Ուժը կորցրել է 2010 թվականին
Ընդունված է 2005 թվականի
հոկտեմբերի 19-ին
ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ
ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հաստատագրված վճարը
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծվող բենզինի և դիզելային վառելիքի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք անմիջական ներմուծողների կողմից իրացվող բենզինի և դիզելային վառելիքի համար շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարները, դրանց հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվությունը:
Սույն օրենքը չի կարգավորում «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` հարկվող օբյեկտ հանդիսացող գործունեության տեսակների համար հաստատագրված վճարների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Հաստատագրված վճար վճարողները
Սույն օրենքի իմաստով հաստատագրված վճար վճարողներ (այսուհետ` վճարողներ) են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով և (կամ) Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք անմիջական բենզին և դիզելային վառելիք ներմուծող իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և անհատ ձեռնարկատերերը:
Հոդված 3. Հարկային արտոնությունների կասեցումը
Վճարողների համար սույն օրենքով նախատեսված գործունեության մասով կասեցվում են ավելացված արժեքի հարկի և շահութահարկի (եկամտահարկի) գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաև հաշվի չեն առնվում այդ հարկատեսակների գծով նվազեցումները և հարկ վճարող համարվելու համար հիմք ընդունվող սահմանները:
Հոդված 4. Հաստատագրված վճարի չափը
1. Վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և մաքսային արժեքից անկախ` ավելացված արժեքի հարկին և ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարի չափը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ներմուծվող բենզինի և դիզելային վառելիքի յուրաքանչյուր մեկ տոննայի համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. Վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից անկախ` շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի ամսական չափը սահմանվում է`
- բենզինի համար` տվյալ ամսվա բենզինի իրացումից ստացվող հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս իրացված յուրաքանչյուր մեկ տոննայի հաշվով 2500 դրամ,
- դիզելային վառելիքի համար` տվյալ ամսվա դիզելային վառելիքի իրացումից ստացվող հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս իրացված յուրաքանչյուր մեկ տոննայի հաշվով 1500 դրամ:
Հոդված 5. Հաստատագրված վճարի վճարումը
1. Ավելացված արժեքի հարկին և ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում, որը գանձվում է Հայաստանի Հանրապետությունում:
2. Շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարը վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, որը գանձվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Հոդված 6. Հաշվառումը և հարկերի վճարումը
1. Սույն օրենքին համապատասխան վճարողները`
ա) բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման և իրացման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում.
բ) գործունեության այլ տեսակների համար օրենքով նախատեսված հարկերը, տուրքերը, այլ պարտադիր վճարները վճարում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) բենզինի և դիզելային վառելիքի իրացման մասով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին յուրաքանչյուր ամսվա համար ներկայացնում են շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի հաշվարկ` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ: Հաշվարկի ձևը և լրացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը.
դ) սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով ազատվում են «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող մասհանումների (հատկացումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պարտավորությունների կատարումից:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված բենզինի և դիզելային վառելիքի իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:
3. Արտադրական և այլ առևտրային նպատակներով բենզին կամ դիզելային վառելիք ձեռք բերելու (բացառությամբ` իրացման համար) դեպքում` ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից օրենքով սահմանված կարգով կարող են հաշվանցել մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված գումարի (բենզինի կամ դիզելային վառելիքի ձեռքբերման արժեքի) 16.67 տոկոսը:
4. Արտադրական և այլ առևտրային նպատակներով բենզին կամ դիզելային վառելիք ձեռք բերողների պահանջով վճարողները դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր: Առանց բենզին կամ դիզելային վառելիք մատակարարելու` հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու դեպքերում հաշվարկային փաստաթղթերը հավասարեցվում են հարկային հաշիվներին, և դրանք դուրս գրելու կամ հաշվանցումներ կատարելու համար կիրառվում են առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու կամ հաշվանցումներ կատարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության նորմերը:
Հոդված 7. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը սահմանված կարգով ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը, իսկ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման մասով` կիրարկվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից ընդունված բենզինի և դիզելային վառելիքի ներմուծմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերը:
Հոդված 8. Գանձման նկատմամբ հսկողությունը
Սույն օրենքով սահմանված` բենզինի և դիզելային վառելիքի Հայաստանի Հանրապետու-թյան մաքսային սահմանով ներմուծման մասով հաստատագրված վճարների գանձման (վճարման) նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն, իսկ Հայաստանի Հանրապետությունից բենզինի և դիզելային վառելիքի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներկրման և իրացման մասով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:
Հոդված 9. Պատասխանատվությունն օրենքի խախտման համար
1. Բենզինի և դիզելային վառելիքի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներկրման և իրացման մասով սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Վճարողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջե վճարման ենթակա հաստատագրված վճարի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հաստատագրված վճարի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով:
Թաքցված կամ պակաս ցույց տրված հաստատագրված վճարի գումարը, ինչպես նաև տուգանքն ու տույժերը ենթակա են վճարման բյուջե` հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո` 10-օրյա ժամկետում:
Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
3 դեկտեմբերի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-232