ԼՈՒՐԵՐ
Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամի հանդիպումներն Արցախի Հանրապետության խորհրդարանում
30 հոկտեմբերի 2018

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության միջազգային կապերի գծով նախագահ Ժան-Ժակ Ֆլաոյին և նույն կուսակցության միջազգային կապերի փոխնախագահ Ջուլի Սզմային, ովքեր Արցախ են ժամանել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ այս հանդիպումը հարմար առիթ է՝ խոսելու մարդկային ու ժողովրդավարական այն արժեքների մասին, որոնք միավորում են երկու երկրների ժողովուրդներին՝ անկախ իրենց ծննդավայրից: Աշոտ Ղուլյանը նաև կարևորել է մեկ տարի առաջ Արցախի և Բելգիայի միջև ձևավորված ինստիտուցիոնալ հարաբերությունները՝ առանձնահատուկ ընդգծելով «Արցախի Հանրապետություն - Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի և Արցախի Հանրապետություն–Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակի դերակատարությանը: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն առաջարկել է մտածել համագործակցության կոնկրետ օրակարգի ձևավորման մասին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ Ժան-Ժակ Ֆլաոն նշել է, որ խորհրդարաններն ու խորհրդարանականները պետք է կարողանան հարաբերվել առանց դժվարությունների, ինչը թույլ կտա ապահովել տնտեսությունների և այլ կարևոր բնագավառների զարգացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև միջկուսակցական  համագործակցության հնարավորություններին և խորհրդարանում  ու քաղաքական կյանքում կանանց ներկայացվածությանը վերաբերող թեմաներ:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ նախագահի տեղակալ, Արցախի Հանրապետություն–Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակի նախագահ Վահրամ Բալայանը, ԱԺ արտաքաին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:

Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամներն այնուհետև հանդիպել են Արցախի Հանրապետություն–Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակի անդամների հետ:

Բարեկամության շրջանակի նախագահ Վահրամ Բալայանը, բացելով հանդիպումը, կարևորել է հյուրերի այցը և հետագա հարաբերությունների ձևավորումը՝ հաշվի առնելով ադրբեջանական ջանքերը՝ Արցախն արհեստականորեն մեկուսացնելու ուղղությամբ: Վահրամ Բալայանը նաև նշել է, որ Արցախը պետք է դիտարկել ոչ թե որպես տարածք՝ այլ ժողովուրդ, որն ունի արժանավայել կյանքով ապրելու իրավունք:

Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են նաև երկու երկրների խորհրդարանական համակարգերին, դրանց կառուցվածքին և խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող թեմաների շուրջ:

Առավոտյան պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին:

ԼՈՒՐԵՐ