«Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                                                                      ՆԱԽԱԳԻԾ

 

                                                                                                             ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                                                                                ՕՐԵՆՔԸ

          «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում «վարկային կազմակերպություն» բառերի հոլովաձևերից հետո լրացնել «կամ պետության ստեղծած հիմնադրամ» բառերի հոլովաձևերը:

 

Հոդված 2. Օրենքի 9.1-ին հոդվածի`

1) 1-ին և 1.1-ին մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված կարգով վարձու աշխատողներին աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի կողմից հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված եկամտային հարկը վերադարձվում է Արցախի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում առաջնային շուկայից, ինչպես նաև պետության և (կամ) պետության ստեղծած հիմնադրամի և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Արցախի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Արցախի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված և փաստացի բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների չափով` հաշվի առնելով սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված սահմանափակումները:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝

1) Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված և առաջնային շուկայից, պետությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատողի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից վճարված տոկոսների գումարների չափով վերադարձման ենթակա եկամտային հարկը վարձու աշխատողին և անհատ ձեռնարկատիրոջը չի վերադարձվում, եթե բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը կամ անհատական բնակելի տուն կառուցելու նախահաշվային արժեքը գերազանցում է 55 000 000 ՀՀ դրամը.

2) Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված և առաջնային շուկայից, պետությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիփոթեքային վարկի վարկառուին և առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել վարձու աշխատողի համար յուրաքանչյուր եռամսյակի մասով 700 000 ՀՀ դրամը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար յուրաքանչյուր հաշվետու տարվա մասով             2 800 000 ՀՀ դրամը.

3) հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատողի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով:».

2) 2-4-րդ մասերում «հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «հոդվածով» բառերով.

3) 4.1-ին մասում «ձեռքբերումից» բառից առաջ լրացնել «կամ անհատական բնակելի տան» բառերը.

4) 6-րդ մասում «ռեեստրը» բառից առաջ լրացնել «, անհատական բնակելի տների» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «ավարտը,» բառից հետո լրացնել «աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն,» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունում «ավարտը» բառից հետո լրացնել «, իսկ  ստուգումը փաստացի սկսելու օրը աշխատանքի ընդունման դեպքում` մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվա ժամը 14:00-ն» բառերը:

 

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածը կիրառվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից ձեռքբերված անհատական բնակելի տների նկատմամբ:

3. Օրենքի 9.1-ին հոդվածի 1.1-ին մասի 1-ին կետը կիրառվում է բնակարանների կամ անհատական բնակելի տների ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տների կառուցմանն ուղղված` 2019 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի նկատմամբ:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                    

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ