ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պաշտոնական անվանումը՝ Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Մայրաքաղաքը՝ ք. Ստեփանակերտ
Պետական լեզուն՝ հայերեն
Կրոնը՝ քրիստոնեություն
Հիմնական օրենքը՝ ԼՂՀ Սահմանադրություն (ընդունվել է համաժողովրդական հանրաքվեով, 2006թ. դեկտեմբերի 10-ին), 2017 թ. ընդունվել է Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունը
Արցախի Հանրապետության օրը՝ 2 սեպտեմբերի, 1991 թ.
Արժույթը՝ հայկական դրամ (AMD), շրջանառության մեջ է դրվել 1993թ.-ից
Բնակչությունը՝ 150 հազ. 936 մարդ (2015 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ)
Ազգաբնակչությունը` հայեր /95 %/, ռուսներ, ուկրաինացիներ, հույներ, վրացիներ, ադրբեջանցիներ, ավարներ, բելոռուսներ եւ այլն
Տարածքը` ավելի քան 12 հազար կմ2, որից 1041 կմ2 բռնազավթված է Ադրբեջանի կողմից:
Աշխարհագրական դիրքը` Հարավային Կովկաս. արեւմուտքում՝ Հայաստանի Հանրապետություն, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, հյուսիսում եւ արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետություն
Ժամանակը` GMT+04.00
Կլիման` մեղմ եւ բարեխառն, հանրապետության զգալի տարածքում` մերձարեւադարձային
Օդի միջին ջերմաստիճանը` +10.9˚C
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը` 587 մմ
Ծովի մակերեւույթից միջին բարձրությունը` 1100 մ
Ամենաբաձր լեռնագագաթները` Գոմշասար` 3724մ, Գժասար` 3616մ, Թսխուդ` 3581մ, Մռավ` 3343մ, Մեծ Քիրս` 2725մ
Խոշորագույն գետերը` Արաքս, Որոտան, Հակառի, Թարթառ, Խաչեն
Օգտակար հանածոները` մարմար, գրանիտ, անդեզիտ, տուֆ, բազալտ, կրաքար, դիաբազ, բենտոնիտային կավեր, պեմզա, կավ, ցինկ, պղնձաքար, արճիճ, լիտոգրաֆային քար, քարածուխ, ծծմբաքար, երկաթ, ջրային պաշարներ
ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐ
ԱՀ պետական դրոշը
Արցախի Հանրապետության դրոշը եռագույն է` վերեւից ներքեւ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով, աջ կողմի երկու ծայրերից սկսվող եւ դրոշի մեկ երրորդ հատվածում միացող սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով: Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատեւման, քրիստոնեական հավատքի, անկախության եւ ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրությունը: Դրոշի լայնության եւ երկարության չափերի հարաբերությունն է` 1:2-ի:
ԱՀ պետական զինանշանը
Արցախի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում պատկերված է թեւատարած արծիվ, որի գլխավերեւում տարածվում են արեւի ճառագայթները եւ զետեղված է Արտաշեսյանների հարստության թագը: Վահանի վրա՝ ուղղահայաց դիրքով ԼՂՀ դրոշի սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով հատվածի եւ Քիրս լեռան ֆոնի վրա «Մենք ենք՝ մեր սարերը» քանդակի պատկերն է: Ներքեւում` արծվի մագիլների մեջ, խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր: Վերեւի կիսաշրջանում արված է հայերեն մակագրություն. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ - ԱՐՑԱԽ»:
ԱՀ պետական օրհներգը
Արցախի Հանրապետության օրհներգը «Հիմն Արցախի»-ն է:
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Կառավարման մարմինները: Համաձայն 2017 թ. ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության՝ պետության գլուխն ու գործադիր իշխանության ղեկավար է հանդիսանում Հանրապետության նախագահը, ով ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում:
Հանրապետության Նախագահը հանդիսանում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորը:
Նախագահը ներկայացնում է հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը:
Նա հանդիսանում է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում եւ ազատում է զինված ուժերի ու այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
Պետության ղեկավարը լուծում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Արցախի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:
Արցախի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը: Ազգային ժողովը միապալատ ներկայացուցչական մարմին է եւ բաղկացացած է 33 պատգամավորից, ովքեր ընտրվում են 5 տարի ժամկետով: Մինչև 2017 թվականի Սահմանադրության ընդունումը 11 պատգամավոր ընտրվում էր մեծամասնական, 22-ը` համամասնական ընտրակարգով: Նոր Սահմանադրության համաձայն՝ 2020 թվականին ընտրվելիք խորհրդարանը ձևավորվելու է ամբողջական համամասնական ընտրակարգով: Ազգային ժողովի մարմիններն են ԱԺ նախագահը, նրա տեղակալը, պատգամավորներն ու հանձնաժողովները:
Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ` սեպտեմբեր-դեկտեմբեր, փետրվար-հունիս ամիսներին:
Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, որոշումներ, ուղերձներ եւ հայտարարություններ:
Ներկա՝ 7-րդ գումարման խորհրդարանում գործում է 7 մշտական հանձնաժողով.
- արտաքին հարաբերությունների,
- արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի,
- ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի,
- պետական-իրավական հարցերի,
- սոցիալական և առողջապահության հարցերի,
- պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի,
- գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի
5 խմբակցություն.
- «Ազատ Հայրենիք-ՔՄԴ»,
- «Միասնական Հայրենիք»,
- Արցախի «Արդարություն»,
- «Հայ Հեղափոխական Դաշնակցություն»,
- «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն»:
Կառավարությունը Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացմանը աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմինն է: Կառավարությունը Հանրապետության նախագահի ծրագրի հիման վրա ու նրա ղեկավարությամբ մշակում և իրականացնում է պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը: Կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախարարներից: Կառավարությունը կազմավորվում է Հանրապետության նախագահի կողմից:
Կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում եւ հաստատում է Հանրապետության նախագահը:
ԱՀ ներկա կառավարությունն ունի հետեւյալ կառուցվածք.
- աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարություն,
- առողջապահության նախարարություն,
- արդարադատության նախարարություն,
- արտաքին գործերի նախարարություն,
- էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն,
- կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն,
- ներքին գործերի նախարարություն (Ոստիկանություն, Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն),
- պաշտպանության նախարարություն,
- տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն,
- քաղաքաշինության նախարարություն,
- ֆինանսների նախարարություն:
Գործում են պետական կառավարման այլ մարմիններ՝ Ազգային անվտանգության ծառայություն, Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե, Պետական եկամուտների կոմիտե:
Արցախի Հանրապետությունում դատական իշխանությունն իրականացնում են դատարանները: ԱՀ-ում գործում է եռաստիճան դատական համակարգ. ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, վերաքննիչ դատարան եւ գերագույն դատարան: Գերագույն դատարանը բարձրագույն դատական ատյանն է, որը իրականացնում է նաև սահմանադրական արդարադատություն: Արտակարգ դատարանների ստեղծումը հանրապետությունում արգելվում է:
Դատարանները Արցախի Հանրապետությունում անկախ են: Դատավորի լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում:
Վարչական բաժանումը
Արցախի Հանրապետությունը ընդգրկում է յոթ շրջան եւ հանրապետության մայրաքաղաքը: Կա 12 քաղաք եւ 322 գյուղական բնակավայր:
Արցախի Հանրապետության հաշվեգրված բնակչության օպերատիվ ցուցանիշը 2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 150.936 մարդ: