Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին

Ուժը կորցրել է 2008 թվականին

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին Հռչակագրով, նկատի ունենալով հայ ժողովրդի հոգեւոր զարթոնքը, նրա դարավոր հոգեւոր փորձն ու ավանդույթները,

ճանաչելով Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգեւոր կյանքի շինության ու ազգապահպանման կարեւոր պատվար,

առաջնորդվելով միջազգային նորմերով սահմանված մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների սկզբունքներով եւ հավատարիմ լինելով քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային Դաշնագրի 18 հոդվածի դրույթներին,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն ընդունում է սույն օրենքը խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի եւ կրոնական դավանանքի ազատությունը: Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձնապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր:

 

Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն օրենքի առջեւ հավասար են քաղաքացիական, քաղաքական, հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքի բոլոր բնագավառներում՝ անկախ կրոնի նկատմամբ իրենց վերաբերմունքից կամ կրոնական պատկանելիությունից:

Դավանանքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների ուղղակի կամ անուղղակի սահմանափակումները, կրոնական հողի վրա հետապնդումները կամ այլ իրավունքների խոչընդոտումը, կրոնական թշնամանքի հարուցումը առաջ են բերում օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 3. Քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում  որեւէ հարկադրանք կամ բռնություն՝ ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին եւ արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս:

Խղճի ազատության իրավունքի իրագործումը ենթակա է լոկ այն սահմանափակումներին, որոնք անհրաժեշտ են պետական եւ հասարակական անվտանգությունը, կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար:

 

2. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

Հոդված 4. Կրոնական կազմակերպությունը հավատի համատեղ դավանության, ինչպես նաեւ կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված քաղաքացիների միավորում է:

Կրոնական կազմակերպություններ են՝ եկեղեցական ու կրոնական համայնքները, թեմերը, վանքերը, կրոնական միաբանությունները, նրանց կրթական  ու հրատարակչական    հաստատությունները    եւ  այլ  կրոնական-եկեղեցական հիմնարկներ:

 

Հոդված 5. Քաղաքացիների խումբը ճանաչվում է որպես կրոնական կազմակերպություն, եթե այն բավարարում է հետեւյալ պայմաններին.

 

ա) չի հակասում սույն օրենքի 3-րդ հոդվածի դրույթներին.

բ) հիմնվում է պատմականորեն կանոնացված որեւէ սուրբ գրքի վրա.

գ) իր դավանանքով մտնում է համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի մեջ.

դ) զերծ է նյութապաշտությունից եւ ուղղված է դեպի զուտ հոգեւոր ոլորտները.

ե) իր մեջ ընդգրկում է առնվազն 100 հավատացյալ: Մինչեւ 16 տարեկան երեխաները՝ անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակցելու պարագայից եւ այլ հանգամանքներից, չեն կարող համարվել կրոնական կազմակերպության անդամ:

Սույն պայմանները (բացի «ա» կետում նշվածից) պարտադիր չեն միայն ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպությունների համար՝ իրենց ազգային դավանանքով:

 

Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործում են.

Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին (կրճատ՝ Հայ Եկեղեցի) իր ավանդական կազմակերպություններով.

կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում եւ գործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակում՝ սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն:

 

ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 7. Կրոնական կազմակերպությունների հոգեւոր-կրոնական գործունեությունն իրականացվում է հետեւյալ իրավունքների հստակ ընդգծված շրջանակներում.

ա) իրենց շուրջ համախմբել իրենց հավատացյալներին.

բ) ապահովել իրենց հավատացյալների հոգեւոր-կրոնական բոլոր կարիքների ու պահանջմունքների բավարարումը.

գ) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում եւ դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակերպությունների հիմնարկներում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում: Զորամասերում կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ կարող են կատարել Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին, ինչպես նաեւ առաքելական դավանանքի հիման վրա ստեղծված կրոնական կազմակերպությունները կամ միաբանությունները:

Մնացած դեպքերում հրապարակային ժամասացությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են ժողովների, ցույցերի ու երթերի համար սահմանված կարգով: Նման միջոցառումների համար դահլիճներ, համերգասրահներ եւ այլ տարածքներ հատկացվում են միայն գրանցված կրոնական կազմակերպություններին՝ նախօրոք այդ հարցը համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական մարմնի հետ.

դ) ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների ու նրանց երեխաների կրոնական կրթության համար՝ ծնողների համաձայնությամբ, այդ նպատակով օգտագործելով իրենց պատկանող կամ հատկացված շինությունները.

ե) զբաղվել աստվածաբանական, կրոնական, պատմամշակութային ուսումնասիրություններով.

զ) պատրաստել հոգեւորական ծառայության կամ գիտական ու մանկավարժական մշակներ իրենց հոգեւոր կենտրոնների կրթական հաստատություններում.

է) ձեռք բերել եւ օգտագործել կրոնական նշանակության առարկաներ ու նյութեր.

ը) օգտվել զանգվածային լրատվության միջոցներից՝ օրենքով սահմանված կարգով.

թ) կապեր հաստատել այլ երկրների եկեղեցական կազմակերպությունների հետ՝ անկախ նրանց ազգային կամ դավանական պատկանելիությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական մարմնի համաձայնությամբ, իր հավատացյալներին գործուղել արտասահման՝ ուխտագնացության, ժողովների կամ կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաեւ ուսման կամ հանգստի նպատակով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված կրոնական եւ այլ կազմակերպությունները, հիմնարկներն ու պաշտոնատար անձինք օտարերկրյա կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են հրավիրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական մարմնի միջոցով.

ժ) զբաղվել բարեգործությամբ:

Կրոնական կազմակերպությունների  արտադրական եւ հրատարակչական գործունեությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությամբ:

 

Հոդված 8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը (դավանաորսությունը): Որպես հոգեորսություն (դավանաորսություն) չի կարող դիտվել սույն օրենքի 7 հոդվածում նշված իրավասությունների սահմանում ծավալված որեւէ գործողություն:

 

 

 

 

 

4. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

 

 

Հոդված 9. Կրոնական կազմակերպության սեփականության իրավունքը կարգավորվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեփականության մասին» օրենքով:

Պետությունն անհատույց կրոնական կազմակերպություններին է վերադարձնում կրոնական շինությունները, նրանց կից տարածքները եւ այլ ունեցվածք:

Պետությունը Հայ  Եկեղեցու կողմից իր միջոցների հաշվին իրականացվող վերականգնողական աշխատանքների ժամանակ պատվիրատուին ազատում է ավելացված արժեքի հարկերից:

 

Հոդված 10. Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու եւ կրոնական այլ կազմակերպությունների պատմական հուշարձաններն ու պաշտամունքային գույքը օգտագործվում են համաձայն այդ կազմակերպությունների նվիրագործված ավանդական կարգի:

 

Հոդված 11. Կրոնական կազմակերպությունները պարտավոր են ապահովել պետության կողմից որպես սեփականություն իրենց հանձնված կառույցների, տարածքների եւ մյուս ունեցվածքի, ինչպես նաեւ իրենց սեփականություն հանդիսացող պատմական հուշարձանների պահպանությունը եւ ըստ նշանակության օգտագործումը:

 

Հոդված 12. Կրոնական կազմակերպությունները կարող են դիմել հավատացյալներին կամավոր դրամական եւ այլ նվիրատվությունների խնդրանքով, ստանալ եւ տնօրինել դրանք:

Կրոնական կազմակերպությունների ստացած դրամական եւ այլ նվիրատվությունները, քաղաքացիներից ստացվող հասույթները հարկման ենթակա չեն:

 

Հոդված 13. Այն կրոնական կազմակերպությունները, որոնց հոգեւոր կենտրոնները գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս, չեն կարող ֆինանսավորվել այդ կենտրոնների կողմից: Կրոնական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել քաղաքական կազմակերպությունների կողմից:

 

5. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 14. Կրոնական համայնքը կամ կազմակերպությունը ճանաչվում է իրավաբանական անձ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական մարմնի կողմից գրանցվելու դեպքում:

Գրանցվելու համար կրոնական կազմակերպությունն այդ մարմնին ներկայացնում է իր կանոնադրությունը, ինչպես նաեւ սույն օրենքի 5 հոդվածում նշված պայմանները հաստատող փաստաթղթեր:

 

Հոդված 15. Կրոնական կազմակերպության կանոնադրությունը տվյալներ է պարունակում կրոնական կազմակերպության բնույթի եւ գործելու վայրի, դավանական պատկանելիության, կրոնական միավորման կառուցվածքի, աղոթատեղիների եւ գույքային դրության, ձեռնարկություններ հիմնելու, ուսումնական եւ հրատարակչական հաստատություններ ստեղծելու մտադրությունների, գործունեության դադարեցման դեպքում գույքային եւ այլ հարցերի լուծման կարգի մասին, ինչպես նաեւ պարունակում է տվյալ կազմակերպության գործունեության առանձնահատկությունների հետ կապված այլ դրույթներ:

 

Հոդված 16. Կրոնական կազմակերպության գրանցման կամ գրանցումը մերժելու որոշումը՝ մերժման հիմքերի նշումով, մեկամսյա ժամկետում գրավոր ձեւով հանձնվում է դիմողին:

Կրոնական կազմակերպության գրանցումը մերժվում է գործող օրենսդրությանը նրա հակասելու պարագայում:

Մերժումը կամ որոշման կայացման՝  սույն օրենքով նախատեսված ժամկետի խախտումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

Կրոնական կազմակերպության գործունեությունը կարող է դադարեցվել ինքնալուծարքի հետեւանքով կամ դատարանի որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների խախտման դեպքում:

 

ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը՝

ա) իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը,

բ) չի միջամտում եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխանող գործունեությանը եւ ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որեւէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն,

գ) արգելում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որեւէ պետական գործառույթ:

Կրոնադավանաբանական հարցերի լուսաբանումը պետական զանգվածային լրատվության միջոցներով կարող է իրականացվել միայն Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական մարմնի համաձայնությամբ:

Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետեւյալ առաքելությունների իրագործմանը.

- ազատ քարոզել ու տարածել իր դավանանքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում.

- վերստեղծել իր պատմական ավանդույթները, կառուցվածքը, կազմակերպությունները, թեմերն ու համայնքները.

- կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական հուշարձան-եկեղեցիները՝ ինչպես հավատացյալների խնդրանքով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ.

- նպաստել ժողովրդի հոգեւոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաեւ պետական կրթական հաստատություններում, որտեղ կրոնի դասավանդումը թույլատրվում է միայն Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու դավանության հիմքի վրա եւ իրագործվում է Հայ Եկեղեցու կողմից համապատասխան որակավորում եւ թույլտվություն ստացած ուսուցիչների ուժերով.

- գործնականորեն աջակցել ժողովրդի բարոյական կատարելագործմանը.

- ծավալել բարեգործական եւ բարեխնամ գործունեություն.

- մշտական հոգեւոր ներկայացուցիչ ունենալ հիվանդանոցներում, զառամյալների եւ հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում (ներառյալ՝ քննչական մեկուսարաններում):

Հայ  Եկեղեցու միջնորդության դեպքում տաղավարային տոներին հաջորդող երկուշաբթի աշխատանքային օրը տեղափոխվում է նախորդ շաբաթ օրը:

 

Հոդված 18. Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միեւնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին ու սպասավորներին վերապահում է հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք՝ այլ քաղաքացիների հետ համահավասար:

 

Հոդված 19. Գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր քաղաքացիական պարտականությունները տարածվում են նաեւ կրոնական կազմակերպությունների հավատացյալ անդամների վրա՝ այլ քաղաքացիների հետ համահավասար:

Քաղաքացիական պարտականությունների եւ կրոնական համոզմունքների հակասության առանձին դեպքերում քաղաքացիական պարտականությունների կատարման հարցը կարող է լուծվել այլընտրանքային սկզբունքով՝ օրենքով նախատեսված կարգով, համապատասխան պետական մարմնի եւ տվյալ կրոնական կազմակերպության փոխադարձ համաձայնությամբ:

 

Հոդված 20. Քաղաքացիական կացության ակտերի փոխհամաձայնեցված եկեղեցական գրանցումը պետությունը ճանաչում է որպես օրինական ուժ ունեցող գործողություն՝ համապատասխան բոլոր հետեւություններով:

 

Հոդված 21. Պետությունը ճանաչում է խոստովանքի գաղտնիությունը: Քննչական եւ դատական ատյաններում խոստովանահայրը կարող է հրաժարվել խոստովանքի նյութին վերաբերող ցուցմունք տալուց:

 

Հոդված 22. Պետությունն իր վրա է վերցնում կրոնական նշանակություն ունեցող պատմական հուշարձանների պահպանությունը՝ անկախ նրանց պատկանելիությունից:

 

Հոդված 23. Պետության եւ կրոնական կազմակերպությունների հարաբերությունները կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր այդ նպատակով ստեղծված մարմինը՝ հետեւյալ իրավասության շրջանակում.

ա) գրանցում է կրոնական կազմակերպությունների կանոնադրությունները, միջնորդում է դատարանին օրենքը խախտող կրոնական կազմակերպությունները լուծարքի ենթարկելու առաջարկով.

բ) կրոնական կազմակերպությունների խնդրանքով աջակցում է առանձին հարցերի շուրջ պետական մարմինների հետ համաձայնության գալուն եւ անհրաժեշտ օգնություն ցույց տալիս այդ հարցերի լուծմանը պետական մարմինների կողմից.

գ) պետության անունից որպես միջնորդ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրոնական կազմակերպությունների միջեւ ծագող հարցերի եւ վեճերի լուծմանը.

դ) իրականացնում է հսկողություն կրոնական թեմաներով գրականության եւ ծիսական  նշանակության առարկաների արտադրության, ներմուծման եւ վաճառքի նկատմամբ.

ե) իրականացնում է սույն օրենքի 7 հոդվածի առաջին մասի «զ» եւ «թ» կետերով նախատեսված լիազորությունները:

Պետության եւ կրոնական կազմակերպությունների սույն օրենքով չկանոնակարգված հարաբերությունները կարգավորվում են պետության եւ համապատասխան կրոնական կազմակերպությունների վարչությունների համաձայնությամբ:

 

 7. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 24. Սույն օրենքի դրույթների խախտման համար կրոնական կազմակերպությունները ենթակա են պատասխանատվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կրկնակի խախտման դեպքում դատարանն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մարմնի կամ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա վճիռ կայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպության լուծարման մասին:

Սույն օրենքի պահանջների կրկնակի խախտում թույլ տված օտարերկրյա կրոնական կազմակերպության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ներկայացուցիչները վտարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

 

Հոդված 25. Սույն օրենքի դրույթների խախտման համար պաշտոնատար անձինք ենթակա են պատասխանատվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  վարչական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սույն օրենքի պահանջների խախտմամբ ձեռք բերված շահույթը որպես եկամուտ ենթակա է բռնագանձման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:

Նման դեպքերում դատարան հայց է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական մարմնի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ:

 

Հոդված 26. Այն դեպքում, երբ խախտումը պարունակում է հանցագործության հատկանիշներ, համապատասխան իրավական մարմինը քաղաքացիական հայցի ապահովման նպատակով կասեցնում է կրոնական կազմակերպության գործունեությունը եւ կալանք է դնում խախտման հետ առնչվող փաստաթղթերի եւ գույքի, ներառյալ՝ կազմակերպության դրամական միջոցների վրա:

 

8. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 27. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

          ՆԱԽԱԳԱՀ՝                                                                          Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

 

 

16 մարտի 1997 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-35