Գրավատների և գրավատնային գործունեության մասին

Ուժը կորցրել է 2008 թվականին

                                                                                                                                                                                                                                   Ընդունված է 2003 թվականի  

                                                                                                                                                                                                                                        հոկտեմբերի 22-ին

 

                                                                    ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

                                                                                                                Գ Լ ՈՒ Խ 1

                                                                                                   ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է գրավատնային գործունեության հետ կապված հարաբերությունները, սահմանում է գրավատների կողմից վարկավորման պայմաններն ու գրավա­տնա­յին գործունեության նկատ­մամբ պե­տա­կան վերահսկողության կարգը:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

գրավատնային գործունեություն՝ ֆիզիկական անձանց անձնական օգ­տագործ­ման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ վարկերի տրա­մա­դրման և պահատվության ձեռ­նար­կատիրական գործունեություն.

 գրավատուն՝ գրավատնային գոր­ծունեության լիցենզիա (այսուհետ՝ լի­ցեն­զիա) ստա­ցած կազ­մա­կեր­պու­թյու­ն.

 գրավատան տարածք՝ գրավատնային գործունեության համար ան­հրա­ժեշտ հիմնա­կան շինության տարածք, որտեղ պահպանվում են կանխիկ դրամը, գրավի ա­ռարկաները (ի պահ հանձնված գույքը) և վարկավորմանը վերաբերող փաստաթղթերը, կատարվում է հաճախորդների ընդունելություն և վարկերի տրամադրում, ինչպես նաև գրա­վա­տնային գործունեության հետ կապված այլ գործառույթներ.

լիազոր մարմին՝ գրավատնային գործունեությունը լիցենզավորող և վե­րահսկող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մար­մի­ն.

պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգ՝ տեխնի­կական սար­քա­վորում կամ սարքավորումների համախումբ, որը վերահսկում է օրվա ցան­կացած ժամի կամ որոշակի ժամերի ընթացքում անձանց մուտքը գրավատան տա­­րածք, դրանում կրակի առկայությունը կամ հրդեհի իրական  վտանգը.

 վարկավորմանը վերաբերող փաստաթղթեր՝ վարկային պայմա­նա­գիր, գրավա­տոմ­ս (գրավի պայմա­նա­գի­ր), անվանական պահպանական անդորրա­գիր և վարկառուի (պա­հա­տուի) վճարների հաշվառման անձնական քարտ, ինչպես նաև լիազոր մարմնի սահմանած այն փաստա­թղթե­րը, որոնք անհրա­ժեշտ են սույն օրենքի պահանջների պահպանման հավաստիությու­նը որոշելու համար.

վարկի գումար՝ վարկային պայմանագրին համապատասխան գրա­­վա­տան կողմից վարկառուի հաշվին փոխանցված կամ վար­կա­ռուին փաս­տացի վճարված դրամական միջոցներ.

վարկի ժամկետի սկիզբ՝ վարկի ամբողջ գումարը վարկառուի հաշվին փոխան­ցե­լու կամ վարկառուին փաստացի վճարելու օրվան հաջոր­դող օրը.

վարկի մարման ժամկետ՝ այն օրը, երբ վարկային պայմանագրին համապատաս­խան գրա­վատանն ամբողջությամբ պետք է վերադարձվի վարկի գումարը և վճարվեն բոլոր տոկոսավճարները.

 վարկի ժամկետ՝ դրա սկզբի և ամբողջությամբ մարման միջև ընկած ժամանակա­հատ­վածը, ներառյալ՝ առաջին և վերջին օրերը: Ընդ որում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքի, վերոհիշյալ ժամանակահատվածում հաշվի են առնվում բոլոր օրերը՝ ան­կախ դրանց աշխատանքային լինելու հանգամանքից.

տոկոսավճար՝ վարկային պայմանագրին համապատասխան որ­պես վարկի փոխհատուցում գրավատանը վճարվող գումար, որը հավասար է վարկի գու­մարի, օրե­րով արտա­հայտված վարկի ժամ­կե­տի (դրա մի մասի) և վարկի օրա­կան տոկոսի ար­տադրյալի հարյուրերորդ մասին:

 

Հոդված 3. Գրավատնային գործունեություն իրականացնողները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տու­­­թյու­նում գրավատնային գործունեություն կարող են իրա­­­կա­նաց­նել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպու­­­թյուն­նե­րը (այսու­հետ՝ կազմակերպու­թյուն)՝ լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիայի հիման վրա: 

 

Հոդված 4. «Գրավատուն» բառի օգտագործումը

 

1. «Գրավատուն» բառը կամ դրա ածանցյալներն իր անվանման մեջ կարող է օգտագործել միայն լիցենզիա ստացած կազմակերպությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա օգտագործման իմաստից բխում է, որ խոսքը գրավա­տնային գործունեու­թյանը չի վերաբերում:

2. Գրավատունը չի կարող իր անվանման մեջ օգտագործել ապակողմնորոշող այն­պիսի բառեր, որոնք կարող են տեղիք տալ գրավատան ֆինանսական վիճակի կամ իրա­վական կարգա­վի­ճակի վերաբերյալ թյուր ենթադրությունների:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 5. Գրավատան և վարկառուի միջև հարաբերությունները

 

1. Գրավատան և վարկառուի միջև հարաբերությունները կարգավորվում են պայմանագրա­յին հիմունքներով:

2. Վարկային պայմանագրերը կնքվում են գրավատան կողմից հաստատված վարկավորման ընդհանուր պայմաններին համապատասխան: Գրավատան վարկավորման ընդհա­­նուր պայմանների, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխու­թյուն­ների ու լրացումների մասին գրավատունը տեղեկացնում է լիազոր մարմնին` վերջինիս կողմից սահմանված կար­գով:

 

Հոդված 6. Գրավատներին ներկայացվող պահանջները

 

1. Գրավատան վարկային միջոցների աղբյուր են համարվում սեփական միջոց­նե­րը, բանկերից և այլ կազմա­կեր­պու­թյուններից ստացված վարկերն ու փոխառու­թյուն­ները:

2. Գրավատունը՝

ա) գրավատնային գործունեություն է իրականացնում միայն լիցեն­զիայում նշված գրավատան որոշակի տարածքում (հասցեում), ընդ որում, գրավատան կողմից այլ տարածքներում գրավատնային գործունեություն իրականացնելը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում.

բ) թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված ոսկերչական, այլ կենցա­ղա­յին իրեր (ինչպես նաև բարձր արժողությամբ փոքրածավալ այլ իրեր) հան­դի­սացող գրա­վա­դրված (ի պահ հանձնված) գույքը պահպանում է գրավատան տարածքում գտնվող եր­կաթ­բե­­տոն­յա պատերով (ծածկով) առանձնացված սենյակում՝ չհրկիզվող պա­հարաննե­րում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում՝ վերջինիս հետ կնքված պայմանագրի համաձայն.

գ) օրենքով սահմանված կարգով իրականացնում է գրավ ընդունած շար­ժական գույ­քի, ինչպես նաև ի պահ հանձնված գույքի ապա­հովագրությունը.

դ) նյութական արժեքների անվտանգ պահպանության նպատակով ապահովում է գրավատան տա­րած­քի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդա­րար­ման համակարգերով.

ե) իր տարածքը պաշտպանելու նպատակով իրականացնում է պահ­պա­­նու­թյան ծառայություն, որի աշխատակիցները նկատելիորեն տարբերվում են ի­րենց միաս­նական համազգես­տով: Օրենքով սահմանված կարգով նրանց կարող է տրվել զենք կրելու իրա­վունք.

զ) լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված տա­րեկան տուր­քի գումարը՝ նախքան այդ ժամկետի սկիզբը:

 

Հոդված 7. Գրավատների կողմից իրականացվող գործառնությունները

1. Գրավատունն իրավունք ունի՝

ա) տրամադրել անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված վար­­կեր.

բ) վարկեր և փոխառություններ ներգրավել բանկերից և այլ կազմա­կեր­պու­թյուն­նե­րից.

գ) սահմանափակ շրջանառության իրավունքով ար­ժե­­թղթեր (բացառությամբ բաժնետոմսերի) թողարկել և տեղաբաշխել բանկերի կամ այլ կազ­մա­­կեր­պու­թյունների միջև: Այդ արժեթղթերի երկրորդային տեղաբաշխումը կա­րող է կա­տար­վել միայն նշված կազմակերպությունների միջև.

դ) բաժնետիրական ընկերություն հանդիսացող գրավատան դեպքում՝ օրենքով սահմանված կարգով թողարկել և տեղաբաշխել բաժնետոմսեր.

ե) օրենքով սահմանված կարգով պարտավորությունների դիմաց իրացնել իրեն հանձնված գույքը.

զ) օրենսդրությամբ սահմանված կարգով գույք ընդունել միայն գրավատուից կամ պահատուից: Գրավատան համար գրավատու (պահատու) լինելու փաստի հա­վաս­­տիու­թյան հիմք կարող է ծառայել գույքը հանձնող անձի գրավատոմսում կամ պահ­պանական անվանական անդորրագրում կատարված գրավոր հայ­տա­րարությունը: Գրա­վատան կող­մից գրա­վատոմսերի և պահպանական անվանական անդորրագրերի ձևակերպման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

2. Գրավատունը չի կարող՝

ա) վարկային միջոցների ձեռքբերման համար տեղա­բաշ­խել պարտա­տոմսեր կամ այլ արժեթղթեր, ներգրավել փոխառության կամ այլ ձևով մի­ջոց­ներ այլ կերպ, քան նա­խատես­ված է սույն հոդվածի 1-ին կետով.

բ) տրամադրել ապրանքային վարկեր.

գ) վարկը տրամադրել մասնաբաժիններով՝ առանց յուրաքանչյուր մասնաբաժնի հա­մար նոր պայմանագիր կնքե­լու.

դ) որևէ պահանջ ներկայացնել վարկառուի կողմից վարկով ստացած գումարի տնօրինման վերաբերյալ.

ե) վարկը ամբողջությամբ մարելու՝ վարկային պայմանագրով նախատեսված ժամ­կետի կե­տան­ցից հետո իրականացնել վարկային պայմանագրում նշված ժամկետի որևէ փոփոխություն: Կողմերի համաձայնությամբ վարկային նոր պայմանագրով նախկինում չմարված (բայց մարման են­թակա) վարկը կամ դրա մի մասը կարող է համարվել վարկի նոր գումարի բաղկա­ցուցիչ մասը, իսկ մինչև այդ կնքված պայ­մանագիրը ճանաչ­վել ուժը կորցրած.

զ) գրավատնային գործունեությունից բացի իրականացնել այլ գործունեություն (գործառնություններ), եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

 

Հոդված 8. Գրավատան կողմից քաղաքացիների վարկավորման պայմանները

 

1. Գրավատան կողմից վարկերը տրվում են որոշակի ժամկետով, հայկական դրա­մով՝  կանխիկ կամ անկանխիկ վճարումով:

2. Եթե վարկն ամբողջությամբ մարելու օրը վարկառուի կողմից վարկը մարելու հնարավո­րությունը բացակայում է գրավատան հայտարարած աշխատանքային օրերին (ժամերին) փակ լինելու պատճառով, ապա վարկն ամբողջությամբ մարելու օր է հա­մար­վում հաջորդ աշխատանքային օրը: Ընդ որում, սույն կետում նշված պայմանի կիրառ­ման դեպքում վարկի մարման օրվա փոփոխությունը չի կարող հանգեցնել հաշվարկվող տոկոսավճարների աճին:

3. Կողմերի համաձայնությամբ, միևնույն վարկային պայմանագրով, վարկի ժամ­կե­տի առանձին հատվածների համար կարող են սահմանվել վարկի տարբեր տոկոսներ:

 

Հոդված 9. Վարկառուների (պահատուների) վճարների հաշվառումը և վարկա­վոր­մա­նը վերաբերող փաստաթղթերի պահպանումը                 

1. Գրավատունը յուրաքանչյուր վարկը տրամադրելիս (գույքն ի պահ ընդու­նե­լիս) ձևակերպում է վարկառուի (պահատուի) վճարների հաշվառման անձ­նական քար­տ (այ­սու­հետ՝ քարտ), որը փակվում է միայն վարկային (պա­հա­տվու­թյան) պայ­մանագրի դադարե­լուց հետո: Քարտի ձևակերպման կար­գը սահ­մա­նում է լիազոր մար­մինը:

2. Գրավատունը վարկավորմանը վերաբերող փաստաթղթերը պահպանում է համապատասխան պայ­մա­նագիրը դադարելուց հետո՝  առնվազն երեք տարվա ընթացքում:

3. Վարկավորմանը վերաբերող փաստաթղթերը պահպանվում են գրավատան տարածքում առանձին սենյակում, որտեղ կողմնակի ան­ձանց մուտքը սահմանափակ է, կամ մետաղ­յա պահարա­նում: Գրավատունը կարող է վարկավորմանը վերաբերող փաստա­թղթե­րի պահպա­նու­մը գրավոր պայմա­նա­գրի հիման վրա հանձնա­րարել այլ անձի:

4. Գրավատունը երաշխավորում է վարկավորմանը վերաբերող փաստաթղթերի գաղտնիությունը և տվյալ անձի վարկավորմանը վերաբերող փաստա­թղթե­րը կամ դրան­ցում ներ­առ­­ված տեղե­կու­թյունները տրամադրում է միայն՝

ա) լիազոր մարմնին՝ ելնելով վերջինիս վերահսկողության լիազորությունների իրականաց­ման անհրաժեշ­տու­թյունից.

բ) դատարանին, ինչպես նաև հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կար­գով.

գ) վարկառուի կողմից լիազորված անձանց.

դե) նոտարական գրասենյակին՝ ժառանգության վերաբերյալ հարցերով:

Սույն կետում նշված մարմինները և անձինք օրենքով սահմանված կարգով պահ­պա­նում են իրենց տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը:

 

Գ Լ ՈՒ Խ 3


ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 10. Գրավատնային գործունեության լիցենզավորումը

 

1. Գրավատնային գործունեության լիցենզավո­րումն իրականացնում է լիազոր մար­մինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավա­րու­թյան՝ սույն օրենքին համապատաս­խան սահ­մա­նած կարգով:

2. Լիցենզիա ստանալու դիմումը մերժվում է, եթե՝

ա) դիմումը և դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և իրավա­կան այլ ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ.

բ) սույն օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքում:

3. Լիցենզիա ստանալու դիմումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշումը դրա կայացման հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում կամ փոստով ուղարկ­վում է դի­մողին:

4.  Սույն հոդվածի 2-րդ կետում նշված հիմքերի բացակայության դեպքում լիազոր մարմինը որոշում է ընդունում բավարարել լիցենզիա ստանալու դիմումը և այդ որոշումը եռօրյա ժամկետում տրամադրում կամ փոստով ուղարկում է դիմողին:

5. Լիցենզիա ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների՝ վրիպումների, ոչ իրավաբանական բնույթի անճշտությունների, նման այլ բացթողումների առկայության դեպքում լիազոր մարմինը որոշում է ընդունում բավա­րարել լիցենզիա ստա­նա­լու դիմումը վերապա­հումով, որ դիմողը մեկամսյա ժամկետում կվերացնի նկատված թերությունները: Լիազոր մարմինը լիցենզիա ստանալու դիմումը վե­րապա­հու­մով բավարա­րե­լու մասին որոշումը եռօրյա ժամկետում տրամա­դրում կամ փոստով ու­ղարկում է դիմողին:

6. Լիցենզիա ստանալու դիմումը բավարարելու որոշում ընդունելու դեպքում լիցեն­զիան դիմողին է տրամադրվում «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապե­տու­­­թյան օ­րեն­քով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարումը կատարե­լուց և  վճարումը հավաստող փաստաթուղթը ներ­կա­յացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

7. Եթե սույն հոդվածի 5-րդ կետում նշված թերությունները վերացնելու մասին տեղեկությունները կամ լիցենզիա ստանալու համար «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հան­­րապետության օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճար­ման ան­դոր­րագիրը լիազոր մարմին են ներկայացվում սահմանված ժամկետից ուշ, ապա լիազոր մար­մինը որպես լիցենզիան հանձնելու պայման դիմողից հայ­տա­րա­րագիր է պահանջում այն մասին, որ անցած ժամա­նա­կահատվածում լի­ցեն­զիա ստա­նա­լու դի­մումին կից փաստաթղթերը չեն կորցրել իրենց իրավական ուժը՝ սույն օ­րենքի և ի­րա­վա­կան այլ ակտերի պա­հանջ­ներին համապատաս­խա­նության իմաստով:

8. Եթե սույն հոդվածի 7-րդ կետում նշված հայտարարագիրը չի ներկայացվում կամ դիմողը հայտնում է, որ դիմումին կից փաստաթղթերից որևէ մեկը կորցրել է իրա­վական ուժը՝ սույն օրենքի և իրա­վա­կան այլ ակտերի պահանջներին համապա­տաս­խա­նության իմաս­տով, ապա լիցենզիայի տրման մասին լիազոր մարմնի որոշումը համար­վում է չեղ­յալ, եթե միաժամանակ դիմողը չի ներկայացնում այնպիսի փաստաթղթեր, որոնք կա­պա­հովեն սույն հոդվածի 4-րդ կետի պայմանը:

9. Լիցենզիայի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

10. Լիցենզիան տրվում է անժամկետ:

11. Լիցենզիան չի կարող գրավադրվել կամ օտարվել: Իրավաբանական անձի առանձնացման դեպքում լիցենզիան պահպանում է լիցենզիա ստացած անձը, իսկ անձի բաժանման դեպքում ստեղծված անձինք կարող են օրենքով սահմանված կարգով դիմել նոր լիցեն­զիա ստանալու համար:

12. Լիազոր մարմինը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյան:

 

Հոդված 11. Գրավատնային գործունեության նկատմամբ վերահսկողությունը

 

1. Գրավատնային գործունեության նկատմամբ վե­­­րահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջո­ցով: Լիազոր մարմինը ստուգման արդյունքներով սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված խախտումների բացա­հայտ­ման դեպ­քում կիրառում է սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվու­թյան միջոցները:

2. Գրավատնային գործունեության ստու­գումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

3. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է լիազոր մարմնի սահ­մա­նած կարգով գրավատների կողմից իրենց գործունեության վերաբերյալ լիազոր մար­մին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) վերլուծության միջո­ցով:

 

                                                                                       ԳԼՈՒԽ 4 


ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 12. Սույն օրենքի խախտումները

Լիազոր մարմինը գրավատան նկատմամբ պատասխանատվության միջոցներ է կիրառում, եթե՝

ա) գրավատունը գրավատնային գործունեություն և սույն օրենքով նախատեսված այլ գործառնություններ է իրականացրել սույն օրենքի 5-րդ և 8-րդ հոդվածներում նշված պայմանների կամ 6-րդ և 9-րդ հոդվածներում նշված պահանջների խախտումներով.

բ) գրավատունն իրականացրել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետում նշված գործառնու­թյուններ.

գ) գրավատունն ունի հարկերի և պարտադիր այլ վճարների գծով ժամկետանց պարտավորություններ.

դ) խախտվել են սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ու հրապարակման կարգն ու պայմանները կամ դրանցում ներ­կայացվել են կեղծ տվյալներ.

ե) լիցենզիա ստանալու համար դիմումը ներկայացնելիս կամ դրանից հետո մինչև լիցենզիայի տրման պահը դիմողը խեղաթյուրել է պահանջվող տեղեկություն­ները կամ դրանք ներկայացրել է ոչ լիարժեք, եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներ­կա­յացումը կհան­գեցներ լիցենզիա ստանալու դիմումի մերժման:

 

Հոդված 13. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատաս­խա­նա­տվության միջոցները                  

 

Սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված դեպքերում լիազոր մարմինը գրավա­տնե­­րի նկատմամբ կիրառում է հետևյալ պատասխանատվության միջոցները՝

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական.

բ) տուգանք.

գ) լիցենզիայի գործողության կասեցում.

դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

 

Հոդված 14. Նախազգուշացումը և խախտումները վերացնելու վերաբերյալ հանձ­նարարականը                 

1. Տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով լիա­զոր մարմինն արձանագրում է թույլ տրված խախտումը և նախազգուշացնում է գրավատանը:

2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տրված խախտումը լիազոր մարմնի սահմանած ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղ­­ված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:

3. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է սույն օրենքի 12-րդ հոդ­­վածի «դ» ենթակետով նախատեսված տեղեկությունների (հաշ­վետ­վու­թյունների) ներկայացման ու հրա­պա­րակման կարգի խախտման դեպքում:

 

Հոդված 15. Տուգանքը

 

1. Տուգանքը գանձվում է լիազոր մարմնի որոշմամբ, իսկ եթե գրավատունը հա­մաձայն չէ տուգանքի նշանակման վերաբերյալ որոշման հետ, ապա լիա­զոր մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը՝ հարյուր հազար դրամ չափով, գանձվում է, եթե գրավա­տու­նը՝

ա)  սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի խախտմամբ կնքել է գրավատան կողմից հաստատված վար­կա­վոր­ման ընդհանուր պայմաններին չհամապատասխանող վարկային պայ-մանագիր.

բ) խախտել է  սույն  օրենքի 6-րդ հոդվածի  2-րդ կետի «ե» ենթակետը, 8-րդ հոդվածի  2-րդ կամ 9-րդ  հոդվածի 1-ին, 2-րդ կամ 4-րդ կետերը.

գ) սույն օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց        հե­տո 2 տարվա ընթացքում կրկնել է նույն խախտումը:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն տուգանքի կիրառումից հետո երկու տարվա  ընթացքում տուգանքի կիրառման համար հիմք հանդի­սա­ցող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է 500 հազար դրամով:

4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելու համար լիազոր մարմինը կարող է գրավատան ղեկա­­վար­ների նկատմամբ տու­գանք նշանակելու հայցով դիմել դատա­րան՝ հար­յուր հազար դրա­մը չգերազանցող չա­փով:

 

Հոդված 16. Լիցենզիայի գործողության կասեցումը

 

1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը, եթե գրավատունը՝

ա)  սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի խախտմամբ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների կամ դրանցում կատարվող փոփոխու­թյուն­ների ու լրա­­ցում­ների մասին չի տեղեկացրել լիազոր մարմնին.

բ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «ա», «բ», «գ», «դ» կամ «զ» ենթակետերը, 7-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ հոդվածի 1-ին կամ 9-րդ հոդվածի 3-րդ կետերը.

գ) ունի հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճար­ների ժամկետանց պարտավորություններ:

2. Լիցենզիայի գործողության կասեցման լիազոր մարմնի սահմանած ժամկետը չի կարող գերազանցել 45 օրը:

3. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում գրավատան կողմից գրավատնային գործունեություն իրականացնելը (նոր վարկեր տրամադրելը) համարվում է առանց լիցենզիայի լիցենզա­վորման ենթակա գործունեության իրականացում:

4. Լիցենզիայի գործողության կասեցմանը լիազոր մարմինն անդրադառնում է կասեցման համար հիմք հանդիսացած խախտումների վե­րաց­ման վե­րա­բերյալ գրավա­տան կողմից լիազոր մարմնին տեղեկացնելուց հետո՝ 15 օրվա ըն­թաց­­քում, իսկ կասեց­ման ժամկետի ընթացքում նման տե­ղեկու­թյուններ չներ­կայացնելու դեպքում՝ կասեցման ժամկետից հետո 15 օրվա ընթացքում:

5. Եթե սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան լիազոր մարմի­նը լի­ցեն­զիայի գործողության կասեցմանն անդրադառնում է սույն հոդվածի 2-րդ կետի հա­մա­ձայն սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա, անկախ այդ ժամկետից, լիցենզիայի գործողությունը կասեցված է մնում՝ մինչև լիա­զոր մարմնի կողմից դրան անդրա­դառ­նալը, բայց ոչ ուշ  սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված ժամկետից: Սույն հոդվածի 4-րդ կետով նա­խատեսված ժամկետում լիցենզիայի գոր­ծո­ղության կա­սեց­մա­նը լիազոր մարմնի կողմից չանդրադառնալու դեպքում կա­սեցումը համարվում է դադա­րեց­ված, իսկ լիցենզիայի գործողությունը՝ վերականգնված:

 

Հոդված 17. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը

1. Լիազոր մարմինը լիցենզիան ուժը կորցրած է ճանաչում, եթե գրավատունը՝

ա) սույն օրենքի 12-րդ հոդվածի «դ» ենթակետում նշված փաստա­թղթե­րում ներկայաց­րել է կեղծ տվյալներ.

բ) թույլ է տվել սույն օրենքի 12-րդ  հոդվածի «ե» ենթակետում նշված խախտումը.

գ) սույն օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո՝ երկու տար­­վա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում.

դ) սույն օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո՝ երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լի­ցեն­զիայի գործողությունը կրկին կասեցնելու հա­մար:

2. Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում գրավատան պատշաճ ծանուցմամբ իրականացվող քննարկ­ման արդյունքներով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմ­քե­րից որևէ մե­կը:

3. Լիազոր մարմինը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մտադրության մասին գրավատանը տեղեկացնում է քննարկումից առնվազն տասնհինգ օր առաջ՝  գրու­­թյան մեջ նշելով՝

ա) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու իրավական հիմքերն ու հետևանքները.

բ) այն փաստերն ու փաստաթղթերը, որոնք հիմք են ծա­ռա­յում լիցենզիան ուժը կոր­ցրած ճանաչելու համար (կցելով դրանց պատ­ճեն­ները).

գ) քննարկման վայրը, ամսաթիվը և ժամը.

դ) լիազոր մարմնի այն պաշտոնատար անձի անունն ու պաշտոնը, որին կարող են դիմում-ներ և միջնորդություններ ներկայացվել:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված գրության մեջ նշված օրը, ժամին և վայ­րում լիազոր մարմինը քննում է լիցենզիան ուժը կորցնելու մասին հարցը՝ անկախ գրա­­վա­տան ներկայացուցչի ներկայությունից:

 

Հոդված 18. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հետևանքները

 

1. Լիցենզիան ուժը կոր­ցրած ճանաչելու մասին որոշումը լիազոր մարմինը հնգօրյա ժամկետում հրապա­րակում է զանգվածային լրատվության միջոցներով և դրա կա­յաց­ման հիմքերի հետ միասին եռօրյա ժամ­կետում տրամադրում կամ փոստով ուղարկում է համապատասխան կազմակերպությանը:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրա­պա­րակման պահից, եթե դրանով այլ ժամկետ  սահմանված չէ:

3. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել նաև գրավատան միջնորդության հի­ման վրա:

4. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝

ա) գրավա­տունը դադարեցնում է գրավատնային գործունեությունը (նոր վարկերի տրամա­դրումը) և հնգօրյա ժամ­կե­տում լիազոր մարմնին է վերադարձնում լիցենզիայի բնօրինակը.

բ) լիազոր մարմնի սահմանած ժամկետում ապահովում է բոլոր վարկային պայմանագրերի լուծումը:

5. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով նախա­տես­ված դեպքի, լիցենզիան ուժը կոր­ցրած ճանա­չե­լուց հետո մեկ տար­վա ընթացքում, լիցենզիա ստանալու համար իրավունք չունեն դիմելու՝

ա) կազմակերպությունը, որի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել.

բ) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար հիմք հանդիսացող խախտումների արձանագրման պահին այդ կազմակերպության կանոնադրական կապիտալում մեկ երրորդից ավելի մաս­նակցություն ունեցող կազմակերպությունը.

գ) կազմակերպությունը, որի կանոնադրական կապիտալում մեկ երրորդից ա­վելի մասնակցությամբ որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմքերի արձանագրման պահին այդ կազմա­կերպության կանո­նա­դրա­կան կապիտալում ունեցել է մեկ երրորդից ավելի մասնակցու­թյուն:

 

Գ Լ ՈՒ Խ 5

   
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 19. Անցումային դրույթներ

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տրված լիցեն­զիա­ները սույն օրենքի պահանջների պահպանմամբ ու­ժի մեջ են մինչև դրանց գործողության ժամ­կե­տի ավարտը, բայց ոչ ավելի, քան սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տա­րի:

Մինչև հրապարակային սակարկությունների մասին օրենքի գործողությունը գրավատները կարող են սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետին համապատասխան իրենց հանձնված գույքը պարտավո­րությունների դի­մաց իրացնել հրապարակային սակար­կու­թյունների միջոցով՝ իր կողմից հաս­տատված և լիազոր մարմնի հետ համա­ձայ­նեցված կար­գով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

19 նոյեմբերի 2003 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ- 68