ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 8-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2018Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են 31 պատգամավորներ, բացակա՝ 2-ը:
Ժամը 11:00
Աշոտ Ղուլյան - Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, նիստի հարգարժան մասնակիցներ, հրավիրվածներ: 6-րդ գումարման Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում շարունակվում է մնալ օրենսդրական աշխատանքը և այդ ուղղությամբ խորհրդարանի մշտական հանձնաժողովներում նախորդ՝ սեպտեմբերյան լիագումար նիստից հետո, տեղի են ունեցել քննարկումներ՝ նախապատրաստելով օրինագծերը լիագումար նիստի օրակարգ ձևավորելու նպատակով: Հարկ եմ համարում նշել, որ այս ընթացքում Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված կարգով, շրջանառության մեջ են դրվել նոր օրինագծեր և, որպես դրական երևույթ, ուզում եմ հատուկ նշել, որ այդ նախագծերի ցանկում նկատելի թիվ են կազմում պատգամավորական նախաձեռնության կարգով ներկայացվածները: Մենք պատրաստ էինք նաև նախորդ շաբաթվա ընթացքում հրավիրել Ազգային ժողովի հերթական նիստը, բայց հաշվի առնելով Կառավարության առաջարկը՝ հանձնաժողովային քննարկում անցած նախագծերի ցանկը համարեցինք անհետաձգելի քննարկման առաջարկված Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս պահին, կարծես, մենք պատրաստ ենք նշված հարցերին և ոչ միայն դրանց, անդրադառնալ Ազգային ժողովի լիագումար նիստում: Մինչև պատգամավորների գրանցման անցնելը, ուզում եմ հիշեցնել, որ վերջերս՝ հոկտեմբերի 7-ին, հանրապետության թիվ 2 ընտրատարածքում անց են կացվել Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ և կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքներով պատգամավոր է ընտրվել Արամ Ալեքսեյի Սարգսյանը: Բոլորիս անունից ուզում եմ շնորհավորել նորընտիր պատգամավորին և մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ:
Ծափահարություններ:
Իսկ այժմ պատգամավորական երդման համար հրավիրում եմ պարոն Արամ Սարգսյանին ամբիոնի մոտ, խնդրեմ:
Արամ Սարգսյան - Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման` Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Արցախի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:
Աշոտ Ղուլյան – Խնդրում եմ, ստորագրեք: Շնորհակալություն, կարող եք նստել: Նորից շնորհավորում եմ մեր նորընտիր պատգամավորին՝ լիազորությունները ստանձնելու կապակցությամբ և ուզում եմ արձանագրենք, որ 6-րդ գումարման Ազգային ժողովն այս պահից աշխատում է լրիվ կազմով՝ 33 պատգամավորներով: Իսկ այժմ այս արարողությունից հետո, խնդրում եմ պատգամավորներին գրանցվել: Գրանցում: Գրանցման, արդյունքներով ներկա՝ 31 պատգամավոր, բացակա են մեր երկու գործընկերները, հարգելի պատճառներով՝ նախապես, իհարկե տեղյակ էին պահել, որ այս պահին հանրապետության տարածքում չեն: Ամեն դեպքում Ազգային ժողովի այսօրվա լիագումար նիստը հայտարարում եմ բացված և նախքան կանոնակարգով նախատեսված հարցերին անդրադառնալը, ուզում եմ՝ երկու հայտարարություն: Առաջին՝ ուզում եմ հիշեցնել, որ մենք աշխատում մենք ուղիղ եթերի ռեժիմով և երկրորդ՝ մենք ունենք Ժողովրդավարություն խմբակցության գրավոր դիմումը, որով հայտնվում է խմբակցության կազմի փոփոխության մասին՝ ղեկավարվելով Ազգային ժողովի կանոնակարգ Արցախի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով տեղեկացնում ենք, որ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը՝ թիվ 11 ընտրատարածք, իր դիմումի համաձայն ընդգրկվել է Ժողովրդավարության խմբակցության կազմում, առայժմ խմբակցության փոփոխության մասով այսքանն է: Իսկ հիմա մենք կարող ենք անցնել մեր օրակարգերի հաստատմանը:
Վահրամ Բալայան – Հարգելի գործընկերներ, նստաշրջանի օրակարգի ներկայացման համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ պարոն Ղուլյանին:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, մենք բոլոր լիագումար նիստերի մեկնարկին, նախ և առաջ անդրադառնում ենք նստաշրջանի, այսինքն՝ մեծ օրակարգին: Այդ օրակարգի նախագիծը ձեզ բաժանված է, որպես Ազգային ժողովի որոշման նախագիծ, ես, որպեսզի նորից չթվարկեմ և նորից չկարդամ բոլոր անվանումները, ուզում եմ կարճ հիշեցնել, որ նստաշրջանի օրակարգում ներառում են այն հարցերը, որոնք Ազգային ժողովում շրջանառության մեջ են և համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի արդեն անցել են քննարկման նախնական փուլերը և Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում ստացել են համապատասխան եզրակացությունները և երաշխավորվել են լիագումար նիստին: Իհարկե, նստաշրջանի օրակարգում ներառելու համար առաջարկվում են նաև այն հարցերը, որոնք պարտադիր քննարկման ենթակա են: Այդպիսի հարցեր մենք ունենք՝ երկուսը, մեկը՝ վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին հարցն է, մյուսը՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան ընտրելու հարցն է և մնացած բոլոր հարցերը այն օրինագծերն են, որոնք երկրորդ բաժնում ներառված են, որպես այն օրենքի նախագծեր, որոնք արդեն ունեն գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը: Այսպիսինն է մեր այսօրվա համալրումը նստաշրջանի օրակարգում:
Վահրամ Բալայան – Եթե հարցեր կան, խնդրեմ: Չկան, իսկ առաջարկությո՞ւն: Չկան: Քվեարկենք:
Աշոտ Ղուլյան – Շատ Լավ, քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման 8-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին: Քվեարկություն:
Վահրամ Բալայան – Այժմ նիստի օրակարգի ներկայացման համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ պարոն Ղուլյանին:
Աշոտ Ղուլյան – Կողմ՝ 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի այսօրվա լիագումար նիստի օրակարգի համար առաջարկվում են այն հարցերը, որոնք քիչ առաջ մենք ներառել ենք նստաշրջանի օրակարգում և այստեղ, բացի նստաշրջանի օրակարգում ներառված հարցերից երկու լրացուցիչ հարցեր ունենք՝ դրանք նախորդ նիստում առաջին ընթերցման ռեժիմով անցած և քվեարկված օրենքի նախագծերն են, մյուս բոլոր հարցերը ձեզ արդեն ծանոթ են նախորդ օրակարգը ներկայացնելուց և ինչպես, սովորաբար լինում է կանոնակարգով նախատեսված կերպով, այսօրվա լիագումար նիստում ներառված է նույնպես պատգամավորական հայտարարությունների մասին հարցը: Այսպիսինն է այսօրվա լիագումար նիստի օրակարգը:
Վահրամ Բալայան – Եթե հարցեր կան, խնդրեմ: Առաջարկությո՞ւն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Մենք անցնում ենք այսօրվա լիագումար նիստի օրակարգի քվեարկությանը և հաստատմանը: Ազգային ժողովի որոշման նախագիծը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2018թ. հոկտեմբերի 31-ի նիստի օրակարգի մասին: Քվեարկություն: Կողմ՝ 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Մենք այսօրվա լիագումար նիստի օրակարգը հաստատել ենք և, քանի որ մենք արդեն նոր կանոնակարգով՝ Սահմանադրությունից հետո, ընդունված փոփոխված կանոնակարգով աշխատել ենք տևական ժամանակ, պարզ է, որ ընթացակարգերը նույնն են և հաշվի առնելով, որ մենք Ազգային ժողովի կազմում ունենք երեք նոր պատգամավորներ, որոշ հարցերում ես, իհարկե, պարտավոր եմ այդ հիշեցումները անել:
Մեր օրակարգային առաջին հարցը Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին հարցն է: Մենք առաջին անգամ չէ, որ արդեն Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ դատավոր ենք նշանակում և ես, պարզապես ուզում եմ հիշեցնել, որ այդ ընթացակարգը նախատեսված է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 121-րդ հոդվածով՝ պաշտոնում ընտրելու նշանակվելու մասին հարցերի քննարկման ընդհանուր ընթացակարգով, և նաև 125-րդ հոդվածով դատավորների նշանակման կարգը, որով նախատեսվում է, որ դատարանի նախագահները և դատավորները նշանակվում են Ազգային ժողովի կողմից՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ձայների մեծամասնությամբ, Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ: Այժմ, ես հրավիրում եմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ տիկին Գայանե Գրիգորյանին՝ ներկայացնելու հարցը, որից հետո այդ հիշեցումները կանենք: Խնդրեմ:
Գայանե Գրիգորյան – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ: Այսօր կրկին իրագործելով Արցախի Հանրապետության Սահմանադրության Բարձրագույն դատական խորհրդին վերապահված լիազորությունը Ազգային ժողովի նշանակմանն ենք ներկայացնում Ռաֆայել Կարենի Ջհանգիրյանի թեկնածությունը՝ իրեն վերաքննիչ դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար: Սույն թվականի հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտ քաղաքում Բարձրագույն դատական խորհրդի նիստում քննարկվել է առաջխաղացման ցուցակում ընդգրկված թեկնածու՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆայել Կարենի Ջհանգիրյանի թեկնածությունը, Ազգային ժողովին ներկայացնելու համար, և հիմք ընդունելով Դատական օրենսգրքով սահմանված ընթացակարգով իրականացված գաղտնի քվեարկությունը, հաշվի առնելով քվեարկության արդյունքները, որոշմամբ ձեզ ենք ներկայացնում մեր թեկնածուին՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆայել Կարենի Ջհանգիրյանին, որպեսզի համալրվի վերաքննիչ դատարանի դատավորի թափուր պաշտոնը և կատարվի նշանակումը: Համապատասխան փաստաթղթային փաթեթը ուղարկել ենք, որտեղ թեկնածուի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները կան: Եթե կան հարցեր ընթացակարգի վերաբերյալ՝ խնդրեմ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, տիկին Գրիգորյան: Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հարցերի համար, խնդրում եմ գրանցվել: Պարոն Արթուր Թովմասյան: Ուրի՞շ: Չկա: Հարցերի համար գրանցվել է միայն պատգամավոր՝ Արթուր Թովմասյանը, խնդրեմ պարոն Թովմասյան:
Արթուր Թովմասյան – Տիկին Գրիգորյան, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և ձեր խորհրդին Հայրենիք խմբակցության կողմից, միանգամայն համոզված եմ, որ մյուս խմբակցությունները նույնպես համամիտ են, որ այս անգամ թեկնածուն ծառայել է բանակում, սա շատ կարևոր հանգամանք է, որ հաշվի եք առել համարյա թե ամբողջ խորհրդարանի կարծիքը:
Գայանե Գրիգորյան – Սա հարց էր, պարոն Թովմասյան: Սա կոմպլիմենտ էր: Բարձրագույն դատական խորհրդի կողմից շնորհակալություն եմ հնչեցնում արված շնորհակալության համար, նշեմ որ շնորհակալությունը մի քիչ ըստ հասցեատիրոջը չի վերաբերված, որովհետև բանակում ծառայելը դա Բարձրագույն դատական խորհրդի հարցը չէ, մենք հաշվի ենք առնում, նորից եմ կրկնում հայրենասիրությունը իր բոլոր դրսևորումներով, Ջհանգիրյանը ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է եղնիկներում, իր մարտական ծառայությունը այնտեղ է անցել, անգամ այն ժամանակ, երբ արդեն հրաման կար, երբ որ դատավորները ընդհանրապես չեն մասնակցում այդ մարտական ծառայություններին: Նա ծառայել է, բայց այդուհանդերձ շնորհակալ ենք, մենք միշտ հաշվի ենք առնում հայրենասիրությունը:
Արթուր Թովմասյան – Հարցը կայանում է հետևյալում, որ իրականում դա Սահմանադրական պահանջ է՝ բանակում ծառայելը, որովհետև որևէ պաշտոնյա Արցախում, դա կլինի նախարար, դատավոր, չգիտեմ՝ փոխնախարար: Այսինքն՝ այնպիսի բարձրագույն պաշտոններ, դա սահմանադրական պահանջ է և պետք է մենք պահպանենք այդ սահմանադրական պահանջը, եթե չկան օբյեկտիվ պատճառներ: Չեմ ասում նախկին թեկնածուները օբյեկտիվ պատճառներ չեն ունեցել:
Աշոտ Ղուլյան – Պարոն Թովմասյան, հարցը մնաց:
Գայանե Գրիգորյան – Հարցը, պարոն Թովմասյան:
Աշոտ Ղուլյան – Եթե հարց կա՝ խնդրեմ:
Արթուր Թովմասյան – Էլի կա՞նթափուր տեղեր:
Գայանե Գրիգորյան – Դեռ ոչ պարոն Թովմասյան, թափուր տեղեր դեռ չկան: Հարցը չլսեցի պարոն Թովմասյան, բայց Ձեր ասածի վրա մեկ անգամ ևս նշեմ, որ բարձրագույն դատական խորհուրդը առաջնորդվում է միայն ու միայն օրենսդրությամբ, իրեն վերապահված լիազորություններով և օրենսդրության պահանջներով: Այ, երբ որ այդ պահանջը ընդգրկվի որպես պարտադիր պահանջ, որ միայն բանակում ծառայելն է չափանիշ, իհարկե Բարձրագույն դատական խորհուրդը… Հիմա պահանջները մի քիչ այլ են, դուք ծանոթ եք օրենսգրքին դատական: Շնորհակալություն, Ձեր ցանկությունների համար:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, տիկին Գրիգորյան կարող եք նստել: Մենք ունեինք միայն մեկ հարց և Բարձրագույն դատական խորհրդի նախագահը պատասխանեց այդ հարցին, այժմ մեր կանոնակարգով նախատեսված ընթացակարգով մենք հնարավորություն ունենք նաև ծանոթանալ վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածու պարոն Ջհանգիրյանի հետ, խնդրեմ պարոն Ջհանգիրյան, Դուք կարող եք ներկայանալ, ներկայացնել Ձեզ, որից հետո պատգամավորները հնարավորություն կունենան դիմել Ձեզ նաև:
Ռաֆայել Ջահանգիրյան – Հարգարժան նախագահ Ազգային ժողովի, հարգարժան պատգամավորներ: Չանդրադառնամ իմ ինքնակենսագրական տվյալներին, քանի որ արդեն գրավոր ձևով ներկայացվել են դրանք Ազգային ժողովին և համառոտ ներկայացվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից: Ամփոփ ներկայացնեմ իմ կատարած աշխատանքը՝ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնավարման ժամանակահատվածում, իհարկե անդրադառնալով վիճակագրական տվյալներին, այսպես պաշտոնավարում եմ ես առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում արդեն հինգ տարի և տասը ամիս: Այդ ժամանակահատվածում իմ կողմից քննվել և ավարտվել է գործն, ըստ էության, լուծվող դատական ակտերի կայացմամբ 1658 քաղաքացիական գործ, 158 վարչական գործ, 40 քրեական գործ, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությամբ ընթացքավորվել են 233 միջնորդություններ և ընթացքավորվել են վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ 2337 գործեր: Իհարկե, համեմատելով ծանրաբեռնվածությունը առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի հետ, կարող եմ ասել, որ ամենից ծանրաբեռնված ատյանը առաջին ատյանն է, բայց առավել բարդ և վիճարկվող գործերը հիմնականում բողոքարկվում են և քննության են առնվում վերաքննիչ դատարանի կողմից, ընդ որում վերաքննիչ դատարանի վիճակագրությունը նույնպես ունի իր բավականին բավարար գործերի քանակը, մասնավորապես 2017թ. վիճակագրության հետևյալ թվերն են մեզ տրամադրում. 217 քաղաքացիական գործով բողոք, 57 քրեական բողոք 33 վարչական գործով, ընդամենը 307 բողոք: Հաշվի առնելով, որ վերաքննիչ դատարանում գործերը քննվում են կոլեգիալ կազմով պետք է հաշվի առնենք, որ յուրաքանչյուր դատավորի բաժին է հասնում այս բողոքների առնվազն կեսի քննությունը: Ես չէի համարի, որ դա թեթև աշխատանք է մանավանդ, որ դրանք լրիվությամբ բարդ և վիճահարույց գործեր են: Նաև կցանկանայի, որոշ տվյալներ ներկայացնեի վերաքննիչ դատարանի դատավորի դերի և նշանակության մասին՝ արդարադատության իրականացման գործունեությունում: Արդարադատաքննության իրավունքը սահմանված է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և բխում է միջազգային մի շարք փաստաթղթերից, այդ թվում Եվրոպական կոնվենցիայից և արդարադատաքննության իրավունքը չի սահմանափակվում միայն ողջամիտ ժամկետներում՝ անկողմնակալ դատարանի կողմից՝ գործի քննությամբ: Բողոքարկման ինստիտուտը կարևորագույն ինստիտուտներից է՝ արդարադատաքննության իրավունքից և այդ ինստիտուտը լրիվությամբ իրացվում է հենց վերաքննության կարգով, վերաքննիչ բողոքների քննության միջոցով, չնայած գերագույն դատարանը նույնպես բողոքների քննություն է իրականացնում, բայց իր սահմանադրական գործառույթներից ելնելով քննության է առնում ոչ բոլոր բողոքները, այլ նրանք, որոնցում բարձրացված հարցերը անհրաժեշտ են իրավունքի զարգացման համար, հակասում են նախկինում կայացած գերագույն դատարանի որոշումներին և առկա են առերևույթ դատական խախտումներ: Ես ներկայացրեցի իմ պատկերացումները վերաքննիչ դատարանի գործունեության վերաբերյալ, այժմ պատրաստ եմ պատասխանել հարցերին:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցեր ունե՞նք վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածուին, խնդրում եմ գրանցվել՝ Հայկ Խանումյան, Էդուարդ Աղաբեկյան, ուրիշ կա՞, չկա: Այժմ հարցերի քննարկումներն ենք սկսում՝ պատգամավոր Հայկ Խանումյան:
Հայկ խանումյան – Ասացիք, որ 40 քրեական գործ եք քննել, քանի՞ արդարացման վճիռ եք կայացրել:
Ռաֆայել Ջահանգիրյան – Արդարացման վճիռ ես չեմ ունեցել:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ հարցը՝ Էդուարդ Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան – Պարոն Ջահանգիրյան ինչպիսի՞ն եք տեսնում մարտահրավերները հիմնախնդիրները, հիմնահարցերը լիիրավ դատական համակարգի, անկախ իշխանության ձևի, իշխանության դատական համակարգի կայացման ճանապարհին՝ հակիրճ:
Ռաֆայել Ջահանգիրյան – Դատական համակարգի կայացումը առաջին հերթին օրենսդրական կարգավորումներն են, որոնք առկա են՝ դատավորի դատարանի անկախության երաշխիքները սահմանված դատական օրենսգրքով և Սահմանադրությամբ նաև երաշխիք է հանդիսանում Ազգային ժողովի կողմից դատավորների նշանակումը, որը նույնպես անկախության վրա ազդող կարևորագույն չափանիշ է: Դատավորի գործունեության վերաբերյալ ցանկացած միջամտություն դատական օրենսգրքի համաձայն անթույլատրելի է և այդ միջամտության ցանկացած դրսևորման վերաբերյալ դատավորը պարտավոր է Դատական օրենսգրքի համաձայն այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին, ամփոփ ներկայացնի օրենսդրական երաշխիքները, իսկ արդեն այն ինչ-որ մարդկային գործոնով է պայմանավորված, ապա կարձանագրի դատավորների սկզբունքայնությունն, մարդկային արժեքները և նաև մասնագիտական պատրաստվածությունը ու փորձը: Այդ հիմնական չափանիշներն են, որոնք կբավարարեն դատարանների անկախ գործունեության և արդարադատաքննության իրավունքը հանուն պատշաճի իրականացման համար:
Աշոտ Ղուլյան – Պարոն Աղաբեկյան արձագանքո՞ւմ եք:
Էդուարդ Աղաբեկյան – Բավարար գնահատում եք արդարադատական համակարգը, քանի որ Դուք ապրիլյան պատերազմի օրերին զորակոչվել եք բանակ, պետությունը, եթե Ձեզ զորակոչել է բանակ՝ չունենալով դրա իրավունքը:
Ռաֆայել Ջահանգիրյան – Ես չէի ասի, որ պետությունը ինձ զորակոչել է, ես կարող էի չգնալ, հաշվի առնելով, որ Դատական օրենսգրքով դատավորները ազատված են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից դա իմ կամքն է իմ ցանկությունն էր, եթե ես չգնայի ես չէի ենթարկվի քրեական, վարչական կամ որևէ այլ պատասխանատվության, դա իմ ընտրությունն էր ուղղակի:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցերի համար գրանցվել էին երկու պատգամավոր, հարցերը հնչեցվել են, շնորհակալություն պարոն Ջհանգիրյան, կարող եք նստել:
Ռաֆայել Ջահանգիրյան – Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Մենք ունենք նաև մտքերի փոխանակության հնարավորություն, այսինքն` պատգամավորները կարող են ելույթ ունենանլ իրենց առաջարկություններով, իրենց հուզող հարցերը բարձրացնել այս առնչությամբ, եթե կա այդպիսի ցանկություն, խնդրում եմ գրանցվել՝ մտքերի փոխանակության: Վահրամ Բալայան, խնդրեմ:
Վահրամ Բալայան – Հարգելի գործընկերներ, քանի որ Ռաֆայել Ջհանգիրյանին ես ճանաչում եմ ուսանողական տարիներից և նրա գործունեությանը միշտ էլ հետևել եմ՝ հետաքրքիր է, թե ինչպես են քո ուսանողները, որոնք ժամանակի ընթացքում նաև դու էլ ես ինչ-որ աշխատանք կատարել, հաճելի է, որ իրեն միշտ արդարացրել է, բարձր ինտելեկտուալ անձնավորություն է, լավ քաղաքացի և հորդորում եմ ձեզ, որպեսզի պաշտպանեք նրա թեկնածությունը, որպեսզի նա ընտրվի, որպես դատավոր և հույսով եմ, որ անպայման՝ նա իր ներդրումը կունենա մեր արդարադատության համակարգի կատարելագործմանը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Բալայան: Մենք կանոնակարգով ունենք նաև եզրափակիչ ելույթների հնարավորություն, դա վերաբերվում է և Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և թեկնածուին: Եթե այդպիսի ցանկություն կա՞. չկա այդպիսի ցանկություն, շնորհակալություն: Մենք այսքանով ավարտում ենք վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին հարցի քննարկումը Ազգային ժողովի լիագումար նիստում և մեզ մնում է կանոնակարգով նախատեսված ընթացակարգով անցնել գաղտնի քվեարկությանը: Հաշվի առնելով, որ մենք նոր պատգամավորներ ունենք, ես պիտի խնդրեմ, որ հաշվիչ հանձնախմբի նախագահ տիկին Դադայանը ամբիոնից մեզ բոլորիս նորից բացատրի քվեարկության կարգը, որից հետո մենք կանցնենք քվեարկության, խնդրեմ տիկին Դադայան:
Ռոմելա Դադայան - Շնորհակալություն: Քանի որ մենք ունենք նոր ընտրված պատգամավորներ, նրանք անհատապես տեղեկացված են, գիտեն քվեարկության կարգը, հիշեցնեմ նաև, որ կողմի դեպքում կողմի դիմաց ենք նշան անում, դեմի դեպքում դեմի դիմաց:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցե՞ր ունենք տիկին Դադայանին: Չկա՞ն հարցեր: Այժմ մենք անցնում ենք գաղտի քվեարկության պատգամավորներին խնդրում եմ շատ հեռու չգնալ: Գաղտնի քվեարկություն:
Հարգելի գործընկերներ շարունակում ենք Ազգային ժողովի լիագումար նիստի հերթական նիստի աշխատանքները, այժմ գաղտնի քվեարկության արդյունքները հրապարակելու համար ամբիոնի մոտ եմ հրավիրում հաշվիչ հանձնախմբի նախագահ, պատգամավոր Ռոմելա Դադայանին, խնդրեմ:
Ռոմելա Դադայան - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը արձանագրում է վերաքննիչ դատարանի դատավոր նշանակվելու համար առաջարկվել է՝ Ռաֆայել Կարենի Ջհանգիրյանի թեկնածությունը: Նրա ազգանունը ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը մասնակցել են 31 պատգամավորներ: Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեատուփում առկա է 31 քվեաթերթիկ, անվավեր ճանաչված քվեաթերթիկներ չկան: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ, կողմ՝ 29, դեմ՝ 2:
Աշոտ Ղուլյան – Ես ուզում եմ այս հրապարակված տվյալների հիման վրա նաև հրապարակել Ազգային ժողովի որոշումը Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին: Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածի առաջին մասով և Ազգային ժողովի կանոնակարգ Արցախի Հանրապետության օրենքի 125-րդ հոդվածի առաջին մասով Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է՝ Ռաֆայել Կարենի Ջհանգիրյանին նշանակել Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր, շնորհավորենք պարոն Ջհանգիրյանին:
Ծափահարություններ:
Աշոտ Ղուլյան – Պարոն Ջհանգիրյան, մաղթում ենք արդյունավետ աշխատանք, սպասելիքները շատ են, նախքան քվեարկությունը ես չէի ուզում ասել, բայց Ձեր անուն, ազգանուն, հայրանունը նաև հուշում է, որ դա որոշակի կապվածություն է նաև մեր Ազգային ժողովի հետ, ովքեր նախկինում աշխատել են գիտեն, թե դա ինչ ձևով է, շնորհավորում ենք, հաջողություն ենք մաղթում: Ցտեսություն:
Մենք շարունակում ենք մեր աշխատանքները և մեր այսօրվա լիագումար նիստի օրակարգով հաջորդ հարցը՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան ընտրելու մասին հարցն է: Ես ուզում եմ համառոտ նախապատմություն տամ այս հարցին և կարծում եմ, որ շատերը տեղյակ եք, բայց այնուամենայնիվ, որպեսզի դա նաև լինի հրապարակային տեղեկատվություն, վստահ եմ շատերը տեղյակ են՝ սեպտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը Ազգային ժողովին է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին դիմումը՝ առաջին, համաձայն օրենքի՝ հոկտեմբերի 3-ին ներկայացրել է 2-րդ դիմումը, հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նախագահի հայտարարություն է տարածվել մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին, հոկտեմբերի 15-ին մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտպանի համար Ազգային ժողովի Հայրենիք խմբակցությունը ներկայացրել է Արտակ Բեգլարյանի թեկնածությունը, հոկտեմբերի 24-ին Արտակ Բեգլարյանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրման հարցի քննարկումը տեղի է ունեցել պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Մենք մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության քննարկման հարցը նույնպես իրականացնելու ենք կանոնակարգի 121-րդ հոդվածով, բայց մինչև դրան անցնելը ուզում եմ նաև արձանագրենք Արցախի Հանրապետության Սահմանադրության 158-րդ հոդվածի դրույթներով մենք առաջին անգամ ենք նոր Սահմանադրությամբ մարդու իրավունքի պաշտպան ընտրում և դա անում ենք Ազգային ժողովի իրավասու հանձնաժողովի առաջարկությամբ, այսինքն` առաջին անգամ է Ազգային ժողովի կողմից առաջարկվում և թեկնածությունը և, արդեն համապատասխանաբար, քննարկումը: Այժմ, ես ուզում եմ հրավիրել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Հովիկ Ջիվանյանին ներկայացնելու մարդու իրավունքի պաշտպանի համար ներկայացված թեկնածուին, խնդրեմ:
Հովիկ Ջիվանյան - Բարև բոլորին, հարգելի գործընկերներ, ինչպես արդեն նշեց նիստը վարողը, մարդու իրավունքների նախկին պաշտպանը՝ Ռուբեն Մելիքյանը, իր հրաժարականը ներկայացրել է և երկրորդ անգամ հաստատել իր հրաժարականի դիմումը: Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով դրա համար նախատեսված ընթացակարգով՝ այնուհետև տեղի է ունեցել ամբողջ գործընթացը: Ինչպես գիտեք, կանոնակարգով և սահմանադրությամբ նախատեսված է մարդու իրավունքի պաշտպանի թեկնածության իրավունքը վերապահված է խմբակցություններին, այդ իրավունքից օգտվել է միայն Հայրենիք խմբակցությունը և ինչպես արդեն նշել է նախագահողը ամսի 15-ին Հայրենիք խմբակցությունը ներկայացրել է Արտակ Բեգլարյանի թեկնածությունը: Մնացած բոլոր կանոնակարգային պահանջներին համապատասխան, այնուհետև իրավասու հանձնաժողովում, տվյալ պարագայում՝ պետաիրավական հանձնաժողովում հարցը քննարկվել է, կայացվել հանձնաժողովի կողմից որոշում, հանձնաժողովային թեկնածու Արտակ Բեգլարյանին առաջարկել, որպես մարդու իրավունքների պաշտպան: Ինչ վերաբերվում է ինքնակենսագրականն՝ մասին Արտակ Բեգլարյանը ինքը կասի, չնայած տվյալները կա բոլորի մոտ՝ Ազգային ժողովի պատգամավորներին լրիվ փոխանցված է: Ըստ էության պետական-իրավական հանձնաժողովը կայացրել է որոշում և առաջարկել և նամակով դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ նախատեսված ընթացակարգով, և այսօր մենք առաջարկում ենք Արտակ Բեգլարյանի թեկնածությունը, որպես Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան: Այսքանը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցեր ունե՞նք պարոն Ջիվանյանին, որպես թեկնածու ներկայացնող իրավասու նաև կառույցի պատասխանատուի, հարցեր չկան: Շնորհակալություն պարոն Ջիվանյան, կարող եք նստել: Այժմ, ես հրավիրում եմ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, պարոն Արտակ Բեգլարյանին, խնդրեմ պարոն Բեգլարյան:
Արտակ Բեգլարյան - Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ: Առաջադրվելով Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում՝ ես այժմ այս բարձր ամբիոնից սիրով կներկայացնեմ ընտրվելու դեպքում իմ հիմնական անելիքներն ու մոտեցումները այդ պատասխանատու դիրքում:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է իր իրավունքների և ազատությունների համար՝ այդ ճանապարհին բազում զրկանքներ կրելով: Պատմության այդ երթում Արցախյան շարժումն իր ուրույն տեղն ունի, քանի որ այն ծագեց և թափ առավ, ըստ էության, որպես մարդու իրավունքների պաշտպանության շարժում՝ ընդդեմ ժամանակի ամենաամբողջատիրական համակարգի: Երեսնամյա հեռավորությունից կարող ենք փաստել, որ հայության համախմբված պայքարը պսակվեց հաջողությամբ և մենք դարձանք մեր հայրենիքի ու ճակատագրի արժանապատիվ տերը:
Ի թիվս այլ ձեռքբերումների պետականաշինության գործընթացում ես առանձնահատուկ նշանակություն կտայի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձևավորմանը 2008 թվականին: Շնորհիվ առաջին և երկրորդ պաշտպաններ Յուրի Հայրապետյանի և Ռուբեն Մելիքյանի գործուն ջանքերի՝ ՄԻՊ հաստատությունը ոչ միայն ձևավորվեց, այլ նաև անցավ կայացման նշանակալի ուղի՝ շոշափելի ձեռքբերումներ արձանագրելով մարդու իրավունքների մշակույթի բարելավման, բնակչության իրավագիտակցության բարձրացման, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, միջազգային կապերի հաստատման, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքների միջազգայնացման, արհեստավարժ աշխատակազմի ձևավորման և մի շարք այլ հարցերում:
Ուստի, օգտագործելով այս առիթը՝ կուզեի երախտագիտությունս հայտնել նրանց սրտացավ և արդյունավետ աշխատանքի համար: Այժմ ինձ է առաջարկվել շարունակել նախորդ երկու պաշտպանների գործունեությունը, ինչը պատասխանատու և պատվաբեր առաքելություն է ինձ համար:
Եվ այսպես, ինչպե՞ս եմ պատկերացնում իմ գործունեությունը՝ Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում...Գործունեությունս նպատակաուղղված է լինելու ավելի ու ավելի արդյունավետորեն պաշտպանել մարդու իրավունքներն Արցախի Հանրապետությունում՝ և՛ արձանագրված խախտումների վերացման, և՛ հնարավոր խախտումների կանխարգելման միջոցով: Այդ հիմնական նպատակը դրված է լինելու գործունեությանս հիմքում չորս գլխավոր ճակատներով աշխատելիս. դրանք են՝ ներքին, համահայկական, միջազգային և ադրբեջանական ճակատները:
Ներքին ճակատը Մարդու իրավունքների պաշտպանին՝ Սահմանադրությամբ և օրենքով վերապահված մանդատի հիմնական ուղղությունն է: Այստեղ զգալի աշխատանք է կատարվել, սակայն անընդհատ բարելավումների անհրաժեշտություն կա բոլոր հնարավոր բնագավառներում՝ երեխաների, հաշմանդամների ու այլ խոցելի խմբերի իրավունքներից մինչև մարդու իրավունքների մշակույթ և հասարակության իրավագիտակցություն: Պետությունը պարտավոր է անընդհատ բարելավել Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության միջավայրը, քանի որ առանց մարդու իրավունքների պատշաճ պաշտպանության հնարավոր չէ պատկերացնել կենսունակ պետական համակարգ և երջանիկ ու արարող հասարակություն: Վերջիվերջո, մարդը պետք է հարգված և պաշտպանված զգա իր սեփական միջավայրում, որպեսզի լիարժեքորեն ու սիրով կատարի իր գրված և չգրված պարտականությունները:
Համահայկական համապատասխան կառույցների հետ աշխատանքը կարևոր ուղղություն է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար, քանի որ այն նշանակալի ներուժ ունի և Արցախում մարդու իրավունքների մշակույթի ամրապնդմանն աջակցելու, և միջազգային շփումների ու ծրագրերի ապահովման հարցերում: Հատկապես վերջին տարիներին լուրջ ջանքեր են իրագործվել այդ առումով, և ես նպատակ ունեմ զարգացնել առկա հաջողությունները և իրագործել նորանոր ծրագրեր ՀՀ քաղաքացիական հասարակության և Սփյուռքի կազմակերպությունների հետ համատեղ: Այստեղ չեմ կարող չնշել ՀՀ Մարդու իրավունքների հաստատության հետ ձևավորված սերտ փոխգործակցության մասին, որի շնորհիվ բազմաթիվ գաղափարներ են կյանքի կոչվել և ձեռքբերումներ արձանագրվել: Հնարավորինս անելու եմ, որ այդ հարաբերությունները բարձրացնենք արդյունավետության նոր մակարդակի, առավել ևս, որ առկա է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պատրաստակամությունն աջակցելու Արցախի գործընկերոջ աշխատանքներին: Իսկ Սփյուռքում առանձնակի սերտ համագործակցություն է ձևավորվել հատկապես Հայ դատի գրասենյակների, ինչպես նաև Հայ բարեգործական ընդհանուր միության, Թուֆենկյան հիմնադրամի և մի շարք այլ կազմակերպությունների հետ:
Միջազգային ուղղությունում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը ուղղված է լինելու մի քանի նպատակների, մասնավորապես՝ բարձրացնել միջազգային իրազեկվածությունը Արցախի մարդու իրավունքներին առնչվող ձեռքբերումների և խնդիրների վերաբերյալ, ամրապնդել առկա միջազգային կապերը և համագործակցություն հաստատել նոր կառույցների հետ, խրախուսել փոխշփումները Արցախի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների միջև, մեծացնել այդ կառույցների ծրագրային ընդգրկվածությունը Արցախում, հանրայնացնել Արցախի բնակչության իրավունքների հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունները և սպառնալիքները՝ փորձելով հասնել դրանք կանխարգելող կոնկրետ քայլերի: Այս և մի շարք այլ նպատակների ուղղությամբ արդեն զգալի աշխատանք է կատարվել հատկապես վերջին տարիներին, և իմ խնդիրն է լինելու խորացնել ու ընդլայնել առկա հնարավորություններն ու հաջողությունները: Այդ ճանապարհին իմ հիմնական փաստարկը լինելու է հենց մարդու իրավունքների տրամաբանությունից բխող համընդհանրության սկզբունքը, այսինքն՝ մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն մոլորակի ցանկացած անկյունում՝ անկախ այդ տարածքի և դրա բնակիչների քաղաքական կարգավիճակից և այլ հատկանիշներից:
Ադրբեջանական ուղղությունը կարևոր է այնքանով, որ Արցախի բնակչության մի շարք հիմնարար իրավունքների խախտման գլխավոր աղբյուրը Ադրբեջան պետությունն է: Այն ոչ միայն շարունակաբար խախտում է բազմաթիվ իրավունքներ, այլ նաև սպառնալիք է հանդիսանում մեր բնակչության կյանքի և մի շարք այլ իրավունքների հանդեպ. վկան՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող հայատյացության քաղաքականությունը և Ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված զանգվածային խախտումները: Այս ուղղությամբ գործուն միջոցներ են ձեռնարկվել Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի կողմից, ով մի քանի զեկույցներով ներկայացրել է և ապրիլյան պատերազմի ընթացքում արձանագրված իրավախախտումները, և դրանց հետ ուղղակիորեն առնչվող հայատյացության երկարամյա քաղաքականությունը: Ես նախատեսում եմ շարունակել այս ուղղությամբ իրականացված մշտադիտարկման և փաստահավաք գործունեությունը՝ արդյունքները պարբերաբար հանրայնացնելով ու միջազգայնացնելով:
Ի՞նչ միջոցներով ու գործիքակազմով եմ ծավալելու նշված ուղղություններով գործունեությունը...Բացի բողոքների քննարկումից և իրավունքների խախտումները ուսումնասիրելու և վերացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերից, ես նախատեսում եմ օրենսդրությամբ նախատեսված և չարգելված մի շարք այլ միջոցներ ու գործիքներ կիրառել, որոնք այս կամ այն կերպ կիրառվել են նաև նախորդ երկու Պաշտպանների կողմից: Այդ շարքից կառանձնացնեի հետևյալները՝ առաջին. մշտադիտարկման և ըստ անհրաժեշտության հետազոտական աշխատանքներ. այս շրջանակներում նախատեսում եմ մշտադիտարկման աշխատանքներ իրականացնել և լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի, և այցերի միջոցով: Կարևորում եմ պարբերաբար այցերն ու դիտարկման աշխատանքները, հատկապես փակ և կիսափակ կառույցներում, մասնավորապես՝ քրեակատարողական վարչությունում, հոգեթմրաբանական դիսպանսերում, տուն-ինտերնատում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում, զորամասերում, ինչպես նաև կրթական ու առողջապահական հաստատություններում:
Երկրորդ. Իրավական վերլուծության և օրենսդրական առաջարկների ներկայացման աշխատանքներ. ուշադրության ներքո եմ պահելու մարդու իրավունքներին առնչվող օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված ջանքերը, որպեսզի ՄԻՊ հաստատությունն իր շարունակական և արդյունավետ մասնակցությունն ունենա այդ գործում: Ի լրումն օրենսդրության ու իրավակիրառական պրակտիկայի շարունակական բարելավման ջանքերի, այդ առումով կկարևորեի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի կողմից 2017թ. ստանձնած հանձնառությունը աջակցելու մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության մշակման աշխատանքներին:
Երրորդ. Իրազեկման և իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ. իմ պատկերացմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է մշտական քայլեր ձեռնարկի հանրության շրջանում իրավագիտակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ, որոնք կարող են ներառել լրատվամիջոցների հետ աշխատանքները, կոնկրետ խմբերի հետ հանդիպումները, դասընթացները, քննարկումները, նյութերի հրապարակումները և այլն:
Չորրորդ. Պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանն աջակցություն. ես պատրաստվում եմ ակտիվ գործունեություն ծավալել պետական համապատասխան մարմինների աշխատակիցների՝ մարդու իրավունքներին առնչվող կարողությունների զարգացման ուղղությամբ, ներառյալ՝ համապատասխան դասընթացների կազմակերպումը և ուղեցույցների պատրաստումը: Որպես կարևոր օղակ՝ առանձին ուշադրություն եմ դարձնելու նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ աշխատանքի վրա՝ աջակցելով նրանց կարողությունների զարգացմանը նույնպես:
Հինգերորդ. Պաշտպանի թիմի կարողությունների շարունակական բարելավում. նշյալ և բազմաթիվ այլ աշխատանքների ծանրությունն ընկած է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսերին, և ուրախությամբ փաստում եմ, որ նախորդ երկու Պաշտպանների կողմից ձևավորվել է բավականին արհեստավարժ թիմ, որի կարողությունների անընդհատ բարելավումը կլինի իմ ուշադրության կենտրոնում:
Վեցերորդ. Աշխատակազմի աշխատանքի կառավարման մեթոդաբանության և արդյունավետության բարելավում. բացի անհրաժեշտ կարգերի հաստատումից և կիրառումից, նախատեսում եմ նաև ավարտին հասցնել Ռուբեն Մելիքյանի օրոք մեկնարկած նոր պաշտոնական կայքի մշակման և «Մալբրի» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդնման աշխատանքները: Բացի դրանից, աշխատակազմի կատարողականի բարելավման նպատակով նախնականորեն քննարկում ենք ներքին փաստաթղթաշրջանառության և վիճակագրության վարման էլեկտրոնային նորագույն համակարգ ներդնելու հնարավորությունները:
Յոթերորդ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, հայաստանյան ու սփյուռքյան կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ համագործակցության խորացում և ընդլայնում. արդեն նշեցի, որ այդ ուղղություններով ակտիվ քայլեր եմ կատարելու՝ ձգտելով հնարավորինս շոշափելի և չափելի ծրագրեր իրագործել մեր գործընկերների հետ:
Ի՞նչ սկզբունքներով եմ առաջնորդվելու գործունեությանս ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում...Վստահություն հավասարապես հասարակության և իշխանությունների կողմից. իմ համոզմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող արդյունավետորեն կատարել իր լիազորությունները, եթե բարձր վստահություն չվայելի հավասարապես քաղաքացիների և իշխանությունների մոտ: Մարդու իրավունքների պաշտպանը նման է կամուրջի, որի հենարանները պետք է հավասարապես ամուր լինեն գետի երկու ափերում էլ, այլապես այն մի օր կփլուզվի հեղեղումներից կամ ծանրությունից:
Անաչառություն և անկողմնակալություն. ես պարտավորված եմ առավելագույնս անաչառ և անկողմնակալ լինել իմ գործունեության ընթացքում, որպեսզի կարողանամ արդյունավետորեն ծառայել մարդկանց իրավունքների պաշտպանությանը և մեր պետության հիմքերի ամրապնդմանը: Այստեղ կուզեի շնորհակալություն հայտնել «Հայրենիք» խմբակցությանը՝ ինձ վստահելու և իմ թեկնածությունն այս պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար: Այնուամենայնիվ, ես պետք է շեշտադրեմ, որ այդ վստահությունը ինձ որևէ կերպ չի կաշկանդում անկողմնակալ կերպով գործունեությունս ծավալելու, և իմ արհեստավարժ ու արդյունավետ աշխատանքը, վստահ եմ, «Հայրենիք» խմբակցության համար նույնպես լավագույն գնահատականը կլինի: Տեղեկացնեմ, որ «Հայրենիք» և «Դաշնակցություն» խմբակցությունները ցանկություն են հայտնել հանդիպել ինձ հետ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, և նրանց հետ ունեցել եմ արդյունավետ ու կառուցողական հանդիպումներ: Նշեմ նաև, որ այս կամ այն խմբակցության և պատգամավորի դրական կամ բացասական դիրքորոշումն իմ թեկնածության հանդեպ կրկին որևէ կերպ չի ազդելու իմ անաչառ ու բարեխիղճ աշխատանքի վրա, և ես լինելու եմ բոլորի ու յուրաքանչյուրի իրավունքների պաշտպանը:
Արդարամտություն և սրտացավություն. ամեն ինչից առավել ես մարդ եմ և պարտավոր եմ մարդկայնորեն ծառայել մարդկանց: Այդ մարդկայնության մեջ մտնում է և՛ սրտացավությունը, և՛ արդարամտությունը, որոնք բխում են իմ ոսկե սկզբունքից՝ «Մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես կուզեի ինձ հետ վերաբերվեին»:
Մատչելիություն և հասանելիություն. հնարավորինս կանեմ, որպեսզի շարունակաբար բարձրացնենք Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մատչելիությունն ու հասանելիությունը հասարակության բոլոր խմբերի և յուրաքանչյուր անձի համար:
Թափանցիկություն և հաշվետվողականություն. Պաշտպանի գործունեությունը պետք է խարսխված լինի հատկապես հասարակության և Ազգային ժողովի առջև թափանցիկ և հաշվետվողական աշխատանքի վրա: Դա նման է մաքուր հայելուն. ի՞նչ կմտածի այն մարդը, որը կեղտոտ հայելու մեջ կտեսնի իր պատկերի աղավաղված արտացոլանքը:
Նախաձեռնողականություն. առանց նախաձեռնողականության հնարավոր չէ շոշափելի արդյունքներ արձանագրել, և այդ նախաձեռնողականությունը դրսևորելու եմ իրավունքների խախտումների և վերացման, և կանխարգելման, ինչպես նաև տարբեր ծրագրերի կյանքի կոչման գործում:
Հետևողականություն. իմ լիազորությունների շրջանակներում ես հնարավորինս հետևողական եմ լինելու յուրաքանչյուր իրավունքի խախտում վերացնելու և յուրաքանչյուր ծրագիր իրագործելու հարցում: Ինչի՞ կնմանվի այն տունը, որի տանիքը կդրվի կիսատ շարած պատերի վրա:
Միջազգային լավագույն փորձի կիրառում. քանի որ Արցախը քաղաքակիրթ աշխարհի անբաժանելի մասն է, և բազմաթիվ երկրներում կուտակված է հսկայական արժեքավոր փորձ, ես պատրաստվում եմ պարբերաբար ուսումնասիրել և տեղայնացնել այդ փորձը տարբեր հիմնախնդիրներ լուծելու համար: Վերափոխելով ժողովրդական մի ասույթ՝ նշեմ. «Ջրհորի գորտը ծովի մասին պատկերացում չի կարող ունենալ, եթե դուրս չգա ջրհորից»:
Համագործակցություններ. իմ ելույթում նշված ոչ մի նպատակ հնարավոր չէ կյանքի կոչել առանց ամենօրյա ու արդյունավետ համագործակցության՝ քաղաքացիների, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, արտաքին գործընկերների և բազմաթիվ այլ սուբյեկտների հետ: Սակայն կուզեի առանձնացնել Մարդու իրավունքների պաշտպանի առաջնային համագործակցին, այն է՝ Ազգային ժողովը և յուրաքանչյուր պատգամավոր:
Հարգելի պատգամավորներ, կարծում եմ, որ ընտրելով Մարդու իրավունքների պաշտպան՝ դուք միևնույն ժամանակ յուրովի պարտավորություն եք ստանձնում շարունակաբար աջակցել ձեր վստահության քվեն ստացած անձի արդյունավետ աշխատանքին, իսկ ես, այդ բարձր քվեն ստանալու դեպքում, պարտավորվում եմ առավելագույնս համագործակցել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ու յուրաքանչյուր պատգամավորի հետ՝ Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կարևորագույն առաքելությունն իրագործելու ընթացքում:
Միասին կերտենք մեր երազած իրավունքների և ազատությունների հայրենիքը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Բեգլարյան, հանգամանալից ներկայացման համար: Այժմ, խնդրում եմ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին, հարցերի համար գրանցվել: Հարցե՞ր: Հարցեր Չկան:
Մենք հնարավորություն ունենք նաև մտքերի փոխանակություն իրականացնել՝ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացված թեկնածուի գործունեության և քիչ առաջ ներկայացված այս հարցերի շուրջ, խնդրում եմ գրանցվել, եթե այդպիսի ցանկություն կա՝ Հայկ Խանումյան ուրի՞շ, չկա: Մտքերի փոխանակություն՝ պատգամավոր Հայկ Խանումյան, խնդրեմ:
Հայկ Խանումյան – Ճիշտն ասած, ես երկար մտածում էի ելույթ ունենամ թե չէ, բայց, քանի որ բարդ թեմաների մասին ավելի լավ է խոսալ. Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ստեղծումից ի վեր, բազմաթիվ հաջողություններ է գրանցել թե առաջին պաշտպանի օրոք, թե երկրորդ օմբուդսմենի օրոք, պետք է նշել պարոն Հայրապետյանի օրոք՝ Եվրոպական Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի միությանը միանալու հանգամանքը, Ռուբեն Մելիքյանի օրոք այս ինստիտուտի հանրահռչակումը և այլն, բայց, այնուամենայնիվ ես պետք է նշեմ մի քանի խնդիրներ, որոնք առկա են ու շարունակում են առկա մնալ այս համակարգում: Արտակ Բեգլարյանը չորս ուղղություններ նշեց և առաջին ուղղությունը՝ ներքին ուղղությունը, կարծում եմ, խրոնիկ թերի է մնում: Այս ինստիտուտը այս ուղղությամբ պետք է աշխատի: Զեկույցներում մենք ականատես չենք լինում, ենթադրենք ոստիկանության համակարգում խոշտանգումների մասին արձանագրություններին կամ տարբեր այլ փաստերի, թեկուզ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում, տարբեր հանդիպումներում, տարբեր հաղորդումներում փաստվեց, որ տարիներ շարունակ ոստիկանությունը բացատրություններ ու ցուցմունքներ վերցնելիս իրականացրել է բռնություններ, խոշտանգումներ և որևէ կերպ այս համակարգի՝ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում, մարդու իրավունքների տարբեր խախտումներ տեղ չէին գտնում: Ես, կարծում եմ, որ այս ինստիտուտը առաջին հերթին պետք է ուղղված լինի հենց ներքին ուղղությանը և ոչ մնացած ուղղություններին: Արտակ Բեգլարյանը հաջողության պատմություն է ինքն իրենով: Ես իրեն դեռ ուսանողության տարիներից եմ ճանաչում և, իհարկե փայլուն անձնավորություն է: Հաջողության հրաշալի օրինակ է, կարծում եմ փիարի լավ մասնագետ է և նախկին պաշտոններում, որը ինքը զբաղեցրել է, այդ գործառույթը՝ հստակ իրականցրել է, բայց մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը փիարի համար չէ, այսինքն` արտաքին աշխարհին լավ վիճակ ցույց տալու համար չէ: Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ամենօրյա գործունեություն է, մարդու իրավունքների համար ամենօրյա պայքար է, չնայած օրենսդրական բազմաթիվ սահմանափակումների, այնուամենայնիվ հսկայական տեղ կա այս ուղղությամբ աշխատելուն: Ես, կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի իրավաբանական կրթությամբ, իրավապաշտպան գործունեություն իրականացրած կամ լայն վստահություն վայելող փաստաբան: Ցավոք սրտի, դաշտը սահմանափակ է նաև մեզ համար: Մենք թեկնածու չենք առաջադրել և հետևաբար ես ինձ իրավունք չեմ վերապահում կոչ անել ինչպես քվեարկել, բայց ես գտնում եմ, որ մենք կարիք ունենք ունենալու մարդու իրավունքների պաշտպանի մի այլ որակի ինստիտուտ, որը առավելապես ուղղված կլինի ներքին ուղղությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը հենց Արցախի ներսում: Վերջում ասեմ, որ ես, ընդհանրապես չեմ քվեարկելու: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Մենք միայն մեկ հայտ ունեին մտքերի փոխանակության համար և Հայկ Խանումյանը ելույթ ունեցավ: Այսքանով մենք մտքերի փոխանակությունն էլ ենք ավարտում, մենք կանոնակարգի 121-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգով ունենք նաև եզրափակիչ ելույթների հնարավորություն, եթե կա այդպիսի ցանկություն և պարոն Ջիվանյանի կողմից, և պարոն Բեգլարյանի: Պարոն Բեգլարյան, եզրափակիչ ելույթի ցանկություն կա՞: Եզրափակիչ ելույթ՝ Արտակ Բեգլարյան:
Արտակ Բեգլարյան - Շնորհակալություն, թեև հատուկ եզրափակիչ ելույթ չեմ նախատեսել, սակայն այս հնարավորությունից օգտվեմ պատասխանելու պարոն Խանումյանի որոշ դիտարկումների: Պարոն Խանումյան, շնորհակալություն Ձեր դիտարկումների, կոմպլիմենտների համար, որպես անձ: Ես նշեմ, որ, իհարկե դա հարց չէր, ես կարող եմ չպատասխանել, բայց ինձ համար սկզբունքային տեղ ունի Ձեր դիտարկումը: Նշեմ, որ պատահական չէ, որ 4 ուղղություններից առաջինը նշեցի ներքին ուղղությունը և առանձնահատուկ կերպով նշեցի, որ առաջնային ուղղությունն է նաև Սահմանադրությամբ կազմված մանդատի շրջանակներում: Կարծում եմ, Ձեր դիտարկումը իրավաբանական կրթության, իրավապաշտպան լինելու և մի շարք այլ սկզբունքների հետ կապված ուղիղ պատճառահետևանքային կապ չունի Ձեր նշած խնդիրների հետ, քանի որ Ձեր նշած խնդիրների լուծումը պահանջում է առաջնահերթորեն սկզբունքայնություն և սրտացավություն նաև անկողմնակալություն, իսկ դրանք պայմանավորված չեն իրավաբանական կրթությամբ: Ես անձամբ, պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ լիազորությունների շրջանակներում և իմ ելույթի մեջ նշած սկզբունքների շրջանակներում, ես առավելագույնս կատարելու եմ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հնարավորինս արդյունավետ աշխատանք կատարելու հենց առաջնահերթորեն ներքին ուղղությամբ: Եվ իմ ուշադրությանը ներքո են լինելու ներքին կարևորության բազմաթիվ՝ մարդու իրավունքներին վերաբերվող հարցեր՝ խախտումներ կամ կանխարգելիչ աշխատանքներ և այլն և այլն, իսկ իրավաբանական կրթության մասով նշեմ, որ բնականաբար տեղյակ եք, որ Սահմանադրությունը և օրենքը նմանատիպ պահանջ չեն դնում և իրավական աշխատանքը տրամաբանորեն կատարելու է առաջնահերթորեն մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ես էլ այս ամիսների ընթացքում՝ շուրջ 9 ամիս, որպես մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար աշխատելով, բավականին փորձ եմ ձեռք բերել նաև իրավական վերլուծությունների և ընդհանրապես օրենսդրական աշխատանքի հետ կապված: Կարծում եմ, ոչ ոք իրավաբան չի ծնվում, բոլորը ժամանակի ընթացքում սովորում են: Սա, միգուցե որոշ չափով իմ թույլ կողմն է, բայց նաև մյուս կողմից իմ մնացած կրթությունները՝ քաղաքագիտական, հանրային կառավարման, կոնֆլիկտայնության, միջազգային հարաբերությունների և նաև զուտ կառավարման լրացուցիչ առավելություններ են ինձ տալիս, բազմաթիվ այլ իրավաբանների հանդեպ, որոնք միայն իրավաբանական կրթություն ունեն: Այսքանը, ես չնշեցը զուտ Ձեզ համոզելու համար, այլ սրանք օդում կախված փաստարկներ են և ոմանք մտածում են միգուցե՞ հիմնավոր կերպով, բայց ես կուզեի դրանց պատասխանել, իմ սկզբունքայնությանը և իմ նշած սկզբունքներին հետևելուն, կարծում եմ պետք չէ կասկածել, սակայն նշեմ,որ իմ սկզբունքայնությունը չի լինելու, կոնկրետ մեկ դեպքում, այլ, երբեմն, պետք է վստահության համար ավելի երկարաժամկետ աշխատանք իրագործել: Ես պատրաստ եմ երկարաժամկետ, ռազմավարական աշխատանք իրագործելու մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում և ես իրավունք չունեմ ձախողելու այդ պաշտոնում, սա իմ անձնական խնդիրն է: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շատ լավ, մենք նաև ավարտեցինք եզրափակիչ ելույթների համար նախատեսված ընթացակարգը, այժմ մենք պետք է ինչպես և նախատեսված է կանոնակարգի պահանջներով, անցնենք գաղտնի քվեարկության, բայց ես ուզում եմ մի փոքր հիշեցում անել: Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 12-րդ հոդվածով և նաև Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսում է, որ Պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդ-ով 6 տարի ժամկետով: Սա այն առանձնահատկությունն է, որ դատավորների ընտրությունից տարբերվելու է: Այժմ մենք անցնում ենք գաղտնի քվեարկության և ես ուզում եմ, պարզապես արձանագրել, որ Արտական Բեգլարյանի թեկնածությունը առաջադրվել է և Սահմանադրությամբ և կանոնակարգով բոլոր պահանջները հաշվի առնելով՝ որևէ շեղում չի եղել, շնորհակալություն՝ գաղտնի քվեարկություն:
Աշոտ Ղուլյան – Շարունակում ենք նիստի աշխատանքները և այժմ գաղտնի քվեարկության արդյունքները հրապարակելու համար ես՝ նորից ամբիոնի մոտ եմ հրավիրում հաշվիչ հանձնախմբի նախագահ, պատգամավոր Ռոմելա Դադայանին, խնդրեմ՝ տիկին Դադայան:
Ռոմելա Դադայան – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը արձանագրում է՝ մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու համար առաջարկվել է Արտակ Արտյոմի Բեգլարյանի թեկնածությունը: Նրա ազգանունը ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը մասնակցել է 29 պատգամավոր, բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեատուփում առկա էր 29 քվեաթերթիկ, անվավեր ճանաչված քվեաթերթիկ չկա: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ: Կողմ՝ 29, դեմ՝ չկա:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն տիկին Դադայան: Գաղտնի քվեարկության արդյունքներով հրապարակում եմ Ազգային ժողովի որոշումը Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան ընտրելու մասին: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է: Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 158-րդ հոդվածի 1-ին մասով և Ազգային ժողովի կանոնակարգ Արցախի Հանրապետության օրենքի 128-րդ հոդվածի 9-րդ մասով Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան ընտրել Արտակ Արտյոմի Բեգլարյանին: Պարոն Բեգլարյան, շնորհավորում ենք նորից՝ պատգամավորական կազմի անունից և վստահ ենք, որ այն բոլոր նկատառումները, որ ներկայացվել են այսօրվա քննարկումների Ձեր թեկնածությունը ներկայացնելու ընթացքում այդ ամենը հաշվի կառնեք և մենք պարբերաբար հանդիպելու ենք նաև որոշ նախաձեռնություններ քննարկելու նպատակով: Ազգային ժողովի նիստում մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունից հետո, մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Պաշտպանը իր պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո, Ազգային ժողովի պատգամավորների ներկայությամբ տրված երդմամբ: Ես՝ հրավիրում եմ Արտակ Բեգլարյանին երդման համար, խնդրեմ:
Արտակ Բեգլարյան - Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Արցախի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին՝ պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն Ձեզ էլ: Լրացուցիչ ուզում եմ հավելել, որ Պաշտպանն ընտրվելու պահին, եթե Պաշտպանի պաշտոնը թափուր է Պաշտպանի պարտականություններին կատարմանը անցնում է Ազգային ժողովում երդմանը արարողությանը հաջորդ օրվանից: Վաղը դուք կարող եք անցնել ձեր պարտականությունների կատարմանը: Շնորհակալություն և ամենայն հաջողություն:
Հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ մենք այս պահին շարունակենք, քանի որ մենք երկու անգամ գաղտնի քվեարկության նպատակով փոքր ընդմիջումներ ենք ունեցել և այս պահին պաշտպանության նախարարը ներկա է նաև մեր օրակարգային հաջորդ հարցը ներկայացնելու, որպեսզի շատ սպասեցնել չտանք, ես հիմա առաջարկում եմ օրակարգային հաջորդ հարցը քննարկել, որն է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագիծը և այն լիազորված է ներկայացնել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պարոն Լևոն Մնացականյանը, խնդրեմ պարոն գեներալ:
Լևոն Մնացականյան – Ողջունում եմ բոլորիդ: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2018թ. հուլիսի 10-ի որոշմամբ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը համարվել է հակասահմանադրական և այն հակասում է մի քանի կետերի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29,60,73,82-րդ կետերին, ուստի մեր կողմից առաջարկվել է՝ վերախմբագրել և այն ներկայացնել նոր տարբերակով, որտեղից կհանվի՝ թոշակի անցնելու ընթացքում այդ մասը, որը որ համարվում է, որ պետք է հաշվի առնվի վերջին երկու տարվա ընթացքում չօգտված արձակուրդների քանակը և այդ մասը հանվել է և նոր վերախմբագրմամբ ներկայացվել: Առանձնակի այլ փոփոխություններ չեն եղել: Դա կապված է եղել նրա հետ, որ մենք ներկայացնելուց օրենքի նախագիծը ձեր քննարկմանը, դրանից հետո է իրականացվել տվյալ փոփոխությունը համանուն օրենքում՝ Հայաստանի Հանրապետությունում, ուստի դրանով էլ պայմանավորված է եղել հենց այդ օրենսդրական փոփոխության ներկայացումը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Մնացականյան: Եթե կա՞ն հարցեր նախագծի հեղինակին, խնդրում եմ գրանցվել հարցերի համար: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Մնացականյան Դուք կարող եք նստել: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար ես հրավիրում եմ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովի հարցերի նախագահ, պատգամավոր Ժաննա Գալստյանին, խնդրեմ:
Ժաննա Գալստյան – Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, հարգարժան պատգամավորներ, պաշտպանության նախարար: Առաջին ընթերցումից հետո օրինագծում Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված ժամկետում՝ բացի պարոն նախարարի նշած փոփոխությունից որևէ առաջարկ չի եղել պատգամավորների կողմից, ուստի հանձնաժողովը դրական եզրակացությամբ ներկայացնում է ձեզ նախագիծը ու խնդրում ընդունել այն օրենքի տեսքով: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, տիկին Գալստյան, եթե հարցեր կան գլխադասային հանձնաժողովին՝ գրանցվենք, հարցեր չկան: Շնորհակալություն տիկին Գալստյան: Մենք օրենքի նախագծերը քննարկելուց նույն ընթացակարգով ենք առաջնորդվում, եթե կա մտքերի փոխանակության ցանկություն, նույնպես խնդրում եմ գրանցվել՝ ելույթների համար: Չկա, մտքերի փոխանակության անհրաժեշտություն, մենք այս հարցը բավականին երկար ժամանակ քննարկել ենք, կարծում եմ, բոլոր հնարավոր հարցերին, հարցադրումներին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ և նախորդ մի քանի տարիների ընթացքում մեր մի շարք մտահոգություններ, որոնք կապված էին զինվորական ծառայության հետ այս օրենքով բոլոր այդ հարցերը կամ դրանց հիմնական մասը, գերակշիռ մասը հանվում է: Ես ուզում եմ ամփոփել ու առաջարկել Ազգային ժողովին անցնել քվեարկության: Քվեարկության եմ ներկայացնում Ազգային ժողովի որոշման նախագիծը Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է, օրենքի նախագիծը ընդունված է Ազգային ժողովի կողմից և ուզում եմ մաղթել, որ այն հետագա իր ամբողջ նախատեսված ընթացակարգով արագ վավերացվի ու նաև կիրառելի լինի մեր և զինված ուժերում և հասարակություն-բանակ հարաբերություններում: Շնորհակալություն, պարոն նախարար մենք այսքանով ավարտում ենք Ազգային ժողովի հերթական նիստի առաջին մասը, հայտարարում ենք ընդմիջում մինչև 13 00-ն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղերը: Հարգելի գործընկերներ, շարունակում ենք այսօրվա հերթական նիստի աշխատանքները այն օրակարգով, որը հաստատել ենք մենք՝ նիստը սկսելու պահին և, այժմ, մեր օրենսդրական նախաձեռնությունների հերթն է: Մենք 2-րդ ընթերցման ռեժիմով ներկայացված մեկ նախագիծ մինչև ընդմիջում քննարկեցինք՝ խոսքը Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագծին է վերաբերվում, իսկ այժմ 2-րդ ընթերցման ռեժիմով ներկայացված մյուս օրենքի նախագծի հերթն է Աղբահանության և սանիտարական մաքրման մասին նախագիծը իր կից փաթեթով հանդերձ: Օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի պատգամավոր պարոն Ավանեսյանի կողմից: Ես, հիմա պիտի խնդրեմ պարոն Ավանեսյանը ներկայացնի նախագիծը 2-րդ ընթերցմամբ, ինչպես է այն անցել այդ փուլը և մենք կունենանք նաև հարակից զեկուցում Կառավարության կողմից, խնդրեմ պարոն Ավանեսյան:
Արպատ Ավանեսյան – Հարգելի գործընկերներ, ներկաներ: Առաջին ընթերցմամբ օրենքն ընդունելուց հետո մեր պատգամավորների կողմից ոչ մի առաջարկություն չի եղել և մենք ունեցել ենք միայն Կառավարության կողմից ներկայացված առաջարկությունները, որոնք լրիվությամբ ընդունվել են, ուղղակի այստեղ մի հարց կա, որի շուրջ քննարկումների ժամանակ և լիագումար նիստի ժամանակ բարձրաձայնվել է և ուզում եմ հստակ հնչեցնեմ, եթե էլի հարցեր կառաջանան խնդրեմ: Գյուղական համայնքներում սույն օրենքը ուժի մեջ է մտնում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառում օրենսդրական բարեփոխումներն իրականացնելուց հետո: Մյուս բոլոր հարցերը, որոնք որ եղել են ևս ընդգրկվել է մեր օրենքի նախագծում: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Եթե կան հարցեր հիմնական զեկուցողին՝ նախագծի հեղինակին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան, շնորհակալություն պարոն Ավանեսյան: Մենք՝ ինչպես քիչ առաջ նշեցի, այս հարցով ունենք հարակից զեկուցում և հարակից զեկուցման համար այժմ ես հրավիրում եմ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործերի կառավարչության-պետ, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, պարոն Արայիկ Լազարյանին, խնդրեմ պարոն Լազարյան:
Արայիկ Լազարյան – Շնորհակալություն, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ: Ինչպես արդեն նշվել է նախագծի փաթեթի հեղինակի կողմից Աղբահանության և սանիտարական մաքրման մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դրվելուց հետո, մանրակրկիտ քննարկվել է Կառավարությունում, ներկայացվել է առաջարկությունների փաթեթ: Բոլորն էլ հեղինակի կողմից ընդունվել են և ներառվել նախագծում, առանձնակի նկատառումներ չկան:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Եթե հարցեր կա՞ն պարոն Լազարյանին, խնդրեմ: Հարցեր չկան: Շնորհակալություն պարոն Լազարյան: Եթե կա ցանկություն մտքերի փոխանակության, խնդրում եմ գրանցվել ելույթների համար: Ելույթների համար գրանցում նույնպես չկա: Մենք, ամփոփում ենք այս հարցի քննարկումը: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պարոն Ալյոշա Գաբրիելյանը, խնդրեմ պարոն Գաբրիելյան:
Ալյոշա Գաբրիելյան – Հարցը մանրամասնորեն քննարկվել է հանձնաժողովում և եղել են առաջարկություններ, իհարկե նաև Կառավարության լիազոր ներկայացուցիչի հետ որոշակի այսպես, կարելի է ասել անցումային հիմնադրույթներով լուծելու հատկապես գյուղական համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման ուղղությամբ աշխատանքներ, որոնք այսօրվա վրա, կարելի է ասել կանոնակարգված չեն: Այդ իսկ պատճառով այն ինչ-որ համաձայնություն, որ մենք կայացրել ենք Կառավարության լիազոր ներկայացուցիչի հետ, դրանով հանդերձ հանձնաժողովը դրական վերաբերմունք է ցուցաբերել և ներկայացրել է ձեր դատին:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան: Հարցեր ունե՞նք գլխադասային հանձնաժողովին, հարցեր չկան: Շնորհակալություն պարոն Գաբրիելյան կարող եք նստել: Հիմա ամփոփում ենք այս հարցի քննարկումը: Մենք միայն մի հարցի հետ կապված ունեինք այդ տարաձայնությունը, որն էլ քիչ առաջ ներկայացվեց, որ արդեն հարթվել է և պարզապես նախատեսելով, որ այս պահին օրենքի ընդունումը վերաբերվելու է միայն Ստեփանակերտ քաղաքին և քաղաքներին մյուս համայնքներին, իսկ գյուղական համայնքների համար այս օրենքի կիրարկումը լինելու է այն ժամանակ, երբ որ մենք տարածքային կառավարման ուղղությամբ նոր հայեցակարգ և նոր օրենք ունենանք: Ես հիմա առաջարկում եմ անցնել քվեարկության Ազգային ժողովի որոշման նախագիծը Աղբահանության և սանիտարական մաքրման մասին, Թափոնների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Տեղական ինքնակառավարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Տեղական տուրքերի և վճարների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Բազմաբնակարան շենքի կառավարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքներն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 25, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ 2: Որոշումն ընդունված է և օրենքը ընդունված է Ազգային ժողովի կողմից:
Հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը՝ մենք 2-րդ բաժնի նախագծերին ենք հիմա անդրադառնում, որոնք Ազգային ժողովին են ներկայացվում հենց նստաշրջանի օրենքում լրացումներ կատարելուց հետո և առաջին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծն է իր կից նաև փաթեթով: Այն Կառավարության կողմից լիազորված է ներկայացնել Արցախի Հանրապետության արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանը, խնդրեմ պարոն Դանիելյան:
Արարատ Դանիելյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, գործընկերներ: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Երեխաների իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների արդյունքում Արցախի Հանրապետության 2017թ. Փետրվարի 20-ի Սահմանադրությամբ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների գլխում բավականին ծավալուն անդրադարձ է կատարվել ամուսնանալու ազատությանը, երեխաների իրավունքներին, ծնողների իրավունքներին և պարտականություններին: Արդյունքում, ԼՂՀ ընտանեկան օրենսգրքում և Երեխայի իրավունքների մասին օրենքում որոշ դրույթների Սահմանադրության նոր կարգավորումներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն է առաջացել, ուստի նախատեսվում է օրենսդրական անվանումներ տալ այնպիսի կարևորագույն դրույթներին, ինչպիսիք են՝ երեխայի շահերով առաջնորդվելու ցանկացած դեպքում սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը, երեխային ծնողների կամ այլ անձի կողմից, ֆիզիկական կամ հոգեկան բռնության, բոլոր ձևերից կամ չարաշահումից պաշտպանված լինելու երեխայի իրավունքը որդեգրումից առաջ խնամակալության, խնամատարության հանձնելու հնարավորություն: Երեխայի շահերի լավագույն ապահովումը, երեխայի իրավունքների պաշտպանության միջազգային կարգավորման հատուկ սկզբունքներից է: Տվյալ սկզբունքի նորմատիվ բովանդակությունը կայանում է նրանում, որ երեխան իրավունք ունի, որի նկատմամբ պետության մասնավոր անձանած ցանկացած գործողությունները, անգործությունը պետք է բխել նրա շահերից: Երեխայի շահ եզրույթի օրենսդրական ամրագրումն անհրաժեշտ է տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար և յուրաքանչյուր պետություն այն սահմանելիս հաշվի է առնում տարբեր հանգամանքներ:
Փորձեմ համառոտ ներկայացնեմ թե ինչ փոփոխություններ է առաջարկվում թվարկված օրենքներում և օրենսգրքում:
Լրացումներ նախատեսվում է գտնված, ընթացիկ երեխաների հայտնաբերման դեպքերի համար, որի արդյունքում երեխայի հայտնաբերումից հետո 3 ամիս ոստիկանությունը փնտրում է երեխայի ծնողներին և վերջինիս չհայտնաբերման պարագայում միայն թույլատրում տվյալ երեխայի որդեգրում: Երեխայի շահը պաշտպանելու նպատակով սահմանվել է որդեգրողի ընտանիքում, որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողություն: Ամրագրվել է երեխայի շահի առաջնությունը, երեխային տեղավորելը երևույթը փոխարինելու է երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու եզրույթով: Նախագծով ընդլայնվել է սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը, հնարավորություն է տրվել նաև 10 տարին չլրացած երեխայի կարծիքը հաշվի առնել ըստ վերջինիս տարիքի և հասունության մակարդակի: Նախագծով հստակեցվում է ծնողական իրավունքներից զրկելու հիմքերը, մասնավորապես, սահմանում է ժամկետներ, որոնք լրանալուց հետո իրավասու անձինք կարող են դիմել անձին ծնողական իրավունքներից զրկելու համար: Նախագծող փոփոխություն է կրել նաև որդեգրում հասկացությունը: Սահմանվել է որդեգրող ցանկացող անձանած տարիքային վերին շեմ՝ հաշվի առնելով բացառիկ դեպքերը: Հստակեցվել են երեխայի որդեգրման պետական գրանցման գործընթացում առկա խնդիրները՝ երեխայի ազգանվան ու գրանցման հետ կապված: Նախատեսվել են խնամատար ընտանիքի տեսակները և երեխային հանձնելու հիմքերը, դրանց առանձնահատկությունները խնամատարության առանձնահատկությունները: Խնամատարությունը ձևավորել է ոչ միայն ծնողական իրավունքից զրկված լինել դեպքում, այլ նաև փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար, մասնավորապես հաշվի առնելով դեպքի հրատապությունը, այլ առանձնահատկություններ: Ամրագրվել է երեխայի ծնողների իրավունքները, տեսակցելու, դատական կարգով խնամատարությունը բողոքարկելու և երեխային վերաբերելու այլ հարցերին: Հստակեցվել են խնամատար ընտանիքիների ներկայացվող պահանջները և դրանց ընտրությունը: Ընդլայնվել են դաստիրակության համար երեխային ընտանիքում տեղավորելու մասին, պայմանագրում նախատեսվող պայմաններն ու հանգամանքները՝ կնքելով այն եռակողմ՝ ծնողի, խնամակալության դեպքում՝ խնամակալի, խնամատար ընտանիքի և խնամակալության ու հոգաբարձության մարմինների միջև: Բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողը զրկվել է ծնողական իրավունքից՝ մահացել է, ծանր հիվանդության, կալանավորման կամ այլ պատճառով հնարավորություն չունի մասնակցելու պայմանագրի կնքմանը: Խնամատար ընտանիքի նկատմամբ վերահսկողություն նախատեսելու հիմնական սկզբունքներ և ուղղություններ են ամրագրվել: Որդեգրումը իրականացվել է միայն համապատասխան մասնագետների կողմից, երեխայի և ապագա ծնողների համադրելիության գնահատման հիման վրա: Փոփոխություններ են նախատեսվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Քանի որ ուժը կորցրած է ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 120-րդ հոդվածի այն դրույթը, որը սահմանում է խնամատար ընտանիքի համաձայնությունը: Երեխային որդեգրելիս հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնամատարության ինստիտուտը իր բովանադակությամբ հանդիսանում է ծառայություն մատուցողը և չի կարող առարկել երեխայի որդեգրումը անձանց կողմից: Երեխայի իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրությամբ՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների, ազատությունների երեխաների իրավունքներին վերաբերվող նոր կարգավորումներով: Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքի նախածով նախատեսվում է հետևյալ կարգավորումները. 1. Ամրագրել պատասխանատվություն երեխային ոչ միայն ծնողներից, այլ նաև երեխայի դաստիարակության և խնամք իրականացնող այլ անձանցից բաժանելու, ինչպես նաև խնամատար ծնողի իրավունքների չարաշահելու համար: 2. Նախատեսել պատասխանատվություն ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցությանը խոչընդոտողի համար համապատասխան դատական ակտի առկայության դեպքում: 3. Ծնողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, որպես քրեական պատասխանատվության հիմք նախատեսել հետևանքը՝ երեխայի իրավունքների և օրինական շահերի իրավական խախտումը: 4 . Իրավական որոշակի էություն մտցնել ԼՂՀ քրեական օրենսգրքում և արդյունավետորեն պաշտպանել երեխայի շահերը և երեխայի խնամքի ու դաստիրակության ընթացքում առաջացող հարցերը: Օրենքի նախագիծը նախատեսում է նաև անցումային դրույթներ: Անցումային դրույթները հիմնականում վերաբերվում են օրենքի ուժի մեջ մտնելուն: Օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող 19-րդ օրը, բայց թվով 9-ը հոդվածներ, որոնք նախատեսում են համապատասխան կարգերի մշակում, առաջարկում է 6 ամիս հետո ուժի մեջ մտնել և 3 ամսվա ընթացքում համապատասխան կարգերը պետք է մշակվեն Կառավարության կողմից:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Եթե հարցեր ունե՞ք պարոն Դանիելյանին, խնդրում եմ գրանցվեք: Հայկ Խանումյան, Էդուարդ Աղաբեկյան, Ռիտա Մնացականյան և Վահրամ Բալայան: Անցնում ենք հարցերին, խնդրեմ Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան – Պարոն Դանիելյան, բացի կայքում օրինագիծը դնելուց, որևէ հանրային քննարկում կազմակերպե՞լ եք խնամակալ հաստատությունների, մանկավարժների և այլնի մասնակցությամբ:
Արարատ Դանիելյան – Այս օրինագիծը արդեն 8 ամիս է շրջանառության մեջ է, բոլոր այն կարգերը, որոնք նախատեսում են օրինագծով, դրանք քննարկվել են համապատասխան մարմինների կողմից, ներկայացվել է հոգաբարձունների և խնամակալության զբաղվող մարմինների, քաղաքապետարանի և, հիմնական այդ ընթացակարգերն է տեղի ունեցել:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք: Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան – Եվ առաջարկ չե՞ք ստացել նրանց կողմից: Միայն քաղաքապետարանին եք ներկայացրել:
Արարատ Դանիելյան – Քաղաքապետարանին, քանի որ այդ օրենքով հիմնականում այդ հարցերի որդեգրումը կապվում է շրջանի վարչակազմերին և Ստեփանակերտ քաղաքին և հիմնականում սահմանում են նոր ընթացակարգեր, որոնք պետք է կատարվեն սոցապ նախարարության կողմից: Քննարկում է եղել նախագահին կից սահմանադրական բարեփոխումների խորհրդում, որտեղ ընդգրկված են բազմաթիվ կառույցների ներկայացուցիչներ և այդ ընթացքում եղել են առաջարկներ և 8 ամիս շարունակ այս նախագիծը քննարկվում է:
Աշոտ Ղուլյան – Հաջորդ հարցը Էդուարդ Աղաբեկյան, հաջորդը Ռիտա Մնացականյան, խնդրեմ:
Էդուարդ Աղաբեկյան - Պարոն նախարար, հանձնաժողովում քննարկումների ժամանակ, մոտավորապես անդրադարձել եք, համենայն դեպս ինձ համար վերջնական պարզ չի եղել առերևույթ ինչ-որ տրամաբանությունից կտրված, եթե չասեմ անտրամաբանական: Երեխան ըստ մեր օրենսդրության կոչվում է մինչև 18 տարեկան լրանալը, ճիշտ եմ չէ՞, եթե չեմ սխալվում: Այդ նույն երեխային ամուսնության իրավունք ենք վերապահվում այնտեղ 16, 17 տարեկանում նաև իրավունք ունեն երեխաները ամուսնանալու: Ամուսնանալու պարագայում, նույնիսկ երկվորյակ երեխա ծնվելու պարագայում, բայց մինչև 18 տարեկան լրանալը, այդ մարդը ի՞նչ է կոչվում: Այդ երեխան արդեն երեխա չէ: Ճ՞իշտ եմ հասկանում:
Արարատ Դանիելյան – Ես, որպեսզի ավելի կոնկրետ պատասխանեմ, այդ օրինագծում՝ 41-րդ հոդվածում է նախատեսվում, որ երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում: Մենք ունենք Քաղաքացիական օրենսգիրք, որտեղ 24-րդ հոդվածը ազդարարում է. 16 տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձու համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելը կատարվում է խնամակալության և հոգաբարձության հիման վրա՝ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի վճռով: Ծնողները, որդեգրողները և հոգաբարձուն պատասխանատվություն չեն կրում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի պարտավորությունների, մասնավորապես նրա կողմից պատճառած վնասից առաջացած պարտավորությունների համար: Այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև 18 տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունեություն է ձեռք բերում ամուսնության պահից: Ամուսնության հետևանքով ձեռք բերված գործունակությունը լրիվ ծավալով պահպանվում է նաև մինչև 18 տարեկան դառնալը ամուսնալուծվելուց հետո: Ամուսնությունը անվավեր ճանաչելիս դատարանը կարող է վճիռ կայացնել դատարանի կողմից որոշված պահից անչափահաս ամուսնու գործունակության լրիվ կորստյան մասին: Այսինքն, վերջում եթե նման խնդիր է առաջանում, ապա դատարանը կարող է …
Էդուարդ Աղաբեկյան– Չի լսվում:
Արարատ Դանիելյան – Չէ, երեխա չէ, արդեն ինքը լրիվ դառնում է գործունակ:
Աշոտ Ղուլյան – Պարոն Աղաբեկյան արձագանքեք, որ նաև ձայնագրումը լինի: Էդուարդ Աղաբեկյան, խնդրեմ:
Էդուարդ Աղաբեկյան - Ամուսնանալուց հետո դառնում է երեխա, չէ՞, ինչ է չգիտեմ: Երկվորյակ երեխա է ծնվել, մարդու հիմնական իրավունքներից ենք խոսում: Այդ մարդու ակտիվ և պասիվ ընտրության իրավունքին է խոսքս տանում: Ոչ առաջադրվելու, ոչ էլ ընտրելու իրավունք՝ մինչև 18 տարեկանը: Ժամանակին հարց էինք բարձրացրել՝ 17 տարեկանից չափահասության ատեստատը, ի վերջո, որ տալիս եք միջնակարգն ավարտելուց հետո, ասում եք՝ չափահաս է, վստահում եք, ամուսնանալու իրավունք տալիս եք, բայց զրկում ընտրական իրավունքից: Ինչքանո՞վ է այստեղ տրամաբանությունը:
Արարատ Դանիելյան – Չգիտեմ այդ տրամաբանությունը ոնց եք Դուք բացատրում, բայց ես գիտեմ, որ ամեն մի իրավունք ունի իր առանձնահատկությունները, հաշվի առնելով նաև կարևորագույն քաղաքական իրավունքը՝ դա ընտրել և ընտրվելու իրավունքն է: Սահմանադրությամբ նաև նախատեսված է, որ 18 տարին լրացած, թեկուզ այն ժամանակ էլ է այդ առաջարկը հնչել, բայց իմ անձնական կարծիքը այն է, որ 16 տարեկան լրացած, անչափահասին եթե տրամադրվի քաղաքական իրավունք, ապա մեր դպրոցները կդառնան նորից մի քաղաքական ասպարեզ: Հիմա մենք գիտենք, որ մինչև գրեթե 18 տարին լրանում է, 12-րդ դասարանը ավարտում է, իսկ մենք ասում ենք, որ դպրոցը պետք է ապաքաղաքականացված լինի, ընդհանրապես չմասնակցեն այդ գործընթացներին, ուստի մեր պայմաններում տրամաբանական է, որ լինի 18 տարին:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ հարցը՝ Ռիտա Մնացականյան, հաջորդը՝ Վահրամ Բալայան:
Ռիտա Մնացականյան – Հարցս վերաբերվում է ոչ միայն փոփոխություններին, այլև օրենքին ընդհանրապես: Ինչքանո՞վ է նպատակահարմար օտարերկրյա քաղաքացիների կողմից արցախցի երեխայի որդեգրումը: Չե՞ք կարծում, որ այն իր մեջ շատ վտանգներ է պարունակում, թեկուզ օրենքում կետ առ կետ նշված է, ներկայացված է վերահսկողության մեխանիզմը, բայց մենք գիտենք, որ մենք չունենք իրական իրավական լծակներ այն իրականացնելուն: Եվ երկրորդ հարցս՝ ասում են, եթե օրենքը չի արգելում, ուրեմն դա կարելի է: Ի՞նչ է նշանակում միասեռականները մեր երկրում կարող են երեխա որդեգրել:
Արարատ Դանիելյան – Ուրեմն, առաջին հոդվածը՝ սկսենք երկրորդ հարցից, երբ Դուք ուշադիր ընթերցեք, գիտեք, որ 5-րդ կետում գրված է խտրականությունը, սեռից ընդհանրապես ընդգրկված չէ: Եթե խտրականությունը թույլատրվում է, ապա սեռի առումով կարելի է կիրառել այդ խտրականությունը: Այսինքն, միասեռ ընտանիք կազմելը չի թույլատրում: Դա արգելում է նաև Սահմանադրությունը: Ինչ վերաբերվում է օտարերկրյա քաղաքացիների՝ մեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների որդեգրմանը, ապա և գործող Ընտանեկան օրենսգրքում և նոր առաջարկությունում փոփոխություններ չկան, ես միայն ընթերցեմ 112-րդ հոդվածը. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև ԼՂՀ սահմաններից դուրս բնակվող ԼՂՀ քաղաքացիների կողմից ԼՂՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ հնարավորություն չկա այդ երեխաներին ԼՂՀ տարածքում մշտապես ապրող ԼՂՀ քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին իրենց ազգականների կողմից որդեգրելով: Օտարերկրյա քաղաքացիներին քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք բնակվում են ԼՂՀ-ում, որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ տրամադրում են նշված երեխաներին կենտրոնացված հաշվառման վերցնելուց հետո: Երևի թե, հետաքրքիր կլինի այս վերջին տարիների ընթացքում՝ կապված այլ քաղաքացիների հետ, որոնք չեն հանդիսանում ԼՂՀ քաղաքացիներ: 2013թ. 6 նման գործ էր քննել կենտրոնական հանձնաժողովը, մեկը Ամերիկայի քաղաքացիներ: մեկը Ռուսաստանի քաղաքացիներ, մեկը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիների ընտանիքներին: Այդ երեք ընտանիքներին տրվել է դրական եզրակացություն, բայց այդ դրական եզրակացության ազդեցությունը մեկ տարի է, բայց դա եղել է 2013-2014թթ: Բայց իրենց երեխա չկա, որովհետև երեխաները հաշվառված են միայն երկու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ վաղուց արդեն, մեկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի էր, 2017թ. որդեգրել են: Գաղտնի տվյալներ են, դրա համար կոնկրետ ազգանուններ չեմ նշում, բայց այսօր ապրում են Մեծամորում, և մեկն էլ որդեգրել, ապրում է Ստեփանակերտում: Այսինքն` օտարերկրյա քաղաքացիները, եթե իրավունք ունեն հաշվառվել և որդեգրել երեխա վաղաժամկետ բոլոր ծրագրված նորմերը համապատասխան են: Այսինքն, եթե չկա տեղում երեխա որդեգրել այն ժամանակ, բայց տեղում շատ ցանկացողներ կան երեխա որդեգրելու համար:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք տիկին Մնացականյան: Ռիտա Մնացականյան:
Ռիտա Մնացականյան – Մենք հավաստի լրատվությամբ լսում ենք, որ կատարվում են դեպքեր, երբ երեխաներին որդեգրում են այլազգիներ՝ հատուկ ստորացնելու, ասենք ազգային խտրականության ինչ-որ դրսևորումներ անելու: Դա բացառո՞ւմ եք:
Արարատ Դանիելյան – Մեր պարագայում ես բացառում եմ, բայց ես հանձնաժողովում հարցադրում եմ արել, որ մեզ էլ է հետաքրքրում: Կա ինչ-որ մի բաց տեղ, բայց դա կապված չէ օրենսդրության հետ: Այսինքն, երբ երեխա է ծնվում, երեխայից հրաժարվում են կամ համաձայնություն են տալիս որդեգրելու, և ամբողջ գործընթացը երբ սկսվում է՝ լինի դա շրջանի, վարչակազմի կողմից կամ Ստեփանակերտի, քաղաքապետարանի կամ կենտրոնական մարմնի կողմից, ապա ասենք մեկը գալիս է՝ ասում է, որ իրա հայրն է, հայրությունը ճանաչում է, և այդ երեխան մյուս ծնողի համաձայնությամբ կամ արդեն անցնում է այդ որդեգրման գործընթացին, բայց այդ հայրության ճանաչելու դեպքում: Հանձնաժողովի նիստում ասել եմ. ուսումնասիրություն է կատարվում, որպեսզի կարողանանք այդ ոլորտն էլ ինչ-որ ձևի կարգավորել, այսինքն` մյուս բոլոր գործընթացները անցնում են ապարդյուն: Ամեն ինչ անես, և մեկը դուրս գա և ասի, որ ես եմ հայրը ու հայրությունը ճանաչի, դրանով հարցն ավարտվում է:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Վերջին հարցը Վահրամ Բալայան, խնդրեմ:
Վահրամ Բալայան - Պարոն Դանիելյան, օրենքը ընդունելու պարագայում չամուսնացած կանայք և տղամարդիկ իրավունք ունե՞ն երեխա որդեգրել:
Արարատ Դանիելյան – Ոչ, պարտադիր գործող ընտանեկան օրենսգիրքն էլ է նշում, որ պարտադիր պետք է լինի ամուսնությունը:
Վահրամ Բալայան – Գիտե՞ք ինչի համար եմ ասում, որովհետև վերջին շրջանում, միգուցե նաև եվրոպական սովորություն ասեմ, թե ընդհանրապես այդ հարաբերությունների ընթացքում ասենք աշխարհի տարբեր երկրների հետ, նաև մեր պարագայում էլ շատ կան մարդիկ, որոնք չեն ամուսնանում, բայց պարկեշտ մարդիկ են, որոնք կարող են դաստիարակել երեխա, մեծացնել, ասենք ինչու՞ չէ տալ այդ մարդկանց հնարավորություն:
Արարատ Դանիելյան – Ոչ, որդեգրելու դեպքում միշտ նախապատվությունը տրվում է որդեգրմանը, այնուհետև այդ խնամակալ ընտանիքին, այսինքն ընտանիքում դաստիարակելու հնարավորություն է տրվում, տարբեր պետական հիմնարկներում, մանկատներում: Իսկ որդեգրելու համար պարտադիր ամուսինները պետք է լինեն ամուսնության մեջ: Իսկ այդ մեկը, որ ասում եք, դա կարող է ինչ-որ ձևի իրենք կապը ունենան, երեխան ծնվի, բայց մեկը հետո հայրություն է ճանաչում: Այ այդ դեպքն է:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, մենք հարցերը ավարտեցինք, շնորհակալություն, պարոն Դանիելյան: Հիմա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ենք լսելու: Օրենքի այս նախագծով գլխադասային հանձնաժողովը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովն է, հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանն է, խնդրեմ պարոն Ջիվանյան:
Հովիկ Ջիվանյան – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Երեխայի իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը ներկայացված են փաթեթի տեսքով: Ասեմ, որ հանձնաժողովում հեղինակը արդեն մանրամասն անդրադարձավ օրենքի նախագծերին, հանձնաժողովի նիստում նույնպես եղել են բավականին ծավալուն քննարկումներ, հնչեցվել են ահագին հարցեր, ինչպես նաև նիստի ժամանակ հենց նոր հնչեցին անհանգստացնող հարցերը: Կարծում եմ՝ հանձնաժողովի կարծիքով բոլոր հարցերին տրվել են տրամաբանական և սպառիչ պատասխաններ, կարծում եմ՝ բոլոր մտահոգությունները փարատվել են: Հանձնաժողովը տվել է իր դրական եզրակացությունը և առաջարկում է Ազգային ժողովին օրենքի նախագծերն ընդունել որպես օրենքներ: Այսքանը, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Եթե կա՞ն հարցեր գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Եթե ցանկություն կա մտքերի փոխանակություն ծավալելու, մենք կարող ենք դրան անցնել և հիմա հերթագրում մտքերի փոխանակության համար, Արթուր Թովմասյան: Ուրի՞շ: Չկա: Մտքերի փոխանակության համար հերթագրվել է պատգամավոր Արթուր Թովմասյանը, խնդրեմ պարոն Թովմասյան:
Արթուր Թովմասյան – Այս հարցը ինձ շատ հոգեհարազատ հարց է: Ես բավականաչափ ուսումնասիրել եմ: Նախկին ԼՂԻՄ–ի տարիներին, քանի որ Արցախի ժողովուրդը ավանդապահ ազգ է, հիմնականում որդեգրումները կատարվել է հարազատի երեխան՝ արյունակից կամ ազգականի, կամ ընկերոջ երեխան: Համարյա Արցախում չկա, ասենք որ արյունակցական կապ չլինի՝ որդեգրված երեխաների կենսագրությունը, իրենք մեծացել և դաստիարակություն են ստացել հարազատի ընտանիքներում: Շատ քիչ դեպքեր կան, մատների վրա կարելի է հաշվել, որ արյունակցական կապ չկա կամ ընկերոջ երեխա չէ, կամ էլ չեն ճանաչում ծնողներին: Անցյալ դարից՝ 90-ական թվականների վերջին, Շուշի քաղաքում երեխա են ծննդաբերում՝ կար դեպք և վաճառում: Քիչ առաջ, մտահոգություն հայտնեց տիկին Մնացականյանը, իրականում այդպիսի դեպքեր կան, ոչ միայն մեզ մոտ, այլ նաև Հայաստանի Հանրապետությունում, որ օտարերկրացիները որդեգրել են, հետագայում այդ երեխայի օրգանները վաճառվել են կամ օրգաններից մեկը, այսպիսի դեպքեր էլ կան մեր իրականության մեջ: Այս օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն է տալու մեզ բացառել այդպիսի դեպքերը: Ես ուսումնասիրել եմ օրենքը, ամեն ինչ բերվում է իրավական դաշտ, պարոն Դանիելյանը բավականաչափ լավ աշխատանք է կատարել, և ես կողմ եմ քվեարկելու, նույնը նաև Հայրենիք խմբակցության անդամները, որ այսօրվա մեր խմբակցության նիստում մենք օրենքի նախագծին կողմ ենք քվեարկելու:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Մտքերի փոխանակությունն էլ ավարտեցինք, եթե կա եզրափակիչ ելույթի ցանկություն, պարոն Դանիելյան, հարցերին պատասխանել եք, բայց ինչ-որ բան կա՞ ամփոփելու:
Արարատ Դանիելյան – (Չի լսվում):
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, ամփոփենք և կարծում եմ, որ այն հարցերը, որոնք տրվել են, դրանք իհարկե բխում են մեր մտահոգություններից, բայց օրենքը բավականին լուրջ և հիմնավոր կարգավորումներ է առաջարկում և այդ նույն մտահոգությունների հետ կապված և բազմաթիվ այլ հարցերի հետ, հետևաբար ես նույնպես միանում եմ պարոն Թովմասյանի առաջարկին: Կարծում եմ, որ օրենքի ընդունումը մեզ թույլ կտա մի մակարդակ ավելի բարձր դիտարկել այս հարցը և արդեն՝ զուտ իրավական կարգավորումներ: Ընթացքում, եթե հարցեր կառաջանան արդեն դրան անդրադառնան նոր փոփոխությունների կարգով: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Երեխայի իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքներն ընդունելու վերաբերյալ:
Քվեարկություն: Կողմ՝ 23, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ 5:
Որոշումն ընդունված է, և կարծում եմ արդեն համապատասխան հետևություններ պետք է անել, որ այդ ներկայացված մտահոգությունները կարողանանք օրենքի ներկայացման ժամանակ դրանց մեծ մասը փարատենք: Շնորհակալություն, անցնում ենք հաջորդ օրակարգային հարցին: Մենք հիմա սկսում ենք նախագծերի մի ցանկ. խոսքը վերաբերում է ավելի շատ երկրի ֆինանսաբյուջետային համակարգին՝ Գանձապետական համակարգի, Բյուջետային համակարգի մասին: Իհարկե, հերթով այս հարցերին կանդրադառնանք: Այժմ՝ Գանձապետական համակարգի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է, և այն Կառավարության կողմից լիազորված է ներկայացնել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար պարոն Արթուր Հարությունյանը, խնդրեմ:
Արթուր Հարությունյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում Գանձապետական համակարգի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Բաժնետիրական ընկերությունների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հիմնադրամների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գանձապետական համակարգի մասին Արցախի Հանրապետության մասին որոշ հոդվածների նոր խմբագրման անհրաժեշտությամբ, ինչպես նաև միասնական գանձապետական հաշվում պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական հոսքերի կենտրոնացման անհրաժեշտության և իրավական դաշտում 50%-ից ավել պետական կամ համայնքային բաժնեմաս ունեցող ընկերությունների և վերջիններիս կողմից հիմնադրված իրավաբանական անձանց, ինչպես նաև պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների և վերջիններիս կողմից ստեղծված իրավաբանական անձանց ֆինանսական հոսքերի միասնական գանձապետական հաշվմամբ շրջանառելու համար հնարավորություն ստեղծելու նպատակահարմարությամբ: Բանկերում պետական ոչ առևտրային կազմակերպությունների անունով բացված հաշիվները 2019թ. հունվարի 1-ից նախատեսվում է տեղափոխել գանձապետական համակարգ, որի արդյունքում պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցները կշրջանառեն գանձապետական միասնական հաշվով՝ նրանց նկատմամբ կիրառելով պետական բյուջեի կատարման համար գործող նախնական հսկողության համակարգը, ինչն էլ կհանգեցնի ֆինանսական գործողությունների կատարման ընթացքում դրանց համար սահմանված ընթացակարգերից շեղումների և ռիսկերի նվազեցմանը՝ ապահովելով նրանց գործունեության թափանցիկության ավելի բարձր աստիճան: Ատետիկ կազմում ներկայացված Բաժնետիրական ընկերությունների մասին Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է. 50%-ից ավել պետական կամ համայնքային բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերությունների, ինչպես նաև 50%-ից ավելի պետական կամ համայնքային բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություն հիմնադրած ընկերությունների իրավունք վերապահել բացելու հաշիվներ նաև պետական ֆինանսական կառավարման բնագավառում՝ Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում:
Հիմնադրամների մասին Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է համանման իրավունք է վերապահել նաև պետության կամ համայնքի կողմից ստեղծված հիմնադրամների կամ այդ հիմնադրամների կողմից ստեղծված իրավաբանական անձանց: Նախագծերի փաթեթի ընդունմամբ կստեղծվի անհրաժեշտ իրավական հիմք Հանրապետությունում պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության և միջոցների օգտագործման թափանցիկության բարձրացման համար: Դրա հետ մեկտեղ, իրավական առումով, 50%-ից ավելի պետական կամ համայնքային բաժնեմաս ունեցող ընկերություններին, ինչպես նաև պետության կամ համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամներին հնարավորություն կընձեռվի իրենց ֆինանսական հոսքերը միասնական գանձապետական հաշվում շրջանառելու համար: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Ալյոշա Գաբրիելյան, Էդուարդ Աղաբեկյան: Հարցերի համար գրանցվել են Ալյոշա Գաբրիելյանը և Էդուարդ Աղաբեկյանը, խնդրեմ Ալյոշա Գաբրիելյան:
Ալյոշա Գաբրիելյան – Պարոն Հարությունյան, ինչպես հասկացանք, բացի նրանից, որ վերահսկողության գործառույթներ են իրականացվելու և կառավարման մեխանիզմներն են գործելու ավելի լավ, այստեղից կարո՞ղ ենք ենթադրել, որ դրանց մոտ կան կոռուպցիոն ռիսկեր և այլն, և դա հնարավորություն է տալու ինչ-որ տեղ վերահսկել այդ: Դա առաջին և երկրորդ՝ դրանով ինչ-որ տեղ ակնկալվո՞ւմ է, որ բյուջեում ինչ-որ ֆինանսական ավելացում կամ բան լինելու է: Շնորհակալություն:
Արթուր Հարությունյան – Շնորհակալություն հարցի համար: Ինչ վերաբերվում է ֆինանսական միջոցների ավելացմանը կամ պակասեցմանը, այստեղ ավելի շատ ֆինանսական հսկողության համակարգ է ներդրվում այն պետական ոչ առևտրային կազմակերպությունների, որոնք ծախսերը իրականացնում են ոչ գանձապետական հաշիվների միջոցով, այսինքն` այն պետական ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք ունեն նաև սեփական եկամուտներ, բացի պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի, և այդ գումարների, և սեփական եկամուտների մասով, և պետական բյուջեի կողմից տրամադրվող պահպանման ծախսերի մասով իրականացնելու են նախնական հսկողություն, ինչպես այսօր իրականացվում է մնացած պետական մարմինների համար, որոնք որ գանձապետական հաշվով են իրականացնում ծախսերը: Ինչ վերաբերվում է կոռուպցիոն ռիսկերի՝ կոնկրետ այս պարագայում իրականացնելու են այն ծախսերը, որոնք սահմանված են, հաստատված են պետական բյուջեով՝ ըստ հոդվածների: Այսինքն, նախնական հսկողությունը իրականացվելու է տվյալ՝ այդ փուլում՝ պետական բյուջեից իրականացվող ծախսերից: Մնացած բոլոր ծախսերը, որոնք որ կարող է նաև պարունակի կոռուպցիոն ռիսկեր, դրանք իրականացնում են ընթացիկ վերահսկողության ընթացքում:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Գաբրիելյան: Չէ: Հարցի համար, խնդրեմ, պարոն Էդուարդ Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան – Պարոն նախարար, առաջարկվող փոփոխությունները՝ վերահսկողության առումով, վերաբերվում է նաև արտաբյուջետային, թե՞ նրանք արդեն ներառված են ինչ-որ գանձապետական համակարգում և այլն:
Արթուր Հարությունյան – Արտաբյուջետային հաշիվները նույնպես գանձապետական համակարգով են իրականացվում, այսինքն` այդ ծախսերը, որոնք որ իրականացվում են արտաբյուջետային հաշիվներից, լրիվությամբ նույն ընթացակարգն են անցնում, ինչպես պետական բյուջեի ծախսերի ուղղությունները:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Աղաբեկյան: Էդուարդ Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան – Այդ դեպքում էլ ո՞ւմ է պետք արտաբյուջեն: Ի՞նչ ծախս է, որ պետական բյուջեով հնարավոր չէ իրականացնել, որ մենք իրականացնում ենք արտաբյուջեներով՝ հնարավորություն տալով զանազան կառույցներին երկրորդ գրպանից օգտվել:
Արթուր Հարությունյան – Հիմնականում արտաբյուջետային միջոցների հաշիվներից իրականացնում են տվյալ վարչական կամ վարչարարություն իրականացնող մարմինների աշխատողների պարգևատրման, խրախուսման և տվյալ համակարգի զարգացման որոշ ծախսեր, որոնք որ պետական բյուջեում արտացոլված չեն: Իրականում կարող է այդ նույն ծախսը լինել և արտաբյուջետային հաշվով և պետական բյուջեով իրականացվել:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, մենք հարցերին անդրադարձանք: Շնորհակալություն, պարոն Հարությունյան, կարող եք նստել: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանը, խնդրեմ:
Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, բարձրացված հարցերի վերաբերյալ գործադիր իշխանության լիազոր ներկայացուցիչը տվել է համապատասխան սպառիչ պատասխաններ, հանձնաժողովը ստացել է նաև Ազգային ժողովի փորձագիտական ծառայության եզրակացությունը, որ այս փաթեթը համապատասխանում է մեր Սահմանադրությանը, և առաջարկություններ, և դիտողություններ չունեն: Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել, և դրական եզրակացությամբ ներկայացնում ենք ձեր քվեարկմանը՝ ակնկալելով ընդունել այն որպես օրենք: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, եթե հարցեր կան գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել հարցերի համար: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Ցանկություն մտքերի փոխանակություն ծավալելու և լրացուցիչ խոսելու այս հարցով նույնպես չկա: Եզրափակիչ ելույթի հնարավորություն կա, բայց տեսեք, սա պարտադիր չէ: Շատ լավ, շնորհակալություն: Մենք այս հարցով էլ, կարծես, բոլոր հնարավոր հարցադրումներին անդրադարձանք, նաև հանձնաժողովում համապատասխան քննարկման ժամանակ եղել են մանրամասն քննարկումներ, հետևաբար ես հիմա քվեարկության եմ ներկայացնում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Գանձապետական համակարգի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Բաժնետիրական ընկերությունների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և Հիմնադրամների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքներն ընդունելու վերաբերյալ:
Քվեարկություն: Կողմ՝ 25, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ 3:
Որոշումն ընդունված է: Շնորհակալություն:
Հաջորդ նախագիծը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթով: Այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար պարոն Արթուր Հարությունյանը, համեցեք:
Արթուր Հարությունյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: Ձեր քննարկման է ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հարկային ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Քաղաքացիական կացության ակտերի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Նոտարիատի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Դատական ակտերի հարկադիր կատարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Առևտրի և ծառայությունների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին Արցախի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարչական մարմինների կողմից իրականացված վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման հարցում միասնական մոտեցում ապահովելու, ինչպես նաև պետական բյուջեի վրա չնախատեսված ծախսերի մասով ընկնող լրացուցիչ բեռի թեթևացման անհրաժեշտությամբ, որի նպատակով առաջարկվում է նախատեսել վարչական մարմինների նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդերի ծախսման նոր ուղղություններ: Վարչական մարմնի վարչարարության պատճառված վնասի հատուցումը, պետական բյուջեի այլ միջոցների հաշվին կատարված լինելու դեպքում, Արցախի Հանրապետության պետական բյուջեից նշված նպատակով տրամադրված է միջոցների վերականգնում: Վարչական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց՝ վարչարարության հետևանքով պատճառած վնասի հատուցման հարցով միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել փաթեթում ներառված օրենքներում, որոնց ընդունման դեպքում հնարավոր կլինի պետական մարմինների վարչարարության հետևանքով պատճառած վնասների հատուցում առաջին հերթին իրականացնել պետական բյուջեից կամ արտաբյուջետային հաշիվներից՝ տվյալ պետական մարմնի խրախուսման կամ զարգացման նպատակով տրամադրված միջոցներից:
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին Արցախի Հանրապետության օրենքում առաջարկվում է նաև կատարողական ծախսերը չգանձել այն դեպքում, երբ որպես պարտապան հանդես է գալիս Արցախի Հանրապետությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետությունից բռնագանձման ենթակա գործերով ԴԱՀԿ ծառայության կողմից փաստացի որևէ ծախս չի կատարվում և, միևնույն ժամանակ, պետական բյուջեի միջոցներից են հիմնականում ձևավորվում ԴԱՀԿ ծառայության պահպանման հիմնական ծախսերը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Հարությունյան, եթե հարցեր կան այս նախագծի հետ կապված, խնդրում եմ գրանցվել: Պարոն Հովիկ Ջիվանյանն է գրանցվել, խնդրեմ, պարոն Ջիվանյան:
Հովիկ Ջիվանյան – Այսինքն` վարչական իրավախախտումների հետևանքով քաղաքացիներին պատճառած վնասի փոխհատուցումը պետական բյուջեից ենք նախատեսում իրականացնել, ես ճի՞շտ եմ հասկացել:
Արթուր Հարությունյան - Այս պահին գործող, այսինքն` վարչական մարմինների, վարչարարություն իրականացնող մարմինների կողմից պատճառված այդ վնասների մասով գումարները հատուցվում են պետական բյուջեից և հետադարձ՝ այդ տվյալ պաշտոնատար անձանցից կամ, խրախուսման, պարգևատրման գումարներ նախատեսված լինելով պետական բյուջեով տվյալ պաշտոնատար անձի համար, այդ գումարներից վերականգնվում է կամ էլ, եթե կա արտաբյուջետային հաշիվներում պարգևատրման և խրախուսման ֆոնդ, վարչարարություն իրականացնող մարմինների մասին է խոսքը գնում, այդ գումարները պահվում են այդ ֆոնդից:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Ջիվանյան:
Հովիկ Ջիվանյան – Չէ: Արդեն այս մոտեցումը ավելի ընկալելի է դառնում, այսինքն` վարչական իրավախախտում պատճառած անձը ինքն է կրելու այդ պատճառած վնասը, ինքն է կրելու այդ վնասը վերջնական արդյունքում:
Արթուր Հարությունյան - Պետական բյուջեի միջոցներից չի իրականացվելու, այլ իրականացվելու է տվյալ պաշտոնատար անձանց համար նախատեսված այդ պարգևատրման, խրախուսման նախատեսված ֆոնդից:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցը հնչեցվեց, պատասխանը եղավ: Շնորհակալություն, պարոն Հարությունյան:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար նորից հրավիրում եմ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանին, խնդրեմ:
Արամ Գրիգորյան – Լիազոր ներկայացուցիչը, հարգելի գործընկերներ, մանրակրկիտ ներկայացրեց օրենքների նախագծերի փաթեթը, ինձ մնում է միայն նշել, որ հանձնաժողովի նիստում այս փաթեթը ստացել է դրական եզրակացություն, նույնպես ունենք փորձագիտական ծառայության եզրակացությունը, նույնպես նրանք դիտողություններ չունեն, առաջարկում ենք ընդունել այս փաթեթը՝ որպես օրենք: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, եթե գլխադասային հանձնաժողովի նախագահին հարցեր ունեք, գրանցվեք, չկան հարցեր: Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Մտքերի փոխանակությո՞ւն, նույնպես չկա: Այս փաթեթն էլ ամփոփելով ասենք, որ հանձնաժողովային քննարկման ժամանակ, ովքեր ներկա էին եղել, իհարկե տեղյակ են և հիշում են, որ մենք նույնպես անդրադարձել ենք այն հարցին, ինչ-որ բարձրացրեց, և կարծում եմ սա շատ ավելի արդար մոտեցում է: Ուզում եմ արդեն քվեարկության ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հարկային ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Քաղաքացիական կացության ակտերի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Նոտարիատի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Դատական ակտերի հարկադիր կատարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Առևտրի և ծառայությունների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքներն ընդունելու վերաբերյալ: Օրենքների նախագծերի փաթեթը:
Քվեարկություն: Կողմ՝ 28, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Մենք այս երկու օրինագծերի մասով Ազգային ժողովի վերաբերմունքը արտահայտեցինք: Մեզ մնում է վերջին օրենսդրական նախաձեռնությունը. այն վերաբերում է Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցին: Պարզապես, որպես նախաբան, ուզում եմ ասել՝ մենք հաճախակի չենք Ազգային ժողովում քննարկում ընթացիկ տարվա բյուջեում փոփոխություններ կատարելու մասին առաջարկներ, հետևաբար սա շատ հաճելի նախադեպ է: Այժմ, ես նորից ուզում եմ հրավիրել, Կառավարության կողմից լիազորված է ներկայացնել, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար պարոն Արթուր Հարությունյանին, խնդրեմ:
Արթուր Հարությունյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: Ձեր քննարկման է ներկայացվում Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 8 միլիարդ 700 միլիոն դրամով ավելացնել 2018թ. պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտներ և պետական տուրքեր եկամտատեսակը: Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է միջազգային շուկայում պղնձի գների և հանքագործական արդյունաբերության արտադրողականության բարձրացմամբ: Միաժամանակ առաջարկվում է 700 միլիոն դրամով նվազեցնել 2018թ. պետական բյուջեով նախատեսված այլ եկամուտների եկամտատեսակը, որը պայմանավորված է պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասեր ունեցող բաժնետիրական ընկերությունների ֆինանսական-տնտեսական արդյունքում ստացված զուտ շահույթից՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերի դիմաց Արցախի Հանրապետության պետական բյուջե ենթակա վճարման շահութաբաժիների մուտքերի նվազմամբ: Արդյունքում առաջարկվում է 8 միլիարդ դրամով ավելացնել 2018թ. պետական բյուջեի եկամուտները, որից 3 միլիարդ դրամով նախատեսվում է կրճատել պետական բյուջեի դեֆիցիտը, իսկ 5 միլիարդ դրամը ուղղել հետևյալ նպատակների. 720 միլիոն դրամը՝ Արցախի Հանրապետության շրջաններում ընթացիկ ոռոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով կարողությունների զարգացման ծրագրի մասով ծախսերի ավելացմանը: 485 միլիոն դրամը ծրագրավորվում է ուղղել գյուղատնտեսական միջոցառումների գծով ոռոգովի տարածքների ավելացման՝ պայմանավորված կաթիլային համակարգերի տեղադրման համար գումարների տրամադրմանը և Էլեկտրական ատոմակայան ՓԲԸ-ի բաժնետիրական ընկերության համար շինարարական աշխատանքների իրականացմանը: 230 միլիոնի չափով ծախսերը նախատեսվում է ուղղել տնտեսական զարգացման ծրագրերի գծով տեղական արտադրողներին աջակցությանը և գործարար միջավայրի ու արտադրական համալիրների զարգացմանը: 3 միլիարդ 300 միլիոն դրամը նախատեսվում է կապիտալ ներդրումների ծրագրով Կառավարության առջև դրված առաջնային նշանակություն ունեցող մի շարք օբյեկտների կառուցման և վերանորոգման աշխատանքների իրականացմանը և 265 միլիոն դրամը՝ պետական բյուջեի պահուստային ֆոնդի ավելացմանը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Հարությունյան, խնդրեմ, եթե հարցեր ունեք, հարցերի համար գրանցվում ենք: Հայկ Խանումյան, Ալյոշա Գաբրիելյան, Վահրամ Բալայան, Էդուարդ Աղաբեկյան և վերջ: Հարցերի համար գրանցվել են Հայկ Խանումյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Վահրամ Բալայանը, Էդուարդ Աղաբեկյանը: Խնդրեմ, հարցի համար Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան – Պարոն Հարությունյան, բյուջեն կազմելիս պղնձի գինը ինչքա՞ն եք հաշվարկում:
Արթուր Հարությունյան – Պղնձի գինը բյուջեի կազման ժամանակ եղել է մոտ 6200 դոլար՝ 1 տոննայի դիմաց, փետրվար ամսից այն մինչև վերջերս տատանվում է՝ 6,8-ից 7 հազար դոլարի սահմաններում:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան – Այսինքն, բյուջեն կազմելիս հաշվի եք առնում տվյալ պահին եղած գինը, բայց անցյալ տարի այս նույն ժամանակաշրջանում պղնձի գինը եղել է 700 և հետագայում…
Արթուր Հարությունյան – Ոչ թե անցյալ տարի, այլ այս տարի:
Հայկ Խանումյան – Անցյալ տարի եղել է 7 հազար, օգոստոսից, արդեն 5800, այս պահին արդեն 6200 է, այսինքն, կներեք, գները իջել են փաստորեն:
Արթուր Հարությունյան – Այս տարվա փետրվար ամսից գները կտրուկ բարձրացել են, այսինքն` 6800 պահպանվել է 6800 ու 7000-ի սահմաններում մինչև այս վերջերս, հետո նորից … Հիմա ,այս պահի դրությամբ, 6200-ի սահմաններում է:
Աշոտ Ղուլյան – Պարոն Խանումյան, եկեք պայմանավորվենք: Հարցը մինչև վերջ տվեք, հիմա երեք անգամ հարցին բան եք անում: Խնդրեմ, ավելացրեք, բայց պայմանավորվենք այսպես՝ հարցը մինչև վերջ տալիս եք, լսում պատասխանը, արձագանքում մեկ րոպե:
Հայկ Խանումյան – Գումարային առումով ինչքա՞ն է լինելու այս տարի Բեյզ Մեթըլս-ի վճարած հարկերը:
Արթուր Հարությունյան – Մոտ 19 միլիարդ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ հարցը՝ Ալյոշա Գաբրիելյան, հետո՝ Վահրամ Բալայան:
Ալյոշա Գաբրիելյան – Նախ և առաջ, իհարկե, կարելի է գովել այն փաստը, իրողությունը, որ 8 միլիարդով ավելացել է 2018թ. պետական բյուջեն, բայց այստեղ մի բան է առաջանում՝ 8 միլիարդը մեր ընդհանուր բյուջեի ծավալի մեջ բավականին մեծ թիվ է: Միթե՞ կարելի չի եղել նախապես այնպես պլանավորել, ծրագրավորել, որպեսզի այսքան մեծ փոփոխություններ չարտացոլվեր և բերեիք այստեղ: Դա առաջին մտահոգությունս է, բայց հիմնականում ծախսային մասով նոր ես իմացա, որովհետև ինչքան փնտրել եմ, չեմ գտել: Դուք վերծանված ձևով, բացված տեսքով ներկայացրեցիք այն ծախսերը, որ պիտի կատարվի բյուջեում ավելացված այդ 8 միլիարդի առումով: Այսինքն, ինչպես հասկացա 485 միլիոն դրամ հատկացվելու է ոռոգովի տարածքների ավելացման՝ պայմանավորված կաթիլային համակարգերի տեղադրմամբ և ինչպես նաևՏոհմային կայան ՓԲԸ-ի համար շինարարական աշխատանքների իրականացման համար: Ճի՞շտ եմ հասկացել:
Արթուր Հարությունյան – Այո:
Ալյոշա Գաբրիելյան – Շատ բարի, իհարկե ես իմ տեսակետը ունեմ համենայնդեպս այս բանի հետ, որ միանգամայն անտրամաբանական ենք համարում ոչ միայն ես, այլ նաև մեր խմբակցությունը, որ մենք ունենք ռազմավարական նշանակություն ունեցող ծախսեր պահանջող հիմնախնդիրներ, հատկապես այս քաղաքական իրավիճակում, որն օրեցօր ավելի է սրվում: Հարցը սա է. ինչու՞ եք այդքանը ուղղել այդտեղ, քանի որ 2018թ. բյուջեն՝ 2017թ.-ի համեմատ, 8 միլիարդով ավելացել է այդ ոռոգովի համակարգերի զարգացման համար: Սա ի՞նչ է նշանակում, սա իրենից բերում է այնպիսի կասկածանքներ, որի մասին, մենք, իհարկե ունենք մեր տեսակետները: Եվ, վերջապես 50 միլիոն հատկացվում է Տոհմային կայանին, նորից հատկացումներ եք կատարում: Մենք միշտ ասել ենք՝ վերջապես այդ Տոհմային կայանը դարձել է մեր բյուջեից անընդհատ վերցնող-վերցնող: Ե՞րբ է լինելու պահը, երբ արդեն ինքնաբերաբար կդառնա:
Արթուր Հարությունյան – Շնորհակալություն հարցերի համար: Առաջին հարցի վերաբերյալ, ինչ վերաբերում է պլանավորմանը: Պլանավորման ժամանակ ես նշեցի, որ այստեղ երկու կարևոր հանգամանք կա՝ մեկը պղնձի գինն էր, մեկն էլ արտադրողականության ավելացումը, որը Բեյզ Մեթըլս ՓԲԸ–ի կողմից սկսվել է իրականացվել մարտ, ապրիլ, մայիս ամիսներին: Այսինքն, մինչև այդ պլանավորված էր, որ արտադրողականությունը լինելու է ավելի ցածր և տարվա ընթացքում արտադրողականության բարձրացում է տեղի ունեցել, և երկրորդը՝ պղնձի գներն են, որոնք ես նշեցի՝ 6,2-ի և 6,8-ի տարբերությամբ: Այսինքն` մեկ տոննայի մոտ 600 դոլարը բերում է այս գումարների ավելացմանը: Այստեղ ավելացումը պայմանավորված է այս երկու հանգամանքով: Երկրորդ հարցի վերաբերյալ՝ ծախսերի 485 միլիոն դրամի մեջ նախատեսված 300 միլիոնը ոռոգովի կաթիլային համակարգի տեղադրմանը, որը, ինչպես Դուք նշեցիք, համարվում է այս պահի դրությամբ գյուղատնտեսության մեջ ամենառազմավարական ուղղություններից մեկը: Այդ ռազմավարական ուղղությունները, որոնք որ Դուք նշեցիք, դրանց մեջ մտնում է նաև այդ ոռոգովի, կաթիլային համակարգի տեղադրումը, որը այս ըստ կատարված հաշվարկների այդ կաթիլային համակարգերի տեղադրումը բերում է երկու և ավելի անգամ բերքատվության ավելացման Տոհմային կայան ՓԲԸ–ին ուղղվող միջոցները միայն ու միայն ուղղվում են կապիտալ բնույթի ծախսերի, այսինքն` ընթացիկ ծախսերը, որոնք որ իրականացվում են տվյալ ընկերության կողմից, իրականացվում են սեփական եկամուտների հաշվին: Պահպանման ծախսերի կամ ընթացիկ ծախսերի գծով պետական բյուջեից որևէ գումար չենք հատկացնում: Միայն հատկացնում ենք կապիտալ բնույթի՝ շենքերի ավելացում կամ կապիտալ բնույթի այլ ծախսեր:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Գաբրիելյան: Ալյոշա Գաբրիելյան:
Ալյոշա Գաբրիելյան - Ես ուզում եմ ասել, փաստորեն այդ կաթիլային ոռոգման համար տարվա կտրվածքով, եթե չեմ սխալվում, մոտավորապես 350 միլիոն դրամ նախատեսել եք, հիմա այդքան էլ նորից նախատեսում եք ավելացնել: Չեմ հասկանում, թե սա ինչ քաղաքականություն է:
Արթուր Հարությունյան – Մեր կողմից իրականացված հաշվարկներով այդ գումարները, որոնք, որ այս տարի տրամադրվել են, և մենք նաև նախատեսում ենք 2019թ. էլ պետական բյուջեի նախագծով նաև ավելացնել այդ գումարները, քանի որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ ոլորտում իրականացվող ներդրումները արդարացված են, և կրկնակի կամ կարող է կրկնակիից ավել անգամ բերքատվության ավելացում է նախատեսվում այդ ոլորտում: Իսկ գյուղատնտեսությունը համարելով որպես մեր ռազմավարական ճյուղ՝ այս կարգի ներդրումներ անելը, իմ կարծիքով և Կառավարության կարծիքով, ճիշտ է:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Վահրամ Բալայան:
Վահրամ Բալայան – Պարոն Հարությունյան, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասեր ունեցող բաժնետիրական ընկերությունների եկամուտների պակասելը ինչի՞ հետ է կապված:
Արթուր Հարությունյան – Սա հիմնականում կապված է Արցախ ՀԷԿ բաց բաժնետիրական ընկերության բաժնեմասերի, պետության բաժնեմասերի օտարման հետ: Այսինքն, մենք այդ բաժնետոմսերը վաճառել ենք այլ ընկերությունների կամ անհատների, որի մասով այդ եկամուտները նվազում են:
Վահրամ Բալայան – Իսկ եթե դա շահութաբեր է, նպատակահարմար է վաճառել դրանք: Ասենք, եթե դրանք շահ բերող են:
Արթուր Հարությունյան – Քանի որ սկզբնական փուլում այդ ընկերությունը ստեղծելու ժամանակ պետությունը որոշակի ներդրումներ պետք է իրականացնի, որպեսզի նաև այլ ներդրումներ ներգրավվի: Առաջին փուլում իրականացվել են այդ ներդրումները, և հետո կամաց-կամաց պետությունը դուրս է գալիս պետական համամասնակցությունից՝ հաշվի առնելով, որ մասնավոր ընկերությունում կառավարումը և մնացած այլ գործառույթները ավելի հստակ են իրականացվում մասնավոր ներդրումների կողմից:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ վերջին հարցը Էդուարդ Աղաբեկյան: Չկա՞: Շատ լավ: Հարցերը մենք ավարտեցինք: Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Մենք հիմա պիտի լսենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացված նախագծի հանդեպ: Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյան, խնդրեմ:
Արամ Գրիգորյան – Շնորհակալություն, հարգելի գործընկերներ: Այս օրենքի նախագիծը մուտք է եղել Ազգային ժողով հոկտեմբերի 9-ին, այնուհետև մենք ստացել ենք Կառավարության ղեկավարի և Հանրապետության Նախագահի կողմից համապատասխան նամակը՝ այս օրենքի նախագիծը անհետաձգելի համարելու վերաբերյալ, և Ազգային ժողովի կանոնակարգի 69-րդ հոդվածի և այնուհետև 85-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն Պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը կատարվում է հատուկ ընթացակարգով: Օրենքի նախագծի համար, այդ Կանոնակարգի համաձայն, շրջանառության մեջ է գտնվել երկու շաբաթ, այնուհետև հանձնաժողովը նիստ է արել: Օրենքի նախագիծը մանրակրկիտ քննարկվել է և ստացել է դրական եզրակացություն: Առաջարկում ենք այն ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, եթե հարցեր կան գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, կարող եք նստել: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել, ելույթների: Էդուարդ Աղաբեկյան, Հայկ Խանումյան, Ալյոշա Գաբրիելյան: Ուրի՞շ: Չկան, շատ լավ, մտքերի փոխանակությամբ ենք սկսում այս հարցը՝ Էդուարդ Աղաբեկյան, խնդրեմ, պարոն Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի գործընկերներ, իհարկե պետական բյուջեում մուտքերի ավելացումը միանշանակ ողջունելի է, բայց երբ ժամանակին Ֆորդին հարցրել էին. Ինչպե՞ս կվերաբերվեք, եթե Ձեր եկամուտները 32%-ով ավելանային, պատասխանը եղել է, որ պլանավորման բաժնի ղեկավարին անմիջապես կփոխեի: Հնարավո՞ր է ժամանակին, իհարկե: Նախ, ընդերքը բոլորինս է՝ ժողովրդինն է, բնակչությանն է: Ընդերքի հետ կապված, կարծում եմ, մենք օրենսդրական նախաձեռնությունով, ճիշտն ասած, իմ ելույթի մի մասի, Կանոնակարգով ավելի, ոչ թե սպասել ժամանակին կամ Բեյզ Մեթըլս–ի բարեհաճությանը, ինչ-որ բան տալ պետությանը և այլն, այլ ընդհանրապես բերել հարկային դաշտ, թափանցիկ, այլապես ունենալու եք այն, ինչ-որ ունեք Դրմբոնում: 10 տարի առաջ Դրմբոնը Լիսաբոնի հետ էին համեմատում: Հիմա Դրմբոնում ավարտելուց հետո՝ ընդերքը զրոյացնելուց հետո, սկսած ճանապարհների եզրերից մինչև բարոյական հուշարձաններ ու ենթակառուցվածքներ, ջրամատակարարումներ: Նույնը սպառնալու է մեր Կաշենին: 10,15,20 տարվա պաշարներ կա: Արդյո՞ք այդ պաշարը պետք է հիմա ողջ բանով հանել: Առաջարկությունը արդեն մենք դրել ենք շրջանառության մեջ, որ յուրաքանչյուր տարի ավելացնել: Ընդ որում` այդ ընդերքից եկող գումարները նախատեսել միայն ու միայն ենթակառուցվածքներին: Միայն ու միայն ենթակառուցվածքներին, այլ ոչ թե ընթացիկ ծախսերով, վարչական շենքերով, զանազան վերանորոգումներ և այլն և այլն: Միանշանակ ողջունելի է այդքանը, բայց առաջարկում ենք՝ հայտնելով մեր մտահոգությունները, հայտարարում ենք, որ ավելի լավ է յուրաքանչյուր տարի այդ բանը նախատեսել, ոչ թե սպասել Բեյզ Մեթըլսի բարեհաճությանը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ ելույթը՝ պատգամավոր Հայկ Խանումյան, խնդրեմ:
Հայկ Խանումյան – Իհարկե, միշտ էլ հաճելի է խորհրդարանում քննարկել պետական բյուջեի եկամուտների աճը, քան դեֆիցիտի մեծացումը: Ազգային ժողովի այս գումարման ընթացքում մենք երկու նպատակով ենք հաստատված բյուջե փոխել՝ առաջինը դեֆիցիտը մեծացնելու, երկրորդ անգամ՝ աճած սեփական եկամուտները ֆիքսելու համար: Նախօրոք ասեմ, որ ես կողմ եմ քվեարկելու այս նախագծին: Եթե այս օրինագիծը բերվեր տարվա առաջին եռամսյակում, ես կառաջարկեի գումարների մի մասը չուղղել դեֆիցիտի մարմանը, այլ մեծացնել կապիտալ շինարարության ծախսերը՝ դրանք հատկապես ուղղելով մեր շրջաններում ենթակառուցվածքների ստեղծմանը կամ վերականգմանը: Սակայն այս առաջարկը տարվա վերջին ամիսներին իմաստ չունի: Հույս ունեմ, որ բյուջեի 2019թ. նախագծի ժամանակ Կառավարությունը մեծ ուշադրություն կդարձնի իմ նշած ուղղությանը:
Այս փոփոխությամբ մենք ունենում ենք մի բյուջե, որտեղ գրեթե 50%-ը սեփական եկամուտներն են: Սա Արցախի պատմության մեջ առաջին անգամ է, երբ բյուջեի միջպետական գումարն ու սեփական եկամուտները գրեթե հավասար են՝ մի փոքր առավելությամբ միջպետական վարկ: Սրան զուգահեռ, սակայն մենք ունենք մի բյուջե, որտեղ սեփական եկամուտների ավելի քան մեկ երրորդը մեկ տնտեսվարողի վճարած հարկերից ենք ստացել: Եթե հաջողվի առաջիկայում ավելացնել նաև Ռել թին, ապա հնարավոր է ունենալ մի վիճակ, երբ սեփական մուտքերի մեջ մեկ տնտեսվարողի վճարած հարկերի վճարները կկազմեն 50%-ից ավել: Այս տարվա փետրվար և մարտ ամիսներին Ազգային ժողովի իմ հայտարարություններում ես անդրադարձել եմ տնտեսական աճի կառուցվածքի և հանքաարդյունաբերության վրա հիմնված տնտեսության խնդիրներին: Այդ մտահոգությունները այսօր ավելի են շատանում, քանզի հաջորդ տարվա ընթացքում ավելի է ամրապնդվելու հանքահումքային երկիր լինելու փաստը: Աղբահանման գրեթե 75 %-ը լինելու է մեկ հանքից ստացված հանքանյութը: Եթե համեմատենք Հայաստանի Հանրապետության արտահանածի հետ, կտեսնենք, որ այնտեղ ել հանքաարդյունաբերական արտադրանքը մեծ տոկոս է կազմում: Սակայն այդ արտադրանքը գրեթե հավասար է պատրաստի սննդի արտադրանքին: Այս խմբի ապրանքատեսակի զարգացման համար Արցախում լավ նախադրյալներ կան: Կառավարությունը առավել ջանքեր պետք է գործադրի տնտեսության դիֆերենցիացիայի համար, մանավանդ որ ունի այնպիսի գործիքակազմ, ինչպես Արցախի ներդրումային հիմնադրամն է կամ գյուղի, գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը: Կառավարության աջակցությունը պետք է լինի ոչ միայն արտոնյալ վարկերի տրամադրման ձևով, այլ առավելապես մեր արտադրողների համար շուկաներ գտնելու և շուկաներում մեր արտադրանքի հասանելիությունն ապահովելու ծրագրի տեսքով: Մենք ունեինք մի աննորմալ վիճակ, երբ տարիներ շարունակ տնտեսական աճն ու եկամուտների ավելացումը ընթացել է փոքր ու միջին բիզնեսի և աշխատատեղերի կրճատմամբ: Մեկ ոլորտից և, հատկապես, մեկ տնտեսվարողից, տնտեսության կախվածությունը լուրջ հիվանդություն է: Հանքաարդյունաբերությունը ռիսկային ոլորտ է՝ Վալեքս գրուպ-ի ընկերությունների համար հատկապես: Առաջնայինը գնային կոնյունկտուրան է. անցյալ տարի պղնձի տոննան 7 հազար դոլարից ավել էր, այժմ՝ 6200 դոլար, չնայած դա էլ է բավականին ձեռնտու գին, և Կաշենի հանքավայրը առաջիկա տարիներին արդյունահանման մեծ ներուժ ունի: Բայց պետք է հաշվի առնենք, որ պղնձի գների անկումը կբերի սեփական եկամուտների նվազման: Մյուս կողմից, եթե չհանգուցալուծվի Ալավերդու պղնձաձուլարանի հետագա շահագործման խնդիրը, ապա կարող է ունենանք նաև ընդհանրապես արդյունահանման դադարեցում, աշխատատեղերի կրճատում և բյուջետային մուտքերի վերացում: Այս խնդիրները հաշվի առնելով՝ տնտեսության դիվերսիֆիկացիայի խնդիրը դառնում է օրախնդիր և, հատկապես, Մարտակերտի շրջանի, որտեղ բնակչության մի ստվար հատված ներգրավված է հանքաարդյունաբերության մեջ: 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ ես կշարունակեմ զարգացնել այս թեման կոնկրետ առաջարկներով: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ ելույթը՝ Ալյոշա Գաբրիելյան, համեցեք:
Ալյոշա Գաբրիելյան – Իհարկե, իմ խոսքը առաջին հեթին վերաբերում է ծախսային մասին, որտեղ բոլոր դեպքերում եկամուտների ավելացումը ողջունելի է: Հետևաբար, ինչպես պարոն Աղաբեկյանն է նշում, ավելացվածը ամեն մի տնտեսվարող օբյեկտ՝ լինի իրավաբանական, թե ֆիզիկական անձ, առաջին հերթին մտածում է այն հիմնախնդիրների մասին, որ առկա է տվյալ տնտեսվարող սուբյեկտի մոտ: Հետևաբար` եկած գումարի ծախսերը պետք է նպատակային լինի և ենթադրի այն ռազմավարական ուղղությունները, որոնք առկա են և ծառացած են մեր նորաստեղծ հանրապետության առաջ: Քանի-քանի անգամ ենք այս ամբիոնից խոսել, ինչքան ենք մենք ցանկացել ինչ-որ գումար հայթայթել, բերենք, որպեսզի մեր պաշտպանունակությունն ավելի մեծացնենք: Ինչքան ենք ապաստարանների համար պայքարել, որ թեկուզ 50 միլիոնը, որ նախանցած տարի բյուջեով մենք կարողացանք ավելացնենք, ինչքան ջանք պահանջվեց, և հասկանանք մի բան. ինչ էր կատարվում մեր շուրջը՝ տարածաշրջանում, որ օրեցօր ավելի է մեծանում, մեր անվտանգությունը ավելի է խոցելի դառնում և ես՝ կարծում եմ, թե այդ գումարների նպատակային օգտագործումը պետք է անմիջապես ինչ-որ քննարկման մի մեծ բան դառնա և փառք Աստծո, որ Ազգային ժողովը կա և բերում են այստեղ: Ինձ չի գոհացնում նախարարի այն պատճառաբանությունները, որ կոնկրետ գյուղատնտեսության այդ ոլորտը առաջնային է, այդ տեսակետից հատկացումներ կատարվել են: Այո, հատկացումներ կատարվել է 2018թ: Եթե չեմ սխալվում, 350 միլիոն դրամ է հատկացվել, նորից այդքան հատկացնե՞լ, նշանակում է ոչ ճիշտ պլանավորման արդյունք է, ինչպես եկամուտների հաշվառումը, այնպես էլ ծրագրային այս մոտեցումները: Գյուղատնտեսության բնագավառում այլ ճյուղեր չկա՞ն, որոնք կարելի է զարգացնել: Այդ երբ է լինելու, վերջապես մենք ձերբազատվենք այն բանից, որ գյուղում Հայաստանի Հանրապետությունից մեքենաները եկած և մթերքներ են վաճառում: Գյուղացին փոխանակ ինքը արտադրի և ինքը արտահանի: Վերջապես մենակ գյուղատնտեսությունը չի: Հերիք է այնքան, որքան հատկացվել է այդ ճյուղի համար: Ես մի բան էլ եմ ուզում ասել՝ այսօր այնքան եմ ուրախացել, երբ Ասկերանի շրջանների բնակավայրերում փողոցների բարեկարգման աշխատանքներ են կատարվում: Ես երեկ եղել եմ Խնապատ գյուղում և հպարտացել եմ, ուրախացել եմ: Իրոք, որ այդ գյուղում ապրելու համար հնարավորություններ կան փողոցների բարեկարգ վիճակից: Եկեք ժողովրդի համար ստեղծենք բարեկեցիկ պայմաններ: Ի՞նչու դադարեցնենք այդ աշխատանքները՝ Ասկերանի շրջանի բնակավայերում կառուցապատման, ճանապարհների… Միանգամից ասենք՝ փող չկա կամ ինչ-որ ծրագրերը վերջացել են: Եկեք մտածենք ժողովրդի համար և ճիշտ ուղենք: Եկեք չմտածենք մի քանի հոգու համար, որովհետև նռան այգիները կամ նարնջի այգիները մի քանի հոգի են գցում, ոչ թե ամբողջ ժողովուրդը: Եկեք մտածենք այն հողակտորների մասին, որ գյուղամերձ շրջանում տարիներ շարունակ բարձիթողի վիճակում են և այսօր մացառուտներ են դարձել և վաղը չգիտեմ ինչ է դառնալու: Եկեք ճիշտ որոշենք մեր ռազմավարությունը և այնպես անենք, որ մեր գյուղը զարգանա, մեր գյուղացին ավելի բարեկեցիկ կյանքով ապրի: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, մենք ավարտեցինք նաև մտքերի փոխանակության փուլը: Մենք հիմա եզրափակիչ ելույթների հնարավորություն ունենք և կարծում եմ, որ 2018թ. Պետական բյուջեի մասին Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը, շատ, երևի ճիշտ է նաև, որ մասնակցում է Արցախի Հանրապետության պետնախարարը: Կարծում եմ այս հնչեցված մտահոգություններին և հարցադրումներին և դրա շուրջ խոսելու հնարավորություն կա: Եզրափակիչ ելույթի համար, խնդրեմ Արցախի Հանրապետության պետական նախարար պարոն Գրիգորի Մարտիրոսյանը:
Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, իհարկե ֆինանսների նախարարը հանգամանալից ներկայացրեց, ես ուղղակի որոշակի մեկնաբանություններ կփորձեմ տալ նաև մտքերի փոխանակության ժամանակ հնչեցրած մի քանի հարցի վերաբերյալ, որոշակի պարզաբանումներ տրամադրել: Իհարկե, բյուջեի ցանկացած փոփոխության՝ թե ավելացման, թե նվազման միտմանն ուղղված, հարց է առաջանում, արդյոք ճիշտ պլանավորման հնարավորություն ժամանակին չի եղել, թե՝ ոչ: Այստեղ մենք պետք է ելնենք մեր առկա ռեսուրսներից և այսպես իրատեսականության հանգամանքներից, որովհետև ցանկացած պլանավորում ենթադրում է արտաքին գործոնների փոփոխություն: Ընդհանրապես Արցախի Հանրապետության տնտեսությունը իրենից ներկայացնում է ինչպես հայտնի է փոքր և բաց տնտեսություն, որը արտաքին ազդակներից շատ էական փոփոխությունների կարող է ենթարկվել. թե Հայաստանի Հանրապետության, թե Հայաստանի Հանրապետության տնտեսության միջոցով այլ երկրներում տեղի ունեցող տնտեսական էական փոփոխությունները իրենց հետքը անմիջապես թողում են Արցախի Հանրապետության տնտեսության վրա: Այդպիսի երևույթներից մեկը համաշխարհային գների փոփոխություններն են: Իհարկե, դա վերաբերում է ոչ միայն մետաղների գների, այլ նավթի, այլ էներգակիրների, կուրսային փոփոխությունների: Այդ ամբողջը որոշակի հետք թողնում է, և նույնիսկ զարգացած երկրներում, նույնիսկ մեծ վերլուծական կարողություններ ունեցող միջազգային կազմակերպություններում այդ կանխատեսումներից շեղումներ հաճախակի լինում են և այստեղ, կարծում եմ, պետք է ընդունել, որ կան գործոններ, որոնք իրականում մեր ազդեցությունից և մեր դաշտի շրջանակներից դուրս են: Մի քանի նկատառում կուզենայի նշել մեր բյուջեի այն ծախսային ուղղությունների համար, որոնք մենք նախատեսել էինք այս բյուջեի փոփոխությամբ: Նշեմ գյուղատնտեսության այդ ծրագրի մասին: Այստեղ հնչեցին հարցեր, պարոն Խանումյանը ներկայացրեց մի քանի ուղղություն, որոնց հետ միանշանակ համաձայն եմ, այսինքն` խոսքը և տնտեսության դիվերսիֆիկացիայի, և մշակվող արդյունաբերության զարգացման, մասնավորապես սննդի արդյունաբերությանն է վերաբերվում, և այդ քաղաքականության շրջանակներում մենք դիտում ենք նաև գյուղատնտեսության ինտենսիվ ճանապարհը, որը ամրագրված է բազմաթիվ քննարկված գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի հիմքում և կաթիլային համակարգերի զարգացումը այդ հայեցակարգից բխող կարևորագույն միջոցառումներից է: Ինչպես նշեց ֆինանսների նախարարը ավելանում է բերքատվությունը, բայց դա ոչ միակ և ոչ կարևորագույն դրական ազդեցություններից է՝ կաթիլային համակարգերի ներդրման: Ինչպես գիտենք, կաթիլային համակարգերի ներդրումը շատ լուրջ ինտենսիվ գյուղատնտեսության խթան է հանդիսանում իրենից և միաժամանակ ապահովում է երկրի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և հողերի էրոզիայի դեմ կարևորագույն միջոցառումներից մեկը և դրանցով պայմանավորված: Իրականում, եթե մենք ունենայինք ավելի մեծ հնարավորություններ, մենք միանշանակ ավելի մեծ ռեսուրսներ կուղղեինք այդ ծրագրին, որովհետև ամենահամեստ հաշվարկները ցույց են տալիս, որ ընդամենը 4,5 տարիների ընթացքում բոլոր ներդրված գումարները կաթիլային ոռոգման համակարգի ստեղծման գործում՝ վերադառնում են և դրանից հետո, միանշանակ դրական էֆեկտ են ունենում միայն բերքատվության աճի հաշվին: Բնական է, որ այդ ծրագիրը նախատեսված չէ մի քանի հոգու համար կամ առանձին ինչ-որ սահմանափակումներ կան: Մենք բավականին հստակեցրեցինք այդ ծրագրերից օգտվելու պայմանները, սահմանեցինք մի քանի օբյեկտիվ չափանիշ, հստակեցրինք, թե ինչ ընկերությունների կողմից դա պետք է իրականացվի, ինչպիսի պայմաններում, ինչ պահանջներից ելնելով՝ լիցենզավորման և այլն: Այդ ոլորտում գործում է այնպիսի կանոնակարգված և հստակ համակարգ, որ կարծում եմ, ավելի խորը ուսումնասիրելու դեպքում բոլոր կասկածները պետք է փարատվեն որևէ սուբյեկտիվ մոտեցման: Այդ ծրագրի պահանջադրությունից ելնելով, հենց նախատեսվում է ավելացնել այդ գումարները, որովհետև ինչպես գիտեք, այո, նախատեսվել են գումարներ, եթե չեմ սխալվում 450 միլիոնի կարգի տարեսկզբից և ևս մենք 300 միլիոն նախատեսում են ավելացնել, որովհետև պահանջարկից ելնելով, ներկայացվել են այնքան հայտեր այս ծրագրից օգտվելու համար, որ նույնիսկ այդ 300 միլիոնը չի բավարարի բոլոր ներկայումս ընդունված հայտերը կյանքի կոչելու համար: Մենք նախատեսում ենք մյուս տարի նույնպես ավելի մեծ գումարներ նախատեսել այդ ծրագրի իրականացմանը: Իրականում, եթե մենք կարողանանք մեր այգեգործությունը լրիվությամբ հիմնենք ժամանակակից ոռոգման համակարգերի վրա՝ դա կտա միանշանակ դրական էֆեկտ և կբազմապատկի մեր այգեգործության արտադրանքը: Կապիտալի մասով. կապիտալ ծրագրին ուղղվող գումարները, իհարկե կարևոր են և, դրանով պայմանավորված, մենք նախատեսում ենք նույնպես 2019թ. ավելացնել կապիտալ ներդրումների ծրագրին ուղղվող միջոցները: Կան նաև որոշակի աշխատանքներ, որոնք կատարվել են ընթացքում և որոնք ավարտին հասցնելու համար անհրաժեշտություն է առաջացել այս տարի լրացնել և ավարտին հասցնել այդ աշխատանքները: Դրանով պայմանավորված հնարավորություն կստեղծվի 2019թ. շատ ավելի նոր աշխատանքներ սկսել և, այն ծավալը, որ մենք կարողանում ենք ապահովել հիմա դրանցով՝ այդ նույն ռեսուրսները կազատվեն հաջորդ տարվա կապիտալ ներդրումներից և մենք շատ ավելի նոր, համարձակ կամ ավելի լայն աշխատանքներ կարող ենք իրականացնել: Կուզենայի անդրադառնալ նաև պաշտպանունակության՝ պարոն Գաբրիելյանի առաջարկություններին, այսինքն` հիմնականում քաղաքացիական պաշտպանության ուղղված ծրագրերին: Մենք նույնպես այդ ուղղություն է, որը իրականում նախատեսել էինք որոշակի գումարներ հատկացնել, նույնիսկ այս տարի պահուստային ֆոնդից և շրջանների վարչակազմերին հատկացնել որոշակի գումարներ՝ նկուղների, ապաստարանների վերանորոգմանն ուղղված: Բացի դրանից, նշեմ, որ այն ծրագիրը, որին նույնպես գումարներ է ավելացվում, այսինքն՝ շրջանների կարողությունների զարգացման ծրագիրը, որը, ըստ էության, շատ մեծ գործիք է շրջաններում, տեղերում բազմապրոֆիլ աշխատանքներ իրականացնելու համար, նույնպես օգտագործվում է մասնակի՝ նշված աշխատանքների իրականացմանը՝ վերանորոգման, ընթացիկ նորոգման կամ պահպանման ծախսերին ուղղվող աշխատանքներին, և մենք մյուս տարի նույնպես պահպանել պետական պահուստի գումարը և քաղաքացիական պաշտպանությանն ուղված միջոցառումներին, այնպես որ, այդ միջոցառումները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում և անպայման նույնպես գումարները կհատկացվեն: Հիմնականում այդքանը: Երկու բառ այդ ընկերությունների վաճառքի վերաբերյալ. խոսքը ԱրցախՀԷԿ-ի մասին է. դա պլանավորված է եղել ի սկզբանե: Հենց ԱրցախՀԷԿ-ի բաց բաժնետիրական ընկերություն դարձնելու, բաժնետոմսերը վաճառելու և այսպես ասած, բաց ցուցակում իրականացնելու ծրագրի հիմքում դրված էր հենց այն գաղափարը, որ պետությունը պետք է կամաց-կամաց դուրս գա այդ ընկերությունից և ընկերությունը լրիվությամբ դառնա դասական՝ այսպես բաժնետիրական ընկերություն, մասնավոր կապիտալով: Կարծում եմ՝ շուկայական տնտեսության հիմնարար պահանջներից մեկն է և պետությունը կշարունակի իր մասնակցությունը ունենալ, իհարկե այլ ընկերությունների նման՝ հարկային մուտքեր գանձելու միջոցով: Հիմնականում այդքանը: Պետք է վերջում առաջարկեմ ընդունել օրենքի նախագիծը՝ որպես օրենք: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան: Կարող եք նստել: Սա եզրափակիչ ելույթ էր և չի նախատեսում, որ մենք կարող ենք նորից հարցադրումներ ուղղել: Ուզում եմ ամփոփել և կարծում եմ, որ այս դեպքում, երևի, ավելի ճիշտ կլիներ նույնպես ելույթի համար գրանցվել, բայց որպեսզի չերկարացվի, միշտ էլ կարելի է երկրորդ տարբերակ ունենալ ներկայացվող փոփոխությունների հանդեպ, թե այս 8 միլիարդը ինչպես բաշխել և որ ուղղություններում: Քանի որ մենք նաև մասնակցում ենք տարվա պետական բյուջեի կազմմանը և այդ բյուջեի քննարկելու ժամանակ բազմաթիվ առաջարկություններ ենք նաև անում, լսում, ներկայացնում, երևի թե ընդամենը մեկ ամիս էլ չի հերիքում: Մենք շուտով կունենանք 2019թ. պետական բյուջեն և այս բոլոր առաջարկությունները, կարծում եմ, Կառավարությունն էլ հաշվի կառնի, որովհետև ելույթներում ներկայացված էին այնպիսի առաջարկություններ, որոնք վերաբերվում էին մեր տնտեսության դիվերսիֆիկացմանը և այստեղ, կարծում եմ, բոլորիս ցանկությունն ու մտահոգությունը մեկն է, որ այն լինի ինչքան հնարավոր է կատարյալ և ինչքան հնարավոր է՝ օպտիմալ, արտաքին այդ ազդեցություններից պաշտպանված ու երաշխավորված: Ես առաջարկում եմ, քանի որ հենց սկզբից ասացի, որ մենք հաճախակի չենք այսպիսի դրական փոփոխություններ ունենում Ազգային ժողովում՝ բյուջեն լրացուցիչ գումար է մտնելու՝ կարծում եմ, որ մենք և Կառավարության առաջարկը՝ դա անել կարճ ժամկետում, իմաստը այն է, որ մենք այս երկու ամսվա ընթացքում կարողանանք այդ 8 միլիարդը ոչ միայն տեղաբաշխել, այլ նաև ուղղորդել, որպեսզի տնտեսության այն ճյուղերը, որտեղ նրանք պետք է գնան, կարողանան նաև աշխատել: Այսքանն է երևի:
Ընդմիջո՞ւմ, խնդրեմ: 10 րոպե ընդմիջում Դաշնակցություն խմբակցության առաջարկության կողմից:
Աշոտ Ղուլյան – Շարունակում ենք լիագումար նիստի աշխատանքները և այժմ շարունակում ենք՝ Դաշնակցություն խմբակցությունը 10 րոպե ընդմիջում էր խնդրել: Մենք, ընդհանուր առմամբ ավարտել ենք 2018թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկումը և այժմ մեզ մնում է միայն քվեարկություն: Ուրիշ, կարծես թե կանոնակարգով որևէ բան արդեն նախատեսված չէ: Պատգամավորներին խնդրում եմ ուշադրություն դարձնել Ազգային ժողովի որոշման նախագիծը Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջե մասին Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 22, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ 6: Որոշումն ընդունված է և 2018թ. Պետական բյուջեի մասին օրենքում համապատասխան փոփոխություններն և լրացումները ընդունված են: Կարծում եմ՝ կարող ենք արդեն ընթացքավորենք այդ աշխատանքները: Շնորհակալություն:
Մենք օրակարգում ունենք միայն մեկ հարց՝ պատգամավորական հայտարարությունների, իհարկե կանոնակարգով հիմա պետք է ընդմիջում հայտարարենք՝ մեկ ու կես ժամից հանդիպեինք, բայց եթե դեմ չեք, մենք հիմա անցնենք պատգամավորական հայտարարություններին, որից հետո՝ միանգամից փակենք նիստի աշխատանքները: Ընդունե՞լի է: Շատ լավ: Ուրեմն, պատգամավորական հայտարարությունների օրակարգային հարցն է հիմա քննարկվում: Խնդրեմ, եթե կա պատգամավորական հայտարարությունների ցանկություն: Գագիկ Բաղունց, Ալյոշա Գաբրիելյան, Վահրամ Բալայան, Լյուդմիլա Բարսեղյան, Հայկ Խանումյան, Արպատ Ավանեսյան, Արթուր Թովմասյան: Ուրեմն, Գագիկ Բաղունց, Ալյոշա Գաբրիելյան, Վահրամ Բալայան, Լյուդմիլա Բարսեղյան, Հայկ Խանումյան, Արպատ Ավանեսյան, Արթուր Թովմասյան:
Ուզում եմ հիշեցնել, որ պատգամավորական հայտարարությունների համար նախատեսված է երեք րոպե և, խնդրեմ, հայտարարության համար հրավիրվում է պատգամավոր Գագիկ Բաղունցը, թող պատրաստվի Ալյոշա Գաբրիելյանը:
Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ: Ամենից առաջ ուզում եմ բոլոր ներկաներին եւ ի, դեմս ձեզ՝ հայ ժողովրդին շնորհավորել ապրիլին սկսված եւ օրերս մեծագույն հաջողությամբ պսակված իրադարձության առթիվ: Սակայն այս անգամ խոսքը թավշյա հեղափոխության մասին չէ: Հոկտեմբերի 18-ին հայկական Multi Group կոնցեռնի եւ միջազգային Omnia Tech ընկերության ջանքերով Երեւանում տեղի ունեցավ աշխարհում կրիպտովալյուտայի մայնինգի խոշորագույն ֆերմաներից մեկի բացման արարողությունը: Առաջիկա երկու տարիներին նախատեսվում է 2 միլիարդ դոլարի ներդրում՝ 500 ընկերությունների կողմից, ներառյալ Facebook, Google, Amazon, ինչը թույլ կտա գործի դնել 120000 մեքենա: Այսպիսով, Հայաստանը հնարավորություն ունի դառնալու աշխարհի տեխնոլոգիապես զարգացած տերություններից մեկը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումը Հայաստանը կներառնի տեխնոլոգիական հեղափոխության գեներացիան համաշխարհային համակարգում, որը կապահովի նրա համակողմանի կորպորատիվ անվտանգությունը: Միաժամանակ, Հայաստանով, հակակշիռ նավթագազայինի, անցկացվում է տեղեկատվա-տեխնոլոգիական մայրուղի, յուրօրինակ Մետաքսի ճանապարհ, հակակշիռ սեւ ոսկու, գործի կդրվի թվային ոսկին: Իսկ Արցախու՞մ: Ամենից առաջ պետք է խոստովանել, մոտակա ապագայում չարժե հուսալ արտաքին քաղաքական լարվածության թուլացում: Չճանաչվածության և տնտեսական փաստացի շրջափակման պայմաններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ճեղքումը դիտվում է որպես հետագա զարգացման եւ միջազգային հանրության կողմից ճանաչման համադարման: Բայց այստեղ պետք է խոստովանել, որ հայության արցախյան հատվածը ցավալիորեն հետ է մնում: Հայաստանի տեխնոլոգիական հնարավոր ճեղքումը կարող է ապահովվել պահպանված եւ աջակցություն ունեցող ֆիզիկա-մաթեմատիկական բարձրակարգ դպրոցով եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բավարար զարգացած երիտասարդության միջոցով: Անկասկած, Հայաստանում ձեռնարկվող քայլերը Արցախի համար կստեղծեն առաջընթացի միանգամայն հարմար, մշակված ուղի, բայց զարգացման տեմպերը, համաշխարհային գործընթացին ներգրավվածությունը միանշանակորեն կախված կլինեն նրանից, թե մեզ որքանով կհաջողվի վերականգնել տեխնիկական կրթության արժանի մակարդակը, իրացնել մեր ժողովրդի անխնա կոխկրտվող գենետիկ ներուժը:
2019թ. պետական բյուջեի քննարկման նախօրեին բոլոր գործընկերներիս կոչ եմ անում հնարավոր ջանքերը ներդնել, որպեսզի բյուջեն ունենա կրթության ոլորտի զարգացման առավելագույն ուղղվածություն: Բազմաթիվ գործընկեր մանկավարժներին, գիտնականներին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել կրթության եւ գիտության նախարարության կողմից մշակվող կրթության համակարգի 2019-2023 թթ. զարգացման ծրագրին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ հայտարարությունը Ալյոշա Գաբրիելյան, թող պատրաստվի Վահրամ Բալայանը:
Ալյոշա Գաբրիելյան - Հարգարժան գործընկերներ, տիկնայք և պարոնայք: Վերջին ժամանակներս մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները, անշուշտ, իրենց դերակատարություններն են ունենում մեր ամենօրյա կյանքի բոլոր ոլորտներում և բնական է ենթադրել, որ երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումները իրենց կնիքն են թողել ու շարունակում են թողնել Կռավարության կողմից տարվող բազմակոնտուր գործունեության վրա: Թեկուզև առ այս պահը մանրամասն տեղյակ չեմ ԱՀ կառավարությանն առընթեր ներդրումային հիմնադրամում ենթադրվող բարեփոխումների ամբողջական ծրագրին, բայց և այնպես, հիմք ընդունելով մինչև այս պահը հրապարակված տեղեկատվությունը, կարելի է միայն ողջունել հույս ներշնչող այն քայլերը, որոնք պետք է կատարվեն հիմնադրամի կողմից՝ հատկապես գյուղական բնակավայրերում բնակարանային շինարարությունը խթանելու, այլ խոսքով՝ գյուղը շենացնելու ուղղությամբ:
Ընդհանրապես այն ամենը, որ այս կամ այն ձևով պետության կողմից ձեռնարկվում են գյուղական կյանքն աշխուժացնելու, գյուղացու սոցիալ-կենցաղային, տնտեսական պայմանները բարելավելու, գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, ողջունելի է և ենթակա՝ խրախուսման:
Այժմ ցանկանում եմ անդրադառնալ մի շարք հարցերի, որոնք կարևոր են ռազմավարական տեսանկյունից երկրի կայունության և զարգացման առումով:
Ամենակարևորը, թերևս, ռազմաքաղաքական նոր իրավիճակում տարածաշրջանային վերջին զարգացումներն են, որոնց ֆոնի վրա առավել ընդգծելի է դառնում Արցախի անվտանգության և պաշտպանության կարևորությունը: Կարծում եմ առավել ակտուալ է դառնալու այս ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվելիք քայլերը և գտնում եմ, որ բոլոր մտահոգությունները պետք է իրենց անդրադարձը գտնեն 2019թ. պետական բյուջեի նախագծում:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, ցանկանում եմ նշել մի շարք առաջնահերթություններ, որոնք առաջին հերթին պետք է մտահոգեն գործադիրին:
1. Ինչպես կատարվել է ներդրումային հիմնադրամում, նույնանման փոփոխություններ անհապաղ պետք է կատարվեն նաև ԱՀ ԿԱ գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամում, հաշվի առնելով այն պարզ ճշմարտությունը, որ հիմնադրամը իր գործելակերպով անհասանելի է մնում գյուղում բնակվող հողագործին, անասնապահին: Պետությունը երաշխիքներ պետք է ստեղծի գյուղաբնակների համար զբաղվելու տնտեսական գործունեությամբ: Գյուղը գյուղ կդառնա միայն այն դեպքում, երբ գյուղացին բավարար պայմաններ ունենա բարեկեցիկ կյանքով ապրելու:
2. Արցախը իր աշխարհագրական դիրքով, իր բնակլիմայական պայմաններով, իր ջրային և հողային ռեսուրսներով առանձնանում է տարածաշրջանում: Ուղղակի ռեալ չենք գնահատում մեր բարենպաստ պայմանները և հնարավորինս բավարար չափով չենք օգտագործում եղածը:
Կառավարությունը, հանձինս գյուղատնտեսության նախարարության, ամեն մի տնտեսական տարի պետք է ծրագրավորի, ավելի ճիշտ՝ պլանավորի գյուղմթերքների արտադրության սպառման հարաբերակցությունը: Չափից ավելի տվյալ մշակաբույսի արտադրության չկանխատեսումը մոտակա տարիների կտրվածքով, առանց տեղական վերամշակության ձեռնարկությունների խթանման, ևս անդրադառնալու է տնտեսության զարգացման վրա:
3. Գյուղական համայնքների վարելահողերի տարիներ շարունակ անմշակ լինելու հանգամանքը հասել է վտանգավորության մի այնպիսի աստիճանի, որ հարցականի տակ է դրված նրանց որպես վարելահողերի հետագա գործածությունը: Փաստորեն հողի մշակը հայտնվելով անօգնական վիճակում՝ օտարվել է իր իսկ հողակտորից:
Հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներ, որոնք այս պահի դրությամբ առկա են գյուղական համայնքների հողօգտագործողների մոտ, գտնում ենք, որ պրոբլեմի լուծման միակ երաշխավորի դերը պետք է ստանձնի Կառավարությունը՝ ձեռքի տակ ունենալով նախօրոք մշակված ու մասնագիտական փորձաքննություն անցած ծրագիր: Տեղին ենք համարում նաև նշել, որ փոքր ու միջին չափերի այդ հողակտորների մշակության ամենաարդյունավետ եղանակը կամավորության սկզբունքով գյուղատնտեսական կոոպերատիվ տնտեսությունների կազմակերպման ձևն է: Կառավարությունը սկզբնական էտապում, թեկուզև փորձնական ճանապարհով, պետք է ինքը նախաձեռնի տնտեսավարման այդ հեռանկարային կոլեկտիվ ընկերությունը:
4. Եվ վերջապես, ընդհանրապես գյուղատնտեսության ոլորտում հնարավոր է հասնել լուրջ հաջողությունների, եթե բնագավառը ֆինանսավորվի պետական բյուջեից զուտ ներկայացված ծրագրերի, որոնց մեջ իրենց տեղը կգտնեն մատնանշվածս առաջարկությունները ևս: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Խնդրում եմ տեղավորվել նախատեսված ժամանակի մեջ: Պատգամավորական հայտարարության համար Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայան, հաջորդը՝ Լյուդմիլա Բարսեղյան:
Վահրամ Բալայան - Հարգելի գործընկերներ, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ ԱՀ տարածքների հանձնման հետ կապված և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում կատարած հայտարարությունների խորապատկերի վրա «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» տխրահռչակ կարգախոսի նորից շրջանառության մեջ հայտնվելու հանգամանքը մեզ հուշում են, որ որոշ ուժերի կողմից փորձ է արվում խախտել ԱՀ տարածքային ամբողջականությունը՝ վտանգի տակ դնելով երկրի անվտանգությունը և տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ գոյակցության հնարավորությունը:
Այս պատասխանատու ամբիոնից ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ Արցախի ժողովրդի և պետության համար կարևոր և ոչ կարևոր շրջաններ հասկացություններ գոյություն չունեն, դրանք մեկ միասնական երկրի հավասարազոր մասեր են: ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքները սակարկության ենթակա չեն: Միաժամանակ ակնկալում ենք նաև իրավասու մարմինների համապատասխան վերաբերմունք: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ հայտարարությունը պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյան, թող պատրաստվի Հայկ Խանումյանը:
Լյուդմիլա Բարսեղյան – Շնորհակալություն: Հասարակության մեջ ամեն ոլորտում արժանի խրախուսումը ընդունելի է բոլորիս կողմից: Դա ոգևորելու և նոր եռանդով աշխատելու մեծ խթան է: Այսօր իմ խոսքը վաստակավոր կոչմանը արժանացած մասին է: Հանրապետությունում ունենք որոշակի թվով աշխատող և հանգստի անցած վաստակավորի կոչում ունեցող տարբեր մասնագիտությունների տեր անձինք: Նշեմ, որ ժողովրդական կոչում ունեցողները խրախուսվում են պատվովճարով, իսկ վաստակավոր կոչմանը արժանացածները՝ ոչ, բացառությամբ վաստակավոր մանկավարժների, ովքեր վարձատրվում են առավելագույն գործակցով՝ մոտավորապես երկու, երեք հազար դրամով ավել: Գտնում եմ, որ այս կարգը վերանայման կարիք ունի, քանի որ երկրի համար զգալի ավանդ ներդրած վաստակավորի կոչմանը արժանացած մարդիկ արժանի են առավել ուշադրության այնպես, որ գոնե վաստակած հանգստի տարիներին զգան ստացած թոշակի որոշակի տարբերություն: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ հայտարարության համար, խնդրեմ, Հայկ Խանումյան: Թող պատրաստվի պարոն Արպատ Ավանեսյանը:
Հայկ Խանումյան – Հարգելի ներկաներ: Իմ այս հայտարարությունը վերաբերվում է Տեղական ինքնակառավարման մասին օրենքին, ավելի շուտ դրա չգոյությանը: Ինչպես գիտենք, մինչև 2018թ. այդ օրենքը պետք է ընդունվեր: 2019թ. սեպտեմբերին լրանում են մեր բոլոր համայնքապետերի լիազորությունների ժամկետները, և մենք ինչ-որ անցումային օրենք ենք ընդունել հակասահմանադրական, որպեսզի կարողանանք այս անցումը անցնում կատարել: Սակայն այդ օրենքը ընդունելու պայմանը այն էր, որ հնարավորինս շուտ մշակվի և ընդունվի Տեղական ինքնակառավարման մասին օրենքը, որոշակի հայեցակարգ կար, որը քննարկվում էր, այնուհետև այդ քննարկումները դադարեցին: Իմ կարծիքով, օրենքի չընդունումը ունի խիստ սուբյեկտիվ պատճառ և այդ սուբյեկտիվ պատճառի հիմքը թաքնված է նախագահականում: Իմ կարծիքով, հենց Բակո Սահակյանի ցանկությունն է, որ մինչև 2020թ. խորհրդարանական և նախագահական ընտրություններ չունենանք տեղական ինքնակառավարման նոր օրենք: Սա հնարավորություն կտա այդ ընտրությունների նախաշեմին Արցախում 100 տոկոսով նշանակովի համայնքապետեր ունենալ: Մեր բոլորիս ջանքերը պետք է ընդհանրացնենք, որպեսզի հնարավորինս շուտ Տեղական ինքնակառավարման մասին օրենքը մինչև 2019թ. օգոստոսի ընտրություններ պատրաստ ունենանք: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն:
Արպատ Ավանեսյան – Հարգելի գործընկերներ, ես շատ մեծ տհաճությամբ և վրդովմունքով կանդրադառնամ այս հարցին, որը նամակի տեսքով ներկայացրել են 160 հոգի և ուղղված է Ազգային ժողովի նախագահին և պատգամավորներին: Մենք աշխատանքային խորհրդակցության ժամանակ մի թեթև քննարկում ենք արել և կարծում եմ ոչ օպտիմալ լուծում առաջարկել, որին ես խիստ դեմ եմ և գտնում եմ, որ եթե թույլ տաք այստեղից մի երկու տող կարդամ և համապատասխան առաջարկությունը ասեմ:
Ցայսօր Արցախի հանրությանը հայտնի չէ, որ Բագիրովի հուշաքարի անփառունակ հեղինակը Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանն է, ով դա արել է նեղ անձնական շահերից ելնելով, կատարածը հիմնավորելու իբրև որպես արցախցու մարդասիրական կերպարը Երոպային ներկայացնելու ներքին դրդապատճառ: Իրեն հայրենասեր և ազգասեր համարող պատգամավորը իրականում սահմանափակում էր սոսկ գրանտային հարաբերությունները, որը նրան հաջողվել է ստանալ մեր տվյալներով մոտ 15 հազար եվրո: Խանումյանի մարդասիրությունը, հանդուրժողականությունը ադրբեջանական հանրությունում ազատագրված տարածքներ վերադարձնելու կրքեր է բորբոքել, որը հեռու գնացող վտանգներ է պարունակում՝ հուշաքարի տեղադրման մտահոգությունից մինչև իրագործումը, կարծես թե դավաճանության համահավասար ակնառու դրսևորում է, որով հեղինակը ակամայից ազատագրված տարածի հանդեպ հավակնություն է լեգիտիմացրել և այն հետ վերադարձնելու ..: Բաց եմ թողնում ահագին բան: Այսօր չկա կատարվածի խորքային իրավական, քաղաքական ու բարոյական գնահատականը: Խորհրդարանը լրջություն համարել չի կարող տեղի ունեցածը և հարկ չի համարել իրականացնել տեղի ունեցածը: Ասեմ, որ բացի իմ հիշատակած քննարկումից և այնտեղ ինչ-որ առաջարկությունից ոչ մի լուրջ քայլ չի կատարվում և կարծում եմ, այն ինչ-որ կապված է դավաճանության, հայրենիքի նկատմամբ հանցավոր վերաբերմունքի հետ՝ դա իրավաբանների և իրավական համակարգի քննության առարկա է և առաջարկում եմ, որպեսզի Ազգային ժողովի նախագահի կողմից, մեր համաձայնությամբ, այս նամակը ուղարկվի իրավապահ մարմիններին: Իրավապահ մարմինները համապատասխան եզրակացությունը ուղարկեն Ազգային ժողով, որից հետո մեր գործընկերոջ գնահատական կտրվի և կցուցաբերվի համապատասխան վերաբերմունք: Շնորհակալություն:
Հայկ Խանումյան - Վարման կարգով:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Վարման կարգո՞վ, ի՞նչ, պարոն Խանումյան: Լավ վարման կարգով: Վարման կարգով՝ Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան - Քանի որ իմ անունը այստեղ հնչեցվել է բացահայտ սուտ մեղադրանքների հետ կապված, ես խնդրում եմ փոքր ելույթի հնարավորություն տալ, որովհետև իմ կոլեգաներից ոչ մեկը, համենայնդեպս, այս հարցով ինձ չի դիմել և մի քիչ զարմանալի է միանգամից նիստում բացահայտ… Ես հանրությանը հրապարակային բացահայտում տվել եմ հարցի շուրջ, բայց բացահայտ սուտ մեղադրանքներ ներկայացնելը Ազգային ժողովի նիստում, կարծում եմ, ճիշտ չէ: Խնդրում եմ երկու րոպե ինձ լրացուցիչ բան տաք:
Աշոտ Ղուլյան – Շատ լավ, եկեք այս թեմայով չծավալվենք, պարոն Ավանեսյանը տեղյակ չէ, որ ասում է միայն մեկ անգամ է քննարկվել: Մենք լրացուցիչ խմբակցությունների ղեկավարների հետ էլ ենք քննարկել և, կարծես թե հարցը ընթացքավորելու նաև միջոցն էինք առաջարկել: Այս հարցը մենք չենք փակում, մենք հնարավորություն ենք ունենալու: Խնդրեմ վարման կարգով, Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան - Ուրեմն, հստակ ասում եմ, ես որևէ հուշաքար չեմ տեղադրել, որևէ հուշաքար…դադարեցրեք: Ես էլի եմ կրկնում որևէ հուշաքար չեմ տեղադրել, որևէ հուշաքարի բացմանը ներկա չեմ եղել, որևէ մի բան ինձ չեն ֆինանսավորել: Այդ հեքիաթները տարեք տվեք համապատասխան…
Աշոտ Ղուլյան – Շատ լավ, մենք պատգամավորական հայտարարությունների ժամ ենք հիմա անում, ոչ թե ելույթների, վերջին հայտարարությունը, Արթուր Թովմասյան:
Արթուր Թովմասյան – Ես ցանկանում էի առաջարկություններ Արցախի Հանրապետությունում բնակարանային ապահովության հիփոթեքային ծրագրի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ, բայց ասեմ հետևյալը: Մեր խմբակցության անդամ Արպատ Ավանեսյանի հայտարարությունից հետո ասեմ հետևյալը: Իմ անձնական տեսակետը՝ Հայկ Խանումյանին ես ճանաչում եմ 2015թ., թեկուզ նրա մասին լսել եմ, երբ որ ինքը Արցախի պետական համալսարանում դասախոսում էր: Ինձ մոտ շատ հարցեր կան, որ կարող է հետը համամիտ չլինեմ, բայց անհնարին է այն որակումները, որ քիչ առաջ հնչվեց ընդդիմադիր պատգամավորի մասով՝ իմ անձնական կարծիքն եմ ասում, որ ինքը լինի հայրենիքի դավաճան: Ինքը հայրենասեր տղա է: Երբեմն Սահմանադրությունը մեկնաբանում է յուրովի, այդտեղ կարող ենք մենք նրա հետ վիճել: Եկեք մեր այս 150 հազարի մեջ թշնամիներ և բարեկամներ չփնտրենք: 150 հազարը ունենք միևնույն կենսագրությունը, միևնույն ճակատագիրը, արցախյան հիմնախնդրի վերաբերյալ միևնույն դիրքորոշումները: Այս էմոցիոնալ բանից հետո, հաջորդ Ազգային ժողովի նիստի ժամանակ ես Արցախի Հանրապետությունում բնակարանային ապահովության հիփոթեքային ծրագրերի բարեփոխությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգամ: Սա, կարծում եմ, նաև իմ գործընկերները ինձ հետ համամիտ կլինեն: Սիրո և համերաշխության մթնոլորտում աշխատենք:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, ես առաջարկում եմ փակել այս թեման, մենք ոչ մեկս ոչ դատավոր ենք, ոչ դատախազ: Մենք, իհարկե, ստացել ենք այդ նամակը, բայց պայմանավորվել ենք ընթացքավորում: Քննիչ հանձնաժողովը, որ ստեղծված է, իրավասու է:
Արպատ Ավանեսյան – Քննիչ հանձնաժողովը իրավասու չէ:
Աշոտ Ղուլյան – Իրավասու է: Չեմ ասում, որ այդ փաստերը հրապարակվեն: Կքննարկենք հետո արդեն: Բոլոր խմբակցությունները առանձին կարող են դա անել, բայց ես, կարծում եմ, որ այդ նամակի հետ կապված որոշակի պրոցես պետք է լինի, որից հետո:
Արպատ Ավանեսյան – Իսկ ինչի՞ իրավապահ մարմիններ չեք դիմում:
Աշոտ Ղուլյան – Ես, կարծում եմ, որ իրավապահ մարմին ուղարկելը Ազգային ժողովի նախագահինը չէ, այդ նույն մարդիկ իրավապահ մարմիններին էլ են դիմել, այնպես որ, թող իրավապահ մարմինները իրենք որոշեն, ոչ թե Ազգային ժողովի նախագահը ուղարկի իրավապահ մարմիններին:
Շատ լավ, այսքանով մենք ավարտում ենք: Մենք պատգամավորական հայտարարությունների համար գրանցել ենք յոթ պատգամավորի: Բոլոր յոթ պատգամավորները հանդես են եկել իրենց հայտարարություններով, բայց մի բան էլ եմ ուզում ասել, որպեսզի պարոն Խանումյանը հետո բողոքում է, որ ես իր հայտարարություններից հետո եմ մեկնաբանություններ անում, կարծում եմ, տեղեկատվության պակաս էլ կա: 2019թ. սեպտեմբերին անպայման լինելու են ընտրություններ և խոսքը գնում էր տեղական ինքնակառավարման նոր կոնցեպցիայի մասին, որ քննարկվել է և հետաձգվել, բայց դա չի նշանակվում, որ ընտրություններ չեն լինում: Ընտրությունները լինելու են բոլոր դեպքերում: Շնորհակալություն, այսօրվա նիստը հայտարարում եմ փակ: