Իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին

 

   Ուժը  կորցրել  է 2014թ.

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին

 

Հոդված 1. Օրենքի նպատակը և կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքի նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարի գործում մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնողների գույքի և եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումն է:

2. Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները, հայտարարագրերը ներկայացնելու կարգը, ինչպես նաև պատասխանատվությունը օրենքի խախտման համար:

 

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, որը բաղկացած է

3.1) սույն օրենքից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներից.

3.2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և սահմաններում.

3.3) պետական կառավարման մարմինների ընդունած ակտերից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերում և սահմաններում:

 

Հոդված 2. Հայտարարագիր ներկայացնողները

 

1. Սույն օրենքի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ և գույքն ու եկամուտները հայտարագրող են (այսուհետ՝ հայտարարատու են՝)

 

1.1 Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրության համաձայն  քաղաքական,   հայեցողական, քաղաքացիական ծառայության և Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն  և  գլխավոր  պաշտոններ  զբաղեցնող  անձինք.

  1. Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության դատավորները.
  2. Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության գլխավոր  դատախազը  և  նրա  տեղակալները, Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության դատախազության  կառուցվածքային ստորաբաժանումները  գլխավորող  դատախազները.
  3.  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության հարկային  գործադիր  մարմնի, ոստիկանության պաշտոնատար անձինք.

1.5 Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության պաշտպանության ,  ազգային  անվտանգության, արտաքին  գործերի, արտակարգ իրավիճակների  հանրապետական  գործադիր մարմինների  ստորաբաժանումների (այդ  թվում՝  տարածքային)  ղեկավարները.

1.6 կորց 42

1.7 Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության Ազգային  ժողովի  վերահսկիչ պալատի  նախագահը.

1.8 Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության օրենքների  հիման վրա ստեղծված  մշտական  հանձնաժողովների  (ծառայությունների, խորհուրդների) ղեկավարները, նրանց  տեղակալները  և  անդամները:

2. Հայտարարատու  են նաև  սույն հոդվածի  առաջին մասում  նշված հայտարարատուների  փոխկապակցված  անձինք:

- Սույն  օրենքի  համաձայն՝  փոխկապակցված  անձինք  են՝

2.1 հայտարարատուի  ամուսինը, համատեղ  ապրող  ծնողը (ծնողները) և  համատեղ  ապրող  չափահաս  ու  չամուսնացած  զավակը (զավակները).

2.2  հայտարարատուի  ամուսնացած   չլինելու  և  զավակ  չունենալու  դեպքում  համատեղ  ապրող  ծնողը  (ծնողները)  և  համատեղ  ապրող չափահաս  ու  չամուսնացած քույրը (քույրերը)  և  եղբայրը  (եղբայրները).

2.3  հայտարարատուի  ամուսնացած  չլինելու  և  զավակ  ունենալու  դեպքում ՝  համատեղ  ապրող  չափահաս  չամուսնացած  զավակը (զավակները)  և  համատեղ  ապրող  ծնողը (ծնողները):»:* 1)

3. Սույն  հոդվածի 1-ին  մասում  նշված  անձինք   հայտարարատու են   նաև  զբաղեցրած   պաշտոնից  ազատվելուն   (պաշտոնավարության  ավարտին)  հաջորդող հինգ  տարվա  ընթացքում,  իսկ  սույն   հոդվածի  2-րդ  մասում   նշված  անձինք՝   սույն հոդվածի 1-ին  մասում  նշված՝  իրենց  փոխկապակցված    անձանց  զբաղեցրած  պաշտոնից  ազատվելուն (պաշտոնավարության  ավարտին)  հաջորդող   երկու  տարվա  ընթացքում:

 

Հոդված 3. Հայտարարագրման  ենթակա գույքը

 

1. Հայտարարատուները  սույն օրենքով   սահմանված  կարգով  և ժամկետներում հայտարարագրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  և  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից  դուրս  սեփականության   (այդ  թվում՝  ընդհանուր  համատեղ  և ընդհանուր  բաժնային  սեփականության), տիրապետման և  օգտագործման   իրավունքով  իրենց պատկանող  հետևյալ  գույքը.

1.1) անշարժ գույքը՝ հողամասերը, ընդերքի  մասերը,  մեկուսի  ջրային  օբյեկտները, անտառները, բազմամյա  տնկիները,  շենքերը և շինությունները,  հողի  ամրակայված այլ գույքը, այսինքն՝  այն օբյեկտները,  որոնք  անհնար  է հողից անջատել՝  առանց  այդ գույքի  նշանակությանն  անհամաչափ  վնաս  պատճառելու.

1.2)  փոխադրամիջոցները՝  ավտոմոբիլային  տրանսպորտի  միջոցը, անիվավոր,  թրթուրավոր, ինքնագնաց մեքենաները  կամ  մեխանիզմները, օդային  և  ջրային   փոխադրամիջոցները.

1.3 դրամական  միջոցները,  այդ  թվում՝  բանկերում կամ  ֆինանսավարկային  կազմակերպություններում  ունեցած  հաշիվներում  եղած  գումարները  (Հայաստանի  Հանրապետության  դրամը, արտարժույթը).

1.4)   արժեթղթերը  (պարտատոմսը,  չեկը, մուրհակը,  բաժնետոմսը,  բանկային վկայագիրը  (բանկային գրքույկը, բանկային  սերտիֆիկատը)  և այլ  արժեթուղթը)  և  այլ  ներդրումները  (բաժնեմասերը,  փայաբաժինները  և այլն).

1.5)  մշակութային   արժեքները  և  հնաոճ  իրերը:

2 (Ուժը կորցրած է ճանաչվել): * 1)

 

Հոդված 4.  Հայտարարագրման  ենթակա  եկամուտները  և դրանց   գոյացման  աղբյուրները

 

1. Հայտարարատուները  սույն օրենքով  սահմանված   կարգով  և ժամկետներում   հայտարարագրում են   հաշվետու  ժամանակաշրջանի ընթացքում Լեռնային Ղարապաղի Հանրապետությունում և  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունից  դուրս  փաստացի  ստացված  իրենց  բոլոր  եկամուտները  և դրանց  գոյացման  աղբյուրները:

2. Սույն  օրենքի համաձայն   եկամուտ են  համարվում   հայտարարատուի՝  Հայաստանի  Հանրապետության  դրամով  և արտարժույթով   ստացած  հետևյալ   եկամուտները.

2.1) աշխատանքի վարձատրությունը և  դրան  հավասարեցված  այլ վճարումները.

2.2) գրականության,   արվեստի կամ   գիտական  աշխատանքի  օգտագործման կամ  օգտվելու իրավունքի   համար  ցանկացած  հեղինակային   իրավունքից,  ցանկացած  արտոնագրից,  ապրանքային նշանից,  նախագծից կամ  մոդելից, պլանից,  գաղտնի  բանաձևից  կամ  գործընթացից,  էլեկտրոնային   հաշվողական  մեքենաների  և տվյալների  բազայի  համար ծրագրերի  կամ  արդյունաբերական,  առևտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական  փորձի  վերաբերյալ   տեղեկություն   տրամադրելու  համար  ստացվող    հատուցումը  (ռոյալթի)  և հեղինակային  վարձատրությունը.

2.3) ստացված  փոխառությունները  և  տրված  փոխառությունների  դիմաց  ստացված  տոկոսը  և այլ  հատուցումը.

2.4) շահաբաժինները.

2.5) խաղատներում,  շահումներով  խաղերում  ստացված  եկամուտները (շահումները).

2.6) մրցույթների  և  մրցությունների, ինչպես նաև  վիճակախաղերի  իրային  և  դրամական  շահումները (մրցանակները).

2.7) նվիրատվության   և օգնության  կարգով  ստացված  գույքը  (այդ թվում՝  դրամական  միջոցները).

2.8) ժառանգության  կարգով  ստացված  գույքը  (այդ թվում՝  դրամական  միջոցները). 

2.9)  ապահովագրական  հատուցումները.

2.10) ձեռնարկատիրական  գործունեությունից  ստացված  եկամուտը.

2.11) գույքն օտարելուց  ստացված  եկամուտը.

2.12) վարձակալության   դիմաց  ստացված  վճարը  և այլ հատուցում,   քաղաքացիաիրավական   այլ պայմանագրերից   ստացվող  եկամուտը.

2.13) կազմակերպությունների կողմից հայտարարատուի  համար  կատարված  ապահովագրավճարները.

2.14) բոլոր տեսակի  նպաստները.

2.15) բոլոր տեսակի  կենսաթոշակները և կրթաթոշակները.

2.16) միանվագ  վճարները.

2.17) ալիմենտները  (ապրուստավճարները).

2.18) այլ  եկամուտները՝  նշելով  դրանց  տեսակները:

3. Բնամթերային  (ոչ դրամական)  ձևով  ստացված  եկամուտները  հաշվի են առնվում   պետական   հաստատագրված  (կարգավորվող), իսկ դրանց  բացակայության  դեպքում՝  ազատ  (շուկայական)  գներով՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության   կառավարության  սահմանած  կարգով:

 

            Հոդված 5. Հայտարարագրեր  ներկայացնելու  կարգը  և  ժամկետները

 

 

1. Հայտարարատուները  սույն օրենքի  3-րդ և 4-րդ  հոդվածներում  նշված  հայտարարագրման   ենթակա  գույքը  և  եկամուտները  հայտարարագրում են՝

1.1) պաշտոնի նշանակման  (կամ  ընտրման) դեպքում՝  սկսած  պաշտոնի  նշանակման  (կամ ընտրման)  ամսվան    հաջորդող  ամսվա 1-ից  մինչև  այդ տարվա  դեկտեմբերի  31-ը  (ներառյալ)  ընկած  ժամանակաշրջանի  համար.

1.2)  հայտարարատու համարվելու ընթացքում՝  յուրաքանչյուր  տարվա  հունվարի 1-ից  մինչև  դեկտեմբերի 31-ը (ներառյալ)  ընկած  ժամանակաշրջանի համար:

Սույն կետում նշված   դեպքերում    հայտարարագրում  արտացոլման   ենթակա են  նաև  հայտարարագրման  ժամանակաշրջանում  սույն  օրենքի  3-րդ հոդվածի 1-ին  մասի  1.1, 1.2 և 1.5  կետերում   նշված գույքի  հետ   կապված գործառնությունները:

2. Սույն  օրենքի  2-րդ հոդվածի 1-ին մասում  նշված  հայտարարատուները  և նրանց  փոխկապակցված  անձինք  հայտարարագրման  ենթակա  գույքի և եկամուտների  վերաբերյալ   հայտարարագրերը  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության     կառավարության   լիազորած մարմին (այսուհետ՝   լիազորած մարմին)  ներկայացնում են   անձամբ կամ  ուղարկում են  պատվիրված  նամակով: Ընդ որում,  հայտարարագիրը  պատվիրված  նամակով   ուղարկելու  դեպքում   հայտարարագիր  ներկայացնելու  օր է համարվում  պատվիրված  նամակը  փոստային  բաժանմունք  մուտք  անելու  օրը:

3. Հայտարարատուները  հայտարարագրերը  ներկայացնում են   մինչև  հայտարարագրման   ժամանակաշրջանին  հաջորդող   տարվա  մարտի  15-ը * 1)  

4. Միևնույն հայտարարատուն  հայտարարագրման  միևնույն  ժամանակաշրջանի  համար  ներկայացնում է   գույքի և եկամուտների  միայն մեկ   հայտարարագիր:

5. Սույն օրենքի  2-րդ  հոդվածի  1-ին մասում  նշված  հայտարարատուի  հայտարարագրում  ներառվում են  սույն օրենքի  2-րդ հոդվածի 2-րդ  մասում  չընդգրկված  իրենց  խնամառուների  հայտարարագրման  ենթակա  գույքը և եկամուտները:

Սույն կետի  դրույթները  գործում են   նաև  զբաղեցրած  պաշտոնից  ազատվելուն  (պաշտոնավարության  ավարտին)  հաջորդող հինգ տարվա  ընթացքում:

6. Գաղտնիության ապահովման  պարտավորություններ  սահմանող՝  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության   օրենսդրության  դրույթները  չեն տարածվում՝

6.1) հայտարարատուների  կողմից,  սույն օրենքով  սահմանված կարգով,  լիազորած  մարմին   ներկայացվող  գույքի  և եկամուտների  վերաբերյալ  հայտարարագրերում  ներառվող  տեղեկությունների  վրա.

6.2) լիազորած  մարմնին  տրամադրվող՝  սույն օրենքի 9-րդ  հոդվածի  5  և 7 կետերով  սահմանված  տեղեկությունների վրա:

7. Հայտարարագրերի  ձևերը,  դրանց լրացման   և պահպանման  կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարությունը:

 

Հոդված 6. Հայտարարագրերում  ներառվող  տեղեկությունների հրապարակումը

 

1. Լիազորած  մարմինը  սույն օրենքի  5-րդ  հոդվածով  սահմանված  ժամկետներում   ներկայացված  հայտարարագրերի  հիման  վրա  եռամսյա  ժամկետում  կազմում  է  հայտարարատուների  գույքի  և  եկամուտների հայտարարագրերում  ներառվող  տեղեկությունների  վերաբերյալ  տեղեկանքներ  (այսուհետ՝  տեղեկանք)՝  մամուլում  հրապարակման  համար:

2.  Տեղեկանքում  ընդգրկված  տվյալները  պետք է  համապատասխանեն  ներկայացված  հայտարարագրերում   արտացոլված  տեղեկություններին:

3. Տեղեկանքում  չեն  նշվում՝

3.1 Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ  սահմանված  պետական  և  ծառայողական  գաղտնիք  համարվող  տեղեկությունները.

3.2 հայտարարատուի  բնակության   հասցեի,  հեռախոսի  և  անհատական  կապի  այլ  միջոցների  վերաբերյալ  տեղեկությունները.

3.3 հայտարարագրման  ենթակա  անշարժ  գույքի  գտնվելու  վայրի  վեաբերյալ  մանրամասն  տեղեկությունները.

3.4  բանկային  գաղտնիք  համարվող  տեղեկությունները:

4. Տեղեկանքի  ձևը և  լրացման  կարգը  սահմանում  է Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության կառավարությունը:

5. Տեղեկանքը  տրամադրվում է Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված  կարգով  գրանցում  ստացած մամուլի  միջոցներին  վերջիններս  ներկայացրած  անվանական  հայտերի  հիման  վրա՝  հայտերն  ստանալուց  հետո՝  մեկամսյա  ժամկետում:

6.Տեղեկանքի  տրամադրման  կարգը  սահմանում է   լիազորած  մարմինը՝  սույն  օրենքի  ուժի  մեջ  մտնելու  պահից  հնգամսյա  ժամկետում:

7. Տեղեկանքը  նույնությամբ   ենթակա  է  հրապարակման՝  տեղեկանքն  ստացած մամուլի  միջոցում՝  ստանալու  օրվան  հաջորդող  մեկամսյա  ժամկետում:

8. Տեղեկանքը  տրամադրվում է   յուրաքանչյուր  տարվա  հունիսի  15-ից  մինչև  դեկտեմբերի  31-ը:»:

9. Լիազորած  մարմինը  սույն  օրենքի  «5-րդ  հոդվածով  սահմանված  ժամկետներրում  ներկայացված  հայտարարագրերի  հիման   վրա  կազմված  տեղեկանքները  կարող  է  տեղադրել  «Ինտերնետ»   համաշխարհային  համակարգչային  ցանցի  համապատասխան  էջում:»: * 1)

Հոդված 7.  Հայտարարագրերում  ներառվող  տեղեկությունների  գաղտնիության  երաշխիքը

.  Պետությունն  ապահովում է  հայտարարագրերում  ներառվող այն տեղեկությունների գաղտնիությունը, որոնք  սույն օրենքի  6-րդ  հոդվածով սահմանված կարգով,  ենթակա չեն   հրապարակման:

2. Այն տեղեկությունները, որոնք սույն օրենքի  համաձայն ենթակա չեն  հրապարակման, այլ անձանց տրամադրվում են  հայտարարագրողի  նոտարական  կարգով  վավերացված  համաձայնությամբ:

 

Հոդված 8.  Օրենքը խախտելու համար  պատասխանատվության  միջոցները  և դրանց կիրառումը

 

1. Հայտարարագրման  հարաբերությունները  կարգավորող  օրենսդրության  խախտումն առաջացնում է  պատասխանատվություն՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքներով սահմանված կարգով:

2. Հայտարարատուների  կողմից սույն օրենքով  սահմանված  ժամկետում  լիազորած մարմին  հայտարարագիր չներկայացնելը  առաջացնում է տուգանքի նշանակում՝  մինչև  սահմանված նվազագույն  աշխատավարձին  հիսնապատիկի չափով:

Տուգանքը  նշանակելուց հետո՝  երեսուն օրվա ընթացքում,  հայտարարագիրը  չներկայացնելն առաջացնում  է տուգանքի նշանակում՝ սահմանված  նվազագույն  աշխատավարձի  հարյուրապատիկից    մինչև  երկուհարյուրապատիկի  չափով:

3. Հայտարարատուների  կողմից  սույն օրենքով սահմանված  հայտարարագրման ենթակա  գույքը և  եկամուտները կամ  հայտարարագրի  ձևերում պարտադիր  լրացման ենթակա տեղեկությունները թաքցնելը կամ իրականությանը  չհամապատասխանող  տեղեկություններն  ներկայացնելն  առաջացնում է  տուգանքի նշանակում՝  մինչև սահմանված   նվազագույն  աշխատավարձի  հիսնապատիկի  չափով: * 1)

Նույն  խախտման կատարումն  այն անձի կողմից , որը  նշված  խախտման  համար տուգանվել է  մեկ տարվա  ընթացքում,  առաջացնում է  տուգանքի  նշանակում՝  սահմանված  նվազագույն  աշխատավարձի  երկուհարյուրապատիկի չափով:

4. Սույն  հոդվածում  նշված  տուգանքները  տասնօրյա  ժամկետում  չմուծելու դեպքում  տուգանքները  կրկնապատկվում են:

5. Սույն  հոդվածով   սահմանված տուգանքները,  լիազորած մարմնի պաշտոնատար  անձի  ներկայացմամբ,  նշանակում է  լիազորած  մարմնի  ղեկավարը:

Սույն օրենքով   սահմանված  պատասխանատվության  միջոցների  կիրառման  համար  ապացույցներ  են համարվում   այն տեղեկությունները  (տվյալները),  որոնց հիման վրա,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության   իշխանության  մարմինների  ղեկավար  աշխատողների  գույքի  և  եկամուտների  հայտարարագրման   հարաբերությունները կարգավորող՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենսդրության  սահմաններում,  լիազորած մարմինը  հաստատում է  օրենքի խախտման   առկայությունը:

Տուգանքների  կիրառման  նպատակով  կազմվում է   արձանագրություն,  որում նշվում  է  դա կազմելու  ամսաթիվը և  տեղը,  արձանագրությունը  կազմող  պաշտոնատար  անձի պաշտոնը,  անունը, ազգանունը,  տեղեկությունների  հայտարարատուի  մասին,  օրենքի  խախտման  էությունը և  ժամանակը,  պատասխանատվության  ենթարկվող   հայտարարատուի  բացատրությունը,  պատասխանատվություն  նախատեսող  նորմը  և  անհրաժեշտ  այլ տեղեկություններ:

 

Հոդված 9. Լիազորած  մարմինը

 

Լիազորած  մարմինը՝

1) ընդունում է  սույն  օրենքի  կիրառման  վերաբերյալ  գերատեսչական  նորմատիվ  ակտեր.

2) վարում է հայտարարատուների  հաշվառումը.

3)  ապահովում է  հայտարարագրերի  հաշվառումը  և  պահպանումը.

4) մշակում է  հայտարարագրերում  ներառվող  տեղեկությունները, դրանց  հիման վրա  կազմում է  հայտարարատուների՝   հայտարարագրման ենթակա  գույքի  և եկամուտների  վերաբերյալ  տեղեկանքներ  ու սույն  օրենքի 6-րդ  հոդվածով  սահմանված  կարգով  ապահովում է   հայտարարագրերում  ներառվող  տեղեկությունների  հրապարակայնությունը. * 1)

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության   օրենսդրությամբ  և այլ  իրավական  ակտերով  սահմանված  կարգով  պետական կառավարման, տեղական  ինքնակառավարման  մարմիններում, ինչպես նաև  առևտրային և ոչ  առևտրային   կազմակերպություններում  իրականացնում է   ուսումնասիրություններ  հայտարարագրերում  ներառվող  տեղեկությունների  ճշտությունը  պարզելու  նպատակով.

6) իրականացնում է  սույն օրենքի  կիրառման   նկատմամբ  վերահսկողությունը՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության  սահմանած  կարգով.

7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության   օրենսդրությամբ և այլ  իրավական  ակտերով  սահմանված  կարգով   պետական  կառավարման,  տեղական  ինքնակառավարման  մարմիններից, ինչպես նաև  առևտրային  և ոչ  առևտրային   կազմակերպություններից  ու  քաղաքացիներից  ստանում է    տեղեկություններ  սույն օրենքով  սահմանված  հայտարարատուների  գույքի  և եկամուտների  վերաբերյալ.

8) հայտարարատուներին  անվճար  տրամադրում  է  հայտարարագրերի  ձևերը.

9) սույն օրենքով  սահմանված  պատասխանատվության   միջոցների կիրառումից  հետո,  հայտարարատուներին  հնարավորություն  է  ընձեռում  մեկամսյա  ժամկետում   համապատասխան  ճշտումներ  կատարել  ներկայացրած  հայտարարագրերում.

10) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

 

Հոդված 10.  Անցումային  դրույթներ

 

1. Սույն օրենքի  դրույթները  չեն տարածվում   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  իշխանության  մարմինների  այն  ղեկավար  աշխատողների  (նրանց  փոխկապակցված  անձանց)  վրա, ովքեր  մինչև  սույն  օրենքի  ուժի մեջ մտնելն   ազատվել են   զբաղեցրած  պաշտոնից  կամ   ավարտել են  պաշտոնավարությունը:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու  պահին  հայտարարատու  համարվող  անձինք  սույն օրենքով   սահմանված  գույքի  և եկամուտների  առաջին  հայտարարագիրը  ներկայացնում  են մինչև  2003 թվականի   մայիսի 1-ը,  ընդ որում,  հայտարարագրման ենթակա են՝

2.1)  գույքը՝  2002  թվականի հունվարի  1-ի  դրությամբ  և  2003 թվականի  հունվարի  1-ի  դրությամբ.

2.2) 2002 թվականի  ընթացքում  սույն օրենքի 3-րդ հոդվածի  1-ին մասի  1.1, 1.2  և 1.5  կետերում  նշված  գույքի  հետ կապված  գործառնությունները.

2.3) 2002 թվականի  ընթացքում  ստացված  եկամուտները:

3. Սույն  օրենքով  սահմանված  գույքի  և  եկամուտների  2003 թվականի  հայտարարագիր  են  ներկայացնում՝

3.1 մինչև  2004  թվականի  հունվարի  1-ը սույն  օրենքի  2-րդ  հոդվածով  սահմանված  պաշտոններ  զբաղեցնողները  և  նրանց  փոխկապակցված  անձինք.

3.2  2004  թվականի  հունվարի  1-ի  դրությամբ սույն օրենքի  2-րդ  հոդվածով  սահմանված  պաշտոններ  զբաղեցնողները  և  նրանց  փոխկապակցված  անձինք:

4. Սույն  հոդվածի  երրորդ  կետով  սահմանված  հայտարարատու  համարվող  անձինք  սույն օրենքով սահմանված  գույքի  և  եկամուտների  2003  թվականի հայտարարագրեր  ներկայացնում են  մինչև  2004 թվականի  հունիսի   1-ը,  ընդ  որում,  հայտարարագրման  ենթակա  են՝

4.1 գույքը՝  2003  թվականի  հունվարի 1-ի  դրությամբ  և  2004  թվականի  հունվարի  1-ի  դրությամբ.

4.2 2003  թվականի  ընթացքում  գույքի  հետ  կապված սույն օրենքով  սահմանված  գործառնությունները.

4.3  2003  թվականի  ընթացքում  ստացված  եկամուտները: * 1)

 

Հոդված 11.  Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից: