ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2007թ.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է բնության հատուկ պահպանվող տարածքների կազմավորման ու պահպանության բնագավառում ծագող հարաբերությունները:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությունը
Բնության հատուկ պահպանվող տարածքների կազմավորման, կազմակերպման, պահ-պանության և օգտագործման կարգը սահմանվում է սույն օրենքով և դրա հիման վրա ընդունվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
Հոդված 2. Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրության խնդիրները
Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրության խնդիրներն են.
- բնության չափանմուշների (էտալոնների), էկոհամակարգի պահպանությունն ու վերար-տադրությունը.
- բնական հուշարձանների պահպանությունը.
- կենսաբանական բազմազանության պահպանումը.
- բնական երևույթների գիտական ուսումնասիրումը.
- բնական միջավայրի վիճակի հսկողությունը.
- էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը, ինչպես նաև, օրենքով սահմանված դեպքերում, ռեկրեացիոն-ճանաչողական նպատակներով բնական օբյեկտների օգտագործումը:
Հոդված 3. Բնության հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակը
Բնության հատուկ պահպանվող տարածքները մակերեսային ու ստորերկրյա ջրերի, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի՝ օրենքով սահմանված կարգով առանձնացված այն տեղամասերն են, ինչպես նաև առանձին բնական օբյեկտները, որոնք հատուկ էկոլոգիական, գիտական, բուժական, մշակութային, գեղագիտական արժեք են ներկայացնում և լրիվ կամ մասամբ, ժամանակավորապես կամ մշտապես ենթակա չեն տնտեսական շահագործման:
Բնության հատուկ պահպանվող տարածքներն ունեն միջազգային, հանրապետական և տեղական նշանակություն:
Բնության հատուկ պահպանվող տարածքներին տրվում է պետական արգելոցների, ազգային պարկերի, պետական արգելավայրերի, բնության հուշարձանների կարգավիճակ:
Բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են պահպանական գոտիներ:
Պահպանական գոտիների չափերն ու ռեժիմը սահմանվում են տվյալ տարածքի մասին կանոնադրությամբ:
Բնության հատուկ պահպանվող տարածքները հաշվի են առնվում տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի, հողաշինարարության և վարչական միավորների սահմանային սխեմաների կազմման ժամանակ: Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի սեփականաշնորհումն արգելվում է:
Հոդված 4. Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրը
Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրը դրանց իրավական վիճակի, քանակական և որակական բնութագրերի, էկոլոգիական, գիտական, մշակութային և ժողովրդատնտեսական այլ արժեքների, հողօգտագործման մասին տեղեկությունների և փաս-տաթղթերի համակարգ է:
Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրը կազմվում է դրանց ծրագրավորումը և պահպանությունը ապահովելու, գիտական հետազոտությունների, համապա-տասխան ռեժիմների պահպանման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմման ու արտադրողական ուժերի բաշխման ժամանակ դրանց դերը հաշվի առնելու նպատակով:
Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրը կազմվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի վարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը£
ԳԼՈՒԽ 2
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 5. Բնության հատուկ պահպանվող տարածքների կազմավորման կարգը
Բնության հատուկ պահպանվող տարածքները կազմավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:
Տարածքներին (ջրատարածքներին) և օբյեկտներին տեղական նշանակության արգելա-վայրերի կամ բնության հուշարձանի կարգավիճակ տալու մասին որոշումն ընդունվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից և ներկայացվում է կառավարության հաստատմանը:
Հոդված 6. Բնության հատուկ պահպանվող տարածքների կազմակերպման կարգը
Բնության հատուկ պահպանվող տարածքների կազմակերպումը կատարվում է բնության պահպանության համակարգված հեռանկարային սխեմաների և հատուկ մշակված նախագծերի հիման վրա, որոնք կազմվում են համապատասխան գիտահետազոտական, գիտաարտադրական և նախագծային հաստատությունների և կազմակերպությունների կողմից՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հոդված 7. Բնության հատուկ պահպանվող տարածքի նախնական կոնսերվացման կարգը
Բնության հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակ տալու մասին միջնորդու-թյան քննարկման հետ միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմինները բնական համալիրի կամ օբյեկտի պահպանման նպատակով ընդունում են հատուկ պահպանման հողակտորի կոնսերվացման մասին որոշում և ձևակերպում համապատասխան ակտ, որով սահմանափակվում կամ անհրաժեշտության դեպքում դադարեցվում է հողօգտագործողների տնտեսական գործունեությունը տվյալ տարածքում:
Կոնսերվացման մասին ընդունված ակտին համապատասխան ճշտվում են տվյալ տեղամասի տնտեսական օգտագործման պետական ծրագրերը:
ԳԼՈՒԽ 3
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐ
Հոդված 8. Պետական արգելոցների կարգավիճակը
Պետական արգելոցն էկոլոգիական, գիտական, պատմամշակութային արժեք ներկա-յացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված տարածք է (ջրատարածք), որտեղ բնական միջավայրի զարգացման պրոցեսներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության:
Պետական արգելոցն ունի բնապահպանական, գիտահետազոտական հիմնարկի կարգա-վիճակ, օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից:
Հոդված 9. Պետական արգելոցների ռեժիմը
Պետական արգելոցային տարածքներում (բնական արգելոցներում) արգելվում է բնական գործընթացների զարգացման խախտման հետ կապված որևէ գործունեություն:
Պետական արգելոցային տարածքներում արգելվում են.
- ջրային պաշարների շահագործումը և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործու-նեություն.
- տնտեսական, արդյունաբերական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղոր-դակցության այլ ուղիների շինարարությունը (բացառությամբ տվյալ հաստատության գործու-նեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության).
- որսորդությունը, ձկնորսությունը, կենդանիների ապրելու միջավայրի պայմանների խախ-տումը.
- կենդանիների և բույսերի նոր տեսակների ներմուծումը, ինչպես նաև առանձին տեսակների քանակի մեծացման նպատակով տարվող որևէ աշխատանք.
- հավաքածուների հավաքը, բացառությամբ արգելոցի տարածքի գիտական հետազոտու-թյունների համար նախատեսված նյութերի.
- թունաքիմիկատների օգտագործումը պարարտացման և վնասատուների դեմ պայքարելու նպատակով.
- հետախուզական աշխատանքները, օգտակար հանածոների մշակումը, հողային ծած-կույթի խախտումը, հանքաշերտերի, հանքելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը©
- անտառահատումները, բույսերի, ծաղիկների և սերմերի մթերումը, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ.
- ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտի երթևեկությունը.
- մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապար-հային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.
- ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է գիտական կամ մշակութային արժեք ներկայացնող օբյեկտների պահպանությանը:
ԳԼՈՒԽ 4
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐ
Հոդված 10. Ազգային պարկերի կարգավիճակը
Ազգային պարկը տարածք է (ջրատարածք), որն ընդգրկում է հատուկ էկոլոգիական, պատմամշակութային և գեղագիտական արժեք ներկայացնող բնական համալիրներ և օբյեկտներ, որոնք բնական ու մշակութային լանդշաֆտների բարենպաստ զուգորդման շնորհիվ կարող են օգտագործվել ռեկրեացիոն, պատմամշակութային ու գիտական նպատակներով:
Տվյալ տարածքը ազգային պարկին մշտական օգտագործման է տրվում օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ազգային պարկը, ըստ իր առանձին մասերի ֆունկցիոնալ նշանակության, պահպանու-թյան և օգտագործման ռեժիմի բնույթի բաժանվում է համապատասխան գոտիների, որոնցից արգելոցային գոտու տարածքները հանվում են տնտեսական շահագործումից:
Ազգային պարկն ունի բնապահպանական, գիտահետազոտական հիմնարկի կարգա-վիճակ, օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից:
Հոդված 11. Ազգային պարկերի ռեժիմը
Ազգային պարկի տարածքում հաստատվում է նրա առանձին ստորաբաժանումների (արգելոցային հատված, հանգստյան գոտի և այլն) պահպանության և բնական համալիրների ու այլ օբյեկտների օգտագործման կարգը՝ հաշվի առնելով դրանց էկոլոգիական, ռեկրեացիոն, մշակութային և գեղագիտական արժեքը:
Ազգային պարկի տարածքում (բացառությամբ արգելոցային գոտու, որտեղ գործում է արգելոցների համար սահմանված ռեժիմը) արգելվում են.
- պարկի գործունեության հետ չառընչվող արդյունաբերական և այլ օբյեկտների շինարա-րությունն ու շահագործումը.
- հետախուզական աշխատանքները, օգտակար հանածոների մշակումը.
- անտառահատումները (բացառությամբ սանիտարականի).
- բույսերի և կենդանիների նոր տեսակների ներմուծման և կլիմայավարժեցման աշխա-տանքները.
- ցանկացած այլ գործունեություն, որը հակասում է ազգային պարկի նպատակներին և կանոնադրությանը:
ԳԼՈՒԽ 5
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐ
Հոդված 12. Պետական արգելավայրեր
Պետական արգելավայրերը սահմանված կարգով մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված այն տարածքներն են, որոնց սահմաններում ապահովվում են էտալոնային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական համալիրների և դրանց տարրերի տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը:
Պետական արգելավայրերի տարածքում արգելվում է ամեն մի գործունեություն, որը խախտում է արգելավայրերի էկոհամակարգերը կամ սպառնում է հատուկ գիտական կամ մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
Հոդված 13. Պետական արգելավայրերի ռեժիմը
Պետական արգելավայրերի տարածքում սահմանափակվում կամ արգելվում է ցանկա-ցած գործունեություն, որը հակասում է արգելավայրի նպատակին:
Պետական արգելավայրերի հիմնական խնդիրները և ռեժիմի առանձնահատկությունները որոշվում են դրանց կանոնադրությամբ:
ԳԼՈՒԽ 6
ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Հոդված 14. Բնության հուշարձաններ
Բնության հուշարձանները բացառիկ կամ տիպիկ, գիտական և պատմամշակութային հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտներ են, որոնց ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 15. Բնության հուշարձանների ռեժիմը
Բնության հուշարձանների պահպանության կարգը հաստատում են պետական այն մարմինները, որոնք որոշում են ընդունում օբյեկտը բնության հուշարձան հայտարարելու մասին:
Նշված մարմինների կողմից ձևակերպվում է պահպանման վկայական և որոշվում է այն կազմակերպությունը, որը պատասխանատու է բնության հուշարձանի պահպանության ապահովման համար:
ԳԼՈՒԽ 7
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ
ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆ
ՀԱՄԱՐ
Հոդված 16. Պատասխանատվությունը բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի խախտման համար
Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի խախտման մեջ մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 8
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Հոդված 17. Միջազգային պայմանագրեր
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահման-ված են այլ կանոններ, քան պարունակում է սույն օրենքը, ապա գործում են միջազգային պայմանագրերը:
ԳԼՈՒԽ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
12 հոկտեմբերի 2001 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-164