ԼՈՒՐԵՐ
ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
23 նոյեմբերի 2018

Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին մշտական հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը և Արամ Գրիգորյանը:

Ներկայացնելով Արտաքին գործերի նախարարությանը 2019թ.-ի պետական բյուջեով հատկացվելիք գումարը, նախարար Մասիս Մայիլյանը նշել է, որ այն կկազմի 787մլն դրամ, որն ընթացիկ տարվա բյուջեից ավել է 3,8մլն դրամով: Նման փոփոխության պատճառը, նախարարի խոսքով, կապված է ատարժույթի փոխարժեքի տատանման հետ:

Աժ պատգամավորները Մասիս Մայիլյանին են առաջադրել Արցախի սահմանային անցակետերում վիզաների տրամադրման հնարավորությանը, արտաքին քարոզչական ծրագրերին, բուհերում պետպատվերի առաջարկի ձևավորման թեմային վերաբերող մի շարք այլ հարցեր:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, խոսելով գալիք տարում զբոսաշրջության ոլորտի բյուջեի մասին, նշել է, որ այն կկազմի շուրջ 25մլն դրամ, որը ընթացիկ տարվա համեմատ անփոփոխ է: Նախարարի ներկայացմամբ՝ 2018թ-ի  տասը ամսվա հաշվարկով զբոսաշրջիկների թիվը 27089 է, նախորդ  ողջ տարվա 23000-ի համեմատ:

Լեռնիկ Հովհաննիսյանը պատասխանել է զբոսաշրջության խթանման նպատակով համացանցի հնարավորությունների օգտագործմանը, ֆիլմերի և գովազդային հոլովակների պատրաստմանը, ոլորտի հայեցակարգային ծրագրի մշակմանը վերաբերող պատգամավորների առաջադրած հարցերին:

ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ծախսը, խորհրդի նախագահ Արսեն Առստամյանի փոխանցմամբ, կազմելու է 27մլն 958հազ 100 դրամ, ինչն ընթացքիկ տարվա համեմատ անփոփոխ է:

Արսեն Առստամյանը պարզաբանումներ է տվել եթերաժամի ավելացման, նոր հեռուստառադիոծրագրերի ստեղծման և այլ հարցերի վերաբերյալ:

«Ազատ Արցախ» թերթի խմբագիր Նորեկ Գասպարյանը, ներկայացնելով պետական բյուջեից թերթին հատկացված գումարը՝ նշել է, որ 2019թ.-ին այն 8 մլն-ով կավելանա՝ կազմելով 94մլն 120հազ դրամ: Նորեկ Գասպարյանը նաև խոսել է թերթի արտաքին տեսքի հնարավոր փոփոխության, տպագրության որակի մասին և պատասխանել պատգամավորների հնչեցրած հարցերին:

 

ԼՈՒՐԵՐ