Հողային օրենսգիրք

Ուժը կորցրել է 2002 թվականին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

Սույն օրենսգիրքը կարգավորում է հողային հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում և նպատակ ունի ապահովել հողերի գիտականորեն հիմնավորված արդյունավետ օգտագործումն ու պահպանումը, բնական միջավայրի և պատմամշակութային նշանակության հողերի պահպանումն ու բարելավումը, սեփականության բազմաձևության հիման վրա տնտեսավարման բոլոր ձևերի իրավահավասար զարգացման համար պայմանների ստեղծումը, քաղաքացիների, ձեռնարկությունների և կազմակերպությունների իրավունքների պահպանությունը, հողային հարաբերությունների բնագավառում օրինականության ամրապնդումը:

 

Բ Ա Ժ Ի Ն  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսդրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հողային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և դրա հիման վրա ընդունվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

Ընդերքի, անտառային, ջրային և օդային տարածքի, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհի օգտագործման ու պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հատուկ օրենսդրությամբ:

 

Հոդված 2.

Հողի սեփականության իրավունքը

 

Հողը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային հարստությունն է, հանրապետության տարածքում բնակվող ժողովրդի սեփականությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի հողի նկատմամբ սեփականության իրավունք: Սեփականության իրավունքով հողի հատկացման պայմաններն ու կարգը որոշվում են սույն օրենսգրքով և դրա հիման վրա ընդունվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

 

Հոդված 3.

Հողային ֆոնդի կազմը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության բաժանվում է՝

1) գյուղատնտեսական նշանակության հողերի,

2) բնակավայրերի (քաղաքների, գյուղերի) հողերի,

3) արդյունաբերության, տրանսպորտի, կապի, պաշտպանության և այլ նշանակության հողերի,

4) բնապահպան, առողջարարական, հանգստավայրերի, մարզական և պատմամշակութային նշանակության հողերի,

5) անտառային ֆոնդի հողերի,

6) ջրային ֆոնդի հողերի,

7) պահուստային ֆոնդի հողերի:

Հողերի վերագրումը հիշյալ կատեգորիաներից որևէ մեկին և դրանց փոխադրումը մեկից մյուսին իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 4.

Հողի սեփականության ձևերը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հողի սեփականության ձևերն են՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների սեփականություն,

բ) կոլեկտիվ սեփականություն,

գ) պետական սեփականություն,

դ) այլ պետությունների սեփականություն՝ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների համար:

 

Հոդված 5.

Հողը որպես սեփականություն տրամադրելը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին որպես սեփականություն հողը տրամադրվում է՝

ա) գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու համար,

բ) որպես տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար,

գ) այգեգործության (ամառանոցի) համար:

2. Հողի նկատմամբ կոլեկտիվ սեփականությունը գոյանում է առանձին սեփականատերերի հողամասերը կամավոր միավորելու կամ հողը որպես կոլեկտիվ սեփականություն տրամադրելու ճանապարհով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող հողը որպես սեփականություն կարող է հատկացվել այլ պետությունների՝ բացառապես դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների համար:

4. Պետական սեփականության հողեր են այն հողատարածությունները, որոնք չեն հանդիսանում քաղաքացիների, կոլեկտիվ կամ այլ պետությունների սեփականության իրավունքի օբյեկտներ:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կարող են նախատեսվել հողը որպես սեփականություն տրամադրելու նաև այլ դեպքեր:

 

Հոդված 6.

Պետական սեփականության հողերը մշտական օգտագործման տրամադրելը

 

Մշտական է համարվում այն հողօգտագործումը, որի համար որոշակի ժամկետ չի սահմանվում:

Պետական սեփականության հողերը մշտական օգտագործման են տրամադրվում՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, կոլեկտիվ սեփականության իրավունքի սուբյեկտներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և չափերով,

բ) պետական ձեռնարկություններին, հիմնարկներին, հասարակական ու կրոնական կազմակերպություններին,

գ) պաշտպանության կարիքների համար՝ սույն օրենսգրքի 48 հոդվածում նշված կազմակերպություններին:

Պետական սեփականության հողերը մշտական օգտագործման են տրամադրվում համապատասխան սուբյեկտների գործունեության ամբողջ ժամանակահատվածում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել հողը մշտական օգտագործման տրամադրելու նաև այլ դեպքեր:

 

Հոդված 7.

Հողերը ժամանակավոր օգտագործման տրամադրելը

 

Պետական սեփականության հողերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին սահմանված կարգով ժամանակավոր օգտագործման են տրամադրվում կարճատև՝ մինչև երեք տարի և երկարատև՝ երեքից տասը տարի ժամկետով: Այդ ժամկետները կարող են երկարացվել ելնելով արտադրական անհրաժեշտությունից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետական սեփականության հողերը այլ պետություններին, իրավաբանական անձանց ու քաղաքացիներին, միջազգային կազմակերպություններին, միավորումներին և համատեղ ձեռնարկություններին տրամադրվում են միայն ժամանակավոր օգտագործման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների համար կարող է հող հատկացվել նաև որպես սեփականություն:

Քաղաքացիների և կոլեկտիվ սեփականության հողերը ժամանակավոր օգտագործման տրամադրելու ժամկետները որոշվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և վավերագրվում պայմանագրով:

 

Հոդված 8.

Հողի վարձակալությունը

 

Վարձակալության պայմաններով հողը օգտագործման է տրամադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և այլ պետությունների քաղաքացիներին, իրավաբանական անձանց, այլ տնտեսական կազմակերպություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին և միավորումներին:

Պետական սեփականության հողերի վարձատուներ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, շրջանների վարչակազմերը և տեղական ինքնակառավարման մարմինները՝ իրենց իրավասության շրջանակներում: Քաղաքացիների և կոլեկտիվ սեփականության հողերի վարձատուներ են հանդիսանում այդ հողերի սեփականատերերը:

Վարձակալության պայմանները որոշվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և վավերագրվում պայմանագրով: Հողերի ենթավարձակալությունը թույլատրվում է, եթե դա նախատեսված է վարձակալության պայմանագրով:

Հողի վարձակալության հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

 

Հոդված 9.

Հողի սեփականության տրամադրումը և օգտագործման վճարովիությունը

 

Հողային բարեփոխումների ընթացքում պետական ֆոնդի հողերը որպես սեփականություն տրամադրվում են՝

ա) գյուղացիական կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու համար՝ «Հողի սեփականաշնորհման մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով,

բ) որպես տնամերձ՝ հողամասի հատկացման պահի վիճակով հաշվարկված կադաստրային գնահատման արժեքի վճարմամբ, բացառությամբ այն քաղաքացիների, որոնք հարգելի պատճառներով հողային բարեփոխումների ընթացքում հնարավորություն չեն ունեցել իրացնելու հողի նկատմամբ սեփականության իրավունքը կամ չեն հանդիսացել գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսության անդամ: Այդ քաղաքացիներին տնամերձ հողամասերը որպես սեփականություն տրամադրվում են անհատույց,

գ) այգեգործության (ամառանոցի) համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով և գներով,

դ) քաղաքներում բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից որոշվող սահմանային գների վճարմամբ, ըստ հողի կադաստրային գնահատման արժեքի կամ այլ կարգով:

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողամասերի վաճառքի իրավունքն առաջ է գալիս հողային բարեփոխումների ընթացքում հողի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուց անմիջապես հետո:

Հողային բարեփոխումների գործընթացի ավարտից հետո պետական ֆոնդի հողերը որպես սեփականություն տրամադրելը, ինչպես նաև քաղաքացիների և կոլեկտիվ սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը կատարվում է ազատ ձևավորվող գներով:

Տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերը անհատույց կարգով թողնվում են նրանց՝ որպես սեփականություն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հողի օգտագործումը վճարովի է:

Հողից օգտվելու վճարը սահմանվում է հողային հարկի ձևով, որը գանձվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող կարգով:

 

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 10.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի տնօրինման հարցերը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը՝

1) իրականացնում է հանրապետության ողջ տարածքում հողային հարաբերությունների կարգավորումը,

2) սահմանում է որպես սեփականություն տրամադրվող հողերի համար վճարման կարգը, պայմաններն ու արտոնությունները, ինչպես նաև օգտագործման տրամադրվող հողերի համար վճարման կարգն ու պայմանները,

3) որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային ռեսուրսներն այլ պետություններին օգտագործման հանձնելու կարգն ու պայմանները,

4) հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների, քաղաքների և գյուղական բնակավայրերի տարածքների չափերն ու սահմանները՝ հողը տրամադրելով համապատասխան կառավարման մարմինների տնօրինությանը,

5. իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 11.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

1) որոշում է հանրապետության հողային ֆոնդի կատեգորիաների կազմը,

2) ճշգրտում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների, քաղաքների և գյուղական բնակավայրերի տարածքների չափերն ու սահմանները,

3) կազմում և հաստատում է հանրապետության յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշիռը,

4) մշակում և կազմակերպում է հողերի պահպանման կարգը, վերահսկողություն իրականացնում դրանց օգտագործման ու պահպանման նկատմամբ,

5) վարում է հողային կադաստրը և կազմակերպում հողաշինարարությունը հանրապետության ամբողջ տարածքում,

6) սահմանում է որպես սեփականություն և օգտագործման տրամադրված հողերի դիմաց հարկերի գանձման կարգը,

7) քննարկում և Ազգային ժողով է ներկայացնում առաջարկություններ միջշրջանային հողային վեճերի լուծման մասին,

8) այլ պետություններին դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների համար որպես սեփականություն հատկացնում է հողատարածքներ՝ որոշելով դրանց չափերը,

9) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 12.

Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի իրավասությունը

 

Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերը իրենց իրավասության շրջանակներում՝

1) սահմանված կարգով տնօրինում են իրենց ամրակցված հողերը, այդ թվում դրանք տրամադրում ձեռնարկություններին, կազմակերպություններին և առանձին անձանց՝ օգտագործման ու վարձակալության համար՝ չփոխելով հողերի կատեգորիան,

2) կազմակերպում են հողաշինարարությունը,

3) սահմանված կարգով հետ են վերցնում իրենց կողմից որպես սեփականություն, օգտագործման և վարձակալության տրամադրված հողերը, բացառությամբ սույն օրենսգրքի 16 հոդվածում նշված դեպքերի,

4) կազմակերպում են հողի համար վճարումների և վարձի գանձումը,

5) հաստատում են իրենց տարածքների հողային հաշվեկշիռը,

6) լուծում են միջգյուղական հողային վեճերը:

 Հոդված 13.

Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը

 

Տեղական ինքնակառավարման մարմինները իրենց իրավասության շրջանակներում՝

1) կազմում են հողերի օգտագործման սխեման և ներկայացնում համապատասխան վերադաս մարմին,

2) սահմանված կարգով տնօրինում են իրենց ամրակցված հողերը, համայնքի հողերի օգտագործման սխեմային համապատասխան հատկացնում, հետ են վերցնում և վարձակալության են տրամադրում համայնքի տարածքում գտնվող հողերը,

3) հսկողություն են իրականացնում հողօգտագործման կանոնների պահպանման նկատմամբ և կանխում ապօրինի հողօգտագործումը,

4) կազմակերպում են հողի համար վճարումների և վարձի գանձումը,

5) սահմանված կարգով կատարում են համայնքի տարածքում հողի ընթացիկ հաշվառումը,

6) կազմում են համայնքի հողային հաշվեկշիռը,

7) լուծում են ներհամայնքային հողային վեճերը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀՈՂԵՐԸ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 14.

Հողերը հատկացնելու կարգը

 

Հողերի հատկացումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, շրջանների վարչակազմերի և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա՝ վերջիններիս իրավասության սահմաններում, հողերի օգտագործման ու պահպանության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմինների համաձայնությամբ:

Հողային բարեփոխումների ընթացքում գյուղական տնտեսություն վարելու և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ կազմակերպելու նպատակով քաղաքացիներին, որպես սեփականություն, հողամասեր տրամադրելը կատարվում է «Հողի սեփականաշնորհման մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հողամասեր հատկացնելու մասին որոշումներում նշվում են հողամաս հատկացնելու ու հողից օգտվելու պայմանները:

Հողամասը որպես սեփականություն կամ օգտագործման տրամադրելը մեկ այլ հողասեփականատիրոջ կամ հողօգտագործողի, կատարվում է նշված հողամասի նկատմամբ սեփականատիրոջ կամ օգտագործողի իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելուց հետո:

Գյուղատնտեսության կարիքների համար պիտանի հողերը հատկացվում են գյուղատնտեսական գործունեության համար:

Հողերի պիտանիությունը գյուղատնտեսության կարիքների համար սահմանվում է հողային կադաստրի միջոցով:

 

Հոդված 15.

Հողամասերը քաղաքացիներին որպես սեփականություն, ինչպես նաև օգտագործման տրամադրելու իրավունք ունեցող մարմինները

 

Տեղական ինքնակառավարման մարմինները օգտագործման համար հողամասեր են տրամադրում իրենց տնօրինության տակ գտնվող հողերից:

Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերը որպես սեփականություն և օգտագործման համար հողամասեր են տրամադրում իրենց տնօրինության տակ գտնվող հողերից, ինչպես նաև իրենց իրավասությանը հանձնված պետական պահուստային հողերից:

Հողի սեփականաշնորհման գործընթացի ժամանակ գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ ստեղծելու նպատակով սեփականության իրավունքով հողամասերը տրամադրում են շրջանային վարչակազմերը՝ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման համապատասխան հանձնաժողովների ներկայացմամբ:

Հողամասեր տրամադրելու հետ կապված հողային ֆոնդի կատեգորիայի փոփոխությունը կատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 16.

Որպես սեփականություն և օգտագործման տրամադրված հողամասերը հետ վերցնելը

 

Քաղաքացիների և կոլեկտիվ սեփականություն հանդիսացող հողամասերը պետական կամ հանրային կարիքների համար կարող են հետ վերցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ սույն օրենսգրքի 32 հոդվածով սահմանված դեպքերում և կարգով:

Օգտագործման տրամադրված հողամասերը համապատասխան շրջանների վարչակազմերի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարող են հետ վերցվել սույն օրենսգրքի 23 հոդվածով նախատեսված հիմքերով:

Պահպանվող բնական և պատմամշակութային օբյեկտների տակ գտնվող, ինչպես նաև արգելոցների հողերը ոչ նպատակային օգտագործման համար հետ վերցնելն արգելվում է: Այդ հողերի ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Գիտահետազոտական հիմնարկների, ուսումնական հաստատությունների փորձադաշտերի հողերը, ինչպես նաև մարզական կարիքների համար հատկացված հողերը կարող են հետ վերցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով:

 

Հոդված 17.

Ոչ գյուղատնտեսական կարիքների համար հողեր հատկացնելը

 

Ձեռնարկություններին և կազմակերպություններին ոչ գյուղատնտեսական կարիքների համար հատկացվում են գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողեր կամ շրջանային միջին մակարդակը չգերազանցող կադաստրային գնահատմամբ գյուղատնտեսական ցածրորակ հողատեսքեր:

Էլեկտրահաղորդման գծերի, կապի, ճանապարհների, գլխավոր խողովակաշարերի և գծային այլ կառուցվածքների շինարարության համար թույլ է տրվում հատկացնել նաև այլ հողեր՝ այդ նպատակների համար հաստատված հողի հատկացման նորմերին, նախագծային-տեխնիկական փաստաթղթերին համապատասխան:

Շրջանային միջին մակարդակից բարձր կադաստրային գնահատմամբ գյուղատնտեսական հողատեսքերը, քաղաքամերձ, կանաչ գոտիների և անտառածածկ հողերը հետ վերցնելը և ոչ գյուղատնտեսական կարիքների համար դրանց հատկացնելը կարող է թույլատրվել միայն բացառիկ դեպքերում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Հոդված 18.

Հողամասեր հատկացնելու վերաբերյալ միջնորդություններ հարուցելու և դրանք քննարկելու կարգը

 

Հողամասեր հատկացնելու վերաբերյալ միջնորդություններ հարուցելու և դրանք քննարկելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 19.

Հողի սեփականության և մշտական օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերը

 

Հողի սեփականության և մշտական օգտագործման իրավունքը հաստատվում է համապատասխան պետական ակտով, որը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային պետական ռեգիստրի կողմից՝ համապատասխան վարչակազմի ներկայացմամբ:

Հողի սեփականության իրավունքի պետական ակտում նշվում են սեփականատերը, հատկացման և օգտագործման նպատակն ու պայմանները, հողամասի անվանումը, տեղանքը, չափերը, սահմանները, նրա կադաստրային գնահատականը և այլ տվյալներ:

Հողի մշտական օգտագործման իրավունքի պետական ակտում նշվում են հողօգտագործողը, հողամասի չափերն ու սահմանները, նրա կադաստրային գնահատականը և հողամասն ըստ հատկացման նպատակային նշանակության օգտագործելու պայմանները:

Պետական ակտերի ձևերը, գրանցման ու տրամադրման կարգը որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 20.

Հողի վարձակալության և այլ ժամանակավոր օգտագործման իրավունքը

 հաստատող փաստաթղթերը

 

Հողի վարձակալության և այլ ժամանակավոր օգտագործման իրավունքը սահմանվում է պայմանագրով:

Պայմանագրի ձևը և գրանցման կարգը որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Պայմանագրին կցվում է վարձակալության և այլ ժամանակավոր օգտագործման համար հատկացված հողերի հատակագիծը:

 

Հոդված 21.

Հողի սեփականության, օգտագործման և վարձակալության իրավունքի իրականացումը

 

Հողի սեփականության, օգտագործման և վարձակալության իրավունքի սուբյեկտները համապատասխան մարմնի որոշմամբ հատկացված հողամասի օգտագործմանը ձեռնամուխ են լինում հողաշինարարական մարմինների կողմից այդ հողամասի սահմանները տեղանքում ճշտելուց և հողի սեփականության ու օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերը ստանալուց հետո:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

Հոդված 22.

Հողի սեփականության իրավունքի դադարման հիմքերը

 

Հողի կամ նրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարում է, երբ՝

1) հողի սեփականատերը կամավոր հրաժարվում է հողամասից կամ օտարում է այն,

2) հողամասը հետ է վերցվում պետական կամ հանրային կարիքների համար,

3) օրենքով սահմանված հիմքերով և կարգով հողամասը բռնագրավվում է,

4) մահանում է հողի սեփականատերը և բացակայում է ժառանգը,

5) հողամասն օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ,

6) հողամասն օգտագործվում է այնպիսի եղանակներով, որոնք հանգեցնում են հողերի բերրիության նվազեցմանը, դրանց քիմիական և ռադիոակտիվ աղտոտմանը, էկոլոգիական անվտանգության պահանջների խախտմանը,

7) հողային հարկը սահմանված ժամկետներում պարբերաբար չի վճարվում,

8) հողամասում հայտնաբերվում են պատմամշակութային հուշարձաններ:

 

Հոդված 23.

Հողի օգտագործման և վարձակալության իրավունքի դադարման հիմքերը

 

Հողի օգտագործման և վարձակալության իրավունքը դադարում է, երբ՝

1) հողն օգտագործողը կամ վարձակալը կամավոր հրաժարվում է հողամասից,

2) դադարում է հողն օգտագործողի կամ վարձակալի գործունեությունը,

3) հողամասն օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ,

4) հողամասն օգտագործվում է ոչ արդյունավետ (գյուղատնտեսական նշանակության հողերի համար այն արտահայտվում է կադաստրային գնահատման նորմատիվից պարբերաբար ցածր բերքատվությամբ),

5) հողամասն օգտագործվում է այնպիսի եղանակներով, որոնք հանգեցնում են հողերի բերրիության նվազեցմանը, դրանց քիմիական և ռադիոակտիվ աղտոտմանը, էկոլոգիական անվտանգության պահանջների խախտմանը,

6) սահմանված ժամկետներում պարբերաբար չեն վճարվում հարկերը կամ վարձակալական վճարը,

7) գյուղատնտեսական արտադրության համար հատկացված հողամասը մեկ տարի, իսկ ոչ գյուղատնտեսական նպատակների համար հատկացվածը՝ երկու տարի չի օգտագործվում,

8) հողամասը հետ է վերցվում պետական կամ հանրային կարիքների համար, ինչպես նաև հողի սեփականաշնորհման անհրաժեշտության բերումով՝ տնտեսական տարվա վերջում, կոնկրետ ժամկետը համաձայնեցնելով վարձակալի հետ,

9) լրանում է հատկացված հողամասի օգտագործման ժամկետը,

10) հողամասում հայտնաբերվում են պատմամշակութային հուշարձաններ:

 

 

Հոդված 24.

Հողի սեփականության, օգտագործման և վարձակալության իրավունքի

դադարման կարգը

 

Սույն օրենսգրքի 22 և 23 հոդվածներով նախատեսված բոլոր դեպքերում հողի սեփականության, օգտագործման, վարձակալության իրավունքի դադարման մասին որոշումն ընդունում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, համապատասխան շրջանի վարչակազմը, տեղական ինքնակառավարման մարմինը, բացառությամբ սույն օրենսգրքի 47 հոդվածում նախատեսված դեպքի, երբ հատկացված հողամասի օգտագործման իրավունքը դադարում է այն հատկացնող ձեռնարկության, հիմնարկի ղեկավարության որոշմամբ:

Հողի սեփականության, օգտագործման և վարձակալության իրավունքը դադարում է որոշումն ընդունելու օրվանից:

Սույն օրենսգրքի 23 հոդվածի 3,4,5,6 և 7 կետերում նախատեսված դեպքերում հողի օգտագործման և վարձակալության իրավունքի դադարեցման մասին որոշումներն ընդունվում են այն փաստաթղթերի հիման վրա, որոնք վկայում են, որ համապատասխան գրավոր զգուշացում ստանալուց հետո հողն օգտագործողը կամ վարձակալը միջոցներ չի ձեռնարկել թույլ տրված խախտումները սահմանված ժամկետներում վերացնելու ուղղությամբ: Հողի սեփականության, օգտագործման և վարձակալության իրավունքի դադարման դեպքում համապատասխան մարմինը որոշում է ընդունում հողին հասցված վնասները գանձելու մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ, ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 25.

Հողի սեփականատիրոջ իրավունքները

 

Հողի սեփականատերը օգտվում է սեփականատիրոջ բոլոր իրավազորություններից (վաճառքի, գրավ դնելու, փոխանակության, նվիրատվության, ժառանգելու) և իրավունք ունի՝

1) ինքնուրույնաբար տնտեսավարել հողի վրա,

2) որպես սեփականություն ունենալ արտադրված գյուղատնտեսական արտադրանքը և դրա իրացումից ստացված եկամուտները,

3) տնտեսության կարիքների համար սահմանված կարգով օգտագործել հողամասում եղած հանրատարած օգտակար հանածոները, տորֆը, ջրային օբյեկտները, ինչպես նաև շահագործել հողի մյուս օգտակար հատկությունները,

4) կառուցել բնակելի, արտադրական, կուլտուր-կենցաղային և այլ շինություններ ու կառույցներ՝ օրենքով սահմանված կարգով ու պայմաններով,

5) հողամասը կամ նրա մի մասը հանձնել վարձակալության և այլ ժամանակավոր օգտագործման,

6) հողամասը պետական կամ հանրային կարիքների համար հետ վերցվելու դեպքում ստանալ լրիվ փոխհատուցում,

7) կատարել օրենքին չհակասող այլ գործողություններ:

 

Հոդված 26.

Հողի սեփականատիրոջ պարտականությունները

 

Հողի սեփականատերը պարտավոր է՝

1) հողն օգտագործել արդյունավետ, նպատակային նշանակմանը համապատասխան, չնվազեցնել նրա բերրիությունը, կիրառել արտադրության բնապահպանական տեխնոլոգիաներ, տնտեսական գործունեության հետևանքով թույլ չտալ բնապահպանական իրադրության և պատմամշակութային միջավայրի վատթարացում,

2) իրականացնել հողերի պահպանության սույն օրենսգրքի 60 և 61 հոդվածներով նախատեսված համալիր միջոցառումներ,

3) ժամանակին մուծել հողային հարկերը,

4) հողն օգտագործելիս պատմական հին կառույցների մնացորդներ, պատմամշակութային արժեքներ հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղեկացնել հուշարձանների պահպանության կամ տեղական կառավարման մարմիններին,

5) չխախտել հողի մյուս սեփականատերերի և հողօգտագործողների իրավունքները:

 Հոդված 27.

Հողի մշտական օգտագործողների իրավունքները

 

Հողի մշտական օգտագործողներն իրավունք ունեն՝

1) հողն օգտագործել նրա հատկացման պայմաններին համապատասխան,

2) սահմանված կարգով օգտագործել հողամասում եղած հանրատարած օգտակար հանածոները, տորֆը, ջրային օբյեկտները, ինչպես նաև շահագործել հողի մյուս օգտակար հատկությունները,

3) կառուցել արտադրական այլ օբյեկտներ՝ օրենքով սահմանված կարգով ու պայմաններով,

4) հողօգտագործման իրավունքը դադարելու դեպքում ստանալ իր հաշվին կատարած հողի բարելավումների արժեքի փոխհատուցումը,

5) որպես սեփականություն ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքեր, բազմամյա տնկարկներ, արտադրած արտադրանք և այլ գույք,

6) ժամանակավոր օգտագործման հանձնել հատկացված հողամասը կամ նրա մի մասը, եթե նախատեսված է հատկացման պայմանագրով:

 

Հոդված 28.

Հողի մշտական օգտագործողների պարտականությունները

 

Հողի մշտական օգտագործողները պարտավոր են՝

1) ապահովել հողի օգտագործումը նրա նպատակային նշանակմանը և հատկացման պայմաններին համապատասխան,

2) հողն օգտագործել արդյունավետ, կիրառել արտադրության բնապահպանական տեխնոլոգիաներ, տնտեսական գործունեության հետևանքով թույլ չտալ բնապահպանական իրադրության և պատմամշակութային միջավայրի վատթարացում,

3) իրականացնել հողերի պահպանության՝ սույն օրենսգրքի 60 և 61 հոդվածներով նախատեսված համալիր միջոցառումներ,

4) ժամանակին մուծել հողային հարկերը,

5) հողն օգտագործելիս պատմական հին կառույցների մնացորդներ, պատմամշակութային արժեքներ հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղեկացնել հուշարձանների պահպանության կամ տեղական կառավարման մարմիններին,

6) չխախտել հողի սեփականատերերի և մյուս հողօգտագործողների իրավունքները:

 

Հոդված 29.

Հողի վարձակալների և այլ ժամանակավոր հողօգտագործողների իրավունքները

 

Հողի վարձակալները և այլ ժամանակավոր հողօգտագործողներն իրավունք ունեն՝

1) հողն օգտագործել նրա հատկացման պայմաններին համապատասխան,

2) որպես սեփականություն ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքեր և արտադրած արտադրանքը,

3) հողօգտագործման իրավունքը դադարելու դեպքում ստանալ իր հաշվին կատարած հողի բարելավումների արժեքի փոխհատուցում, եթե դա նախատեսված է պայմանագրով:

 

Հոդված 30.

Հողի վարձակալների և այլ ժամանակավոր հողօգտագործողների պարտականությունները

 

Հողի վարձակալները և այլ ժամանակավոր հողօգտագործողները պարտավոր են՝

1) ապահովել հողի օգտագործումը նպատակային նշանակմանը և հատկացման պայմաններին համապատասխան,

2) հողն օգտագործել արդյունավետ, կիրառել արտադրության բնապահպանական տեխնոլոգիաներ, չնվազեցնել նրա բերրիությունը, տնտեսական գործունեության հետևանքով թույլ չտալ բնապահպանական իրադրության և պատմամշակութային միջավայրի վատթարացում,

3) իրականացնել հողերի պահպանության՝ սույն օրենսգրքի 60 և 61 հոդվածներով նախատեսված համալիր միջոցառումները,

4) ժամանակին մուծել հողային հարկը և հողի վարձակալական վճարը,

5) հողն օգտագործելիս պատմական հին կառույցների մնացորդներ, պատմամշակութային արժեքներ հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղեկացնել հուշարձանների պահպանության կամ տեղական կառավարման մարմիններին,

6) չխախտել հողի սեփականատերերի և մյուս հողօգտագործողների իրավունքները:

 

Հոդված 31.

Հողի սեփականատերերի, հողօգտագործողների և վարձակալների իրավունքների պաշտպանությունը

 

 

Հողի սեփականատերերի, հողօգտագործողների և վարձակալների տնտեսական գործունեության պետական, տնտեսական և մյուս մարմինների ու կազմակերպությունների միջամտությունն արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ խախտվում է գործող օրենսդրությունը կամ պայմանագիրը:

Խախտված իրավունքները ենթակա են վերականգնման օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հողի սեփականատերերի, հողօգտագործողների և վարձակալների իրավունքների խախտմամբ պատճառված վնասները և բաց թողնված օգուտները ենթակա են լրիվ չափով հատուցման:

 

Հոդված 32.

Հողի սեփականատերերի և հողօգտագործողների իրավունքների երաշխիքները

 

Քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերը պետական կամ հանրային կարիքների համար կարող են հետ վերցվել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ հողամասի դիմաց հողի սեփականատիրոջ ընտրությամբ նրան լրիվ փոխհատուցում տալու կամ համարժեք հողամաս հատկացնելու պայմանով:

Քաղաքացիների օգտագործմանը տրամադրված հողամասերը պետական կամ հանրային կարիքների համար կարող են հետ վերցվել միայն համարժեք հողամաս հատկացնելու պայմանով: Այն ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնց հատկացվում է հողամասը, նոր տեղում կառուցում են բնակելի, արտադրական և այլ շենքեր, եթե այդպիսիք կային, և լրիվ ծավալով հատուցում հողի սեփականատերերի ու հողօգտագործողների մյուս բոլոր վնասները:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐ

 

Հոդված 33.

Գյուղատնտեսական նշանակության հողեր

 

Գյուղատնտեսական նշանակության հողեր են համարվում վարելահողերը, բազմամյա տնկարկները, խոտհարքերը, արոտավայրերը, ինչպես նաև գյուղատնտեսական նպատակների համար նախորոշված այլ հողատեսքերը:

 

Հոդված 34.

Գյուղատնտեսական նշանակության հողերի հատկացումը

 

Գյուղատնտեսական նշանակության հողերը հատկացվում են՝

1) քաղաքացիներին՝ գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու և այգեգործության (ամառանոցի) համար, ինչպես նաև ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին՝ օժանդակ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար,

2) ձեռնարկություններին ու կազմակերպություններին՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար,

3) գիտահետազոտական, ուսումնական և գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններին, հիմնարկներին, գյուղական արտադրատեխնիկական ուսումնարաններին և հանրակրթական դպրոցներին՝ հետազոտական, ուսումնական նպատակներով, առաջավոր փորձ ներդնելու և գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում գյուղատնտեսական նշանակության հողեր կարող են հատկացվել նաև այլ կազմակերպությունների և անձանց՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար:

 

Հոդված 35.

Որպես տնամերձ քաղաքացիներին հողամասեր հատկացնելը

 

Որպես տնամերձ քաղաքացիներին սեփականության իրավունքով հողամասեր են հատկացնում շրջանների վարչակազմերը կամ տեղական ինքնակառավարման մարմինները՝ սույն օրենսգրքի 39 հոդվածով նախատեսված չափերի սահմաններում:

 

Հոդված 36.

Այգեգործության (ամառանոցի) համար քաղաքացիներին հողամասեր հատկացնելը

 

Այգեգործության (ամառանոցի) համար քաղաքացիներին և կոլեկտիվներին սեփականության իրավունքով հողամասեր են հատկացնում շրջանների վարչակազմերը կամ տեղական ինքնակառավարման մարմինները իրենց տրամադրությանը հանձնված հողերից՝ հողաշինարարության նախագծերին համապատասխան:

Այգեգործության (ամառանոցի) համար քաղաքացիներին հատկացված հողամասերի վրա բնակելի տների և այլ շինությունների կառուցման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը սահմանում է նորմատիվներ:

Քաղաքացիներին բանջարաբուծության համար կարող են հատկացվել նաև ժամանակավոր օգտագործման հողամասեր՝ բանջարեղեն և հատապտղային կուլտուրաներ աճեցնելու նպատակով:

 

Հոդված 37.

Ձեռնարկություններին ու կազմակերպություններին՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար, ինչպես նաև ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին՝ օժանդակ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար օգտագործման իրավունքով հող հատկացնելը

 

Ձեռնարկություններին ու կազմակերպություններին՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար, ինչպես նաև ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին՝ օժանդակ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար օգտագործման իրավունքով հող հատկացնում են սույն օրենսգրքի 15 հոդվածով նախատեսված հողամասեր հատկացնելու իրավունք ունեցող համապատասխան մարմինները:

 

Հոդված 38.

Գիտահետազոտական, ուսումնական և գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններին, հիմնարկներին, գյուղական արտադրատեխնիկական ուսումնարաններին և հանրակրթական դպրոցներին օգտագործման իրավունքով հող հատկացնելը

 

Գիտահետազոտական, ուսումնական և գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններին, հիմնարկներին, գյուղական արտադրատեխնիկական ուսումնարաններին և հանրակրթական դպրոցներին հետազոտական, ուսումնական նպատակներով և գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար օգտագործման իրավունքով հողամասեր հատկացնում են սույն օրենսգրքի 15 հոդվածով նախատեսված հողամասեր հատկացնելու իրավունք ունեցող համապատասխան մարմինները:

 

Հոդված 39.

Քաղաքացիներին հատկացվող հողամասերի չափերը

 

Որպես տնամերձ և այգեգործության (ամառանոցի) համար հատկացվող հողամասերի չափերն են՝

1) որպես տնամերձ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող քաղաքացիներին՝ մինչև 0,2 հեկտար,

2) այգեգործության (ամառանոցի) համար՝ մինչև 0,1 հեկտար:

 

Հոդված 40.

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողօգտագործումը

 

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողօգտագործման հարցերը կարգավորվում են «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 41.

Պետական ձեռնարկությունների հողօգտագործումը

 

Տնտեսավարման նպատակներով պետական ձեռնարկություններին հողամասեր են տրամադրվում օգտագործման իրավունքով:

Այդ ձեռնարկությունների վրա տարածվում են պետական ձեռնարկությունների ստեղծման և գործունեության կարգին վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական ակտերի դրույթները:

 

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐ

 

Հոդված 42.

Քաղաքների հողեր

 

Քաղաքների սահմանագծի մեջ եղած բոլոր հողերը գտնվում են համապատասխան շրջանային վարչակազմի, իսկ Ստեփանակերտ քաղաքի դեպքում՝ Ստեփանակերտ քաղաքի վարչակազմի տնօրինության տակ:

Քաղաքների սահմանագիծը քաղաքի արտաքին սահմանն է, որը քաղաքների հողերը սահմանազատում է այլ կատեգորիայի հողերից:

Հողամասերը քաղաքի սահմանագծի մեջ մտցնելը չի դադարեցնում հողի սեփականության և օգտագործման իրավունքը:

Քաղաքների բոլոր հողերը օգտագործվում են քաղաքների գլխավոր հատակագծերին, դրանց տարածքի հատակագծման ու կառուցապատման նախագծերին և հողատնտեսական կառուցվածքի հատակագծերին համապատասխան:

Համապատասխան վարչակազմի որոշմամբ, քաղաքացիներին այգեգործության կամ բանջարաբուծության համար օգտագործման իրավունքով կարող են տրամադրվել նրանց մշտական բնակավայրերին մերձակա քաղաքային սահմանագծի մեջ գտնվող գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողեր:

Այդ հողամասերի վրա արգելվում է որևէ տեսակի շինարարություն: Նշված նպատակներով չեն կարող տրամադրվել հատուկ էկոլոգիական և պատմամշակութային արժեք ունեցող հողամասերը (վայրի բուսականությամբ զբաղեցված տարածքները, բնության հուշարձանները և այլն):

 

Հոդված 43.

Գյուղական բնակավայրերի հողեր

 

Գյուղական բնակավայրերի հողերի շարքին են դասվում այն բոլոր հողերը, որոնք գտնվում են այդ բնակավայրերի համար որոշված սահմաններում և տեղանքում, սահմանազատված են հողաշինարարությամբ:

Գյուղական բնակավայրերի հողերը գտնվում են տեղական ինքնակառավարման մարմնի տնօրինության տակ:

 

Հոդված 44.

Բնակարանային շինարարության համար քաղաքացիներին հողամասեր հատկացնելը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն քաղաքներում, որպես սեփականություն, ստանալ հողամասեր՝ բնակելի տան կառուցման ու դրա սպասարկման համար:

Քաղաքներում բնակարանային շինարարության համար քաղաքացիներին հողամասեր են հատկացվում մինչև 0,2 հեկտարի չափով:

 

Հոդված 45.

Անհատական և կոլեկտիվ ոչ բնակարանային շինարարության ու անհատական աշխատանքային գործունեություն վարելու համար հողամասեր հատկացնելը

 

Անհատական և կոլեկտիվ ոչ բնակարանային շինարարության ու անհատական աշխատանքային գործունեություն վարելու համար քաղաքացիներին օգտագործման իրավունքով հողամասեր են հատկացնում սույն օրենսգրքի 15 հոդվածով նախատեսված հողամասեր հատկացնելու իրավունք ունեցող համապատասխան մարմինները:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ

ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐ

 

Հոդված 46.

Արդյունաբերության, տրանսպորտի, կապի և այլ նշանակության հողեր

 

Արդյունաբերության, տրանսպորտի, կապի և այլ նշանակության հողեր են համարվում համապատասխան ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին՝ իրենց վրա դրված խնդիրների իրականացման համար օգտագործման տրամադրված հողերը:

Նշված նպատակների համար հատկացվող հողամասերի չափերը որոշվում են սահմանված կարգով հաստատված նորմերին և նախագծային-տեխնիկական փաստաթղթերին համապատասխան՝ հողի առավել արդյունավետ օգտագործման պայմանով:

Օգտակար հանածոների մշակման համար ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին հողամասերի հատկացում կատարվում է հանքահատկացումը ձևակերպելու և նախկինում նրանց օգտագործմանը հատկացված հողատարածությունների վերականգնման պայմանով:

 

Հոդված 47.

Ծառայողական հողաբաժինների հատկացման և օգտագործման կարգը

 

Տրանսպորտի, անտառային տնտեսության, անտառային արդյունաբերության, կապի, ջրային, ձկնային, որսորդական տնտեսության, ինչպես նաև ժողովրդական տնտեսության մյուս ճյուղերի ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները իրենց օգտագործմանը հանձնված հողերից ադմինիստրացիայի որոշմամբ՝ առաջին հերթին հողի սեփականություն չունեցող իրենց աշխատողներին կարող են հատկացնել ծառայողական հողաբաժիններ:

Ծառայողական հողաբաժինները հատկացվում են տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում աշխատելու ժամանակամիջոցում: Աշխատանքից ազատվելու դեպքում աշխատողների ծառայողական հողաբաժնից օգտվելու իրավունքը դադարում է: Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք կատարած աշխատողի աշխատանքից ազատվելու դեպքում հողաբաժնի օգտագործման նրա իրավունքը դադարում է բերքը հավաքելուց հետո:

Եթե ընտանիքում ծառայողական հողաբաժին ստանալու իրավունք ունեցող մի քանի աշխատողներ աշխատում են նույն հիմնարկում, առանձնացվում է ծառայողական մեկ հողաբաժին:

Խոտհարքեր և արոտավայրեր կարող են հատկացվել միայն այն աշխատողներին, ովքեր, որպես սեփականություն, ունեն անասուններ:

Ծառայողական հողաբաժիններում շինարարություն կատարելը արգելվում է:

Ծառայողական հողաբաժինները պահպանվում են՝

- ծերության կամ հաշմանդամության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքային հարաբերությունները դադարեցրած այն անձանց համար, ովքեր մինչև ծերության կենսաթոշակի անցնելը առնվազն տաս տարի աշխատել են տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում,

- այն աշխատողների ընտանիքների համար, որոնք աշխատանքի են անցել ընտրովի պաշտոնում, զորակոչվել են իսկական զինվորական ժամկետային ծառայության կամ ուսման են ընդունվել՝ ծառայողական հողաբաժինները պահպանվում են ընտրովի պաշտոնում, զինվորական ծառայության մեջ գտնվելու և ուսումնառության ամբողջ ժամանակամիջոցում,

- ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված աշխատողների ընտանիքների՝ անաշխատունակ ամուսնու և զառամյալ ծնողների համար՝ ցմահ, իսկ երեխաների համար՝ մինչև նրանց չափահաս դառնալը և այլ բնագավառում մշտական աշխատանքի անցնելը:

Ծառայողական հողաբաժնի չափը որոշվում է տվյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի կողմից՝ իր տրամադրության տակ այդ նպատակի համար գտնվող հողատարածության և աշխատողների թվի հիման վրա:

 

Հոդված 48.

Պաշտպանության կարիքների համար հողեր

 

Պաշտպանության կարիքների համար հողեր են համարվում զինված ուժերի, սահմանապահ, ներքին զորքերի զորամասերի, պաշտպանության հիմնարկների, ռազմաուսումնական հաստատությունների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների տեղաբաշխման և մշտական գործունեության համար հատկացված հողերը:

Պաշտպանության կարիքների համար հողերի հատկացման և օգտագործման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը:

 

Հոդված 49.

Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից հետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով հողերի զբաղեցումը

 

Երկրաբաշխական, երկրաբանական-նկարահանման և այլ ուսումնասիրություններ ու հետազոտություններ կատարող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները աշխատանքներ կարող են կատարել բոլոր հողերի վրա՝ անկախ նրանց նպատակային նշանակությունից:

Հետախուզական աշխատանքների կատարման ընթացքում հողը նրա սեփականատիրոջից, օգտագործողից կամ վարձակալից հետ չի վերցվում:

Նշված աշխատանքները կատարելու թույլտվությունը տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ մեկ տարուց ոչ ավելի ժամանակով: Այդ աշխատանքներն սկսելու ժամկետներն ու տեղը, հողն օգտագործելու համար վճարների չափերը, վնասների հատուցման և հողերը դրանց նպատակային նշանակությամբ օգտագործելու համար պիտանի վիճակի բերելու պարտականությունները, ինչպես նաև մյուս պայմանները որոշվում են հողի սեփականատիրոջ կամ օգտագործողի հետ կնքվող պայմանագրով:

Հետախուզական աշխատանքներ կատարող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները պարտավոր են իրենց հաշվին վերացնել հողերի նկատմամբ թույլ տված խախտումները, վերականգնել նախկին հողատեսքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար և ակտով դրանք հանձնել հողի սեփականատերերին կամ օգտագործողներին:

Եթե ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպություններն իրականացնում են հետախուզական այնպիսի աշխատանքներ, որոնք ըստ տեխնոլոգիայի պահանջում են հողամասը կամ դրա մի մասը զբաղեցնել ժամանակավոր կառույցների տակ, որով լրիվ կամ մասնակիորեն սահմանափակվում է հողերի օգտագործումը, ապա կատարում են համապատասխան վճարումներ և լրիվ չափով հատուցում հողի սեփականատերերին կամ օգտագործողներին պատճառված բոլոր վնասները:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԲՆԱՊԱՀՊԱՆ, ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ, ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐԵՐԻ, ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐ

 

Հոդված 50.

Բնապահպան նշանակության հողեր

 

Բնապահպան նշանակության հողերի թվին են դասվում արգելանոցների, ազգային և ծառաբանական զբոսայգիների, բուսաբանական այգիների, արգելավայրերի (բացառությամբ՝ որսորդական), բնության հուշարձանների հողերը:

Արգելանոցների, ազգային և ծառաբանական զբոսայգիների, բուսաբանական այգիների, արգելավայրերի (բացառությամբ՝ որսորդական), բնության հուշարձանների ռեժիմն ապահովելու համար սահմանվում են պահպանության գոտիներ, որոնցում արգելվում է այնպիսի գործունեություն, որը վնասակար ազդեցություն է գործում դրանց ռեժիմի պահպանումն ապահովելու վրա: Այդ գոտիների սահմանները տեղանքում ամրացվում են հատուկ տեղեկատվական նշաններով:

Բնապահպան նշանակության հողերի օգտագործման, ինչպես նաև հողօգտագործման առանձնահատուկ պայմաններ ունեցող բնապահպան գոտիներ սահմանելու և օգտագործելու կարգը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Բնապահպան գոտիների սահմաններում գտնվող հողամասերը դրանց սեփականատերերից և հողօգտագործողներից հետ չեն վերցվում:

Բնապահպան նշանակության հողերի վրա արգելվում է դրանց նպատակային նշանակմանը հակասող ամեն մի գործունեություն:

 Հոդված 51.

Առողջարարական նշանակության հողեր

 

Առողջարարական նշանակության հողերի թվին են դասվում պրոֆիլակտիկայի և բուժման կազմակերպման համար բարենպաստ բնական բուժական գործոններ ունեցող տարածքները:

Առողջարարական նշանակության հողերը ենթակա են հատուկ պահպանության: Բնական բուժական գործոնների պահպանության նպատակով բոլոր առողջարաններում սահմանվում են սանիտարական պահպանության գոտիներ: Այն հողամասերը, որոնց վրա սահմանվում են նշված գոտիները, հողի սեփականատերերից և հողօգտագործողներից հետ չեն վերցվում: Դրանց օգտագործման համար սահմանվում է համապատասխան կարգ: Այդ գոտիների սահմաններում արգելվում է սեփականության և օգտագործման իրավունքով հողամասեր հատկացնել այն քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, որոնց գործունեությունը անհամատեղելի է բնության բուժական հատկությունների և բնակչության հանգստի համար բարենպաստ պայմանների ապահովմանը: Ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, որոնց շահերից ելնելով սահմանվում են հողօգտագործման առանձնահատուկ պայմաններ ունեցող գոտիներ, պարտավոր են գոտիների սահմաններում ամրացնել հատուկ տեղեկատվական նշաններ:

Սանիտարական պահպանության գոտու սահմաններում գտնվող և սանիտարական պահպանության կանոններին չհամապատասխանող գործունեությունն արգելվում է: Նման գործունեություն իրականացնող հողօգտագործողների հողամասերի վերատեղաբաշխման պայմանները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:

 

Հոդված 52.

Հանգստավայրերի և մարզական նշանակության հողեր

 

 Հանգստավայրերի և մարզական նշանակության հողեր են համարվում բնակչության մասսայական հանգստի, սպորտի և տուրիզմի կազմակերպման համար նախատեսված և օգտագործվող հողերը: Դրանց թվին են դասվում այն հողամասերը, որոնք զբաղեցնում են հանգստյան տների, պանսիոնատների, առողջարանների, տուրիստական բազաների, ստացիոնար և վրանավոր տուրիստական, առողջարարական ճամբարների, ձկնորսների և որսորդների տնակների, մանկական տուրիստական կայանների, քաղաքների և այլ բնակավայրերի շուրջը եղած զբոսայգիների, կանաչ գոտիների, առողջարարական նշանակության հողերից դուրս գտնվող ուսումնատուրիստական արահետների, ազդանշանված ուղիների, մարզական շինությունների, բազաների ու ճամբարների տարածքները:

Քաղաքներից և այլ բնակավայրերից դուրս գտնվող անտառներով, անտառազբոսայգիներով և այլ կանաչ տնկիներով զբաղեցված հողերը, որոնք պաշտպանական և սանիտարահիգիենիկ ֆունկցիաներ են կատարում և համարվում են բնակչության հանգստավայրեր, մտցվում են կանաչ գոտու մեջ:

Հանգստավայրերի և մարզական նշանակության հողերի նպատակային օգտագործմանը խոչընդոտող ցանկացած գործունեություն արգելվում է:

Հանգստավայրերի և մարզական նշանակության հողերի սահմանները և օգտագործման կարգը որոշվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 53.

Պատմամշակութային նշանակության հողեր

 

Պատմամշակութային նշանակության հողերի թվին են դասվում պատմամշակութային արգելանոցների և արգելավայրերի, հուշազբոսայգիների և հուշահամալիրների, եկեղեցիների և վանքային համալիրների, գերեզմանոցների, հնագիտական և ճարտարապետական հուշարձանների, ճարտարապետական-տեղանքապատկերային (լանդշաֆտային) համալիրների զբաղեցրած հողերը, պահպանական գոտիները:

Այդ հողերն իրենց նպատակային նշանակության հետ չկապված կարիքների համար հետ վերցնելը կամ դրանց վրա նպատակային նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն իրականացնելն արգելվում է:

Նշված հողերի օգտագործման կարգը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

 

 

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐ

 

Հոդված 54.

Անտառային ֆոնդի հողեր

 

Անտառային ֆոնդի հողեր են համարվում անտառապատ, ինչպես նաև անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքներին հատկացված հողերը:

Անտառատնտեսության և անտառարդյունաբերության կարիքների համար ժամանակավոր չօգտագործվող գյուղատնտեսական և այլ հողատեսքերը անտառատնտեսության ձեռնարկությունների կողմից կարող են տրամադրվել գյուղատնտեսական նպատակներով օգտագործման, եթե դա չի հակասում տվյալ հողատեսքերի նպատակային նշանակմանը:

Անտառային ֆոնդի հողերի օգտագործման կարգը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՋՐԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐ

 

Հոդված 55.

Ջրային ֆոնդի հողեր

 

Ջրային ֆոնդի հողեր են համարվում ջրավազաններով, սառցադաշտերով, ճահիճներով, հիդրոտեխնիկական և այլ ջրատնտեսական կառուցվածքներով զբաղեցված և ջրապահպան հողերը, ինչպես նաև այն հողերը, որոնք առանձնացված են ջրավազանների առափնյա օտարման հողաշերտերի, միջտնտեսային ջրանցքների կոլեկտորների համար:

Ջրային ֆոնդի հողերի օգտագործման կարգը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐ

 

Հոդված 56.

Պահուստային ֆոնդի հողեր

 

Պահուստային ֆոնդի հողեր են հանդիսանում պետական սեփականության այն բոլոր հողերը, որոնք չեն հատկացվել որպես սեփականություն և օգտագործման իրավունքով: Այդ հողերի շարքին են դասվում նաև այն հողերը, որոնց սեփականության և օգտագործման իրավունքը դադարել է սույն օրենսգրքի 22 և 23 հոդվածներին համապատասխան:

Պահուստային ֆոնդի հողերը գտնվում են համապատասխան կառավարման մարմինների տնօրինության ներքո և նախատեսվում են որպես սեփականություն ու օգտագործման հատկացնելու նպատակներով:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՆՏԱՌԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Հոդված 57.

Հողամասերը հետ վերցնելու կամ ժամանակավորապես զբաղեցնելու, ինչպես նաև հողի սեփականատերերի և հողօգտագործողների իրավունքները սահմանափակելու հետևանքով պատճառված վնասների հատուցումը

 

Հողամասերը հետ վերցնելու կամ ժամանակավորապես զբաղեցնելու, ինչպես նաև հողի սեփականատերերի և հողօգտագործողների իրավունքները սահմանափակելու կամ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների գործունեությամբ հողի որակի վատթարացման հետևանքով պատճառված վնասները (այդ թվում՝ բաց թողնված օգուտները) ենթակա են հատուցման լրիվ ծավալով՝ այդ վնասները կրած սեփականատերերին և հողօգտագործողներին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վնասները հատուցում են այն ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնց հատկացվել են վերցված հողամասերը, ինչպես նաև այն ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնց գործունեությունը հանգեցրել է սեփականատերերի և հողօգտագործողների իրավունքների սահմանափակմանը կամ հողերի վատթարացմանը:

Հողամասը պետական կամ հանրային կարիքների համար հետ վերցվելու դեպքում նախկին սեփականատերն իրավունք ունի ստանալու լրիվ փոխհատուցում:

Վնասների հատուցման և դրանց չափերի որոշման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

Հողամասում պատմամշակութային արժեքներ հայտնաբերելու դեպքում, եթե հողի սեփականատերը կամ հողօգտագործողը անմիջապես տեղյակ է պահում համապատասխան մարմիններին և անհրաժեշտ է համարում տվյալ հողատարածքը կամ նրա մի մասը հետ վերցնել կամ ժամանակավորապես զբաղեցնել, ապա հողի սեփականատիրոջը կամ հողօգտագործողին, բացի վնասների լրիվ փոխհատուցումից, տրվում է նաև լրացուցիչ հատույց՝ օրենսդրությամբ սահմանվող կարգով:

 

Հոդված 58.

Գյուղատնտեսական և անտառատնտեսական արտադրության կորուստների հատուցումը

 

Գյուղատնտեսական և անտառատնտեսական արտադրության այն կորուստները, որոնք կապված են գյուղատնտեսական հողատեսքերը և անտառային տնտեսության անտառներով ծածկված հողերը հետ վերցնելու և դրանք գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն վարելու հետ չկապված նպատակներով օգտագործելու հետ, սեփականատերերի և հողօգտագործողների իրավունքները սահմանափակելու կամ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության հետևանքով հողերի որակը վատթարացնելու հետ, ենթակա են հատուցման տեղական կառավարման համապատասխան մարմիններին: Այդ կորուստները հատուցվում են անկախ սույն օրենսգրքի 57 հոդվածով նախատեսված վնասների հատուցումից:

Նշված կորուստները հատուցում են այն ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնց հատկացվում են վերցված գյուղատնտեսական ու անտառային հանդակները գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն վարելու հետ չկապված կարիքների համար, ինչպես նաև այն ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնց օբյեկտների շուրջը սահմանվում են պահպանական, սանիտարական և պաշտպանական գոտիներ՝ շրջանառությունից հանելով կամ վատթարացնելով գյուղատնտեսական և անտառային հանդակները:

Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները հատուցում են գյուղատնտեսական և անտառատնտեսական արտադրության կորուստները, եթե նրանց գործունեության հետևանքով տեղի է ունեցել ուրիշ սեփականատերերի և հողօգտագործողների հողերի որակի վատթարացում:

Հատուցման ենթակա կորուստների որոշման կարգն ու չափերը, ինչպես նաև դրանց հատուցումից ազատվող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ցուցակը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

Կորստի հատուցումից ստացված միջոցները նախատեսվում են նոր հողերի յուրացման, հողերի բերրիության և անտառային ֆոնդի հողերի արդյունավետության բարձրացման նպատակներով:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ՀՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 59.

Հողերի պահպանության նպատակներն ու խնդիրները

 

Հողի պահպանությունը ներառում է տնտեսական, կազմակերպական, իրավական և այլ միջոցառումների համակարգ, որոնք նպատակամղված են դրանց նպատակային և արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական շրջանառությունից հողերի չհիմնավորված կերպով հետ վերցնելու կանխմանը, մարդու գործունեությամբ պատճառվող վնասակար ազդեցությունից դրանց պահպանությանը, ինչպես նաև հողերի բերրիության վերականգնմանը և բարձրացմանը:

 Հոդված 60.

Հողերի պահպանության բովանդակությունը և կարգը

 

Հողի սեփականատերերը և հողօգտագործողները իրականացնում են՝

- տարածքի ռացիոնալ կազմակերպում,

- հողի բերրիության, ինչպես նաև հողի այլ օգտակար հատկությունների վերականգնում, բարելավում և արդյունավետ օգտագործում,

- հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, հողի վիճակը վատթարացնող այլ ազդեցություններից պահպանում,

- գյուղատնտեսական հողատեսքերը թփուտներով ծածկվելուց, հողերի կուլտուր-տեխնիկական վիճակը վատթարացնող այլ ազդեցություններից պահպանում,

- խախտված հողերի վերականգնում, դրանց բերրիության և հողի օգտակար հատկությունների վերականգնում և ժամանակին տնտեսական շրջանառության մեջ ընդգրկում,

- հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանում, պահպանում և օգտագործում:

Պետական մարմինները հողերի պահպանության ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում հանրապետական ծրագրերի սահմաններում:

Հանրապետական և տարածքային ծրագրերին համապատասխան կատարվող հողերի պահպանության աշխատանքները իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Սեփականատերերի և հողօգտագործողների հողամասերի բարելավման կուլտուր-տեխնիկական և այլ աշխատանքները՝ կապված հողի բերրիության բարձրացման հետ, իրականացվում են նրանց միջոցների հաշվին:

Հողերի պահպանության կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 61.

Հողերի վիճակի վրա ազդող օբյեկտների, շինությունների ու կառույցների տեղաբաշխմանը, նախագծմանը, կառուցմանն ու գործարկմանը ներկայացվող էկոլոգիական պահանջները

 

Նոր և վերակառուցվող օբյեկտները, շինություններն ու կառույցները տեղաբաշխելու, նախագծելու, կառուցելու և գործարկելու, ինչպես նաև հողերի վիճակի վրա բացասաբար ազդող նոր տեխնոլոգիաներ ներդնելու դեպքում պետք է նախատեսվեն և իրականացվեն հողապահպան միջոցառումներ:

Արգելվում է այնպիսի օբյեկտների շահագործման հանձնումը և տեխնոլոգիաների կիրառումը, որոնք ապահովված չեն հողերը փչացումից կամ խախտումից պաշտպանելու միջոցներով:

Հողերի վիճակի վրա ազդող օբյեկտների տեղաբաշխումը համաձայնեցվում է հանրապետության հողաշինարարության ծառայության, բնապահպան և այլ մարմինների հետ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող կարգով:

 

Հոդված 62.

Հողերի արդյունավետ օգտագործման ու պահպանության տնտեսական խթանումը

 

Հողերի արդյունավետ օգտագործման ու պահպանության տնտեսական խթանումը նպատակամղված է բարձրացնելու հողի սեփականատերերի և հողօգտագործողների շահագրգռվածությունը՝ հողերի բերրիությունը պահպանելու, արտադրական գործունեության բացասական հետևանքներից հողերը պաշտպանելու գործում:

Հողերի պահպանության տնտեսական խթանումը ներառում է՝

- հանրապետական կամ տեղական բյուջեներից միջոցների հատկացում ոչ հողի սեփականատիրոջ կամ հողօգտագործողի մեղքով խախտված հողերի վերականգնման համար,

- նախագծով նախատեսված աշխատանքների կատարման ժամանակահատվածում գյուղատնտեսական յուրացման կամ իրենց վիճակի բարելավման փուլում գտնվող հողամասերի համար վճարից ազատում,

- արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում,

- ոչ հողի սեփականատերերի և հողօգտագործողների մեղքով խախտված հողամասերի ժամանակավոր կոնսերվացման հետևանքով եկամտի նվազման մասնակի փոխհատուցում՝ պետական բյուջեի միջոցների հաշվին,

- գյուղացիական կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարող քաղաքացիների խրախուսում՝ հողերի որակի բարելավման, հողերի բերրիության բարձրացման և էկոլոգիապես մաքուր արտադրանքի թողարկման դեպքում:

Հողերի արդյունավետ օգտագործման և պահպանության տնտեսական խթանումների հետ կապված միջոցառումների իրականացման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 63.

Հողերի օգտագործման ու պահպանության պետական վերահսկողության խնդիրները

 

Հողերի օգտագործման ու պահպանության պետական վերահսկողության խնդիրներն են՝ ապահովել բոլոր քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարումը՝ հողերի արդյունավետ և նպատակային օգտագործման ու պահպանության նպատակով:

 

Հոդված 64.

Հողերի օգտագործման ու պահպանության պետական վերահսկողություն իրականացնող մարմինները

 

Հողերի օգտագործման ու պահպանության պետական վերահսկողությունն իրականացնում են տեղական կառավարման համապատասխան մարմինները, հանրապետության հողաշինարարության և բնապահպանական ու հուշարձանների պահպանության ծառայությունները: Հողերի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության իրականացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 65.

Հողերի վիճակի համակարգված դիտարկումը (մոնիտորինգ)

 

Հողերի մոնիտորինգը հողային ֆոնդի վիճակի դիտարկման համակարգ է՝ այդ վիճակի փոփոխությունները ժամանակին ի հայտ բերելու, դրանք գնահատելու, բացասական երևույթների հետևանքները կանխելու և վերացնելու համար:

Հողերի մոնիտորինգի իրականացման կառուցվածքը, բովանդակությունը և կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Բ Ա Ժ Ի Ն  6

 

ՊԵՏԱԿԱՆ ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐ

 

Հոդված 66.

Պետական հողային կադաստր

 

Պետական հողային կադաստրը նախատեսված է կառավարման համապատասխան մարմիններին, շահագրգիռ ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և քաղաքացիներին ապահովելու հողի մասին տեղեկություններով՝ հողի արդյունավետ օգտագործման և պահպանության կազմակերպման, հողային հարաբերությունների կարգավորման, հողաշինարարության, հողի վարձի չափերի հիմնավորման, տնտեսական գործունեության գնահատման, հողերի օգտագործման հետ կապված այլ միջոցառումների իրականացման նպատակներով:

 

Հոդված 67.

Պետական հողային կադաստրի բովանդակությունը և այն վարելու կարգը

 

Պետական հողային կադաստրը պարունակում է հողերի իրավական ռեժիմի, հողերն ըստ սեփականատերերի, հողօգտագործողների և ըստ կատեգորիաների բաշխելու, ինչպես նաև դրանց որակական բնութագրի և ժողովրդատնտեսական արժեքի մասին անհրաժեշտ տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ:

Պետական հողային կադաստրի վարումը ապահովվում է տեղեկագրական-երկրաբաշխական, հողաշինարարական, հողային, ագրոքիմիական, երկրաբուսաբանական և այլ ուսումնասիրությունների ու հետազոտությունների անցկացմամբ, հողի սեփականատերերի և հողօգտագործողների գրանցմամբ, հողերի հաշվառմամբ և գնահատմամբ:

Պետական հողային կադաստրը վարում են պետական հողաշինարարության մարմինները միասնական համակարգով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Պետական հողային կադաստրի վարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Բ Ա Ժ Ի Ն  7

 

ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 68.

Հողաշինարարության նշանակությունն ու բովանդակությունը

 

Հողաշինարարությունը պետական միջոցառումների համակարգ է, որն ուղղված է հողային օրենսդրության, հողերի օգտագործումն ու պահպանությունը կազմակերպելու վերաբերյալ տեղական կառավարման մարմինների որոշումների իրականացմանը, բարենպաստ էկոլոգիական միջավայրի ստեղծմանը և բնական տեղանքապատկերի բարելավմանը:

Հողաշինարարությունը նախատեսում է՝

1) հանրապետական և տարածքային ծրագրերի, հողային ռեսուրսների օգտագործման և պահպանության սխեմաների ու հողաշինարարական նախագծերի մշակում,

2) տեղանքում վարչատարածքային կազմակերպությունների սահմանների որոշում և ամրակցում,

3) նոր հողօգտագործումների կազմավորման և գոյություն ունեցողների կարգավորման նախագծերի կազմում՝ վերացնելով հողերի դիրքի անհարմարությունները, հողամասերի առանձնացումը և ամրակցումը տեղանքում, հողի սեփականության և հողօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի նախապատրաստում,

4) միջտնտեսային և ներտնտեսային հողաշինարարական և հողերի ռացիոնալ օգտագործման ու պահպանության հետ կապված այլ նախագծերի մշակում,

5) հողատարումից, աղտոտումից և աղակալումից հողերը պաշտպանելու գյուղատնտեսական հողատեսքերի բարելավման, խախտված հողերի վերականգնման և նոր հողերի յուրացման աշխատանքային նախագծերի կազմում,

6) առանձնահատուկ բնապահպանական, հանգստյան և արգելանոցային կարգավիճակ ունեցող տարածքների տեղաբաշխման հիմնավորում և սահմանների որոշում ու ամրակցում,

7) քաղաքային, ավանային և գյուղական բնակավայրերի սահմանագծերի ճշգրտում և ամրակցում,

8) տեղագրական-երկրաբաշխական, քարտեզագրական, հողային, ագրոքիմիական, երկրաբուսաբանական և այլ ուսումնասիրությունների ու հետազոտությունների կազմակերպում:

 

Հոդված 69.

Հողաշինարարության կազմակերպումը

 

Հողաշինարարությունը իրականացվում է պետական հողաշինարարական մարմինների կողմից՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Տարածքի կարգավորման, հողամասերի արմատական բարելավման և դրանք փլուզումներից, աղակալումներից պաշտպանելու հետ կապված հողաշինարարական նախագծերի մշակումն իրականացվում է հողի սեփականատիրոջ, հողօգտագործողի նախաձեռնությամբ և նրանց միջոցների հաշվին:

 

Բ Ա Ժ Ի Ն  8

 

ՀՈՂԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Հոդված 70.

Հողային վեճերը լուծելու իրավունք ունեցող մարմինները

 

Հողային վեճերը լուծում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, շրջանների վարչակազմերը, տեղական ինքնակառավարման մարմինները, դատարանը կամ պետական արբիտրաժը:

 Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հողային վեճերը լուծվում են տեղական կառավարման այն մարմինների կողմից, որոնց տնօրինության տակ գտնվում է հողամասը:

Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում հողային վեճերը քննվում են դատական կարգով:

Հողային հարաբերությունների հետ կապված գույքային վեճերը լուծում է դատարանը կամ պետական արբիտրաժը՝ ըստ իրավասության:

Հողամասերը հատկացնելու, հետ վերցնելու և հողի սեփականության ու հողօգտագործման իրավունքը դադարեցնելու հետ կապված հողային վեճերը լուծում է դատարանը կամ պետական արբիտրաժը:

 

Հոդված 71.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և այլ պետությունների միջև հողերի հատկացման և հողօգտագործման հետ կապված վեճերի լուծումը

 

Հողերի հատկացման և օգտագործման հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և այլ պետությունների միջև ծագած վեճերը քննության են առնվում միջնորդային քննությամբ կամ օրենքով սահմանված այլ կարգով:

 

Հոդված 72.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավաբանական անձանց ու քաղաքացիների այլ պետության տարածքում ունեցած հողի սեփականության և հողօգտագործման վերաբերյալ վեճերի լուծումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավաբանական անձանց ու քաղաքացիների այլ պետության տարածքում ունեցած հողի սեփականության և հողօգտագործման վերաբերյալ վեճերը քննվում են շահագրգիռ պետությունների ներկայացուցիչներից պարիտետային հիմունքներով կազմված հանձնաժողովների կողմից՝ համապատասխան պետության օրենսդրության և միջպետական համաձայնագրերի հիման վրա:

Եթե հանձնաժողովը չի հանգում համաձայնեցված որոշման, վեճերը լուծվում են միջնորդական քննության կարգով:

 

Հոդված 73.

Տեղական կառավարման մարմինների իրավասությունը հողային վեճերի լուծման հարցում

 

Տեղական կառավարման մարմինների իրավասությանն է վերաբերվում այն քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների հողային վեճերի լուծումը, որոնց հողերը գտնվում են համապատասխան մարմինների տնօրինության ներքո:

 

Հոդված 74.

Տեղական կառավարման մարմինների կողմից հողային վեճերի քննարկման կարգը

 

Տեղական կառավարման մարմինները հողային վեճերը քննարկում են կողմերից մեկի դիմումի հիման վրա՝ դիմումը ստացվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

Հողային վեճերի լուծման վերաբերյալ նյութերը նախապատրաստում են տեղական կառավարման մարմինները՝ հողաշինարարական մարմինների հետ համատեղ:

Հողային վեճի քննարկման առթիվ տեղական կառավարման մարմինն ընդունում է որոշում, որի մեջ կարող են նախատեսվել որոշման կատարման կարգը և միջոցառումներ հողի սեփականատիրոջ կամ հողօգտագործողի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

 

Հոդված 75.

Հողային վեճին մասնակցող կողմերի իրավունքները

 

Հողային վեճին մասնակցող կողմերն ունեն հետևյալ իրավունքները՝ ծանոթանալ հողային վեճը լուծելու վերաբերյալ նյութերին, քաղվածքներ անել դրանցից, հողային վեճը քննելիս մասնակցել տեղական կառավարման մարմնի նիստին, ներկայացնել փաստաթղթեր և այլ ապացույցներ, միջնորդություն հարուցել, տալ բանավոր և գրավոր բացատրություններ, առարկել մյուս կողմի միջնորդությունների, փաստարկումների և նկատառումների դեմ, ստանալ հողային վեճի վերաբերյալ տեղական կառավարման մարմնի որոշման պատճենը, հողային վեճի վերաբերյալ որոշման պատճենը ստանալու պահից տասն օրվա ընթացքում տեղական կառավարման մարմնի որոշումը գանգատարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը:

 

Հոդված 76.

Հողային վեճերի վերաբերյալ որոշումների կատարումը

 

Հողային վեճերի վերաբերյալ որոշումները կատարվում են հողաշինարարական մարմինների կողմից, եթե որոշումներում չի նշված կատարման մեկ այլ մարմին:

Հողային վեճի վերաբերյալ տեղական կառավարման մարմնի որոշման գանգատարկումը կասեցնում է այդ որոշման կատարումը:

 

Բ Ա Ժ Ի Ն  9

 

ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 77.

Հողային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը

 

Այն անձինք, ովքեր մեղավոր են ինքնակամ հողամասեր զբաղեցնելու, դրանք քիմիական, ռադիոակտիվ նյութերով, արտադրական թափոններով և կեղտաջրերով աղտոտելու, հողերի օգտագործման բնապահպան ռեժիմի պահանջները չկատարելու, պատմամշակութային արժեքները վնասելու, ժամանակավոր զբաղեցրած հողերը չվերադարձնելու կամ դրանք նպատակային օգտագործման համար պիտանի վիճակի բերելու պարտականությունները չկատարելու, հողօգտագործման միջնարկային սահմանանիշները ոչնչացնելու, հողերի պետական գրանցման, հաշվառման և գնահատման տվյալները խեղաթյուրելու և հողերի վիճակի վրա բացասաբար ազդող օբյեկտների տեղադրման, շինարարության, նախագծման և դրանց շահագործման, ինչպես նաև այլ կարգի խախտումների մեջ, կրում են քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ձեռնարկությունները, կազմակերպությունները, հիմնարկները և քաղաքացիները պարտավոր են հատուցել իրենց կողմից հողային օրենսդրության խախտումների հետևանքով պատճառված վնասները:

Ինքնակամ զբաղեցված հողամասերը վերադարձվում են ըստ պատկանելության՝ առանց հատուցելու այն ծախսերը, որոնք կատարվել են ապօրինի օգտագործման ժամանակամիջոցում:

Հողամասերը օգտագործման համար պիտանի վիճակի բերելը, ներառյալ շինությունները քանդելը, կատարվում է հողամասը ինքնակամ զբաղեցրած քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից կամ նրանց հաշվին:

 

Բ Ա Ժ Ի Ն  10

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

Հոդված 78.

Միջազգային պայմանագրեր

 

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան պարունակում է սույն օրենսգիրքը, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի կանոնները:

 

Բ Ա Ժ Ի Ն  11

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 79.

Անցումային դրույթներ

 

Սույն օրենսգիրքը կիրառվում է այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք կառաջանան օրենսգիրքը կիրարկելուց հետո:

Մինչև օրենսգրքի կիրարկումը առաջացած հողային իրավահարաբերությունների նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների հանդեպ, որոնք կառաջանան օրենսգիրքը կիրարկելուց հետո:

Հողամասեր տրամադրելու մասին այն որոշումները, որոնք համապատասխան մարմինների կողմից իրենց իրավասության սահմաններում ընդունվել են մինչև հողային օրենսգրքի կիրարկումը, բայց չեն կատարվել, ենթակա են կատարման օրենսգրքի պահանջներին համապատասխան:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝

ա) առաջարկություններ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրական ակտերի մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքին,

գ) ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքին հակասող նորմատիվ ակտերի վերանայումն ու վերացումը,

դ) իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի իրացմանը նպատակամղված միջոցառումների համալիր, այդ թվում՝ հողի վճարի սկզբունքների սահմանումը, հողաշինարարության հիմնական դրույթների, հողային կադաստրի և հողերի համակարգված դիտարկման վարման կարգի հաստատումը:

 

Հոդված 80.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգիրքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ           

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱԳԱՀ՝

  Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

1 մայիսի 1998թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-10