Աշխատանքի վարձատրության մասին

                    Ուժը կորցրել է 2003թ.                  

                                                                                                                                                                                                                                     Ընդունված է 2003 թվականի 

                                                                                                                                                                                                                                                        փետրվարի 26-ին

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ   1

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը

1. Սույն օրենքը կարգավորում է գործատուների և սույն օրենքով սահմանված կատե-գորիաների աշխատողների միջև աշխատանքի վարձատրության (այսուհետ` նաև աշխատա-վարձ) հետ կապված հարաբերությունները և սահմանում է աշխատանքի վարձատրության կարգը:

Աշխատանքի վարձատրությունը գործատուների կողմից աշխատողներին նրանց կատա-րած աշխատանքի դիմաց դրամական կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդ-րությամբ սահմանված այլ ձևերով կատարվող վճարումն է:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տությունում գործող կազմակերպությունների (անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից) և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մար-մինների (այսուհետ` կազմակերպություններ) աշխատողների աշխատանքի վարձատրության հարաբերությունների վրա:

 

Հոդված 2. Աշխատանքի վարձատրության մասին օրենսդրությունը

 

            1. Աշխատանքի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Աշխատանքային և Քաղաքացիական օրենսգրքերով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

            2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահ-մանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են  միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված  3. Աշխատանքի վարձատրության համակարգը

 1. Աշխատանքի վարձատրության համակարգն աշխատանքի վարձատրության սկըզ-բունքները, չափը, պայմանները, կարգը, ինչպես նաև պետական երաշխիքները սահմանող իրավական նորմերի ամբողջությունն է:

2. Աշխատանքի վարձատրության համակարգի տարրերն են`

            ա) աշխատանքի վարձատրության իրավական հիմքերը.

            բ) աշխատանքի վարձատրության նվազագույն չափը.

գ) աշխատանքի վարձատրության կարգը.

դ) աշխատանքի վարձատրության պետական երաշխիքները.

ե) աշխատողներին ներկայացվող տարիֆաորակավորման (սակագնաորակավորման)  պահանջները.

զ) նվազագույն աշխատավարձի նկատմամբ գոտիականության գործակիցները:

 

Հոդված 4. Աշխատողների կատեգորիաները և գործատուները

           

            1. Սույն օրենքի իմաստով աշխատողները բաժանվում են հետևյալ կատեգորիաների`

            ա) պետական պաշտոնյաներ.

            բ) պետական ծառայողներ.

            գ) բյուջետային հիմնարկների աշխատողներ.

            դ) այլ վարձու աշխատողներ:

            2. Պետական պաշտոնյաներ են համարվում պետական և տեղական ինքնակառավար-ման մարմիններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձինք:

            3. Պետական ծառայողներ են համարվում պետական և տեղական  ինքնակառավարման մարմիններում աշխատողները, բացառությամբ տնտեսական, տեխնիկական և սպասարկ-ման գործառույթներ իրականացնող այն աշխատողների, որոնց աշխատանքի բնույթն ազդե-ցություն չունի տվյալ մարմինների իրավասության և  լիազորությունների կատարման վրա:

            4. Բյուջետային հիմնարկների աշխատողներ են համարվում այն քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց աշխատանքի վարձատրությունը ֆինանսավոր-վում է պետական բյուջեի կամ համայնքների բյուջեների միջոցների հաշվին:

            Բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դասակարգումը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

            5. Այլ վարձու աշխատողներ են համարվում սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետե-րում չնշված այն քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք կազմակեր-պություններում աշխատում են գործատուների հետ կնքված կոլեկտիվ և (կամ) անհատական աշխատանքային պայմանագրերի (այսուհետ` նաև պայմանագրեր) հիման վրա:

            6. Պետական պաշտոնյաներին, պետական ծառայողներին, բյուջետային հիմնարկների աշխատողներին և այլ վարձու աշխատողներին ներկայացվող տարիֆաորակավորման պա-հանջները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

            7. Գործատուներ են համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրու-թյանը համապատասխան վարձու աշխատանք օգտագործող կազմակերպությունները:

 

Հոդված 5. Աշխատանքի վարձատրության իրավական հիմքերը

 1. Աշխատանքի վարձատրության իրավական հիմքերն են`

ա) պետական պաշտոնյաների համար տվյալ պաշտոնում նրանց նշանակման կամ ընտրությունների արդյունքները հաստատող իրավական ակտերը.

բ) բյուջետային հիմնարկների աշխատողների և պետական ծառայողների համար նրանց գործատուների հրամանները.

գ) այլ վարձու աշխատողների համար գործատուների հետ կնքված պայմանագրերը.

 դ) սույն օրենքով սահմանված աշխատողների բոլոր կատեգորիաների համար նրանց աշխատանքի վարձատրության չափը և պայմանները սահմանող պայմանագրերը և իրավա-կան այլ ակտերը:

2. Գործատուն վարձու աշխատողի հետ պարտավոր է կնքել գրավոր պայմանագիր, որում նշվում են`

ա) աշխատանքի վարձատրության պայմանները.

բ) աշխատանքի վարձատրության ժամային դրույքաչափերը կամ ամսական աշխատա-վարձի (հավելումների, փոխհատուցումների) չափը և վճարման պարբերականությունը.

գ) կազմակերպություններում (բացառությամբ բյուջեից ֆինանսավորվող աշխատողների) աշխատավարձի վճարման ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժի չափը.

դ) աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի և գործադուլի հայտարարման դեպքում աշխատանքի ներկայանալու մյուս պայմանները.

ե) սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներից բխող, ինչպես նաև օրենսդրությանը չհակասող աշխատանքի վարձատրության չափը և վճարման կարգը որոշող այլ պայ-մաններ:

3. Բյուջետային հիմնարկների և պետական ծառայողների աշխատանքի վարձատրության չափը և պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառա-վարությունը, բացառությամբ օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված դեպքերի:

Սույն կետում նշված կատեգորիաների յուրաքանչյուր աշխատողի աշխատանքի վար-ձատրության պաշտոնային դրույքաչափի առավելագույն և նվազագույն սահմանների տարբերությունը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափի նվազագույն սահմանի 30 տոկոսը:

 4. Պետական պաշտոնյաների աշխատանքի վարձատրության չափը և պայմանները սահմանվում են համապատասխան օրենքներով և իրավական այլ ակտերով:

 

Հոդված 6. Աշխատանքի վարձատրության նվազագույն չափը

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատանքը վարձատրվում է ժամավարձային, գործավարձային կամ աշխատանքի վարձատրության իրավական հիմքերով սահմանված այլ ձևերով:

2. Աշխատողի աշխատանքի վարձատրության ամսական չափը (ժամային դրույքաչափը) չի կարող պակաս լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանքի վարձատրության նվազագույն չափից (ժամային նվազագույն դրույքաչափից), բացառությամբ սույն օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի:

 3. Կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը, կառուցվածքը և արժեքը  մի-ջազգայնորեն ընդունված ֆիզիոլոգիական, առողջապահական և սոցիալական համապատասխան նորմատիվների հիման վրա որոշում է կառավարության լիազորված մարմինը:

 4. Կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը, կառուցվածքը և արժեքը հաս-տատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 5. Կենսաապահովման նվազագույն զամբյուղի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության կառավարության որոշումը ներառում  է`

ա) կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմում ընդգրկվող ապրանքների և վճարովի ծառայությունների տեսականին.

բ) կենսաապահովման նվազագույն զամբյուղի հաշվարկման նորմատիվները.

գ) կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքը և դրա ինդեքսավորման կար-գը.

դ) կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքի ներդրման ժամանակացույցը` տարեկան կտրվածքով.

6. Սույն հոդվածով սահմանված կարգով յուրաքանչյուր տարվա համար հաշվարկված և հաստատված կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքն արտացոլվում է հա-մապատասխան տարվա պետական բյուջեի մասին օրենքում` ելնելով տվյալ տարվա պետա-կան բյուջեի հնարավորություններից:

7. Աշխատանքի վարձատրության նվազագույն չափը հարկման ենթակա չէ:

 

Հոդված 7. Աշխատանքի վարձատրության տարրերը և ըստ աշխատանքի վարձատրությունը                 

 

1. Աշխատանքի վարձատրության տարրերն են`

ա) տարիֆային աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափը).

բ) տարիֆային աշխատավաձի (պաշտոնային դրույքաչափի) նկատմամբ հաշվարկվող հավելումները և պարգևավճարները.

գ) փոխհատուցումները:

2. Վճարվող աշխատանքի վարձատրության նվազագույն չափը ապահովվում է միայն տարիֆային աշխատավարձով (պաշտոնային դրույքաչափով):

Հավելումների, պարգևավճարների ու փոխհատուցումների չափերը և վճարման կարգը սահմանում են գործատուները, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրու-թյամբ այլ բան նախատեսված չէ:

3.  Վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության չափը որոշվում է ելնելով`

ա) աշխատանքի վարձատրության նվազագույն չափից.

բ) աշխատանքի շուկայում աշխատուժի նկատմամբ առաջարկի և պահանջարկի հարա-բերակցությունից.

գ) կատարված աշխատանքի քանակից և որակից.

դ) կազմակերպության տնտեսական գործունեության արդյունքներից, բացառությամբ տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի):

Վարձու աշխատողի անվանական (պայմանագրով սահմանված) աշխատավարձի ա-ռավելագույն չափը սահմանափակման ենթակա չէ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

4. Բյուջետային հիմնարկների աշխատողների, պետական ծառայողների և պետական պաշտոնյաների աշխատանքի վարձատրության չափը որոշվում է ելնելով`

ա) աշխատանքի վարձատրության նվազագույն չափից.

բ) տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) առավելագույն չափից.

գ) աշխատողի (ծառայողի, պաշտոնյայի) կրթական, մասնագիտական որակավորման, պրոֆեսիոնալ պատրաստվածության և իրավասության մակարդակներից, կատարված աշխա-տանքի քանակից, որակից, բարդության, պատասխանատվության և վտանգավորության կամ վնասակարության աստիճանից, իսկ առանձին կատեգորիաների աշխատողների համար՝ նաև համապատասխան աշխատանքային ստաժի չափից:

Առանձին կատեգորիաների աշխատողների ցանկը սահմանվում է Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենսդրությամբ:

5. Գործատուները պարտավոր են կատարված աշխատանքի համար վճարել սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տարիֆային աշխատավարձը և հավելումները` անկախ տնտեսական գործունեության արդյունքներից:

6. Արգելվում է աշխատանքի վարձատրության բնագավառում խտրականությունը` անկախ ազգությունից, քաղաքացիությունից, ռասայից, սեռից, տարիքից, լեզվից, դավանան-քից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրութ-յունից:

Աշխատավարձից բռնագանձումներ կարող են կատարվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափերով:

7. Կազմակերպության անվճարունակության (սնանկացման), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով լուծարման դեպքերում առաջին հերթին վճարվում են չվճարված աշ-խատավարձերը:

Գ Լ ՈՒ Խ    2

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

 

Հոդված 8. Աշխատանքի վարձատրության կարգը

1. Աշխատավարձը վճարվում է անմիջապես աշխատողին, նրա աշխատանքի վայրում, աշխատանքային օրերին, ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:

Աշխատավարձն այլ պարբերականությամբ և (կամ) վայրում կարող է վճարվել միայն աշխատողի գրավոր համաձայնությամբ կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

2. Գործատուները պարտավոր են աշխատավարձը վճարել հայկական դրամով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Աշխատավարձի վճարումը պարտավորագրերով և արժեթղթերով արգելվում է, բացա-ռությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Աշխատողի ցանկությամբ աշխատավարձը կարող է վճարվել բանկային վկայագրով, չեկերով կամ աշխատողի կողմից նշված բանկային հաշվին (հասցեին) դրամական (փոստային) փոխանցումով:

Բանկային վկայագրերով, չեկերով կամ դրամական (փոստային) փոխանցումներով աշ-խատավարձի վճարման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

            Բանկային վկայագրերով, չեկերով կամ դրամական (փոստային) փոխանցումներով աշ-խատավարձի վճարման դեպքում բանկային (փոստային) համապատասխան ծառայությունների դիմաց վճարում են աշխատավարձ ստացողները:

            4. Աշխատանքի վարձատրության մի մասը, բայց ոչ ավելի, քան տարիֆային աշխա-տավարձի (պաշտոնային դրույքաչափի) 20 տոկոսը, աշխատողի գրավոր համաձայնությամբ կարող է վճարվել գործատուի սեփական արտադրանքով` դրանց բացթողման գներով:

            Ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, դեղերի, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վնասակար, թունավոր, ռադիոակտիվ և ուժեղ ներգործության նյութերի ու այդպիսի նյութեր պարունակող ապրանքների օգտագործումը, որպես աշխատանքի վարձատրության միջոց, արգելվում է:

            5. Ժամանակավոր կամ միանվագ աշխատանքների դիմաց, որոնց տևողությունը չի գե-րազանցում 15 աշխատանքային օրը, աշխատավարձը վճարվում է ամբողջությամբ` աշխա-տանքների ավարտմանը հաջորդող երեք օրվա ընթացքում, եթե պայմանագրով այլ բան նա-խատեսված չէ:

            6. Վճարովի արձակուրդի դեպքում այդ ժամկետի համար աշխատավարձը վճարվում է արձակուրդի սկզբից առնվազն երեք օր առաջ:

            7. Աշխատանքային պայմանագրի գործողության դադարման դեպքում աշխատողի աշ-խատավարձը վճարվում է դրա դադարման օրվանից` երեք օրվա ընթացքում:

            8. Աշխատողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձը վճարվում է Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

            9. Աշխատանքի վարձատրության մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն աշխատողի համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:

 

Հոդված 9. Աշխատանքի վարձատրությունն աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների առկայության դեպքում                             

 

1. Աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների առկայության դեպքում գործատուների կողմից աշխատողներին տրվում են հավելումներ` սույն օրենքով և իրավական այլ ակտե-րով, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերով սահմանված կարգով և չափերով:

2. Առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում աշխատողին վճարվում է հավելում` նրա տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) 50 տոկոսի չափով:

3. Առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում աշխատողին վճարվում է հավելում` նրա տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) 100 տոկոսի չափով:

Առողջության համար վնասակար և առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

4. Գիշերային (երեկոյան ժամը քսաներեքից մինչև առավոտյան ժամը ութը) և արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում` ժամային դրույքա-չափի կրկնակի չափով:

5. Հանգստյան և տոնական օրերին աշխատանքի համար (եթե դա նախատեսված չէ աշխատանքային գրաֆիկով) սահմանվում է հավելում` ժամային (օրական) դրույքաչափի կրկնակի չափով, կամ աշխատողի ցանկությամբ հավելման փոխարեն նրան տրամադրվում են համապատասխան քանակի հանգստյան օրեր:

6. Կազմակերպությունների կողմից սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահման-ված հավելումների և փոխհատուցումների նվազագույն չափերը կարող են գերազանցվել, ինչպես նաև կարող են սահմանվել լրացուցիչ այլ հավելումներ և փոխհատուցումներ` աշխատան-քի վարձատրության իրավական հիմքերով, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերով սահմանված կարգով:

 

Հոդված 10. Պարապուրդի վճարումը

 

1. Ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդը ենթակա է վճարման սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

2. Ոչ աշխատողի մեղքով պարապուրդի մեկ ժամի համար վարձատրության նվազագույն դրույքաչափը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի վճարման գումարը չի կարող պակաս լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և (կամ) աշխատանքային պայմանագրով սահմանված չափից:

3. Եթե ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ընթացքում աշխատողն իր համաձայնությամբ ժամանակավորապես տեղափոխվում է իր մասնագիտությանը, որակավոր-մանը համապատասխանող և առողջական վիճակին վնաս չպատճառող մեկ այլ աշխա-տանքի, ապա պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար աշխատողը վարձատրվում է պարապուրդի ամսվան նախորդող նրա տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի մեկ ժամի վարձատրության) առնվազն 2/3-ի չափով:

4. Եթե աշխատողը հրաժարվում է առաջարկված ժամանակավոր աշխատանքից, ապա պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար նրան վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նվազագույն դրույքաչափը:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ան-հաղթահարելի ուժ ճանաչված պատճառներով առաջացած պարապուրդների համար աշխա-տողները չեն վարձատրվում:

6. Աշխատանքի վարձատրության իրավական հիմքերով գործատուների կողմից կարող են սահմանվել պարապուրդների վճարման ավելի բարձր դրույքաչափեր, քան սահմանված են սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

7. Պարապուրդների վճարումը կատարվում է սույն օրենքով աշխատանքի վարձատրության համար սահմանված կարգով և ժամկետներում:

8. Ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ընթացքում գործատուն իրավասու չէ պահանջել տվյալ աշխատողից, որպեսզի նա գտնվի աշխատանքի վայրում` աշխատանքային օրվա ընթացքում երկու ժամից ավելի տևողությամբ: Հակառակ դեպքում երկու ժամը գերազանցող պարապուրդի ժամանակահատվածը ենթակա է վճարման սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված դրույքաչափով:

9. Աշխատողի մեղքով առաջացած պարապուրդը, ինչպես նաև աշխատողների կողմից հայտարարված գործադուլի ժամանակահատվածը վճարման ենթակա չեն:

 

Հոդված 11. Ոչ լրիվ աշխատաժամանակի վարձատրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև  աշխատողի և գործատուի միջև կնքված համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակի (ոչ լրիվ աշխատանքային օրվա կամ շաբաթվա) կիրառման պայմաններում աշխատանքը վարձատրվում է աշխատած փաստացի ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ   3

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

 

Հոդված 12. Աշխատանքի վարձատրության պետական երաշխիքների համակարգը

 

1. Աշխատանքի վարձատրության պետական երաշխիքների համակարգը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված այն նորմերի ամբողջությունն է, որն ապահովում է`

ա) կատարված աշխատանքի դիմաց տարիֆային աշխատավարձի վճարման պարտադիր բնույթը.

բ) օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր աշխատանքի վարձատրության անթույլատրելիությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

գ) աշխատանքային նորմալ պայմաններից շեղումների առկայության դեպքում հավելումների նվազագույն չափերի կիրառման պարտադիր բնույթը.

դ) բյուջետային հիմնարկների աշխատողների, պետական ծառայողների և պետական պաշտոնյաների աշխատանքի վարձատրության համար` պետական (համայնքային) բյուջեներում աշխատավարձի գծով ծախսերի օրենքով պաշտպանվածությունը:

2. Աշխատանքի վարձատրության պետական երաշխիքների համակարգը գործում է աշխատողների կողմից աշխատանքի վարձատրության իրավական հիմքերով սահմանված աշխատանքային պարտականությունների կատարման դեպքում:

3. Աշխատողների և գործատուների միջև աշխատանքի վարձատրության, ինչպես նաև աշխատանքի վարձատրության պետական երաշխիքների հետ կապված վեճերը լուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

Գ Լ ՈՒ Խ   4

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 13. Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                             Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

20 մարտի 2003 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ - 30