ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

                                                                                             6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

                                                                                            6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ  6-ՐԴ  ՆՍՏԱՇՐՋԱՆ

                                                                                   2017Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ժամը 11:00                                                                                                              

                                     

 Նիստին մասնակցում են Արցախի Հանրապետության նախագահը,  Արցախի Հանրապետության  պետնախարարը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ,  ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:

Նիստին ներկա են 32 պատգամավոր, բացակա է 1 պատգամավոր՝ հարգելի պատճառով:

ՆՒՍՏԸ ՎԱՐՈՒՄ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ

 

Աշոտ Ղուլյան - Բարի առավոտ բոլորին, մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության,  հարգելի գործընկերներ, հրավիրվածներ, տիկնայք և պարոնայք:

Արցախի Հանրապետության խորհրդարանում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ համակողմանի քննարկման է ներկայացված մեր երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հաջորդ տարվա համար՝ 2018թ.  պետական բյուջեի նախագիծը: Մենք արդեն առիթ ունեցել ենք նախորդ լիագումար նիստում լսել գործադիր իշխանության պատասխանատուների գոհունակությունը ԱԺ հանձնաժողովներում և խմբակցություններում շահագրգիռ քննարկումներից և խորհրդարանի գլխադասային հանձնաժողովների բավարարվածությունը քննարկումների որակից: Դեկտեմբերի 14-ի լիագումար նիստում ընդմիջվել են պետբյուջեի նախագծի քննարկումները` նոր առաջարկների ու գաղափարների համար հնարավորություն բացելով պատգամավորների և խմբակցությունների համար: Երկու օր առաջ, ինչպես և նախատեսված էր  ժամկետացանկում, Կառավարությունն իր պատասխաններն է ներկայացրել ամփոփաթերթիկով, և մենք պատրաստ ենք շարունակել քննարկումները 2018թ.  պետական բյուջեն հաստատելու նպատակադրությամբ: Բյուջետային քննարկումների եզրափակիչ փուլին մասնակցում է գործադիր իշխանության,  Կառավարության ողջ կազմը՝ Հանրապետության նախագահի գլխավորությամբ, և այդ իրողությունը միանշանակ վկայում է իշխանության թևերի միջև գործնական ու վստահելի հարաբերությունների, սահմանադրական նոր մշակույթի ձևավորման մասին: Ամեն ինչ պատրաստ է քննարկումները վերսկսելու համար, և ես խնդրում եմ պատգամավորներին գրանցվել:

ԳՐԱՆՑՈՒՄ:

Գրանցման արդյունքներով ներկա են 32 պատգամավոր, նիստն իրավասու է սկսել իր աշխատանքները, բացակա է 1 պատգամավոր՝ հարգելի պատճառով: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով նախատեսված բոլոր այս պահանջներին համապատասխան, մեր լիագումար նիստերը սկսում ենք  նստաշրջանի օրակարգում, մեծ օրակարգում համապատասխան  փոփոխություններ և լրացումներ կատարելով: Այս անգամ էլ մենք լրացուցիչ ստացել ենք, մեր նախորդ նիստից հետո ստացել ենք նոր օրինագծեր և այս օրինագծերն, իհարկե, պետք է նախ և առաջ հաստատվեն նստաշրջանի օրակարգում, որից հետո դրանք արդեն երաշխավորվում են մշտական հանձնաժողովների կողմից լիագումար նիստի օրակարգ մտցնելու համար: Եվ այդ նախագիծը բաժանված է, պատգամավորների տրամադրության տակ կա, եթե հարցեր ունեք նստաշրջանի օրակարգի հետ կապված՝ խնդրեմ, եթե հարցեր չկան, ապա հաստատենք ու անցնենք առաջ: Հարցեր չկան:

Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին:

 Քվեարկություն:

Կողմ՝ 32, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես:

Մենք լրացուցիչ հինգ նոր նախագծեր ենք մտցրել նստաշրջանի օրակարգ, որ արդեն մեծամասամբ երաշխավորված են մշտական հանձնաժողովների կողմից և դրական եզրակացությամբ ներկայացված են այսօրվա քննարկումներին:

Քիչ առաջ  մեր հաստատած օրակարգից բխում է այսօրվա մեր լիագումար նիստի օրակարգը: Ես ուզում եմ պատգամավորներին նաև տեղեկացնել, որ մեր այսօրվա լիագումար նիստի օրակարգը կարելի է պայմանականորեն բաժանել 3 խմբի. Առաջինը` դրանք անավարտ մնացած հարցերն են, ինչպես Կանոնակարգը պահանջում է, և դա նոր պահանջ է. Ազգային ժողովի նոր կանոնակարգ օրենքի համաձայն նախորդ նիստում կամ նախորդ նիստերում քննարկված, բայց չքվեարկված հարցերն են: Այս հարցերի մեջ պայմանականորեն կարելի է առաջին խմբի մեջ մտցնել նաև պարտադիր քննարկվող հարցերը: Այստեղ մի շարք թեմաներ կարող են լինել, այդ թվում նաև պաշտոնում նշանակելու, ընտրելու հարցերն են. դրանք առաջին խմբի հարցերի մեջ են մտնում, և երկրորդ խումբ հարցերը, որոնք օրակարգի վերջին մասում են սովորաբար լինում: Դրանք ԱԺ կողմից արդեն քննարկված, հանձնաժողովներում քննարկված  և լիագումար նիստին երաշխավորված նախագծերն են` սովորաբար ըստ հերթականության, ինչպես մտնում են ԱԺ շրջանառություն, ահա այդպիսի հերթականությամբ: Ըստ այդմ կազմված է մեր այսօրվա լիագումար նիստի օրակարգը, բայց այս բոլոր հարցերի առանցքային թեման, ինչպես իմ ներածական խոսքում նշեցի, 2018թ.  պետական բյուջեի նախագիծն է, որն ԱԺ բազմաթիվ քննարկումներից հետո մենք հասցրել ենք եզրափակիչ փուլին: Ուրեմն, կարելի է ասել, որ մեր օրակարգի առաջին մասը 2018թ.  պետական բյուջեի նախագիծն է` բյուջեի  կազմում ներկայացված օրենքի նախագծերի և ծրագրերի հետ միասին: Մենք 2 փաթեթ ունենք, որ բյուջեի կազմում ներկայացված են և հաջորդն արդեն` անավարտ մնացած օրենքները: Մենք արդեն այսօրվա նիստի օրակարգում ներառել ենք նաև 2 պարտադիր քննարկվող հարցեր. դրանցից առաջինը վերաբերում է  դատավորների նշանակմանը, երկրորդը ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության մասին հարցն է, որի մասին, իհարկե, օրակարգի այս հարցին մոտենալուն ընդառաջ մենք ավելի կոնկրետ և ավելի մանրամասն կներկայացնենք:

Հարցեր կա՞ն այսօրվա նիստի օրակարգի հետ կապված: Հարցեր չկան: Շնորհակալություն:

Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողվի որոշման նախագիծը`  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2017թ. դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգը հաստատելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝ 32, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես:

Որոշումն ընդունված է, մենք ունենք այսօրվա լիագումար նիստի օրակարգը, հարցերի այն շարքը, որ պետք է այսօր օրվա ընթացքում քննարկենք և, ինչպես քիչ առաջ նշեցինք, մեր այս հարցերի մեջ գլխավոր տեղում 2018թ. պետական բյուջեի մասին հարցն է: Մինչև բուն հարցին անցնելը ես ուզում եմ իմ գործընկերներին և նիստին հրավիրված մասնակիցներին, իհարկե, բոլոր ներկաներին տեղեկացնել, որ ԱԺ-ում բյուջեի  նախագծի քննարկումներն, իհարկե, ունեն որոշակի առանձնահատկություններ, մենք այս առանձնահատկություններից սովորաբար արդեն տարիների ընթացքում սովորում ենք, և կարծես ավտոմատ ձևով դրանք արվում են, բայց, քանի որ այս տարվա սկզբին մենք Սահմանադրության պահանջներն ունենք և դրա հիման վրա Կանոնակարգը նոր ենք ընդունել, ուզում եմ հիշեցնել, որ հոդված 85 ԱԺ կանոնակարգով ԱԺ նիստում պետական բյուջեի  մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսելու մասին է և այս հոդվածով պետական բյուջեի  մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսելուց հետո հարցը քննարկվում է ընդհանուր կարգով, սույն հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան:

Ինչպիսի՞նն է լինելու այս ընթացակարգը: Հանրապետության  նախագահը կամ  պետական ֆինանսների կառավարման բնագավառում  Հանրապետության նախագահի լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը մինչև 1 ժամ տևողությամբ  ելույթում ներկայացնում է նախագծի վերջնական տարբերակը և ամփոփաթերթիկում ներառված առաջարկները, որից հետո նրան կարող են տրվել հարցեր: Հաջորդը, հայտ լինելու դեպքում, 10-ական րոպե տևողությամբ 1-ական ելույթի իրավունք ունեն նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած պատգամավորները, խմբակցությունների 1-ական  ներկայացուցիչները, մշտական հանձնաժողովների 1-ական ներկայացուցիչները, ԱԺ նախագահը և նրա տեղակալը: Ելույթներից հետո մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս Հանրապետության  նախագահը կամ  պետական ֆինանսների կառավարման բնագավառում Նախագահի լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը, որը կարող է առաջարկել   պետական բյուջեի  մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք:

Ահա այսպիսի ընթացակարգով ենք մենք հիմա վերսկսում պետական բյուջեի  նախագծի քննարկումները: Եվ ես հիմա ամբիոնի մոտ եմ հրավիրում ԱՀ ֆինանսների նախարար պարոն Գրիգորի Մարտիրոսյանին: Խնդրեմ:

Գրիգորի Մարտիրոսյան - ԱՀ մեծարգո Նախագահ, ԱՀ ԱԺ հարգարժան Նախագահ, հարգելի պատգամավորներ:

Քանի որ պետբյուջեի նախագիծն արդեն մանրամասն քննարկվել է և ներկայացվել է, ապա ես իմ ելույթում կանդրադառնամ օրենքի նախագծի լրամշակված տարբերակին և այն առաջարկություններին, որոնք Կառավարությունը ստացել է քննարկումների  երկրորդ փուլում:

Այսպիսով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության   օրենքին համապատասխան` պատգամավորական խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից 2018թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Արցախի Հանրապետության Նախագահին գրավոր ներկայացվել է 32 առաջարկ, որոնցից մեկը («Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքներին 9400 դրամ օգնության) կրկնվող է: Նշված առաջարկներից 24-ը պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների արդյունքներով «Շարժում-88» խմբակցության անդամների կողմից ներկայացված առաջարկներն են, որոնք կրկին ներկայացվել են արդեն խմբակցության անունից, և դրանց վերաբերյալ եզրակացությունները Կառավարությունը հայտնել էր ս.թ. դեկտեմբերի 8-ի ամփոփաթերթիկով:

Ներկայացված առաջարկների ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 4.8 մլրդ դրամ:

Ստացված առաջարկությունների վերաբերյալ Կառավարության հայտնած տեսակետները ներկայացվել են Ազգային ժողով` ամփոփաթերթիկի տեսքով: Միաժամանակ, ներկայացվել է 2018թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որը ներառում է պատգամավորների կողմից արված այն առաջարկությունները, որոնց վերաբերյալ Կառավարության կողմից տրվել է դրական եզրակացություն: Մասնավորապես, պետական բյուջեի ծախսերում նախատեսվել են հետևյալ փոփոխությունները`

1) տնտեսական հարաբերություններ բաժնի «Տնտեսական զարգացման ծրագրեր» ծախսային ծրագիրը ավելացել է 29.5 մլն դրամով` Արցախի տնտեսական ձեռքբերումների մասին գովազդային և քարոզչական այլ աշխատանքների իրականացման համար,

2) կրթության բաժնում`

- «Պետական աջակցություն ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի «Սոսե» մանկապարտեզներին» ծրագիրը ավելացել է 21.9 մլն դրամով` մանկապարտեզների աշխատավարձերին ուղղված ծախսերի ֆինանսավորման նպատակով,

- նախատեսվել է նոր «Կրթական բարեփոխումների միջոցառումներ» ծրագիրը` 5.0 մլն դրամի չափով, որից` 3.0 մլն դրամը կրթության բարեփոխումների իրականացման նպատակով ուսումնասիրությունների կատարման համար, իսկ 2.0 մլն դրամը` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և դրանց ծնողների հոգեսոցիալական և ուսուցման փորձնական ծրագրի իրականացման համար,

- «Կենտրոնացված կարգով կրթական և մարզական հաստատությունների համար գույքի ձեռքբերում և տեղափոխում» ծրագիրը ավելացել է 10.0 մլն դրամով դպրոցների համար լաբորատոր սարքավորումների ձեռքբերման գումարների ավելացման համար:

3) 80.0 մլն դրամով ավելացել է սոցիալական պաշտպանության բաժնի «Ամենամսյա դրամական օգնություններ և պարգևավճարներ» ծրագիրը` «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց ընտանիքներին 9400 դրամի չափով ամենամսյա դրամական օգնություն տրամադրելու համար:

Այստեղ ուզում եմ ավելացնել, որ Կառավարությունը կքննարկի տվյալ ծրագրի շահառուների վերջնական շրջանակը և Կառավարության համապատասխան որոշման մեջ կկատարի այդ անձանց կատեգորիաների նախատեսելու վերաբերյալ փոփոխությունը:

Կառավարության կողմից ընդունված՝ այլ առաջարկությունները իրականացվեն կապիտալ ներդրումների ծրագրի և այլ կենտրոնացված ֆոնդերի շրջանակներում:

Միաժամանակ, նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ` Կառավարության նախաձեռնությամբ, մասնավորապես.

Եկամտային մասով.

- պետական բյուջեի հարկային եկամուտները ավելացվել են 400.0 մլն դրամով և սահմանվել 45.0 մլրդ դրամի չափով, որը պայմանավորված է ավելացված արժեքի հարկի գծով կատարված կանխատեսումների ճշգրտմամբ.

- Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող բյուջետային վարկը ավելացվել է 34.3 մլն դրամով և սահմանվել 51,428.2 մլն դրամ:

Ծախսային մասով.

- կապիտալ ներդրումների ծախսերն ավելացվել են 1.0 մլրդ դրամով և սահմանվել 14,200.0 մլն դրամ, որը պայմանավորված է մշակութային և մարզական օբյեկտների, համայնքային կենտրոնների կառուցման, ճանապարհաշինարարության և շինանյութերի տրամադրմանն ուղղվող ծախսերի ավելացման անհրաժեշտությամբ.

- 94.0 մլն դրամով ավելացվել է մշակույթի ոլորտի «Կենտրոնացված կարգով գույքի, երաժշտական գործիքների և բեմական հագուստի ձեռքբերում» ծախսային ծրագիրը՝ պայմանավորված մշակույթի և երիտասարդության պալատի համար լուսային և ձայնային սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտությամբ.

- Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պահպանման ծախսերը ավելացվել են 5.3 մլն դրամով՝ կապված «Հանրային ծառայությունների մասին» օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարի նոր պաշտոնի նախատեսման հետ:

Պետական բյուջեի դեֆիցիտը ավելացվել է 811.4 մլն դրամով:

Այսպիսով, 2018թ. պետական բյուջեի լրամշակված նախագծի համաձայն պետական բյուջեի վերջնական ցուցանիշները կազմում են.

- Եկամուտների մասով՝ 96,428.2 մլն դրամ,

- Ծախսերի մասով՝ 101,538.8 մլն դրամ,

- Դեֆիցիտը՝ 5,110.6 մլն դրամ:

Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան: Խնդրեմ, եթե հարցեր կան ֆինանսների նախարարին: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն նախարար, կարող եք նստել: Մենք արդեն ընթացակարգը ներկայացրել ենք: Հիմա եթե բյուջեի նախագծի հետ կապված երկրորդ փուլ առաջարկությունները ներկայացված պատգամավորներից և խմբակցություններից ցանկություն կա արտահայտվելու, խնդրեմ: Հաջորդն արդեն խմբակցություններն են, կամ կարող ենք համատեղել: Ելույթնե՞ր, առաջարկություննե՞ր ներկայացրած: Չկան, շատ լավ: Հիմա անցնում ենք խմբակցությունների տեսակետներին: Խմբակցությունների տեսակետները ԱԺ-ում ներկայացնում են փոքր խմբակցությունից մինչև մեծը:

«Վերածնունդ» խմբակցություն, Հայկ Խանումյան, խնդրեմ: Հաջորդը` «Շարժում-88» խմբակցություն:

Հայկ Խանումյան - Հարգելի՛ ներկաներ, այս տարի ևս ես դեմ եմ քվեարկելու բյուջեի մասին օրենքի նախագծին:

Պատճառները ոչ թե այս կամ այն ծրագրին քիչ կամ շատ գումար հատկացնելն է, այլ վարվող քաղաքականությունն ընդհանրապես:

Ստացվել է այնպես, որ մենք միշտ ունենք մի բյուջե, որտեղ սեփական մուտքերը չեն կազմում նույնիսկ բյուջեի կեսը: Այս տարի սեփական մուտքերը կկազմեն բյուջեի մոտ 44 տոկոսը: Նման իրավիճակում մենք պետք է բյուջեի ամեն դրամի նկատմամբ լինեինք խիստ ուշադիր, փորձեինք ամեն դրամ ծառայեցնել ազգային հարստության ստեղծմանը:

Իսկ ի՞նչ է անում Կառավարությունը տարիներ շարունակ: Անընդհատ մեծացնում է պետական ապարատը, բյուրոկրատիան, բյուջետային աշխատողների թվաքանակն ու նրանց սպասարկումը: Դեռ 2.5 տարի առաջ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների ժամանակ մեզ խոստանում էին որոշակի կրճատել պետական ապարատը, ինչը սակայն տեղի չունեցավ, ծախսերը շարունակում են մնալ ահռելի մեծ: Նույն վիճակն է Սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված կառուցվածքային վերաձևումների դեպքում: Թվում էր` գոնե որոշակի օպտիմալիզացիա կունենանք, այնինչ դա ընդամենը թվում էր: Կառավարության պատասխանատուները նույնիսկ հպարտանում են, որ փորձել են ցնցումներ չանել, կրճատումների չգնալ:

Վստահաբար կարող ենք ասել՝ Բակո Սահակյանի կառավարությունը քաղաքական կամք չունի գնալու մեծ պետական ապարատի լավարկմանը: Բյուջե 2018-ի նախագիծն ասածիս վառ ապացույցն է:

Արցախը սկսում է նմանվել այն երկրներին, որոնց բյուջեի զգալի մասը կախված է մեկ ոլորտից ստացվող եկամուտներից, այն տարբերությամբ, որ մեզ մոտ այդ ոլորտին փոխարինում է միջպետական վարկը: Սովորաբար նման երկրները տնտեսության զարգացման հիվանդագին երևույթներ են ունենում: Այդ երկրներում սեփական արտադրությունը կրճատվում է, դրան փոխարինում է պատրաստի ապրանքների ներկրումը, բնակչությունը դառնում է հիմնականում օտարերկրյա արտադրանքի և ծառայությունների սպառող: Այդ հիվանդություններից մեկն էլ այն է, որ Կառավարությունը ոչ թե փորձում է հեշտ ստացվող միջոցներն ուղղել տնտեսության զարգացմանը, այլ զբաղված է այդ միջոցների վերաբաշխմամբ: Արդյունքում տնտեսության զարգացմանը փոխարինում են անիմաստ սոցիալական ծրագրերը, պետական թանկարժեք ապարատի աճը, կենտրոնացված կոռուպցիան և այլ արատավոր երևույթներ: Նման պայմաններում մենք երբեք կրթության որակի բարելավում չենք ունենալու, քանզի մեզ նման տնտեսությունները լավ սովորելու մոտիվացիա չեն առաջացնում: Համեմատաբար բարձր վարձատրվող բյուջետային աշխատատեղին հավակնելու համար ոչ թե գիտելիք ու հմտություն է պետք, այլ ընդամենը դիպլոմ, որը կարելի է հեշտությամբ ձեռք բերել նույնիսկ միայն չորս տարի ուսման վարձ վճարելու դեպքում: Աշխատաշուկայի նման կառուցվածքը մեծապես խանգարում է մասնավոր ձեռներեցությանը, որը մշտապես կարիք ունի որակյալ մասնագետների: Իսկ որակյալ մասնագետ դառնալու մոտիվացիա ոչ ոք չունի, քանզի նվազագույն կարողություններով կարելի է բարձր աշխատավարձ ստանալ պետական համակարգում: Պետական կառավարման համակարգում, կրթության ոլորտում, բազմաթիվ բյուջետային հիմնարկներում մենք հազարավոր մարդկանց դարձրել ենք անաշխատունակ, ոչինչ չանող կամ շատ քիչ արդյունավետություն ունեցող սուբյեկտներ: Սրանք այն մարդիկ են, որոնք պետք է աշխատեին տնտեսության իրական հատվածում, հանդես գային տարբեր նախաձեռնություններով, ստեղծեին ազգային հարստություն, աշխատատեղեր, վճարեին հարկեր, ստեղծեին մրցակցություն:

«Ազգային վերածնունդ» կուսակցության տեսակետն այս հարցում միանշանակ է. մենք պետք է գնանք ուռճացված պետական համակարգի կրճատմանը, մենք պետք է լավագույն լուծումները գտնենք կրթության ոլորտի համար և ազատված գումարները հարկային արտոնությունների տեսքով ներդնենք տնտեսության զարգացման, մասնավորապես արտադրության զարգացման մեջ: Ես հասկանում եմ, որ Կառավարության համար դժվար է մեծածավալ կրճատումների գնալ, սակայն վերջին տարիներին ես ընդհանրապես ցանկություն չեմ տեսնում օպտիմալիզացիայի գնալու: Կառավարության կողմից հենց այս կամքի բացակայությունն է պատճառը, որի համար ես դեմ եմ քվեարկելու Բյուջե 2018-ի նախագծին: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հաջորդը «Շարժում-88» խմբակցությունն է, խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյան: Հաջորդը` «Ժողովրդավարություն» խմբակցությունը:

Էդուարդ Աղաբեկյան - ԱՀ  մեծարգո Նախագահ, հարգելի նախագահողներ: Ես կփորձեմ 2018թ. բյուջեի մասին  մեր խմբակցության եզրակացությունը ներկայացնել` նախ դիտարկելով որպես քաղաքական փաստաթուղթ, այնուհետև, եթե ժամանակում տեղավորվեմ, մեր առաջարկությունների, որոշակի առաջարկությունների անդրադառնալ: Նախ բյուջեն վերաբերում է 2018թ.: Եվ ոչ միայն շարժման 30-ամյակի, այլ համագումարների, արցախյան համագումարների 100-ամյակի տարելիցին, որովհետև կարելի է նաև տոնակատարությունների կլոր սեղանները գիտական բաներով անդրադառնալ նաև արցախյան` համենայնդեպս Ադրբեջանի ճնշումներին 7-8 անգամ  Արցախի ժողովուրդը  ոչ ասելն է: Ամառվանից սկսվում է 100-ամյակը և այդ պատճառով մեզ բնականաբար, ուզում եմ ասել, որ  պատմությունից պետք է  նաև դասեր առնել, դասեր քաղել, քանի որ, ինչպես ասում ենք, դրանք կրկնվելու հատկություններ ունեն: Բնականաբար սղաճի  ծրագրային մակարդակը չէր պլանավորվում, դա այլ գործառույթ է, այլ կառույցներ են անում  և մակրոտնտեսական միջավայրի մակրոցուցանիշների մոտավորապես կանխատեսելիության կամ պայմանների ապահովման այդքան մեծ ազդեցություն չունենք, հետևաբար և բնական է ենթադրել, որ պատգամավորական կորպուսի կողմից առաջարկությունները շատերը կվերաբերվեն ավելի շատ, եթե կարելի է ասել, կիրառական գործնական ոլորտներին: Մեր խմբակցության կողմից բազմիցս հայտարարել ենք սա. առաջին անկյունաքարը մեզ համար անվտանգությունն է, դրա համար պետական պահեստուժի հասկացողության և պետական պաշարների, պետական պահուստին ուղղված վերջին 2 տարվա  մեր առաջարկություններին հետամուտ լինելով են նաև առաջարկությունները: Ճիշտն ասած, զարմանալիորեն երկու տարուց հետո, առնվազն 1,5 տարվա գործընթացից հետո պատկան մարմիններից պատասխան հնչեցնել, որ նրանք նույնիսկ գումարի արժեքը չեն կարողանում որոշել, նշանակում է կամ քաղաքական կամքի բացակայություն, կամ էլ պարզապես մարդիկ իրենց տեղում չեն, և պետք է շուտափույթ ազատվեն առնվազն գոնե էդ հաշվողները: «Ազգային ժողովի կանոնակարգ»-ի վերաբերյալ, քանի որ սահմանադրական փոփոխությունները ժամանակին ասել ենք մինչև բյուջեին, այսօր  Հանրապետության նախագահը ԱԺ-ում ներկայացնում է պետական բյուջեն: Չանցնելու պարագայում երկու շաբաթ հետո նորից ներկայացնում է բյուջեն:  Ես չեմ ասում թե չի անցնելու, չանցնելու դեպքում երկու շաբաթ հետո նորից ներկայացնում է բյուջեն, վերջակետ: Ժամանակին առաջարկել ենք, բա լավ, էդ չանցնելու պարագայում ի՞նչ պիտի անենք: Հանրապետության Նախագահը առաջին մեկ տարին է, անվստահություն խորհրդարանն իրավունք չունի հայտնել: Հանրապետության նախագահը խորհրդարանը ցրելու իրավունք չունի: Իսկ բյուջեում մենք ասում ենք, ստացվում է, որ բյուջեն ասում է՝ մի զարգացեք, քանի որ նոր նախագծով առաջարկում եք 10 տոկոս զարգացում, Սահմանադրությունն արգելում է: Ուզում եմ ասել, որ այս ու նման օրինակները պետք է ժամանակին առաջարկություններին գոնե հետևեն, որ չգանք հասնենք այս գոնե տեսականորեն տարբերակների քննարկմանը:

Պայմանական մեզ համար անվտանգության համակարգ է նաև կրթությունը, բազմիցս հայտարարել ենք դրա մասին: Ի վերջո կրթական համակարգ նշանակում է, թե ինչպիսի քաղաքացի ենք ուզում ձևավորել, ինչ որակով, ինչպիսի դաստիարակությամբ ու համապատասխան սննդային միջավայր` կրթական ագրարային միջավայրը, այդ որակներով դաստիարակելու համար: Ունե՞նք այդ հնարավորությունը ռեգիոնում. երևի ոչ միայն հետխորհրդային տարածքում, ռեգիոնում նաև Իրանի, Թուրքիայի հետ  համեմատել,  համենայն դեպս, մեր բյուջեում  ՀՆԱ-ում կրթական ոլորտին հատկացված գումարները ամենից բարձրն են: Ընդ որում, համարյա անգամներ` երկու անգամ: Արդյո՞ւնք, կրթական ոլորտին հատկացվող գումար, կարծեմ, եթե չեմ սխալվում, հոդված 4-ն է, կրթության մասին 4-րդ հոդվածն է՝ կրթական ոլորտում ռազմավարության քաղաքականությունը Կառավարության կողմից ԱԺ ներկայացված կրթական ծրագիրն է, որը հաստատվում է ԱԺ կողմից, որը նաև հիմք է պետբյուջեի ֆինանսավորման: Եթե հիմքը չկա, ի՞նչ գիտենք, որ կրթության ոլորտին էսքան գումար պիտի տաք, էսքան՝ հանրակրթությանը, էսքան՝ չգիտեմ, մնացած ոլորտներին: Պատահական չեմ  հնչեցնում, որովհետև գոնե մեկ բաժակ թեյ, առաջարկել ենք, մեկ բաժակ թեյ տարրական դպրոցում, էդ ծրագրերի մասին  չխոսենք, մեկ բաժակ թեյ, որ երեխաները  խմեն, տարրական դպրոցի երեխաները: Կառավարության առաջարկությունը 1 մլրդ. է կազմում, 1 մլրդ: Եթե տրամաբանությամբ առաջնորդվենք 3,4,5 հազար տարրական դպրոցի երեխաները, ստացվում է, որ 150.000-անոց ղարաբաղցիներ եթե այդ օրը երկու անգամ թեյ խմեն, մեր և, բյուջեն, և` դոտացիան, ընդհանուր բյուջեն միասին չի հերիքի: Հետևապես և այդ թիվը սխալ է հաշվարկված: Եթե 3000-4000 համար 1 մլրդ. է պետք, 150.000-ի համար օրը 2 անգամ թեյը իննսունքանի մլրդ. է  դառնում:

Համակարգի իրավիճակի պատճառները, ինչքան էլ մենք փորձենք աչք փակել, ի՞նչն է պատճառը, որ մանկավարժների կողմից համենայնդեպս մասնագիտական միավորումներ չեն ստեղծվում: Համենայնդեպս, ինչ գոնե հայտնի չէ նման միավորումներ մասնագիտական   իրենց կարողություններն ի մի բերելու մի հարթակ և շարունակելու էդ բանը, կա՞ թե չկա՞: Ըստ իս,  ապարատի, կրթական համակարգի կուսակցականացումն է, որը բերում է համահարթեցման, մթնոլորտի հաճոյախոսության, հասկացողություններ, որոնք որ, ի դեպ, կրթության մասին օրենքում և տարբեր փաստաթղթերում հակացուցված են, որովհետև կրթական միջավայրում պետք է ապահովվի առաջադեմ ստեղծագործական, քննադատական մտածելակերպ: Բնականաբար, նման մտածելակերպ դաստիարակել կարելի է միայն համապատասխան միջավայրում: Կարծում եմ, պետք է պետպատվեր հասկացողությունը, և´ կրթությունում, անմիջապես և´ առողջությունում ժամանակին տասնքանի տարի առաջ բավականին նոր արյան թարմ բանի կարիք ունի: Այլապես, սևակյան բառերով ասած, շատ է հնացել էդ հասկացողությունը, և մի տեսակ ձևական կրկնողություններ կան: Կրթության համակարգում պետք է հիմնականը մատերիայի բարձրագույն կազմակերպված ձևը, ծալքերի քանակը, ո´չ սոցիալական դրությունը, ո´չ ինչքան էլ դժվար լինի, էս վիճակից պետք է մենք քայլ անենք ու դուրս գանք: Տեսեք, 10 տարուց ավել է խոսում ենք միասնական, միանման համազգեստի, հագուստի… իրականացման բան չունենք: Ինչո՞ւ ենք կարևորում, որովհետև  սրանք մանրուքներ չեն, ստեղից պարզապես սոցիալական անարդարության համակարգը, հավասարությունը սրանից է սկսվում: Իսկ ինչքան արդար է հասարակությունը, այնքան  հզոր է հայրենիքը: Միայն այդ ճանապարհով կարելի է, տիկին Դադայանի ասած, Ճապոնիայի վարչապետի կայսեր պաշտամունքի, պատգամավորի կարգավիճակի և նախարարի աշխատավարձի մանկավարժին այդ կարգավիճակում տեսնել, ու դրանից հետո նոր: Իսկ ունենք դրական հիմնական հումքը՝ հայկական ուղեղը, որը չգիտես ինչու միայն հայկական իրականությունից դուրս գալու պարագաներում է  փայլում: Կարող է` շատ բաներ բյուջեի քննարկումից չի,  կոնկրետ բյուջեի թվաբանությանը չի վերաբերվում, բայց նորից եմ ասում, քաղաքականությանը, արտաբյուջե հասկացողություն: Սովորաբար իրենց հարգող պետությունները արտաբյուջե չեն ունենում, համենայնդեպս չկա այնպիսի գործառույթ, նույնիսկ օպերատիվությամբ պատճառաբանված, որ արտաբյուջեն, որ պետության բյուջեով հնարավոր լինի անել: Էդ ի՞նչ է, որ հնարավոր չի անել պետության բյուջեով, որ պիտի արտաբյուջեով: Մենք կոնկրետ ասել ենք. հին արտաբյուջեները բերել բյուջեի մուտքային մաս, ընդ որում, այնտեղ նաև ծրագրեր կան,  ուղղել ՊԲ-ին, նորարական այդ տեխնոլոգիական ծրագրերին: Ի տարբերություն այն ծրագրերի, որ տեսադիտարկման սարքեր և այլն և այլն:

Հաջորդը, բնակչության համարյա երկնիշ աճ պլանավորել, սղաճ: Ի դեպ ՀՀ Կենտրոնական բանկը մոտավորապես 4 տոկոսի շրջակայքում մինչև վերջին տարիներին աննախադեպ ցուցանիշ է, և եթե արդարանան մոտավորապես դրանք, փաստորեն ստացվելու է մոտ առնվազն 3-4 տոկոս սղաճի դեմ հանդիման մենք թողնելու ենք քաղաքականությունը, մեր բնակչությունը, առավել ևս, այսպես ասենք, սոցիալապես անապահով խմբերին, թոշակառուներին և այլն և այլն:

Կարծում եմ, դեմ հանդիման թողնել այդ կատեգորիայի բնակչությանը և հիմնավորել միայն, որ ՀՀ հետ ունենք պայմանավորվածություն, չգիտեմ ինչ, ինչ բաներ, մինչև աշխատավարձը չբարձրացնեն, մենք  չենք կարող: ՀՀ-ը մինչև 2040 թիվը,  որ էդ տեմպերով  գնա, չի էլ  կարողանալու  բարձրացնել, ի՞նչ է, մենք  իրավիճակից չպիտի որ… Քանի որ 2-ը միասին է ինձ մոտ, նաև  խմբակցության ...Եղավ:  Բյուջեի քննարկումների, ինչ-որ տեղ նաև  կարծեք թե էս կրկնողությունները ձևական  են, ես նկատի ունեմ ծրագրային բյուջետավարման, մեր առաջարկությունների ճնշող մեծամասնությունը ծրագրային բյուջետավարմանն է վերաբերում: Նորից էս հաշվետվությանը գալու ենք  ասենք, էսքան տվել են, էսքան ստացել ենք, էսքան ծախսել ենք: Սա ինչ-որ մի  կրկնողություն է,  ինչ-որ բան է պարունակում իր մեջ: Դրա համար պետք է ծրագր… ինչքան ծրագրավորման եռամյա ծրագրում նշել ենք, փառք Աստծո, որ գնալու ենք դեպի ծրագրային, բայց հիմիկվանից պետք է սկսել, չի լինի մի x բան, որ ասենք սրանից էն կողմ  լրիվ ծրագրավորված է լինելու, հիմքերը պետք է, հատկապես տեղական ինքնակառավարման մակարդակում  ծրագրային բյուջետավարումը, որ ավելի տեսանելի  է: Հա, լավ, էսքանը ծախսել են, բայց արդյու՞նքը: Արդյունքը, հանրությունն ինչպե՞ս է իր վրա զգացել և այլն, և այլն: Քաղաքական էս բաների հաշվառմամբ երբեմն, նու, եթե կարելի է ասել քաղաքական կարկատանների, հարցերի լուծման քաղաքական կարկատանների սկզբունքներով ենք առաջնորդվում: Տեսեք, օրինակ, տարիներ առաջ ֆին. նախարարությունը հարկայինի հետ միացրեցինք, ներողություն, փոխվարչապետի կարգավիճակ տվեցինք ֆիննախարարին, էս երկուսն առանձնացրեցին: /Չի լսվում/ ցածրացրեցինք, երկուսը միավորեցինք: Գուցե և ավելի  տրամաբանական էր երկուսը և կարգավիճակը և միավորումը անել մի պարագայում, որպեսզի  ավելի  հնարավոր լիներ ավելի հարցերին: Նու, ժամանակ չկա այդ տեսակ բաներին անդրադառնալ, ամեն դեպքում կանդրադառնամ, մեկ ա, ելույթ ունեցողներն այդքան բան չեն:

«Շարժում-88» խմբակցությունը դեմ է քվեարկելու:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հաջորդը «Ժողովրդավարություն» խմբակցությունն է, պատգամավոր Վարդգես Բաղրյան, խնդրեմ:

Վարդգես Բաղրյան - Շնորհակալություն: Մեծարգո պարոն Նախագահ ԱՀ, հարգելի ներկաներ:

«Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ԱԺ քննարկմանն է ներկայացվել այս տարվա փետրվարի 20-ին համաժողովրդական քվեարկությամբ ընդունված Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության պահանջներին համապատասխան՝ մինչև նոյեմբերի 15-ը, ինչը հնարավորություն է տվել ավելի մանրակրկիտ և շահագրգիռ քննարկումներ կազմակերպել թե´ մշտական հանձնաժողովներում, և թե´ խմբակցություններում: «Ժողովրդավարություն» խմբակցության անդամներն ակտիվ մասնակցություն են ունեցել բյուջեի նախագծի՝ ժամկետացանկով նախատեսված քննարկումների բոլոր փուլերին, ինչպես նաև խմբակցությունների համար նախատեսված առանձին հանդիպումներին:

Խմբակցության անդամները բարձրացրել են  կարևոր և հրատապ լուծում պահանջող հարցեր, որոնց մի մասը խմբակցության անդամների կողմից առանձին և համատեղ առաջարկությունների տեքստով ներկայացվել է  Կառավարությանը՝  2018թ. բյուջեում ընդգրկելու ակնկալիքով: Խմբակցությունը գոհունակությամբ է ընդունել  Կառավարության կողմից ընդունված համատեղ առաջարկությունը՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքներին ամսական դրամական օգնություն տալու մասին և շարունակելու է հետամուտ լինել հիմնավորումներ գտնելու նրա առանձին անդամների ներկայացրած առաջարկությունների համար:

«Ժողովրդավարություն» խմբակցությունն արձանագրում է, որ 2018թ.  պետական բյուջեի նախագիծն ունի երկարատև տնտեսական զարգացման համար հիմքեր ստեղծելու միտումներ և, միաժամանակ, սոցիալական ուղղվածություն:

Տեղին ենք համարում ընդգծել, որ վերջին ամիսներին Կառավարության հետ հարց ու պատասխանի նոր ընթացակարգը ավելի հետաքրքիր ու բովանդակային  է դարձել: Հանրապետության նախագահի արագ արձագանքը պատգամավորներին բարձրացրած օրախնդիր հարցերին արդյունավետ են դարձրել օրենսդիր-գործադիր կապը, ինչը բխում է  մեր երկրի և ժողովրդի շահերից:

«Ժողովրդավարություն» խմբակցությունը վերահաստատում է Հանրապետության նախագահի հրապարակած 2017-2020թթ. ծրագրի մասով իր քաղաքական պատասխանատվությունը և կողմ է քվեարկելու «2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին:

Գործադիր իշխանությանը մաղթում ենք հաջողություն և հայտնում մեր պատրաստակամությունը՝ նրա առջև դրված խնդիրների կատարմանը՝ ի բարօրություն Արցախ աշխարհի:

Ալյոշա Գաբրիելյան - Մեծարգո նախագահ ԱՀ

Հարգելի գործընկերներ, Կառավարության հարգարժան անդամներ

2018թ. պետական բյուջեի քննարկումների ընթացքում ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հնարավորություն է ունեցել գործադիրի հետ միասին առավել կենտրոնանալ բյուջեի ռազմավարական ուղղությունների վրա: Այդ քննարկումների արդյունքում և փոխադարձ հասկացողության պայմաններում ամրագրվեց երկրի անվտանգությանը առնչվող մի շարք հարցերի, գյուղատնտեսության զարգացման, տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխման, բյուջետային միջոցների նպատակային օգտագործման, էներգետիկ համակարգում նոր ռազմավարության որդեգրմանն ուղղված քաղաքականություն:

2018թ. պետական բյուջեի նախագծի տարբեր ձևաչափերով քննարկումները հնարավորություն են տվել իրատեսական բյուջե ունենալուն: Գնահատելի է նախորդ տարիների համեմատությամբ 2018թ. բյուջեի նախագծի՝ ավելի շուտ ներկայացնելը ԱԺ, որը հնարավորություն է տվել ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրելու և քննարկելու այն:

Քննարկումների արդյունքում ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը մի շարք առաջարկություններ է ներկայացրել Կառավարությանը և հանդիպումներ ունեցել գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Մեր առաջարկությունները վերաբերվում էին տարբեր ոլորտների՝ անվտանգության, տարածքային համաչափ զարգացման, դիվերսիֆիկացված տնտեսության, կրթության և արտաքին ոլորտի, գյուղի և գյուղատնտեսության, հայրենադարձության և ժողովրդագրական վիճակի, զբոսաշրջության, բնապահպանության, սոցիալական և առողջապահության հիմնախնդիրներին:

Ողջունելի է, որ գործադիրը տնտեսական ու ֆինանսական սուղ պայմաններում տրամադիր է հեռանկարային նոր ծրագրեր կյանքի կոչելուն, որոնցում տեղ են գտել նաև «Դաշնակցություն» խմբակցության մի շարք առաջարկներ:

Ինչպես և նախորդ տարիներին, խորհելու տեղիք է տալիս կապիտալ շինարարության ծավալների նվազ լինելը, որն իր ազդեցությունն է թողնում բնակչության բնակարանային, սոցիալական և կենցաղային պայմանների բարելավման ու աշխատատեղերի ապահովման վրա: Մեր կարծիքով գործադիրը հավելյալ ջանքեր պետք է գործադրի` օգտագործելով նաև արտաբյուջետային հնարավորությունները, և որոշակիորեն ընդլայնի կապիտալ շինարարության ծավալները, դրանով իսկ ժամանակավորապես ապահովելով զբաղվածության նվազագույն մակարդակ: Մյուս կողմից էլ այս ասպարեզում ցնցումներից խուսափելու համար անհրաժեշտ է հրաժարվել նախորդ տարիներից մնացած պարտքերի կուտակման պրակտիկայից:

Ինչ վերաբերում է բյուջեի ուղղվածությանը. գործադիրը հաշվի առնելով իրական վիճակը, այն հերթական անգամ որակում է որպես սոցիալական ուղղվածության բյուջե:

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս պետք է փաստենք, որ ստեղծված պայմաններում սոցիալական ուղղվածության բյուջե ունենալը կարևոր է: 2017թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ «Դաշնակցություն» խմբակցությունը գործադիրին առաջարկել էր սոցիալական և այլ ծրագրերից զատ առավել կենտրոնանալ անվտանգության ու պաշտպանության համակարգերի ու ծրագրերի ֆինանսավորումներին: Գնահատելի է, որ գործադիրը, օգտագործելով բյուջետային և արտաբյուջետային հնարավորությունները, լուրջ աշխատանքներ է իրականացրել ինչպես առաջնագծի կահավորման, այնպես էլ բնակչության անվտանգության ապահովման նպատակով նոր կառույցներ ստեղծելու ուղղությամբ: Որդեգրած այդ գիծը պետք է լինի շարունակական` մեր ժողովրդի համար ստեղծելով բարոյահոգեբանական նպաստավոր մթնոլորտ:

Կարևորելով մանր և միջին հզորության ՀԷԿ-երի կառուցման գործընթացը, գտնում ենք նաև, որ հետագայում բնապահպանական խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է հանրապետության ջրային ռեսուրսներին տալ ճիշտ գնահատական` նախապես կազմակերպելով բազմակողմանի փորձագիտական զննություն:

Նոր աշխատատեղերի ավելացման և տնտեսական աշխուժություն մտցնելու նպատակով անհրաժեշտ է առավել ուշադրության կենտրոնում պահել հանրապետության տարածքում նոր ձեռնարկությունների ստեղծման ու արտադրանքի արտահանման հարցերը, որը պետք է ընդգրկի ամբողջ հանրապետության տարածքը:

Ողջունելի է Կառավարության քայլերը գյուղատնտեսության բնագավառի զարգացման և այդ ոլորտում նոր քաղաքականություն որդեգրելու ուղղությամբ: «Դաշնակցություն» խմբակցությունը կարևորում է նաև համայնքների համաչափ զարգացումն ու ֆինանսական համահարթեցմանն ուղղված քայլերը և գտնում է, որ առաջիկայում պետք է պետական բյուջեից համայնքներին տրամադրվող դոտացիաների բաշխման նոր մեխանիզմ կիրառվի:

Հարգելի գործընկերներ,

Մեկ տարի առաջ, 2017թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ մեր խմբակցության առաջարկություններում տեղ էր գտել նաև հետմահու առաջին և երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետներին ամենամսյա դրամական օգնություն ցուցաբերելու հանգամանքը: Ողջունելի է, որ 2018թ. պետական բյուջեի նախագծում այն արդեն արտացոլված է:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց հանգուցալուծմանն ուղղված Կառավարության ջանքերը՝ «Դաշնակցություն» խմբակցությունը 2018թ. պետական բյուջեի նախագծին քվեարկելու է կողմ:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն և եզրափակիչ «Հայրենիք» խմբակցութան տեսակետը ներկայացնում է խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: խնդրեմ:

Արթուր Թովմասյան - Մեծարգո նախագահ ԱՀ, հարգարժան ԱԺ նախագահ, պետնախարար, սիրելի կառավարության անդամներ և գործընկերներ:

Ես երևի թե ամենադժբախտ պատգամավորն եմ, որովհետև ամեն տարի բյուջեի վերաբերյալ երբ որ ինչ-որ բան պիտի տրիբունայից կարդալ, տեքստը թողնում եմ ստեղ, հիմք է ծառայում… Նախ, որ մեր ընդդիմադիր դաշտում գտնվող կուսակցության ներկայացուցիչները դեմ պիտի քվեարկեն, դա պարզ է: Ես բայց ուզում եմ ասել, որ Կառավարությունը ոչ թե Բակո Սահակյանի կառավարությունն է, այլ՝ ժողովրդի կառավարությունը: Դա նույնն է, եթե ասենք, որ ԱԺ-ը Աշոտ Ղուլյանի ԱԺ-ն է, սա ժողովրդի ԱԺ-ն է:Կամ ես «Հայրենիք» խմբակցության ղեկավարն եմ, «Հայրենիք» խմբակցությունն է ինձ վստահել: Օպտիմալացման մասին, երբ որ խոսում են Կառավարության օպտիմալացման մասին, եկեք խոսենք, Սահմանադրությունում գրված է նաև ԱԺ պատգամավորները դարձնել 17 կամ 15, սրանով ավելի շատ գումար կլինի, քան Կառավարության այն աշխատողների, որոնք ընդամենը մի քանի և մոտ 200 հոգի չէին կրճատի, 15-17 պատգամավորի իջեցնելով, թեկուզ սա էլ եմ գտնում, որ սխալ է: Եթե մենք արտաբյուջեում ասում ենք գումար չպիտի /չի լսվում/, մենք արտաբյուջեում ավելի շատ գումար պետք է ունենանք, մենք տեսել ենք ապրիլյան պատերազմը: Մենք նաև երկրորդ բյուջեն պետք է ունենանք պատերազմը վերսկսելու դեպքում: Եկեք մեզ չհամեմատենք ճանաչված պետությունների հետ: Մենք խնդիրներ ունենք, մենք գոյատևման խնդիրներ ունենք: Մենք Կատալոնիան չենք, որտեղ բյուջեի համար են, գումարի համար են անկախություն հռչակել, և ելքը տեսանք: Մենք մեր անկախությունը հռչակել ենք «Մահ կամ ազատություն»  լոզունգի համար, որը գրված է ՀՅԴ կանոնադրությունում: Եթե չենք ուզում տեսնել, ապա մեկ անգամ էլ ես թվարկեմ: Ի՞նչ բյուջե ենք ունեցել 2018թ., հիմա ինչ ունենք: Արցախի նորօրյա պատմության մեջ առաջին անգամ հատել ենք 100-ի սահմանագիծը, 100 մլրդ դրամի սահմանագիծը` առաջին անգամ:

Ի՞նչ պայմաններում են այս 10 տարիներին ապահովել 8-10 տոկոս ՀՆԱ-ի աճ, որ այս տարի արդեն 9 ամսվա տվյալներով 15,5 տոկոս է :

Ի՞նչ պայմաններում է աշխատել Կառավարությունը: Եկեք հիշենք` համաշխարհային ֆինանսական տնտեսական ճգնաժամի տարիներին Կառավարությունն ապահովել է 8-10 տոկոս ՀՆԱ-ի աճ և հայտարարել, որ վաղուց է համաշխարհային ֆինանսական տնտեսական ճգնաժամը եկել ու անցել Արցախով: Խոզերի աֆրիկյան ժանտախտ, ուժեղ քամիներ, ապրիլյան պատերազմ, երբ որ դասական առումով տնտեսագետները գտնում էին, որ Արցախում պետք է տնտեսական անկում լինի, բայց ապրիլյան պատերազմից հետո վարչապետը` հիմա պետնախարարը, հայտարարել է, որ մենք ապահովելու ենք այդ 8-10 տոկոս ՀՆԱ-ի աճը: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ էդ համաշխարհային ֆինանսական տնտեսական ճգնաժամի տարիներին ՀՆԱ-ի անկում չլինի՝ տնտեսական աճի, այդ թվում նաև մեր եղբայրական Հայաստանի Հանրապետությունում՝ մինուս 15 տոկոս անկում, իսկ Արցախում մոտ` 10 տոկոս տնտեսական աճ: Ի՞նչը չեք ուզում տեսնել, գյուղատնտեսության մեջ հեղափոխություն է կատարվել: Մինչև 2007թ. գյուղատնտեսության մեջ ընդամենը մեր հայրենակիցները միայն  ցորեն ու գարի էին վարում, հիմա 15 տեսակից ավելի եք ցանում: Սա չենք ուզում տեսնենք, ինչո՞վ էինք հնձում,  հիմա ինչ կոմբայններ  ունենք, ինչ տրակտորներ ունենք և անցել ենք. ԼՂԻՄ-ի ռեկորդն է արդեն խփված, մոտ 120 տոննա հացահատիկ, սա հո հենց այնպես Կառավարությունը օպտիմալացնի: Գյուղնախարարությունն էլ կրճատենք, մենակ պետնախարարը թողնենք, չի կարելի, էդ օպտիմալացումը լավ բան է, բայց շատ զգույշ պետք է լինենք, շատ ցավալի: Ես ուզում եմ ասել հրեաներն ինչ են արել իրենց ազատագրված տարածքներում, 1996թ. տվյալներն եմ ասում: Ամեն մի փալաշի, փալաշը դա վերաբնակեցված հրեան է, 500 դոլար՝ մեկ շնչին և 5 տարի ժամկետով: Դրանից հետո նա պիտի տեղանքին հարմարվի և աշխատանք ճարի: Ես հո չեմ ասում բացեր չկան, դա մենք գիտակցում ենք, բայց Կառավարությունը Արցախի նախագահ Բակո Սահակյանի առաջիկա 3 տարիների ծրագրի, առաջին տարին հիմքը դնի, ոչ թե ասենք ընդդիմադիր դաշտի տնտեսական ծրագրերը: Դուք առաջնահերթությունն ուրիշ տեղ եք տեսնում, իշխանությունը վստահել է այս առաջնահերթությունը: Դե, լավ, եթե ՀԷԿ-երն էլ չեք ուզում տեսնեք, ի՞նչ հեղափոխություն  է կատարվել: Մենք էլեկտրաէներգիա գնող երկրից դարձել ենք էլեկտրաէներգիա արտադրող երկիր: Ավելցուկ շուտով ունենալու ենք  և վաճառելու ենք, ինքնաբավ երկիր:

Իհարկե, բացեր ունենք, եթե ուզում ենք, որ կրթական համակարգում էդ բարեփոխումներն անենք, եկեք կանգնենք նորանշանակ նախարարի կողքին: Եկեք առաջարկություններով հանդես գանք և չասենք, որ սա ճիշտ է, ասենք, որ այսպիսի խնդիր կա: Որովհետև ոլորտի պատասխանատուն տվյալ նախարարն է և ինքը կորոշի որն ա սրտացավ առաջարկը, որն ա, որ իրեն խանգարելու ա:

Խնդրում եմ, որ մի քիչ հուզված եմ, ներեք: Ասեմ, երեկ տեղի ունեցավ «Ազատ հայրենիք»  կուսակցության «Հայրենիք» խմբակցության կենտրոնական խորհրդի նիստը: Կենտրոնական խորհուրդը «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին երաշխավորեց կողմ քվեարկել 2018թ. պետական բյուջեին: Ես կարծում էի, սա կլինի, բայց ոչինչ: Վերջում ցանկանում եմ «Հայրենիք» խմբակցության անունից շնորհավորել մեր ժողովրդի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով բոլորիս խաղաղ, բարեբեր և ստեղծագործ տարի: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Մենք այս փուլում ավարտեցինք բյուջեի նախագծի հետ կապված մտքերի փոխանակությունը՝ խմբակցությունների մասով, եթե մշտական հանձնաժողովներից ցանկություն կա արտահայտվելու, որովհետև մենք առաջին նիստում գլխադասային երկու հանձնաժողովների կարծիքներն ենք լսել: Եթե չէ, ուրեմն անցնում ենք եզրափակիչ ելույթներին, և այժմ եզրափակիչ ելույթի համար ես խոսքը տրամադրում եմ ԱՀ պետական նախարար պարոն Արայիկ Հարությունյանին: Խնդրեմ:

Արայիկ Հարությունյան - Մեծարգո պարոն Նախագահ, ԱԺ նախագահ, պատգամավորներ, գործընկերներ: Ես ընդամենը կանդրադառնամ հնչեցված մտքերին, մանավանդ ինձ համար ամենաչընդունելի գաղափարին՝ միջպետական վարկին: Մենք բազմաթիվ անգամ խոսել ենք, սա ոչ լրատվության համար, «միջպետական վարկ» հասկացողությունը դա ընդամենը բյուջետային հարաբերություններ են: Եվ այնպես թող չթվա, թե ՀՀ այդ փողը նվիրում է մեզ, իհարկե, ՀՀ մեզ շատ է օգնում ցանկացած ծրագրերում, բայց միջպետական վարկը դա մաքսային և  վարկային մեր համատեղ քաղաքականության  արդյունքում ձևավորվող ֆինանսական ռեսուրսներ են: Ավելի պարզ բացատրել եմ, որ երբ մենք մեքենա ենք ներկրում Արցախ, մաքսազերծումը կատարվում է ՀՀ-ում և երկրորդը, ինչքան ներդրումները շատ են լինում Արցախում, այնքան ՀՀ պետբյուջեն ավելի շատ գումար է ստանում: Եթե Ղարաբաղում կատարվում է 60 մլրդ-ի շինարարություն, ապա այդ շինարարության գերակշիռ ՆԴՍ-ը ձևավորվում է ՀՀ-ում և մնացած այլ ապրանքատեսակներում: Դա գրվում է «միջպետական վարկ»: Իհարկե, մենք չենք հաշվում այդ թիվը, որ ինչքանն է Հայաստանն ավել տալիս կամ պակաս տալիս, որովհետև ձևավորվում է, նորից եմ նշում, բյուջետային համատեղ քաղաքականության արդյունքում: Ինչ վերաբերում է պետական ապարատի օպտիմալացմանն, այստեղ Նախագահի հստակ հանձնարարականը կա իրականացնել դասային  և հունվարից արդեն փուլ-փուլ, կամաց-կամաց  առանց կորուստների, չգիտեմ, առանց մեծ խնդիրների: Եվ այստեղ մենք պետք է նաև զուգահեռ հասկանանք, մենք կարողանու՞մ ենք ապահովել այդ մեր քաղաքացիներին աշխատանքով: Այո, մեր երկրում  մի կողմից ձևավորված  է բավականին լուրջ ներդրումային դաշտ, իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, ստեղծում ենք հազարավոր աշխատատեղեր, որովհետև ունենք  աշխատուժի խնդիր: Պետք է այն շատ սահուն անցկացնենք այդ օպտիմալացումը և կարողանանք  այդ մասնագետների և ընդհանուր առմամբ կադրերի պատրաստման հարցում ևս լինենք ավելի  կառուցողական և պլանավորված:

Կրթության բարեփոխումների հետ կապված և այդ թվում դպրոցական սննդի առումով, գիտե՞ք, մենք բազմաթիվ անգամ խոսել ենք, որ մեր կրթությունը շատ թանկ է նստում: Եթե համեմատենք ՀՀ հետ,  մեկ աշակերտի առումով ՀՀ-ում վարչապետի վերջին հայտարարությամբ կարծեմ  125.000 դրամ է, մեզ մոտ` ավելի քան 400.000: Այո, մենք պետք է գնանք բարեփոխման և առաջին հերթին՝ որակական, և երկրորդը՝ նաև պայմանների ստեղծման: Սա նույն այդ կարևոր բարեփոխումն է, որ պլանավորվում է առաջիկայում, և այստեղ տնտեսման խնդիր չկա, պարոն Աղաբեկյան, որ 1 բաժակ թեյ չեն տալիս, այլ 1 բաժակ թեյի արդյունքում մենք  կարող է ունենանք բազմաթիվ խնդիրներ, մանավանդ մանկական սննդի ապահովման առումով բազմաթիվ սանիտարական կանոններ կան, որը մենք պետք է ստեղծենք: Եվ ուզում եմ իմանաք, որ այն ծրագրերը, որ մերժվում են, ոչ թե ֆինանսների կտրուկ բացակայության, այլ երկարաժամկետ աշխատանք է պահանջում:

Ինչ վերաբերում է կապ.շինարարության առաջարկությանը, որ նվազում է, նախ, չի նվազում: Եթե մենք համադրենք, այս տարի շատ ավելի շատ ենք դնում, որովհետև առանձին առաջին անգամ 2,2 մլրդ դրամ նախատեսում ենք շրջաններին, ուղղակի տրամադրում ենք /չի լսվում/ շինարարության, ճանապարհների բարեկարգման, սալահատակման և այլն: Ունենք առանձին տողով դրված վերաբնակեցման համար և կապ.շինարարության ծրագիրը նախկին առաջին տարբերակից երկրորդ տարբերակը 1 մլրդ-ով ավելացել է: Նաև իմացեք, որ բազմաթիվ ծրագրեր իրականացվում են բարեգործական, ինչքան կառավարության ծրագրով, բյուջետային ծրագրով, ավելի արտաբյուջետային և բարեգործական: Բազմաթիվ անգամ հայտարարել եմ, Նախագահի ամեն մի այցելություն արտասահման, դա մի քանի միլիոն դոլարի բարեգործական շինարարություն է լինում առողջապահության, կրթության, մնացած ուղղություններում: Դրա համար կապիտալ շինարարությունը գտնվում է Նախագահի ուղղակի ուշադրության, այսինքն, բոլոր ուղղություններն են, բայց կոնկրետ ծրագրերի շինարարության առումով դա ամենօրյա աշխատանք է, որը կատարվում է: Ընդհանուր առմամբ, շատ հաջողված  բյուջե ունենք, հուսադրող բյուջե ունենք,  այն թույլ է տալու ապահովել պլանավորված ՀՆԱ-ի աճը, այն թույլ է տալու իրականացնել այն  բազմաթիվ ծրագրերը երկրի շենացման, կառուցման ուղղությամբ և հնարավորություն է տալու երկարաժամկետ առումով նոր պրոեկտների մասին մտածել ու սկիզբը դնել: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Մենք բոլոր հնարավոր միջոցները` բյուջեի նախագիծը, բյուջեի  նախագծի մասով առաջարկությունները,  Կառավարության արձագանքը նաև այդ բոլոր հարցերին, քննարկել ենք, և այժմ մեր այս մեծ  գործընթացի եզրափակիչ փուլը պետք է արտահայտվի քվեարկությամբ: Մինչև բյուջեի նախագծի համար քվեարկելը մենք սովորաբար բյուջեի կազմում ներկայացված օրենքի նախագծերն են, քանի որ դրանք օրենքներ են, այդ նախագծերին ենք մենք անդրադառնում, և ես հիմա պատգամավորներին խնդրում եմ ուշադրություն դարձնել այդ երկու մեծ փաթեթների համար ենք մենք հիմա քվեարկելու՝ առանձին-առանձին, մինչև բյուջեի համար ընդհանուր քվեարկությունը: Ուրեմն, առաջինը ներկայացվում է ԱԺ որոշման նախագիծը «ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ԼՂՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կենդանական աշխարհի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքներն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝ 30, դեմ՝  1, ձեռնպահ՝ չկա:

Շատ լավ, քվեարկության արդյունքները պարզ են:

Հաջորդը, քվեարկության է ներկայացվում ԱԺ որոշման նախագիծը: Այս ցանկը շատ մեծ է, կարծում եմ բոլորիդ համար էլ պարզ է, որ սա հարկային դրույքաչափերին և հարկային օրենսդրությանը վերաբերող փաթեթն է՝ «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքն է՝ հարակից մեկ տասնյակից ավել 16-17 նախագծերի հետ միասին:

Քվեարկություն:

Կողմ՝ 32, դեմ՝  չկա, ձեռնպահ՝ նույնպես:

 Հարկային օրենսդրությունն  ընդունվում է միաձայն և, այս ամենն ամփոփելով, մենք հիմա պետք է մեր դիրքորոշումն արտահայտենք  պետական բյուջեի նախագծի հանդեպ: Ես կարծում եմ, որ ԱԺ-ում ներկայացված խմբակցություններն իրենց որոշումները և տեսակետները հայտնել են, և դա ցույց  է տալիս, որ մենք, իսկապես, այս տարի շատ շահագրգիռ և շատ խորը վերլուծության ենք ենթարկել: Այս 15 լրացուցիչ օրը մեզ հնարավորություն է տվել համակողմանի քննարկել բյուջեի նախագիծը և բոլոր հնարավոր տարբերակներով բյուջեի հետ կապված մեր դիրքորոշումը, մեզ հուզող խնդիրները, անհրաժեշտ պարզաբանումները ստանալ: Ինչ վերաբերում է դիրքորոշումներին, ապա, կարծում եմ, որ սրանք նույնպես բնական են, իհարկե, բոլորս էլ տեսնում ենք, ու անելիքներ կան, բայց բյուջեի նախագիծն ընդունվում է հենց նրա համար, որպեսզի այդ նույն նշված խնդիրները կարողանանք մենք իրականացնել: Այս առումով  ես կարծում եմ, որ ներկայացված բյուջեն իսկապես ոչ միայն հուսադրող է, ոչ միայն հեռանկարային է, այլև մենք առաջին անգամ փորձում ենք բյուջեի այս համամասնություններն այնպես տեղաբաշխել, որպեսզի և Հանրապետության նախագահի ներկայացրած ծրագրի գլխավոր հիմնադրույթները, և այն, ինչ որ պատգամավորները ներկայացրել են որպես կարևոր առաջարկներ, դրանք իրականացվեն: Ոսկե միջին գտնելը միշտ էլ դժվար է, միշտ էլ կարելի է այդպիսի տեղեր գտնել, և ես կարծում եմ, որ սա ցույց է տալիս, որ պատգամավորները աշխատելու տեղ ունեն, բյուջեն միայն ընդունելով, բյուջեի կատարման ընթացքում մենք դեռ համատեղ աշխատանք ունենք:

Քվեարկության է ներկայացվում ԱԺ որոշման նախագիծը «ԱՀ 2018թ. պետական  բյուջեի մասին» ԱՀ  օրենքն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Քվեարկության արդյունքներն են՝  կողմ՝ 28, դեմ՝  4, ձեռնպահ՝ չկա:

Բյուջեն ընդունված է: Ուզում եմ շնորհավորել բոլորիս, որովհետև մենք գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հաջորդ տարվա համար ընդունեցինք, կարծում եմ, որ սա լավ լուր է Նոր տարվա տոներից առաջ և ես հիմա ուզում եմ սիրով խոսքը տրամադրել Հանրապետության նախագահին: Խնդրեմ, պարոն Նախագահ:

Բակո Սահակյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի ներկաներ:

Ես մասնակցել եմ բյուջեի նախագծի մշակմանը, տարբեր փուլերում ձեզ հետ միասին մասնակցել եմ նաև բյուջեի հետ կապված  բոլոր քննարկումներին:  Ընդհանուր առմամբ համարում եմ, որ այդ քննարկումներն անցել են կառուցողական մթնոլորտում, և այդ աշխատանքը եղել է օգտակար: Այն առաջարկությունները, որոնց մասին քիչ առաջ ներկայացրեցին նաև մեր պատգամավորները, որոնք արտացոլված չէին բյուջեում, մենք պայմանավորվել էինք, որ մեր կողմից ձեր տված հնարավորությունների շրջանակներում մենք անդրադառնալու ենք այդ խնդիրներին: Բյուջեի նկատմամբ 2018թ. ցուցաբերվելու է անհրաժեշտ ֆինանսական կարգապահություն, նշված առաջադրանքները և աշխատանքները կատարվելու են ժամանակին և որակով: Մենք կարևորել ենք                 մեր աշխատանքներում լրացուցիչ պատասխանատվության ցուցաբերման անհրաժեշտությունը, և այսօր այդ համոզմունքը ես մեկ անգամ ևս հայտնում եմ, որ այդ պատասխանատվությունը և գիտակցությունը ցուցաբերվելու է: Մեր նախնական պայմանավորվածության համաձայն մենք ստեղծելու ենք նաև հնարավորություն, որպեսզի ԱԺ մեր ընկերները հնարավորություն ունենան  այդ աշխատանքներին ծանոթանան ընթացքում, և մենք այդ մշակույթը կիրառելու ենք  վաղը չէ մյուս օրը  Արաքսավան  այցելելուց, թեկուզ պայմանավորվել ենք, որ հրավիրված են լինելու այդ աշխատանքներին ծանոթանալու ԱԺ հանձնաժողովների նախագահները և խմբակցության ղեկավարները, բայց եթե կլինեն ցանկացողներ այդ կազմից դուրս, ես սիրով հրավիրում եմ, որպեսզի  մենք վաղը չէ մյուս օրը  լինենք Արաքսի հովտում և այնտեղ ծանոթանանք այդ հավակնոտ ծրագրերի իրականացմանը:

Շնորհակալություն համատեղ կատարած աշխատանքի համար:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Նախագահ, մենք այսքանով ավարտում ենք 2018թ. պետբյուջեի եզրափակիչ փուլերի քննարկումները և քվեարկությունը, որպեսզի մեր գործընկերների` տարեվերջի այս ծանրաբեռնված աշխատանքի հնարավորությունները չսահմանափակենք: Ես հիմա հայտարարում եմ 10 րոպե ընդմիջում, որից հետո մենք շարունակում ենք աշխատել: Շնորհակալություն:

                                 

ԸՆԴՄԻՋՈՒՄ

Աշոտ Ղուլյան - Հարգելի գործընկերներ, շարունակում ենք այսօրվա լիագումար նիստի աշխատանքները և, ինչպես այսօրվա լիագումար նիստը սկսելուց առաջ մենք օրակարգի հետ կապված այդ պարզաբանումները տվեցինք, պետբյուջեի նախագիծն ընդունելուց հետո մենք անցնում ենք հաջորդ խումբ օրենքի նախագծերին, որոնք պայմանականորեն, Կանոնակարգով էլ է այդպես, անավարտ մնացած օրենքի նախագծերն են, որոնք նախորդ նիստերում քննարկվել են և դրանց մի մասն առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցմամբ ու քվեարկության փուլից հետաձգված նախագծերն են:

Մենք այդ շարքում առաջինն ունենք  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, և ես հիմա հրավիրում եմ  արդարադատության նախարար պարոն Արարատ  Դանիելյանին, խնդրեմ:

Արարատ  Դանիելյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ:

Ինչպես  գիտեք, մի քանի օր առաջ ԱԺ-ում քննարկվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքի նախագիծը: Առաջարկը  պատգամավորների կողմից` լրացուցիչ քննարկում կազմակերպել, այդ առաջարկն ընդունվել է հեղինակների կողմից, և քննարկումներից հետո այսօր ընդհանուր առմամբ ներկայացնեմ, թե ինչի մասին է այս օրենքի նախագիծը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունումը նպատակ ունի համապատասխանեցնել փրկարարական ծառայության գլխավոր, գնդապետի կոչում շնորհելու իրավասությունը գործող օրենքով ծառայության առանձին տեսակների, ոստիկանությունում ծառայության  և ԱԱԾ համար օրենքներով նախատեսված համապատասխան կարգավորումներին:

Նախագծով առաջարկվում է օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել փոփոխություն`  սահմանելով, որ փրկարարական ծառայության բարձրագույն, ինչպես նաև գնդապետի կոչումները շնորհում է Հանրապետության նախագահը, այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նաև հոդվածի 3-րդ մասում:

Նախագծի 31-րդ հոդվածում առաջարկվում է 2-րդ մասում «վարչապետ» բառը փոխարինել «Կառավարությունը» բառով, 3-րդ մասը շարադրվել է  նոր խմբագրությամբ` սահմանելով, որ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարին, տեղակալներին պաշտոնին նշանակում և պաշտոնից ազատում է Կառավարությունը`  արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի ներկայացմամբ: Նախագծով նախատեսվում է օրենքի ամբողջ  տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը  փոխարինել «Արցախի» բառով:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն,  հարցեր ունե՞ք պարոն Դանիելյանին, հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը:

Հովիկ Ջիվանյան - Շնորհակալություն,  հարգելի գործընկերներ, ինչպես արդեն պարոն Դանիելյանը ներկայացրեց, 2-րդ անգամ է այս օրենքի նախագիծն արդեն ներկայացվում: Խոսքը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ է: Առաջարկությունը նախորդ նիստում հնչել է, որ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն կա, ընդունվել է, և լրացուցիչ քննարկումների արդյունքներով նախագիծը նորից քննարկվել է գլխադասային հանձնաժողովում,  տվյալ պարագայում՝ պետական-իրավական հանձնաժողովում, տրվել է դրական եզրակացություն և առաջարկվում է ընդունել օրենքի նախագիծը որպես օրենք: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին: Չկան: Շնորհակալություն,  պարոն Ջիվանյան, ցանկություն կա՞ ելույթների, մտքերի փոխանակության «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի վերաբերյալ: Չկա, այդ դեպքում մնում է մեզ միայն քվեարկել, ԱԺ որոշման նախագիծը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ԱՀ օրենքն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝ 25, դեմ՝  3, ձեռնպահ՝ 2:

Որոշումն ընդունված է, շնորհակալություն:

Հաջորդ օրակարգային հարցը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»  օրենքի նախագիծն է, որը նորից ներկայացնում է՝ երկրորդ ընթերցմամբ, արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանը:

Արարատ  Դանիելյան - Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում՝ երկրորդ ընթերցմամբ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»  ԱՀ օրենքի նախագիծը: Օրենքը մշակվել է համապատասխան Սահմանադրության պահանջներին, և առաջին ընթերցումից հետո առաջարկ է եղել 27-րդ հոդվածը օրենքի վերնագիրը  լրացնել, այդ առաջարկն ընդունվել է: Պետք է նաև պատգամավորին տեղյակ պահեմ, որ հեղինակի կողմից նաև եղել են որոշակի առաջարկներ` նախագծի 10-րդ, 14-րդ, 16-րդ, 21-րդ,  26-րդ և 37-րդ հոդվածներում կատարվել են մի շարք խմբագրական բնույթի փոփոխություններ՝ կապված առանձին նախադասությունների շարադասությունների  անհրաժեշտությամբ: Նշված փոփոխություններն իրավական բնույթի որևէ իմաստային փոփոխություններ չեն նախատեսում:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն,  հարցեր կա՞ն  պարոն Դանիելյանին: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար նորից հրավիրվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը: Մեր այսօրվա նիստին մասնակցում է կոնկրետ այս օրինագծի հետ կապված, եթե հարցեր ունենանք մենք  ԱՀ ՄԻՊ պարոն Ռուբեն Մելիքյանը: Եթե ինքն էլ ցանկություն ունենա, կարող ենք իրեն էլ լսել:

Հովիկ Ջիվանյան - Շնորհակալություն,   ինչպես արդեն նշվեց, ճիշտն ասած, ես էի նշել այդ մասին: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»  ԱՀ օրենքի նախագիծը նույնպես  առաջին ընթերցմամբ արդեն ընդունված է: Երեկ հանձնաժողովի նիստում քննարկվել է օրենքի նախագիծը, ինչպես նշեց հեղինակը,  նաև այդ ընթացքում` առաջին, երկրորդ ընթերցման ընթացքում, եղել են բազմաթիվ առաջարկություններ, խմբագրական, որոնք հեղինակի կողմից ընդունվել են, որոնք բովանդակային որևիցե փոփոխությունների չեն հանգեցրել, հետևաբար հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և առաջարկում է օրենքի նախագիծն ընդունել արդեն երկրորդ ընթերցմամբ՝ որպես օրենք: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն,  հարցեր կա՞ն  պարոն Ջիվանյանին: Հարցեր չկան: Պարոն Մելիքյան, որևէ բան ունե՞ք ասելու: /Չի լսվում/: Արձանագրենք, որ նախորդ ասածդ ուժի մեջ է: Շնորհակալություն, կա՞ ցանկություն ելույթների, մտքերի փոխանակության:  Կարծում եմ, ամեն  ինչ պարզ է, որովհետև մենք հանձնաժողովային քննարկումների  ժամանակ փորձել ենք ինչքան որ հնարավոր է  մանրամասն այս թեմային անդրադառնալ և  հաշվի առնելով, որ ՄԻՊ-ության ուղղությունը  մեր երկրում առաջիկա տարիներին նաև նախատեսված է, որ ըստ Սահմանադրության և նաև օրենսդրական փոփոխություններով  ավելի ուշադիր և ավելի հետևողական լինել այս ուղղությունների մեջ:

Քվեարկության է ներկայացվում ԱԺ որոշման նախագիծը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝ 30, դեմ՝  չկա, ձեռնպահ՝ նույնպես:

Որոշումն ընդունված է, շնորհավորում եմ և կարծում եմ, որ սա նաև սկիզբ է, որ մենք շարունակելու ենք համատեղ աշխատել: Այս հարցի հետ կապված նույնպես մենք որոշումն ընդունեցինք և հաջորդը մեր անավարտ մնացած օրենքի նախագծերից  «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» հարցն է ու նաև այդ օրինագծերի փաթեթը: Այն ԱԺ-ին է ներկայացնում աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար  պարոն Սամվել Ավանեսյանը, խնդրեմ:

Սամվել Ավանեսյան - Հարգարժան ԱԺ նախագահ, հարգարժան պատգամավորներ: Երկրորդ ընթերցմամբ ձեր քննարկմանն է ներկայացվում «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Հարկերի մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»,  «Բյուջետային համակարգի մասին»,  «Պետական կենսաթոշակների մասին» և «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթը: Երկրորդ անգամ էլ է քննարկվել հանձնաժողովում, առաջարկություններ և դիտողություններ չեն եղել, խնդրում եմ փաթեթը նախագծերի ընդունել:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն,  հարցեր կա՞ն  հիմնական զեկուցողին: Հարցեր չկան: Շնորհակալություն,  պարոն Ավանեսյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պարոն Արամ Գրիգորյանը: Մենք այս հարցի հետ կապված, հիշում եք, նախորդ նիստում ԱԺ որոշում ենք ընդունել երկրորդ ընթերցմամբ այս ժամկետը կրճատելու մասին և երեկ չէ նախորդ օրը մենք հանձնաժողովային քննարկում ենք արել և խնդրեմ,  պարոն Գրիգորյան:

Արամ Գրիգորյան - Շնորհակալություն,  հարգելի գործընկերներ, նախագծի փաթեթը, ոնց նշվեց, անցել է առաջին ընթերցումը, այնուհետև որևէ առաջարկ չի եղել, ուստի, հանձնաժողովի անդամների կողմից դրական եզրակացությամբ ձեզ առաջարկում եմ ընդունել այն որպես օրենք: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Հարցեր կա՞ն  գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Շնորհակալություն: Եթե կա ցանկություն արտահայտվելու, մտքերի փոխանակություն կազմակերպելու, խնդրեմ, չկան: Մենք այս թեմայով էլ ենք խոսել և կարծում եմ, որ ԱԺ-ում այս հարցի հետ կապված կա քաղաքական կոնսենսուս, որ մենք այս գործընթացը սկսում ենք և իհարկե կողքից ունենք որոշ հարցեր, որոնք պետք է պարզաբանումներ ստանան, բայց դա արդեն օրենքը գործելուց հետո: Ամեն դեպքում արձանագրենք, որ այս օրենքի ընդունմամբ 2018թ. հունվարի 1-ից Արցախում նույնպես սկսվելու է 1000-ական դրամների հանգանակությունը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար և այդ 1000 դրամը լինելու է նվազագույնը: Ովքեր ավելի շատ ցանկանան կարող են դա անել դրոշմանիշների միջոցով: Շնորհակալություն: Կարծում եմ, մենք պատրաստ ենք քվեարկել, և ես հիմա առաջարկում եմ ԱԺ որոշման նախագիծը «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքներն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝ 29, դեմ՝  չկա, ձեռնպահ՝ 1:

Որոշումն ընդունված է, և կարծում եմ արդեն հունվարի 1-ից այդ կարգը գործելու նպատակին է միտված: Շնորհակալություն: Մենք այդ ընդհատված, անավարտ մնացած հարցերի շարքն այսքանով ավարտել ենք, փաստացի մենք 3 րոպե ունենք մինչև ընդմիջումը: Որպեսզի մենք հասցնենք այսօր աշխատել լայն ծավալով, կարծում եմ, մենք հիմա կարող ենք, եթե դա ընդունելի է, մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ընթացակարգը մինչև ընտրության գնալը ներկայացնել, որպեսզի ընդմիջմանը կարողանալ նաև այս գաղտնի ընտրությունն անցկացնել: Դատավորներին ընդմիջումից հետո: Ընդունելի՞ է: Դատավորների թեկնածուներին մենք ընդմիջումից հետո ենք հրավիրելու: Որպեսզի չշփոթենք: Շատ լավ, հիմա ես հայտարարում եմ մեր օրակարգային հարցը` մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին հարցն է, և այստեղ մենք ունենք այս հարցի նախապատմությունը, որ օրեր առաջ, ինչպես նախատեսված է Կանոնակարգով, ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Արամ Գրիգորյանը ներկայացրել է հրաժարականի դիմում, ինչը նշանակում է, որ 10 օր լրանալուց հետո ԱԺ պետք է նոր ընտրություն կատարի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար: Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար թեկնածուներ առաջարկում են խմբակցությունները: Մենք 2015թ. ընտրություններից հետո այդպիսի պայմանավորություններ ունեցել ենք, ինչպես պետք է այդ հանձնաժողովները ձևավորվեն, խնդրեմ,  եթե հիմա խմբակցություններն առաջարկություններ ունեն, թող ներկայացնեն, որպեսզի մենք կողմնորոշվենք: Խնդրեմ, Արթուր Թովմասյան:

Արթուր Թովմասյան - Առավոտյան խմբակցության նիստում ես խոսել եմ մշտական հանձնաժողովի նախկին նախագահի և ում թեկնածությունը հիմա առաջադրել են, նրանց անցած ճանապարհի մասին, նրանց  մարդկային արժեքների մասին, նրանց աշխատանքում ձեռք բերած հաջողությունների մասին: Չեմ ուզում կրկնել, որովհետև կարող է սուբյեկտիվ լինի, կարող է «Հայրենիք» խմբակցությունն այդպես է կարծում, մի ուրիշ խմբակցություն՝ այլ ձևի, այստեղ ոչ մեկի մտքով չանցնի, որ հանձնաժողովի նախագահի փոփոխությունը կատարվում  է նախագահի` իր պարտականությունները վատ կատարելու առումով: Այդպիսի բան ընդհանրապես չկա, դա իր որոշումն էր, և «Հայրենիք» խմբակցությունը հարգել է Արամ  Գրիգորյանի որոշումը: Հիմա առաջարկում եմ Արարատ Օհանջանյանի թեկնածությունը:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, ուրիշ առաջարկություններ կա՞ն: ԱԺ կանոնակարգով և´ թեկնածությունը ներկայացնողին,  և´ թեկնածուին կոնկրետ հարցեր կարող են տրվել: Եթե հարցեր կան պարոն Թովմասյանին, խնդրեմ, եթե չէ, մենք թեկնածուին հիմա կարող ենք լսել: Չկան, շնորհակալություն: Պարոն Արարատ Օհանջանյան, խնդրեմ, որպեսզի մենք, եթե հարցեր կան, այդ դեպքում պիտի հրավիրեմ Ձեզ ամբիոնի մոտ: Հարցեր ունե՞ք առաջարկված թեկնածուին: Չկան: Շնորհակալություն, պարոն Օհանջանյան, Դուք ասելու բան ունե՞ք: Չէ՞, շատ լավ, ուրեմն ԱԺ մշտական հանձնաժողովի, տվյալ դեպքում սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի, նախագահի համար  «Հայրենիք» խմբակցության կողմից  թեկնածու է առաջադրվել  պատգամավոր Արարատ Օհանջանյանի թեկնածությունը:

Քանի որ մենք այս նախապատրաստական մասն արդեն ավարտել ենք, մեզ մի քիչ ժամանակ է պետք, որ քարտուղարությունը կարողանա կազմակերպի այդ քվեարկությունը: Ես հիմա հաշվիչ հանձնախմբին եմ ուզում դիմել, տիկին Դադայան, մենք բացատրելու բան ունե՞նք, թեկնածուն  մեկն է, և մենք արդեն բացատրել ենք: Մենք ունենալու ենք «կողմ» և «դեմ», որոնց դիմաց այդ նշանն է դրվելու՝ քվեարկության նշանը: Եթե քվեարկության կարգի մասին հարցեր ունեք՝ խոսեք, եթե չունեք… պա՞րզ է ամեն ինչ: Շատ լավ, շնորհակալություն, հիմա հայտարարում ենք քվեարկությունը, բայց խնդրում եմ ընդմիջման ժամանակ` այդ կես  ժամի ընթացքում, մոտենալ և քվեարկել, ամեն մեկից 3-4 րոպե է պահանջվելու: Միայն հաշվիչ հանձնախումբն է լրիվ աշխատելու:

 

Ընդմիջում մինչև 13.00

Աշոտ Ղուլյան - Հարգելի գործընկերներ, հրավիրվածներ: ԱԺ լիագումար նիստը շարունակում է իր աշխատանքները: Ուզում եմ հիշեցնել, որ մենք ընդմիջման ենք գնացել ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունն ընդմիջած և այս ընդմիջման ընթացքում մենք նաև գաղտնի քվեարկություն ենք անցկացրել ներկայացված թեկնածությունը հաստատելու նպատակադրությամբ: Այժմ ուզում եմ գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացնելու համար խոսքը տալ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ պատգամավոր Ռոմելա Դադայանին: Խնդրեմ, տիկին Դադայան:

Ռոմելա Դադայան - ԱՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի արձանագրությունը:

ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար  առաջարկվել է Արարատ  Արամայիսի Օհանջանյանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում:

Քվեարկությանը մասնակցել են 30 պատգամավոր: Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը, հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեատուփում առկա է 30 քվեաթերթիկ, որոնցից անվավեր ճանաչված քվեաթերթիկ չի եղել, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ-30, դեմ` չկա: Շնորհակալություն:

/Ծափահարություններ/:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Շնորհավորում ենք, պարոն Օհանջանյան: Կարծում ենք, որ այս հանձնաժողովում ձևավորված ավանդույթները դուք՝ որպես հանձնաժողովի նախագահ, կշարունակեք և մենք նույն էֆեկտիվությամբ կփորձենք այդ սոցիալական և առողջապահության հարցերը հիմնականում օրենսդրական  կարգավորմամբ այստեղ՝ խորհրդարանում, քննարկել և լուծումները գտնել: Շնորհակալություն: Մենք այս օրակարգային հարցը, չնայած այդ նույն գաղտնի քվեարկության արդյունքներով ես պարզապես հրապարակում եմ ԱԺ որոշումը ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի  ընտրության մասին:

 Ղեկավարվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի  124-րդ հոդվածի 7-րդ մասով` ԱՀ ԱԺ որոշում է՝ Արարատ Արամայիսի Օհանջանյանին ընտրել ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Մեր բոլորի բարեմաղթանքները նորից, և խնդրում եմ հանձնաժողովին, եթե հնարավոր է, մենք կարճ օրեր ունենք մինչև տարվա վերջ, ձեր  առաջին նիստի ժամանակ արդեն  որոշել հանձնաժողովի փոխնախագահի հետ կապված հարցը: Մենք այս օրակարգային հարցն էլ սպառեցինք: Հաջորդ մեր օրակարգային թեման  դատավորների նշանակման մասին հարցն է, դա նույնպես պարտադիր ԱԺ օրակարգ մտնող հարցերից է: Ուրեմն, ես ուզում եմ հիշեցնել պատգամավորներին, որ ԱԺ-ում պաշտոնում նշանակվելու, ընտրվելու կարգի հետ կապված հատուկ 125-րդ հոդվածով դատավորների նշանակման կարգի հետ կապված դրույթով ենք մենք հիմա առաջնորդվելու և ուզում եմ նախապես հիշեցնել, որ մեր նոր Սահմանադրության պահանջներին համապատասխան առաջին անգամ ենք մենք 2017թ. փետրվարից հետո բարձրագույն դատական խորհրդի նոր մասնագիտացված այդ հանձնախմբի կողմից թեկնածություններ քննարկում և դատավորներ հաստատում: Հարցի քննարկման ընթացակարգն այսպիսինն է: Մենք հիմա կլսենք Բարձրագույն դատական խորհրդի նախագահին, որը կներկայացնի խորհրդի կարծիքը, կարող եք նրան հարցեր տալ, հետո կլսենք թեկնածուներին, թեկնածուներին նույնպես կարող եք  հարցեր տալ և մենք այս ամեից հետո նորից գնալու ենք գաղտնի քվեարկության: Կարգն այսքանն է լինելու: Խնդրեմ, հիմա դատավորների թեկնածուներին ներկայացնելու համար ես ուզում եմ խոսքը տալ բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Գերագույն դատարանի դատավոր տիկին Գայանե Գրիգորյանին:

Գայանե Գրիգորյան - ԱՀ ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան ներկաներ:

ԱՀ Սահմանադրության 145-րդ հոդածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն`  Բարձրագույն դատական խորհուրդը ԱԺ-ին է առաջարկում դատավորների թեկնածուներին: Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօրվա դրությամբ ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում առկա է դատավորի 2 թափուր տեղ, ուստի,  Բարձրագույն դատական խորհուրդը 2017թ. դեկտեմբերի 19-ի որոշմամբ նպատակահարմար է գտել ԱՀ ԱԺ նշանակմանը ներկայացնել հետևյալ թեկնածուներին՝ Նորայր Առաքելյան և Լուսինե Աղաբեկյան: Նշված թեկնածուներն իրենց մասնագիտական պատրաստումն անցել են ՀՀ արդարադատության ակադեմիայում, մինչ այդ նրանք գտնվում էին դատավորների թեկնածության ցուցակում 2016 թվականից: Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որ նախատեսված է  դատական օրենսգրքով և ԱՀ ԱԺ աշխատակազմի 86-րդ հոդվածով, ներկայացվել է ձեզ նախօրոք:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր ունե՞ք Բարձրագույն դատական խորհրդի նախագահին: Ալյոշա Գաբրիելյան:

Ալյոշա Գաբրիելյան - Ինձ հետաքրքրում է, ընտրությունը, որ 2-ի  վրա է անդրադարձել, այլ թեկնածունե՞ր էլ են քննարկվել:

Գայանե Գրիգորյան - Այո, ուրեմն, ցուցակում գտնվում էին 3 թեկնածուներ: Ըստ դատական օրենսգրքի,  թեկնածուներին առաջադրվել է գրավոր Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջին ատյանի դատավոր նշանակվելու հարցը: Ըստ բալերի, այսինքն իրենք իրենց գնահատումը ստացել են ՀՀ արդարադատության ակադեմիայում և գրությամբ մեզ ուղարկվել է: Առաջարկը սկզբից ներկայացրել է  Նորայր Առաքելյանին, որպես բարձրագույն բալեր ստացած թեկնածու, այնուհետև՝ Դավիթ Հակոբյանին: Դավիթ Հակոբյանը տվել է գրավոր մերժում Բարձրագույն դատական խորհրդին, ուստի, դատական օրենսգրքին համապատասխան, արդեն  առաջարկը տրվել է հաջորդ թեկնածուին՝ Լուսինե Աղաբեկյանին, որը գրավոր տվել էր իր համաձայնությունը:

Աշոտ Ղուլյան -  Ուրիշ հարցե՞ր:

Դավիթ Իշխանյան - Հավանաբար ավելի շատ առաջարկի կարգով է սա, շատ լավ է, որ ընդհանուր փաթեթը ներկայացվել է, բայց ժամանակի առումով գոնե մեր խմբակցությունն ունի պրակտիկա, որ նման կարգի նշանակումների և քվեարկության նախօրյակին մենք կազմակերպում ենք հանդիպում: Ապագայում կառաջարկեինք, որ գոնե ժամանակագրական առումով պահպանվի որոշակի այդ ձևաչափը, որպեսզի հնարավորություն ունենանք: Իհարկե, մենք մեր տեսակետը կարտահայտենք  քվեարկության  ժամանակ, բայց, ընդհանուր առմամբ…

Գայանե Գրիգորյան - Առաջարկն ընդունված է, Բարձրագույն դատական խորհուրդը նոր է ձևավորվել, դրա հետ է կապված, մի քիչ կազմակերպչական հարցերին արագ տեղեկանալ, բայց ինչքան տեղյակ եմ, որոշ խմբակցությունների հետ հասցրել են հանդիպել մեր թեկնածուները:

Աշոտ Ղուլյան -  Երեկ, կեսօրից հետո և այսօր առավոտյան խմբակցությունները, որ ցանկություն են հայտնել, հանդիպել են թեկնածուների հետ: Իհարկե, ժամանակի առումով, լավ կլիներ, որ մենք ժամանակ ունենայինք: Ուրիշ հարցե՞ր: Չկան: Շնորհակալություն, տիկին Գրիգորյան: Մենք հիմա պետք է հերթով լսենք մեր դատավորների թեկնածուներին, ում Բարձրագույն դատական խորհուրդը երաշխավորել է առաջին ատյանի դատավորի թափուր պաշտոնում նշանակվելու համար և ես հիմա սիրով հրավիրում եմ Բարձրագույն դատական խորհրդի կողմից  երաշխավորություն ստացած Նորայր Էդուարդի Առաքելյանին: Խնդրեմ, պարոն Առաքելյան: Եվ հետո` Լուսինե  Սերգեյի Աղաբեկյան:

Նորայր  Առաքելյան - Շնորհակալություն, բարև ձեզ: Հարգարժան ԱԺ նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ:

Դատական համակարգի գործունեությանը ես ծանոթ եմ, քանի որ 2010թ.-ից առ այսօր աշխատում եմ տվյալ ոլորտում և աշխատանքս կապված է դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման, ինչպես նաև դատական վիճակագրության հետ, որտեղ անմիջապես շփում եմ ունեցել դատական գործերի հետ: Գիտակցելով սպասվելիք աշխատանքի պատասխանատվությունն ու բարդությունը, միաժամանակ հավաստիացնում եմ, որ ստանալով ձեր վստահության քվեն, կանեմ ամեն ինչ, որ ձեր վստահությունն արդարացնեմ: Արդարադատություն իրականացնելն ինձ համար մեծ առաքելություն է: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր ունե՞ք, պարոն Առաքելյանին: Չկան հարցեր: Շնորհակալություն, պարոն Առաքելյան: Ներողություն: Էդուարդ Աղաբեկյան:

Էդուարդ Աղաբեկյան - Եթե  ուսումնասիրություններով էդ վերջին տարիներին առաջին ատյանի  և հաջորդ ատյանից ինչքա՞ն է, քանի՞ տոկոս է կազմում ձեր լեքսիկայում բեկանման բանը,  տոկոսը առաջինից՝ հաջորդ աստիճան: /Չի լսվում/: Վերաքննիչ դատարան, տվյալ դեպքում ինչքա՞ն է կազմում տոկոսը` որոշումների բեկանման:

Նորայր  Առաքելյան - Հա, որոշումների բեկանման: Քաղաքացիական, քրեական, վարչականում  հիմնականում քիչ ա լինում, տհենց 8 տոկոս կազմի գործերի տվյալները կան, բայց հիմա մոտս չեն:

Աշոտ Ղուլյան - Շատ լավ, ուրի՞շ: Չկան, շնորհակալություն, պարոն Առաքելյան, կարող եք նստել: Ես հրավիրում եմ առաջին ատյանի դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Լուսինե  Սերգեյի Աղաբեկյանին: Խնդրեմ:

Լուսինե  Աղաբեկյան - Հարգարժան ԱԺ նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ:

Ինձ թվում է, անհրաժեշտություն չկա կենսագրությունս ներկայացնելու, քանի որ արդեն ծանոթացել եք, միայն նշեմ, որ ինձ համար մեծ պատիվ է դատավորի պաշտոնում նշանակվելու, դատավորի կոչմանն արժանանալու և հանուն ԱՀ դատական ակտեր կայացնելու համար այսօր, այս բեմից ելույթ ունենալը: Մասնավորապես, ստանձնելով ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի բարձր պաշտոնը, վստահեցնում եմ պարտականությունները կատարել ԱՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, լինել անկախ, անաչառ և սկզբունքային, արդարացի և մարդասեր, ինչպես նաև պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները, ապահովելով օրենքի գերակայությունը և դատական իշխանության բարձր հեղինակությունը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, դուք համարյա երդվեցիք: Հարցեր Լուսինե Աղաբեկյանին: Չկան, շնորհակալություն, կարող եք նստել: Մենք Կանոնակարգով ունենք նախատեսած նաև եթե պատգամավորները ցանկություն ունեն արտահայտվելու, մտքերի փոխանակության, բարեմաղթանքների կամ կոնկրետ ուղղորդումների, եթե կա այդպիսին, խնդրեմ: Չկան: Շնորհակալություն: Եզրափակիչ ելույթների տեղ էլ չկա: Բան ունե՞ք եզրափակիչ ասելու, քանի որ այդպես հատուկ բաներ չեն եղել, որի շուրջ պետք է նորից արտահայտվեիք: Ես ուզում եմ նորից հիշեցնել, որ մենք հիմա…

Բան կա՞, ասեք,  իհարկե, խնդրեմ, Ժաննա Գալստյան:

Ժաննա Գալստյան - Ես հիշում եմ սրանից մի 15-17 տարի առաջ, երբ որ ես Հանրապետության նախագահի խորհրդական էի, նորից հարց բարձրացավ դատավորներ նշանակելու մասին, հերթական ու, պատկերացրեք, որ համարյա երիտասարդ կադր չկար, նույն մարդիկ, նույն դպրոցն անցած մարդիկ պտտվում են, պտտվում են ու ես ասացի. «Պարոն Նախագահ, էս ի՞նչ ա, անընդհատ նույն մարդիկ, նույն մարդիկ, սա փոքր տեղ ա, բոլորին էլ ճանաչում եք»: Նա ասաց. «Տիկին Գալստյան,  5 օր  եմ տալիս, դատավորների թեկնածուների ու պաշտոնների, Դուք ինքներդ, եթե կարողանում եք, տեղավորեք, բերեք, տեսնենք ձեր տարբերակը»: Հինգ օրից  հետո ես ձեռնունայն եկա: Հիմա այսօր ես շատ ուրախ եմ, որ մենք ունեն երիտասարդ կադրեր, որոնք անկախության սերունդն  են, որոնք վստահ եմ, որ հասկանում են, որ մեր երկրում արդարադատության ոլորտում անհրաժեշտ է անաչառություն, ազնվություն ու նվիրվածություն, բարձր պրոֆեսիոնալ մակարդակ: Ես  վստահ եմ ձեզ վրա, խնդրում  եմ իմ ընկերները բոլորը ձայները տան երիտասարդ մասնագետների համար ու հաջողություն մաղթենք իրենց: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, տիկին Գալստյան, մենք ամեն դեպքում կանոնակարգային պահանջով` եթե ինքնաբացարկի ցանկություն կա, մինչև քվեարկությունը կարող են ներկայացնել: Կարծում եմ` չկա և ես հիմա առաջարկում եմ, քվեարկության կարգն արդեն քիչ առաջ իրականացրել ենք, նույն ձևով մենք դատավորների թեկնածուներին առանձին-առանձին քվեաթերթիկներով ենք քվեարկելու: Հիմա մենք հաշվիչ հանձնախմբին պիտի խնդրենք շատ արագ, քանի որ երեկ ենք ստացել, կարծում եմ նախնական պատրաստություն ունենք արդեն, պատգամավորներին շատ հեռու չգնալ: Հայտարարվում է գաղտնի քվեարկություն, որից հետո մենք կվերադառնանք դահլիճ: 10-15 րոպե ժամանակ ունենք:

 

ԸՆԴՄԻՋՈՒՄ

Աշոտ Ղուլյան - Հարգելի գործընկերներ, շարունակում ենք ԱԺ լիագումար նիստի աշխատանքները: Քիչ առաջ մենք ավարտեցինք և, վստահ եմ, ամփոփել ենք արդեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորների նշանակման հարցը և գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացնելու համար  ես հրավիրում եմ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ պատգամավոր Ռոմելա Դադայանին: Խնդրեմ:

Ռոմելա Դադայան - Հարգելի գործընկերներ, ԱԺ հաշվիչ հանձնախումբը ամփոփել է արդյունքները: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ նշանակելու համար առաջարկվել է Լուսինե Սերգեյի Աղաբեկյանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը մասնակցել է 30 պատգամավոր, պարզվել է` քվեատուփում առկա է 30 քվեաթերթիկ, որոնցից անվավեր ճանաչված քվեաթերթիկ չի եղել, ձայները հաշվել  հետևյալ կերպ՝ կողմ` 30, դեմ՝ չկա:

Ծափահարություններ:

Առաջարկվել է նաև Նորայր Էդուարդի Առաքելյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել է 30 պատգամավոր: Գաղտնի քվեարկության քվեատուփը բացելով, հաշվիչ հանձնաժողովը պարզեց`  քվեատուփում առկա  է 30 քվեաթերթիկ, որոնցից անվավեր ճանաչված քվեաթերթիկ չկա, ձայները հաշվել  հետևյալ կերպ՝ կողմ` 27, դեմ` 3:

Ծափահարություններ:

Աշոտ Ղուլյան - Շնորհավորենք, այս ծափահարությունները շնորհավորանքներ են`  կարծում եմ, և պատգամավորներն էլ իրենց քվեարկությամբ հաստատեցին դա: Մեզ մնում է հաջողություն մաղթել և, կարծում եմ,   այն, ինչ  քիչ առաջ մենք քննարկեցինք և դուք ձեր խոսքում ընդգծեցիք, որ դա ամբողջ գործունեության ընթացքում պահենք: Ես հրապարակում եմ ԱԺ որոշումները ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին և այս որոշումները արձանագրում ենք, որ ընդունվում են այն նույն ձայների հարաբերակցությամբ, ինչ որ դուք ստացել եք գաղտնի քվեարկությամբ: Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի առաջին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 125-րդ հոդվածի առաջին մասով, ԱՀ ԱԺ որոշում է՝

Լուսինե  Սերգեյի Աղաբեկյանին նշանակել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր և նույն բովանդակությամբ որոշումը` Նորայր  Էդուարդի Առաքելյանին նշանակել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանի դատավոր:

Մենք հիմա մի հաճելի արարողություն էլ պիտի անցկացնենք, դատական օրենսգրքով նշանակված անձը դատավորի պաշտոնն առաջին անգամ ստանձնելիս, նշանակման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում իր պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում տրված երդմամբ: Քանի որ առաջիկայում` հունվարին «Ազգային ժողովի կանոնակարգ»-ով նիստ նախատեսված չէ, ես առաջարկում եմ երդման արարողությունը կատարենք հիմա, խնդրեմ, դատավորի երդման համար այժմ հրավիրում եմ պարոն Նորայր  Առաքելյանին և հետո` Լուսինե  Աղաբեկյանին:

Նորայր  Առաքելյան - Շնորհակալություն:

Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը, ԱՀ ժողովրդի առջև երդվում եմ դատավորի պարտականություններս կատարել ԱՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անկախ, անաչառ ու սկզբունքային, արդարացի և մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով օրենքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, խնդրում եմ ստորագրեք: Այս պահից դուք արդեն դատավոր եք, շնորհավորում ենք:

Ծափահարություններ:

Շնորհակալություն: Դատավորի երդման համար հրավիրում եմ առաջին ատյանի դատավոր Լուսինե  Աղաբեկյանին: Խնդրեմ:

Լուսինե  Աղաբեկյան - Հարգելի պատգամավորներ, շնորհակալ եմ, հարգարժան նախագահ, ներկաներ, շնորհակալ եմ ձեր քվեի համար: Շատ հաճելի էր և անմոռանալի պարգևներ տվեցիք  այսօր ինձ:

Դատավորի երդում:

 Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը, ԱՀ ժողովրդի առջև երդվում եմ դատավորի պարտականություններս կատարել ԱՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անկախ, անաչառ և սկզբունքային, արդարացի և մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով օրենքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը: Շնորհակալ եմ:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, ստորագրեք:

Ծափահարություններ:

Շնորհավորում ենք նորից և մեր այս վստահությունը, այդ քվեն, կարծում եմ, շատ լավ հիմք է դատավորի պաշտոնում ձեր նախնական աշխատանքի համար: Շնորհակալություն, դուք ազատ եք, կարող եք և մնալ, բայց կարող եք նաև ձեր աշխատանքներին անցնել:

Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքներն այսօրվա նիստի օրակարգի  հերթականությամբ և հաջորդը վերջին խումբ օրենքի նախագծերն են, որոնցից առաջինը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծն է: Այն ԱԺ-ին ներկայացնում է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, խնդրեմ:

Արարատ Դանիելյան -   ԱԺ հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ, գործընկերներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին» ԱՀ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով: ԱՀ 2017թ. Սահմանադրությամբ առաջնահերթ նպատակներից է տեղական ինքնակառավարման ինքնուրույնության ապահովման անհրաժեշտ ու բավարար սահմանադրական երաշխիքների ամրագրումը և այդ նպատակով առանձին դրույթների վերանայումն ու վերաիմաստավորումը: Սահմանադրությամբ սահմանվել է, որ ԱՀ վարչատարածքային միավորներն են համայնքները, հետևաբար Սահմանադրությանը գործող օրենսդրությանը համապատասխանեցման օրակարգում է «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում անհրաժեշտ փոփոխությունների կատարումը:

2017թ. հոկտեմբերի 7-ից ուժի մեջ է ԱՀ Սահմանադրության 8-րդ գլուխը, որը տեղական ինքնակառավարման ոլորտում նախատեսում է 2006թ. Սահմանադրությամբ ամրագրված նորմերից տարբերվող նոր իրավակարգավորումներ, որոնց պետք է համապատասխանեցվի գործող օրենսդրությունը, ԼՂՀ ընտրական օրենսգիրքը և «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքը: Հաշվի առնելով վերոգրյալ օրենքներով նախատեսված փոփոխությունները, անցումային փուլում առանձին համայնքներում ՏԻՄ-երի ընտրությունների կազմակերպումը և անցկացումն արդարացված չի, քանի որ սահմանադրական բարեփոխումների համատեքստում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում կփոխվի ԱՀ  վարչատարածքային բաժանումը, ինչպես նաև համայնքների և դրանց ինքնակառավարման մարմինների կարգավիճակը: Բացի այդ, գործող ՏԻՄ-երի լիազորությունների ժամկետը լրանալով կամ այդ լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքում, ԱՀ Սահմանադրության անցումային դրույթներում ՏԻՄ-երի ընտրությունների անցկացման պահանջ ուղղակիորեն չի սահմանվում և նպատակահարմար է դա անցկացնել վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները կատարելուց հետո` ՏԻՄ-երի միասնական ընտրությունների անցկացման համար նշանակված օրը:

Գտնում ենք, որ մինչև վերոթվարկյալ  միջոցառումների իրականացումը  ստեղծված իրավիճակում համայնքներում ՏԻՄ-երի բնականոն գործունեության շարունակականությունն ապահովելով, հնարավոր լուծումը համայնքներում կառավարման պաշտոնակատարների միջոցով իրականացնելն է: Այդ իսկ առումով ներկայացվում  է հետևյալ օրենքի նախագիծը: /Չի լսվում/ անցումային դրույթը» բառերը փոխարինել «անցումային  դրույթներ» բառերով և այդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ մասով՝ «սահմանել, որ մինչև ԱՀ Սահմանադրության 173-րդ հոդվածում նախատեսված օրենսդրական կարգավորումներն ուժի մեջ մտնելը ԼՂՀ 2006թ.-ից Սահմանադրությամբ սահմանված ժամկետով ընտրված համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում այդ պաշտոններում նշանակվում են  պաշտոնակատարներ: Գյուղական համայնքներում համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքային համայնքում՝ տարածքային կառավարման /չի լսվում/ պետական մարմնի ներկայացմամբ, իսկ           այլ քաղաքային համայնքներում՝ համապատասխան շրջանների վարչակազմերի ղեկավարների ներկայացմամբ կառավարության որոշմամբ:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հարցեր կա՞ն պարոն Դանիելյանին: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Դանիելյան, կարող եք նստել: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պատգամավոր Հովիկ Ջիվանյանը:

Հովիկ Ջիվանյան - Հարգելի գործընկերներ, հեղինակը մանրամասն ներկայացրեց օրենքի նախագիծը, նաև տվեց հիմնավորումները: Ինձ մնում է միայն ավելացնել, որ համապատասխան գլխադասային հանձնաժողովում, տվյալ պարագայում՝ պետա-իրավական հանձնաժողովի նիստում քննարկվել է  օրինագծի նախագիծը, տրվել է դրական եզրակացություն և առաջարկում ենք օրենքի նախագիծն ընդունել որպես  օրենք: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Ցանկություն կա՞ ելույթների, մտքերի փոխանակության: Չկա: Մենք այս հարցի շուրջ խոսել ենք գլխադասային հանձնաժողովում երկար և կարծում եմ, որ այս թեման բոլորս էլ գիտակցում ենք, սա քաղաքական խմբակցությունների առաջարկով է նաև: Մենք բաց ունենք այստեղ օրենսդրական  և որպեսզի դրան  իրավական, օրինական ճիշտ հիմքեր տանք, երևի լուծման տարբերակներից մեկն է և փորձենք այս ձևով նաև ժամանակը մոտեցնել, որ մենք անցնենք տարածքային և տեղական ինքնակառավարման նոր մոդելին: Ամփոփում ենք այսքանով և ես առաջարկում եմ քվեարկել ԱԺ որոշման նախագիծը ԼՂՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ԱՀ օրենքն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝ 24, դեմ՝  չկա, ձեռնպահ՝ 1:

 Շնորհակալություն: Որոշումն ընդունված է և մենք հետո պիտի  նաև մտածենք, թե այս որոշման բովանդակային, իրական մասն ինչպես պետք է զարգացնենք: Կարծում եմ, որ սա քաղաքական խմբակցությունների քննարկման նյութ է լինելու նաև հետագայում: Հաջորդ օրինագիծը «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» հարցն է: ԱԺ-ին այն ներկայացնում է ԱՀ ֆինանսների նախարար  պարոն Գրիգորի Մարտիրոսյանը,  համեցեք:

Գրիգորի Մարտիրոսյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ներկայացված օրինագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վիճակախաղերի կազմակերպիչների համար վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ոչ արդիական կարգավորումների վերացման ու նշված ոլորտում ներդրումների ներգրավման նկատառումներով: Օրինագծերի փաթեթով առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել տոմսերի, հաշվետվությունների, հրապարակումների էլեկտրոնայացման, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև վերանայել հաստատագրված վճարի ամսական չափը, սահմանելով իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքի 10 տոկոսի չափով: Նախագծի քննարկման շրջանակներում փորձագիտական ծառայության կողմից ներկայացվել է առաջարկություն, որն ընդունվել է և ներառվում է օրենքի վերջնական նախագծում, որը վերաբերվում էր սահմանումներին. էլեկտրոնային տոմս սահմանումը կվերափոխվի և կգրվի «վիճակախաղի էլեկտրոնային տոմս» սահմանումը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հարցեր կա՞ն  հիմնական զեկուցողին: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան: Մենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ենք հիմա լսելու, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ պատգամավոր Ռուսլան Իսրայելյան, խնդրեմ:

Ռուսլան Իսրայելյան - Հարգելի գործընկերներ, «Վիճակախաղերի մասին» և «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը  քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովում և ստացել է դրական եզրակացություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան, շնորհակալություն: Ելույթների ցանկություն կա՞: Չկա: Մենք այս թեմայով  նույնպես խոսել ենք, պարոն Մարտիրոսյանը ներկայացրեց, իհարկե, որոշ հասկացությունների ճշգրտման կարիք կար, բայց  դրանք արդեն ընդունված են:

Քվեարկության է ներկայացվում  ԱԺ որոշման նախագիծը «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքներն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝ 28, դեմ՝ 1, ձեռնպահ՝ չկա:

 Որոշումն ընդունված է: Շնորհակալություն: Եվ հաջորդ նախագիծն է «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու  մասին» օրինագիծը և դրան կից օրինագծերի փաթեթը: Խնդրեմ, այն նորից ներկայացնում է ԱՀ ֆինանսների նախարար  պարոն Գրիգորի Մարտիրոսյանը:

Գրիգորի Մարտիրոսյան - Ձեր քննարկմանն է ներկայացվում «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի և կից ներկայացվող  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ինչպես նաև «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնք ներկայացվել են որպես օրինագծերի փաթեթ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Հարկային ծառայության մասին»  ԼՂՀ օրենքում հարկային մարմնի ղեկավարին և տեղակալներին  պաշտոնի նշանակման ու խրախուսման վերաբերյալ դրույթները համապատասխանեցնել Սահմանադրությունից բխող նոր իրավական ակտերի կարգավորումների պահանջներին, մասնավորապես, օրենքից հանել վարչապետին վերաբերվող դրույթները:

2. «ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում ԼՂՀ վարչապետին վերապահված լիազորությունները վերանայել, այդ թվում վերստուգումների և ֆինանսատնտեսական գործունեության  վերստուգումների լիազորությունները վերապահել ԱՀ  նախագահին:

3. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ԱԺ նախագահի կողմից հրավիրվող օտարերկրյա անձանց ազատել կացության  կարգավիճակ տալու և մուտքի արտոնագիր ձևակերպելու համար նախատեսված պետական տուրքի վճարումից, խմբագրելով նաև վարչապետին վերաբերող դրույթը: Երեք նախագծերը կապված են սահմանադրական բարեփոխումների շրջանակներում կազմված ժամանակացույցից բխող այդ աշխատանքների հետ և քննարկվել են սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդում և ստացել են խորհրդի հավանությունը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հարցեր կա՞ն հիմնական զեկուցողին: Այս հարցը ավելի շատ խմբագրական երևի բնույթ ունի՝ սահմանադրական բարեփոխումների հետ կապված: Քանի որ հաջորդ նախագիծն էլ է պարոն Մարտիրոսյանը ներկայացնում, ես առաջարկում եմ հիմա հաջորդն էլ լսենք և գլխադասայինն էլ է նույն ֆինանսաբյուջետայինը, խնդրեմ, հաջորդ նախծագիծն էլ ներկայացրեք:

Գրիգորի Մարտիրոսյան - Հաջորդ նախագիծը վերաբերվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Ներկայացված օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՀ Սահմանադրության և Սահմանադրությունից բխող իրավական ակտերով նախատեսված նոր պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանելու, պետական պաշտոնների գործող անվանացանկը վերոհիշյալ իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցնելու նկատառումներով: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է օրենքով սահմանել ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության, պետնախարարի և ՄԻՊ-ի աշխատակազմերի նոր պաշտոնների պաշտոնային  դրույքաչափերի հաշվարկման գործակիցները, ինչպես նաև օրենքից հանել վերացված պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները: Միաժամանակ  առաջարկվում է դադարեցնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումներին վերաբերվող, ըստ էության չգործող իրավական նորմը, քանի որ դրանք ներառված են տվյալ պաշտոնատար անձանց աշխատանքային պարտականություններում: Նախագծով առաջարկվում է նաև կատարել որոշակի խմբագրական բնույթի փոփոխություններ: Նախագիծը նույնպես քննարկվել է սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի կողմից և ստացել  հավանություն: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հարցեր կա՞ն  երկրորդ փաթեթի հետ կապված, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին: Չկան հարցեր: Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, կարող եք նստել: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրում ենք ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանին:

Ռուսլան Իսրայելյան - Հարգելի գործընկերներ:

«Հարկային ծառայության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը քննարկվել են հանձնաժողովում և ստացել են դրական եզրակացություն: Սա մի փաթեթ, երկրորդը՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես քննարկվել է և ստացել է դրական եզրակացություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Շնորհակալություն: Ցանկություն կա՞ այս երկու նախագծերի շուրջ արտահայտվել առանձին: Չկա: Մենք հիմա այս երկու նախագծերն ենք քվեարկելու, իհարկե, առանձին-առանձին:

Առաջինը՝ ԱԺ որոշման նախագիծը «Հարկային ծառայության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքներն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝ 28, դեմ՝ չկա, ձեռնպահ՝   նույնպես:

Որոշումն ընդունված է:

Հաջորդը, վերջինը երևի այս շարքից` ԱԺ որոշման նախագիծը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝ 28, դեմ ՝ չկա, ձեռնպահ՝   նույնպես:

Որոշումն ընդունված է:

Մենք օրենսդրական հարցերի շարքն ավարտում ենք այսքանով: Մենք ունենք վերջին օրակարգային հարցը՝  պատգամավորական հայտարարություններ: Եթե կան՝ խնդրեմ, պատգամավորական հայտարարություններ, չկան, շնորհակալություն:

Ես ուզում եմ, ինչքան հնարավոր է կարճ ամփոփենք մեր այսօրվա աշխատանքը, իսկ այսօրվա աշխատանքի ամփոփումը նաև նշանակելու է մեր 6-րդ նստաշրջանի աշխատանքների ամփոփում: Քանի որ ԱԺ կանոնակարգով նախատեսված է տարեկան հաղորդման ներկայացում, իսկ տարեկան հաղորդումը ներկայացվում է մեր ամառային` հունիս ամսվա նստաշրջանի վերջում, ես ուզում եմ միջանկյալ այսպիսի մի վիճակագրություն ներկայացնել, որ 6-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ են ներկայացվել 61 օրենքի նախագծեր, որից 3-ը մնացել են նախորդ նստաշրջանից, մենք ամռանը արտահերթ էլ ենք անցկացրել և այդ 61 օրենքի նախագծերը ներկայացվել են  Կառավարության կողմից: ԱԺ հանձնաժողովներում, հաշվի առնելով, որ տարեվերջին բյուջեն, բյուջեի կազմում ներկայացված օրինագծերն են, ամենաշատ օրինագծերն, իհարկե, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովում են՝ 35, կարելի է ասել կեսից ավելին, մնացածները՝ ավելի քիչ, պետաիրավականը՝ 13, արտադրական ենթակառուցվածքներում՝ 3, սոցիալական և առողջապահության հարցերում՝ 9, մյուս հանձնաժողովներում՝ ավելի քիչ: Ընդհանուր առմամբ այսպիսինն է օրենսդրական աշխատանքի պատկերը:

Ինչ վերաբերում է միջխորհրդարանական հարաբերություններին, ապա ես ուզում եմ որպես կարևոր իրադարձություն նշել այս նստաշրջանի ընթացքում ԱՀ և ՀՀ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների վերականգնումը, որը մենք անցկացրինք նոյեմբերի վերջին՝ Երևանում: Նաև այս ժամանակահատվածում՝ սեպտեմբերից մինչև դեկտեմբերի 20-ը, տարբեր այցելություններ դեպի մեր ԱԺ, դրանք մեր լրատվության մեջ կան, հավանաբար առաջիկա օրերին ես կամփոփեմ դրանք ասուլիսում: Ուզում եմ միայն ասել, որ առաջիկա 1-2 օրերի ընթացքում շատ արագ մենք նաև ԱԺ-ում ունենալու ենք խմբակցություւնների առաջարկները, արդեն կան ԱԺ-ում նոր բարեկամության խմբի և շրջանակի ստեղծման այդպիսի հայտարարություններ՝ կապված նոյեմբերին Բելգիայում մի կողմից ֆրանկոֆոն, ֆրանսախոս հանրային ու քաղաքական շրջանակների հետ, մյուս կողմից՝ ֆլամանդական խորհրդարանի հետ բարեկամության խմբի որպես պատասխանն է:

Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ մենք օգտակար և կարևոր գործ ենք իրականացրել, քանի որ, կարելի է ասել, որ աշխատանքային իմաստով հենց այս նստաշրջանում ենք մենք սկսել մեծ փաթեթներով սահմանադրական բարեփոխումների հետ կապված նախագծերը ներկայացնել: Եվ այս իմաստով խորհրդարանը միայն սկսել է այս աշխատանքը, կարծում եմ, սկիզբը բավարար է: Մեզ մնում է միայն հաջորդ նստաշրջանի ընթացքում, նույնիսկ արդեն նախանշված են ՏԻՄ համակարգի հետ կապված, մի քանի ուրիշ համակարգերի հետ կապված և ես, կարծում եմ, որ այսօրվա բյուջեի ընդունումը ընդհանուր առմամբ եկավ ամփոփելու ԱԺ այս մի քանի ամիսների գործունեությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր պատգամավորներին համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն եմ ուզում հայտնել ԱԺ աշխատանքը լուսաբանող մեր լրագրողներին, բոլոր հրավիրվածներին: Այսօրվա աշխատանքն էլ, չնայած օրակարգը  մեծ էր, բայց մենք կարողացանք կառուցողական ձևով, արագ այս բոլոր հարցերի պատասխանները տալ և ուզում եմ բոլորիդ շնորհավորել գալիք նոր տարվա կապակցությամբ, միայն երկու փոքր հայտարարություն: Մենք խոսել ենք դրա մասին, առաջիկա օրերին ՊԲ հետ կապված մեր այս համագործակցության շրջանակներում, ավելի շատ զորամասեր այցելելու և երկրորդը, այսօր Հանրապետության նախագահն առաջարկեց, երևի վաղը չէ մյուս օրն է, Արաքսավան, Արաքսի հովիտ այցելելու, եթե այս ցանկությունները կան, խնդրում եմ արագ, Արաքսավանի հետ կապված այսօր, որպեսզի ցանկացողներն իրենց տեսակետը ներկայացնեն և մենք կարողանանք այս ցուցակներն ընդգրկել:

Այսքանով ավարտում ենք այսօրվա լիագումար նիստը և 6-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքները  հայտարարում եմ փակված:

Հնչում է Արցախի Հանրապետության  հիմնը: