ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2007Թ.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թ. դեկտեմբերի 25-ին
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Ազգային ժողովի լիազորությունները եւ գործունեության կարգը
Ազգային ժողովի լիազորությունները եւ գործունեության կարգը սահմանվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ «Ազգային ժողովի մասինե օրենք) եւ սույն կանոնակարգով:
Հոդված 2 . Ազգային ժողովի աշխատանքային լեզուն
Ազգային ժողովի աշխատանքային լեզուն հայերենն է: Եթե նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապա անհրաժեշտության դեպքում ապահովվում է դրա հայերեն թարգմանությունը:
Հոդված 3. Ազգային ժողովի նիստերի անցկացման վայրը
Ազգային ժողովի նիստերը գումարվում են Ստեփանակերտ քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում՝ Վերածննդի հրապարակ, 1: Այլ վայրում նիստ կարող է գումարվել միայն Ազգային ժողովի որոշմամբ կամ, դրա անհնարինության դեպքում, Հանրապետության Նախագահի հրամանագրով:
ԳԼՈՒԽ 1
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Հոդված 4. Պատգամավորի լիազորությունները
Պատգամավորն իրավունք ունի՝
ա) Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել օրենքի, Ազգային ժողովի որոշման նախագծեր.
բ) ունենալ ելույթներ և անել առաջարկություններ Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների (աշխատանքային խմբերի) նիստերում.
գ) մասնակցել, հարցեր տալ և ելույթ ունենալ խորհրդարանական լսումներում.
դ) առաջադրվել և ընտրվել Ազգային ժողովի նախագահի կամ փոխնախագահի, Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի, վերահսկիչ պալատի նախագահի պաշտոններում.
ե) ընդգրկվել Ազգային ժողովի մեկ մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում.
զ) ընդգրկվել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի, աշխատանքային խմբի կազմում.
է) ծանոթանալ Ազգային ժողովին կամ հանձնաժողովներին հասցեագրված ցանկացած փաստաթղթի հետ, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկատվության, որին իրավասու չէ իրազեկ լինել.
ը) հարցումով և առաջարկությամբ դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին և կազմակերպություններին, որոնք պարտավոր են 10-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, քննարկել և գրավոր պատասխանել նրան.
թ) մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը, որի մասին հարցը քննարկող մարմինը կամ պաշտոնատար անձը գրավոր տեղեկացնում է նրան ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ.
ժ) գրավոր դիմելուց հետո ընդունելություն ստանալ վարչապետի կողմից.
ժա) ներկա գտնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) նիստերին.
ժբ) մասնակցել Ազգային ժողովի վերահսկիչ պալատի (այսուհետ՝ Վերահսկիչ պալատ) խորհրդի նիստերին, որոնց օրակարգի և անցկացման ժամկետների մասին Ազգային ժողովի նախագահին, փոխնախագահին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին տեղեկացվում է նիստն անցկացվելուց առնվազն երեք օր առաջ.
ժգ) պատգամավորական վկայականի ներկայացմամբ անարգել մուտք գործել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքեր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
ժդ) հանրապետության տարածքում կապ հաստատելու համար, հատուցելի հիմունքներով, օգտվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հեռախոսային և էլեկտրոնային կապի միջոցներից.
ժե) Ազգային ժողովի նստավայրում հրավիրել մամուլի ասուլիս.
ժզ) իրականացնել օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 5. Պատգամավորի գործունեության ապահովումը
1. Պատգամավորին իր լիազորությունների ժամկետով տրվում են պատգամավորական վկայական, դիվանագիտական անձնագիր և «Ազգային ժողովի պատգամավորե կրծքանշան, որի նկարագրությունը հաստատվում է Ազգային ժողովի որոշմամբ:
2. Պատգամավորն ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից և վարժական հավաքներից:
3. Պատգամավորը կարող է ունենալ հասարակական հիմունքներով աշխատող երկու օգնական: Օգնականը պատգամավորի հանձնարարությամբ՝
ա) նախապատրաստում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը.
բ) նախապատրաստում է պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական և այլ նյութեր.
գ) կազմակերպում է պատգամավորի մոտ քաղաքացիների ընդունելությունը.
դ) վարում է գործավարությունը:
4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներն ու պաշտոնատար անձինք պարտավոր են պատգամավորի պահանջով, հնարավոր սեղմ ժամկետում, ընդունել նրան, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 6. Պատգամավորի հանդիպումը քաղաքացիների հետ
1. Պատգամավորը կարող է հանդիպումներ ունենալ քաղաքացիների հետ, կազմակերպել ընդունելություն, ուսումնասիրել ստացված առաջարկությունները և օրենքով սահմանված կարգով պատասխանել դիմումներին:
2. Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են, պատգամավորի պահանջով, ամիսն առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել պատգամավորին՝ քաղաքացիների ընդունելության և հանդիպման համար:
Հոդված 7. Կառավարությանը հարցերով դիմելու կարգը
1. «Ազգային ժողովի մասինե օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորներն իրավունք ունեն հարցերով դիմել Կառավարությանը:
2. Պատգամավորը Կառավարության հետ հարցուպատասխանի նպատակով յուրաքանչյուր հանդիպմանը Կառավարությանը կարող է դիմել երկուական գրավոր կամ բանավոր հարցով:
3. Սեպտեմբեր, նոյեմբեր, փետրվար, ապրիլ եւ հունիս ամիսներին գումարվող հերթական նիստերում վարչապետը և Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:
4. Գրավոր հարցը պատգամավորը հանձնում է Ազգային ժողովի քարտուղարություն (այսուհետ՝ քարտուղարություն), որը նույն օրն այն ուղարկում է Կառավարություն: Վարչապետը կամ նրա հանձնարարությամբ Կառավարության համապատասխան անդամը Ազգային ժողովի սույն հոդվածի 3-րդ կետում նշված հերթական նիստում պատասխանում է հարցին՝ այդ մասին վաղօրոք, բայց ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում տեղյակ պահելով պատգամավորին և քարտուղարությանը: Պատգամավորն իր հարցի պատասխանն ստանում է գրավոր:
5. Գրավոր հարցերի պատասխանները տրվում են ըստ դրանց ստացման հաջորդականության՝ պատասխանը պատրաստ լինելուն պես, եթե պատգամավորը չի հրաժարվում իր հարցը հնչեցնելուց:
6. Պատգամավորը երեք րոպեի ընթացքում խոսափողից ներկայացնում է Կառավարությանն ուղղած իր գրավոր հարցը, որին հետևում է վարչապետի կամ Կառավարության անդամի՝ մինչև երեք րոպե տևողությամբ պատասխանը: Պատգամավորը կարող է երկու րոպեի ընթացքում արտահայտել իր կարծիքը պատասխանի վերաբերյալ, որին վարչապետը կամ Կառավարության անդամը կարող է արձագանքել մինչեւ երկու րոպե տեւողությամբ պատասխանով:
7. Եթե գրավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը չի սպառվում, ապա պատգամավորները սույն հոդվածի 6-րդ կետով և սույն օրենքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանը կարող են տալ բանավոր հարցեր, որոնցից յուրաքանչյուրը պետք է վերաբերի Կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին:
8. Սույն հոդվածով սահմանված կարգը չի սահմանափակում պատգամավորի իրավունքը՝ ուղղակի գրավոր դիմել Կառավարությանը և օրենքով սահմանված կարգով ստանալ պատասխան:
Հոդված 8. Պատգամավորի մասնակցությունը Կառավարության նիստերին
1. Կառավարությունն Ազգային ժողովին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ է պահում Կառավարության նիստի անցկացման օրվա, ժամի և օրակարգի նախագծի մասին:
2. Կառավարության նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր:
Հոդված 9. Պատգամավորի աշխատանքային գործունեությունը
1. Ազգային ժողովում մշտական հիմունքներով աշխատող պատգամավորի աշխատավայրն Ազգային ժողովի նստավայրն է: Աշխատանքն սկսվում է ժամը 9-ին: Պատգամավորի աշխատանքը նորմավորված չէ:
2. «Ազգային ժողովի մասինե օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովում մշտական հիմունքներով աշխատող պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
3. Պատգամավորին հատկացվում է կահավորված, տեխնիկական և կապի միջոցներով հագեցված ծառայողական տարածք իր աշխատավայրում:
4. Պատգամավորը պարտավոր է ենթարկվել Ազգային ժողովի նստավայրի տարածքում գործող անվտանգության, սպասարկման կանոններին, որոնք Ազգային ժողովի նախագահի ներկայացմամբ հաստատվում են Ազգային ժողովի որոշմամբ:
Հոդված 10. Պատգամավորի վարձատրությունը եւ գործունեության փոխհատուցումը
1. Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահի և մշտական հանձնաժողովի նախագահի ու նրա տեղակալի վարձատրությունը սահմանվում է օրենքով:
2. Պատգամավորական գործունեության համար պատգամավորները ստանում են ամսական փոխհատուցում, որն ազատված է հարկումից:
3. Պատգամավորի բժշկական սպասարկումն ու հանգստի կազմակերպումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
4. Ստեփանակերտ քաղաքում բնակարան չունեցող Ազգային ժողովում մշտական հիմունքներով աշխատող պատգամավորին Ստեփանակերտ քաղաքում հատկացվում է ծառայողական բնակարան, իսկ դրա բացակայության դեպքում՝ բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը, նախապես քննարկելով Ազգային ժողովի նախագահության նիստում, սահմանում է Ազգային ժողովի նախագահը:
Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբերի եւ խմբակցությունների նիստերին մասնակցելու նպատակով շրջանից ժամանած պատգամավորների համար տեղեր են ամրագրվում Ստեփանակերտ քաղաքի հյուրանոցներում կամ հյուրատներում:
5. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած պատգամավորին վճարվում են գործուղման ծախսեր՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Պատգամավորի լիազորությունների ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես ընդհանուր և մասնագիտական ստաժ: Անընդհատ աշխատանքային ստաժը պահպանվում է, եթե պատգամավորն իր լիազորությունների ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ընդունվում է աշխատանքի:
Հոդված 11. Պատգամավորի արձակուրդը
1. Ազգային ժողովի նախագահին, փոխնախագահին, մշտական հանձնաժողովների նախագահներին եւ նրանց տեղակալներին տրվում է ամենամյա արձակուրդ՝ 36 աշխատանքային օր տեւողությամբ, որից 12-ը՝ ձմռանը, իսկ 24-ը՝ ամռանը:
2. Արձակուրդի ժամանակացույցը սահմանում է Ազգային ժողովի նախագահը՝ հարցը նախապես քննարկելով Ազգային ժողովի նախագահության նիստում:
Հոդված 12. Պատգամավորի լիազորությունների դադարումը
1. Պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե ՝
ա) ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը.
բ) արձակվել է Ազգային ժողովը.
գ) նա խախտել է «Ազգային ժողովի մասինե օրենքի 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջները.
դ) նա կորցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը.
ե) մեկ նստաշրջանի նիստերի առնվազն կեսից նրա բացակայելը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով համարվել է անհարգելի.
զ) նա դատապարտվել է ազատազրկման.
է) օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի որոշումը.
ը) ուժի մեջ է մտել նրա ընտրության գրանցումը չեղյալ հայտարարելու մասին գերագույն դատարանի սահմանադրական ատյանի որոշումը.
թ) նա տվել է հրաժարական՝ սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով.
ժ) նա մահացել է:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «գե, «դե, «զե, «էե, «ըե և «ժե ենթակետերով նախատեսված դեպքերում, համապատասխան փաստաթղթերի հիման վրա, կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հոդված 13. Նստաշրջանի ընթացքում նիստերից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը
1. Պատգամավորի մասնակցությունը նիստերին հաշվառում է քարտուղարությունը:
2. Քարտուղարությունը յուրաքանչյուր նստաշրջանի առաջին շաբաթվա ընթացքում պատգամավորներին տեղեկանք է տալիս նախորդ նստաշրջանի ընթացքում նիստերից նրանց բացակայության մասին:
3. Նիստերից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե՝
ա) նրա գործունակությունը վերականգնվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, քարտուղարության ղեկավարին ներկայացնում է անաշխատունակության թերթիկ.
բ) նա, նիստերից հետո` եռօրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին պաշտոնապես տեղեկացնում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, և այն վերջինիս որոշմամբ համարվում է հարգելի.
4. Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստի քննարկմանն է ներկայացնում տեղեկանք և Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ նախորդ հերթական նստաշրջանի նիստերի առնվազն կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին:
5. Պատգամավորն առնվազն յոթ օր առաջ տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում իր բացակայությունների հարցի քննարկման մասին: Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է առաջիկա հերթական նիստ, որն այն քննարկում է անկախ նրա ներկայությունից:
6. Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ որոշման նախագիծը քննարկվում է առանձին՝ սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով: Քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավոր կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ տասը րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով:
7. Նստաշրջանի ընթացքում նիստերի կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
8. Վերոհիշյալ որոշման հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հոդված 14. Պատգամավորի հրաժարական տալու կարգը
1. Պատգամավորը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին:
2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 30 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հոդված 15. Պատգամավորի անձեռնմխելիությունը
1. Պատգամավորական լիազորությունների ընթացքում և դրանից հետո անձը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորի կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:
2. Պատգամավորին չի կարելի կալանավորել, վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել առանց Ազգային ժողովի համաձայնության:
3. Պատգամավորին կալանավորելու, վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համար համաձայնություն տալու մասին միջնորդագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ՝ Գլխավոր դատախազ) ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին անմիջապես տեղեկացնում է պատգամավորին և ապահովում միջնորդագրի տրամադրումը պատգամավորներին Ազգային ժողովի նստավայրում:
4. Ազգային ժողովում միջնորդագիրը քննարկվում է սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ՝
ա) մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով հանդես են գալիս Գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են տրվել հարցեր.
բ) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն պատգամավորները.
գ) մինչև 20 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես են գալիս միջնորդագրում նշված պատգամավորը և Գլխավոր դատախազը:
5. Եթե հարցի քննարկումն սկսվելիս միջնորդագրում նշված պատգամավորը նիստին ներկա չէ, եւ նա իր բացակայության պատճառի մասին նախապես չի տեղեկացրել Ազգային ժողովի նախագահին կամ տեղեկացրել է, սակայն վերջինիս կողմից այն հարգելի չի համարվել, ապա տվյալ հարցն Ազգային ժողովում քննարկվում է առանց այդ պատգամավորի մասնակցության:
6. Պատգամավորին կալանավորելու, վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
ԳԼՈՒԽ 2
ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ
Հոդված 16. Պատգամավորական խմբակցությունների եւ խմբերի ստեղծման կարգը
1. Առնվազն 5 պատգամավոր կարող են ստեղծել պատգամավորական խմբակցություն, 3 պատգամավորներ՝ պատգամավորական խումբ՝ Ազգային ժողովի նիստում Ազգային ժողովի նախագահին ներկայացնելով խմբակցության (խմբի) ստեղծման մասին իրենց ստորագրած հայտարարությունը, որը նիստը վարողը հրապարակում է Ազգային ժողովի նույն նիստում:
2. Խմբակցությունը (խումբը) Ազգային ժողովի նախագահին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները:
3. Խմբակցության (խմբի) անվանումը չպետք է համընկնի գործող, կասեցված կամ արգելված որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվան հետ:
4. Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից (խմբից)՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության (խմբի) ղեկավարին:
5. Խմբակցությունը (խումբը) համալրվում է խմբի ղեկավարին ուղղված պատգամավորի գրավոր դիմումի հիման վրա՝ խմբակցության (խմբի) որոշմամբ:
6. Խմբակցությունը (խումբը) լուծարվում է իր որոշմամբ կամ, եթե նրա անդամների թիվը նվազում է համապատասխանաբար 5-ից և 3-ից եւ չի լրացվում՝ այդ մասին Ազգային ժողովի նիստում արված հայտարարությունից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
7. Խմբակցության (խմբի) կազմի փոփոխության կամ լուծարման մասին գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի առաջիկա նիստում կամ նիստը վարողին, որն այդ մասին հայտարարում է նույն նիստում:
Հոդված 17. Խմբակցության եւ պատգամավորական խմբի գործունեության ապահովումը
1. Ազգային ժողովի նիստերի դահլիճում խմբակցությանը և պատգամավորական խմբին հատկացվում են առանձին հատվածներ:
2. Ազգային ժողովի նստավայրում խմբակցությունը և պատգամավորական խումբն ապահովվում են առանձին աշխատասենյակներով:
ԳԼՈՒԽ 3
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ
Հոդված 18. Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահի ընտրությունը
1. Ազգային ժողովի նախագահի պաշտոնում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորներին, իսկ փոխնախագահինը՝ Ազգային ժողովի նախագահին:
2. Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններում առաջադրված թեկնածուների ընտրության հարցերը քննարկվում են սույն օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:
3. Ազգային ժողովի նախագահն ընտրվում է Ազգային ժողովի լիազորությունների ամբողջ ժամկետով, գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
4. Ազգային ժողովի փոխնախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոդված 19. Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահի իրավասությունները
Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահի իրավասությունները կարգավորվում են «Ազգային ժողովի մասինե օրենքի 13-րդ եւ 14-րդ հոդվածներով:
Հոդված 20. Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահի լիազորությունների դադարումը
1. Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահի լիազորությունները դադարում են սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:
2. Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Ազգային ժողովի որոշմամբ՝ նրանց հրաժարականի կամ պատգամավորի ներկայացրած որոշման նախագծի հիման վրա:
3. Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահի հրաժարականների մասին հարցերն Ազգային ժողովում քննարկվում են սույն օրենքի 54-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով:
4. Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումների նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են սույն օրենքի 54-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով:
5. Ազգային ժողովի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
ԳԼՈՒԽ 4
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 21. Մշտական հանձնաժողովները եւ նրանց գործունեությունը
1. Մ՝շտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով:
2. Մշտական հանձնաժողովները կազմավորվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում և գործում են մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:
3. Մշտական հանձնաժողովների կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:
4. Մշտական հանձնաժողովները և նրանց գործունեության ոլորտներն են՝
ա) արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ, միջխորհրդարանական կապեր, սփյուռքի հետ կապեր, արտաքին տնտեսական կապեր, մամուլ եւ լրատվամիջոցներ.
բ) արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողով գյուղատնտեսություն, բնության պահպանություն, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, տրանսպորտ, արտադրական ենթակառուցվածքային այլ ճյուղեր, առեւտուր եւ ծառայություններ.
գ) պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ պաշտպանություն, անվտանգություն, ներքին գործեր, ռազմական-ուսումնական հաստատություններ, սահմանադրական հարցեր, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, փաստաբանական եւ նոտարական ծառայություն, քաղաքացիական, քրեական եւ վարչական օրենսդրություն.
դ) պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ պատգամավորական մանդատ, պատգամավորական պարկեշտություն, մարդու եւ քաղաքացու իրավունքներ ու ազատություններ, պետական մարմիններ, պետական ծառայություն, տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, Ազգային ժողովի կանոնակարգ, ընտրական համակարգ, հասարակական, հասարակական-քաղաքական եւ կրոնական կազմակերպություններ.
ե) սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ գիտություն, կրթություն, մշակույթ, երիտասարդություն եւ սպորտ, սոցիալական ապահովություն, սոցիալական ապահովագրություն, առողջապահություն, աշխատանք, զբաղվածություն, ընտանիք, բնակարանային շինարարություն.
զ) ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողով՝՝ բյուջե, հարկեր, տուրքեր, վճարներ, դրամ եւ դրամաշրջանառություն, ներքին եւ օտարերկրյա ներդրումներ, բանկային համակարգ, ֆինանսավարկային կազմակերպություններ, տարածքային զարգացում, տնտեսության պետական կարգավորում, սեփականաշնորհում, շուկայական ենթակառույցներ, ձեռնարկատիրական գործունեություն, արտաքին տնտեսական կապեր, ֆինանսական եւ տնտեսական բնույթի միջազգային պայմանագրեր:
5. Մշտական հանձնաժողովն ունի իր կանոնակարգը, որը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:
6. Աշխատակազմը մշտական հանձնաժողովներին ապահովում է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, Գերագույն դատարանի սահմանադրական ատյանի ընդունած ակտերով:
Հոդված 22. Ժամանակավոր հանձնաժողովը եւ նրա գործունեությունը
1. Ժամանակավոր հանձնաժողովներն ստեղծվում են առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի իրադարձությունների և փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:
2. Ազգային ժողովը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս սահմանում է նրա խնդիրները, գործունեության ժամկետը և կարգը:
3. Իր գործունեության արդյունքների մասին ժամանակավոր հանձնաժողովը սահմանված ժամկետում զեկուցում է Ազգային ժողովի նիստում:
4. Ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացության, տեղեկանքի հիման վրա պատգամավորը տվյալ հարցի վերաբերյալ կարող է ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծ, որն առանց քվեարկության ընդգրկվում է նիստի օրակարգ և քննարկվում արտահերթ:
5. Ժամանակավոր հանձնաժողովի մասնագետները (փորձագետները) աշխատանքի են ընդունվում պայմանագրային կարգով՝ հանձնաժողովի գործունեության ժամկետով: Նրանց կազմն ու թվաքանակը հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ համապատասխան հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:
Հոդված 23. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը եւ նրա գործունեությունը
1. Ազգային ժողովի որոշմամբ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին նիստում ստեղծվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով (այսուհետ՝ հաշվիչ հանձնաժողով), որը պահպանում է իր լիազորությունները մինչև հաջորդ հերթական նստաշրջանի սկիզբը:
2. Ընտրվող պաշտոններում կամ մարմիններում քվեարկվող թեկնածուն, ինչպես նաև քվեարկության դրված հարցի հեղինակը չի կարող լինել հաշվիչ հանձնաժողովի անդամ:
3. Հաշվիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
4. Հաշվիչ հանձնաժողովը՝
ա) սույն օրենքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով կազմակերպում է գաղտնի քվեարկությունների անցկացումը և Ազգային ժողով ներկայացնում դրանց արդյունքները.
բ) սույն օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում գրանցում է պատգամավորներին.
գ) սույն օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում հաշվում է պատգամավորների ձայները:
5. Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ:
Հոդված 24. Հանձնաժողովների կազմավորման ընդհանուր կարգը
1. Սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկվում են վեց, իսկ մյուս մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրում` հնգական պատգամավոր:
2. Հանձնաժողովների կազմը պետք է արտահայտի խմբակցությունների, պատգամավորական խմբերի և դրանց կազմում չընդգրկված պատգամավորների թվական հարաբերակցությունները:
3. Մշտական հանձնաժողովներում պատգամավորներն ընդգրկվում են իրենց գրավոր դիմումի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից:
Հոդված 25. Հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը
1. Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորներին:
2. Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության հարցը քննարկվում է սույն օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:
3. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:
4. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Ազգային ժողովի որոշմամբ՝ նրա հրաժարականի կամ պատգամավորի ներկայացրած որոշման նախագծի հիման վրա:
5. Մշտական հանձնաժողովի նախագահի հրաժարականի մասին հարցն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 54-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով:
6. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 54-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով:
7. Մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
8. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի նախագահի տեղակալ և աշխատանքային խմբի ղեկավարներ ընտրում է հանձնաժողովը՝ իր որոշմամբ:
9. Հանձնաժողովի նախագահը ՝
ա) նախապատրաստում և վարում է հանձնաժողովի նիստերը.
բ) հրավիրում է հանձնաժողովի արտահերթ նիստ.
գ) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.
դ) համակարգում է աշխատանքային խմբերի աշխատանքները.
ե) ապահովում է հանձնաժողովի որոշումների կատարումը.
զ) ընթացք է տալիս և պատասխանում հանձնաժողովին ուղղված դիմումներին.
է) ղեկավարում է հանձնաժողովի մասնագետի (փորձագետի) աշխատանքը.
ը) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
10. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում տեղակալը փոխարինում է նրան:
Հոդված 26. Հանձնաժողովների նիստերի հրավիրման կարգը
1.Մշտական հանձնաժողովների հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ոչ պակաս,
քան ամիսը մեկ անգամ՝ հանձնաժողովի սահմանած օրերին:
2. Ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստերը տեղի են ունենում հանձնաժողովի սահմանած օրերին՝ ըստ անհրաժեշտության:
3. Հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի է ունենում նրա նախագահի կամ առնվազն երկու անդամի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:
4. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:
Հոդված 27. Հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը
1. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. Հանձնաժողովի դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, կարող են ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, նրա լիազորած ներկայացուցիչը, վարչապետը, նրա լիազորած ներկայացուցիչը, Գերագույն դատարանի սահմանադրական ատյանի նախագահը, Կառավարության անդամները, Վերահսկիչ պալատի նախագահը, ինչպես նաև հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք: Հանձնաժողովի դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է:
3. Հանձնաժողովի դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի 2-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանձնաժողովի մասնագետը (փորձագետը), հանձնաժողովի նախագահի հրավիրած և օրենքով նախատեսված այլ անձինք:
4. Հանձնաժողովի նիստում նախագծի կամ դրա վերաբերյալ առաջարկությունների քննարկմանն իրավունք ունեն մասնակցել տվյալ փաստաթղթերի հեղինակները:
5. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերի հեղինակները, այլ շահագրգիռ մարմինները և պաշտոնատար անձինք տեղեկացվում են քննարկումներից առնվազն երեք օր առաջ:
Հոդված 28. Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման եւ որոշումների ընդունման կարգը
1. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա եւ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, եւ այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված դեպքում՝ նրա տեղակալը:
2. Նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:
3. Նիստում քվեարկությունները կատարվում են միայն տվյալ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:
4. Հանձնաժողովի անդամը կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց:
5. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
6. Նիստի արձանագրությունն ստորագրում է հանձնաժողովի նախագահը:
Հոդված 29. Գլխադասային հանձնաժողովը
1. Գլխադասային հանձնաժողովն Ազգային ժողովի մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովների կազմից, սույն օրենքով սահմանված կարգով, Ազգային ժողովի նախագահի նշանակած հանձնաժողովն է:
2. Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչն Ազգային ժողովում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկման ընթացքում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով հանձնաժողովի եզրակացությունը՝ նախագծի կամ դրա վերաբերյալ արված առաջարկությունների մասին:
3. Հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկվելուց առաջ օրենքի նախագիծը կարող է գլխադասային հանձնաժողովի որոշմամբ այլընտրանքային համարվել միևնույն ոլորտը կարգավորող օրենքի նախագծի կամ Հանրապետության Նախագահի կողմից դեռևս չստորագրված օրենքի նկատմամբ:
Հոդված 30. Հանձնաժողովների համատեղ նիստերը
Հանձնաժողովները կարող են անցկացնել համատեղ նիստեր, որտեղ որոշումները յուրաքանչյուր հանձնաժողովի կողմից ընդունվում են առանձին-առանձին:
Հոդված 31. Խորհրդարանական լսումները
1. Հանձնաժողովները կարող են որոշում ընդունել խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին՝ տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին:
2. Լսումների օրը, ժամը և անցկացման վայրը, ինչպես նաև զեկուցողների ու հրավիրվածների ցանկը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ: Լսումների անցկացման օրը չպետք է համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ:
3. Լսումների կազմակերպման մասին տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ հաղորդվում է զանգվածային լրատվության միջոցներով:
4. Լսումներն անցկացվում են դրանք կազմակերպող հանձնաժողովի կողմից հաստատված ընթացակարգով:
5. Լսումները վարում է դրանք կազմակերպող հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված դեպքում՝ նրա տեղակալը:
6. Լսումների ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, դրանք կազմակերպած հանձնաժողովն ընդունում է որոշում լսումների արդյունքներն ամփոփելու մասին և որոշումը ներկայացնում համապատասխան մարմիններ ու պաշտոնատար անձանց:
Հոդված 32. Պատգամավորների մասնակցությունը հանձնաժողովի նիստերին
1. Հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել հանձնաժողովի նիստերին:
2. Հանձնաժողովի անդամը նիստին ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին՝ նախօրոք տեղյակ է պահում հանձնաժողովի նախագահին:
3. Հերթական նստաշրջանի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ նստաշրջանի ընթացքում հանձնաժողովի նիստերից պատգամավորների բացակայության մասին տեղեկանք, որը հրապարակվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջին նիստում:
Հոդված 33. Ազգային ժողովի նախագահությունը եւ նրա գործունեությունը
1.«Ազգային ժողովի մասինե օրենքի 15-րդ հոդվածին համաձայն՝ Ազգային ժողովի նախագահությունը խորհրդակցական աշխատանքային մարմին է:
2. Ազգային ժողովի նախագահությունում ի պաշտոնե ընդգրկվում են՝ Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահը, մշտական հանձնաժողովների նախագահները եւ պատգամավորական խմբակցությունների ղեկավարները:
3. Ազգային ժողովի նախագահության նիստը հրավիրում եւ նիստի որոշումները ստորագրում է Ազգային ժողովի նախագահը:
4. Ազգային ժողովի նախագահությունը նախապես քննարկում է հերթական նստաշրջանի օրենսդրական գործունեության ծրագրի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ, 11-րդ հոդվածի 2-րդ, 77-րդ հոդվածի 3-րդ, 85-րդ հոդվածի 3-րդ, 100-րդ հոդվածի 3-րդ եւ 101-րդ հոդվածի 2-րդ կետերով նախատեսված հարցերը:
5. Հաշվի առնելով նախագահության նիստում ներկայացված առաջարկությունները, Ազգային ժողովի նախագահությունը հաստատում է հերթական նստաշրջանի օրենսդրական գործունեության ծրագրի ու դրանում լրացումներ կատարելու մասին Ազգային ժողովի որոշման, ինչպես նաեւ հերթական նիստի օրակարգի նախագծերը եւ դրանք ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը:
6. Ազգային ժողովի նախագահի հրավերով նախագահության նիստերին կարող են մասնակցել պետական մարմինների, հասարակական ու հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ, մասնագետներ, լրագրողներ եւ այլ անձինք:
ԳԼՈՒԽ 5
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Հոդված 34. Առաջին նիստի գումարումը
1. Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երկրորդ հինգշաբթի օրը՝ ժամը 11-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Առաջին նիստը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը վարում է տարիքով ավագ պատգամավորը:
Հոդված 35. Ողջույնի ելույթները
Առաջին նիստի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյան Թեմի առաջնորդը:
Հոդված 36. Պատգամավորների երդումը
1. Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են՝
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝
երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները, նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:
2. Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորներն Ազգային ժողովի նախագահի ներկայությամբ ստորագրում են երդման տեքստի տակ:
Հոդված 37. Պատգամավորներին ներկայացնելը եւ գրանցումը
1. Պատգամավորների երդումից հետո նիստը վարողը ներկայացնում է պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ընտրատարածքի համարը:
2. Պատգամավորներին ներկայացնելուց հետո կատարվում է գրանցում:
Հոդված 38. Առաջին նիստի օրակարգը
Նիստը վարողը հայտարարում է առաջին նիստի օրակարգը՝
ա) հաշվիչ հանձնաժողովի ընտրություն.
բ) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.
գ) Ազգային ժողովի փոխնախագահի ընտրություն.
դ) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.
ե) մշտական հանձնաժողովների կազմավորում.
զ) Կառավարության գործունեության ծրագրի ներկայացում և Կառավարության վստահության հարց:
Հոդված 39. Առաջին նիստի օրակարգային հարցերի քննարկման ժամկետները
1. Առաջին նիստը շարունակվում է մինչեւ օրակարգային հարցերի սպառումը:
2. Մինչև օրակարգային «աե-«եե հարցերի սպառումը քննարկումները անցկացվում են ամեն օր
ժամը 11-ից մինչև 18-ը: Յուրաքանչյուր մեկուկես ժամից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է:
3. Օրակարգային «աե - «եե հարցերի սպառումից հետո հայտարարվում է ընդմիջում օրակարգի «զե հարցի նախապատրաստման համար՝ մինչեւ մեկ ամիս տեւողությամբ: Հարցի քննարկման օրը հայտարարում է Ազգային ժողովի նախագահը:
Հոդված 40. Առաջին նիստի փակումը
Առաջին նիստը փակվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:
ԳԼՈՒԽ 6
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ
Հոդված 41. Հերթական նստաշրջանների գումարման կարգը
1.Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր եւ փետրվար-հունիս ամիսներին:
2. Նստաշրջաններն անցկացվում են ամիսն առնվազը մեկ անգամ գումարվող նիստերի միջոցով, որոնք տեղի են ունենում չորեքշաբթի օրերը՝ ժամը 11-ից մինչև 18-ը: Յուրաքանչյուր մեկուկես ժամից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է:
3.Հարցի քննարկումն ավարտելու նպատակով հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ դա կարող է շարունակվել ժամը 18.30-ից մինչև 20-ը:
4.Եթե մեկ օրվա ընթացքում օրակարգային հարցերը չեն սպառվում, նիստը շարունակվում է հաջորդ աշխատանքային օրը (օրերը) եւ անցկացվում է սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված կարգով:
5.Յուրաքանչյուր հերթական նիստում՝ ժամը 17.30-ից, պատգամավորները, ըստ հերթագրման հաջորդականության, կարող են հանդես գալ մինչև 3 րոպե տևողությամբ հայտարարություններով, որոնց տեսագրությունը ամբողջությամբ ցուցադրվում է Հանրային հեռուստառադիոընկերության առաջիկա «Խորհրդարանական ժամե հեռուստահաղորդաշարի միջոցով:
6.Վարչապետը և Կառավարության անդամները սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված նիստերում եւ նույն հոդվածով սահմանված կարգով՝ մինչեւ մեկ ժամ տեւողությամբ պատասխանում են պատգամավորների հարցերին: Հարց ու պատասխանի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրում է հեռուստաընկերությունը:
7.Օրենքով ոչ աշխատանքային հայտարարված օրերին հերթական նիստեր չեն անցկացվում: Այդ օրերը հանվում են սույն օրենքով սահմանված ժամկետների հաշվարկից, իսկ նիստերն անցկացվում են հաջորդ աշխատանքային օրերին:
Հոդված 42. Արտահերթ նստաշրջանի գումարման կարգը
1. Արտահերթ նստաշրջանը գումարում է Հանրապետության Նախագահը՝
ա) իր նախաձեռնությամբ և անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով ու ժամկետում.
բ) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության առաջարկությամբ:
2. Արտահերթ նստաշրջան գումարելու մասին Կառավարության նախաձեռնությունն իրականացվում է նրա որոշմամբ, որը ներառում է նստաշրջանի օրակարգի նախագիծը, ինչպես նաև օրակարգային հարցերի մասին օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծերը: Կառավարության որոշումն ստորագրելուց հետո՝ երկշաբթյա ժամկետում, Հանրապետության նախագահը գումարում է արտահերթ նստաշրջան:
3. Արտահերթ նստաշրջան գումարելու մասին պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է քարտուղարությունից ստացված ձևաթուղթը ստորագրելու և սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով:
4. Ձևաթղթում նշվում են արտահերթ նստաշրջանի նախատեսվող օրակարգը և անցկացման ժամկետը, ինչպես նաև կցվում են օրակարգային հարցի մասին օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծերը:
5. Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ:
6. Եթե ստացման պահից 48 ժամվա ընթացքում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա ձևաթուղթը նույն օրը ներկայացնում է Հանրապետության Նախագահին, որը երկշաբթյա ժամկետում գումարում է արտահերթ նստաշրջան:
7. Ձևաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված:
8. Արտահերթ նստաշրջանը չի կարող տևել երեք օրից ավելի և կարող է ընդհատվել նախաձեռնողի (ների) ներկայացուցչի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ, որը, առանց քննարկման, քվեարկվում է անմիջապես: Սահմանված ժամկետը լրանալու կամ օրակարգն սպառվելու դեպքում արտահերթ նստաշրջանը համարվում է փակված:
9. Արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր օրվա աշխատանքը կազմակերպվում է ժամը 11-ից մինչև 18-ը՝ մեկուկես ժամ տևողությամբ նիստերով: Յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է:
10. Սույն հոդվածի 1-ին կետի «բե ենթակետով նախատեսված դեպքում արտահերթ նստաշրջանն սկսվում է նախաձեռնողի (ների) ներկայացրած օրակարգի նախագծի քննարկմամբ, որն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝
ա) օրակարգի նախագիծը ներկայացնելու և պատգամավորների հարցերին պատասխանելու համար նախաձեռնողի (ների) ներկայացուցչին հատկացվում է 10-ական րոպե.
բ) հարցերը տրվում են սույն օրենքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով.
գ) մտքերի փոխանակությունը տեղի է ունենում սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հետևյալ տարբերությամբ. մտքերի փոխանակության համար հատկացվում է մինչև 30 րոպե, ելույթ ունեցողը, բացառությամբ օրակարգի նախագծում ընդգրկված հարցի հեղինակի (հիմնական զեկուցողի), հանդես է գալիս խոսափողից՝ 2 րոպեի ընթացքում.
դ) ելույթներն ավարտվում են սահմանված ժամկետում, եթե Ազգային ժողովը նախաձեռնողի (ների) առաջարկությամբ այլ որոշում չի ընդունում:
11. Արտահերթ նստաշրջանի օրակարգի նախագծի քննարկումն ավարտվում է նախաձեռնողի (ների) ներկայացուցչի՝ մինչև 5 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով, որտեղ նա կարող է առաջարկել քվեարկության դնել օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը կամ դրանց մի մասն արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը: Որոշումն ընդունվելու դեպքում օրակարգի նախագծում մնացած, իսկ չընդունվելու դեպքում օրակարգի նախագծում ընդգրկված բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:
12. Եթե քվեարկությունների արդյունքում օրակարգը չի հաստատվում, ապա արտահերթ նստաշրջանը համարվում է փակված:
13. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը, առանց Ազգային ժողովի քննարկման, արտահերթ նստաշրջանի, միաժամանակ հերթական նիստի օրակարգերից կարող է հանվել միայն հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ: Հեղինակը (հիմնական զեկուցողը) իրավունք ունի այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ, որն ընդունվում է առանց քվեարկության:
14. Նախաձեռնողը (ները) օրակարգի նախագծում ընդգրկված հարցերի նախագծերը ոչ ուշ, քան արտահերթ նստաշրջանի առաջին նիստից 24 ժամ առաջ, տրամադրում է (են) մշտական հանձնաժողովներին:
Հոդված 43. Արտահերթ նիստի գումարման կարգը
1. Արտահերթ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ:
2. Արտահերթ նիստ գումարելու մասին Կառավարության նախաձեռնությունն իրականացվում է նրա որոշմամբ, որը ներառում է արտահերթ նիստի օրակարգը, անցկացման ժամկետը և օրակարգային հարցի մասին օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը:
3. Արտահերթ նիստ գումարելու մասին պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է քարտուղարությունից ստացված ձևաթուղթը ստորագրելու և սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով:
4. Ձևաթղթում նշվում է արտահերթ նիստի նախատեսվող օրակարգը և անցկացման ժամկետը, ինչպես նաև կցվում է օրակարգային հարցի մասին օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը:
5. Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ:
6. Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա գումարում է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:
7. Ձևաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված:
8. Արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած մեկ օրակարգային հարցով՝ հերթական նստաշրջանի ընթացքում:
9. Օրակարգային հարցի քննարկումն ավարտվելուց հետո արտահերթ նիստը համարվում է փակված:
10. Արտահերթ նիստի աշխատանքը կազմակերպվում է ժամը 11-ից մինչև 18-ը, իսկ հերթական նիստերի օրը՝ ժամը 18.30-ից մինչև 24-ը՝ մեկուկես ժամ տևողությամբ նիստերով: Յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Եթե արտահերթ նիստն սկսվում է ժամը 11-ին, ապա երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է:
11. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը, առանց Ազգային ժողովի քննարկման, արտահերթ նիստի օրակարգից եւ նստաշրջանի օրենսդրական գործունեության ծրագրից կարող է հանվել միայն հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ: Հեղինակը (հիմնական զեկուցողը) իրավունք ունի այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ, որն ընդունվում է առանց քվեարկության:
12. Նախաձեռնողներն օրակարգի նախագծում ընդգրկված հարցի նախագիծը ոչ ուշ, քան արտահերթ նիստից 24 ժամ առաջ, տրամադրում են մշտական հանձնաժողովներին:
Հոդված 44. Հատուկ նիստերը
1. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի հրապարակվելուց հետո անհապաղ գումարվում է հատուկ նիստ:
2. Հատուկ նիստի օրակարգում առանց քվեարկության ընդգրկվում և քննարկվում են պատերազմ հայտարարելու մասին որոշման նախագիծը և ռազմական դրություն հայտարարելու մասին միջոցառումների ծրագիրը:
Հոդված 45. Դռնբաց եւ դռնփակ նիստերը
1. Ազգային ժողովի նիստերը դռնբաց են:
2. Դռնփակ նիստ կարող է գումարվել Ազգային ժողովի որոշմամբ:
3. Դռնփակ նիստի բովանդակության մասին պաշտոնական հաղորդագրությունից բացի այլ տեղեկությունների տարածումը հետապնդվում է օրենքով:
4. Դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է:
5. Դռնփակ նիստի ընթացքում արգելվում է դահլիճ բերել և օգտագործել ֆոտոտեխնիկա, կինոտեխնիկա և տեսատեխնիկա, ռադիոկապի և հեռախոսակապի, ինչպես նաև ձայնագրման և տեղեկատվության մշակման միջոցներ, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի:
6. Դռնփակ նիստի սղագրությունը պահվում է գաղտնի փաստաթղթերի պահպանման ռեժիմով:
7. Դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, իրավունք ունեն ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, նրա լիազորած ներկայացուցիչը, վարչապետը, նրա լիազորած ներկայացուցիչը, Կառավարության անդամները, գլխավոր դատախազը, գերագույն դատարանի նախագահը, Վերահսկիչ պալատի նախագահը և նիստը վարողի հրավիրած անձինք:
8. Դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի 7-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել նաև Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահի խորհրդականներն ու օգնականները, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի փորձագետները, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները, քարտուղարության ղեկավարի սահմանած ցանկով նիստի սպասարկումը և լուսաբանումն ապահովող աշխատակիցները, ինչպես նաև նիստը վարողի և քննարկվող հարցի գլխադասային հանձնաժողովի հրավիրած անձինք:
9. Հանրապետության Նախագահի, նրա լիազորած ներկայացուցչի, վարչապետի, Կառավարության անդամների, գլխավոր դատախազի, գերագույն դատարանի նախագահի, Վերահսկիչ պալատի նախագահի և հրավիրված անձանց համար Ազգային ժողովի նիստերի դահլիճում առանձնացվում են հատուկ տեղեր:
10. Նիստի ժամանակ դահլիճում կարող են բաժանվել միայն օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող նյութերը, ինչպես նաև հանձնաժողովների, պատգամավորների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի հայտարարությունները:
11. Նիստի ժամանակ բաժանվող ցանկացած փաստաթուղթ պետք է կրի դրա նախաձեռնողի ստորագրությունը և Ազգային ժողովի նախագահի, նիստը վարողի կամ տվյալ հարցի գլխադասային հանձնաժողովի նախագահի համաձայնության մասին նշագրումը:
12. Նիստի ժամանակ դահլիճում արգելվում է բջջային և կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի:
Հոդված 46. Պատգամավորների գրանցումը
1. Օրվա առաջին և արտահերթ նիստն սկսվում է պատգամավորների գրանցումով՝ նիստը վարողի հայտարարությամբ: Չգրանցված պատգամավորը գրանցվում է իր խնդրանքով:
2. Պատգամավորը գրանցվում է անձամբ: Գրանցումը համարվում է քվեարկություն:
3. Գրանցումը կատարում է հաշվիչ հանձնաժողովը:
4. Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են (սահմանված կարգով գրանցվել են) պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդը:
5. Եթե նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ: Նշված ժամկետում քվորում չապահովելու դեպքում տվյալ օրվա նիստը համարվում է չկայացած:
Հոդված 47. Ազգային ժողովի նիստի վարման կարգը
1. Նիստը վարողը՝
ա) բացում, ընդհատում և փակում է նիստը.
բ) որոշում է օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը.
գ) ձայն է տալիս և ավելացնում ելույթի ժամանակը.
դ) կազմակերպում է պատգամավորների գրանցումը, հերթագրումը, քվեարկության անցկացումը և դրանց արդյունքների հրապարակումը.
ե) համակարգում է նիստն սպասարկող աշխատակիցների աշխատանքը.
զ) կարգազանց պատգամավորի նկատմամբ ձեռնարկում է սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված միջոցները.
է) կարող է ընդմիջել ելույթները՝ նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով.
ը) կարգազանց հրավիրվածներին հեռացնում է նիստերի դահլիճից.
թ) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
2. Կարգազանց են համարվում այն պատգամավորները կամ Ազգային ժողովի նիստում ներկա անձինք, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում և կատարում սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ:
3. Կարգազանց պատգամավորի նկատմամբ կարող են ձեռնարկվել հետևյալ միջոցները՝
ա) զգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով.
բ ) խոսափողի անջատում.
գ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում:
4. Եթե նիստում անկարգություն է առաջանում, և նիստը վարողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչև կես ժամով ընդհատել նիստը:
5. Եթե նիստի վերսկսվելուց հետո անկարգությունը չի դադարում, ապա նիստը վարողը հայտարարում է այն փակված:
ԳԼՈՒԽ 7
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 48. Օրենսդրական նախաձեռնության իրավունքը
1. «Ազգային ժողովի մասինե օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին եւ կառավարությանը:
2. Օրենսդրական նախաձեռնության իրավունքն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանն օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի առաջադրմամբ:
3. Օրենքի նախագծերի փաթեթը ներառում է՝
ա) առաջադրվող օրենքի նախագիծը.
բ) օրենքի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների նախագծեր:
4. Օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կից ներկայացվում են՝
ա) օրենքի ընդունման հիմնավորումը.
բ) օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը.
գ) Ազգային ժողովի այն որոշումների ցանկը, որոնցով ընդունվելիք օրենքի կարգավորման ոլորտում Կառավարությանը տրվել է օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու լիազորություն, կամ տեղեկանք՝ դրանց բացակայության մասին:
5. Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կցվում է տեղեկանք, որում ներկայացվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը:
6. Չի թույլատրվում օրենքի նախագծում ընդգրկել տարբեր օրենքներում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին դրույթներ:
Հոդված 49. Օրենքի նախագծի առաջադրման կարգը
1. Օրենքի նախագիծը համարվում է Ազգային ժողովում առաջադրված, եթե այն սույն օրենքի 48-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պաշտոնապես ներկայացվել է Ազգային ժողովի նախագահին:
2. Եթե օրենքի նախագիծն առաջադրել են մի քանի պատգամավոր, ապա Ազգային ժողովում քննարկումների ընթացքում որպես հիմնական զեկուցող (հեղինակ) հանդես է գալիս նրանցից մեկը:
3. Կառավարությունը օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն առաջադրում է իր որոշմամբ, որը ներառում է՝
ա) սույն օրենքի 48-րդ հոդվածում նշված փաստաթղթերը.
բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Կառավարության անդամի կամ լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը.
գ) անհրաժեշտության դեպքում՝ պետության եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը:
4. Կառավարությունը իր կողմից առաջադրված օրենքի նախագծի տեքստը ներկայացնում է նաև էլեկտրոնային կրիչի վրա կամ դա էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է քարտուղարություն:
Հոդված 50. Օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը
1. Ազգային ժողովի նախագահն առաջադրված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երկօրյա ժամկետում դնում է շրջանառության մեջ, այն ուղարկելով՝
ա) Կառավարություն (եթե հեղինակը Կառավարությունը չէ)՝ վարչապետի անունով, և քարտուղարություն, որոնք 20-օրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին ներկայացնում են իրենց եզրակացություններն առաջադրված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ.
բ) մշտական հանձնաժողովներ՝ դրանց կազմից նշանակելով գլխադասայինին, որը մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան Կառավարության և քարտուղարության եզրակացություններն ստանալը կամ դրանց ստացման ժամկետի սպառվելը, ներկայացնում է իր եզրակացությունը՝ օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը հերթական նիստի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ` հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին:
2. Կառավարությունը և քարտուղարությունը օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ իրենց եզրակացություններն Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում մեկամսյա, իսկ գլխադասային հանձնաժողովը՝ 40-օրյա ժամկետում, սակայն ոչ շուտ, քան Կառավարության և քարտուղարության եզրակացություններն ստանալը, կամ դրանց ստացման ժամկետն սպառվելը:
3. Քարտուղարության եզրակացությունը ներառում է օրենքի նախագիծը սույն օրենքի 48-րդ հոդվածի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ փորձաքննության արդյունքները:
4. Կառավարության եզրակացությունն անհրաժեշտության դեպքում ներառում է պետության եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին իր տեսակետը:
5. Եթե սահմանված ժամկետում Կառավարությունը եզրակացություն չի ներկայացնում առաջադրված օրենքի նախագծի վերաբերյալ, ապա համարվում է, որ այն չի նվազեցնում պետության եկամուտները կամ ավելացնում ծախսերը:
6. Ազգային ժողովի նախագահը Կառավարության և քարտուղարության եզրակացություններն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, ուղարկում է դրանք գլխադասային հանձնաժողով:
7. Կառավարության կողմից անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում և քվեարկվում է մեկամսյա ժամկետում՝ Ազգային ժողովի նախագահի կազմած ժամանակացույցի համաձայն, որտեղ սահմանվում են դրա վերաբերյալ եզրակացությունների ներկայացման և Ազգային ժողովում քննարկման ժամկետները:
8. Գլխադասային հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում օրենքի նախագիծը հերթական նիստի օրակարգ ընդգրկելու մասին սույն հոդվածի 1-ին կետի «բե ենթակետով նախատեսված դեպքում, միաժամանակ որոշելով օրենքի նախագծի այլընտրանքային համարելու հարցը, հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին:
9. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը հերթական նիստի օրակարգ է ընդգրկվում սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 8
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 51. Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացման իրավունքը
Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող են ներկայացնել՝
ա) Հանրապետության Նախագահը՝ իր իրավասությունների սահմաններում.
բ) Ազգային ժողովի նախագահը՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետով, 52-րդ հոդվածի «աե ենթակետով եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում.
գ) Կառավարությունը՝ սույն օրենքի 52-րդ հոդվածի «բե ենթակետով (եթե ինքն է արտահերթ նստաշրջանի նախաձեռնողը), 85-րդ հոդվածով եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում.
դ) պատգամավորը՝ սույն օրենքի 52-րդ հոդվածի «բե (եթե ինքն արտահերթ նստաշրջանը նախաձեռնողների ներկայացուցիչն է), «գե, «դե, «եե, «զե, «էե, «ըե, «թե (սույն օրենքի 61-րդ հոդվածի 11-րդ կետով նախատեսված դեպքում), «ժե ենթակետերով, 92-րդ հոդվածի 5-րդ կետով եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում.
ե) գլխադասային հանձնաժողովը՝ սույն օրենքի 52-րդ հոդվածի «դե, «եե և «էե ենթակետերով նախատեսված դեպքերում.
զ) այլ պետական մարմիններ և պաշտոնատար անձինք՝ օրենքով նախատեսված դեպքերում:
Հոդված 52. Ազգային ժողովի գործունեության կազմակերպման վերաբերյալ որոշումները
Իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովը կարող է սույն օրենքով նախատեսված դեպքերում ընդունել հետևյալ որոշումները՝
ա) հերթական նիստերի օրակարգերը հաստատելու մասին.
բ) արտահերթ նստաշրջանի օրակարգը հաստատելու մասին.
գ ) հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին.
դ) հրավիրված անձանց ելույթ ունենալու թույլտվության մասին.
ե) հեռուստատեսությամբ Ազգային ժողովի նիստի՝ ուղիղ եթերով կամ տեսագրությամբ հեռարձակման մասին.
զ) Ազգային ժողովի նիստի անցկացման վայրը փոխելու մասին.
է) Ազգային ժողովի դռնփակ նիստ անցկացնելու մասին.
ը) Ազգային ժողովի լրացուցիչ նիստ անցկացնելու մասին.
թ) հարցի քննարկումը մեկ ժամով ընդմիջելու մասին.
ժ) օրենքներով նախատեսված այլ դեպքերում:
Հոդված 53. Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացման եւ քննարկման կարգը
1. Ազգային ժողովի որոշման նախագծի գրավոր տեքստը պաշտոնապես ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին կամ սահմանված դեպքերում՝ նիստը վարողին:
2. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովի նախագահը ներկայացված նախագիծը երկօրյա ժամկետում դնում է շրջանառության մեջ, այն ուղարկելով՝
ա) քարտուղարություն, որը 20-օրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում իր եզրակացությունը նախագծի վերաբերյալ.
բ) մշտական հանձնաժողովներ՝ դրանց կազմից նշանակելով գլխադասայինին, որը մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան քարտուղարության եզրակացությունն ստանալը կամ դրա ստացման ժամկետն սպառվելը, ներկայացնում է իր եզրակացությունը նախագիծը հերթական նիստի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ՝ հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին:
3. Կառավարությունը, օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու լիազորություն ստանալու համար, Ազգային ժողովի որոշման նախագծի հետ ներկայացնում է դրա անհրաժեշտության հիմնավորումը, այդ որոշումից բխող Կառավարության կողմից ընդունվելիք որոշումների կարգավորման ոլորտները, սկզբունքները և գործողության ժամկետները:
4. Հանրապետության Նախագահի հրաժարականի մասին որոշման նախագծի քննարկման ընթացքում գլխադասային է համարվում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
5. Համաներում և պատերազմ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկման ընթացքում որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը, որպես հարակից զեկուցող՝ Ազգային ժողովի նախագահի կողմից նշանակված համապատասխան գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:
6. Ազգային ժողովին հաշվետու մարմնի, պաշտոնատար անձի հաշվետվությունները, ծրագրերը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերը կարող են ներկայացվել իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից: Դրանք Ազգային ժողովում քննարկվում են հատուկ ընթացակարգով:
Հոդված 54. Պաշտոնում ընտրելու, նշանակելու, պաշտոնատար անձի հրաժարականի եւ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին հարցերի քննարկումը
1. Պաշտոնում թեկնածուն առաջադրվում է, ինչպես նաև պաշտոնում նշանակելու մասին առաջարկությունը ներկայացնում է օրենքով իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը:
2. Ազգային ժողովի նիստում պաշտոնում ընտրելու կամ նշանակելու հարցերը քննարկվում են սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ՝
ա) պաշտոնում ընտրելու կամ նշանակում կատարելու համար թեկնածուներ առաջադրելու կամ առաջարկություն ներկայացնելու համար հատկացվում է մինչև 10 րոպե.
բ) որպես հիմնական զեկուցող հանդես են գալիս առաջադրված թեկնածուները.
գ) առաջադրված թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչև եզրափակիչ ելույթների ավարտը:
3. Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջարկվում է մեկ թեկնածու:
4. Եթե որևէ պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է կրկնական քվեարկություն, որին մասնակցում են առավել թվով ձայներ ստացած երկու թեկնածուները:
5. Եթե քվեարկությանը մասնակցել է երկու թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում են նոր ընտրություններ, և կարող են առաջադրվել նոր թեկնածություններ:
6. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձն իր հրաժարականի մասին գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին նիստը վարողը հայտարարում է առաջիկա հերթական նիստում: Հրաժարականի մասին հարցը քննարկվում է սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս հրաժարական ներկայացրած պաշտոնատար անձը:
7. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող են ներկայացնել սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմինը կամ պաշտոնատար անձը: Նախագիծը քննարկվում է սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես հարակից զեկուցող հանդես է գալիս որոշման նախագծում նշված պաշտոնատար անձը:
8. Ազգային ժողովի կողմից պաշտոնում ընտրությունը, նշանակումը, ինչպես նաև պաշտոնատար անձի հրաժարականն ընդունելու և նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ:
Հոդված 55. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու եւ լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշումների քննարկման կարգը
Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու եւ լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշումների քննարկման կարգը կարգավորվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
Հոդված 56. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծի քննարկման կարգը
1. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել՝
ա) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից՝ սույն օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ, 82-րդ, 87-րդ հոդվածների 6-րդ և 93-րդ հոդվածի 1-ին կետերով նախատեսված դեպքերում Կառավարության վստահության հարցը դրվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում.
բ) առանձին պատգամավորի կողմից:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «աե ենթակետում նշված նախաձեռնությունն իրականացվում է քարտուղարությունից ստացված ձևաթուղթն ստորագրելու և սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Ձևաթուղթն ստացման պահից 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված: Եթե սահմանված ժամկետում և անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովում սկսվում է քննարկվել Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը:
3. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քննարկվում է սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ՝
ա) մինչև 30 րոպե տևողությամբ զեկուցումով հանդես է գալիս հարցը նախաձեռնող պատգամավորը կամ պատգամավորների ներկայացուցիչը, որից հետո նույն տևողությամբ հարակից զեկուցումով հանդես է գալիս վարչապետը.
բ) մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես են գալիս հարցը նախաձեռնող պատգամավորը կամ պատգամավորների ներկայացուցիչը և վարչապետը, որից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:
4. Սույն հոդվածի 1-ին կետի «աե ենթակետում նշված դեպքերում Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 և ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում:
5. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
6. Վերոհիշյալ որոշումն ընդունվելու դեպքում վարչապետը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում Կառավարության հրաժարականի մասին:
Հոդված 57. Միջազգային պայմանագրերի վավերացման մասին որոշումների ընդունման կարգը
1. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվում, եթե դա կամ դրանում ամրագրված պարտավորությունները Գերագույն դատարանի սահմանադրական ատյանի որոշմամբ չեն հակասում օրենքներին:
2. Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի շրջանակը սահմանվում է օրենքով:
3. Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագրում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա Կառավարությունն այդ պայմանագրին կից ներկայացնում է տեղեկանք՝ օրենքներում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու աննպատակահարմարության մասին կամ այդ պայմանագրի վավերացումից հետո՝ 30-օրյա ժամկետում, Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքներում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու մասին նախագծերը:
4. Ազգային ժողովում միջազգային պայմանագրերի վավերացման կամ չեղյալ հայտարարելու մասին որոշման նախագիծը քննարկվում է սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը, իսկ հարակից զեկուցումներով՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Ազգային ժողովի նախագահի կողմից նշանակված այլ գլխադասային հանձնաժողովների ներկայացուցիչները:
5. Քննարկման ընթացքում պայմանագրի տեքստի փոփոխման կամ լրացման վերաբերյալ առաջարկությունները քվեարկության չեն դրվում:
ԳԼՈՒԽ 9
ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ
ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
Հոդված 58. Հերթական նիստի օրակարգի նախագիծը
1. Հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկվում են սահմանված կարգով շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերը կամ նախագծերի փաթեթները, Ազգային ժողովի որոշումների նախագծերը և օրենքով նախատեսված այլ հարցեր:
2. Հերթական նիստի օրակարգի նախագիծը կազմված է երեք մասից՝
ա) հարցեր, որոնց օրակարգ ընդգրկվելու վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն.
բ) հարցեր, որոնց օրակարգ ընդգրկվելու վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն.
գ) պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր:
3. Պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերն են՝
ա) օրենքներով նախատեսված քննարկման ժամկետ ունեցող հարցերը.
բ) Հանրապետության Նախագահի հրաժարականի ընդունման մասին հարցը.
գ) Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին հարցը.
դ) Հանրապետության Նախագահի առարկություններով և առաջարկություններով վերադարձված օրենքները քննարկելու մասին հարցերը.
ե) Ազգային ժողովի որոշմամբ քննարկման ժամկետ ունեցող հարցերը.
զ) նախորդ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված, սակայն չքննարկված հարցերը.
է) օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը.
ը) պատգամավորին կալանավորելու, վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ հարցը.
թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման հարցերը.
ժ) Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահի և մշտական հանձնաժողովների նախագահների հրաժարականների ընդունման, ինչպես նաև նրանց թափուր պաշտոններում ընտրությունների անցկացման մասին հարցերը.
ժա) օրենքով նախատեսված դեպքերում պաշտոններում ընտրությունների, նշանակումների մասին հարցերը.
ժբ) նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը:
4. Օրենքի այլընտրանքային նախագծերը հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկվում են միաժամանակ: Եթե օրենքի նախագիծն այլընտրանքային է համարվել հերթական նիստի օրակարգում գտնվող որևէ օրենքի նախագծի կամ Հանրապետության Նախագահի կողմից դեռևս չստորագրված օրենքի նկատմամբ, ապա այն չի կարող ընդգրկվել նիստի օրակարգի նախագծում:
Հոդված 59. Օրակարգերում նախագծերի ընդգրկման ժամկետները
Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հերթական նիստի օրակարգ է ընդգրկվում գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ՝ Ազգային ժողովի նախագահության նիստում քննարկվելուց հետո, սակայն ոչ ուշ, քան շրջանառության մեջ դրվելուց հետո մեկամսյա, իսկ օրենսգրքերի նախագծերը՝ երկամսյա ժամկետում:
Հոդված 60. Օրակարգերի քննարկման եւ ընդունման կարգը
1. Հերթական նստաշրջանի առաջին նիստն սկսվում է նստաշրջանի օրենսդրական գործունեության ծրագիրը և ընթացիկ նիստի օրակարգը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկմամբ:
2. Հերթական նիստերն սկսվում են նստաշրջանի օրենսդրական գործունեության ծրագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաև ընթացիկ նիստի օրակարգը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկմամբ:
3. Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ կետերում նշված Ազգային ժողովի որոշման նախագծերը քննարկվում են առանձին-առանձին:
4. Հերթական նստաշրջանի օրենսդրական գործունեության ծրագրի նախագիծը ներկայացնելու և պատգամավորների հարցերին պատասխանելու համար Ազգային ժողովի նախագահին հատկացվում է 20-ական րոպե:
5. Հերթական նիստի օրակարգի նախագիծը ներկայացնելու և պատգամավորների հարցերին պատասխանելու համար Ազգային ժողովի նախագահին հատկացվում է 10-ական րոպե:
6. Հարցերը տրվում են սույն օրենքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով:
7. Մտքերի փոխանակությունը տեղի է ունենում սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ՝
ա) հերթական նստաշրջանի օրենսդրական գործունեության ծրագրի նախագիծը քննարկելիս ելույթների համար հատկացվում է մինչև մեկ ժամ.
բ) հերթական նիստի օրակարգը քննարկելիս ելույթների համար հատկացվում է մինչև 30 րոպե.
գ) ելույթ ունեցողը, բացառությամբ օրակարգի նախագծում ընդգրկված հարցի հեղինակի (հիմնական զեկուցողի), հանդես է գալիս խոսափողից՝ երկու րոպեի ընթացքում.
դ) խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչներին ելույթի համար հատկացվում է մինչև երեք րոպե.
ե) ելույթներն ավարտվում են սահմանված ժամանակում, եթե Ազգային ժողովն այլ որոշում չի ընդունում:
8. Սույն հոդվածի 7-րդ կետի «եե ենթակետում նշված որոշման նախագիծը կարող է ներկայացնել Ազգային ժողովի նախագահը և այն առանց քննարկման դնել քվեարկության:
9. Հերթական նստաշրջանի օրենսդրական գործունեության ծրագրի նախագծի քննարկումն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի՝ մինչև 5 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով, որտեղ նա, ելնելով քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում նշված նախագծում ընդգրկված հարցերը, կամ դրանց մի մասը հերթական նստաշրջանի օրենսդրական գործունեության ծրագրում ընդգրկելու հարցը: Որոշումն ընդունվելու դեպքում հերթական նստաշրջանի օրենսդրական գործունեության ծրագրի նախագծում մնացած, իսկ չընդունվելու դեպքում նախագծի բոլոր, ինչպես նաեւ ծրագրում ընդգրկելու վերաբերյալ նիստի ընթացքում պատգամավորների կողմից առաջարկվող հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:
10. Հերթական նիստի օրակարգի նախագծի քննարկումն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի՝ մինչև 5 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով, որտեղ նա, ելնելով քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը, կամ դրանց մի մասը հերթական նիստի օրակարգում ընդգրկելու հարցը: Որոշումն ընդունվելու դեպքում օրակարգի նախագծում մնացած, իսկ չընդունվելու դեպքում օրակարգի նախագծում ընդգրկված բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:
11. Սույն օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ կետում թվարկված հարցերը հերթական նիստի օրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
12. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը, առանց Ազգային ժողովի քննարկման՝ հերթական նիստի օրակարգից՝ առանց նիստի օրակարգում ընդգրկվելու քվեարկության, կարող է հանվել միայն հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ: Հեղինակը (հիմնական զեկուցողը) իրավունք ունի այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ, որն ընդունվում է առանց քվեարկության:
13. Պատգամավորը, իր պահանջով, համապատասխան մշտական հանձնաժողովից ստանում է օրակարգի նախագծում ընդգրկված հարցերի նախագծերը ոչ ուշ, քան հերթական նիստից 24 ժամ առաջ:
ԳԼՈՒԽ 10
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 61. Հարցի քննարկման ընթացակարգը
1. Բացառությամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետի «աե ենթակետով, 43-րդ հոդվածի 8-րդ և 44-րդ հոդվածի 2-րդ կետերով նախատեսված դեպքերի, մինչև օրակարգի հաստատվելն Ազգային ժողովում այլ հարցեր չեն քննարկվում:
2. Սույն օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ կետի, բացառությամբ «թե և «ժբե ենթակետերի, հարցերն Ազգային ժողովում քննարկվում են արտահերթ: Հերթական նիստերի օրակարգում ընդգրկված մնացած հարցերի քննարկման հաջորդականությունը որոշում է Ազգային ժողովի նախագահը, իսկ արտահերթ նստաշրջանինը՝ դրա նախաձեռնողը կամ նախաձեռնողների ներկայացուցիչը:
3. «Ազգային ժողովի մասինե օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան՝ Կառավարությունը սահմանում է իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը և կարող է պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:
4. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովում օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթների, Ազգային ժողովի որոշումների նախագծերի և օրենքներով նախատեսված այլ հարցերի քննարկումը տեղի է ունենում հետևյալ կարգով՝
ա) հիմնական զեկուցողի ելույթը.
բ) հարցեր հիմնական զեկուցողին.
գ) հարակից զեկուցողի ելույթը.
դ) հարցեր հարակից զեկուցողին.
ե) մտքերի փոխանակություն.
զ) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը.
է) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.
ը) քվեարկություն:
5. Որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի հեղինակը (այսուհետ՝ հեղինակ), իսկ որպես հարակից զեկուցող՝ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:
6. Եթե Կառավարությունն օրենքի նախագծի հեղինակը չէ, ապա վարչապետի որոշմամբ լիազորված Կառավարության անդամը կարող է գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ, իսկ նրա եզրափակիչ ելույթից առաջ՝ եզրափակիչ ելույթով:
7. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա ընդմիջման ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից ընդմիջվել էր:
8. Հարցի քննարկման ընթացքում պատգամավորն իրավունք ունի սույն օրենքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով ոչ ավելի, քան երկու անգամ, հանդես գալ վարման կարգի վերաբերյալ ելույթով:
9. Հարցի քննարկման ընթացքում հատկացվում են՝
ա) զեկուցման համար՝ մինչև 15 րոպե, որը կարող է երկարացվել երեք րոպեով.
բ) հարցերի համար՝ երեքական րոպե.
գ) ելույթների համար՝ մինչև 5-ական րոպե, որը կարող է երկարացվել երեք րոպեով.
դ) վարման կարգի վերաբերյալ ելույթների համար՝ մեկական րոպե.
ե) խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչների և եզրափակիչ ելույթների համար՝ մինչև 7-ական րոպե:
10. Եզրափակիչ ելույթներից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:
11. Հեղինակի (hիմնական զեկուցողի) եզրափակիչ ելույթում արված առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ կարող է հայտարարվել մինչև մեկ ժամ ընդմիջում:
Հոդված 62. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթները
1. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթով պատգամավորը հանդես է գալիս վարողի հայտարարությամբ՝ խոսափողից, ելույթների, հարցերի միջև ընկած ժամանակահատվածում, քվեարկությունից առաջ և հետո:
2. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթում պատգամավորը կարող է՝
ա) հանդես գալ սույն օրենքի 52-րդ հոդվածում, բացառությամբ «աե, «բե, գե, «դե և «թե ենթակետերի, նշված որոշումն ընդունելու մասին առաջարկությամբ, որը դրվում է քվեարկության անմիջապես.
բ) արտահայտվել նիստի վարման կարգի վերաբերյալ.
գ) կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին.
դ) ճշտել սխալ ընկալված իր արտահայտությունը.
ե) հերքել իր անձի վերաբերյալ արված արտահայտությունը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում թվարկված հարցերի վերաբերյալ պատգամավորը կարող է արտահայտվել նաև իր ելույթում:
Հոդված 63. Հարցեր տալու կարգը
1. Պատգամավորները հարցեր տալու համար հերթագրվում են հաշվիչ հանձնաժողովի կողմից:
2. Հարցերը տրվում են խոսափողից՝ ըստ հերթագրման հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ հարց տվողի անունը, ազգանունը:
3. Դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է հարց տալու իրավունքից:
4. Նիստը վարողը կարող է անջատել խոսափողը, եթե հարց տվողի և զեկուցողի միջև սկսվում է բանավեճ:
5. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում:
6. Պատգամավորը յուրաքանչյուր զեկուցողի հարցեր է տալիս մեկ անգամ:
Հոդված 64. Մտքերի փոխանակության կարգը
1. Մտքերի փոխանակությունը տեղի է ունենում հետևյալ հաջորդականությամբ՝
ա) պատգամավորների ելույթներ, որոնք կարող են ընդմիջվել Կառավարության արտահերթ և հրավիրված անձանց ելույթներով.
բ) խմբակցությունների և պատգամավորական խմբերի ներկայացուցիչների ելույթներ:
2. Արտահերթ ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահը և վարչապետը, որոնց ելույթների տևողությունը չի սահմանափակվում:
3. Հարցի քննարկմանը հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել գլխադասային հանձնաժողովի կամ նիստը վարողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ:
4. Պատգամավորները ելույթ ունենալու համար հերթագրվում են հաշվիչ հանձնաժողովի կողմից:
5. Ելույթ ունեցողները հանդես են գալիս ամբիոնից՝ ըստ հերթագրման հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ ելույթ ունեցողի անունը, ազգանունը: Դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է ելույթի իրավունքից:
6. Խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարները նիստը վարողին գրավոր ներկայացնում են Ազգային ժողովի նիստում տվյալ խմբակցության, պատգամավորական խմբի անունից ելույթ ունեցողի անունը, ազգանունը:
7. Խմբակցության և պատգամավորական խմբի ներկայացուցիչների ելույթների համար հայտերը ներկայացվում են մինչև Կառավարության անդամների և հերթագրված պատգամավորների ելույթների ավարտը: Խմբակցությունների և պատգամավորական խմբերի ելույթների հաջորդականությունը որոշվում է ըստ նրանց թվաքանակի՝ փոքրից մեծ:
8. Օրենքի, ինչպես նաև Հանրապետության Նախագահի, Կառավարության և վարչապետի ներկայացրած Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկման ընթացքում, սույն օրենքի 56-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, մինչև խմբակցությունների և պատգամավորական խմբերի ներկայացուցիչների ելույթները, Կառավարության անդամները, վարչապետի ներկայացմամբ, ունեն երեք արտահերթ ելույթի իրավունք:
Հոդված 65. Հարցի քննարկման հատուկ ընթացակարգը
1. Հեղինակի և գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ առանձին հարցի քննարկման համար Ազգային ժողովը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ:
2. Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների և ելույթ ունեցողների թիվը, ինչպես նաև կրճատվել ելույթի կամ հարց տալու համար սույն օրենքով նախատեսված ժամանակը:
3. Հեղինակը (հիմնական զեկուցողը) նշված կարգը ներկայացնում է իր զեկուցման ընթացքում, և Ազգային ժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման:
Հոդված 66. Օրենքի եւ Ազգային ժողովի որոշման ընդունումը
1. Օրենքները և Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
2. Սույն օրենքով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ:
3. Օրինագծերը հանրաքվեի են դրվում օրենքով սահմանված կարգով:
4. Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ կամ որպես օրենք ընդունելու առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Այդ կապակցությամբ վարչապետը կամ նրա լիազորած Կառավարության անդամը, քվեարկությունից անմիջապես հետո, կարող է պահանջել ընդմիջում մինչև հաջորդ նիստը՝ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Կառավարության վստահության հարցը դնելու կողմնորոշման համար: Եթե ընդմիջումից անմիջապես հետո վարչապետն օրենքի նախագծի ընդունման առնչությամբ դնում է Կառավարության վստահության հարցը, և սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում, կամ այդ որոշումը ներկայացվելուց հետո չի ընդունվում, ապա օրենքի նախագիծը համարվում է համապատասխան ընթերցմամբ կամ որպես օրենք ընդունված:
5. «Ազգային ժողովի մասինե օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան՝ Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի առնչությամբ վստահության հարցը նույն նստաշրջանում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:
6. Ազգային ժողովի քվեարկությանը կարող են դրվել միայն սահմանված կարգով քննարկված և քննարկումից առնվազն մեկ ժամ առաջ պատգամավորներին բաժանված նախագծերի տեքստերը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 67. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու եւ հանրաքվեի դրվելիք օրենքի նախագծեր ներկայացնելը եւ հանրաքվե նշանակելը
1. Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով՝ Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ:
2. Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորը եւ Կառավարությունը:
3. Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
4. Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքի ընդունման հարցով հանրաքվեն նշանակվում եւ անցկացվում է Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով::
Հոդված 2. Օրենքը լրացնել 671, 672, 673, 674 հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ.
Հոդված 67.1. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու եւ հանրաքվեի դրվելիք օրենքի նախագծերին ներկայացվող պահանջները
1. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերը ներառում են՝
ա) Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հիմնավորումը.
բ) Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը.
գ) Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
2. Հանրաքվեի դրվելիք օրենքի նախագիծը ներառում է՝
ա) օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու հիմնավորումը.
բ) հանրաքվեի դրվելիք օրենքի նախագիծը.
գ) հանրաքվեով օրենքն ընդունելու առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների նախագծերը.
դ) Ազգային ժողովի այն որոշումների ցանկը, որոնցով հանրաքվեով ընդունվելիք օրենքի(ների) կարգավորման ոլորտում Կառավարությանը տրվել է օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու լիազորություն, կամ տեղեկանք՝ դրանց բացակայության մասին.
ե) օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերը.
զ) հանրաքվեով օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքներ միաժամանակ հանրաքվեի դնելու մասին առաջարկություն կամ տեղեկանք` այդպիսի առաջարկության անհրաժեշտության բացակայության մասին:
3. Սահմանադրությունում կամ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին կցվում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է Սահմանադրության կամ օրենքի փոփոխվող հոդվածը:
Հոդված 67.2. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու եւ հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու կարգը
1. Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանրապետության Նախագահի նախաձեռնությունը ներառում է՝
ա) սույն օրենքի 671-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերում նշված փաստաթղթերը.
բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Հանրապետության Նախագահի լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը:
2. Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու մասին Կառավարության առաջարկությունն իրականացվում է Կառավարության որոշմամբ, որը ներառում է՝
ա) սույն օրենքի 671-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերում նշված փաստաթղթերը.
բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Կառավարության լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը.
գ) անհրաժեշտության դեպքում՝ պետության եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը:
3. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծը համարվում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված, եթե այն սույն օրենքի պահանջներին համապատասխան պաշտոնապես ներկայացվել է Ազգային ժողովի նախագահին:
4. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերն Ազգային ժողովում շրջանառության մեջ են դրվում սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված կարգով: Կառավարությունը եւ Քարտուղարությունը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերի վերաբերյալ իրենց եզրակացություններն Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում 30-օրյա, իսկ գլխադասային հանձնաժողովը՝ 40-օրյա ժամկետում, սակայն ոչ շուտ, քան Կառավարության եւ Քարտուղարության եզրակացություններն ստանալը կամ դրանց ստացման ժամկետի սպառվելը:
Հոդված 67.3. Հանրաքվեի դրվելիք օրենքների եւ պատգամավորի ներկայացրած Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերի քննարկման կարգը
1. Հանրաքվեի դրվելիք օրենքների, պատգամավորի առաջադրած Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են երկու ընթերցմամբ՝ սույն օրենքի 11-րդ գլխով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝
ա) Հանրապետության Նախագահը կամ նրա լիազոր ներկայացուցիչը նշված նախագծերի քննարկման ընթացքում իրավունք ունի հանդես գալ որպես հարակից զեկուցող.
բ) սույն օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է առաջարկել ընդունել Ազգային ժողովի որոշում՝ քննարկված նախագծի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ Հանրապետության Նախագահին առաջարկ անելու մասին.
գ) եթե սույն հոդվածի 1-ին կետի «բե ենթակետում նշված՝ Ազգային ժողովի որոշումը քվեարկության արդյունքում չի ընդունվում, ապա քվեարկությունից անմիջապես հետո՝ մինչեւ 3 րոպե տեւողությամբ ելույթով կարող է հանդես գալ հեղինակը (հիմնական զեկուցողը) եւ առաջարկել տվյալ նախագծի քննարկումն Ազգային ժողովի որոշմամբ վերադարձնել սույն օրենքի 73-րդ հոդվածով նախատեսված՝ առաջարկությունների ներկայացման փուլ.
դ) եթե սույն հոդվածի 1-ին կետի «բե ենթակետում նշված՝ Ազգային ժողովի որոշումը քվեարկության արդյունքում չի ընդունվել, եւ հեղինակը (հիմնական զեկուցողը) չի արել սույն հոդվածի 1-ին կետի «գե ենթակետում նշված առաջարկը, կամ այն ներկայացվել է, բայց չի ընդունվել, ապա տվյալ նախագիծը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի օրենսդրական գործունեության ծրագրից եւ նիստի օրակարգից:
2. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի առաջարկությամբ Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու, ինչպես նաեւ օրենքի ընդունման հարցերով հանրաքվե նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումները համապատասխան նախագծերի հետ միասին դրանց ընդունվելուց հետո՝ 7-օրյա ժամկետում, ուղարկում է Հանրապետության Նախագահին, որը դրանք ստանալուց հետո՝ երեսունօրյա ժամկետում, նշանակում է հանրաքվե կամ տվյալ նախագիծն առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնում է Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:
3. Հանրապետության Նախագահի կողմից առաջարկություններով կամ առարկություններով վերադարձված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով:
Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:
Հոդված 67.4. Սահմանադրության կամ դրանում փոփոխություն կատարելու մասին Հանրապետության Նախագահի նախաձեռնության քննարկման կարգը
1. Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ ներկայացված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի, իսկ հարակից զեկուցմամբ՝ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:
3. Եզրափակիչ ելույթում Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը կարող է փոփոխության ենթարկել քննարկված նախագիծը եւ առաջարկել՝
ա) Ազգային ժողովի որոշմամբ համաձայնություն տալ նշանակելու հանրաքվե՝ Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծն ընդունելու հարցով.
բ) քննարկված նախագիծը Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչեւ հաջորդ հերթական նիստը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության
4. Եթե Հանրապետության Նախագահի ներկայացուցչի առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է Հանրապետության Նախագահի ներկայացուցչի՝ մինչեւ 3 րոպե տեւողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել Ազգային ժողովի որոշմամբ համաձայնություն տալ նշանակելու հանրաքվե՝ քննարկված եւ Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծն ընդունելու հարցով:
5. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումը 7-օրյա ժամկետում ուղարկում է Հանրապետության Նախագահին:
Հոդված 68. Բաց քվեարկության անցկացման կարգը
1. Նիստը վարողը հայտնում է քվեարկության անցկացման մոտավոր ժամանակը, իսկ քվեարկությունից առաջ՝ կրկնում քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում է դրանց ձևակերպումները:
2. Բաց քվեարկությունն իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ: Ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:
3. Խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարների պահանջով հարցի քվեարկությունից առաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տևողությամբ:
4. Պատգամավորը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ, կամ սահմանված կարգով հրաժարվում է քվեարկությանը մասնակցելուց:
5. Քվեարկության ավարտից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:
6. Պատգամավորները, ինչպես նաև Հանրապետության Նախագահի և վարչապետի լիազորած ներկայացուցիչները կարող են քարտուղարությունից ստանալ բաց քվեարկության արդյունքները:
Հոդված 69. Գաղտնի քվեարկության անցկացման կարգը
1. Գաղտնի քվեարկությունը կազմակերպում է հաշվիչ հանձնաժողովը՝ ըստ նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված) պատգամավորների ցուցակի, որն ստանում է քարտուղարությունից:
2. Գաղտնի քվեարկության քվեաթերթիկները պատրաստվում են հաշվիչ հանձնաժողովի հսկողությամբ՝ նրա սահմանած ձևով և քանակով:
3. Քվեաթերթիկներում նշվում է քվեարկվող հարցը, կամ այբբենական կարգով ընդգրկվում են առաջադրված և ինքնաբացարկ չհայտնած թեկնածուների անունները, ազգանունները:
4. Քվեաթերթիկում մեկ թեկնածության կամ հարցի առկայության դեպքում պետք է լինեն «կողմե և «դեմե բառերը:
5. Հարցերի ցանկը կամ թեկնածուների ցուցակը հաշվիչ հանձնաժողովին է հանձնում Ազգային ժողովի նիստը վարողը:
6. Գաղտնի քվեարկության անցկացման ժամկետը և տեղը, ինչպես նաև քվեարկության կազմակերպման կարգը սահմանում է հաշվիչ հանձնաժողովը՝ այդ մասին Ազգային ժողովի նիստում տեղյակ պահելով պատգամավորներին:
7. Գաղտնի քվեարկության քվեաթերթիկը հաշվիչ հանձնաժողովը պատգամավորին է հանձնում ցուցակում վերջինիս ստորագրելուց հետո:
8. Պատգամավորը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի քվեարկության խցիկում` թողնելով դրանում այն թեկնածուի անունը և ազգանունը, որի օգտին նա քվեարկում է, և ջնջելով մյուսների անունները, ազգանունները: Մեկ թեկնածուի կամ հարցի դեպքում նա ջնջում է «դեմե բառը (եթե քվեարկում է թեկնածուի կամ հարցի օգտին) կամ «կողմե բառը (եթե քվեարկում է դեմ):
9. Քվեարկության ավարտից հետո՝ 30 րոպեի ընթացքում, հաշվիչ հանձնաժողովը բացում է գաղտնի քվեարկության տուփը և հաշվում ձայները:
10. Անվավեր են համարվում չսահմանված նմուշի քվեաթերթիկները, ինչպես նաև այն քվեաթերթիկները, որոնցում թողնված են սահմանված թվից ավելի թեկնածուներ կամ մեկ թեկնածուի դեպքում թողնված կամ ջնջված են միաժամանակ «կողմե և «դեմե բառերը, կամ ավելացված են այլ գրառումներ:
11. Գաղտնի քվեարկության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի անդամները:
12. Հաշվիչ հանձնաժողովն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է գաղտնի քվեարկության արդյունքները, որի հիման վրա նիստը վարողը հայտարարում է որոշման ընդունման, իսկ ընտրությունների դեպքում՝ թեկնածուի ընտրության մասին:
ԳԼՈՒԽ 11
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 70. Օրենքի նախագծի քննարկման ընդհանուր կարգը
Օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է ոչ ավել, քան երկու ընթերցմամբ:
Հոդված 71. Օրենքի նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ
1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվում է սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Եզրափակիչ ելույթում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է փոփոխության ենթարկել քննարկված օրենքի նախագիծը՝ հանելով հոդված, կամ նախագծերի փաթեթը՝ հանելով օրենքի նախագիծ, բացառությամբ առաջադրվող օրենքի նախագծի, և առաջարկել՝
ա) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել որպես օրենք.
բ) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել առաջին ընթերցմամբ.
գ) քննարկված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն իր համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ հերթական նիստը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:
3. Եթե հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է հեղինակի (հիմնական զեկուցողի)՝ մինչև 10 րոպե տևողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել առաջին ընթերցմամբ, կամ որպես օրենք:
4. Եթե հեղինակի (հիմնական զեկուցողի)՝ սույն հոդվածի 2-րդ կետի «աե եւ «բե ենթակետերի կամ 3-րդ կետի առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի օրենսդրական գործունեության ծրագրից և հերթական նիստի օրակարգից:
Հոդված 72. Օրենքի այլընտրանքային նախագծերի քննարկումն առաջին ընթերցմամբ
1. Օրենքի այլընտրանքային նախագծերն առաջին ընթերցմամբ քննարկվում են հաջորդաբար՝ սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով: Օրենքի այլընտրանքային նախագծերի քննարկումը հետաձգվում է միաժամանակ և նույն ժամկետով:
2. Օրենքի այլընտրանքային նախագծերը քվեարկվում են մրցակցության սկզբունքով: Եթե քվեարկության են դրվում երկուսից ավելի նախագծեր, և դրանցից ոչ մեկը չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկվում են առավել շատ ձայներ ստացած երկու նախագծերը:
3. Եթե քվեարկության է դրվել օրենքի երկու նախագիծ, և դրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած օրենքի նախագիծը նորից է դրվում քվեարկության:
4. Եթե օրենքի մեկից ավելի նախագծեր ստացել են առաջին ընթերցմամբ ընդունվելու համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ կողմ ձայներ ստացած նախագիծը:
5. Եթե օրենքի մեկից ավելի նախագծեր ստացել են առաջին ընթերցմամբ ընդունվելու համար անհրաժեշտ թվով և հավասար քանակությամբ ձայներ, ապա ընդունված է համարվում առավել քիչ դեմ ձայներ ստացած նախագիծը:
6. Առաջին ընթերցմամբ քննարկված և Ազգային ժողովի կողմից չընդունված օրենքի այլընտրանքային նախագիծը հանվում է Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգից և նստաշրջանի օրենսդրական գործունեության ծրագրից:
Հոդված 73. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը: Օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի ներկայացումը երկրորդ ընթերցման
1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորները եւ Կառավարությունը:
2. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունները երկշաբթյա ժամկետում (եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ ժամկետ չի սահմանվել) պաշտոնապես ներկայացվում են քարտուղարություն, որը 72 ժամվա ընթացքում դրանք ուղարկում է հեղինակին (հիմնական զեկուցողին):
3. Առաջարկությունը ներառում է առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի անվանումը, հոդվածի համարը, առաջարկվող փոփոխությունը եւ (կամ) լրացումը:
4. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար սահմանված ժամկետն սպառվելուց հետո՝ 14 օրվա ընթացքում, հեղինակը (հիմնական զեկուցողը) գլխադասային հանձնաժողով է ներկայացնում իր համար ընդունելի առաջարկությունների հիման վրա փոփոխված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը՝ դրան կցելով սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով ներկայացված բոլոր առաջարկությունները, ինչպես նաեւ ընդունված նախագծում իր նախաձեռնությամբ կատարված բոլոր փոփոխությունների եւ լրացումների ամփոփաթերթիկը:
5. Առաջարկությունները, որոնց վերաբերյալ հեղինակը (հիմնական զեկուցողը) ամ-փոփաթերթիկում հայտնել է դրական կարծիք, պարտադիր ընդգրկվում են երկրորդ ընթերցման ներկայացված նախագծում կամ նախագծերի փաթեթում:
6. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 14-օրյա ժամկետում, գլխադասային հանձնաժողովն իր եզրակացության եւ ամփոփաթերթիկի հետ միասին Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը, որը երկրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով ընդգրվում է հերթական նիստի օրակարգ: Սահմանված ժամկետը կարող է փոփոխվել հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 74. Օրենքի նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ
1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվում է սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ բացառությամբ՝
ա) զեկուցողներին հարցեր չեն տրվում.
բ) սույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով առաջարկություն ներկայացրած պատգամավորները մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ մինչև 5 րոպե, իսկ մյուսները՝ մինչև 3 րոպե տեւողությամբ:
2. Եզրափակիչ ելույթում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը ՝
ա) ընդունել որպես օրենք.
բ) փոփոխության ենթարկելու նպատակով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ հերթական նիստը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:
3. Հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է ներառել կամ հանել ամփոփաթերթիկում ընդգրկված առաջարկությունները հետևյալ բացառությամբ՝
ա) oրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը չի կարող համալրվել առաջին ընթերցմամբ չընդունված հոդվածով կամ օրենքի նախագծով.
բ) oրենքի նախագծից կամ նախագծերի փաթեթից չի կարող հանվել առաջին ընթերցմամբ ընդունված հոդված կամ օրենքի նախագիծ:
Քվեարկության ներկայացվող օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կցվում է սույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով կազմված նոր ամփոփաթերթիկ:
4. Քննարկումը վերսկսվում է հեղինակի (հիմնական զեկուցողի)՝ մինչև 10 րոպե տևողությամբ ելույթով, որտեղ նա կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել որպես օրենք:
5. Եթե հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի նախագիծը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի օրենսդրական գործունեության ծրագրից և նիստի օրակարգից:
6. Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը երկշաբթյա ժամկետում ուղարկում է Հանրապետության Նախագահին, որն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն կամ առարկություններով, առաջարկություններով վերադարձնում է Ազգային ժողով:
Հոդված 75. Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքների քննարկումը
1. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքը 24 ժամվա ընթացքում ուղարկում է համապատասխան գլխադասային հանձնաժողով և ընդգրկում Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստի օրակարգի նախագծում:
2. Հանրապետության Նախագահի առարկությունների կամ առաջարկությունների ստացման օրվանից տասնօրյա ժամկետում գլխադասային հանձնաժողովն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում դրանց վերաբերյալ իր եզրակացությունը:
3. Եթե Հանրապետության Նախագահն ամբողջությամբ չի առարկել օրենքի ընդունմանը, ապա նրա առարկություններով եւ (կամ) առաջարկություններով վերադարձված օրենքը քննարկվում է սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի, իսկ հարակից զեկուցմամբ՝ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:
4. Քննարկման վերջում քվեարկության է դրվում Հանրապետության Նախագահի առաջարկություններն ընդունելու մասին հարցը:
5. Եթե Հանրապետության Նախագահն առարկել է օրենքի ընդունմանը, ապա եզրափակիչ ելույթով հանդես են գալիս Հանրապետության Նախագահի և գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչները, որից հետո քվեարկության է դրվում Հանրապետության Նախագահի առարկությունն ընդունելու մասին հարցը:
6. Եթե սույն հոդվածի 5-րդ կամ 6-րդ կետերով սահմանված կարգով քվեարկության դրված հարցերը չեն ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա «Ազգային ժողովի մասինե օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով և ուղարկում Հանրապետության Նախագահին, որը երկշաբթյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն:
7. Ազգային ժողովի կողմից վերստին չընդունված օրենքը համարվում է մերժված:
Հոդված 76. Նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված եւ անավարտ մնացած օրենքների նախագծերի քննարկման կարգը
1. Քարտուղարությունը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի ավարտից հետո՝ մեկշաբթյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված, առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերը՝ կից տեղեկանքում նշելով դրանց հեղինակներին և գլխադասային հանձնաժողովները:
2. Ազգային ժողովի նախագահը վերոհիշյալ օրենքների նախագծերը եռօրյա ժամկետում ուղարկում է Կառավարություն և համապատասխան մշտական հանձնաժողովներ: Հանձնաժողովները և Կառավարությունը մեկամսյա ժամկետում քննարկում և Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում իրենց եզրակացությունները՝ վերոհիշյալ օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության մասին:
3. Քարտուղարությունը, Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ, եզրակացությունների ստացման պահից մեկշաբթյա ժամկետում ապահովում է դրանց և համապատասխան օրենքների նախագծերի տրամադրումը պատգամավորներին:
4. Եթե օրենքի նախագծի հեղինակը եղել է նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ապա համապատասխան մշտական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության և հեղինակի համաձայնության, ինչպես նաև նորընտիր որևէ պատգամավորի կողմից առաջին նիստի ավարտից հետո՝ երկամսյա ժամկետում, որպես հեղինակ հանդես գալու ցանկության դեպքում տվյալ օրենքի նախագիծը, սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդգրկվում է հերթական նիստի օրակարգում՝ երկրորդ ընթերցմամբ քննարկվելու համար:
5. Եթե օրենքի նախագծի հեղինակը Կառավարությունն է կամ նոր գումարման Ազգային ժողովում վերընտրված պատգամավոր, ապա համապատասխան մշտական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության և հեղինակի կողմից առաջին նիստի ավարտից հետո՝ երկամսյա ժամկետում ներկայացվելու դեպքում, տվյալ օրենքի նախագիծը, սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդգրկվում է հերթական նիստի օրակարգ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկվելու համար:
6. Նախորդ գումարման Ազգային ժողովում ընդունված և Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքը նորընտիր Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի նախագահի կողմից նշանակված գլխադասային հանձնաժողովի ներկայացմամբ:
ԳԼՈՒԽ 12
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հոդված 77. Պետական բյուջեի նախագծի ներկայացման եւ քննարկման ժամկետները
1. Ազգային ժողովը Կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն: Մինչև բյուջետային տարվա սկիզբը բյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով՝ մինչև բյուջեի հաստատումը:
2. Կառավարությունը, պատգամավորների թվին համապատասխան, բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 30 օր առաջ և կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչև այդ ժամկետի ավարտը:
3. Ազգային ժողովի նախագահը, բյուջեի նախագիծն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, խորհրդակցելով վարչապետի հետ, ինչպես նաև հարցը քննարկելով Ազգային ժողովի նախագահությունում, կազմում է մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում բյուջեի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկությունների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետների ժամանակացույց և դա ներկայացված բյուջեի նախագծի հետ ուղարկում Կառավարություն, պատգամավորներին, խմբակցություններ, պատգամավորական խմբեր, մշտական հանձնաժողովներ և Վերահսկիչ պալատ:
4. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող դեկտեմբեր ամսվա հերթական նիստում:
Հոդված 78. Բյուջեի նախագծի նախնական քննարկումները
1. Բյուջեի նախագծի նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների և դրանց համատեղ նիստերում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նաև վարչապետի լիազորած անձինք:
2. Բյուջեի նախագծի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող օրենսդրությամբ նախատեսվող փակ ծրարի նյութերը քննարկվում են պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Վերահսկիչ պալատի նախագահը, ինչպես նաև վարչապետի լիազորած անձինք:
3. Բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին իրենց առաջարկությունները պատգամավորները, խմբակցությունները, պատգամավորական խմբերը և մշտական հանձնաժողովները քարտուղարության միջոցով ներկայացնում են Կառավարություն՝ գրավոր ձեւով, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստի միջոցով: Կառավարությունը մշտական հանձնաժողովներում նախնական քննարկումների արդյունքով կարող է սահմանված ժամկետում փոփոխություններ կատարել բյուջեի նախագծում:
4. Կառավարությունը խմբագրված բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում՝ կցելով ըստ հոդվածների հաջորդականության խմբավորված առաջարկությունների ամփոփաթերթիկը, որը կազմված է հետևյալ սյունակներից՝
ա) առաջարկության հեղինակը.
բ) հոդվածի համարը, որին վերաբերում է առաջարկությունը.
գ) առաջարկության տեքստը կամ բովանդակությունը.
դ) առաջարկության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:
5. Առաջարկությունները, որոնց վերաբերյալ Կառավարությունն ամփոփաթերթիկում հայտնել է դրական կարծիք, պարտադիր ընդգրկվում են բյուջեի նախագծում:
Հոդված 79. Բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացման կարգը
1. Ազգային ժողովի նիստում բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացման համար Կառավարությունը կարող է հանդես գալ երեք զեկուցմամբ՝ մինչև 45 րոպե ընդհանուր տևողությամբ: Զեկուցողները ներկայացնում են նաև նախնական քննարկումների արդյունքով նախագծում արված փոփոխությունները:
2. Մինչև 15-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով հանդես են գալիս՝
ա) ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.
բ) պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.
գ) ըստ ցանկության՝ մյուս մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները՝ ներկայացնելով բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:
3. Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս սույն օրենքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն:
Հոդված 80. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում մտքերի փոխանակության անցկացման կարգը
1. Մտքերի փոխանակությունը կատարվում է սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ բացառություններով՝
ա) ելույթների համար տրվում է մինչև 10-ական րոպե.
բ) մինչև խմբակցությունների և պատգամավորական խմբերի ելույթները վարչապետի ներկայացմամբ Կառավարության անդամներին, Ստեփանակերտի քաղաքապետին և շրջանների վարչակազմերի ղեկավարներին տրվում է 5 արտահերթ ելույթի իրավունք:
2. Մտքերի փոխանակությունն ավարտվում է վարչապետի կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարի՝ մինչև 10 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով, որից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:
3. Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նիստը վարողը հայտարարում է բյուջեի նախագծի քննարկման ընդմիջում՝ առնվազն 4 օրով:
Հոդված 81. Բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման կարգը
Պատգամավորները, խմբակցությունները և պատգամավորական խմբերն իրենց առաջարկությունները, իսկ մշտական հանձնաժողովները՝ իրենց առաջարկություններն ու եզրակացությունները, բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, ներկայացնում են քարտուղարություն, որը ներկայացման ժամկետը լրանալուց հետո՝ երկու ժամվա ընթացքում, դրանք ուղարկում է Կառավարություն:
Հոդված 82. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսելը
1. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց առնվազն 24 ժամ առաջ Կառավարությունը բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակը և սույն օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով կազմված ամփոփաթերթիկը, պատգամավորների թվին համապատասխան, հանձնում է քարտուղարություն, որն ապահովում է դրանց տրամադրումը պատգամավորներին՝ Ազգային ժողովի նստավայրում:
2. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց հետո վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը մինչև 30 րոպե տևողությամբ ելույթում ներկայացնում է նախագծի վերջնական տարբերակը և ամփոփաթերթիկում ներառված առաջարկությունները:
3. Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս սույն օրենքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Հայտ ներկայացնելու դեպքում մինչև 10-ական րոպե տևողությամբ մեկական ելույթի իրավունք ունեն՝
ա) խմբակցությունների և պատգամավորական խմբերի ներկայացուցիչները.
բ ) մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները.
գ ) Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահը:
5. Ելույթներից հետո մինչև 15 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը, որը կարող է առաջարկել բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք կամ բյուջեի հաստատման առնչությամբ դնել Կառավարության վստահության հարցը:
6. Եթե բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակն ընդունելու մասին Կառավարության առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Կառավարությունը կարող է սույն օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով բյուջեի հաստատման առնչությամբ դնել իր վստահության հարցը:
7. Եթե սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում կամ նման որոշում չի ընդունվում, ապա բյուջեն, Կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում է հաստատված:
8. Բյուջեի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է հատուկ ընթացակարգով:
Հոդված 83. Բյուջեի նախագծի կրկնական ներկայացման կարգը եւ ժամկետները
Բյուջեի հաստատման առնչությամբ Ազգային ժողովի կողմից Կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր Կառավարությունն Ազգային ժողով բյուջեի նախագիծ է ներկայացնում 20 օրվա ընթացքում, որը քվեարկվում և հաստատվում է սույն օրենքի 77-82-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ 30 օրվա ընթացքում:
Հոդված 84. Բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը
Ազգային ժողովը բյուջեի կատարման նկատմամբ իր վերահսկողությունն իրականացնում է Վերահսկիչ պալատի միջոցով: Այդ նպատակով յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ երկամսյա ժամկետում, Վերահսկիչ պալատը տեղեկանք է ներկայացնում պատգամավորներին` նախորդ եռամսյակում բյուջեի կատարման ընթացքի մասին:
ԳԼՈՒԽ 13
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հոդված 85. Տարեկան հաշվետվության ներկայացման եւ քննարկման ժամկետները
1. Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում և հաստատվում է Վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիս ամսում:
2. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:
3. Ազգային ժողովի նախագահը, բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, խորհրդակցելով վարչապետի հետ, ինչպես նաև հարցը քննարկելով Ազգային ժողովի նախագահության նիստում, կազմում է մշտական հանձնաժողովներում բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամանակացույցը և ներկայացված հաշվետվության հետ դա ուղարկում է պատգամավորներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին, մշտական հանձնաժողովներ, Կառավարություն և Վերահսկիչ պալատ:
Հոդված 86. Տարեկան հաշվետվության նախնական քննարկումները
1. Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովներում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նաև Կառավարության անդամները և վարչապետի լիազորած անձինք:
2. Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող փակ ծրարի նյութերը քննարկվում են պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Վերահսկիչ պալատի նախագահը և վարչապետի լիազորած անձինք:
Հոդված 87. Տարեկան հաշվետվության քննարկումը
1. Ազգային ժողովի նիստում բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս Կառավարությունը կարող է հանդես գալ երեք զեկուցմամբ՝ մինչև 45 րոպե ընդհանուր տևողությամբ:
2. Մինչև 15-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով հանդես են գալիս՝
ա) Վերահսկիչ պալատի նախագահը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը.
բ) ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.
գ) պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.
դ) ըստ ցանկության՝ մյուս մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:
3. Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս սույն օրենքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն՝ սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Մինչև խմբակցությունների և պատգամավորական խմբերի ելույթները վարչապետի ներկայացմամբ Կառավարության անդամներին, Ստեփանակերտի քաղաքապետին և շրջանների վարչակազմերի ղեկավարներին տրվում է 5 արտահերթ ելույթի իրավունք:
5. Մտքերի փոխանակության ավարտից հետո մինչև 10 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը, որը կարող է՝
ա) քվեարկության դնել բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը.
բ) բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու առնչությամբ դնել Կառավարության վստահության հարցը:
6. Եթե բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին առաջարկությունը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Կառավարությունը կարող է սույն օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման առնչությամբ դնել իր վստահության հարցը:
7. Եթե սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում, կամ նման որոշում չի ընդունվում, ապա ներկայացված հաշվետվությունը համարվում է հաստատված:
8. Եթե սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն է հայտնվում, ապա ներկայացված հաշվետվությունը համարվում է հաստատված:
ԳԼՈՒԽ 14
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հոդված 88. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի ներկայացումը
1. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարին սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ:
2. Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող տարվա դեկտեմբեր ամսվա հերթական նիստում:
Հոդված 89. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագծի նախնական քննարկումը
Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագծի նախնական քննարկումը տեղի է ունենում ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստում, որտեղ ներկայացվում է ծրագրի նախագծի վերաբերյալ կատարված առաջարկությունների մասին Վերահսկիչ պալատի եզրակացությունը:
Հոդված 90. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագծի քննարկումը
1. Ազգային ժողովի նիստի քննարկմանը ներկայացվող Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագծին կցվում է նախնական քննարկումների ընթացքում դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին պատգամավորների և մշտական հանձնաժողովների կողմից ներկայացված առաջարկությունների ամփոփաթերթիկը, որը կազմված է հետևյալ սյունակներից՝
ա) առաջարկության հեղինակը.
բ) առաջարկության տեքստը կամ բովանդակությունը.
գ) առաջարկության վերաբերյալ Վերահսկիչ պալատի խորհրդի եզրակացությունը:
2. Ազգային ժողովի նիստում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը քննարկվում է սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ հարակից զեկուցմամբ՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:
4. Եթե Ազգային ժողովը չի հաստատում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը, ապա ամփոփաթերթիկում ընդգրկված բոլոր առաջարկությունները քվեարկվում են առանձին-առանձին՝ առանց քննարկման:
5. Ընդունված առաջարկությունների հիման վրա կազմվում է Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը:
Հոդված 91. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրում փոփոխություններ կատարելու կարգը
1. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն օրակարգ է ընդգրկվում և քննարկվում սույն օրենքի 59-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված կարգով:
2. Քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ հարակից զեկուցմամբ՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:
Հոդված 92. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկումը
1. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:
2. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ հարակից զեկուցմամբ՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:
4. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում Կառավարությունն ունի հարակից զեկուցման և 2 արտահերթ ելույթի իրավունք:
5. Եթե Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշումը քվեարկության արդյունքում չի ընդունվում, ապա պատգամավորների առնվազն մեկ երրորդը կարող է 24 ժամվա ընթացքում ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին, որն ընդգրկվում է առաջիկա հերթական նիստի օրակարգում:
6. Եթե սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում չի ընդունվում, կամ այդպիսի որոշման նախագիծ չի ներկայացվում, ապա ներկայացված հաշվետվությունը համարվում է հաստատված:
ԳԼՈՒԽ 15
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ
Հոդված 93. Կառավարության գործունեության ծրագրի ներկայացումը եւ Կառավարության վստահության հարցը
1. Կառավարությունը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի բացման օրվանից կամ իր կազմավորումից հետո՝ մեկամսյա ժամկետում, Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը` Ազգային ժողովի նիստում դնելով իր վստահության հարցը:
2. Հարցի քննարկումն սկսվում է Կառավարության գործունեության ծրագիրն ստանալուց հետո՝ 48 ժամվա ընթացքում:
3. Կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելու և Կառավարության վստահության հարցը դնելու համար վարչապետին տրվում է մինչև մեկ ժամ:
4. Ներկայացված ծրագրի վերաբերյալ վարչապետին սույն օրենքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով տրվում են հարցեր, որից հետո նիստն ընդհատվում է 24 ժամով:
5. Եթե սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում, կամ այն ներկայացվում է և քվեարկության արդյունքում չի ընդունվում, ապա Կառավարության գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած:
Հոդված 94. Կառավարության հաշվետվությունը պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարական օբյեկտների մասնավորեցման ընթացքի մասին
1. Կառավարությունը, յուրաքանչյուր տարի ոչ ուշ, քան մինչեւ մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաշվետվություն պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարական օբյեկտների մասնավորեցման նախորդ տարվա ծրագրի կատարման մասին:
2. Ազգային ժողովի նախագահը վերոհիշյալ հաշվետվությունն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ և Վերահսկիչ պալատ:
3. Ազգային ժողովի նիստում հաշվետվությունը ներկայացնելու համար Կառավարության ներկայացուցչին տրվում է 20 րոպե:
4. Մինչև 10-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում՝
ա) Վերահսկիչ պալատի նախագահը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը.
բ) ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը:
5. Հաշվետվությունը քննարկվում է սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 95. Դատախազության գործունեության մասին հաղորդումը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունը (այսուհետ՝ Դատախազություն) իր գործունեության մասին ամենամյա հաղորդումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին՝ մինչև փետրվարի երկրորդ երկուշաբթի օրը:
2. Ազգային ժողովի նախագահը Դատախազության գործունեության մասին ամենամյա հաղորդումն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ:
3. Ազգային ժողովի նիստում Դատախազության գործունեության մասին ամենամյա հաղորդումը ներկայացնելու համար Գլխավոր դատախազին տրվում է մինչև 40 րոպե:
4. Մինչև 20 րոպե տևողությամբ հարակից զեկուցմամբ ելույթ է ունենում պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաղորդման վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը:
5. Դատախազության գործունեության մասին ամենամյա հաղորդումը քննարկվում է սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով և ավարտվում եզրափակիչ ելույթներով՝ առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:
Հոդված 96. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը
1. Համապետական ընտրություններից հետո՝ 30-օրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հաղորդագրություն՝ ընտրությունների անցկացման և կազմակերպման վերաբերյալ:
2. Ազգային ժողովի նախագահը վերը նշված հաղորդագրությունն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը ներկայացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:
4. Մինչև 20 րոպե տևողությամբ հարակից զեկուցմամբ ելույթ է ունենում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաղորդագրության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը քննարկվում է սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով և ավարտվում եզրափակիչ ելույթներով՝ առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:
ԳԼՈՒԽ 16
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ
Հոդված 97. Աշխատակազմի գործունեությունը
Ազգային ժողովի իրավաբանական, կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական և նյութատեխնիկական գործունեությունն ապահովում է Ազգային ժողովի աշխատակազմը (այսուհետ՝ աշխատակազմ), որի կառուցվածքային ստորաբաժանումները կազմավորվում և գործում են համաձայն իրենց կանոնադրությունների:
Հոդված 98. Ազգային ժողովի նիստերի սղագրումը
1.Ազգային ժողովի նիստերը, բացառությամբ դռնփակ նիստերի, ձայնագրվում եւ սղագրվում են:
2.Ազգային ժողովի նիստերի սղագրությունն ապահովում է քարտուղարությունը:
3. Ազգային ժողովի նիստերից հետո՝ տասն օրվա ընթացքում, այդ նիստերի սղագրություններն ուղարկվում են Ազգային ժողովի գրադարան, իսկ մեկ ամիս հետո տեղափոխվում են Ազգային ժողովի արխիվ:
Հոդված 99. Ելույթ ունեցողի կողմից սղագրությունների ստուգումը եւ դրանցում ուղղումներ կատարելը
1. Ազգային ժողովի նիստում յուրաքանչյուր ելույթ ունեցող իրավունք ունի քարտուղարությունում կամ գրադարանում մեկ ամսվա ընթացքում ծանոթանալ իր ելույթի սղագրությանը և ստուգել դրա ճշտությունը:
2. Ելույթ ունեցողի կողմից իր ելույթի սղագրության մեջ տեղ գտած անճշտությունները կարող են ուղղվել միայն Ազգային ժողովի նախագահի թույլտվությամբ:
Հոդված 100. Ազգային ժողովի նիստերի լուսաբանումը
1. Ազգային ժողովը կարող է ունենալ իր տպագիր օրգանները:
2.Զանգվածային լրատվության միջոցներով Ազգային ժողովի աշխատանքի լուսաբանումը կազմակերպում է աշխատակազմի համապատասխան ծառայությունը, որը պարբերաբար անցկացնում է ճեպազրույցներ, մամուլի ասուլիսներ, հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, թողարկում է տեղեկատվական բնույթի նյութեր:
3. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Ազգային ժողովի լրատվական ծառայությունը՝ «Խորհրդարանական ժամե հեռուստահաղորդաշարի միջոցով: Խմբակցություններին և պատգամավորական խմբերին, ինչպես նաև դրանցում չընդգրկված պատգամավորներին, Ազգային ժողովի նախագահի սահմանած հերթականությամբ, հաղորդման թեմայի շուրջ իրենց տեսակետները ներկայացնելու համար միևնույն հաղորդման ընթացքում (ընդհանուր տևողությունը՝ մինչև 30 րոպե) ապահովվում է հավասար մասնակցություն՝ մինչև 3-ական րոպե տևողությամբ, որից հետո մինչև 10 րոպե տրամադրվում է աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը: Հաղորդման թեման որոշում է Ազգային ժողովի նախագահը՝ հարցը նախապես քննարկելով Ազգային ժողովի նախագահությունում: «Խորհրդարանական ժամե հեռուստահաղորդաշարը հեռարձակում է Հանրային հեռուստառադիոընկերությունը յուրաքանչյուր ամսվա երկրորդ կամ չորրորդ կիրակի օրերը՝ ժամը 19-ին:
Հոդված 101. Միջխորհրդարանական կապերը
1. Ազգային ժողովը կարող է այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմնի հետ կնքել միջխորհրդարանական համաձայնագիր, որով կարգավորվում են բարեկամության և համագործակցության, փորձի փոխանակման, փոխօգնության, բարեկամական խմբեր կազմելու, պատվիրակությունների փոխանակության և այլ հարաբերություններ:
2. Միջխորհրդարանական համաձայնագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որը ձևակերպվել է համաձայնագրի, հուշագրի, արձանագրության կամ միջազգային ասպարեզում ընդունված այլ անվամբ փաստաթղթի տեսքով և Ազգային ժողովի նախագահության նիստում քննարկվելուց հետո ստորագրվել է Ազգային ժողովի նախագահի կողմից:
3. Միջխորհրդարանական համաձայնագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:
4. Եթե միջխորհրդարանական համաձայնագիր կնքելու առաջարկությամբ հանդես է եկել այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմին, ապա այն քննարկվում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և մեկշաբթյա ժամկետում ներկայացվում Ազգային ժողովի նախագահին:
5. Այլ երկիր գործուղման մեկնած պատգամավորը, վերադառնալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով է հանձնում գրավոր հաշվետվություն՝ կատարած աշխատանքների մասին:
ԳԼՈՒԽ 17
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 102. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել՝
ա) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգըե՝ փոփոխություններով և լրացումներով հանդերձ.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահության կանոնակարգը.
գ) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակի մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:
դ) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորի հետկանչման կարգի մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը փոփոխություններով եւ լրացումներով հանդերձ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
նախագահ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ