ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2006թ.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է գյուղատնտեսական եւ անտառային բույսերի սերմերի արտադրության եւ օգտագործման ուղղությամբ գործունեության, ինչպես նաեւ սորտային եւ սերմնային վերահսկման կազմակերպման ու անցկացման իրավական հիմքը:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
սերմնաբուծություն՝ գործունեություն գյուղատնտեսական եւ անտառային բույսերի սերմերի արտադրության, մթերման, մշակման, պահպանման, իրացման, փոխադրման եւ օգտագործման ուղղությամբ, ինչպես նաեւ սորտային եւ սերմնային վերահսկում.
առաջնային սերմնաբուծություն՝ էլիտային սերմերի աճեցմանը նախորդող առաջին օղակները /փուլերը/, որոնք ընդգրկում են ելանյութի ընտրությունը, նրա սերնդատվության գնահատականը եւ բազմացումը.
սորտ՝ այնպիսի մշակաբույսերի ընդհանրություն, որոնք ստեղծվել են սելեկցիայի ճանապարհով, օժտված են որոշակի ժառանգական, մորֆոլոգիական, կենսաբանական եւ տնտեսա-արժեքային հատկանիշներով եւ հատկություններով.
գծային սորտ՝ սորտ, որը ստացվել է անհատական ընտրության մեթոդով եւ հանդիսանում է ինքնափոշոտվող բույսի սերունդ.
սորտային սերմեր՝ որեւէ սորտի (գծային սորտի) սերմեր, որոնց մասին կա նրանց՝ սերմնա-բուծության ոլորտի նորմատիվային ակտերին համապատասխանող սորտային մաքրությունը հաստա-տող փաստաթուղթ.
սերմերի սորտային որակ՝–հատկանիշների համակցություն, որոնք բնութագրում են սերմերի պատկանելիությունը գյուղատնտեսական բույսերի որոշակի սորտին.
սերմերի ցանքային որակ՝ հատկանիշների համակցություն, որոնք բնութագրում են սերմերի պիտանիությունը ցանքի համար.
սերմերի ապրանքախումբ՝ մեկ մշակաբույսի, սորտի, վերարտադրության, սորտային մաքրու-թյան, կատեգորիայի, բերքի տարեթվի եւ ծագման միատարր սերմերի որոշակի քանակություն, որը համարակալված է եւ հաստատված համապատասխան փաստաթղթերով.
սորտային վերահսկում՝ միջոցառումներ գյուղատնտեսական մշակաբույսերի եւ սերմերի որոշակի սորտին պատկանելիության սահմանման եւ սորտային մաքրության որոշման ուղղությամբ՝ ցանքերի ապրոբացիայի, բնահողային եւ լաբորատոր սորտային վերահսկողություն իրականացնելու միջոցով.
սերմնային վերահսկում՝ միջոցառումներ՝ սերմերի ցանքային հատկանիշների որոշման ուղղությամբ, սերմնաբուծության ոլորտում նորմատիվային փաստաթղթերի պահանջների պահպան-ման վերահսկում.
ցանքերի ապրոբացիա՝ սորտային ցանքերի հետազոտում, որն անց է կացվում սահմանված մեթոդիկայով՝ որպես սորտային սերմեր օգտագործելու համար բերքի պիտանիությունը որոշելու նպատակով.
բնահողային վերահսկում՝ գյուղատնտեսական բույսերի եւ սերմերի որոշակի սորտին պատկանելիության սահմանումը եւ բույսերի սորտային մաքրության որոշումը՝ հատուկ հողամասերում սերմերը ցանելու եւ հետագայում գյուղատնտեսական բույսերի ստուգման միջոցով.
լաբորատոր սորտային վերահսկում՝ որոշակի սորտին սերմերի պատկանելիության սահմա-նումը եւ սերմերի սորտային մաքրության որոշումը լաբորատոր անալիզ անցկացնելու միջոցով.
սորտային ցանքերի գրանցում՝ զննում արմատի վրա՝ առանց ապրոբացիոն խրձի, նմուշի ընտրության եւ չապրոբացված սորտային ցանքի փաստաթղթային ձեւակերպում.
սորտային մաքրություն՝ հիմնական սորտի ցողունների կամ բույսերի տոկոսային հարաբերու-թյունը նույն մշակաբույսի այլ սորտերի եւ ձեւերի ցողունների կամ բույսերի ընդհանուր քանակի նկատմամբ.
սորտային տիպիկություն՝ խաչաձեւ փոշոտվող բույսերի սորտային մաքրության ցուցանիշ.
սերմերի վերարտադրություն՝ սերմերի վերացանման հաջորդականությունը՝ հաշված էլիտա-յին սերմերի ցանքից.
գյուղատնտեսական բույսեր՝ հացահատիկային, հատիկալոբազգի, կերային, յուղատու, եթերայուղատու, տեխնիկական, բանջարանոցային բույսեր, դեղաբույսեր, ծաղկային, պտղային, հատապտղային բույսեր, կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ, խաղող, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական արտադրության մեջ.
անտառային բույսեր՝ անտառային շինափայտային եւ թփուտային բույսեր, որոնք օգտա-գործվում են անտառատնտեսության մեջ:
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը սերմնաբուծության ոլորտում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը սերմնաբուծության ոլորտում բաղ-կացած է սույն օրենքից եւ նրան համապատասխան հանրապետությունում ընդունվող օրենքներից ու նորմատիվային իրավական այլ ակտերից:
Գործադիր իշխանության հանրապետական մարմինները, որոնք իրականացնում են կառա-վարումը սերմնաբուծության ոլորտում, կարող են արձակել սերմնաբուծության ոլորտում հարա-բերություններ կարգավորող ակտեր այն շրջանակներում, որոնք նախատեսված են սույն օրենքով եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով ու նորմատիվ ակտերով:
Հոդված 3. Սերմնաբուծության ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունները
Սերմնաբուծության ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը կարգավորում է այն հարաբերությունները, որոնք ծագում են սահմանված կարգով օգտագործման համար թույլատրված սորտերի գյուղատնտեսական բույսերի սերմերի արտադրության, մթերման, մշակման, պահպանման, իրացման, փոխադրման եւ օգտագործման ուղղությամբ գործունեություն իրականացնելու, ինչպես նաեւ սորտային եւ սերմնային վերահսկում կազմակերպելու ու անցկացնելու կապակցությամբ:
Այն հարաբերությունները, որոնք առաջանում են անտառային բույսերի սերմերի մթերման, մշակման, պահպանման, իրացման, փոխադրման եւ օգտագործման, ինչպես նաեւ անտառա-տնտեսության մեջ սերմնային վերահսկման կազմակերպման ու անցկացման կապակցությամբ, կարգավորվում են սերմնաբուծության ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, եթե այլ բան նախատեսված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսդրությամբ:
Սերմնաբուծության ոլորտում ծագող գույքային եւ վարչական հարաբերությունները կարգա-վորվում են սերմնաբուծության ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական եւ վարչական օրենսդրությանը համա-պատասխան:
ԳԼՈՒԽ 2
ՍԵՐՄԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ
Հոդված 4. Գյուղատնտեսական բույսերի սերմերի կատեգորիաները
Գյուղատնտեսական բույսերի սերմերը, կախված գյուղատնտեսական բույսերի սորտերի վերարտադրության փուլից, բաժանվում են հետեւյալ կատեգորիաների.
- օրիգինալ.
- էլիտային.
- վերարտադրողական (առաջին եւ հաջորդ վերարտադրությունների սերմեր, ինչպես նաեւ առաջին սերնդի հիբրիդային սերմեր):
Համապատասխան կատեգորիայի սերմերի արտադրության մեթոդները որոշում է գյուղա-տնտեսության կառավարման լիազորված պետական մարմինը (այսուհետեւ՝ լիազորված մարմին):
Հոդված 5. Օրիգինալ սերմեր
Օրիգինալ սերմեր են հանդիսանում գյուղատնտեսական բույսերի այն սերմերը, որոնք արտադրվել են գյուղատնտեսական բույսի օրիգինատորի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից:
Գյուղատնտեսական բույսի սորտի օրիգինատոր է հանդիսանում այն իրավաբանական կամ ֆիզիկական անձը, որը ստեղծել, բուծել, ի հայտ է բերել գյուղատնտեսական բույսի սորտը եւ (կամ) ապահովում է նրա արտահանումն ու այն տվյալները, որոնց հիման վրա սորտը սահմանված կարգով թույլատրված է օգտագործման:
Գյուղատնտեսական բույսի սորտի օրիգինատորի գրանցման մասին կանոնակարգը հաստա-տում է լիազորված մարմինը:
Հոդված 6. Էլիտային սերմեր
Էլիտային սերմեր են հանդիսանում գյուղատնտեսական բույսի այն սերմերը, որոնք ստացվել են օրիգինալ սերմերի վերարտադրության գործընթացում եւ համապատասխանում են սերմնաբուծության ոլորտի նորմատիվային փաստաթղթերի պահանջներին:
Էլիտային սերմերը օգտագործվում են սերմերի վերարտադրության համար:
Հոդված 7. Վերարտադրողական սերմեր
Վերարտադրողական են հանդիսանում գյուղատնտեսական բույսերի այն սերնդի սերմերը, որոնք հաջորդում են էլիտային սերմերին:
Վերարտադրողական սերմերի սերունդների թիվը որոշում է լիազորված մարմինը:
Առաջին սերնդի հիբրիդային սերմերը հանդիսանում են վերարտադրողական սերմեր:
Հոդված 8. Անտառային բույսերի սերմերի կատեգորիաները
Կախված ժառանգական հատկանիշներից՝ գոյություն ունեն անտառային բույսերի սերմերի հետեւյալ կատեգորիաները. նորմալ, բարելավված եւ սորտային:
Նշված կատեգորիաներին անտառային բույսերի սերմերի վերագրումը որոշում է համապա-տասխան լիազորված պետական մարմինը:
ԳԼՈՒԽ 3
ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 9. Սերմնաբուծության համակարգը
Գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության համակարգը իրենից ներկայացնում է ֆունկցիոնալ փոխկապակցված իրավաբանական եւ ֆիզիկական այն անձանց ընդհանրությունը, որը գործունեություն է իրականացնում օրիգինալ, էլիտային եւ վերարտադրողական սերմերի արտադրու-թյան ուղղությամբ:
Գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության համակարգի գործունեության կարգը սահմանում է լիազորված մարմինը:
Անտառային բույսերի սերմնաբուծության համակարգը իրենից ներկայացնում է ֆունկցիոնալ փոխկապակցված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ընդհանրությունը, որը գործունեություն է իրականացնում նորմալ, բարելավված եւ սորտային սերմերի արտադրության ուղղությամբ:
Անտառային բույսերի սերմնաբուծության համակարգի գործունեության կարգը սահմանում է համապատասխան լիազորված պետական մարմինը:
Հոդված 10. Գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության սխեման
Գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության սխեման ընդգրկում է բույսերի սորտերի վերարտադրության գիտականորեն հիմնավորված մեթոդներ եւ համալիր միջոցառումներ: Գյուղա-տնտեսական բույսերի սերմնաբուծության սխեման սահմանում է լիազորված մարմինը:
Հոդված 11. Սերմնաբուծական ոլորտում պետական կառավարումը
Սերմնաբուծության ոլորտում պետական կառավարումն իրականացնում է Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության կառավարությունը՝ ուղղակիորեն կամ նրա կողմից լիազորված պետական մարմինների միջոցով:
Սերմնաբուծության ոլորտում պետական կառավարում իրականացնող մարմինների լիազորու-թյունները որոշվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 12. Սերմնաբուծության գիտական ապահովումը
Սերմնաբուծության գիտական ապահովումն իրականացնում են գիտահետազոտական, գիտա-կան կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք, որոնք զբաղվում են գիտական հետազոտու-թյուններով սերմնաբուծության ոլորտում, ինչպես նաեւ այն գիտական կազմակերպությունները, որոնք գործում են բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում:
Հոդված 13. Ֆինանսավորումը սերմնաբուծության ոլորտում
Սերմնաբուծության ֆինանսավորումը իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության պետական եւ տեղական բյուջեների, արտաբյուջետային աղբյուրների հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաեւ սերմնա-բուծության բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական ան-ձանց միջոցների հաշվին:
Սերմնաբուծության գիտական ապահովության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հոդված 14. Սերմնաբուծության պետական աջակցությունը
Սերմնաբուծության պետական աջակցությունը իրականացվում է հետեւյալ միջոցներով.
- պետական ներդրումների հատկացմամբ.
- գների պետական կարգավորմամբ.
- հարկային արտոնությունների տրամադրմամբ.
- օրիգինալ եւ էլիտային սերմերի արտադրության ծախսերի փոխհատուցմամբ.
- սերմնաբուծության ոլորտում գիտական հետազոտությունների եւ կադրերի պատրաստման բյուջետային ֆինանսավորմամբ.
- արտոնյալ վարկերի տրամադրմամբ.
- տնտեսական խթանման այլ միջոցների կիրառմամբ:
ԳԼՈՒԽ 4
ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15. Սերմերի արտադրությանը ներկայացվող պահանջները
Սերմերի արտադրության համար պետք է օգտագործվեն այնպիսի սերմեր, որոնց սորտային եւ ցանքային որակը համապատասխանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ստանդարտներին եւ սերմնաբուծության ոլորտի նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին:
Արգելվում է սերմնարտադրության նպատակով օգտագործել այնպիսի սերմեր, որոնք աղտոտված են կարանտինային բույսերի սերմերով, վարակված են բույսերի կարանտինային հիվանդություններով եւ վնասատուներով:
Հոդված 16. Առանձին կատեգորիայի սերմերի արտադրության առանձնահատկությունները
Օրիգինալ սերմերը արտադրվում են սույն օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան:
Էլիտային սերմերը արտադրում են այն իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնք ունեն նշված սերմերի արտադրության համար լիցենզիաներ:
Վերարտադրողական սերմերը կարող են արտադրել բոլոր շահագրգիռ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
Իրացման համար նախատեսված վերարտադրողական սերմերի արտադրության ուղղությամբ գործունեության լիցենզավորման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
Անտառային բույսերի առանձին կատեգորիաների սերմերը արտադրվում են համապատասխան լիազորված պետական մարմնի կողմից սահմանված կարգով:
Սերմեր արտադրողներ են հանդիսանում այն ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք սերմերի արտադրություն են իրականացնում սույն օրենքին համապատասխան:
Սերմերի արտադրություն իրականացնող իրավաբանական անձանց հիմնադիր փաստաթղթե-րում որոշվում է նրանց գործունեության առարկան եւ նպատակները:
Հոդված 17. Գյուղատնտեսական բույսերի սերմերի արտադրության հատուկ գոտիները
Սորտային բարձր հատկանիշներով օժտված գյուղատնտեսական բույսերի սերմերի արտադրու-թյան համար առավել բարենպաստ բուսասանիտարական, տեխնոլոգիական պայմանների ստեղծ-ման նպատակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը լիազորված մարմնի ներկայացմամբ որոշում է գյուղատնտեսական բույսերի սերմերի արտադրության հատուկ գոտիները: Այդ գոտիներում սահմանվում է գյուղատնտեսական բույսերի սերմերի արտադրության հատուկ ռեժիմ:
ԳԼՈՒԽ 5
ՍԵՐՄԵՐԻ ՄԹԵՐՈՒՄԸ, ՄՇԱԿՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 18. Սերմերի մթերումը, մշակումը, պահպանումը եւ օգտագործումը
Գյուղատնտեսական եւ անտառային բույսերի սերմերի մթերումը, մշակումը, պահպանումը եւ օգտագործումը իրականացվում են ագրոտեխնիկական եւ կենսաբանական այն պահանջներին համապատասխան, որոնք ապահովում են նրանց սորտային եւ ցանքային բարձր որակը՝ համա-պատասխան լիազորված պետական մարմինների սահմանած կարգով:
Այն սերմերի օգտագործումը, որոնք հանդիսանում են բացառիկ իրավունքների օբյեկտ (ինտելեկտուալ սեփականություն), թույլատրվում է քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Արգելվում է ցանքի, տունկի համար օգտագործել այն սերմերը, որոնց սորտային, ցանքային որակը չի համապատասխանում սերմնաբուծության ոլորտի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ստանդարտներին եւ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին:
Հոդված 19. Ապահովագրական ֆոնդերը
Սերմերի ապահովագրական ֆոնդերն իրենցից ներկայացնում են գյուղատնտեսական եւ (կամ) անտառային բույսերի սերմերի պաշարներ, եւ ձեւավորվում են բերքի պակասի, տարերային աղետների կամ արտակարգ այլ իրավիճակների դեպքերի համար:
Ապահովագրական ֆոնդերի ձեւավորման եւ օգտագործման կարգը սահմանում են համապա-տասխան լիազորված պետական մարմինները:
Սերմերի ապահովագրական ֆոնդերը ձեւավորվում են պետական բյուջեի հաշվին, հանդի-սանում են պետական սեփականություն, նրանց օգտագործման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 6
ՍԵՐՄԵՐԻ ՍՈՐՏԱՅԻՆ ԵՎ ՑԱՆՔԱՅԻՆ ՈՐԱԿԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 20. Սերմերի սորտային եւ ցանքային որակի որոշմանը ներկայացվող ընդհանուր պահանջները
Ցանքի, տունկի համար նախատեսված սերմերը ենթակա են ստուգման՝ սորտային եւ ցանքա-յին որակի որոշման համար:
Սերմերի սորտային եւ ցանքային որակի որոշման համար կիրառվում են սերմնաբուծության ոլորտի միասնական մեթոդներ, տերմինաբանություն եւ նորմատիվային փաստաթղթեր, ինչպես նաեւ տեխնիկական միջոցների միասնական նմուշներ:
Սերմերի ցանքային որակը որոշվում է սերմնաբուծության ոլորտի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ստանդարտների եւ նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջների հիման վրա:
Հոդված 21. Գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային որակի որոշումը
Գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային որակի որոշումը կատարվում է ցանքերի ապրոբացիայի, բնահողային եւ լաբորատոր սորտային վերահսկման միջոցով:
Պարտադիր ապրոբացիայի ենթակա են այն գյուղատնտեսական բույսերի ցանքերը, որոնց սերմերը նախատեսված են իրացման համար:
Գյուղատնտեսական բույսերի ցանքերի ապրոբացիան անց է կացվում ըստ արտադրողների հայտերի՝ անհրաժեշտության դեպքում ընդգրկելով սույն օրենքի 12-րդ հոդվածում նշված կազմակերպությունները:
Բնահողային վերահսկման ենթակա են օրիգինալ, էլիտային եւ վերարտադրողական սերմերը, որոնք շրջանառության մեջ են դրվում լիազորված մարմնի կողմից հաստատված գյուղատնտեսական բույսերի ցուցակին համապատասխան:
Լաբորատոր սորտային վերահսկման ենթակա են այն էլիտային եւ վերարտադրողական սերմերը, որոնք շրջանառության մեջ են դրվում լիազորված մարմնի կողմից հաստատված գյուղատնտեսական բույսերի ցուցակին համապատասխան:
Այն գյուղատնտեսական բույսերի ցանքերը, որոնց սերմերը նախատեսված են սերմ արտադրողների սեփական կարիքների համար, ենթակա են գրանցման:
Գյուղատնտեսական բույսերի ցանքերի ապրոբացիայի, բնահողային եւ լաբորատոր սորտային վերահսկման, ինչպես նաեւ գյուղատնտեսական բույսերի ցանքերի գրանցման կարգը սահմանում է լիազորված մարմինը:
Հոդված 22. Սերմերի ցանքային որակի որոշումը
Սերմերի ցանքային որակի որոշումը կատարվում է սերմերի փորձանմուշների ընտրության եւ անալիզի միջոցով:
Գյուղատնտեսական բույսերի սերմերի փորձանմուշների ընտրությունը իրականացվում է սերմնային տեսչությունների կողմից, իսկ անտառային բույսերինը՝ համապատասխան լիազորված պետական մարմնի կողմից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանման համար նախատեսված սերմերի ապրանքախմբերից սերմերի փորձանմուշների ընտրությունը եւ անալիզը իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
Հոդված 23. Սերմերի հավաստագրումը
Իրացման համար նախատեսված բոլոր կատեգորիայի սերմերի ապրանքախմբերը պետք է ունենան սորտային եւ ցանքային որակը հաստատող հավաստագրեր (սերտիֆիկատներ):
Սերմեր արտադրողների հայտերով այդ հավաստագրերը տրվում են նաեւ սերմերի այն ապրանքախմբերի համար, որոնք նախատեսված են արտադրողների սեփական կարիքների համար:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանման համար նախատեսված սերմերի ապրանքախմբերը պետք է ունենան հավաստագրեր՝ միջազգային իրավունքի նորմերին համա-պատասխան:
Գյուղատնտեսական բույսերի սորտային եւ ցանքային որակը հաստատող հավաստագրերի հանձնումը իրականացվում է սերմնային տեսչությունների կողմից:
Էլիտային եւ դրա վերարտադրության փուլերին նախորդող սերմերի ապրանքախմբերը ուղեկց-վում են սերմերի վերաբերյալ ատեստատով, իսկ վերարտադրողական սերմերի ապրանքախմբերը՝ վկայականով, որոնք հանձնվում են այդ սերմերը արտադրողներին:
Անտառային բույսերի սերմերի հավաստագրման եւ հավաստագրերի հանձնման կարգը սահմանում է համապատասխան լիազորված պետական մարմինը:
Հոդված 24. Սերմերի անալիզի արդյունքների մասին վկայական
Սերմեր արտադրողներին՝ սեփական կարիքների համար նախատեսված, ինչպես նաեւ սերմնաբուծության ոլորտի նորմատիվային փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող սերմերի վերաբերյալ տրվում են վկայականներ անալիզի արդյունքների մասին:
Գյուղատնտեսական բույսերի սերմերի անալիզի արդյունքների մասին վկայականների հանձնումը իրականացնում են սերմնային տեսչությունները, իսկ անտառային բույսերի սերմերինը՝ անտառտնտեսության կառավարման հատուկ լիազորված հանրապետական մարմինը:
ԳԼՈՒԽ 7
ՍԵՐՄԵՐԻ ԱՊՐԱՆՔԱԽՄԲԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 25. Սերմերի ապրանքախմբերի շրջանառությունը
Թույլատրվում է այն գյուղատնտեսական բույսերի սերմերի ապրանքախմբերի շրջանա-ռությունը, որոնց սորտերը օգտագործման են թույլատրված սահմանված կարգով՝ սերմերի սորտային եւ ցանքային որակը հաստատող հավաստագրերի, ինչպես նաեւ բուսասանիտարական հավաս-տագրերի առկայության դեպքում, որոնք տրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Լիազորված մարմնի կողմից օգտագործման համար թույլատրված գյուղատնտեսական բույ-սերի սորտերի ցանկից որեւէ տեսակը հանելուց հետո, նման սորտի գյուղատնտեսական բույսերի սերմերի ապրանքախմբերը կարող են շրջանառության մեջ գտնվել հաջորդ երկու տարվա ընթաց-քում: Նշված սերմերը պատկանում են վերարտադրողական սերմերի կատեգորիային:
Անտառային բույսերի սերմերի ապրանքախմբերի շրջանառությունը թույլատրվում է նրանց ցանքային հատկանիշները հաստատող հավաստագրերի առկայության, ինչպես նաեւ այն պահանջ-ների պահպանման դեպքում, որոնք հաստատում է համապատասխան լիազորված պետական մարմինը:
Հոդված 26. Սերմերի ապրանքախմբերի իրացումը եւ փոխադրումը
Սերմերի ապրանքախմբերի իրացումը եւ փոխադրումը իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը եւ սերմնաբուծության ոլորտի նորմատիվային-իրավական ակտե-րին համապատասխան:
Գյուղատնտեսական եւ անտառային բույսերի սերմերի ապրանքախմբերի իրացման եւ փոխադրման կարգը սահմանվում է համապատասխան լիազորված պետական մարմինների կողմից:
Հոդված 27. Սերմերի ապրանքախմբերի իրացման գործունեության լիցենզավորումը
Սերմերի ապրանքախմբերի իրացումը թույլատրվում է սերմերի իրացման լիցենզիաներ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:
Նշված գործունեության լիցենզավորման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության օրենսդրությամբ:
Հոդված 28. Սերմերի ապրանքախմբերի ներկրումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ արտահանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից
Սերմերի ապրանքախմբերի ներկրումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն թույլատրվում է այն դեպքում, եթե սերմերի ապրանքախմբերի վերաբերյալ ձեւակերպված են նրանց սորտային եւ ցանքային որակը հաստատող փաստաթղթեր, եւ եթե նշված սերմերի ապրանքախմբերը համապա-տասխանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային իրավունքի նորմերով սահմանված պահանջներին:
Արգելվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներկրել քիմիական կամ կենսա-բանական պատրաստուկներով մշակված չփաթեթավորված վիճակում գտնվող (սորուն) սերմերի ապրանքախմբեր:
Սերմերի ապրանքախմբերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներկրման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանման հսկողությունն իրականացնում են լիազորված մարմինը եւ պետական կառավարման այլ մարմիններ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Սերմերի ապրանքախմբերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներկրման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներկրված սերմերի ապրանքախմբերը ենթակա են սերմնային եւ բուսասանիտարական վերահսկման:
Արգելվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներկրել եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանել պետության կողմից պահպանվող բույսերի սորտերի սերմերի ապրանքախմբերը, եթե չեն պահպանվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքա-ցիական օրենսդրության պահանջները:
Հոդված 29. Սերմերի որակի երաշխիքները
Սերմերի ապրանքախմբեր իրացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք երաշխավորում են, որ իրացվող ապրանքախմբերի սերմերի սորտային եւ ցանքային որակը համապատասխանում է հավաստագրում նշված տվյալներին:
Իրացվող ապրանքախմբի սերմերի սորտային եւ ցանքային որակը հավաստագրում նշված տվյալներին անհամապատասխանության դեպքում սերմերի ապրանքախումբն իրացնող իրավաբա-նական կամ ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության օրենսդրության համապատասխան:
ԳԼՈՒԽ 8
ՍՈՐՏԱՅԻՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 30. Սորտային եւ սերմնային վերահսկման անցկացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները
Սորտային եւ սերմնային վերահսկումը ուղղված է սերմնաբուծության ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների ապահովմանը: Սորտային եւ սերմնային վերահսկումը անց է կացվում սերմնաբուծության ոլորտում գործունեություն իրակա-նացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պատկանող ցանքերի եւ սերմերի նկատմամբ:
Հոդված 31. Սորտային եւ սերմնային վերահսկում իրականացնող կազմակերպությունները
Սորտային եւ սերմնային վերահսկումը գյուղատնտեսական բույսերի ցանքերի եւ սերմերի նկատմամբ իրականացնում են համապատասխան լիազորված պետական մարմինները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 32. Պետական տեսուչները գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության ոլորտում
Պետական տեսուչները գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության ոլորտում իրենց իրավասության սահմաններում իրավունք ունեն՝
- անարգել այցելել սերմնաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող իրավա-բանական, ֆիզիկական անձանց, եւ նշված անձերից անհատույց ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն.
- կասեցնել սերմերի իրացումը կամ այլ օգտագործումն այն դեպքում, եթե ի հայտ է բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սերմնաբուծության ոլորտի օրենսդրության խախտում.
- առաջարկություններ մտցնել սերմերի արտադրության, ինչպես նաեւ իրացման ուղղությամբ գործունեության իրականացման մասին լիցենզիաները վերացնելու վերաբերյալ.
- կարգադրագիր տալ սերմնաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզի-կական եւ իրավաբանական անձանց՝ սերմնաբուծության ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության խախտումները վերացնելու վերաբերյալ.
- կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ լիազորություններ:
Պետական տեսուչների գործունեության կարգը գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության ոլորտում սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 9
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Հոդված 33. Վեճերի լուծումը սերմնաբուծության ոլորտում
Վեճերը սերմնաբուծության ոլորտում լուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 34. Պատասխանատվությունը սերմնաբուծության ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը խախտելու դեպքում
Սերմնաբուծության ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության խախ-տումը առաջ է բերում վարչական կամ այլ պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 10
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 35. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հոդված 36. Նորմատիվային իրավական ակտերի համապատասխանեցումը սույն օրենքին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝ սույն օրենքին համապատասխանեցնել նորմատիվային իրավական ակտերը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
4 հուլիսի 2001 թ.
ք.Ստեփանանակերտ
ՀՕ- 157