Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին

 

  ՈՒԺԸ  ԿՈՐՑՐԵԼ  Է 2014թ.

 

 

                                                                                                                                                                                                                   Օրենքը փոփոխությունների չի ենթարկվել

                                                                                                  ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                                                                Օ  Ր  Ե  Ն  Ք  Ը

                                                                   ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՄԱՍԻՆ

 

                Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի իրավական, տնտեսական և կազմակերպական հիմքերը, կարգավորում է բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառներում պետական մարմինների և իրավաբանական  ու ֆիզիկական անձանց փոխհարաբերությունները:

 

                                                                                                                        ԳԼՈՒԽ  1

                                                                                                       ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 Հոդված 1. Օրենքի նպատակները

 

                Սույն օրենքի նպատակներն են՝

                ա) իրականացնել պետական քաղաքականություն բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառներում.

                բ) կարգավորել փոխհարաբերությունները բույսերի պաշտպանության միջոցների գրանցման, փորձաքննության, արտադրության, վաճառքի, արտահանման, ներմուծման, պահպանման եւ  օգտագործման բնագավառներում.

                գ) կանխել կարանտին վնասակար օրգանիզմների մուտքը և տարածումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, ինչպես նաև բացահայտել և վերացնել դրանց վարակի օջախները.

                դ) նպաստել գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր բերքատվության և առողջ բերքի ստացմանը.

                ե) ապահովել բնակչության առողջության անվտանգությունը.

                զ) նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը:

 

Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան

 

                Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին)  և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառներում ծագած իրավահարաբերությունները:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

                Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

                բույսեր՝ գյուղատնտեսական մշակաբույսեր և այլ կենդանի բույսեր, դրանց մասերը՝ ներառյալ սերմերը, սաղմը և այլն.

                բուսական արտադրանք՝ բուսական ծագում ունեցող չվերամշակված և վերամշակված արտադրանք, որն իր բնույթով կարող է ստեղծել վնասակար օրգանիզմների հիմնավորման կամ տարածման վտանգ.

                վնասակար օրգանիզմ՝ բույսերի և կենդանիների համար ախտածին օրգանիզմների ցանկացած տեսակ, որը վնասակար է բույսերի կամ բուսական արտադրանքի համար.

                բուսասանիտարական կանոններ և նորմեր՝ սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի համապատասխան պահանջներ, որոնք բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառներում կարգավորում են իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեությունը.

                թունանյութերի մնացորդային քանակ՝ գյուղմթերքների, հողի մեջ թունանյութերի սահմանային քանակություն.

                կարանտին վնասակար օրգանիզմներ՝ բույսերի և բուսական արտադրանքի համար առանձնապես վտանգավոր օրգանիզմներ, որոնց ներթափանցումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք և հետագա տարածումը պետականորեն հսկվում է.

                կարգավորվող առարկա (կարանտինի օբյեկտ)՝ ցանկացած բույս, բուսական արտադրանք, պահեստային տարածք, փաթեթավորում, բեռնարկղ (կոնտեյներ), հող և ցանկացած այլ օբյեկտ կամ նյութ, որն ընդունակ է իր մեջ պարունակել կամ տարածել վնասակար օրգանիզմ, և որի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել բուսասանիտարական և կարանտին միջոցառումներ.

                բույսերի կարանտին՝ բույսերի պաշտպանության պետական միջոցառումների համակարգ, որը նպատակաուղղված է կանխելու բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների համար առանձնապես վնասակար օրգանիզմների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք, ինչպես նաև բացահայտել, մեկուսացնել և վերացնել  դրանցով վարակված օջախները.

                կարանտին գոտի՝ տարածք, որտեղ հայտնաբերվել են կարանտին վնասակար օրգանիզմները, և որտեղ դրանց հետագա տարածումը կանխարգելելու և վերացնելու նպատակով սահմանվել է կարանտին հսկողություն.

                կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմ՝ ոչ կարանտին վնասակար օրգանիզմ, որի ներկայությունը բացասաբար է ազդում բույսերի կենսագործունեության վրա՝ պատճառելով տնտեսական վնաս, և որը պետք է վնասազերծվի ներմուծող երկրի տարածքում.

                սահմանային կարանտին պետական հսկողություն՝ կազմակերպական և իրավական համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից բույսերի կարանտինի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահպանմանը.

                բույսերի պաշտպանության միջոցներ՝ բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգել-ման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական և տեխնիկական միջոցներ.

                բուսասանիտարական հավաստագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանվող բույսերի պետական

բուսասանիտարական փաստաթուղթ, որը հավաստում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների  համապատասխանությունը բուսասանիտարական կանոնների պահանջներին:

 

Հոդված 4. Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին օրենսդրությունը

 

Բույսերի պաշտպանության և բույսերի  կարանտինի բնագավառներում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և այլ օրենսդրական ակտերով:

                Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված    5.     Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառներում պետական կառավարումը և լիազորված մարմնի իրավասությունը

 

                Բույսերի պաշտպանության և բույսերի  կարանտինի բնագավառներում պետական կառավարումն իրականացնում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում՝

                ա) բույսերի կարանտինի ծառայության կանոնադրությունը և սույն օրենքով նախատեսվող մյուս ենթաօրենսդրական ակտերը.

                բ) բույսերի պաշտպանության ծառայության կանոնադրությունը.

                գ) բույսերի պաշտպանության և բույսերի  կարանտին միջոցառումների նպատակային ծրագրերը.

                դ) բույսերի համար առանձնապես վնասակար օրգանիզմների տարածմանը, կանխարգելմանն ու վերացմանն ուղղված կարանտին միջոցառումները և այլ սահմանափակումները, դրանք հայտարարելու մասին առաջարկությունները:

                Լիազորված մարմինը՝

                ա) ղեկավարում է բույսերի պաշտպանության և բույսերի  կարանտինի ծառայությունների գործունեությունը.

                բ) կազմակերպում է բույսերի համար վնասակար օրգանիզմների կանխարգելմանը, պայքարին և վերացմանն ուղղված միջոցառումները.

                գ) կանխորոշում և գնահատում է հանրապետությունում բույսերի պաշտպանության իրավիճակը.

                դ) մասնակցում է բույսերի պաշտպանության և բույսերի  կարանտինի միջազգային, տարածաշրջանային, միջպետական ծրագրերին.

                ե) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

ԳԼՈՒԽ  2

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հոդված 6. Բույսերի պաշտպանության խնդիրները

 

Բույսերի պաշտպանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանդիսանում է երկրի պարենային անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասը: Այն բույսերի, բերքի և բուսական ծագում ունեցող մթերքի, վնասատուների, հիվանդությունների, կարանտին և այլ մոլախոտերի դեմ տարվող միջոցառումների, թունաքիմիկատների, կենսապատրաստուկների պետական փորձարկման, արտադրության, պահպանման, փոխադրման, կիրառման, ինչպես նաև

շրջակա միջավայրի, մարդու, բույսերի ու կենդանիների պահպանությանն ուղղված գիտականորեն հիմնավորված միջոցառումների համալիր է:

                Բույսերի պաշտպանության խնդիրներն են՝

                ա) իրականացնել միջոցառումներ բույսերի վնասակար օրգանիզմների զանգվածային բազմացումն ու տարածումը ժամանակին կանխատեսելու, ախտորոշելու և կանխարգելելու նպատակով.

                բ) ապահովել գյուղատնտեսական մշակաբույսերի բուսասանիտարական վիճակի բարելավումը, էկոլոգիապես մաքուր բերքի ստացումը, շրջակա միջավայրին, բուսական և կենդանական աշխարհին սպառնացող վնասի բացառումը:

Հոդված 7. Բույսերի պաշտպանության համակարգը

 

                Բույսերի պաշտպանության գործառույթներն իրականացնում է բույսերի պաշտպանության ծառայությունը: Բույսերի պաշտպանության ծառայությունը գործում է լիազորված մարմնի համակարգում և կազմակերպվում է վարչատարածքային սկզբունքով:

 

Հոդված 8. Բույսերի պաշտպանության ծառայության գործառույթները

 

                Բույսերի պաշտպանության ծառայությունը՝

                ա) իրականացնում է բույսերի պաշտպանության բնագավառում գիտականորեն հիմնավորված տեխնոլոգիաներ և ծրագրեր.

                բ) վերլուծում է գյուղատնտեսական մշակաբույսերի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում իրազեկում է լիազորված մարմնին և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ վնասակար օրգանիզմների հայտնաբերման, տարածման և դրանց դեմ պայքարի գիտականորեն հիմնավորված համալիր միջոցառումների կիրառման մասին.

                գ) իրականացնում է վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համալիր միջոցառումներ՝ դրանք համաձայնեցնելով լիազորված մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ շահագրգիռ մարմինների և անձանց հետ.

                դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրավաբանական և ֆիզիկական անձանց փորձաքննության միջոցով տալիս է եզրակացություն՝ բույսերի պաշտպանության միջոցների արտադրության, պահպանման, վաճառքի, ներկրման և արտահանման համար.

                ե) կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում չգրանցված, օգտագործումից հանված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր՝ բույսերի պաշտպանության միջոցների վաճառքի, օգտագործման և ագրարային կանոնների խախտմամբ կատարվող պայքարի աշխատանքների իրականացման ուղղությամբ.

զ) հսկողություն և վերահսկողություն է սահմանում բույսերի պաշտպանության բնագավառում գործունեության նկատմամբ.

է) զբաղվում է գիտական հետազոտությունների կազմակերպմամբ, մասնագետների վերաորակավորմամբ.

ը) մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից բույսերի պաշտպանության գծով իրականացվող լիցենզավորման գործունեությանը:

 

ԳԼՈՒԽ  3

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 9. Թունավոր մնացորդները  գյուղատնտեսական մթերքներում

 

                Գյուղատնտեսական մթերքները ենթակա են իրացման միայն վկայագրի (սերտիֆիկատի) առկայության դեպքում, որը հավաստում է թունավոր մնացորդների սահմանային թույլատրելի չափերը՝ սանիտարահամաճարակային պետական մարմինների պահանջների  համաձայն:

                Վկայագրերը   տրվում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

                Թունանյութերի պարունակության սահմանային քանակը գերազանցող գյուղատնտե-սական մթերքները ենթակա չեն իրացման: Նրանց հնարավոր օգտագործման մասին որոշումն ընդունում են սանիտարահամաճարակային պետական հսկիչ մարմինները և (կամ) անասնաբու-ժական ծառայությունը:

                Օգտագործման չենթակա գյուղատնտեսական մթերքները ոչնչացվում են:

 

Հոդված 10.  Բույսերի պաշտպանության ասպարեզում վեճերի լուծումը

 

                Բույսերի պաշտպանության ասպարեզում ծագած վեճերը լուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ  4

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԸ

 

Հոդված 11. Բույսերի կարանտինի հիմնական խնդիրները

 

                Բույսերի կարանտինը պետական համալիր միջոցառումների համակարգ է՝  նպատակաուղղված բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների համար կարանտին վնասակար օրգանիզմների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներթափանցման կանխարգելմանը, ինչպես նաև դրանց վարակի օջախների բացահայտմանը և վերացմանը£ Բույսերի կարանտինի հիմնական խնդիրներն են՝

                ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հայտնաբերել և վերացնել բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմները, հիվանդու-թյունները և մոլախոտերը.

                բ) կանխարգելել բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների, հիվանդությունների և մոլախոտերի ներթափանցումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք.

                գ) ապահովել բուսասանիտարական կանոնների պահպանումը բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման ու արտահանման գործառնու-թյունների ժամանակ: Այդ կանոնները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 12. Բույսերի կարանտինի ծառայությունը

 

                Բույսերի կարանտինի գործառույթները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացնում է բույսերի կարանտինի ծառայությունը, որը գործում է լիազորված մարմնի համակարգում և կազմակերպվում է վարչատարածքային սկզբունքով:

                Բույսերի կարանտինի ծառայության համակարգում  կարող են լինել հենակետեր, լաբորատորիաներ և կառուցվածքային այլ ստորաբաժանումներ:

                Բույսերի կարանտինի ծառայության պետն ի պաշտոնե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարանտինի ծառայության պետական գլխավոր տեսուչն է, իսկ բույսերի կարանտինի ծառայության տարածքային ստորաբաժանումների պետերը՝ համապատասխան տարածքի պետական տեսուչները:

                Իրենց գործունեությունն իրականացնելիս բույսերի կարանտինի պետական գլխավոր տեսուչը և պետական տեսուչները ղեկավարվում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

 

Հոդված 13. Բույսերի կարանտինի ծառայության գործառույթները

 

                Բույսերի կարանտինի ծառայությունն  իր իրավասության սահմաններում՝

                ա) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած բույսերի կարանտինի ծրագրեր.

բ) կազմում և լիազորված մարմնի միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը.

գ)  հսկողություն է իրականացնում  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք բույսերի և բուսական արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցումը կանխարգելելու նպատակով.

դ) հսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող  այլ առարկաների՝ բուսասանիտարական նորմերին համապատասխանության նկատմամբ.

ե) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման և արտահանման դեպքերում իրավաբանական ու ֆիզիկական անձանց տալիս է բուսասանիտարական նորմերին համապատասխանության մասին հավաստագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:

 

Հոդված 14. Բույսերի կարանտինի պետական գլխավոր տեսուչի և պետական  տեսուչների իրավունքները

                Սույն օրենքի 13 հոդվածի «գ» և «դ» կետերով նախատեսված իրավասությունների իրականացման ընթացքում բույսերի կարանտինի գլխավոր պետական տեսուչը և պետական տեսուչներն իրավունք ունեն օրենսդրությամբ սահմանված կարգով՝

                ա) վերահսկել իրավաբանական և ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առևտրային, պահեստային տարածքներում և կարգավորվող այլ առարկաներում բույսերի կարանտինի համար սահմանված միջոցառումների իրականացումը.

                բ) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման դեպքում իրավաբանական ու ֆիզիկական անձանցից պահանջել բուսասանիտարական հավաստագրեր և այլ տեղեկություններ,  վերցնել փորձանմուշներ.

                գ) բուսասանիտարական կանոնների համաձայն կազմակերպել և իրականացնել բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վարակազերծում.

                դ) սույն օրենքով և օրենսդրական այլ ակտերով նախատեսված դեպքերում կատարել  բույսերի և բուսական ծագում ունեցող տարանցիկ բեռների՝ բուսասանիտարական նորմերին համապատասխանության ստուգում:

 

 

Հոդված 15. Բույսերի կարանտինի պետական գլխավոր տեսուչի և պետական տեսուչների պարտականությունները

 

                Բույսերի կարանտինի պետական գլխավոր տեսուչի և պետական տեսուչների պարտականություններն են՝

                ա) պահպանել իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ օրենքով սահմանված իրավունքները, չխոչընդոտել նրանց առևտրային գործունեությանը՝ բացառելով անհիմն արգելքները և սահմանափակումները.

                բ) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների արտահանման ու ներմուծման ժամանակ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տալ բուսասանիտարական հավաստագրեր, որոնց հատկացման ժամկետները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.

                գ) չհրապարակել իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին առևտրային գաղտնիք բովանդակող տեղեկություններ.

                դ) բուսասանիտարական կանոնների խախտման դեպքում կիրառել օրենսդրությամբ սահմանված ներգործության միջոցներ.

                ե) պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջները.

                զ) ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել իրենց իրավունքներին ու պարտականություններին.

                է) հատուցել սեփական մեղքով իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառած վնասները:

 

ԳԼՈՒԽ  5

ԿԱՐԱՆՏԻՆ  ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ  ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

 

Հոդված 16. Վնասակար օրգանիզմների վտանգի վերլուծությունը

 

                Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքում բույսերի կարանտինի ծառայությունը կատարում է վնասակար օրգանիզմների վտանգի վերլուծություն, որի

 

արդյունքների հիման վրա համապատասխան եզրակացություն է ներկայացնում լիազորված մարմին: Լիազորված մարմինն առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն՝ կարանտին հսկողություն սահմանելու մասին: Այդ եզրակացության մեջ նշվում են հայտնաբերված վնասակար օրգանիզմները, դրանց տարածման աստիճանը, հնարավոր վնասի գնահատումը, կարանտին գոտու սահմանները, առաջարկվող միջոցառումների ցանկը և դրանք իրականացնող մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց մասնակցությունը կարանտին միջոցառումներին, ինչպես նաև այլ տեղեկություններ:

 

Հոդված 17. Բույսերի կարանտինի սահմանումը

 

                Բույսերի կարանտինի ծառայության եզրակացության հիման վրա, լիազորված մարմնի միջնորդությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունում բույսերի կարանտինի սահմանման վերաբերյալ:

                Բույսերի կարանտինի ծառայությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ համագործակցելով՝ սահմանում և հայտարարում է կարանտին միջոցառումների ցանկը՝ ապահովելով բոլոր շահագրգիռ մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրազեկությունը կարանտին գոտում պարտադիր կատարման ենթակա կանոնների ու միջոցառումների մասին:

                Բույսերի կարանտինի սահմանման դեպքում սահմանափակվում է բույսերի և բուսական արտադրանքի արտահոսքը, ինչպես նաև դրանց հետ առնչվող փոխադրամիջոցների ելքն ու մուտքը կարանտին գոտի: Սահմանափակումների դեպքերն ու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

                Բույսերի կարանտինի ծառայությունը, տեղական ինքնակառավարման մարմինների և բույսերի պաշտպանության ծառայության հետ համագործակցելով, կարանտին գոտում իրականացնում է նախատեսված բուսասանիտարական միջոցառումներ՝ կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ոչնչացման, կարգավորվող առարկաների վարակազերծման  նպատակով, ինչպես նաև իրականացնում է այլ միջոցառումներ՝ կանխելու կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների տարածումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:

 

Հոդված 18. Բույսերի կարանտինի հանումը

 

                Բույսերի կարանտինը հանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից՝ բույսերի կարանտինի ծառայության եզրակացության և լիազորված մարմնի միջնորդության հիման վրա:

 

ԳԼՈՒԽ  6

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ  ԵՎ  ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Հոդված 19. Բուսասանիտարական հսկողությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների նկատմամբ

 

                Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանային կետերով թույլատրվում է միայն բուսասանիտարական պարտադիր ստուգում անցնելուց հետո:

                Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանային կետերում բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության  սահմանած կարգով:

               

Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների մաքսային ձևակերպումը կատարվում է բուսասանիտարական նորմերին համապատասխանությունը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

 

Հոդված 20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների արտահանման բուսասանիտարական հսկողությունը

 

                Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների արտահանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից թույլատրվում է բուսասանիտարական հավաստագրերի առկայության դեպքում:

                Արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների համար բուսասանիտարական հավաստագիրը տրվում է այն դեպքում, երբ դա համապատասխանում է ներկրող երկրների բուսասանիտարական նորմերին:

                Բուսասանիտարական հավաստագրի ձևը պետք է համապատասխանի բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայով հաստատված նմուշին:

                Բուսասանիտարական հավաստագիրը համարվում է անվավեր՝ չվավերացված փոփոխությունների և ուղղումների դեպքում:

 

Հոդված 21.  Բուսասանիտարական հսկողությունը տարանցիկ բույսերի, բուսական  արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների նկատմամբ

 

                Տարանցիկ բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող այլ առարկաները Լեռնային Ղարաբաղի Հանրաապետության սահմանային կետերում ենթակա չեն բուսասանիտարական հսկողության, եթե դրանք գտնվում են արտահոսքը  բացառող ամբողջովին փակ, կնիքով զմռսված տարաներում:    

                 Եթե բույսերը, բուսական արտադրանքը  և կարգավորվող այլ առարկաները գտնվում են այնպիսի տարաներում, որոնցից հնարավոր է վնասակար օրգանիզմների ներթափանցում շրջակա միջավայր, կամ կան ստույգ տեղեկություններ նման վտանգի հնարավորության մասին, ապա դրանք նույնպես ենթակա են պարտադիր բուսասանիտարական ստուգման:

                Այս դեպքում տարանցիկ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք հնարավոր է սահմանային կարանտին տեսուչի համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում:

 

ԳԼՈՒԽ  7

ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ

ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՌԳՐԱՎՈՒՄՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

Հոդված 22.  Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների առգրավումն ու ոչնչացումը

 

                Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների մուտքը, տարածումն ու վարակի օջախները վերացնելու համար, բույսերի կարանտինի ծառայության պետական տեսուչի ուսումնասիրության հիման վրա, վարակակիր կամ հիվանդության կասկած առաջացնող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող այլ առարկաներն առգրավվում են ախտահանման կամ ոչնչացման նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

                Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վարակազերծման և ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ  8

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

 

Հոդված 23.  Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի ծառայությունների համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ մարմինների և ծառայությունների հետ

 

                Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի ծառայություններն իրենց խնդիրներն իրականացնելիս, լիազորված մարմնի միջոցով, համագործակցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ագրարային պետական տեսչությունների, մաքսային մարմինների, շրջակա միջավայրի պահպանության, պետական հիգիենիկ ու հակահամաճարակային և այլ ծառայությունների հետ:

 

Հոդված 24.  Համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ

 

                Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի ծառայությունները, լիազորված մարմնի միջոցով, իրենց իրավասությունների սահմաններում համագործակցում են համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ:

 

ԳԼՈՒԽ  9

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 25. Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի ծառայությունների ֆինանսավորումը

 

                Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի ծառայությունների ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

                Բույսերի կարանտինի ծառայության տրամադրած փաստաթղթերի համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան: Փաստաթղթերի ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

                Վնասակար օրգանիզմների դեմ պայքարի բոլոր միջոցառումները (բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկից), նրանց օջախների մեկուսացման և ոչնչացման համար թունաքիմիկատների տեղափոխման և պահպանման կազմակերպումը իրագործվում է հողօգտագործողների սեփական միջոցների հաշվին:

 

ԳԼՈՒԽ  10

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ

ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 26. Իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքները

 

                Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառներում իրավաբանական և ֆիզիկական անձինք իրավունք ունեն՝

                ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի ծառայությունների գործողությունները.

                բ) դատական կարգով պահանջել նշված ծառայությունների ապօրինի գործողության կամ անգործության հետևանքով նրանց պատճառած վնասի փոխհատուցում.

                գ) պարզել իրականացվող հսկողության ձևի կիրառման նպատակը.

                դ) հսկողություն իրականացնող մարմնից ստանալ համապատասխան պարզաբանումներ իր իրավունքների մասին.

                ե) առարկել հսկողություն իրականացնող մարմինների գործողությունների դեմ և պահանջել առարկությունները գրանցել արձանագրությունում.

                զ) ծանոթանալ արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել և դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության ու լրիվության վերաբերյալ, պահանջել նշված արձանագրությունում գրանցում կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն.

                է) ստանալ հսկողություն իրականացնող մարմնի ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցումը.

                ը) արգելել օրենսդրության պահանջների խախտմամբ կատարվող ստուգումը.

                թ) ծանոթանալ ստուգումների արձանագրություններին.

                ժ) ներկայացնել բացատրություններ, հարուցել միջնորդություններ.

                ժա) չկատարել ստուգումն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև ստուգման նպատակներից չբխող պահանջները.

                ժբ) իր շահերի պաշտպանության նպատակով ստուգումներին մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, ներկայացուցիչների, փաստաբանների:

 

Հոդված 27. Իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտականությունները

 

                Իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են՝

                - իրականացնել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համալիր միջոցառումներ՝ ուղղված դրանց զանգվածային զարգացման, հարակից տարածքներում տարածման և բերքի վնասի կանխարգելմանը. 

                - չմշակել բույսերի պաշտպանության ծառայության կողմից արգելված առանձին տեսակի մշակաբույսեր, չօգտագործել բուսասանիտարական ոչ պիտանի սերմացու, տնկանյութեր, կատարել բույսերի պաշտպանության  ծառայության հանձնարարականները.

                - խիստ պահպանել թունաքիմիկատների օգտագործման կարգն ու կանոնները, թույլ չտալ  շրջակա միջավայրի և գյուղատնտեսական մթերքների աղտոտում.      

                - բույսերի պաշտպանության ծառայության հանձնարարականներով իրագործել վնասակար օջախների  վնասազերծումը և վերացումը.

                - բույսերի պաշտպանության ծառայության պաշտոնատար անձանց տրամադրել տեղեկություններ հողերի, անտառների, բուսականության և պահպանվող գյուղատնտեսական մթերքների բուսասանիտարական վիճակի մասին, ինչպես նաև  ապահովել նրանց անարգել մուտքը հետազոտվող օբյեկտներ.        

                - բույսերի պաշտպանության ծառայությանը ժամանակին տեղեկացնել այն իրադրության մասին, որը կարող է առաջ բերել վտանգավոր բուսասանիտարական հետևանքներ.               

                - թունաքիմիկատներն ու մյուս նյութերն օգտագործել միայն համապատասխան վկայականների առկայության դեպքում.            

                - պարտադիր կարգով անցկացնել ներմուծվող և (կամ) իրացվող սերմերի և տնկանյութերի խմբաքանակի որակի ստուգում:

 

ԳԼՈՒԽ 11

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ  ՍՈՒՅՆ  ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 28.  Պատասխանատվությունը  սույն  օրենքը խախտելու համար

 

                Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինները, իրավաբանական և ֆիզիկական անձինք  սույն օրենքը խախտելու համար պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ԳԼՈՒԽ  12

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 29. Նորմատիվային իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը

 

                Հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝ գործող նորմատիվային իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքին:

 

Հոդված 30. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

                Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  հրապարակման պահից:

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                                                         Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

8 փետրվարի 2001 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-131