ԼՈՒՐԵՐ
ԱՀ խորհրդարանի հերթական նիստում տեղի է ունեցել 2019թ. պետական բյուջեի քննարկման առաջին փուլը
13 դեկտեմբերի 2018

Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը:

Մինչ Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության  քաղաքացիներին և իշխանություններին՝ ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու առթիվ:

«Մեր շնորհավորանքներն ու արդյունավետ աշխատանքի բարեմաղթանքներն եմ ուզում հղել ՀՀ 7-րդ գումարման խորհրդարան անցած քաղաքական ուժերին՝ համոզիչ մեծամասնություն ստացած «Իմ քայլը» դաշինքին և «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին:

Մենք ձևավորված բարի ավանդույթներ ունենք հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցության տարեգրության մեջ և վստահ եմ՝ ՀՀ նորընտիր Ազգային ժողովի հետ համագործակցությունն ու միջխորհրդարանական կապերի ամրապնդումը շարունակական են լինելու»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:

ԱԺ նախագահի ներկայացմամբ խորհրդարանը հաստատել է նստաշրջանի և նիստի օրակարգերը, որից հետո քննարկումները ծավալվել են «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի շուրջ: Հիմնական զեկուցող՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի խոսքով՝ 2019թ.-ի պետական բյուջեի նախագիծը միտված է ինչպես կայուն տնտեսական աճի ապահովմանը, այնպես էլ՝ տնտեսության գերակա ոլորտների զարգացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը:

Ընթացիկ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները ներկայացնելուց հետո, ֆինանսների նախարարը խոսել է հաջորդ տարվա բյուջեի ոլորտային և ծրագրային հատկացումների մասին ու պատասխանել պատգամավորների հարցերին:

Բյուջեի վերաբերյալ հարակից զեկույցներով հանդես են եկել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի ու  պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողվների նախագահներ Արամ Գրիգորյանը և Ժաննա Գալստյանը:

Երկրի գլխավոր փաստաթղթի առնչությամբ ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցել են պատգամավորներ  Հայկ Խանումյանը, Արթուր Թովմասյանը և Գագիկ Բաղունցը:

Եզրափակիչ խոսքում պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների հնչեցրած առաջարկությունների և մտահոգությունների վերաբերյալ:

Բյուջեի նախագծի քննարկումը, ԱԺ կանոնակարգ օրենքի 84-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, ընդմիջվել է ժամը 12:10-ին՝ պատգամավորների` երկրորդ փուլ առաջարկությունները 24 ժամվա ընթացքում ներկայացնելու համար:

Շարունակելով նիստը՝ խորհրդարանը լսել և քննարկել է ԱՀ  ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի ներկայացրած՝  «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Ոստիկանապետի ներկայացմամբ՝ օրենքի ընդունումը պայմանավորված է այն ԱՀ Սահմանադրությանը համատասխանեցնելու գործընթացով:

Հանրային ծառայությունները և տնտեսական  մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի  նախագահ Հակոբ Ղահրամանյանը ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որի նպատակը գործող օրենքը ԱՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաև հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության բնագավառներում կարգավորման նոր սկզբունքների կիրառման, կարգավորող մարմնի իրավասությունների և լիազորությունների հստակեցման, հանձնաժողովի աշխատանքների կանոնակարգման, ֆինանսավորման կազմակերպման անհրաժեշտությունն է:

Ներկայացված երկու օրինագիծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունները լսելուց հետո  խորհրդարանն ընդունել է օրենքները:

 

ԼՈՒՐԵՐ