Ֆիրմային անվանումների մասին

 Ուժը կորցրել է 2003 թվականին

                                                                                              ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                                                                    Օ  Ր  Ե  Ն  Ք  Ը

                                                                                         ՖԻՐՄԱՅԻՆ  ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ   ՄԱՍԻՆ

                                                                                                                      ԳԼՈՒԽ 1

                                                                                                      ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  

Հոդված 1. Օրենքով կարգավորվող հարաբերությունները

 

Սույն օրենքով կարգավորվում են իրավաբանական  անձանց եւ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների անվանումների (այսուհետ՝ ֆիրմային անվանումներ) գրանցման, իրավական պաշտպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Սույն օրենքը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կազմակերպական իրավական բոլոր տեսակի իրավաբանական անձանց եւ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների վրա:

 

ԳԼՈՒԽ 2

ՖԻՐՄԱՅԻՆ  ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ

 

Հոդված 2. Ֆիրմային անվանումը

 

Իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո նա իրականացնում է իր գործունեությունը, եւ որը թույլ է տալիս նրան զանազանվել այլ իրավաբանական անձանցից եւ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից:

Իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ֆիրմային անվանումը պետք է բովանդակի նրա կազմակերպական իրավական տեսակը բնորոշող բառեր եւ տարբերակող նշանակության գոնե մեկ հատուկ (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում) կամ հասարակ անուն:

Ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաեւ իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության գտնվելու վայրի անվանումը, նրա գործունեությունը բնորոշող բառեր, ինչպես նաեւ այլ տվյալներ, որոնք նրա սեփականատերը (հիմնադիրը) համարում է անհրաժեշտ:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանումը պետք է բովանդակի «անհատական ձեռնարկություն» («ընտանեկան ձեռնարկություն») բառերը եւ նրա սեփականատերերից (հիմնադիրներից) յուրաքանչյուրի անունը եւ (կամ) ազգանունը, կամ սեփականատերերից (հիմնադիրներից) առնվազն մեկի անունը եւ (կամ) ազգանունը՝ ավելացնելով նրանց փոխհարաբերությունները բնորոշող բառեր:

Տնտեսական ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է բովանդակի «լիակատար (կամ վստահության վրա հիմնված) ընկերակցություն» բառերը, ընկերակցության բոլոր մասնակիցների (լիակատար ընկերների) անունները եւ (կամ) անվանումները կամ ընկերակցության մասնակիցներից (լիակատար ընկերներից) առնվազն   մեկի  անունը   (անվանումը)՝    ավելացրած «եւ գործընկերներ» կամ «եւ ընկերներ» բառերը:

 

Հոդված 3. Ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների եւ անվանումների օգտագործումը

 

Ֆիրմային անվանման մեջ պատմական կամ այլ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը կարող է օգտագործվել միայն այդ անձի կամ նրա ժառանգների համաձայնությամբ:

Եթե պատմական կամ այլ հանրահայտ անձը կամ նրա անվան օգտագործման համաձայնություն տվող ժառանգը գտնում է, որ իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության գործունեությունը ստվերում է այդ անձի հեղինակությունը (վարկը), ապա նա կարող է դիմել դատարան՝ այդ անունը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու իրավունքից իրավաբանական անձին կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությանը զրկելու եւ (կամ) պատճառած վնասները փոխհատուցելու հայցով:

«Լեռնային Ղարաբաղ», «Ղարաբաղ», «Արցախ», «հայ», «հայկական»  «Հանրապետություն», «հանրապետական»  բառերը   եւ դրանց թարգմանությունները,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, ինչպես նաեւ պատմական կամ այլ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը՝ տվյալ անձի մահվան եւ ժառանգներ     չունենալու   դեպքում    ֆիրմային      անվանումների   մեջ  կարող են օգտագործվել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

                                      

ԳԼՈՒԽ 3

ՖԻՐՄԱՅԻՆ  ԱՆՎԱՆՄԱՆ  ԳՐԱՆՑՈՒՄԸ  ԵՎ  ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 4. Ֆիրմային անվանման գրանցումը

 

Մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում (այսուհետ՝ պետական ռեգիստր) իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության պետական գրանցումը, նրա ֆիրմային անվանումը պետք է գրանցվի արդյունաբերական սեփականության հարցերով պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ պետական լիազորված մարմին) կողմից՝ իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության հիմնադրի (հիմնադիրների) (այսուհետ՝ հայտատու) ներկայացրած հայտի հիման վրա:

Հայտը կարող է ներկայացվել նաեւ հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով:

Հայտը պետք է պարունակի՝

ա) դիմում ֆիրմային անվանման գրանցման մասին, որի մեջ նշվում են գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձեւը, եթե այդպիսիք կան, իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության հայտատուի հասցեն, գործունեության նպատակը եւ բնագավառը.

բ) գրանցման ներկայացված ֆիրմային անվանման մեկնաբանությունը (բացատրությունը), եթե այն հայերեն հասկանալի չէ:

Հայտին կցվում են՝

ա) համաձայնությունը (թույլտվությունը)՝ սույն օրենքի 3 հոդվածով նախատեսված դեպքերում.

բ) լիազորագիրը, եթե հայտը ներկայացվում է հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով.

գ) սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը:

Հայտը ներկայացվում է հայերեն:

Դիմումի ձեւը եւ լրացման կարգը սահմանում է պետական լիազորված մարմինը:

 

Հոդված 5. Հայտի քննարկումը

 

Պետական լիազորված մարմինը հայտի ստացման օրվանից 15-օրյա ժամկետում անցկացնում է փորձաքննություն եւ որոշում է ֆիրմային անվանման համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին:

Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ ներկայացված ֆիրմային անվանումը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, ապա որոշում է կայացվում ֆիրմային անվանման գրանցումը մերժելու վերաբերյալ, ինչի մասին, մերժման հիմնավորմամբ, եռօրյա ժամկետում ծանուցվում է հայտատուն:

Փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի գանգատ ներկայացնել պետական լիազորված մարմնի գանգատարկման խորհուրդ:

Գանգատը քննարկվում է պետական լիազորված մարմնի կողմից հաստատված կարգով:

Գանգատարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի դիմել դատարան:

Եթե ֆիրմային անվանումը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին, պետական լիազորված մարմինը որոշում է կայացնում այն գրանցելու մասին եւ եռօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին: Ֆիրմային անվանումը գրանցելու մասին որոշումն ընդունելուց հետո պետական լիազորված մարմինը ֆիրմային  անվանումը  գրանցում է ֆիրմային անվանումների գրանցման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մատյանում (այսուհետ՝ պետական գրանցամատյան):

Ֆիրմային անվանման գրանցման տարին, ամսաթիվը (այսուհետ՝ թվական) սահմանվում է հայտը պետական լիազորված մարմին ներկայացնելու թվականով:

Ֆիրմային անվանումը գրանցվում է հայերեն:

Պետական գրանցամատյանում գրանցվում է՝ ֆիրմային անվանումը, գրանցման համարը եւ թվականը, հայտի համարը, հայտատուի հասցեն, գործունեության նպատակը եւ ոլորտը:

Մինչեւ պետական ռեգիստրում իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության պետական գրանցումը, բայց ոչ ավելի, քան 6 ամիս, պետական գրանցամատյանում գրանցված ֆիրմային անվանումը ստանում է ժամանակավոր պաշտպանություն:

 

Հոդված 6. Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու հիմքերը

 

Որպես ֆիրմային անվանում գրանցման ենթակա չեն այն անվանումները, որոնք՝

ա) համընկնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ավելի վաղ գրանցված իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների ֆիրմային անվանումներին.

բ) հակասում են հասարակական շահերին, մարդասիրության եւ բարոյականության սկզբունքներին.

գ) բնորոշում են ապրանքների եւ ծառայությունների որակը, հատկությունները, քանակը, գինը, դրանց         արտադրության եղանակը եւ ժամանակը.

դ) բովանդակում են պատմական կամ որեւէ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը եւ ներկայացվել են առանց այդ անվան օգտագործման համապատասխան թույլտվության.

ե) համընկնում կամ նման են  պետությունների, միջազգային եւ միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների անվանումներին.

զ) ֆիրմային անվանմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ճանաչված եւ հասարակությանը հայտնի օտարերկրյա իրավաբանական անձանց անվանմանը համընկնելու կամ նմանության պատճառով մոլորության մեջ են գցում հասարակությանը:

 

Հոդված 7. Ֆիրմային անվանման հաշվառումը

 

Ֆիրմային անվանման հաշվառումն իրականացնում է պետական լիազորված մարմինը պետական ռեգիստրի տրամադրած տեղեկությունների հիման վրա:

Պետական ռեգիստրը յուրաքանչյուր ամիս տեղեկություններ է տրամադրում պետական լիազորված մարմնին նախորդ ամսում իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սկզբնական եւ ընթացիկ պետական գրանցման, ինչպես նաեւ նրանց լուծարման (գործունեության դադարեցման) վերաբերյալ:

Տրամադրվող տեղեկությունները պետք է պարունակեն իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ֆիրմային անվանումը, պետական գրանցման համարը եւ թվականը, հասցեն, գործունեության ոլորտը, իսկ լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում՝ դրա պետական գրանցման թվականը:

Ստացված տեղեկությունների հիման վրա պետական լիազորված մարմինը՝

ա) որոշում է կայացնում ժամանակավոր պաշտպանություն ստացած ֆիրմային անվանման վկայական տալու կամ դրա գրանցումը չեղյալ համարելու մասին.

բ) համապատասխան գրառումներ է կատարում պետական գրանցամատյանում:

 

Հոդված 8. Ֆիրմային անվանման գրանցման վկայականը

 

Ֆիրմային անվանման վկայական տալու մասին որոշում կայացնելուց հետո պետական լիազորված մարմինը մեկ ամսվա ընթացքում հայտատուին հանձնում է ֆիրմային անվանման գրանցման վկայական:

Ֆիրմային անվանման գրանցման վկայականը հաստատում է ֆիրմային անվանման պետական գրանցման փաստը, ինչպես նաեւ իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության՝ դրա օգտագործման բացառիկ իրավունքը:

Ֆիրմային անվանման գրանցման վկայականի ձեւը եւ դրանում նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է պետական լիազորված մարմինը:

Ֆիրմային անվանման գրանցումը գործում է անժամկետ:

 

Հոդված 9. Ֆիրմային անվանումների գրանցման մասին տեղեկությունների հրապարակումը

 

Ֆիրմային անվանումների գրանցման, ինչպես նաեւ պետական գրանցամատյանում սույն օրենքին համապատասխան կատարված բոլոր փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են պետական լիազորված մարմնի պաշտոնական տեղեկագրում:

Ֆիրմային անվանման պետական գրանցման մասին հրապարակվող տեղեկությունների լրիվ ցանկը սահմանում է պետական լիազորված մարմինը:

 

ԳԼՈՒԽ 4

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 10. Ֆիրմային անվանման օգտագործումը

 

Ֆիրմային անվանման օգտագործում է համարվում այդ անվանումով գործարքներ կատարելը, արտադրանքը տնտեսական շրջանառության մեջ մտցնելը, ապրանքներ եւ ծառայություններ գովազդելը, ֆինանսական գործառնություններ կատարելը, դատարանում կամ պետական արբիտրաժում հայց ներկայացնելը,  ինչպես  նաեւ  ցուցանակներում,  կնիքներում,   դրոշմակնիքներում, ձեւաթղթերում, ազդագրերում եւ այլ փաստաթղթերում այն կիրառելը:

Իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության առանձնացված ստորաբաժանումներն օգտագործում են իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ֆիրմային    անվանումը՝    ավելացնելով    ստորաբաժանման գործունեության բնույթը բնորոշող բառեր կամ գտնվելու վայրի անվանումը:

Ֆիրմային անվանումն օգտագործվում է միայն այնպես, ինչպես այն գրանցված է պետական  գրանցամատյանում:

Ֆիրմային անվանման հետ կարող են օգտագործվել նաեւ դրա օտարալեզու թարգմանությունները:Այդ դեպքում ֆիրմային անվանման մեջ պարունակվող տարբերակող նշանակության անունը չի թարգմանվում:

 

Հոդված 11. Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը

 

Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքն ուժի մեջ է մտնում պետական ռեգիստրի կողմից իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության պետական գրանցման օրվանից եւ գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նրանց գործունեության ողջ ընթացքում, եթե ֆիրմային անվանումը չի հակասում սույն օրենքով սահմանված ֆիրմային անվանումների գրանցման պայմաններին:

Իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը բացառիկ իրավունք ունի օգտագործել իր ֆիրմային անվանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այլ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ   չունեցող   ձեռնարկությունների եւ ֆիզիկական անձանց կողմից այն ապօրինի օգտագործելու, այդ թվում՝ տվյալ ֆիրմային անվանմամբ նրանց կողմից իրավունքներ եւ պարտականություններ ձեռք բերելու դեպքում, իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունն իր իրավունքները կարող է պաշտպանել դատարանում կամ պետական արբիտրաժում:

 Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքի խախտում է համարվում պաշտպանվող ֆիրմային անվանմանը նույնական կամ շփոթելու աստիճանի նման անվանման օգտագործումն այլ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների եւ ֆիզիկական անձանց կողմից՝ գործունեության նույն ոլորտում:

 Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը կարող է փոխանցվել միայն տվյալ իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության հետ մեկտեղ:

 

Հոդված 12. Ֆիրմային անվանման գրանցման գործողության դադարեցումը

 

Ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցվում է, եւ իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը զրկվում է ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքից, եթե՝

ա) օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ նրան արգելվել է օգտագործել տվյալ ֆիրմային անվանումը.

բ) օրենքով սահմանված դեպքերում դատարանն անվավեր է ճանաչել ֆիրմային անվանման գրանցումը.

գ) իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը   հրաժարվել է ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքից.

դ) իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը լուծարվել է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանները ծանուցում են պետական լիազորված մարմնին ֆիրմային անվանումների վերաբերյալ որոշումների մասին:

Պետական լիազորված մարմինը ֆիրմային անվանումների վերաբերյալ դատարանների որոշումների հիման վրա համապատասխան փոփոխություններ է կատարում պետական գրանցամատյանում:

Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքից զրկվելու դեպքում այն կարող է տրվել այլ իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ոչ շուտ, քան երեք տարի հետո£

 

 

 

 

 

ԳԼՈՒԽ 5

ԵԶՐԱՓԱԿԻՉ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 13. Տուրքեր

 

Ֆիրմային անվանման գրանցման եւ իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների համար գանձվում են տուրքեր, որոնց տեսակները, չափերը եւ վճարման կարգը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 14. Ֆիրմային անվանումների հետ կապված վեճերի լուծումը

 

Ֆիրմային անվանումների գրանցման եւ օգտագործման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

 

Հոդված 15. Պատասխանատվությունը ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը խախտելու համար:

 

Ֆիրմային անվանման ապօրինի օգտագործման հետեւանքով այդ անվանմամբ իրավաբանական անձին կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությանը պատճառված վնասները պետք է փոխհատուցվեն խախտողի կողմից: Վնաս կրած իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության հեղինակությունը (վարկը) վերականգնելու նպատակով պետական լիազորված մարմինը տեղեկություն է հրապարակում դատական մարմնի համապատասխան որոշման մասին:

Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը խախտելու դեպքում, խախտողի կողմից պատրաստված ֆիրմային անվանմամբ ցուցանակները, կնիքները, դրոշմակնիքները, ձեւաթղթերը, ազդագրերը եւ այլ տպագրական հրատարակությունները ենթակա են ոչնչացման:

 

Հոդված 16. Միջազգային պայմանագրերը

 

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

Հոդված 17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին

 

1. «Ձեռնարկությունների եւ ձեռնարկատիրական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 42 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 42. Ձեռնարկության ֆիրմային անվանումը

 

Ձեռնարկությունն ունի ֆիրմային անվանում, որի գրանցումը, օգտագործումը եւ իրավական պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով»:

 

2. «Անհատական (ընտանեկան) ձեռնարկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 7. Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանումը

 

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո վերջինս իրականացնում է իր գործունեությունը, եւ որը թույլ է տալիս նրան զանազանվել այլ իրավաբանական անձանցից կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից£

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանումը պետք է բովանդակի «անհատական (ընտանեկան) ձեռնարկություն» բառերը եւ նրա սեփականատերերից (հիմնադիրներից) յուրաքանչյուրի անունը եւ (կամ) ազգանունը, կամ սեփականատերերից (հիմնադիրներից) առնվազն մեկի անունը եւ (կամ) ազգանունը՝ ավելացնելով նրանց փոխհարաբերությունները բնորոշող բառեր:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաեւ անհատական (ընտանեկան) ձեռնարկության գործունեությունը բնորոշող բառեր, նրա գտնվելու վայրի անվանումը, ինչպես նաեւ այլ տվյալներ, որոնք նրա սեփականատերը (հիմնադիրը) համարում է անհրաժեշտ:

Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանման գրանցումը եւ իրավական պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով»:

 

3. «Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 7. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների ֆիրմային անվանումը

 

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո վերջինս իրականացնում է իր գործունեությունը, եւ որը թույլ է տալիս նրան զանազանվել այլ իրավաբանական անձանցից կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների ֆիրմային անվանումը պետք է բովանդակի նրա կազմակերպական¬իրավական տեսակը բնորոշող բառեր եւ տարբերակող նշանակության գոնե մեկ հատուկ (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում) կամ հասարակ անուն:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաեւ նրա գործունեությունը բնորոշող բառեր, նրա գտնվելու վայրի անվանումը, ինչպես նաեւ այլ տվյալներ, որոնք նրա սեփականատերը (հիմնադիրը) համարում է անհրաժեշտ:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների ֆիրմային անվանման գրանցումը եւ իրավական պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով»:

 

4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո վերջինս իրականացնում է իր գործունեությունը, եւ որը թույլ է տալիս նրան զանազանվել այլ իրավաբանական անձանցից կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից:

Բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանումը պետք է բովանդակի «բաժնետիրական ընկերություն» բառերը եւ դրա ձեւը բնորոշող «փակ» կամ «բաց» բառը, ինչպես նաեւ տարբերակող նշանակության գոնե մեկ հատուկ կամ հասարակ անուն:

Բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաեւ ընկերության գործունեությունը բնորոշող բառեր, նրա գտնվելու վայրի անվանումը, ինչպես նաեւ այլ տվյալներ, որոնք ընկերության հիմնադիրը համարում է անհրաժեշտ:

Բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանման գրանցումը եւ իրավական պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով»:

 

Հոդված 18. Անցումային դրույթներ

 

Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների ֆիրմային անվանումները պարտադիր գրանցվում են սույն օրենքով սահմանված կարգով:

 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի  մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով մասնավորեցվող ձեռնարկությունների համար ֆիրմային անվանման հայտերը քննարկվում են հնգօրյա ժամկետում:

 

Հոդված 19. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                    Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

15  նոյեմբերի 1999 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ- 74