ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
|
Օրենքի խնդիրներն ու գործողության ոլորտը
|
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից վարելահողերի և բազմամյա տնկարկների սեփականաշնորհման սկզբունքները, ձևը, կարգն ու պայմանները:
Հոդված 2.
|
Հողի սեփականաշնորհման սուբյեկտները
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հողի սեփականաշնորհման սուբյեկտներն են.
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղական բնակավայրերում և շրջկենտրոններում մշտական բնակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները,
բ) Ստեփանակերտ քաղաքի այն բնակիչները, որոնք մշտական բնակություն են հաստատում գյուղական վայրերում և շրջկենտրոններում:
Սեփականաշնորհմանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների (նրանց դիմումների համաձայն) ցուցակների՝ ըստ ընտանիքների և շնչերի, վերջնական կազմումն ու ճշգրտումը իրականացնում են սույն օրենքի 4 հոդվածի համապատասխան ստեղծված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովները: Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը ընտանիքի կազմի մեջ ընդգրկում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին և պատերազմական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիներին:
Հողի սեփականաշնորհմանը մասնակցելու համար դիմումները տալու և դրանք քննարկելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Յուրաքանչյուր քաղաքացի հողի սեփականաշնորհման իրավունքից օգտվում է մեկ անգամ:
Հոդված 3.
|
Հողը որպես սեփականություն տրամադրելը
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեփականաշնորհման ենթակա հողատեսքերը որպես սեփականություն սեփականաշնորհման սուբյեկտներին տրվում են անհատույց՝ յուրաքանչյուրին հավասարաչափ:
Հոդված 4.
|
Հողի սեփականաշնորհումը իրականացնող մարմինները
|
Հողի սեփականաշնորհման աշխատանքներն իրականացնելու համար ստեղծվում են հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական պետական, շրջանային և տեղական հանձնաժողովներ: Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովը ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից: Մյուս հանձնաժողովները ստեղծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի որոշումը կարող է գանգատարկվել միայն դատական կարգով:
Հողամասերի հատկացումը հողի սեփականաշնորհմանը մասնակցելու իրավունք ունեցողներին իրականացվում է հողաշինարարական սխեմաների հիման վրա՝ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովների կողմից, կենտրոնական պետական և շրջանային հանձնաժողովների լիազոր ներկայացուցիչների պարտադիր մասնակցությամբ վիճակահանությամբ, որի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Հողահատկացման վերաբերյալ տեղական հանձնաժողովների որոշումները, համայնքի ավագանու համաձայնությամբ, վավերացվում են տվյալ համայնքի ղեկավարի կնիքով և հաստատվում շրջանային հանձնաժողովի կողմից:
Հոդված 5.
|
Հողամասերի տրամադրման կարգը
|
Հողի սեփականաշնորհման գործընթացն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը իրականացնում է հողատեսքերի պայմանական ամրակցում բոլոր բնակավայրերին (այդ թվում՝ լքված գյուղական բնակավայրերին): Ամրակցումն իրականացնելիս ելնում են այն սկզբունքից, որ բնակավայրերին ամրակցվող հողատեսքերի մեջ հնարավորին չափով ընդգրկվեն այդ բնակավայրերին ավանդաբար պատկանող հողերը:
Սույն օրենքի 1 հոդվածով սահմանված սեփականաշնորհման ենթակա հողատեսքերից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ, առանձնացվում է պետական պահուստային ֆոնդ, որի տնօրինումն ու օգտագործումը իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Լքված գյուղական բնակավայրերի տեղական հանձնաժողովի ֆունկցիաներն իրականացնում են շրջանային հանձնաժողովները: Լքված բնակավայրերի կարգավիճակը և ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Այդ գյուղերի հողի սեփականաշնորհումը իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
Սահմանամերձ բնակավայրերի սեփականաշնորհման սուբյեկտների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են արտոնություններ: Այդ բնակավայրերի կարգավիճակը և ցանկը որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Որպես տնամերձ քաղաքացիներին սեփականության իրավունքով հատկացվող հողակտորը հաշվարկվում է սեփականաշնորհվող հողաբաժնի մեջ:
Երկարաժամկետ վարձակալության մեջ գտնվող հողերը որպես սեփականություն տրամադրելիս այդ հողերի վարձակալները, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշմամբ հաշվարկված հողաբաժնի չափով, կարող են ստանալ դրանք ձեռք բերելու նախապատվության իրավունք, եթե հանդիսանում են տվյալ բնակավայրի մշտական բնակիչներ, կատարել են գյուղատնտեսական նպատակային ներդրումներ և չեն խախտել վարձակալական պայմանագրի պայմանները:
Հոդված 6.
|
Սեփականաշնորհվող հողաբաժնի չափը
|
Սույն օրենքով սահմանված պայմաններով որպես սեփականություն տրամադրվող հողաբաժնի չափը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ելնելով սեփականաշնորհման ենթակա տարածքից և սեփականաշնորհմանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվից:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 7.
|
Օրենքի ուժի մեջ մտնելը
|
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին և իրականացնել նրա կիրարկումն ապահովող համալիր միջոցառումներ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝
|
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
|
8 մայիսի 1998թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-11
|
|
|