ԼՈՒՐԵՐ
ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների նիստ
26 նոյեմբերի 2018

 

Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Արամ Գրիգորյանը:

Նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և  ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:

Քննարկվել են «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, Էներգետիկ համակարգի, բնապահպանության և բնական ռեսուրսների, խմելու և ոռոգման  ջրի ու այլ ոլորտների ֆինանսավորման հարցերը:

Ներկայացնելով 2019թ-ին կապիտալ ներդրումներ պետական պատվերի ծրագիրը՝ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը նշել է, որ նախատեսված է 19մլրդ 86մլն դրամ, 2018թ-ի 18մլրդ 340մլն դրամի փոխարեն: Նախարարը, ի թիվս այլ ծրագրերի, գալիք տարվա մեծամասշտաբ նախագծերից առանձնացրեց Արցախի պետական համալսարանի շենքի և դրա հարակից տարածքի կառուցապատման աշխատանքները, որոնք նախատեսված է ավարտին հասցնել 2020թ-ին, և 2019թ-ի չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների համադաշնության հունիսին անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը:

Քաղաքաշինության նախարարը պատասխանել է նաև Ասկերանի մայրուղու վերանորոգմանը, ջրամատակարարման ոլորտում իրականացվող աշխատանքներին, դպրոցների վերանորոգմանը վերաբերող այս և այլ հարցերի:

Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի խոսքով՝ հաջորդ տարի գյուղատնտեսության ոլորտին կհատկացվի 4 մլրդ 779մլն, ընթացիկ տարվա 4մլրդ 504 մլն-ի փոխարեն:

Նախարարը պարզաբանումներ է տվել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման արդյունավետության, արոտավայրերի կառավարման համակարգերի, գյուղատնտեսական սերմերի տրամադրման գումարների սուբսիդավորման, ժամանակակից կոոպերացիոն համակարգի ներդրմանը և այլ թեմաների վերաբերյալ:

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքերի նախարար Լևոն Գրիգորյանի խոսքով 2019 թ-ին ոլորտին հատկացվելու է շուրջ 3, 5 մլրդ դրամ, որը գրեթե անփոփոխ է 2018թ-ի համեմատ: Պատգամավորները նախարարին են առաջադրել Արցախի ատլասի վերահրատարակմանը, էլեկտրաէներգիայի արտահանման գներին, բնական գազի սակագներին, հայեցողական աշխատողների պարգևավճարներին վերաբերող հարցեր:

Հաջորդ տարի բնապահպահպանության և բնական ռեսուրսների նախարարության պահպանման ծախսը, համաձայն նախարար Ֆելիքս Գաբրիելյանի, կկազմի342 մլն դրամ, ընթացիկ տարվա 331մլն-ի փոխարեն: Գումարը կծախսվի 7 ծրագրի իրականացման համար: Բյուջեի ներկայացումից հետո, նախարարը պատասխանել է մակերևույթային և ստորերկրյա ջրերի ուսումնասիրությանը, հիդրոէլեկտրակայանների գործունեության վերահսկողությանը և բնապահպանական մի շարք  այլ խնդիրներին վերաբերող հարցերի:

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական  հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի փոխանցմամբ՝  գալիք տարում հանձնաժողովի պահպանման ծախսը կկազմի 200մլն 770 հազ: Ավելացումը, հանձնաժողովի նախագահի խոսքով, պայմանավորված է աշխատավարձերի բնականոն աճով և հանձնաժողովի՝ նոր շենքի պահպանման ծախսերով: Հակոբ Ղահրամանյանի խոսքով գալիք տարում Աժ կողմից համապատասխան օրենքի ընդունման դեպքում հանձնաժողովը նախատեսում է հանրային ծառայությունների ոլորտում սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների 1 տոկոսի չափով ֆինանսավորում: Հանձնաժողովի նախագահը նաև պարզաբանումներ է տվել հեռախոսային կապի ռոումինգ ծառայության, ՀԷԿ-երի հետ կնքած պայմանագրերի թեմաներով:

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ծախսը 2019թ-ին կկազմի 1,5 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 200 մլն դրամով: Խոսելով հիմնադրամի ծրագրերի մասին՝ Տիգրան Ծատրյանը մանրամասնել է վարկերի վերադարձելիությանը, անասնապահության զարգացման ծրագրերի արդյունավետությանը, «ԱՐԻ» ծրագրին վերաբերող հարցեր:

Արցախի ներդրումային հիմնադրամի նախագահ Քաջիկ Խաչատրյանի ներկայացմամբ՝ հիմնադրամի ծախսը հաջորդ տարի հաշվարկվել է 4մլրդ դրամ: Պատգամավորները հիմնադրամի նախագահին են առաջադրել գյուղաբնակներին տրամադրվող գումարների չափերի ավելացմանը, պայմանագրերի ժամկետների երկարացմանը վերաբերող հարցեր:

 

 

ԼՈՒՐԵՐ