Դիվանագիտական ծառայության մասին

                                                                                                                                                                                                                                                               ՆԱԽԱԳԻԾ

                                                                                                                                                                                                                                         լրամշակված տարբերակ

 

 

                                                                                                                     ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                                                                                   ՕՐԵՆՔԸ         

                                                                                                  ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

                                                                                                                               Գ Լ ՈՒ Խ  1

                                                                                                             ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 1. Սույն օրենքը կարգավորում է Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության կազմակերպման կարգը, ծառայության անցնելու և ծառայությունը դադարեցնելու, ծառայողական առաջխաղացման, դիվանագիտական աստիճաններ շնորհելու, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց կարգավիճակի, ծառայության ընթացքում ու դրանից հետո այդ անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքների, ինչպես նաև դիվանագիտական ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2.

Օրենքի գործողության ոլորտը

 1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների և դրանցում դիվանագիտական պաշտոններ զբաղեցնող անձանց (այսուհետ`  նաև դիվանագետ) վրա:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով վարչատեխնիկական կամ սպասարկման գործառույթներ իրականացնող անձանց վրա:

3. Օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում օտարերկրյա քաղաքացիների կամ այդ պետության մշտական բնակիչներ համարվող` քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքի ընդունելու դեպքում հաշվի են առնվում նաև տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաև այդ պետության հետ կնքված` Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի համապատասխան պահանջները:

 

Հոդված 3.

Դիվանագիտական ծառայությունը

 1. Դիվանագիտական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որը դիվանագիտական ծառայության մարմիններում իրականացնում են դիվանագետները սույն օրենքով և այլ իրավական ակտերով այդ մարմիններին վերապահված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման նպատակով:

2. Դիվանագիտական ծառայությունը պետական ծառայության բաղկացուցիչ մասն է:

 

Հոդված 4.

Դիվանագիտական ծառայության խնդիրները

 1. Դիվանագիտական ծառայության խնդիրներն են` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացնելը, միջազգային հարաբերություններում Արցախի Հանրապետության շահերը և իրավունքները պատշաճ ու հետևողական ներկայացնելը, Արցախի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելը:

 

Հոդված 5.

  Դիվանագիտական ծառայության մարմինները

 1. Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններն են`

1)    Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը,

2) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ենթակա մարմինը,

3) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ենթակա` օտարերկրյա պետություններում գործող առանձնացված ստորաբաժանումները (այսուհետ՝ նաև օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ)`

ա. Արցախի Հանրապետության դեսպանությունները,

բ. միջազգային կազմակերպություններում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները,

գ. Արցախի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիվանագիտական ծառայության մարմինները կազմում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգը:

 

Հոդված 6.

Դիվանագիտական ծառայության մասին օրենսդրությունը

 1. Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայությունը կարգավորվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:

2. Դիվանագետների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե դիվանագիտական ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

3. Եթե Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են այդ պայմանագրերի նորմերը:

 

                                                                                                                          Գ Լ ՈՒ Խ  2

 

                                                              ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 7.

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը

 1. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Արցախի Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում  Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: 

 

Հոդված 8.

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարումը

1. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ղեկավարում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

2. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշանակվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգով:

3. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով արտաքին քաղաքականության առանձին բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա պետական մարմնի գործունեության համակարգումը կարող է վերապահվել նախարարին, ինչպես նաև նախարարի տեղակալին (տեղակալներին)։

4. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը հայեցողական պաշտոն է։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալները նշանակվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

5. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը գործում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում:

6. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, նրա տեղակալների լիազորությունները և դրանց իրականացման հետ առնչվող հարցերը սահմանվում են արտաքին գործերի նախարարության կանոնադրությամբ, որը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը։

 

Հոդված 9.

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը

 

     1. Գլխավոր քարտուղարը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավարն է և ապահովում է դիվանագիտական ծառայության շարունակականությունը:

2. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը նշանակվում է նախարարի կողմից արտաքին գործերի նախարարության համակարգում դիվանագիտական ծառայության ղեկավար պաշտոններում 10 տարվա  ստաժ ունեցող անձանց թվից։

3. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի՝ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված լիազորությունների իրականացման հետ առնչվող հարցերը սահմանվում են արտաքին գործերի նախարարության կանոնադրությամբ:        

 

Հոդված 10.

Օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները

 1. Օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը իրականացնում է պաշտոնական հարաբերությունները հավատարմագրման պետության հետ և ներկայացնում է Արցախի Հանրապետությունն այդ պետությունում և (կամ) միջազգային կազմակերպությունում:

2. Միջազգային կազմակերպությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունն իրականացնում է պաշտոնական հարաբերություններ և ներկայացնում է Արցախի Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում: Կախված միջազգային կազմակերպությունում ընդունված կարգից` ներկայացուցչությունը կարող է ունենալ նաև այլ անվանում՝ առաքելություն, պատվիրակություն և այլն:

3. Օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինն իր գործունեությամբ ենթակա և հաշվետու է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

4. Օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի գործառույթները և գործունեության հետ կապված հարցերը սահմանվում են սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով: Օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի կանոնադրությունը հաստատում է արտաքին գործերի նախարարը:

5. Օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից կարող են գործել ռազմական, առևտրական և այլ կցորդներ, մասնագիտացած միջազգային կազմակերպություններում Արցախի Հանրապետության ներկայացուցիչներ, որոնք գործում են իրենց նշանակող մարմնի՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում:

6. Միջազգային պայմանագրերի առկայության դեպքում օտարերկրյա պետություններում կարող են գործել այլ ներկայացուցչություններ՝ այդ պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով:

7. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում նշված կցորդները, ներկայացուցիչները և ներկայացուցչությունները գործում են օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:

8. Սույն հոդվածում նշված կցորդների և ներկայացուցիչների նշանակման, գործունեության կարգի, կարգավիճակի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են  Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Հոդված 11.

Օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ստեղծումը և լուծարումը

 1. Արցախի Հանրապետության դեսպանությունն ստեղծվում է  Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:

2. Արցախի Հանրապետության դեսպանությունը կարող է լուծարվել Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով` տվյալ օտարերկրյա պետության հետ Արցախի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունները խզելու, ինչպես նաև դեսպանության պահպանումը որևէ պատճառով նպատակահարմար չլինելու դեպքերում:

3. Միջազգային կազմակերպությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունն ստեղծվում և լուծարվում է  Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով` տվյալ միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ միջազգային կազմակերպությունում ընդունված կարգի համաձայն:

4. Արցախի Հանրապետության դեսպանության և միջազգային կազմակերպությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության ստեղծման և լուծարման կազմակերպական հարցերը կարգավորվում են Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով:

5. Արցախի Հանրապետության դեսպանությունը և միջազգային կազմակերպությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով կարող են միաժամանակ հավատարմագրվել մեկից ավելի օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում:

6. Արցախի Հանրապետության դեսպանությունը և միջազգային կազմակերպությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններով անհրաժեշտության դեպքում կարող են որևէ օտարերկրյա պետության շահերը ներկայացնել այլ օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում:

7. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունը Արցախի Հանրապետության հետ փոխադարձ համաձայնությամբ կարող է Արցախի Հանրապետության շահերը ներկայացնել այլ օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում` ընդունող պետության կամ միջազգային կազմակերպության հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:            

 

Հոդված 12.

Օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների գործառույթները

 1. Արցախի Հանրապետության դեսպանության գործառույթներն են`

1) ներկայացնել Արցախի Հանրապետությունը համապատասխան օտարերկրյա պետությունում (այսուհետ`  նաև դեսպանընկալ պետություն) և ապահովել պաշտոնական հարաբերություններն այդ պետության հետ,

2) խրախուսել և ամրապնդել Արցախի Հանրապետության ու դեսպանընկալ պետության միջև բարեկամական հարաբերությունները և նպաստել փոխշահավետ կապերի զարգացմանը քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում,

3) պաշտպանել Արցախի Հանրապետության, ինչպես նաև նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները և օրինական շահերը դեսպանընկալ պետությունում,

4) պարզաբանել Արցախի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությունը,

5) նպաստել դեսպանընկալ պետության հետ կնքած միջազգային պայմանագրերի կատարմանը,

6) վարել բանակցություններ դեսպանընկալ պետության իշխանությունների և այդ պետությունում հավատարմագրված դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ,

7) իրականացնել միջազգային իրավունքի նորմերի և Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն հյուպատոսական գործողություններ,

8) օրինական միջոցներով հավաքել, մշակել ու Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տրամադրել տեղեկություններ դեսպանընկալ պետությունում տեղի ունեցող իրադարձությունների, քաղաքական և տնտեսական իրավիճակի մասին,

9) նպաստել Արցախի Հանրապետության և դեսպանընկալ պետության հայ համայնքի համակողմանի կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

2. Միջազգային կազմակերպությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործառույթներն են`

1) ներկայացնել Արցախի Հանրապետությունը համապատասխան միջազգային կազմակերպությունում և ապահովել պաշտոնական հարաբերություններ միջազգային կազմակերպության հետ, ինչպես նաև այդ միջազգային կազմակերպություններում օտարերկրյա պետությունների մշտական ներկայացուցչությունների հետ,

2) պաշտպանել Արցախի Հանրապետության շահերը տվյալ միջազգային կազմակերպությունում,

3) պարզաբանել Արցախի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությունը,

4) նպաստել համապատասխան միջազգային կազմակերպության հետ կամ դրա շրջանակներում կնքած միջազգային պայմանագրերի կատարմանը,

5) վարել բանակցություններ միջազգային կազմակերպության հետ, ինչպես նաև այդ միջազգային կազմակերպություններում օտարերկրյա պետությունների մշտական ներկայացուցչությունների հետ,

6) օրինական միջոցներով հավաքել, մշակել և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տրամադրել տեղեկություններ տվյալ միջազգային կազմակերպությունում տեղի ունեցող գործընթացների մասին:

3. Արցախի Հանրապետության դեսպանությունը և միջազգային կազմակերպությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունն իրականացնում են Արցախի Հանրապետության օրենքներով և (կամ) միջազգային պայմանագրերով իրենց վերապահված այլ գործառույթներ:

 

Հոդված 13.

Օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարումը

 1. Օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը կարող է լինել Արցախի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը (այսուհետ` նաև դեսպան) կամ Արցախի Հանրապետության գործերի հավատարմատարը` տվյալ պետության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ինչպես նաև միջազգային կազմակերպությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչը (այսուհետ`  նաև մշտական ներկայացուցիչ):

2. Դեսպանին և մշտական ներկայացուցչին (այսուհետ՝ նաև դիվանագիտական ներկայացուցիչներ) նշանակում և ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը։

3. Դիվանագիտական ներկայացուցիչները նշանակվում են մինչև չորս տարի ժամկետով, իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո անմիջապես այլ պետությունում դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու դեպքում` մինչև երեք տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել։

4. Արցախի Հանրապետության գործերի հավատարմատարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

5. Օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականություններն ամբողջ ծավալով կատարում է Արցախի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ պաշտոնի նշանակում և ազատում է դեսպանը կամ մշտական ներկայացուցիչը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ տվյալ դիվանագիտական ծառայության մարմնի ամենաբարձր դիվանագիտական պաշտոն զբաղեցնող դիվանագետների թվից:

 

 

Հոդված 14.

Օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի` իր պարտականությունների կատարմանն անցնելու սկիզբը և ավարտը

 1. Դեսպանն իր պարտականությունների կատարմանն է անցնում դեսպանընկալ պետության ղեկավարին այդ պաշտոնում իր նշանակվելու մասին հավատարմագիրը հանձնելուց կամ այդ պետության արտաքին գործերի գերատեսչության ղեկավարին իր նշանակվելու մասին հավատարմագրի կրկնօրինակը հանձնելուց հետո` դեսպանընկալ պետությունում ընդունված կարգի համաձայն:

2. Արցախի Հանրապետության գործերի հավատարմատարն իր պարտականությունների կատարմանն է անցնում այդ պաշտոնում իր նշանակվելու մասին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նամակը դեսպանընկալ պետության արտաքին գործերի գերատեսչության ղեկավարին հանձնելուց անմիջապես հետո կամ այդ պետությունում ընդունված կարգի համաձայն:

3. Մշտական ներկայացուցիչն իր պարտականությունների կատարմանն է անցնում միջազգային կազմակերպության ղեկավարին (գլխավոր քարտուղարին) իր նշանակման մասին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նամակը հանձնելուց հետո:

4. Դեսպանի և մշտական ներկայացուցչի լիազորությունները դադարեցվում են Արցախի Հանրապետության Նախագահի կողմից հետևյալ դեպքերում.

1) իր գործառույթները կատարելու անհնարինության դեպքում.

2) միջազգային իրավունքով նախատեսված դեպքերում.

3) սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 6-8-րդ, 10-14-րդ կետերում և 2-րդ մասում նշված դեպքերում:

5. Մինչև օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության  դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցրած անձը պաշտոնավարության ավարտից հետո թափուր պաշտոնի առկայության դեպքում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում նշանակվում է դիվանագիտական ծառայության պաշտոնի առանց մրցույթի:

6. Մինչև օտարերկրյա պետությունում  Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն չզբաղեցրած անձը պաշտոնավարության ավարտից հետո չի կարող նշանակվել  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական ծառայության պաշտոնի, բացառությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համապատասխան հրամանի:

Հոդված 15.

Հատուկ հանձնարարություններով դեսպանը և հատուկ առաքելությունները

 1. Միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով Արցախը Հանրապետության Նախագահը  կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան կամ ստեղծել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ այլ անձինք:

 

Հոդված 16.

Հյուպատոսական հիմնարկի ստեղծումը, լուծարումը և գործունեության կարգավորումը

 1. Արցախի Հանրապետության հյուպատոսական հիմնարկն ստեղծվում և լուծարվում է  Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով` Արցախի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ և պայմաններով:

2. Արցախի Հանրապետության հյուպատոսական հիմնարկն իր գործունեությամբ ենթակա և հաշվետու է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

3. Արցախի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը տվյալ օտարերկրյա պետությունում իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության դեսպանության անմիջական քաղաքական ղեկավարությամբ:

4. Արցախի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկների գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

 

                                                                                                                            Գ Լ ՈՒ Խ  3

 

                                                                    ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

 

Հոդված 17.

Դիվանագիտական պաշտոնները

 1. Դիվանագիտական պաշտոնները դասակարգվում են ըստ դիվանագիտական հայեցողական պաշտոնների և դիվանագիտական ծառայության պաշտոնների:

2. Դիվանագիտական հայեցողական պաշտոններն են`

1) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ,

2) արտակարգ և լիազոր դեսպան,

3) միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ,

4)  Արցախի Հանրապետության գործերի հավատարմատար,

5) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական,

6) օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդական,

      7) գլխավոր հյուպատոս,

8) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար,     

9) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի օգնական:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պաշտոնները համարվում են դիվանագիտական ծառայության պաշտոններ, եթե այդ պաշտոններում նշանակված անձինք ունեն սույն օրենքին համապատասխան շնորհված դիվանագիտական աստիճաններ:

4. Դիվանագիտական ծառայության պաշտոններն են`

1) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար,

2) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ենթակա մարմնի ղեկավար,

3) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար (վարչության պետ),

4) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ենթակա մարմնի ղեկավարի  տեղակալ,

5) արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար,

6) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանման բաժնի վարիչ (պետ),

7) խորհրդական,

8) հյուպատոս,

9) փոխհյուպատոս,

10) առաջին քարտուղար,

11) երկրորդ քարտուղար,

12) երրորդ քարտուղար,

13) կցորդ:

5․ Սույն հոդվածի 2-րդ մասում և 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված պաշտոն զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, ատեստավորման, վերապատրաստման, նշանակման և ազատման հետ կապված նորմերը:

 

Հոդված 18.

Դիվանագիտական աստիճանները

 1. Դիվանագիտական աստիճանները հատուկ դասային աստիճաններ են, որոնք դիվանագետին շնորհվում են դիվանագիտական ծառայության անցնելիս և ծառայության ընթացքում:

2. Դիվանագիտական աստիճանները բնութագրում են մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորումը:

3. Դիվանագիտական աստիճանները լինում են բարձրագույն դիվանագիտական և դիվանագիտական:

4. Բարձրագույն դիվանագիտական աստիճաններն են`

1) արտակարգ և լիազոր դեսպանի աստիճանը.

2) արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճանը:

5. Դիվանագիտական աստիճաններն են`

1) առաջին դասի խորհրդականի աստիճանը.

2) երկրորդ դասի խորհրդականի աստիճանը.

3) առաջին դասի առաջին քարտուղարի աստիճանը.

4) երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճանը.

5) առաջին դասի երկրորդ քարտուղարի աստիճանը.

6) երկրորդ դասի երկրորդ քարտուղարի աստիճանը.

7) երրորդ քարտուղարի աստիճանը.

8) կցորդի աստիճանը:

 

Հոդված 19.

Դիվանագիտական ծառայության պաշտոնների և դիվանագիտական աստիճանների հարաբերակցությունը

 1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանների ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

 

Հոդված 20.

Դիվանագիտական աստիճաններ շնորհելու իրավասություն ունեցող անձինք

 1. Բարձրագույն դիվանագիտական աստիճանները շնորհում է Արցախի Հանրապետության Նախագահը։

2. Դիվանագիտական աստիճանները շնորհում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը` արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:    

 

Հոդված 21.

Դիվանագիտական աստիճանի շնորհումը

 1. Սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված մրցույթի հիման վրա պաշտոնի նշանակված անձին տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված փորձաշրջանն անցնելուց հետո:

2. Հերթական դիվանագիտական աստիճանը կարող է շնորհվել համապատասխանաբար ավելի ցածր դիվանագիտական աստիճանով հետևյալ ժամկետներում ծառայելու դեպքում.

1) կցորդ, երրորդ քարտուղար` առնվազն երեք տարի.

2) երկրորդ դասի երկրորդ քարտուղար, առաջին դասի երկրորդ քարտուղար, երկրորդ դասի առաջին քարտուղար, առաջին դասի առաջին քարտուղար` առնվազն երկու տարի.

3) երկրորդ դասի խորհրդական` առնվազն երեք տարի:

3. Հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված ատեստավորման արդյունքում մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կողմից՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարին ներկայացված դրական եզրակացության հիման վրա:

4. Բացառիկ դեպքերում ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների և անբասիր աշխատանքի համար մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիվանագետին կարող է շնորհվել արտահերթ՝ ավելի բարձր դիվանագիտական աստիճան կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետից շուտ:

5. Արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհումը կարող է իրականացվել ծառայության ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ:

 

 

Հոդված 22.

Դիվանագիտական աստիճանը պահպանելը և դրանից զրկելը

 1. Դիվանագիտական աստիճանները շնորհվում են ցմահ:

2. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 5-րդ, 9-14-րդ կետերով սահմանված հիմքերով դիվանագիտական ծառայությունից ազատվելու դեպքերում Արցախի Հանրապետության Նախագահը կամ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կարող է պաշտոնից ազատված անձանց զրկել իրենց շնորհած դիվանագիտական աստիճանից:

 

                                                                                                                           Գ Լ ՈՒ Խ  4

 

                                                                                  ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՆ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ

 

Հոդված 23.

Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք

 1. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որը տիրապետում է հայերենին, առնվազն երկու օտար լեզվի, ունի բարձրագույն կրթություն, բավարարում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաստատած` համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջները և չկան նրան պաշտոնի նշանակելու համար սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ:

2. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 24.

Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակման համար սահմանափակումները

 1. Դիվանագիտական ծառայության պաշտոնի չեն կարող նշանակվել այն անձինք, որոնք`

1) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել.

2) դատական կարգով զրկվել են որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը ծառայության ընթացքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ չի մարվել:

2. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակումը սահմանափակող հիվանդությունների ցանկը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 25.

Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը

1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ, 7-րդ և 10-13-րդ կետերում նշված դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու նպատակով՝ այդ պաշտոնները ներքին մրցույթով կամ արտամրցութային կարգով չհամալրվելու դեպքում:

2. Մրցույթ անցկացնելու մասին մրցութային-ատեստավորող հանձնաժողովի հայտարարությունը, մրցույթի դրվող պաշտոնի նկարագիրը և մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հրապարակվում են մրցույթն անցկացնելուց առնվազն մեկ ամիս առաջ առնվազն 500 տպաքանակ ունեցող մամուլով և (կամ) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում:

3. Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի դրված պաշտոնի նկարագրի պահանջներին համապատասխան մասնագիտություն և անհրաժեշտ աշխատանքային ստաժ ունեցողները:

4. Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

 

Հոդված 26.

Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու այլ կարգը

 1. Դիվանագիտական ծառայության պաշտոնը կարող է համալրվել արտամրցութային կարգով, ռոտացիայի հիման վրա և ներքին մրցույթով:

2. Դիվանագիտական ծառայության պաշտոնն արտամրցութային կարգով համալրվում է հետևյալ դեպքերում.

1)  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միևնույն կառուցվածքային ստորաբաժանումում այլ պաշտոնի նշանակվելու դեպքում, եթե դիվանագետը բավարարում է տվյալ պաշտոնի նկարագրի պահանջները և ունի այդ պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը.

2) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ենթակա մարմնից կառուցվածքային ստորաբաժանումում, կառուցվածքային ստորաբաժանումից ենթակա մարմնում կամ մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանումում հավասարազոր պաշտոնի նշանակվելու դեպքում.

3) օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության ընթացքում ավելի բարձր պաշտոնի նշանակվելու դեպքում, եթե դիվանագետը բավարարում է այդ պաշտոնի նկարագրի պահանջները և ունի անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը.

4) սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերում  նշված պաշտոններից ազատվելիս  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում և ենթակա մարմնում պաշտոնի նշանակվելու դեպքում, եթե դիվանագետը բավարարում է տվյալ պաշտոնի նկարագրի պահանջները և ունի այդ պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը.

5) սույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքով ծառայությունը վաղաժամկետ դադարելիս օտարերկրյա պետությունում  Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնից  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում կամ ենթակա մարմնում հավասարազոր պաշտոնի նշանակվելու դեպքում.

6) սույն օրենքի 31-րդ հոդվածի համաձայն պետական կառավարման այլ մարմին գործուղված դիվանագետին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում կամ ենթակա մարմնում հավասարազոր պաշտոնի նշանակվելու դեպքում գործուղման ժամկետի ավարտից հետո.

7)   Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ Արցախի Հանրապետության համար հատկացված քվոտաների շրջանակում օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ ուսումը բարձր ցուցանիշներով ավարտած անձանց պաշտոնի նշանակվելու դեպքում՝ մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա.

8)  սույն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում նշված անձանց պաշտոնի նշանակվելու դեպքում:

3. Դիվանագիտական ծառայության պաշտոնը համալրվում է ռոտացիայի կարգով՝ սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնից Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում կամ ենթակա մարմնում հավասարազոր պաշտոնի նշանակվելու դեպքում:

4. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնը համալրվում է ներքին մրցույթով, եթե այն չի համալրվել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն:

5. Ներքին մրցույթին կարող են մասնակցել այն դիվանագետները, որոնք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճան, ինչպես նաև դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կադրերի ռեզերվում գրանցված անձինք:

6. Ներքին մրցույթը հայտարարվում է մրցույթի անցկացումից առնվազն մեկ ամիս առաջ:

7. Ներքին մրցույթի անցկացման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

 

Հոդված 27.

Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակումը

 1. Դիվանագիտական ծառայության պաշտոնները զբաղեցվում են անժամկետ:

2. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակումը կատարվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով` սույն օրենքով սահմանված դեպքերում մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա, այդ եզրակացությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում: 

 

Հոդված 28.

Փորձաշրջանը

 1. Առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձը պաշտոնի նշանակվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով:

2. Փորձաշրջանի ընթացքում ստուգվում է անձի համապատասխանությունը զբաղեցվող պաշտոնին:

3. Փորձաշրջանի ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ եզրակացություն է տալիս համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:

4. Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում փորձաշրջան անցնող անձին այդ մասին հայտնվում է գրավոր:

 

Հոդված 29.

Դիվանագետի երդումը

 1. Սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված փորձաշրջանի ավարտից հետո առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձը մրցութային-ատեստավորող հանձնաժողովի նիստում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ներկայությամբ տալիս է հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ստանձնելով Արցախի Հանրապետության դիվանագետի պաշտոնը` հանդիսավոր երդվում եմ հավատարմորեն ծառայել Արցախի Հանրապետությանը և հայ ժողովրդին, պահպանել Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, արժանապատվորեն կրել դիվանագետի բարձր կոչումը»:

2. Դիվանագետը ստորագրում է երդման տեքստը, և նրան հանդիսավորությամբ շնորհվում է Արցախի Հանրապետության դիվանագետի վկայական, որի ձևը սահմանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ. ՌՈՏԱՑԻԱՆ, ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ

 

Հոդված 30.

Դիվանագետի ռոտացիան

 1. Առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակված դիվանագետի ծառայությունը սկսվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում:

2. Դիվանագետի ծառայությունը ընթանում է ռոտացիայի սկզբունքով՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում առնվազն երկու տարի և օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում՝ երկու տարի իրար հաջորդող աշխատանքային փուլերով:

3. Օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության ժամկետն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել, սակայն մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:

4. Օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության ընթացքում դիվանագետի համաձայնությամբ թույլատրվում է դիվանագետի տեղափոխումն օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության այլ մարմին ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով, պայմանով, որ պահպանվեն սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետները:

 5. Չի թույլատրվում օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում աշխատանքային փուլի ժամկետը լրանալուց անմիջապես հետո դիվանագետի նշանակումն օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մեկ այլ մարմնում:

6. Օտարերկրյա պետությունում գործող Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետի ծառայությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել`

1) անձնական դիմումի համաձայն.

2) իր գործառույթները կատարելու անհնարինության դեպքում.

3) միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ հանգամանքներ առաջանալու դեպքում.

4) ծառայողական անհրաժեշտության դեպքում:

7. Ռոտացիայի համար հավասարազոր պաշտոնների ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

8. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, և 4-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերում նշված պաշտոններից օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում նշանակում կատարվում է, եթե դիվանագետն ունի այդ պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը:

 

Հոդված 31.

Գործուղումը

 1. Դիվանագետն իր համաձայնությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից կարող է գործուղվել  Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և պետական կառավարման համակարգի մարմիններ՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և նշված մարմինների միջև պայմանավորվածության դեպքում:

2. Գործուղման ժամանակահատվածում դիվանագետը համարվում է դիվանագիտական ծառայության մեջ, և նրա վրա տարածվում են սույն օրենքով դիվանագետի համար սահմանված բոլոր իրավունքները և պարտականությունները:

3. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից և պետական կառավարման համակարգի մարմիններից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և նշված մարմինների միջև պայմանավորվածության դեպքում:

4. Գործուղման կարգը, պայմանները և դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը սահմանում է  Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

                                                                                                                        Գ Լ ՈՒ Խ  6

 

                                                         ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

 

Հոդված 32.

Դիվանագետի ատեստավորումը

 1. Դիվանագետի ատեստավորումն իրականացնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովը դիվանագետին դիվանագիտական աստիճան շնորհելու, 17-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ, 7-րդ, և 4-րդ մասի 5-13-րդ կետերում նշված պաշտոն զբաղեցնող դիվանագետի՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով:

2. Ատեստավորումն իրականացվում է հարցազրույցի միջոցով, եթե մրցութային-ատեստավորող հանձնաժողովն այլ որոշում չի կայացնում:

3. Օտարերկրյա պետություններում  Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագետի ատեստավորումն իրականացվում է փաստաթղթային ուսումնասիրության միջոցով, եթե մրցութային-ատեստավորող հանձնաժողովն այլ որոշում չի կայացնում:

4. Դիվանագետի արտահերթ ատեստավորում կարող է իրականացվել դիվանագետի հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո՝ սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արտահերթ կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան շնորհելու դեպքում:

5. Դիվանագետի ատեստավորման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:    

 

Հոդված 33.

Դիվանագետի վերապատրաստումը

 1. Դիվանագետի վերապատրաստումն իրականացվում է դիվանագետի դիմումով կամ սույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն իրականացված ատեստավորման արդյունքում մրցութային-ատեստավորող հանձնաժողովի որոշման հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում, օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատությունում կամ միջազգային կազմակերպությունում կազմակերպվող դասընթացներին մասնակցության միջոցով:

2. Դիվանագետի վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության` պետական բյուջեով հաստատված միջոցների հաշվին, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին` նրանց հրավերով, ինչպես նաև  Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

3. Օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատությունում կամ միջազգային կազմակերպությունում կազմակերպվող դասընթացների ժամկետը վեց ամիսը գերազանցելու դեպքում դիվանագետի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև կնքվում է պայմանագիր վերապատրաստման պայմանների մասին:

 4. Դիվանագետի վերապատրաստման կարգը և սույն հոդվածի 3-րդ մասում նշված պայմանագրի ձևը սահմանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը: 

 

Հոդված 34.

Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվը

 1. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են այն դիվանագետները, որոնք ազատվել են զբաղեցրած պաշտոնից հետևյալ հիմքերով.

1) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ որպես միջազգային ծառայողներ միջազգային կազմակերպություններում աշխատանքի անցնելը.

2) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ մեկ տարուց ավելի ժամկետով ուսանելը կամ գիտական գործունեությամբ զբաղվելը.

3) սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

4) սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերում սահմանված հիմքով դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատվելը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված հիմքով դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում անձը գրանցվում է մեկ տարի ժամկետով դիվանագիտական ծառայության զբաղեցրած պաշտոնից ազատվելու հիմքերը դադարելու, իսկ 4-րդ կետում նշված հիմքով՝ պաշտոնից ազատվելու օրվանից:

3. Կադրերի ռեզերվում գրանցված անձը կարող է մասնակցել սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված ներքին մրցույթին:

4. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը հաշվարկվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ:

5. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում դիվանագետներին գրանցելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

 

                                                                                                                              Գ Լ ՈՒ Խ  7

     

                                                            ՄՐՑՈՒԹԱՅԻՆ-ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 35.

Մրցութային-ատեստավորող հանձնաժողովը

 1. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ, ներքին մրցույթ, ատեստավորում անցկացնելու նպատակով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ստեղծվում է մրցութային-ատեստավորող հանձնաժողով:

2. Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

 

Հոդված 36.

Էթիկայի հանձնաժողովը

 1. Դիվանագիտական ծառայության ընթացքում դիվանագիտական ծառայողի կողմից վարքագծի կանոնների խախտումը ուսումնասիրելու նպատակով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ստեղծվում է էթիկայի հանձնաժողով:

2. Էթիկայի հանձնաժողովը քննում և լուծում է դիվանագետի վարքագծի կանոնների խախտումների վերաբերյալ դիմումները և դրանց առնչությամբ առաջարկություններ ներկայացնում իրավասու մարմին կամ պաշտոնատար անձին։

3. Դիվանագետի վարքագծի կանոնները, էթիկայի հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

 

                                                                                                                                    Գ Լ ՈՒ Խ  8

 

                                                  ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հոդված 37.

Դիվանագետների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները

 1. Ծառայողական պարտականությունները, հատուկ առաջադրանքները լավագույնս կատարելու, երկարամյա ծառայության, անբասիր աշխատանքի, ծառայության մեջ ունեցած նվաճումների համար դիվանագետի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները.

1) շնորհակալության հայտարարում․

2) միանվագ դրամական պարգևատրում․

3) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշամեդալով, մեդալով պարգևատրում․

4) հուշանվերով պարգևատրում․

5) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում․

6) կարգապահական տույժի հանում․

7) օրենքով սահմանված խրախուսանքի այլ միջոցներ:

2. Խրախուսանքի միջոցները կիրառում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

3. Օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ կիրառում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում նշված խրախուսանքի միջոցները:

4.  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշամեդալով, մեդալով պարգևատրման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

 

Հոդված 38.

Դիվանագետների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ անպատշաճ կատարելու, ծառայողական լիազորությունները գերազանցելու, աշխատանքային կարգապահության կանոնները և դիվանագետի էթիկայի կանոնները խախտելու դեպքում դիվանագետի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) նախազգուշացում․

2) նկատողություն․

3) խիստ նկատողություն:

2. Կարգապահական տույժերը կիրառում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

3. Օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը կարգապահական տույժերը կիրառում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ:

4. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական խախտում թույլ տված անձից պահանջվում է գրավոր բացատրություն:

5. Կարգապահական տույժը չի կիրառվում, եթե կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից անցել է երեք ամիս, իսկ կարգապահական խախտում կատարելու օրվանից՝ վեց ամիս:

6. Կարգապահական տույժ կիրառելու մասին անձին հաղորդվում է կարգապահական տույժ կիրառելուց հետո` եռօրյա ժամկետում:

7. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

8. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժ չի կիրառվել, ապա անձը համարվում է կարգապահական տույժի չենթարկված:         

Հոդված 39.

Դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատման հիմքերը

 1. Դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատման հիմքերն են.

1) անձնական դիմումը.

2) Արցախի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

3) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

4) դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը.

5) սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.

6) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը (բացառությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդի).

7) ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությամբ տառապելը.

8) հաստիքների կրճատումը և (կամ) դիվանագիտական ծառայության մարմնի լուծարումը.

9)ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին մրցութային-ատեստավորող հանձնաժողովի որոշումը.

10) դիվանագետի վարքագծի կանոնները խախտելը.

11) սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները խախտելը.

12) ազատազրկման դատապարտելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը.

13) անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դատարանի որոշումը.

14) դատական կարգով դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

15) դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու` սույն օրենքով սահմանված կարգը խախտելը.

16) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

17) օրենքով սահմանված այլ հիմքերով:

2. Դիվանագետի պարտականությունները դադարում են նրա մահվան դեպքում:

 

Հոդված 40.

Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

 1. Դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարության առավելագույն տարիքը լրանալու դեպքում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով դիվանագետը կարող է մինչև երեք տարի ժամկետով շարունակել պաշտոնավարել:

 

                                                                                                                                  Գ Լ ՈՒ Խ  9

 

                                                                           ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 41.

Դիվանագետի իրավունքները

 1. Դիվանագետի իրավունքներն են`

1) «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված իրավունքները,

2) իր լիազորությունների շրջանակներում որոշումներ ընդունելը՝ անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով անմիջական ղեկավարի հետ, և հարցերի քննարկումներին մասնակցելը,

3) աշխատանքի, աշխատավարձի, առողջության պաշտպանությունը, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններով ապահովվածությունը,

4) սոցիալական ապահովությունը,

5) սահմանված կարգով դիվանագիտական աստիճանի բարձրացումը,

6) վերապատրաստումը,

7) մրցույթի և ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում` դատական կարգով,

8) դիվանագիտական ծառայության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը։

 

Հոդված 42.

Դիվանագետի պարտականությունները

 1. Դիվանագետի պարտականություններն են`

1) «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պարտականությունները,

2) մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները մշտապես կատարելագործելը,

3) իր իրավասությունների շրջանակում մարդու և քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելը,

4) իր լիազորությունների շրջանակներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելն ու օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալը,

5) պետական, ծառայողական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքն օրենքով սահմանված կարգով պահպանելը, այդ թվում` դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատվելուց հետո` օրենքով նախատեսված ժամկետի ընթացքում,

6) դիվանագետի վարքագծի կանոնները պահպանելը:

 

Հոդված 43.

Դիվանագիտական ծառայության հետ կապված սահմանափակումները

 1. Դիվանագետն իրավունք չունի`

1) կատարելու այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից,

2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ,

3) խախտելու քաղաքական զսպվածության սկզբունքը` զբաղվելու կուսակցական գործունեությամբ կամ իր ծառայողական դիրքը կամ աշխատանքային միջոցներն օգտագործելու կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու,

4) խախտելու պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` օրենսդրությամբ սահմանված պահանջները, այդ թվում` հրաժարվելու գաղտնիքին առնչվելու թույլտվության ձևակերպման սահմանված ընթացակարգն անցնելը,

5) ստանալու հոնորար իր ծառայողական պարտականությունների կատարումից բխող` իր նախապատրաստած հրապարակումների կամ ելույթների համար,

6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու դիվանագիտական ծառայության մարմնի նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքն ու ծառայողական տեղեկատվությունը,

7) իր ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ընդունելու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի,

8) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը ծառայության մեջ է, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից:

2. Դիվանագետին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, վերջինիս զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

3. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, դիվանագետը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման:

4. Դիվանագիտական ծառայողի լիազորությունների իրականացման հետ կապված պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող սույն հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետում նշված աշխատանքի հանդեպ:

5. Դիվանագետն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտներ:

 

Հոդված 44.

Դիվանագետների սոցիալական երաշխիքները

 1. Պետությունը դիվանագիտական ծառայողի համար երաշխավորում է`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ,

2) ամենամյա վճարովի արձակուրդ,

3) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայելու ընթացքում բժշկական ապահովագրություն, ներառյալ՝ նրա ընտանիքի անդամների համար, Արցախի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին` ըստ բժշկական ապահովագրության պայմանագրերի,

4) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը, ինչպես նաև դրա համար նախատեսվող աշխատավարձը,

5) ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ստացած հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում՝ նրա ընտանիքի անդամներին, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան նպաստներով ապահովում` պատճառված վնասի միաժամանակյա փոխհատուցմամբ,

6) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նրա դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովումը բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից,

7) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցումը,

8) օրենքով սահմանված այլ երաշխիքներ։

 

Հոդված 45.

Դիվանագետի վարձատրությունը և դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումը

1. Դիվանագետների վարձատրության հետ կապված հարաբերությունները և առանձնահատկությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

2. Օտարերկրյա պետությունում գործող  Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին աշխատավարձից բացի, վճարվում է ամսական փոխհատուցում օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի համար՝ համաձայն տվյալ երկրի կենսամակարդակի հիման վրա հաշվարկված գործակցի՝  Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափով:

3. Նույն դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետ ամուսինների ծառայության դեպքում ավելի ցածր պաշտոն զբաղեցնող ամուսինն ստանում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոխհատուցումը` 50 տոկոսի չափով:

4. Օտարերկրյա պետությունում գործող  Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին վճարվում է փոխհատուցում նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար` սույն հոդվածի 2-րդ մասում նշված փոխհատուցման 10 տոկոսի չափով:

5. Դիվանագետի ամուսնու համար սույն հոդվածի 4-րդ մասում նշված փոխհատուցումը չի վճարվում, եթե նա օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում, սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, զբաղեցնում է դիվանագիտական ծառայության պաշտոն կամ եթե սույն օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անցնում է աշխատանքի դեսպանընկալ պետությունում:

6. Օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի հետ բնակվող երեխաների` հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսման ծախսերը հոգալու նպատակով դիվանագետին վճարվում է փոխհատուցում` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով, մինչև երեխայի 18 տարին լրանալը:

7. Օտարերկրյա պետությունում  Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին տրամադրվում է նրա դիվանագիտական աստիճանին, զբաղեցրած պաշտոնին և ընտանիքի անդամների թվին համապատասխան բնակարանի համար փոխհատուցում Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափով:

8. Օտարերկրյա պետությունում  Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Արցախի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու և օտարերկրյա պետությունից Արցախի Հանրապետություն վերադառնալու ծախսերը, ներառյալ՝ անձնական օգտագործման ուղեբեռի և տրանսպորտային միջոցի տեղափոխման ծախսերը փոխհատուցվում են Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարին և նրա ընտանիքի անդամներին՝ ծառայության յուրաքանչյուր տարվա ընթացքում մեկ անգամ, իսկ դիվանագիտական ծառայության մարմնում ծառայություն անցնող դիվանագետին և նրա ընտանիքի անդամներին ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ վճարվում է Արցախի Հանրապետությունում արձակուրդն անցկացնելու համար ճանապարհածախսը:

10. Սույն հոդվածի իմաստով օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը և մինչև 18 տարեկան երեխաները:

 

Հոդված 46.

Օտարերկրյա պետություն ծառայության մեկնած դիվանագետի ամուսնու իրավունքները

 1. Օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի ամուսինն օտարերկրյա պետությունից վերադառնալուց հետո պետական հիմնարկներում վերականգնվում է իր զբաղեցրած պաշտոնում կամ այլ հավասարազոր պաշտոնում` մինչև օտարերկրյա պետություն մեկնելն ստացած աշխատավարձից ոչ պակաս աշխատավարձով, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

2. Օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվարկվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Դիվանագետի ամուսինը կարող է աշխատել դեսպանընկալ պետությունում, որտեղ ծառայում է նրա ամուսինը, եթե դա նախատեսված է Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ թույլատրվում է տվյալ երկրի օրենսդրությամբ՝ նախապես տեղեկացնելով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

 

                                                                                                                         Գ Լ ՈՒ Խ  10

 

                                                                                                  ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ

 

Հոդված 47.

Արցախի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը

1․ Արցախի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրվող` անձը հաստատող փաստաթուղթ է, որը հաստատում է, որ դրա կրողը դիվանագետ կամ, սույն օրենքի 48-րդ հոդվածի համաձայն, այն կրելու իրավունքն ունեցող անձ է:

 

Հոդված 48.

Դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեցող անձինք

 1. Արցախի Հանրապետության դիվանագիտական անձնագիր տրվում է՝

1) Արցախի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովի նախագահին, պետական նախարարին և նրանց ընտանիքների անդամներին,

2) Արցախի պաշտոնաթող նախագահին,

3)  Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդին,

4) Կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի անդամներին, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիների ղեկավարներին, Արցախի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին,

5)  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում և դրան ենթակա մարմնում պաշտոն զբաղեցնող անձանց՝ ծառայողական գործուղումների նպատակով,

6) օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագիտական ներկայացուցիչներին, դիվանագետներին, սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-6-րդ մասերում նշված ներկայացուցիչներին և ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին՝ ամուսնուն և մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող զավակներին, նրանց հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:

Հոդված 49.

Դիվանագիտական անձնագիր տալու և հետ վերցնելու կարգը

1. Դիվանագիտական անձնագրի վավերականության ժամկետը հինգ տարի է:

2. Պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագիրը հանձնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

3. Սույն օրենքի պահանջներին համապատասխան` Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է անվավեր:

4. Դիվանագիտական անձնագիր տալու, հաշվառելու, հետ վերցնելու և անվավեր հայտարարելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

 

                                                                                                                              Գ Լ ՈՒ Խ  11

 

                                                                        ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 50.

Դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորումը

 1. Դիվանագիտական ծառայության մարմինները ֆինանսավորվում են Արցախի Հանրապետության պետական բյուջեից:

2. Օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները պետական բյուջեի միջոցներից բացի, կարող են ֆինանսավորվել նաև այլ աղբյուրներից`  Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

                                                                                                                           Գ Լ ՈՒ Խ  12

 

                                                                                               ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 51․ Անցումային դրույթներ

 

1. Մինչև 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին և 1963 թվականի հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիաների համաձայն լիարժեք դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների հաստատումը՝ օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը ներկայացնում է Արցախի Հանրապետությունը և պաշտպանում նրա օրինական  շահերը սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված իր լիազորությունների շրջանակներում։

2. Օտարերկրյա պետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության  վրա սույն օրենքի դրույթները տարածվում են այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են:

 

Հոդված 52. Օրենքի ուժի մեջ  մտնելը

 

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2․Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Դիվանագիտական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-238 օրենքը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                        Բ. ՍԱՀԱԿՅԱՆ