ԼՈՒՐԵՐ
Արցախի հետ կապված հարցերը չեն անցնում քաղաքական նախասիրությունների եզրերով. Աշոտ Ղուլյանի հարցազրույցը «Թերթ.ամ» լրատվական գործակալությանը
23 հոկտեմբերի 2018

-Պարո՛ն Ղուլյան, ի՞նչ է փոխվել Հայաստան-Արցախ հարաբերություններում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Եթե կան փոփոխություններ, ապա ի՞նչ հարթությունում են դրանք: Ի՞նչ է փոխել ՀՀ նոր իշխանությունը Արցախ-ՀՀ հարաբերություններում:

Շատ կարևոր է արձանագրել այն իրողությունը, որ անկախության տարիներին և բոլոր իշխանությունների օրոք հայկական երկու հանրապետությունների միջև փոխգործակցությունը գտնվել է պատշաճ մակարդակի վրա, ինչը թույլ է տվել իրականացնել այն նպատակները, որոնք դրված են համահայկական օրակարգում: Հայ ժողովրդի համար Արցախի հետ կապված հարցերը չեն անցնում քաղաքական նախասիրությունների կամ կուսակցական պատկանելության եզրերով:

Հարաբերությունների նույնպիսի մակարդակ ունենք նաև այսօր՝ ՀՀ նոր իշխանությունների օրոք, որն արտահայտվում է ինչպես բարձրագույն իշխանությունների, այնպես էլ պետական գործընկեր կառույցների միջև  համագործակցությամբ: Այլ կերպ լինել չէր էլ կարող, քանի որ ի դեմս Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության, մենք ունենք միասնական հայրենիք:

- Արցախում ներքաղաքական իրավիճակի լարման վտանգ տեսնո՞ւմ եք, Հայաստանում երբեմն նման կարծիքներ հնչում են Արցախում տեղի ունեցող ինչ-ինչ իրադարձություններից հետո, որ իրավիճակը սրվելու է: Նոր քաղաքական ուժեր, միավորումներ ստեղծվո՞ւմ են: Բացի այդ, կա՞ն տարաձայնություններ պետության ներկա ու նախկին իշխանությունների միջև:

Արցախը, միջազգայնորեն չճանաչված լինելով հանդերձ, զարգացող ժողովրդավարական պետություն է, որտեղ հանրային ու պետական քաղաքականության այս կամ այն դրսևորում կարող է հանդիպել բնակչության որոշակի հատվածի դժգոհությանը: Քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը հրապարակային արտահայտելու միջոցով է նաև, որ հասարակությունը հնարավորություն ունի վերահսկողություն իրականացնել իշխանության մարմինների ու քաղաքական պատասխանատուների նկատմամբ:

Իհարկե, նման խնդիրներն անմիջապես հայտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում և պետական մարմինները արձագանքում ու աշխատում են դրանց լուծման ուղղությամբ: Այստեղ տեղին եմ համարում ընդգծել, որ մեր հանրությունը շատ զգայուն է նման խնդիրների արհեստական շահարկումների և ավելորդ լարվածություն ստեղծելու փորձերի հանդեպ:

Պետք է միայն ողջունել նոր կուսակցությունների և նախաձեռնող խմբերի ստեղծումը, հատկապես սպասվող ընտրություններից առաջ: Հենց նույն կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և մամուլը մեծ դեր ունեն սոցիալական տարբեր խմբերի ձայնը ավելի լսելի դարձնելու, երկրի զարգացմանը մասնակցելու գործում:

-Պարո՛ն Ղուլյան, Հայաստանի հին ու նոր իշխանությունները, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, բազմիցս հայտարարել են, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման համար բանակցային սեղան պետք է վերադառնա նաև Արցախը: Նախ, ի՞նչ է անհրաժեշտ դրա համար, կա՞ն հիմքեր և իրատեսակա՞ն է, որ մեկ օր Արցախը կվերադառնա բանակցային սեղան, ի՞նչ է փոխվել այս ուղղությամբ, որ դա իրատեսական լինի:

Նախորդ բոլոր տարիներին Արցախի իշխանությունների դիրքորոշումը եղել է այն, որ առանց Արցախի մասնակցության խնդրի լուծում հնարավոր չէ: Միջազգային ո՛չ մի կառույց, ո՛չ մի երկիր չի կարող պարտադրել մեզ որևէ փաստաթուղթ, վերջնական լուծում, որը ձեռք կբերվի առանց Արցախի մասնակցության ու համաձայնության: Պարզ է, որ Ադրբեջանը ամեն կերպ խուսափում է Արցախի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունից, ինչն էլ հստակ ցույց է տալիս, որ այդ երկիրը պատրաստ չէ խաղաղության կամ գոնե այդ ուղղությամբ աշխատելու:

 

-Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ ՀՀ վարչապետը Դուշանբեում կարճատև զրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: ՀՀ վարչապետը այդ հանդիպումից հետո հայտնեց, որ պայմանավորվել են մշտական կապ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև: Նախ, դրանից հետո որևէ փոփոխություն կա՞ սահմանային իրավիճակում և երկրորդ՝ Ստեփանակերտը քայլեր ձեռնարկո՞ւմ է օպերատիվ կապին միանալու համար կամ նման հարց քննարկվե՞լ է ՀՀ-ի հետ:

Վերջին շրջանում սահմանին համեմատաբար հանգիստ է, նվազել է միջադեպերի թիվը: Այսպիսի իրավիճակի բացատրությունը պետք է փնտրել ոչ թե Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորման մեջ, այլ այն մեծածավալ աշխատանքի արդյունքներում, որ կատարվել է առաջնագծի վերազինման և մեր զինվորականների մարտական պատրաստվածությունն անընդհատ բարձրացնելու ուղղությամբ:

Իհարկե, որպեսզի լռեն հրանոթները՝ կողմերը պետք է խոսեն, և ինչքան հաճախ լինեն կողմերի միջև շփումները՝ այնքան կնվազի նոր պատերազմի հավանականությունը:

Պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ կողմ է այն նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն սահմանին լարվածության թուլացմանը և կայունության ամրապնդմանը: Փաստ է, որ հրադադարի ռեժիմի պահպանման իր բաժին պարտավորությունը արցախյան կողմը կատարում է անթերի ու ամենահուսալի կերպով և, համոզված եմ, միջնորդները դա նկատում են: Ինչ վերաբերում է օպերատիվ կապ հաստատելու մասին ենթահարցին, ապա այս պահին ես նման տեղեկություն չունեմ:

 

- Պարո՛ն Ղուլյան, Փաշինյան-Ալիև հանդիպումը բավարա՞ր է բանակցային գործընթացի ակտիվացման համար, Դուք որպես Արցախի ԱԺ նախագահ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ է անհրաժեշտ բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Երևանի և Բաքվի միջև ուղղակի շփումները կարևոր քայլ են բանակցությունների վերսկսման համար, բայց դա ինքնանպատակ չպետք է լինի: Հայկական կողմերը և միջնորդները պետք է համոզված լինեն, որ Ադրբեջանը դրսևորում է քաղաքական կամք՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Մեզ հայտնի  հակամարտություններում սահմանային լարվածությունը և պատերազմի սպառնալիքը վաղուց դադարել են օգտագործել որպես գործիք և Ադրբեջանը միակն է, որ շարունակում է զբաղվել այդօրինակ քաղաքական շանտաժով. առավել ևս, որ մեր դեպքում դա չի աշխատում:

Միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ավելի շատ աշխատեն Ադրբեջանի հետ, գոնե հասկացնելու համար, որ Արցախի մասնակցությամբ բանակցային ձևաչափի վերականգնումը իրական հիմք կստեղծի հիմնախնդրի հանգուցալուծման համար:

 

ԼՈՒՐԵՐ