգատները քննարկելիս օրենքների ճշգրիտ կատարման նկատմամբ, միջոցներ են ձեռնարկում քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու եւ օրինական շահերը պաշտպանելու նպատակով, խախտողներին ենթարկում են պատասխանատվության եւ ձեռնարկում են այլ միջոցներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության մասին օրենքին համապատասխան:
Հոդված 16. Պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու գանգատների գործավարությունը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող կարգով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ
4 նոյեմբերի 1996 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-24