Տուգանքի դատապարտված անձանց պատժի կատարման մասին

ՈՒԺԸ  ԿՈՐՑՐԵԼ  Է  2007Թ.

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված  է  2007 թվականի

ապրիլի 25-ին

 

ՏՈՒԳԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԺԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տուգանքի, որպես ազատությունից զրկելու հետ չկապված պատժի (այսուհետ` տուգանք) կատարման հիմքը, կարգն ու պայմանները, ինչպես նաև դրանց հետ առնչվող այլ հարաբերություններ:

 

Հոդված 2. Հիմնական սկզբունքները

 

     Տուգանքի կատարումն իրականացվում է մարդասիրության, օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու սկզբունքների պահպանմամբ:

 

Հոդված 3. Տուգանքի կատարման իրավական հիմքերը

 

      Տուգանքի կատարումն իրականացվում է սույն օրենքին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  քրեական օրենսգրքին և այլ իրավական ակտերին համապատասխան:

 

Հոդված 4. Տուգանքի կատարման հիմքը

 

Տուգանքի կատարման հիմք է հանդիսանում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը:

 

Հոդված 5. Տուգանքի կատարումն ապահովող մարմինը

 

         Տուգանքի կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված անձի (այսուհետ` դատապարտ-յալ) բնակության վայրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական բաժնի տվյալ տարածքային մարմինը կամ համապատասխան պաշտոնատար անձը (այսուհետ` քրեակատարողական բաժին):

 

 

ԳԼՈՒԽ 2

ՏՈՒԳԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված 6. Տուգանքի կատարումը

 

Դատապարտյալը պարտավոր է դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ և ամբողջությամբ վճարել դատավճռով որպես տուգանք նշանակված գումարը` վճարման անդորրագիրը ներկայացնելով պատիժը կատարող մարմին:

 

Հոդված 7. Տուգանքը վճարելու անհնարինությունը և դրա հետևանքները

 

1. Դատարանը դատապարտյալի միջնորդությամբ, հաշվի առնելով դատապարտյալի կողմից տուգանքն անհապաղ կամ ամբողջությամբ վճարելու անհնարինության հանգամանքը, նրա համար վճարման ժամկետ է սահմանում` առավելագույնը  մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում:

Նշված արտոնությունն ուժը կորցնում է, եթե դատապարտյալը նշանակված գումարի մասը կամ մասերը ժամանակին չի մուծում, և պատժի չկրած մասը փոխարինվում է հանրային աշխատանքներով` սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով:

  2. Տուգանքի վճարումը  հետաձգելու կամ տարաժամկետելու միջնորդությամբ դատարան դիմելիս դատապարտյալը պետք է հիմնավորի տուգանքը վճարելու անհնարինության հանգամանքը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում իր գույքային դրությունը պարզելու նպատակով տա համապատասխան պարզաբանումներ:

 

Հոդված 8. Տուգանքը չվճարելը և դրա հետևանքները

 

1. Տուգանքը չվճարելու դեպքում այն փոխարինվում է հանրային աշխատանքներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով:

 2. Դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու նպատակով  քրեակատարողական բաժինը միջնորդություն է ներկայացնում դատարան:

 3.  Եթե տուգանքը վճարված է մասնակիորեն, ապա հանրային աշխատանքների ժամկետը որոշվում է` հաշվի առնելով, թե տուգանքի որ մասն է վճարված:

 

ԳԼՈՒԽ 3

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

Հոդված 9. Հանրային աշխատանքներ կատարելը

1. Հանրային աշխատանքների կատարումը դատական ակտի հիման վրա ապահովում է` քրեակա-տարողական բաժինը իր որոշած վայրերում:

2.  Հանրային աշխատանքների դատապարտված անձը պարտավոր է քրեակատարողական բաժին ներկայանալ դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` յոթ օրվա ընթացքում:

Դատապարտյալը հանրային աշխատանքների ներգրավվում է, և նշանակված պատիժը կատարվում է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում: Հանրային աշխատանք-ների կատարման ընթացքում պատժի կատարումը կարող է մինչև մեկ տարի ժամկետով ընդհատվել ոչ ավելի, քան մեկ անգամ:

Հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները սահմանում է Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարությունը:

3. Դատապարտյալի հաշվառումը, պատիժը կրելու կարգն ու պայմանները պահպանելու նկատմամբ հսկողությունն իրականացնում է, ինչպես նաև պատիժը կրելու կարգը և պայմանները նրան բացատրում է քրեակատարողական բաժինը:

 

Հոդված 10. Հանրային աշխատանքներ կատարելու կարգը

 

1. Դատապարտյալը պարտավոր է դատավճռով սահմանված ողջ ժամանակահատվածի ընթացքում պահպանել այն մարմինների կամ կազմակերպությունների ներքին աշխատանքային կանոնները, որտեղ նա կատարում է հանրային աշխատանքները, բարեխիղճ վերաբերմունք դրսևորել աշխատանքին, աշխատել իր համար որոշված վայրերում, ինչպես նաև բնակության վայրը փոխելու դեպքում այդ մասին տեղյակ պահել քրեակատարողական բաժնին :

2. Աշխատանքի հիմնական վայրում դատապարտյալին հերթական ամենամյա արձակուրդ տրամադրելը չի կասեցնում հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումը:

3. Դատապարտյալի կենսաթոշակային տարիքը լրանալու կամ նրան առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչելու, պատիժը կրելուն խոչընդոտող այլ ծանր հիվանդությամբ հիվանդանալու, ինչպես նաև հղիության դեպքում քրեակատարողական բաժինը միջնորդություն է ներկայացնում դատարան` պատժից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու նպատակով:

4. Հանրային աշխատանքները կատարելիս ստացած վնասվածքների դիմաց փոխհատուցումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Դատապարտյալի` պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու դեպքում հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումը զինվորական կամ այլընտրանքային ծառայության ժամկետով կասեցվում է:

 

ԳԼՈՒԽ 4

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 11. Վերահսկողությունը հանրային աշխատանքների կատարման նկատմամբ

 

1.Դատապարտյալի համար որոշված աշխատանքների կատարումը վերահսկելու նպատակով քրեակատարողական բաժինը  վարում է հանրային աշխատանքների հաշվառման քարտ, որը լրացնում, ստորագրում և կնքում է տվյալ աշխատանքները կազմակերպող մարմնի կամ կազմակերպության վարչակազմը:

2. Դատապարտյալը պարտավոր է քրեակատարողական բաժնին տեղեկացնել հանրային աշխա-տանքները կատարելու մասին:

Հանրային աշխատանքները կատարելու, դրանք ոչ պատշաճ կատարելու կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելուց խուսափելու մասին քրեակատարողական բաժնին  կարող է տեղեկացնել նաև աշխատանքները կազմակերպող մարմնի կամ կազմակերպության վարչակազմը:

3. Հանրային աշխատանքների հաշվառման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 12. Դատապարտյալի պատասխանատվությունը

 

      1. Պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում քրեակատարողական բաժինը դատապարտյալին նախազգուշացնում է օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

2. Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափող դատապարտյալի վերաբեր-յալ քրեակատարողական բաժինը միջնորդություն է ներկայացնում դատարան` հանրային աշխատանք-ների չկրած մասը կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված ժամկետների  սահմաններում:

3. Հանրային աշխատանքների ձևով պատիժը կրելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով`

1) մեկ ամսվա ընթացքում կատարել է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտով   նախատեսված աշխատանքների իննսուն տոկոսից պակաս հանրային աշխատանքներ`առանց հարգելի պատճառի.

2) հանրային աշխատանքների կատարման ժամանակ մեկ ամսվա ընթացքում երկուսից ավելի անգամ կոպտորեն խախտել է աշխատանքային կարգապահության կանոնները.

3) ծանուցվելու դեպքում երկու և ավելի անգամ անընդմեջ կամ օրենքով նախատեսված դեպքում չի ներկայացել քրեակատարողական բաժին:

 

ԳԼՈՒԽ 5

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ̀՝                                                                                              Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ