ՀՀ 2003թ. քրեական օրենսգիրքը ԼՂՀ-ում կիրարկման մեջ դնելու մասին

Ուժը կորցրել է 2013 թվականին

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ  Ր  Ե  Ն  Ք Ը

          Ընդունված է 2003 թվականի

          հունիսի 18-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՐԿՄԱՆ

ՄԵՋ ԴՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

         Հոդված 1. 2003 թվականի օգոստոսի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում կիրարկման մեջ դնել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն օրենքով սահմանված են կիրարկման մեջ դնելու այլ ժամկետներ և կարգ, այն վերանվանելով  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  քրեական օրենսգիրք» (այսուհետ` օրենսգիրք):

 

         Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրարկման մեջ դրված 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի գործողությունը դադարեցնել` օրենսգրքի կիրարկման պահից:

         Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող այլ օրենքներն ու նորմատիվ իրավական ակտերը ենթակա են համապատասխանեցման օրենսգրքին:

 

         Հոդված 3.  2003 թվականի օգոստոսի 1-ից հիմնական կամ լրացուցիչ պատժից ազատել 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն այն արարքների համար դատապարտված անձանց, որոնք, օրենսգրքի համաձայն, հանցագործություններ չեն համարվում:

         1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին համապատասխան դատապարտված և պատիժ չկրած անձանց նկատմամբ կիրառվող պատժի չափերը համապատասխանեցնել օրենսգրքին այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն չափից:

         Եթե օրենսգիրքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած, այդ թվում` պատիժ կրող կամ պատիժ կրած, սակայն դատվածություն ունեցող անձանց վիճակը, դատարանների դատավճիռները և քրեաիրավական  ներգործության այլ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատական ակտերը ենթակա են վերանայման` դատավճիռը կայացրած դատարանի կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի դատարանի կողմից:

         Մահապատժի վերացման վերաբերյալ  օրենսգրքի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն, տեռորիստական ակտ, մանկահասակ աղջկա բռնաբարություն:

         Պատժից ազատելը, պատիժը մեղմացնելը, հանցանք կատարած անձանց վիճակը բարելավելը, սույն հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով նախատեսված դեպքերում իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ և 438-րդ հոդվածներով նախատեսված կարգով:

         Դատվածություն չունեցող համարել սույն հոդվածի առաջին և երրորդ մասերին համա-պատասխան պատժից  ազատվող անձանց, ինչպես նաև նախկինում պատիժ կրած կամ պայմանական վաղաժամկետ ազատված անձանց, եթե նրանք դատապարտված են եղել այնպիսի արարքների համար, որոնք, օրենսգրքի համաձայն, հանցագործություն չեն համարվում:

         2003 թվականի օգօստոսի 1-ից կարճել դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և դադարեցնել քրեական հետապնդումն այն արարքների վերաբերյալ, որոնք, օրենսգրքի համաձայն, հանցագործություն չեն համարվում, ինչպես նաև այն քրեական գործերը, որոնցով քրեական պատասխանատվության ենթարկելու օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները լրացել են:

         1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելվածը` դատապարտյալի և նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ  այն առարկաների ցուցակը, որոնք չեն կարող բռնագրավվել դատարանի դատավճռով, կիրառվում են մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ նախատեսված նոր ցանկի հաստատումը` օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան:

        

Հոդված 4. Կալանքի ձևով պատիժների վերաբերյալ օրենսգրքի դրույթները կիրարկման մեջ են դրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  քրեակատարողական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:

 

         Հոդված 5. 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով` պաշտոնանկության /21-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետ/, պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելու /21-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետ/, հասարակական պարսավանքի /21-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետ/ ձևով պատիժների դատապարտված անձինք ազատվում են պատիժը կրելուց` դատավճիռը կայացրած դատարանի կողմից` դատվածությունը հանելով:

 

Հոդված 6. Մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածով մահապատժի դատապարտված անձանց նկատմամբ նշանակված պատիժը դատավճիռը կայացրած դատարանի կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի դատարանի կողմից փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:       

    

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                      Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

7 հուլիսի 2003 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ - 54