Ընդունված է 2018 թվականի
հոկտեմբերի 31-ին
«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի մայիսի 21-ի ՀՕ-49 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Արցախի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով: Եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ պետության ու (կամ) համայնքի կողմից հիմնադրված հիմնադրամը, ապա նման հիմնադրամը կամ նրա հիմնադրած իրավաբանական անձը իրավունք ունի բացելու հաշիվներ նաև պետական ֆինանսների կառավարման բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում (այսուհետ` գանձապետարան):»:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ (ընդ որում, եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ նրանց կողմից հիմնադրված հիմնադրամը, ապա կարող է հաշիվներ բացել նաև գանձապետարանում).»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. նոյեմբերի 10
Ստեփանակերտ
ՀՕ-50-Ն