Լեզվի մասին

Ուժը կորցրել է 2013 թվականին

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ  Ր  Ե  Ն  Ք  Ը

ԼԵԶՎԻ   ՄԱՍԻՆ

Սույն օրենքով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լեզվական  քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության եւ կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների լեզվահարաբերությունները:

 

  Հոդված 1.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լեզվական  քաղաքականությունը                           

 

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:

 Լեռնային   Ղարաբաղի    Հանրապետությունը    նպաստում   է   հայերենի ուղղագրության միասնականացմանը:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպաստում է Արցախի բարբառի օգտագործմանը, խրախուսում նրա գիտական ուսումնասիրումը եւ տվյալ բարբառով  ազգագրական ժողովածուների հրատարակումը:

         Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը, նպաստում ռուսաց լեզվի զարգացմանը, որպես  ազգամիջյան հաղորդակցման լեզու:

 

Հոդված 2.   Կրթության լեզուն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  տարածքում  գտնվող  կրթական  եւ  ուսումնական  համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  ազգային  փոքրամասնությունների  համայնքներում հանրակրթական ուսուցումը եւ դաստիարակությունը կարող են կազմակերպվել նրանց մայրենի լեզվով` պետական ծրագրով եւ հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական  ուսումնական հաստատություն բացառության կարգով կարող է հիմնել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի համաձայնությամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  բոլոր միջնակարգ-մասնագիտական,    մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են: Հայրենադարձների, փախստականների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննությունները եւ ուսուցումն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 3.    Քաղաքացիների լեզվական պարտականությունները

Պաշտոնատար   անձինք    եւ    սպասարկման   առանձին   ոլորտներում աշխատող Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին:

Պաշտոնական խոսքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները ապահովում են լեզվի անաղարտությունը:

 

Հոդված 4.    Հաստատությունների լեզվական իրավունքներն ու պարտականությունները                           

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են`

        ա/ գործավարությունը կատարել հայերեն.

        բ/ ցուցանակները,   ձեւաթղթերը,   դրոշմանիշները,  նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները ձեւավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող  արտասահմանյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձեւաթղթերը, կնիքները պարտադիր ձեւավորում են հայերեն` իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ:

 

Հոդված 5.   Պետական լեզվաքաղաքականության իրականացումը

         Պետական   լեզվաքաղաքականությունն   իրականացնում  են   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության եւ կառավարման մարմինները` Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ապահովում է հայերեն լեզվով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաեւ հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական, տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:

         Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանվում  է  պատասխանատվություն  սույն օրենքի պահանջները խախտելու համար:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                       Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

 

 

20  մարտի  1996 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-2