30 նոյեմբերի 2018
30 նոյեմբերի 2018
Նոյեմբերի 30-ին ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, Արարատ Օհանջանյանի և Արամ Գրիգորյանի նախագահությամբ, քննարկվել է «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը:
Քննարկմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱԺ-ում Նախագահի ներկայացուցիչ Զոյա Լազարյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը և ոլորտների պատասխանատուներ:
Ներկայացնելով աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման ոլորտին 2019թ.-ին հատկացվելիք գումարը՝ նախարար Սամվել Ավանեսյանը տեղեկացրել է, որ այն կկազմի 23մլդ 637մլն 500 հազ դրամ, ինչը 2018թ.ի հաստատված պետական բյուջեի ծախսերի նկատմամբ ավել է 730մլն 900 հազար դրամով: Նախարարի խոսքով՝ բյուջեի նախագծում ներառված է 250մլն դրամ՝ կենսաթոշակառուների գումարի նվազագույն չափը 25500 դրամ հասցնելու նպատակով, ինչը համահունչ է ՀՀ-ում կատարված փոփոխությանը:
Պատգամավորները նախարարին են առաջադրել աղքատության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրերին, կենսաթոշակների կուտակային համակարգի ներդրմանը, բուհերում գիշերօթիկ դպրոցների սաների ուսման վարձավճարներին, հաշմանդամների՝ դեղորայքի ձեռքբերման արտոնություններին և այլ խնդիրների վերաբերյալ հարցեր:
Առողջապահության ոլորտին, նախարար Արայիկ Բաղրյանի հաղորդմամբ, գալիք տարի պետական բյուջեից կտրամադրվի 6մլրդ 923մլն դրամ, ծախսերի ավելացումը 2018թ-ի պետական բյուջեի ցուցանիշի նկատմամբ կազմել է 771,7մլն դրամ: Նախարարի փոխանցմամբ՝ գումարի ավելացումը հիմնականում պայմանավորված է առողջապահության նախարարության ենթակա բուժհիմնարկների բուժանձնակազմի աշխատակազմի դրույքաչափերի ավելացմամբ: 3մլն դրամ կհատկացվի նաև կենտրոնացված կարգով տուբերկուլինի ձեռքբերման համար:
Արայիկ Բաղրյանը պատասխանել է նաև առողջապահության ոլորտում էլեկտրոնային հերթագրման համակարգի ներդրմանը, ծննդատան լաբորատոր հետազոտությունների հնարավորությունների ավելացմանը, պետության կողմից շաքարային դիաբետի համար նախատեսված դեղորայքների առանձնահատություններին, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի գործածության և ծառայության գներին, ինչպես նաև իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր:
Դեկտեմբերի 3-ին 2019թ-ի բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների նիստում: