ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

                                                                                       ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

                                                                                                 6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 8-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

                                                                                     2018Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են 30 պատգամավորներ, բացակա՝ 3-ը:

Աշոտ Ղուլյան – Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, Կառավարության հարգարժան անդամներ, հրավիրվածներ: Ինչպես սովորաբար, տարեվերջին, մենք այս օրերին ու նաև առաջիկայում անդրադառնալու ենք հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթին, որի շուրջ քննարկումները Արցախի Ազգային ժողովում մեկնարկել ենք գրեթե մեկ ամիս առաջ: Կանոնակարգ օրենքով նախատեսված ընթացակարգով հաստատվել է քննարկումների ժամկետացանկը, և այսօրվա նիստով  մենք մտնում ենք եզրափակիչ փուլ՝ հանրագումարի բերելով պատգամավորների և խմբակցությունների առաջարկները 2019թ. բյուջեի նախագծի համար: Մեր երկրի բնականոն կենսագործունեության համար հույժ կարևոր է այդ նախագծի քննարկումները անցկացնել բաց և հրապարակային եղանակով, և այսօր էլ այդ գործընթացը շարունակում ենք օրենսդիր և գործադիր իշխանությունների թևերի սերտ համագործակցության մթնոլորտում: Այսօրվա նիստում ներկա են Արցախի Հանրապետության պետնախարարը և բյուջեի ներկայացման հարցով՝ Կառավարության լիազոր մարմնի և այն ոլորտների պատասխանատուները, ովքեր ամենամյա կամ տարեկան ծրագրեր են ներկայացրել 2019թ. պետական բյուջեի նախագծի փաթեթում: Կարծում եմ՝ մենք բարեխիղճ աշխատել ենք բյուջեի նախագծի հանձնաժողովային և քաղաքական քննարկումների հատվածում, և նույն կերպ կշարունակենք համատեղ մեր ջանքերը՝ բյուջեի նախագիծը, որպես օրենք ընդունելու նպատակադրությամբ:

Մինչ Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքներին անցնելը, ուզում եմ անդրադառնալ անցած կիրակի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մեր բոլորիս անունից ուզում եմ առաջին հերթին շնորհավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իշխանություններին՝ ազատ ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու առթիվ: Մեր շնորհավորանքներն  ու արդյունավետ աշխատանքի բարեմաղթանքներն եմ ուզում հղել Հայաստանի Հ  անրապետության 7-րդ գումարման խորհրդարան անցած քաղաքական ուժերին՝ համոզիչ մեծամասնություն ստացած Իմ քայլը» դաշինքին և «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին: Մենք ձևավորված բարի ավանդույթներ ունենք հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցության տարեգրության մեջ, և վստահ եմ՝ Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի հետ համագործակցությունն ու միջխորհրդարանական կապերի ամրապնդումը շարունակական են լինելու: Այսքանը, որպես ներածություն: Այժմ պատգամավորներին  խնդրում եմ գրանցվել՝  նիստի աշխատանքները սկսելու համար: Գրանցում: Նիստին ներկա են 30 պատգամավորներ, բացակա՝ 3: Երկու պատգամավորների բացակայությունը հարգելի է՝ նախապես տեղեկացրել են, առողջության պատճառով: Նիստը համարվում է բացված:

Վահրամ Բալայան - Հարգելի գործընկերներ, նստաշրջանի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ պարոն Աշոտ Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Բալայան: Հարգելի գործընկերներ, մենք երեկ Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցության ժամանակ, քննարկել և հավանություն ենք տվել հարցերի այն շրջանակին, որ այսօր մենք ներկայացնում ենք Ազգային ժողովում,  և մինչև այսօրվա լիագումար նիստի օրակարգի մասին խոսելը, մենք սովորաբար, լրացումներ և փոփոխություններ ենք կատարում: Նախագիծը ձեր տրամադրության տակ կա: Այսօրվա մեր նիստին որպես նստաշրջանի օրակարգում ներկայացված են հենց այն հարցերը, որոնք քիչ հետո մենք, որպես նիստի օրակարգ ենք հաստատելու, և նաև մեկ հարց, որը նստաշրջանի  օրակարգ է մտնելու, բայց առայժմ նիստի օրակարգ չի մտել՝ էլի հեղինակի խնդրանքով:

«Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջե մասին» նախագիծն է, Ոստիկանության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխությունների նախագծերը՝ կից փաթեթով: Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է և նստաշրջանի օրակարգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: Այսքանը, որպես նստաշրջանի օրակարգում լրացումներ:

Վահրամ Բալայան - Եթե հարցեր կան, խնդրեմ: Չկան:

Աշոտ Ղուլյան –  Քվեարկության է ներկայացվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման 8-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին Ազգային Ժողովի որոշման նախագիծը: Քվեարկություն: Կողմ՝ 30, դեմ՝ չկա:

Վահրամ Բալայան - Այժմ, նիստի օրակարգը ներկայացնելու համար, խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ պարոն Աշոտ Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան –  Մեր այսօրվա լիագումար նիստի օրակարգը, քիչ առաջ, մեր հաստատած նստաշրջանից է բխում, և դրա մասին ես արդեն ասել եմ, որ մեր հաստատած օրակարգից երեք կարևոր հարցեր են՝ բյուջեի նախագիծը, որը, որպես գլխավոր թեմա, և երկու օրենքի նախագծերը և  ինչպես բոլոր հերթական նիստերի ժամանակ, պատգամավորների հայտարարություններ՝ օրակարգային հարցը ունենք:

Վահրամ Բալայան – Եթե հարցեր կան, խնդրեմ: Չկան:

Աշոտ Ղուլյան –   Քվեարկության է ներկայացվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 13-ի նիստի օրակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Քվեարկություն: Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Մեր այսօրվա նիստի օրակարգը հաստատված է: Ես բոլորին խնդրում եմ, այժմ նիստի օրակարգի հարցերին՝ ըստ օրակարգով դրված հերթականության:

Այժմ, Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին նախագիծն է մեր քննության առարկան: Ես ուզում եմ հիշեցնել, որ բյուջեի մասին Ազգային ժողովում քննարկումները կատարվում են մի քանի փուլերով: Ուզում եմ ներկաների համար ասել, որ դա կատարվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով: Մենք հատուկ գլուխ ունենք՝ պետական բյուջեի ընդունումը՝ գլուխ 20 և առաջին հոդվածներով՝ 81,82-րդ հոդվածները նախատեսում է, թե նախնական քննարկումները ինչպես են անցնում: Կառավարությունից 45 օր առաջ ստացվում է, հաստատվում է ժամկետացանկը, որից հետո պետական բյուջեի մասին նախագիծը քննարկվում է հանձնաժողովներում, խմբակցություններում և մինչև Ազգային ժողովում քննարկելը պատգամավորները և խմբակցությունները Կառավարությանը ներկայացնում են առաջարկություններ՝  բյուջեի և բովանդակության, և հոդվածների, և որոշակի կոնկրետ ծրագրերի հետ կապված: Մենք անցել ենք այս բոլոր փուլերը, և այսօրվա մեր քննարկումը սկսելու ենք կանոնակարգ օրենքի  84-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգով, որտեղ նշվում է, որ Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը քննարկվում է ընդհանուր կարգով՝ սույն հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան: Հետևաբար՝ մինչև 30-ական րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ Հանրապետության նախագահի մինչև 3 ներկայացուցիչ, մինչև 30-ական րոպե տևողությամբ հարակից զեկույցներով հանդես են գալիս Ազգային ժողովի հանձնաժողովների ներկայացուցիչները: Այս դեպքում մենք ունենք երկու պարտադիր հայտ՝ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի հայտ, մյուսը՝ պաշտպանության, անվտանգության հայտ: Մյուս հանձնաժողովներից մենք հայտեր չենք ստացել: Որից հետո լինելու է մտքերի փոխանակություն, մտքերի փոխանակությունից հետո՝ հարցի քննարկումը ընդմիջվելու է: Նիստը շարունակվելու է, բայց բյուջեի քննարկումը ընդմիջվելու է առնվազն 4 օրով, որի ժամանակ Ազգային ժողովի պատգամավորները իրավունք ունեն երկրորդ փուլ առաջարկություններ ներկայացնել բյուջեի նախագծի հետ կապված: Քանի որ ընթացակարգը պարզ է, և մենք բանավոր պայմանավորվածություն ունենք, որ Ազգային ժողովում՝ բյուջեի նախագիծը ներկայացնելու համար Կառավարության կողմից լիազորված է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար պարոն Արթուր Հարությունյանը: Խնդրեմ, պարոն Հարությունյան:

Արթուր Հարությունյան -  Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պետնախարար, հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ: Սահմանադրության 123-րդ հոդվածին համապատասխան, Ազգային ժողովին է ներկայացվել Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի նախագիծը, որն արդեն քննարկվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում:

Այդ կապակցությամբ  նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին` պետական բյուջեի շուրջ ծավալած բավականին արդյունավետ, համապարփակ և բաց քննարկումների համար: Բարձրացրած հարցերը, մատնանշած խնդիրներն ու կատարված առաջարկությունները անհրաժեշտ խթան են հանդիսանալու կառավարության գործունեությունը առավել արդյունավետ դարձնելու համար:

2019թ. պետական բյուջեի նախագիծը մշակվել է` հաշվի առնելով Արցախի Հանրապետության նախագահի 2017-2020թթ. ծրագրի նպատակադրումները, որը միտված է ինչպես կայուն տնտեսական աճի ապահովմանը, այնպես էլ տնտեսության գերակա ոլորտների զարգացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը: 2019թ. բյուջետային քաղաքակա­նությունը ուղղված է լինելու տնտեսական աճի խթանմանը և տնտեսությունում աճի ներուժի աստիճանական բարձրացմանը:

Նախքան պետական բյուջեի եկամուտները և ծախսերը ներկայացնելը կուզենայի անդրադառնալ ընթացիկ տարում ձևավորված տնտեսական միջավայրին և ներկայացնել որոշ մակրոտնտեսական կանխատեսումային գնահատականներ:

2018թ.  մակրոտնտեսական ցուցանիշների զարգացումները, մասնավորապես` ինը ամսվա արդյունքներով արձանագրված 12.2 տոկոս տնտեսական աճը, թույլ են տալիս 2018թ. համար ակնկալել ավելի բարձր տնտեսական աճի տեմպ, քան մենք պլանավորել ենք 2018թ. պետական բյուջեի նախագծում: Ըստ մեր կանխատեսումների, 2018թ. համախառն ներքին արդյունքը կկազմի 302.5 մլրդ դրամ, իսկ տնտեսական աճը  շուրջ 9.0 տոկոս` 2.0 տոկոս դեֆլյատորի պայմաններում: Նման աճի տեմպի կանխատեսման համար հիմք է հանդիսացել հանքագործական արդյունաբերության և էներգետիկայի ոլորտների ավելացված արժեքի աճը, որոնք, ըստ սպասումների, կապահովեն տնտեսական աճի համապատասխանաբար 4.4 և 1.4 տոկոսային կետը: Նյութական արտադրության մյուս ճյուղերի հաշվին կապահովվի տնտեսական աճի 3.2 տոկոսային կետը:

Նյութական արտադրության հիմնական ոլորտներում կանխատեսվում են հետևյալ ցուցանիշները. 2018թ. արդյունաբերական արտադրանքի ծավալը կկազմի շուրջ 119.0 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ իրական արտահայտությամբ աճելով մոտ 22.0 տոկոսով, շինարարության ծավալը կկազմի մոտ 54.0 մլրդ դրամ` ապահովելով աճ 1.0 տոկոսային կետի չափով,  գյուղատնտեսության արտադրանքի ծավալը կկազմի ավելի քան 75.0 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազելու է 0.8 տոկոսային կետով, ինչի հիմնական պատճառն է հանդիսացել այս տարի գյուղատնտեսության համար ստեղծված ոչ բարենպաստ բնակլիմայական պայմանները:

2019թ. համար կանխատեսումային համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 333.2 մլրդ դրամ` ապահովելով մոտ 8.0 տոկոս իրական աճ, որը համապատասխանում է Արցախի Հանրապետության նախագահի 2017-2020թթ. ծրագրում նախատեսված տնտեսական աճի թիրախային մակարդակին:

Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է 4 տոկոսի սահմաններում` +/-1.5 տոկոս տատանման թույլատրելի միջակայքով:

Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2019թ. պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել են հետևյալ չափերով. եկամուտների գծով`    112 մլրդ 340.9 մլն դրամ, ծախսերի գծով`       110 մլրդ 987.7 մլն դրամ, դրա արդյունքում պրոֆիցիտը կկազմի`  1 մլրդ 353.2 մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրավված փոխառու միջոցների մարմանը:

Պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 54,7 մլրդ. դրամի չափով, որը 2018թ. համար պլանավորված եկամուտների նկատմամբ ավել է 1.7 մլրդ. դրամով կամ  3.2 տոկոսով: Այդ թվում հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 54,2 մլրդ դրամ կամ ընթացիկ տարվա համար պլանավորված եկամուտներից ավել շուրջ 2.8 տոկոսով, որի արդյունքում կանխատեսումային «Հարկեր-ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի 16.4 տոկոս:

Հարկային եկամուտների պլանավորման ժամանակ հաշվի է առնվել նաև այս տարվա հուլիս ամսում կառավարության կողմից ընդունված հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգում նախատեսված փոքր և միջին  ձեռնարկատիրության համար հարկային բեռի թեթևացմանն ու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որի ընդունման պարագայում էականորեն կնվազեցվեն արտոնագրային և հաստատագրված վճար վճարողների հարկային բեռը, մասնավորապես Ստեփանակերտ քաղաքում գործող հարկ վճարողների համար 50 տոկոսի չափով, իսկ շրջաններում գործող հարկ վճարողների համար 70 տոկոսի չափով:

Միջպետական վարկի չափը 2019թ. կկազմի 57 մլրդ 640.9 մլն դրամ:

2019թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 110 մլրդ 987.7 մլն դրամի չափով, որն ավել է ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից շուրջ 4.2 տոկոսով (2018թ.  106,538.8 մլն դրամի դիմաց): ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի 33.3 տոկոս, ընթացիկ տարվա 35.2 տոկոսի դիմաց:

Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերի ծավալների, կազմի ու կառուցվածքի ձևավորման ժամանակ առաջնորդվել ենք բյուջետային նորմատիվների և ծախսային ուղենիշերի, ինչպես նաև ֆինանսական կարգապահության կանոնների խիստ պահպանման սկզբունքով, որն իր հերթին կանխատեսվել է տնտեսության զարգացման տեմպերի ապահովմանն ուղղված Կառավարության քաղաքականությանը համապատասխան:

Հիմնական ծախսային գերակայությունները, որոնք նախատեսված են պետական բյուջեի նախագծով, հետևյալն են.

Գյուղատնտեսության ոլորտի ծախսերը նախատեսվում են 5 մլրդ 082.3 մլն դրամի չափով, որից՝ 1,5 մլրդ դրամը նախատեսվում է հատկացնել Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին, որը ընթացիկ տարվա համար նախատեսված ծախսերի համեմատ ավել է 200.0 մլն դրամով  (15.4 տոկոս): Հատկացված գումարները հիմնականում ուղղվելու են տեղական ագրարային տնտեսություններին աջակցության տարբեր ծրագրերի իրականացմանը, փոխառությունների տրամադրմանը, առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրվող վարկերի մասնակի սուբսիդավորմանն ու մի շարք այլ ծրագրերի իրականացմանը: 600.0 մլն դրամ նախատեսվում է հատկացնել ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման խթանմանը, մասնավորապես՝ կաթիլային համակարգերի տեղադրման աշխատանքների մի մասի սուբսիդավորմանը:

550.0 մլն դրամ՝ գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման ծրագրերին,  400.0 մլն դրամ՝ արտեզյան ջրհորների կառուցմանն ու վերանորոգմանը:

Կուզենայի նշել նաև, որ այս տարի առաջին անգամ փորձնական տարբերակով գյուղատնտեսական երեք ծրագիր, դրանք են՝ ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման խթանում, բազմամյա կերային խոտաբույսերի մշակում ու անասնապահության կանոնակարգում և արոտների կառավարում, ներկայացվել են ծրագրային բյուջետավորման ձևաչափով, որտեղ հստակ արտացոլված է ծրագիրը, դրա վրա ծախսվող գումարները և արդյունքը:

Տնտեսական զարգացման ծրագրերի համար 2019թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 434.7 մլն դրամ, որն ուղղվելու է Արցախի Հանրապետության տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի արտահանման կարողությունների զարգացմանն ու պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանը:

Արցախի ներդրումային հիմնադրամին տրամադրվող ֆինանսական աջակցությունը կկազմի 4.0 մլրդ դրամ կամ ընթացիկ տարվա համար նախատեսված ծախսերի համեմատ ավել 1,5 մլրդ դրամով (60.0 տոկոս): Ավելացումը հիմնականում կապված է Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամի լուծարմամբ՝ պայմանավորված վերջինիս իրականացվող ծրագրերը Արցախի ներդրումային հիմնադրամին փոխանցմամբ և հանրապետությունում մեկնարկած նոր բնակարանաշինության ծրագրերի մասով հիփոթեքային վարկերի սուբսիդավորման ծավալների ավելացմամբ:

Տնտեսական ոլորտում «Ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով Արցախի Հանրապետության շրջանների կարողությունների զարգացման» ծրագրի շրջանակներում պլանավորվում է հատկացնել 3,0 մլրդ դրամ: Նշված ծրագրով նախատեսվում է իրականացնել հանրապետության շրջաններում ավտոճանապարհների պահպանման և շահագործման, գյուղամիջյան ճանապարհների սալապատման, համայնքների բնակիչներին շինանյութերի տրամադրման, ինչպես նաև շրջաններում սանմաքրման, կանաչապատման, ջրամատակարարման և բարեկարգման աշխատանքներ:

2019թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է կատարել 19 մլրդ 086.8 մլն դրամի կապիտալ ներդրումներ (2018թ. հաստատված 17,500.0 մլն դրամի դիմաց), որը շուրջ 1.6 մլրդ դրամով ավել է ընթացիկ տարվա ցուցանիշից: Հատկացված միջոցների հաշվին կիրականացվեն ինչպես տնտեսության ճյուղերի զարգացմանն ուղղված, այնպես էլ սոցիալական նշանակություն ունեցող մի շարք շինարարական ծրագրեր:

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը 2019թ. պետական բյուջեի նախագծում կազմում են 23 մլրդ 387.6 մլն դրամ կամ ընթացիկ տարվա համար պլանավորված ցուցանիշից ավել 480.9 մլն դրամով (ընթացիկ տարվա 22,906.6 մլն դրամի դիմաց), որը փաստացի բյուջեի ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժին ունեցող ոլորտն է ընդհանուր ծախսերի մոտ 21.7 տոկոս :

Առողջապահության  ոլորտի ծախսերի մասով նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 923.4 մլն դրամ, որը գերազանցում է 2018թ. պլանավորված ցուցանիշը 771.7 մլն դրամով կամ 12.5 տոկոսով:

Այստեղ ծախսերի ավելացումը հիմնականում պայմանավորված է բուժանձնակազմի  աշխատավարձերի շուրջ 15 տոկոսի չափով բարձրացմամբ, ինչպես նաև մի շարք նոր ծրագրերի իրականացմամբ:

Կրթության, գիտության և սպորտի ոլորտի համար 2019թ. պետական բյուջեի նախագծով ծախսերը կազմում են 15 մլրդ 184.3 մլն դրամ կամ  2018թ. պլանավորված ցուցանիշից ավել 0.7 տոկոսով (106.2 մլն դրամով), որից 10 մլրդ 049.2 մլն դրամը ուղղվելու է հանրակրթական դպրոցների համար նախատեսված ծախսերի իրականացմանը, որը ընթացիկ տարվա համեմատ ավել է 58.9 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է դպրոցներում աշակերտների թվաքանակի ավելացմամբ:

Սպորտի ոլորտի ծախսերը կազմում են 344.9 մլն դրամ, այս տարվա համեմատ աճելով` 28.5 մլն դրամով, որը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններին ու միջազգային մրցաշարերին Արցախի մարզիկների մասնակցության ծախսերի ավելացմամբ:

Գիտության ոլորտի ծախսերը կազմում են 72.6 մլն դրամ կամ ավել ընթացիկ տարվա համեմատ ` 11.1 մլն դրամով:

         Մշակույթ, երիտասարդություն, և զբոսաշրջություն: 

Մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության ոլորտի ծախսերին  նախատեսվում է ուղղել 2 մլրդ 839.0 մլն դրամ, որից 1 մլրդ 380.9 մլն դրամը հատկացվելու է մշակութային ծառայություններ մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպությունների պահպանման ծախսերին, 821.1 մլն դրամ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայությունների գծով ծախսերին 120.0 մլն դրամ՝ պատմա-մշակութային հուշարձանների վերականգնմանն ու պահպանմանը, 25.0 մլն դրամ՝ զբոսաշրջության զարգացման ծրագրերի 34.0 մլն դրամ երիտասարդական ծրագրերի իրականացմանը:

Պետական բյուջեի պահուստային ֆոնդի համար նախատեսված  գումարը կազմում է 2 մլրդ 500.0 մլն.դրամ կամ ընդհանուր բյուջեի ծախսերի շուրջ 2.3 տոկոսը, որը ավել է ընթացիկ տարվա բյուջեի պահուստային ֆոնդից 235.0 մլն.դրամով :

2019թ. համայնքների բյուջեների սեփական եկամուտները պլանավորվել են 1 մլրդ 180.6  մլն դրամի չափով կամ ավել ընթացիկ տարվա ծրագրված մուտքերից  69.7 մլն դրամով (աճը` 6.3 %):

Համայնքների բյուջեների ընդհանուր ծախսերը կազմում են 3 մլրդ 731.2 մլն դրամ (2018թ.` 3,654.3 մլն դրամ):

2019թ. պետական բյուջեից համայնքների բյուջեներին նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 550.5 մլն դրամի չափով դոտացիա, որը կապահովի համայնքային բյուջեների ծախսերի մոտ 70 տոկոսը (ընթացիկ տարվա 2543.4 հազ.դրամի դիմաց) 

Հարգելի պատգամավորներ, իմ ելույթում ընդհանուր գծերով ներկայացրեցի Կառավարության կողմից ձևավորված` Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի նախագիծը և այն հիմնական տարբերություններն ու փոփոխությունները, որոնք արտացոլված են 2019թ. համար առաջարկվող գլխավոր ֆինանսական փաստաթղթում: Ընդհանուր առմամբ նշեմ, որ պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են հետևյալ սկզբունքները` կայուն տնտեսական աճի ներուժի բարձրացում,  ենթակառուցվածքների զարգացում, եկամուտների հավասարակշռված հավաքագրում, գործարար միջավայրի բարելավում և ֆինանսական կարգապահության ուժեղացում: Նշված սկզբունքները  արտացոլում են հանրապետությունում առկա քաղաքական, սոցիալական ու տնտեսական իրավիճակը և միևնույն ժամանակ նշում զարգացման ուղիներն առաջիկա ժամանակահատվածում:

Բնականաբար, նախանշված ծրագրերի իրականացումը ենթադրում է համատեղ աշխատանք օրենսդիր մարմնի հետ, բազմաթիվ հիմնախնդիրների համատեղ քննարկման, նոր օրենքների ընդունման և ծրագրերի ներդրման համատեքստում:

Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում պատգամավորների կողմից առաջադրված հարցերին տրվել են հանգամանալից բացատրություններ և պարզաբանումներ:

Ազգային ժողովի խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից Կառավարությանը գրավոր ներկայացվել են թվով 97 հարց,որոնց ընդհանուր թիվը գումարային արտահայտությամբ  կազմում է շուրջ 40.0 մլրդ. դրամ:

Կառավարությունը, քննության առնելով ներկայացված հարցադրումները, տեսակետները և դիտողությունները ամփոփաթերթիկի տեսքով գրավոր ներկայացրել է Ազգային ժողով, և այն առաջարկությունները, որոնք ընդունվել են կառավարության կողմից կարտացոլվեն պետական բյուջեի վերջնական տարբերակում: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Բյուջեի քննարկման ընթացակարգով և հիմնական զեկուցողին և հարակից զեկուցողներին, պատգամավորները կարող են դիմել իրենց հարցերով: Խնդրեմ, հարցերի համար գրանցվում ենք: Հովիկ Ջիվանյան և Վահրամ Բալայան: Ուրի՞շ: Հարցերի համար գրանցվել են պատգամավորներ Հովիկ Ջիվանյանը և Վահրամ Բալայանը, խնդրեմ, պարոն Ջիվանյան:

Հովիկ Ջիվանյան – Շնորհակալություն: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինչքա՞ն արտաքին պարտք ունի: Ունե՞նք, ընդհանրապես, արտաքին պարտք, որովհետև բյուջեի մասին օրենքի նախագծում Դուք նշեցիք, որ մենք փոխառություն ենք վերցնում՝  նախորդ տարիների պարտքերը մարելու համար: Ինչքա՞ն պարտք ունենք:

Արթուր Հարությունյան – Խոսքը, քանի որ վերաբերվում է 2019թ., մենք ունենք վերցնելու մոտ 21,7 միլիարդ: Ասենք, 7 միլիարդ վերցնելու ենք փոխառություն, 23,7-ը մարելու ենք: Մոտավորապես այս թվերն են 2019թ. մարման ենթակա գումարները: Եվ այդ պարտավորությունները, որոնք 2019թ. պետք է մարվեն՝ դրանք այն գումարներն են, որոնք նախորդ տարիների ձևավորված դեֆիցիտային բյուջեների արդյունքում ուղղվել են պետական բյուջեների դեֆիցիտի մարմանը:

Աշոտ Ղուլյան –  Հովիկ Ջիվանյան:

Հովիկ Ջիվանյան - Այսինքն, եթե 21 միլիարդը չենք վերցնում, 23 միլիարդ մենք պարտք չենք ունենում,  21 միլիարդը նախորդ տարիներին ձևավորված պարտք է: Հիմա 21-ը վերցնում ենք, 23-պարտք ենք: Հիմա, որ չվերցնենք ստացվում է, որ  23-ը  պարտք չենք:

Արթուր Հարությունյան – 23-ը ժամկետով մարումներ ունենք՝ 2019թ.: Դա այն ծախսերն են, որոնք որ պետք է ուղղվեն վարկային պարտավորությունների մարմանը: Դրանք պետական բյուջեի ծախսային հոդվածներում նստած չեն: Այսինքն, ինքը առանձին, որպես ծախս, չի արտացոլվում, քանի որ դրանք վերցրված են նախորդ տարիների դեֆիցիտի մարման համար: Այդ ծախսերը, որոնք որ պետք է ուղղվեն, վարկային պարտավորությունները ժամանակին իրականացնենք, այսինքն` այդ պարտավորությունները մարելու համար մենք ներգրավելու ենք փոխառում միջոցներ, և դրանից ավել մենք մարելու ենք, այսինքն` ինչքան մենք ներգրավելու ենք, դրանից ավել մենք պրոֆիցիտի հաշվին մարելու ենք:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, Վահրամ Բալայան :

Վահրամ Բալայան - Պարոն Հարությունյան, իհարկե հաճելի է, ուրախալի է, որ 10 միլիարդից ավել և մեր եկամուտներն է շատացել և ծախսերը՝ բոլոր առումներով: Տարիներ շարունակ մի հարց կա, որ մենք չենք կարողանում տալ լուծում: Հայաստանի Հանրապետությունում այդ հարցին տրվեց բարեհաջող և շարունակվում է: Խոսքս վերաբերվում է խորհրդային ժամանակահատվածում և նրանից հետո, մինչև 1993թ. ավանդների հետ վերադարձի մասին է: Ճիշտ է, այստեղ 50 միլիոն դրամ կա հատկացված, բայց խնդիրը հետևյալի մեջ է, որ այստեղ այդ սերունդների համերաշխության հետ կապված՝ այսինքն` մարդիկ, որոնք տարիներ շարունակ երկու կոպեկ են հետ գցել, այդպես էլ կորավ ու գնաց: Այսինքն, Դուք ինչպե՞ս եք մտածում: Կարիք չկա՞ Կառավարության և Ազգային ժողովի հետ լսումներ իրականացնենք: Ճիշտ է, Դուք այստեղ նշել եք, որ անհրաժեշտ է 16,17 միլիարդ դրամ, որպեսզի այդ հարցին լուծում տրվի: Ես չեմ ասում, որ այդ հարցը լուծեք մեկ տարով և նույնիսկ 10 տարով, բայց մենք կարող ենք մշակել մի ծրագիր, ժամանակացույց, որը նաև բյուջեի վրա մեծ ծախս չի լինի, և այդ հարցին լուծում տանք: Որովհետև Հայաստանի Հանրապետությունում արդեն այդ հարցին լուծում է տրվել: Դրա հետ միասին այդ հարցն էլ մնաց այսպես անլուծելի. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք այստեղ գումարներ ունեն, այդպես էլ այդ մարդիկ փոխհատուցում չստացան և հակառակը՝ Արցախի Հանրապետության քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետությունում, նրանք այդպես էլ չստացան փոխհատուցում: Դարձավ այդ մարդկանց իրավունքների ոտնահարում: Ինչպե՞ս եք մտածում, միգուցե նորից մենք անդրադառնանք այդ հարցին և որոշակի քննարկումներ անենք:

Արթուր Հարությունյան - Շնորհակալություն հարցի համար: Միանշանակ, կողմ ենք այդ լսումները, քննարկումները իրականացնելու, և այս պահին մեր կողմից իրականացվում է մասամբ այդ գումարների մարման գործընթացը, այսինքն, ճիշտ է ինքը այդքան էլ մեծ տեմպերով չի առաջ գնում, այսինքն` այդ գումարները մեծ տեմպերով չենք մարում, բայց, համենայնդեպս, ինքը որոշակի երկար ժամանակ պահանջող գործընթաց է: Խոսքը վերաբերում է 16,17 միլիարդ դրամ գումարների մասին: Եթե մենք սկսենք այդ փոխհատուցումները իրականացնենք Հայաստանում այսօրվա կարգով, չնայած այնտեղ կա էլի տարիքային սահմանափակումներ, որը մեր մոտ ավելի ընդլայնված է դրված այդ տարիքային սահմանափակումը, քան Հայաստանի Հանրապետությունում: Ուղղակի, մեր մոտ փոխհատուցվող գումարներն են այլ տարբերակով դրված: Իսկ  ինչ վերաբերվում է քննարկումներին, միանշանակ մենք  պատրաստ ենք այդ քննարկումները, լսումները անելու և լուծում տալու համար:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, պարոն Բալայան: Շնորհակալություն հարցերը տրվեցին հիմնական զեկուցողին, շնորհակալություն, պարոն Հարությունյան: Մենք այժմ անցնում ենք հարակից զեկույցներին, և այժմ առաջինը՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի եզրակացությունն է, և ես հրավիրում եմ հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանին, խնդրեմ:

Արամ Գրիգորյան - Շնորհակալություն: Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, պետնախարար, հարգելի գործընկերներ, Կառավարության ներկայացուցիչներ, ներկաներ և հրավիրվածներ: 2019թ. Արցախի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել բյուջետային տարին սկսվելուց 45 օր առաջ՝ դրանով իսկ ապահովելով Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջարկը: Այնուհետև նախագծի քննարկում Ազգային ժողովում իրականացվում է Կանոնակարգ օրենքի համաձայն՝  հատուկ ընթացակարգով: Այդ ընթացակարգի համաձայն, Ազգային ժողովի նախագահը, խորհրդակցելով Հանրապետության նախագահի հետ, կազմել է գլխադասային և մշտական հանձնաժողովներում և համատեղ նիստերում նախագծի քննարկման և հարցերի ներկայացման ժամկետացանկը: Այդ ժամկետացանկի համաձայն իրականացվել է ոլորտային քննարկումներ՝ բյուջետային նախագծի, որը ընթացել է շահագրգիռ և արդյունավետ, փոխըմբռնման մթնոլորտում: Պատգամավորների կողմից բարձրացվել է բազմաթիվ հարցեր, որի վերաբերյալ Կառավարության լիազոր ներկայացուցիչները տվել են պարզաբանումներ, այնուհետև քննարկումը շարունակվել է խմբակցություններում, որի ավարտից հետո՝ համաձայն ժամկետացանկի, հրավիրվել է գլխադասային հանձնաժողովի նիստը՝ ի մի բերելու այդ քննարկումների արդյունքները: Ուզում եմ նշել, որ առաջին անգամ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել պրոֆիցիտով բյուջեի նախագիծ, որը ողջունելի է, ողջունելի է նաև այն հանգամանքը, որ նախագիծը կրում է խիստ սոցիալական ուղղվածություն, որի մասին է վկայում ոչ թե միայն հին սոցիալական ծրագրերի պահպանումը, այլ նոր ծրագրերի ընդգրկումը, նվազագույն կենսաթոշակի շեմի բարձրացումը, առողջապահական համակարգում աշխատավարձերի բարձրացումը, բնակարանաշինության ծրագրերի պահպանումը և նոր ծրագրերի ներդնումը, հիփոթեքային վարկավորման մեխանիզմներում բարեփոխումները և հասանելիության բարձրացումը, հարկաբյուջետային հարկում բարեփոխումների առաջարկները և այլն: Առաջին անգամ՝ նախագծում, պիլոտային ներկայացված է գյուղատնտեսության ոլորտում որոշ ծրագրային բյուջետավորման տարբերակով, որը թույլ է տվել մեզ ավելի մանրակրկիտ իրականացնենք մեր քննարկումները, և ես վստահ եմ, որ դա ստեղծելու է պայմաններ, որպեսզի առաջիկա տարիներում ամբողջ բյուջեի նախագիծը ներկայացվի մեր քննարկմանը հենց ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Հատուկ ուզում եմ ընդգծել, որ բյուջեի նախագծում ներկայացված ծրագրերը, այդ ծրագրերի համար նախատեսված ֆինանսական միջոցները և կանխատեսումները, իրատեսական են: Ստեղծված են բոլոր նախադրյալները, որպեսզի 2019թ. տնտեսական աճի երկնիշ ցուցանիշը ապահովի իր շարունակականությունը:

Ամփոփելով այդ ամենը մեր հանձնաժողովը ամփոփիչ նիստում մեծամասնությամբ ձայների այս նախագծին տվել է դրական եզրակացություն: Շնորհակալություն: 

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն, պարոն Գրիգորյան: Հարցեր ունե՞նք ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովին: Հարցերի համար՝ Էդուարդ Աղաբեկյան: Ուրի՞շ: Չկա: Խնդրեմ, Էդուարդ Աղաբեկյան: Հարց:

Էդուարդ Աղաբեկյան - Պարոն Գրիգորյան,  պրոֆիցիտի ողջունելի լինելու մասին. Պուտինը,  աշխարհում միակ ճանաչված երկիրն է, որ պրոֆիցիտով բյուջե է ներկայացնում Տրամպին ասելով, որ քո սանկցիաները չի ազդում մեր վրա, հասկանալի է, քաղաքականություն է: Մեր պարագայում պրոֆիցիտի ողջունելի, պրոֆիցիտի քաղաքականություն ասելով՝ խնդրում եմ մի քիչ ավելի մեկնաբանեք: Եթե պրոֆիցիտ ունես, կենսաթոշակառուների կամ մնացած սոցիալական ապահովող խավերի կենսաթոշակների մասին չենք խոսում: Ինչքանո՞վ է սա ողջունելի:

Արամ ԳրիգորյանՊարոն Աղաբեկյան, ինչքան լինի պրոֆիցիտը, մեկ է խնդիրները լուծելու համար մեր հանրապետությանն անհրաժեշտ են մեծ, հսկա գումարներ: Պրոֆիցիտ հասկացողությունն այն է, որ մենք կարողացել ենք բյուջեի նախագծում ապահովել այն ծրագրերը, որը ամենակարևորն է մեր հասարակության, մեր ժողովրդի համար: Իհարկե, կարելի է ասել, որ մեզ անհրաժեշտ է բարձրացնել կենսաթոշակները, նպաստները, հարկային դաշտում կատարել այլ, ասենք որևէ փոփոխություններ, որը կկրի ավելի շատ պոպուլիստական բնույթ: Ես վստահ եմ, որ եթե մեր բյուջեի նախագիծը լինի դեֆիցիտով՝ նույնպես կարելի է հարցը ուղղել հետևյալ ձևով՝ ինչո՞ւ է նախագիծը ներկայացված  դեֆիցիտով: Եթե լինի հավասարակշռված բյուջեի օրենքի նախագիծ, ապա կարելի է ասել՝ ինչո՞ւ չկա պրոֆիցիտ, ինչո՞ւ չկա դեֆիցիտ, որպեսզի կարողանանք շարունակենք մեր ծրագրերը:

Աշոտ Ղուլյան - Արձագանքո՞ւմ եք, պարոն Աղաբեկյան:

Էդուարդ ԱղաբեկյանԱշխարհում կա՞ ուրիշ պետություն, առանց պրոֆիցիտի: Ընտանիքի սեփական եկամուտները ավելանում է, ծնողը երեխաներին կանչում է  և ասում, որ ոչ մեկը նոր որևէ բան չուզեք՝ համակարգիչ, հեռախոս կամ ամեն ինչ մնալու է նույնը:

Արամ ԳրիգորյանՊարոն Աղաբեկյան, ես ընդունում եմ Ձեր կարծիքը, պարոն Աղաբեկյան, բայց ֆինանսների նախարարը նշել է, որ դա ուղղվելու է պետական պարտքի մարմանը: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն, պարոն Գրիգորյան, կարող եք նստել: Մենք ունենք նաև գլխադասային մյուս հանձնաժողովի եզրակացությունը՝ պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հարցերի հանձնաժողովը, բյուջե՝ ծառայողական և պետական գաղտնիք պարունակող հոդվածների հետ կապված եզրակացությամբ, խնդրեմ Ժաննա Գալստյան:

Ժաննա Գալստյան - Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, հարգելի Կառավարություն, հարգելի գործընկերներ: Ազգային ժողովի  պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության մշտական հանձնաժողովի եզրակացությունը հետևյալն է՝ Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի նախագծում, պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերը հիմնավորված են և օրինական: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն: Հարցեր, եթե կան տիկին Գալստյանին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, տիկին Գալստյան, կարող եք նստել: Մենք լսեցինք հանձնաժողովների եզրակացությունները, հիմա անցնում ենք մտքերի փոխանակության, և ես խնդրում եմ պատգամավորներին ելույթների համար գրանցվել: Հայկ Խանումյան, Արթուր Թովմասյան, Գագիկ Բաղունց: Ելույթների համար գրանցվել են պատգամավորներ Հայկ Խանումյանը, Արթուր Թովմասյանը և Գագիկ Բաղունցը: Այժմ հրավիրում եմ պատգամավոր Հայկ Խանումյանին: Մենք սկսում ենք մտքերի փոխանակությունը: Խնդրեմ, պարոն Խանումյան:

Հայկ Խանումյան - Շնորհակալություն: Հարգելի ներկաներ, բյուջեի մասին իմ տեսակետը դեֆիցիտի, պրոֆիցիտի, կարծում եմ՝ հայտնի է: Հենց առաջին տարվանից ես հանդես եմ գալիս դեֆիցիտի ավելացման ուղղությամբ: Ընդհանուր խմբակցության կարծիքի մեջ, ընդհանուր բյուջետային քաղաքականությանը կանդրադառնամ, հիմա՝ առավելապես խոսեմ ոչ բյուջետային քաղաքականությանը վերաբերվող առաջարկություններին և Կառավարության պատասխանին:

Ես էլի եմ ասում, խոշոր ծրագրերին, ենթակառուցվածքային առաջարկությանը, որ եղել է, չեմ անդրադառնում, չեմ անդրադառնում բյուջետային հանրային ծառայությունների ծախսերի կրճատման առաջարկությանը, չեմ անդրադառնում տարբեր ծախսերի կրճատմանը: Ես այս ելույթով անդրադառնում եմ փոքր առաջարկությունների, որոնք ներկայացրել ենք և արանք մերժում են ստացել, սովորաբար, Կառավարությունը արդեն երեք տարի շարունակ իմ առաջարկությունների կեսը մերժում է, իսկ տարվա կեսից գալիս է խորհրդարան, խնդրում բյուջեում փոփոխություն կատարել իմ առաջարկությամբ կամ հաջորդ տարի է կատարում իմ առաջարկությունը, հույս ունենամ, որ այն առաջարկությունները, որ արել եմ, առնվազն հաջորդ տարի կյանքի են կոչվելու, այդ թվում նաև կապված դեֆիցիտի հետ: Ես առաջարկել էի պիլոտային ծրագիր սկսեինք սահմանամերձ գյուղերում առկա բնակֆոնդը բնակարանի կարիք ունեցող մարդկանց տրամադրելու համար: Առաջարկել էի ամեն տան համար 5 միլիոն դրամ կամ դրամաշնորհ, կամ երկարաժամկետ վարկ հատկացնել ընտանիքներին եղած բնակարաններն ու տները գնելու համար, որովհետև նոր տների կառուցումը պետական գումարներով մոտ 25 –ից 27 միլիոն դրամ է: Այս պարագայում 5 միլիոն դրամով հարցը լուծվում է, մանավանդ, որ որոշակի գյուղերում գոյություն ունի բնակֆոնդ: Խոսքը՝ մասնավորապես Խրամորթի ու Նախիջևանիկի ձորակի գյուղերի մասին է: Առաջարկել էի պիլոտային ծրագիրը սկսել հենց այդ գյուղերից, որովհետև այս գյուղերը պատերազմի ընթացքում, երբ որ ավերվել են, հետո վերականգնվել են և շատ ընտանիքներ իրենց վերականգնված տներում չեն ապրում, ապրում են Իվանյանում, Աջափնյակում, Ստեփանակերտի տարբեր թաղամասերում: Կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք տան կարիք ունեն: Այդ թվում նաև բազմազավակ ընտանիքներ: Կառավարությունը, պատասխանել է, որ գիտե՞ք մի շարք նմանատիպ ծրագրեր ունենք, օրինակ` մինչև 3 միլիոն դրամի ֆինանսական անհատույց աջակցությունը տներ կառուցելու համար կամ չգիտեմ սոցիալական խմբերին բնակարան հատկացնելու համար: Հարցը՝ բոլորովին դրան չի վերաբերվում, որովհետև այն մարդիկ, ում մասին, որ խոսում եմ ոչ  հիփոթեք վերցնելու հնարավորություն ունեն, ոչ էլ այս ծրագրերի շահառուներ են: Այս հարցը մի քիչ ուրիշ ձև պետք է լուծվի: Հիմա Ստեփանակերտում կառուցվում է 500 բնակարան. Ի՞նչ ենք ուզում, որ այդ մարդիկ այդ գյուղերից՝ բնակարանի, տան պակասի պատճառով գան Ստեփանակերտի տարբեր նկուղները լցվեն: Ավելի լավ չէ՞ այդ մարդկանց բնակարանային այդ հարցերը լուծենք: Իրենց մոտի 1 հեկտար, կամ 200 մետր այգիներ մշակեն՝ ինքնաբավ ընտանիքներ դառնան:

Ես ուզում եմ մի օրինակ բերել այս հարցի շուրջ: Նոր Ղազանչի գյուղում կառուցած Նոր Կիլիկիա թաղամասը, նրա էֆեկտը, որ նայում ենք, այսինքն` պատերազմից հետո մենք կառուցել ենք տներ և տվել ենք մարդկանց՝ Կիչանում, Նոր Ղազանչիում, այդ ընտանիքներում 3,4 տղա է մեծացել, մեկին ամուսնացնում են, այն երկուսին Ստեփանակերտ են ուղարկում կամ ավելի հեռու: Բնակֆոնդի խնդիր կա: Այդ Նոր Կիլիկիա ավանը, որ տեսնում ենք դեմոկրատական վիճակը բարելաված, հիմա դրած Ստեփանակերտը գերհագեցնում ենք՝ 500 նոր բնակարան ենք կառուցում: Այդ 500 նոր բնակարանները ո՞ւմ հաշվին են լրացվելու, պարզ է՝ գյուղերի հաշվին, գյուղերը դատարկելու քաղաքականություն ենք անում: Ավելի լավ է, ավելի ցածր ծախսերով գնանք դեպի գյուղերը: Այն բնակֆոնդը, որ գոյություն ունի և կարելի է վերանորոգել, կարելի է ավելի էժան գումարներով նորոգենք ու տանք այդ մարդկանց:

Հիմա, որ ասում ենք փող չկա՝ պարտքեր ենք անում, 60 միլիոն դրամ չենք գտնում ու չենք կարողանում՝ 12 ընտանիքին բնակարանային միջոցներով: Կառավարության որոշումներն են 2008թ.-ից  2011-2012թթ. զուգահեռ, որ բանկերից ինչ առևտրային վարկեր են վերցնում: Թող լինի նաև պարոն Ջիվանյանի հարցի պատասխանը: 12, 13 տոկոսով վերցնում են դոլարային վարկեր՝ տարբեր առևտրային բանկերից: Վարկը վերցնում են՝ նույն ամսում 100 միլիոն դրամ Կառավարության համար մեքենաներ ձեռք բերելու համար, 47 միլիոն դրամ մեքենաներ ձեռք բերելու համար, 30 միլիոն դրամ ու այսպես շարունակ: 100-ավոր միլիոն դրամներ, 5 տարի հետո տեսնում ես մի հատ ընտիր Լանդ կրաուզերը սեփականաշնորհած կոպեկներով  բարձրաստիճան պաշտոնյաներից: Ցուցակները կա, կարող եմ հրապարակել, եթե պետք է: 5-7 տարի հետո բարձրաստիճան պաշտոնյանները տուքսոններ, լանդ կրաուզերներ, նիսսաներ 20 միլիոն դրամանոց մեքենան մի 700 հազար դրամով գնաց, ո՞վ է այս միջոցների պատասխանը տալու: 19 միլիոն 600 հազար դրամանոց մեքենան 5 տարի հետո վաճառվել է 700 հազար դրամով, 7 տարի հետո 700 հազար դրամով վաճառվել է, ավելի էժան են վաճառել ավելի էժան մեքենաները՝ կոպեկներով, 250-300 հազար դրամ: Ազգանուններ կան, որ հետևից պիտի գնամ տեսնեմ այդ մարդիկ են, թե՞ չէ: Հայաստանի որոշ ընդդիմադիրներն էլ այսօրվա այդ ազգանունները համապատասխանում են, ուղղակի ճշտեմ, դա ինքն է՞, թե՞ չէ: Պաշտոնյաններ կան 2,3 անգամ է ծառայողական մեքենա սեփականաշնորհել: Օգնականների անուններով, վարորդների անուններով, բայց Խրամորթի համար 60 միլիոն դրամ չկա: Ես այս հարցը էլի եմ ներկայացնելու, խնդրում եմ, լավ մտածեք, 60 միլիոն դրամ գտեք այդ ծրագրի համար: Այդ պիլոտային ծրագիրը պիտի սկսենք: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ ելույթը, պարոն Արթուր Թովմասյան, թող պատրաստվի Գագիկ Բաղունցը:

Արթուր Թովմասյան – Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, մեծարգո պետնախարար, հարգարժան Կառավարության անդամներ և սիրելի պատգամավորներ: Ասեմ, որ 2019թ. դեկտեմբերի 20-ին մենք ասելու ենք 2019թ. պետական բյուջեի խմբակցության կարծիքը: Ասեմ, որ մենք տրամադրված ենք դրական: Ինձ մտահոգեց, որ մեր պատգամավորները, մեր խմբակցության անդամները, մոտ 40 միլիարդ դրամի առաջարկություն են արել: Մենք հասկանո՞ւմ եք ինչ ենք արել, մենք, համարյա թե ալտերնատիվ բյուջե ենք ներկայացրել Կառավարությանը: Համոզված եմ, որ այդ 40 միլիարդի մեջ բոլորն էլ, անկախ նրանից լինեն իշխանական թևի խմբակցության պատգամավորներ, դրանք լինեն ընդդիմության թևի խմբակցության պատգամավորներ, բոլորն էլ շատ կարևոր են: Ինչպե՞ս է Կառավարությունը ձևավորում բյուջե: Կառավարությունը ձևավորում է բյուջեն՝ երկրի Նախագահի նախընտրական ծրագրերի համապատասխան, որպեսզի չասեն, որ 2020թ. ավարտին չեն հասցվել գործող նախագահի նախընտրական ծրագրերը: Ուզում եմ՝ մեր ընդդիմության պատգամավորներին մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ ժամանակին ինձ նույնպես հիշեցրել են, որ դարձիր մեծամասնություն, և քո առաջնահերթությունները իրագործիր: Այն առաջնահերթությունները, որոնք կան՝ իշխանական ուժի, թևերի առաջնահերթությունները համապատասխանում է: Բյուջեն իրատեսական է, ամեն մի պետական բյուջե ընդունելիս ինձ մտահոգում է՝ արդյո՞ք երկրում ֆորսմաժորային իրավիճակ կստեղծվի: Եկեք մեր Կառավարությանը ցանկանանք, որպեսզի չստեղծվի ֆորսմաժորային իրավիճակ երկրում, որը կախված չէ իրենցից, ոչ էլ մեզանից է կախված, և 2019թ. պետական բյուջեն իրատեսական է այս առումով, թեկուզ ասեմ, որ մեր Կառավարությունը աշխատել է նաև ֆորսմաժորային իրավիճակում: Մենք տեսել ենք համաշխարհային տնտեսական ճգնաժամ, ուժեղ քամիներ, խոզերի աֆրիկյան ժանտախտ, և 2016թ. ապրիլյան պատերազմ: Իմ ցանկությունս այն է, որ 2018թ. այն աճի տեմպը, որը կա, պահպանվի և այս առումով հաջողություն եմ ցանկանում ձեզ, որպեսզի հաշվետվությունների ժամանակ ապահոված լինի 2018թ.  կատարողականը և հաջողություն եմ ցանկանում 2019թ. առումով: Ուզում եմ՝ շնորհակալություն հայտնել Հայրենիք խմբակցության պատգամավորների կողմից առաջարկների, ոչ թե մի մասի, որը ընդառաջել եք, այլ նրա համար, որ չեք ընդառաջել: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Եզրափակիչ ելույթը՝ Գագիկ Բաղունց, խնդրեմ:

Գագիկ Բաղունց Հարգելի գործընկերներ, վերջին տարիներին գրանցվող կրթության որակի մակարդակի անկումը (առավել ևս տեխնիկական առարկաների պարագայում) սպառնալիք է ներկայանում ազգային անվտանգությանը: Հակված չեմ մեղավորներ փնտրել, քանզի դա նախ հիմնախնդիր է ամբողջ հետխորհրդային տարածքի համար և, երկրորդը խնդիրը կրում է համազգային բնույթ և այդ իսկ պատճառով ենթադրում է նոր և համալիր մոտեցումներ ու լուծումներ, որոնք ամենայն անհրաժեշտությամբ պետք է ամփոփվեն կրթության ոլորտի զարգացման  միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով: Պատրաստակամություն եմ հայտնում և կոչ եմ անում լիազոր մարմիններին չհետաձգել օրենքի պահանջ հանդիսացող կրթության զարգացման պետական ծրագրի մշակման գործընթացը:

Առաջնային եմ համարում արդեն իսկ 2019 թվականից մի շարք այնպիսի ծրագրերի     մեկնարկը ինչպիսիք են ուսուցիչների վերապատրաստման ատեստավորման և տարակարգի բարձրացման միջոցով աշխատավարձերի աճի ապահովումը: Այս ամենը ենթադրվում է որպես առաջին քայլ կրթության նախարարության կողմից մշակվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետության բարձրացման ապահովման համար: Ասածս բացատրեմ կոնկրետ օրինակի վրա. խոսքս վերաբերվում է ուսուցիչների վերապատրաստմանը, նախ կուզենայի դիմել կառավարության անդամներին հնարավորինս հարգալից վերաբերմունք ցուցաբերել պատգամավորների առաջարկությունների նկատմամբ օրինակ. ի պատասխան առաջարկությանս ուսուցիչների վերապատրաստմանը ներկայացվել է մեջբերում կառավարության համապատասխան որոշումից: Միթե առաջարկությունս պատրաստելուց ես այդ իրավական ակտին ծանոթ չէի: Ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ֆինանսավորման մակարդակը չի ենթադրում նախ ուսուցիչների քիչ թե շատ զգալի մասի ընդգրկումը դասընթացների հաճախության և տևողության ապահովումը և այլն:

      2018թ. պետբյուջեով նախատեսված կրթության համակարգի օպտիմալացման գործընթացը կոչված էր հենց նման ծրագրերի իրական բովանդակությամբ լրացնելուն: Այստեղ պետք է աշխատի «ֆինանսները հետևում են ծրագրերին» սկզբունքը: Այսինքն` ոլորտի ընդհանուր ֆինանսավորումը անհրաժեշտ է մասնատել առանձին ծրագրերի ֆինանսավորման, երբ առավելագույնս հստակեցված է ծրագրերի նպատակները և ժամկետները ակնկալվող արդյունքները ծրագիրն իրականացնող և պատասխանատու խումբը:  Ուսուցիչների վերապատրաստման նույն ծրագիրը առաջարկում եմ իրականացնել դրամաշնորհային հիմունքներով ավելացնելով ստացիոնար դասընթացները հեռակա և վիրտուալ սնուցման մեթոդաբանությամբ:

      Կարևորագույն խնդրի՝ ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հիմնախնդրի լուծման հարցում որպես իրավական հիմք ենթադրվում է ընդունել «հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման» կարգը:

Սակայն կառավարության այդ որոշումը կյանքի կոչելու նպատակով անհրաժեշտ եմ համարում կրթության նախարարությանը կից ստեղծել համապատասխան մասնագիտական հանձնաժողովներ, շուտափույթ մշակել ատեստավորման գործընթացի ճանապարհային քարտեզ հնարավորություն տալով համապատասխան որակ ունեցող ուսուցիչներին ըստ պատրաստվածության աստիճանի մասնակցել տարակարգի  բարձրացման գործընթացին:

Եվ փորձեմ համառոտ ներկայացնեմ իմ մոտեցումները IT ոլորտի զարգացման վերաբերյալ: Բազմաթիվ քննարկումները կառավարության համապատասխան ղեկավարների հետ ոլորտի արագ զարգացման անհրաժեշտության երկրի շրջափակման պայմաններում տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման ուղղություն հանդիսացող հարցի վերաբերյալ հանդիպել եմ բացարձակ ըմբռնման: Հիմա խնդրում եմ բացատրել, ոնց հասկանանք պետբյուջեի կողմից այդ ոլորտի կայացմանն ու զարգացմանն ուղղված ընդամենը մի քանի տասնյակ միլիոն դրամը (ինչը համարժեք է զարգացած պետությունում բարձր որակի մեկ ծրագրավորողի աշխատավարձին): Արդյո՞ք այդ ամբողջ ոլորտի կարևորությունը իր ակնհայտ արդյունավետությամբ և եկամտաբերությամբ արժանի չէ տարիներ շարունակ հարյուրավոր միլիոններով «ազնվացեղ խոշոր եղջերավորների» ծրագրին համեմատելի ֆինանսավորմանը:

Եվ ավարտելով ելույթս, առաջարկում եմ հնարավորինս վաղ փուլերում բյուջեի նախագծի աշխատանքներում ընդգրկել համապատասխան հանձնաժողովների շահագրգիռ պատգամավորներին: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, պարոն Բաղունց: Մենք ավարտեցինք նաև մտքերի փոխանակության մասը և հիմա, եզրափակիչ ելույթների պահն է, եթե ցանկություն կա, խնդրեմ: Այժմ ուզում եմ հրավիրել Արցախի Հանրապետության պետնախարար պարոն Գրիգորի Մարտիրոսյանին, խնդրեմ, պարոն պետնախարար:

Գրիգորի Մարտիրոսյան Շնորհակալություն: Կցանկանայի ոչ թե ելույթի, այլ, ուղղակի հնչած մի քանի հարցերի վերաբերյալ որոշակի մեկնաբանություններ և լրացումներ կատարել, քանի որ այդ հարցերը շատ են քննարկվում, և  շոշափվել է նաև բյուջեի առաջին ներկայացմամբ: Հանձնաժողովների համատեղ նիստի, ինչպես նաև խմբակցություններում և հանձնաժողովներում քննարկումների ժամանակ, այնուամենայնիվ նորից այս հարցերը բարձրացվել են և կարծում եմ՝ անհրաժեշտություն կա որոշակի հստակեցման կամ լրացման: Հիմնականում խոսքը վերաբերվում է, այսպես ասած, պրոֆիցիտային բյուջեի գաղափարին, որը ներկայացվել է այս տարի առաջին անգամ և որի մասին ես արդեն որոշակի մեկնաբանություններ տվել եմ, բայց կուզենայի նորից անդրադառնալ այդ հարցին: Կարծում եմ՝ շատ լավ ընտանիքի օրինակ բերեց  պարոն Աղաբեկյանը, այն դեպքում, եթե մեկ ընտանիքում կան կուտակված պարտավորություններ և որոշակի հնարավորություն է ստեղծվում այդ պարտավորությունները նվազեցնելու: Մոտեցման հարց է, կան ընտանիքներ, որոնք ուղղում են այդ պարտավորությունների նվազեցմանը և կան ընտանիքներ, որոնք շարունակում են կուտակել և ավելացնել պարտավորությունները՝ ամեն անգամ ծախսելով ավելի շատ, քան վաստակում են ընթացիկ տարում՝ դա մոտեցումների հարց է, երկուսն էլ գոյություն ունեն աշխարհում և երկու քաղաքականությունը կիրառելի է: Մենք ունենք այդպիսի օրինակներ՝ և ընտանիքների, և երկրների մակարդակով: Պարոն Խանումյանը հնչեցրեց այն տոկոսադրույքները, որոնք համապատասխանում են իրականությանը: Վերջին ժամանակահատվածում որոշակի շուկայում տոկոսադրույքների իջեցում  որոշակի նկատվեց, և բնականաբար, Կառավարությունը այդ ուղղությամբ աշխատել է, որպեսզի արդեն ներգրաված կամ նոր փոխառությունների գծով տոկոսները լինեն ավելի մատչելի, սակայն, սա այն բեռն է, որի փոխառությունների սպասարկումը, ամեն դեպքում, նվազեցնում է մեր ընթացիկ եկամուտները և մեր ընթացիկ ֆինանսական հնարավորությունները:  Այն բոլոր խնդիրները, որոնք հնչեցվում են պատգամավորների կողմից, այդ թվում նաև թոշակների և այլն, և այլն, այդ գումարները նույնպես նվազեցվում են, որովհետև մենք ստիպված ենք լինում ամեն անգամ ավելի շատ գումարներ հատկացնել փոխառությունների, կուտակված բեռի, սպասարկման  համար: Այդ հանգամանքներից ելնելով Կառավարությունը ընտրել է այդ քաղաքականությունը և դա արտացոլել է միջնաժամկետ ծախսային ծրագրում, և այդ գաղափարը ամփոփաթերթիկում բացատրվել և ներկայացվել է: Կարծում եմ՝ այդ իմաստով քաղաքականությունը հասկանալի է:

Կուզենայի անդրադառնալ նաև բնակարանային խնդրին, որովհետև, ինչպես հարցերի առաջարկությունների տեսքով, ինչպես բյուջեի քննարկումների ժամանակ, այդ հարցը բազմիցս շոշափվել է: Իրականում Կառավարությունը նույնպես հայտնել է, որ բնակարանային խնդիրը այսօր մեր հանրության առջև կանգնած, երևի ամենակարևոր, և ամենախնդրահարույց պրոբլեմներից մեկն է նաև ահռելի ֆինանսական միջոցների պահանջի տեսանկյունից: Այդ առումով Կառավարությունը ընտրել է այս իրավիճակում իրատեսական, երևի թե միակ ճանապարհը: Բացի այն սոցիալական կատեգորիաներից, որոնց բնակարանի տրման կամ բնակելի տան տրման պարտավորությունը ստանձնել է պետության կողմից, մնացած բոլոր դեպքերում բնակարանային խնդիրը հնարավոր է լուծել մատչելի հիփոթեքի առումով: Պարոն Խանումյանի առաջարկության մեջ, որը հիշատակվեց իր կողմից՝ Խրամորթ գյուղի օրինակով՝ դրամաշնորհների կամ նշեմ հարցերից  կամ երկարաժամկետ փոխառու, անտոկոս փոխառության տրամադրման միջոցով բյուջեով նախատեսել համապատասխան գումարներ: Ես ուզում եմ հիշեցնել, որ ինչպես արդեն նշվեց, մենք Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով իրականացնում ենք այդպիսի ծրագրեր: Ինչպես հայտնի է մենք  այս տարի Արցախի ներդրումային հիմնադրամին տրվող գումարը ավելացրել ենք 1,5 կես միլիարդ դրամով, որի նպատակը հենց բնակարանային նոր ծրագրերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախատեսումն էր: Այդ թվում՝ նոր տարվանից ներկայացված հայեցակարգային մոտեցումների շրջանակներում նախատեսված, գյուղական համայնքներում երկարաժամկետ փոխառությունների տրամադրման մասին է խոսքը, որոնք, գրեթե անտոկոս, այսինքն` խորհրդանշական մեկ տոկոսով, նոր ֆոնդի ձեռք բերման համար կտրամադրվեն անհրաժեշտ փոխառությունները: Կարծում եմ՝ այդ մեկ տոկոսը արդարացված է և կծածկի ներդրումային հիմնադրամի, գոնե օպերացիոն ծախսերը և մեծ բեռ չի հանդիսանա, որովհետև առանձին դեպքերում կարող է սղաճից ավելի ցածր լինել: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ամբողջ բնակչության համար բնակարանային ֆոնդի տրամադրում պետության կողմից՝ այդ բեռը ստանձնելը հնարավոր և իրատեսական չէ: Ինչ վերաբերվում է այդ գումարները տրամադրելուն՝ երկրորդային շուկայի կամ հին բնակֆոնդի ձեռքբերմանը, ապա դա նույնպես չի բխում Կառավարության քաղաքականությունից, որովհետև Կառավարությունը պատրաստ է շատ ավելի մատչելի գումարներով, պայմաններով տրամադրել գումարներ նոր բնակֆոնդի ստեղծման համար, նոր շինարարության՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ: Ոչ միայն սոցիալական և ոչ վթարային պայմաններում ընտանիքների բնակվելու, այլ նաև դրա տնտեսական էֆեկտները: Մեր ծրագրերում կնախատեսվի, հնարավորություն, կստեղծվի նաև երկրորդային շուկայում տների ձեռք բերման համար, բայց դրանք կլինեն մի քիչ ավելի այլ պայմաններով, որպեսզի այդ տարբերությունը ամեն դեպքում բնակիչների համար լինի որոշակի նշանակություն ունեցող: Այս պահի դրությամբ շրջանառվող կարգի նախագծում նախատեսված է որպես 5 տոկոսի փոխառություն: Այսինքն 5 տոկոսի և մեկ տոկոսի տարբերությունը, իրականում, 5 տոկոսը նույնպես շատ մատչելի է, ամեն դեպքում այդ տարբերությունները պետք է արտացոլվեն որպես Կառավարության քաղաքականության գերակայություն:

Մեքենաների մասով՝ բազմիցս խոսվել է դրա մասին: Կառավարությունը մի քանի անգամ պարզաբանումներ է տրամադրել: Գոյություն ունի օրենսդրություն, օրենսդրությամբ  սահմանված կարգով նախատեսվում են մեքենաների, ընդհանրապես պետական գույքի օտարման մի քանի եղանակներ, և Կառավարությունը, ամեն դեպքում, առաջնորդվում է օրենսդրությամբ: Հաշվապահական հաշվետարության օրենսդրությամբ, այսինքն` մեքենաների արժեքի, մաշվածության, կամ մեքենաների գնահատման և օտարման կանոնների գնահատման համաձայն, սահմանված ընթացակարգով սահմանվել է ժամանակին գործընթաց և այդ գործընթացի արդյունքների վերաբերյալ ներկայացվել է տեղեկատվություն: Կուզենայի անդրադառնալ   IT- ի  ոլորտին, որովհետև կար այդպիսի առաջարկ, և մեր Կառավարության պատասխանում նշվել է, որ  ընդհանուր առմամբ գաղափարը ընդունելի է և այդ  IT- ի  ոլորտի դրամաշնորհների կամ վերապատրաստման ծրագրերը կիրականացվեն Կառավարության կողմից, ուղղակի նշված ուղղությունը, պարոն Բաղունցի առաջարկության մեջ, հիշատակվում էր կոնկրետ տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի ծախսերին ուղղվող գումարներին, Կառավարությունը այդ ծրագրերը կիրականացվի այլ ծրագրերով կամ այլ միջոցներով, բայց, ընդհանուր առմամբ, ընդունելով գաղափարը, կարծում եմ՝ դա ավելի կարևոր է, քան կոնկրետ ծրագրի տեսքով այդ գումարներ նախատեսելը: Հիմնականում այսքանը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան:

Այս պահին մենք ավարտում ենք բյուջեի նախագծի քննարկման առաջին փուլը, և ես ուզում եմ ֆիքսենք ժամանակը՝ 12 անց 09 րոպե, բայց ես ուզում եմ գրանցենք 12 անց 10 րոպեն: Ի՞նչի եմ սա ասում, որովհետև այս պահից սկսվում է հաշվարկը, որ 24 ժամվա ընթացքում պատգամավորները և խմբակցությունները կարող են ներկայացնել երկրորդ խումբ առաջարկությունները: Մեր աշխատակարգի համաձայն, Ազգային ժողովի 13-րդ գլուխն է, 63-րդ կետ, Ազգային ժողովում նախագծի  քննարկումն ընդմիջելուց հետո 24 ժամվա ընթացքում նախագծի վերաբերյալ առաջարկները՝ պաշտոնապես, թղթային, ինչպես նաև էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ներկայացվում են աշխատակազմ, որը առաջարկների ժամկետը լրանալուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում, դրանք ուղարկվում է Հանրապետության նախագահին, այսինքն` վաղը՝ 12 անց 10 րոպեին, մինչև խմբակցությունները և պատգամավորները կարող են ներկայացնել առաջարկությունները, և աշխատակազմը մեկ ժամվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին: Այս պահին մենք ընդմիջում ենք հարցի քննարկումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կառավարության ներկայացուցիչներին և հայտարարում եմ հինգ րոպե ընդմիջում, որից հետո խնդրում եմ բոլորին ներկայանալ, որպեսզի շարունակենք: Ընդմիջում:

Հարգելի, գործընկերներ, շարունակում ենք այսօրվա նիստի աշխատանքները և այժմ մեր հաստատած օրակարգով անցնում ենք օրենքի նախագծերի քննարկմանը և առաջինը այս շարքում Ոստիկանության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին  հարցն է, իր փաթեթով՝ երեք նախագծերով,  և Կառավարության կողմից այն լիազորված է ներկայացնել Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ, պարոն Իգոր Գրիգորյանը, խնդրեմ պարոն Գրիգորյան:

 Իգոր Գրիգորյան Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ: Ձեր քննարկմանն եմ ներկայացնում Ոստիկանության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Ոստիկանությունում ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Զենքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2017թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում պետական կառավարման համակարգում կատարված փոփոխություններով: Կատարված փոփոխությունները բխում են Սահմանադրության 53 և 102-րդ հոդվածներով: Փաթեթով առաջարկվում է նշված օրենքները համապատասխանեցնել Արցախի Հանրապետության օրենսդրությանը և Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, ինչպես նաև այդ օրենքում օգտագործվող պետական մարմինների և օրենքների նախկին անվանումները համապատասխանեցնել ներկայիս անվանումներին: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Հարցեր ունե՞նք պարոն Գրիգորյանին՝ նախագծի հետ կապված: Հարցեր չկան: Շնորհակալություն: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ժաննա Գալստյանը, խնդրեմ:

Ժաննա Գալստյան Հարգելի գործընկերներ, ինչպես ներկայացրեց ոստիկանության պետը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրան ուղղորդող փաթեթի մեջ որևէ բովանդակային փոփոխություն չկա, բոլորը խմբագրական են և համապատասխանեցվում են վերնագրերը Սահմանադրությանը, ուստի հանձնաժողովը դրական եզրակացությունով ներկայացնում է ձեր դատին: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, տիկին Գալստյան, հարցեր ունե՞նք գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչին: Հարցեր չկան: Շնորհակալություն, տիկին Գալստյան, մենք կարող ենք մտքեր փոխանակել այս հարցով օրենքի նախագծի հետ կապված, առաջարկվող փոփոխություններ: Եթե կա ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Մտքերի փոխանակության ցանկություն չկա: Մենք անցնում ենք այս հարցով  վերջին քայլին, երբ որ Ազգայի ժողովը քվեարկում է ներկայացված օրենքի նախագծի օգտին կամ իր դիրքորոշումն է արտահայտում այդ ձևով:

Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Ոստիկանության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Ոստիկանությունում ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Զենքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքներն ընդունելու վերաբերյալ:  Քվեարկություն: Կողմ՝ 29 դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Շնորհակալություն: Մենք այս օրինագծի շուրջ Ազգային ժողովի դիրքորոշումը պարզեցինք, և հաջորդ օրենքի նախագիծը՝ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է: Այն լիազորված է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ պարոն Հակոբ Ղահրամանյանը:

 Հակոբ Ղահրամանյան - Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, հարգելի պատգամավորներ, հրավիրվածներ: Ձեր քննարկմանն է ներկայացվել «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական մարմնի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը պայմանավորված է գործող Սահմանադրությանը համապատասխանեցման սկզբունքները հստակեցման, հանձնաժողովի քաղաքական զսպվածության և այլ սկզբունքների ներառմամբ: Ակնկալում ենք՝ օրենքի ընդունման դեպքում, որ այն համահունչ կլինի Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, ինչպես նաև հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցության կարգավորման բնագավառում կարգավորվող հիմնական սկզբունքների ավելացման, կարգավորվող մարմնի իրավասությունների և լիազորությունների հստակեցման, հանձնաժողովի անդամի նկատմամբ քաղաքական զսպվածության սահմանման, հանձնաժողովի նախագահի լիազորությունների հստակեցման, հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգման, հանձնաժողովի ֆինանսավորման կազմակերպման միջոցով կբարձրանա ոլորտով իրականացվող քաղաքականության արդյունավետությանը: Այսքանը, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Ղահրամանյան: Հարցե՞ր, եթե կան՝ հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահին: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ղահրամանյան: Մենք հիմա անցնում ենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությանը, և ես հրավիրում եմ Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արպատ Ավանեսյանին, խնդրեմ:

Արպատ Ավանեսյան -    Հարգելի գործընկերներ, ներկայացված օրենքի նախագիծը՝ երեկ մենք, հանգամանալից քննարկել ենք և ի տարբերություն այսօրվա նիստի, մենք ունեցել ենք հարցեր, որոնց շատ սպառիչ ձևով պատասխանել է պարոն Ղահրամանյան և, երևի, այդ պատճառով այսօր՝ այստեղ հարցեր չեն հնչել: Հանձնաժողովի կողմից տրվել է դրական եզրակացություն և ակնկալում է ձեր՝ նման վերաբերմունքը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Հարցեր ունե՞նք գլխադասային հանձնաժողովին, հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Մենք կարող ենք մտքեր փոխանակենք, ելույթներ ունենալ, ներկայացված օրինագծի հարցերի շուրջ, եթե ցանկություն կա, եթե չկա, ուրեմն մենք փակում ենք եզրափակիչ ելույթների տեղ  էլ չկա, որովհետև ուրիշ  քննարկում չի եղել: Այժմ մենք անցնում ենք քվեարկության: Քվեարկության է ներկայացնում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ նույնպես: Որոշումն ընդունված է: Շնորհակալություն: Մենք երկու օրենքի նախագծերի մասով՝ Ազգային ժողովի դիրքորոշումը հստակեցրեցինք, և այսօրվա մեր օրակարգում մեզ մնում է միայն մեկ հարց՝ պատգամավորների հայտարարությունները: Ես խնդրում եմ՝ եթե կա ցանկություն պատգամավորական հայտարարությունների համար, գրանցվել: Չկան: Այսքանով՝ ավարտում ենք այսօրվա  հերթական նիստի աշխատանքները, ուզում եմ նորից հիշեցնել, որպեսզի չմոռանանք՝ մենք ունենք 24 ժամ և արդեն պակաս, 2019թ. պետական բյուջեի մասով՝ 2-րդ փուլ առաջարկությունները ներկայացնելու համար, խնդրում եմ չուշացնել, որպեսզի մենք կարողանանք սահմանված դա անել սահմանված ընթացակարգով: Շնորհակալություն, նիստը ավարտված է: