Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին

ՈՒԺԸ  ԿՈՐՑՐԵԼ  Է 2005թ.

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ  Ր  Ե  Ն  Ք  Ը

 

ՆՈՐՄԱՏԻՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ  ՄԱՍԻՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի  գործողության ոլորտը

 

Սույն օրենքը կարգավորում է նորմատիվ պահանջներին արտադրանքի, ապրանքների (այսուհետ՝ արտադրանք), աշխատանքների և ծառայությունների (այսուհետ՝ ծառայություն) համապատասխանության պարտադիր և կամավոր հավաստման աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև սահմանում է այդ բնագավառում պետական վերահսկողության իրավական հիմքերը, համապատասխանության հավաստման եղանակները, ապրանքային շուկայում արտադրանքի իրացման պայմանները, համապատասխանության հավաստման մասնակիցների իրավունքները և պարտականությունները:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

ա) համապատասխանության հավաստում՝ գործունեություն, որի արդյունքում համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության մասին հայտարարագրի միջոցով հավաստվում է արտադրանքի կամ ծառայության համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.

բ) համապատասխանության պարտադիր հավաստում՝ համապատասխանության հավաստում, որը գործարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով կամ այլ իրավական ակտերով սահմանված որոշակի արտադրանքի կամ ծառայության համար և կատարվում է պարտադիր կարգով այդպիսի արտադրանքի կամ ծառայության անվտանգությունն ապահովող պարտադիր նորմատիվ պահանջներին համապատասխան.

գ) համապատասխանության նշան՝ սահմանված կարգով գրանցված և համապատասխանության հավաստման համակարգի կանոններով կիրառվող նշան, որը հավաստում է դրանով մակնշված արտադրանքի համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.

դ) համապատասխանության մասին հայտարարագիր՝ վավերացված փաստաթուղթ, որում արտադրանք արտադրողը, ներմուծողը կամ ծառայություն մատուցողն իր մոտ եղած տվյալների հիման վրա հավաստիացնում է իր արտադրած, ներմուծվող արտադրանքի կամ մատուցվող ծառայության համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.

ե) նորմատիվ պահանջներ՝ նորմատիվ փաստաթղթերում արտադրանքին կամ ծառայությանը ներկայացվող պահանջներ, որոնց հետ համեմատվում են արտադրանքի կամ ծառայության բնութագրերը՝ համապատասխանության հավաստման ժամանակ.

զ) նորմատիվ փաստաթուղթ՝ տեխնիկական կանոնակարգեր, ստանդարտներ, սահմանված կարգով հաստատված այլ փաստաթղթեր, որտեղ ներառված են արտադրանքի կամ ծառայության նորմատիվ պահանջները.

է) անվտանգություն՝ անթույլատրելի ռիսկի բացակայություն՝ կապված արտադրանքով կամ ծառայությամբ կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին վնաս հասցնելու հնարավորության հետ.

 ը) համապատասխանության սերտիֆիկատ՝ սերտիֆիկացման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է սահմանված կարգով նույնականացված արտադրանքի կամ ծառայության համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.

թ) արտադրանքի նույնականացում՝ ընթացակարգ, որի միջոցով համապա-տասխանության հավաստման համակարգի կանոններով հավաստվում է համապա-տասխանության հավաստման ներկայացված արտադրանքի նույնականությունն իր անվանմանը և այլ հատկանիշներին.

ժ) սերտիֆիկացում՝ համապատասխանության հավաստման ընթացակարգ, որի արդյունքով սերտիֆիկացման մարմինը գրավոր հավաստիացնում է արտադրանքի կամ ծառայության համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.

ժա) համապատասխանության հավաստման պետական մարմին՝ համապատաս-խանության հավաստման համակարգի կառավարման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին.

ժբ) սերտիֆիկացման մարմին՝ որոշակի արտադրանքի կամ ծառայության համապատաս-խանության հավաստման աշխատանքների կատարման համար հավատարմագրված իրավաբանական անձ.

ժգ) փորձարկման լաբորատորիա՝ որոշակի փորձարկումներ իրականացնելու համար հավատարմագրված իրավաբանական անձ.

ժդ) հայտատու՝  արտադրանք արտադրող (վաճառող) կամ ծառայություն մատուցող, կամ նրանց վստահված ներկայացուցիչ, որն արտադրանքի կամ ծառայության համապատաս-խանության հավաստման աշխատանքների կատարման համար հայտով դիմում է սերտիֆիկացման մարմին.

ժե) համապատասխանության հավաստման սխեմա՝ գործողությունների որոշակի համախումբ, որոնց դրական արդյունքներն ընդունվում են որպես նորմատիվ պահանջներին արտադրանքի կամ ծառայության համապատասխանության ապացույց.

ժզ) հավատարմագրում՝ ընթացակարգ, որի միջոցով հավատարմագրման խորհուրդը պաշտոնապես ճանաչում է իրավաբանական անձի իրավասությունը՝ համապատասխանության հավաստման որոշակի ոլորտում աշխատանքներ կատարելու համար, ինչպես նաև պաշտոնապես ճանաչում է արտադրանք արտադրողից (վաճառողից) կամ ծառայություն մատուցողից այդ իրավաբանական անձի անկախությունը.

 ժէ) համապատասխանության կամավոր հավաստում՝ հայտատուի նախաձեռնությամբ և նրա կողմից հայտարարված նորմատիվ և տեխնիկական պահանջներին համապատասխան անցկացվող համապատասխանության հավաստում:

 

Հոդված 3. Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայության համապատասխանության հավաստման իրավական կարգավորումը

 

Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայության համապատասխանության  հավաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 4.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը

 

                Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են համապատասխանության հավաստման վերաբերյալ նորմեր, որոնք նախատեսված չեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 5. Համապատասխանության պարտադիր հավաստման նպատակները

 

Համապատասխանության պարտադիր հավաստման նպատակներն են՝

ա) քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության ապահովումը.

բ) շրջակա միջավայրի, կենդանական և բուսական աշխարհի պահպանումը.

գ) սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելումը.

դ) համապատասխանության հավաստման կանոնների ներդաշնակեցումը միջազգային և տարածաշրջանային համապատասխանության հավաստման համակարգերի կանոններին, ինչպես նաև առևտրում  տեխնիկական խոչընդոտների բացառումը:

 

Հոդված 6. Համապատասխանության հավաստման համար կիրառվող նորմատիվ փաստաթղթերը

 

1. Համապատասխանության հավաստման համար կիրառվող նորմատիվ փաստաթղթերը պետք է պարունակեն արտադրանքին կամ ծառայությանը ներկայացվող նորմատիվ պահանջներ և համապատասխանության որոշման մեթոդներ:

Արտադրանքին կամ ծառայությանը ներկայացվող պահանջները կարող են լինել մեկ կամ մի քանի նորմատիվ փաստաթղթերում:

2. Արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստման համար կարող են կիրառվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով կիրառվող միջազգային, տարածաշրջանային, միջպետական և այլ պետությունների ազգային նորմատիվ փաստաթղթեր:

3. Համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվում են արտադրանքի կամ ծառայության տեխնիկական կանոնակարգերը:

 

Հոդված 7. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքը կամ ծառայությունը

 

Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկը շահագրգիռ պետական մարմինների հետ համատեղ կազմում է համապատասխանության հավաստման պետական մարմինը և հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 8. Համապատասխանության հավաստման համակարգը

 

1. Համապատասխանության հավաստման համակարգը համապատասխանության հավաստման ենթահամակարգերի, ընթացակարգերի և կանոնների ամբողջությունն է:

2. Համապատասխանության հավաստման ենթահամակարգերով սահմանվում են այնպիսի արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստումը, որոնց համար կիրառվում են միևնույն նորմատիվ փաստաթղթերը և ընթացակարգերը:

 

Հոդված 9. Համապատասխանության սերտիֆիկատը և համապատասխանության նշանը

 

                1. Համապատասխանության սերտիֆիկատի (այսուհետ՝ սերտիֆիկատ) ձևը, ինչպես նաև դրան ներկայացվող պահանջները սահմանվում են համապատասխանության հավաստման համակարգով:

2. Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10. Համապատասխանության մասին հայտարարագիրը

 

1. Արտադրանքի և ծառայության համապատասխանության մասին հայտարարագրի (այսուհետ՝ հայտարարագիր) հայտը ներկայացնելու իրավունք  ունեն արտադրանք արտադրողները, ներմուծողները կամ ծառայություն մատուցողները:

2. Հայտարարագիրը պետք է հիմնվի արտադրանքի և ծառայության համապատասխանության հավաստման սխեմաներով ստացված տվյալների, հիգիենիկ եզրակացությունների, անասնաբուժական, բուսասանիտարական վկայագրերի և տվյալ արտադրանքի կամ ծառայության նորմատիվ փաստաթղթերով հավաստված տվյալների վրա:

3. Հայտարարագրի հայտում նշվում են՝

ա) հայտարարագրի հայտ ներկայացնող հայտատուի անվանումը և հասցեն.

բ) արտադրանքի կամ ծառայության անվանումը և դասակարգչային կոդը.

գ) նորմատիվ պահանջներին արտադրանքի կամ ծառայության համապատասխանության ապահովման մասին հայտատուի պարտավորությունը.

դ) նորմատիվ փաստաթղթերը, որոնց համապատասխանում է հայտարարագրի հայտում նշված արտադրանքը կամ ծառայությունը.

ե) հիգիենիկ եզրակացությունների, անասնաբուժական, բուսասանիտարական վկայագրերի, կատարված փորձարկումների և տվյալ արտադրանքի կամ ծառայության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված որակը և անվտանգությունը հավաստող այլ փաստաթղթերի առկայությունը:

Հայտարարագրի հայտը ստորագրվում է հայտատու կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազորված ներկայացուցչի կողմից:

4. Հայտարարագիրը գրանցվում  և վավերացվում է սերտիֆիկացման մարմնում:

Հայտարարագրի մեկական օրինակները պահվում են սերտիֆիկացման մարմնում և հայտատուի մոտ և անհրաժեշտության դեպքում ներկայացվում են պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին:

 5. Հայտարարագիրը և սերտիֆիկատը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ունեն միևնույն իրավաբանական ուժը:

 

Հոդված 11. Համապատասխանության հավաստման սխեմաները

 

1. Արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստումն իրականացվում է համապատասխանության հավաստման սխեմաներով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառվող արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստման սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանվում են համապատասխանության հավաստման համակարգի կանոններով:

3. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի կամ ծառայության համար կարող են սահմանվել համապատասխանության հավաստման մի քանի սխեմաներ, որոնք ըստ իրենց նշանակության համարժեք են:

 

Հոդված 12. Իրավաբանական անձանց հավատարմագրումը

 

1. Համապատասխանության հավաստման աշխատանքներ իրականացնելու համար հավակնող իրավաբանական անձանց, որպես սերտիֆիկացման մարմիններ կամ փորձարկման լաբորատորիաներ, հավատարմագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված հավատարմագրման խորհուրդը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

2. Հավատարմագրման խորհուրդը, հավատարմագրման դրական արդյունքների հիման վրա, պաշտոնապես ճանաչում է իրավաբանական անձի իրավասությունը՝ կատարել աշխատանքներ համապատասխանության հավաստման որոշակի ոլորտում, ինչպես նաև նրա անկախությունը արտադրանք արտադրողից (վաճառողից, գնորդից) կամ ծառայություն մատուցողից:

3.  Հավատարմագրման խորհուրդը, այդ պահին որոշակի ոլորտում համապատասխան սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի բացակայության դեպքում, համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքներ կատարելու համար լիազորում է իրավասու իրավաբանական անձին՝ սերտիֆիկացման աշխատանքներ կատարել մեկ տարուց ոչ ավելի ժամանակով:

 

Հոդված 13. Համապատասխանության պարտադիր հավաստման մասնակիցները

 

Համապատասխանության պարտադիր հավաստման մասնակիցներն են՝ համապատասխանության հավաստման պետական մարմինը, սերտիֆիկացման մարմինները, փորձարկման լաբորատորիաները, հայտատուները:

 

Հոդված 14. Համապատասխանության հավաստման պետական մարմինը

 

1. Համապատասխանության հավաստման պետական մարմինը (այսուհետ՝ հավաստման պետական մարմին) համապատասխանության հավաստման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին է:

2. Հավաստման պետական մարմինը՝

ա) իրականացնում է պետական քաղաքականություն համապատասխանության հավաստման բնագավառում.

բ) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համապատասխանության հավաստման աշխատանքների կատարման կանոնները.

գ) իրականացնում է արտադրանքի կամ ծառայության նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների և համապատասխանության պարտադիր հավաստման կանոնների պահպանման պետական վերահսկողություն.

դ) սահմանված կարգով պատրաստում է առաջարկություններ՝ համապատասխանության հավաստման միջազգային և տարածաշրջանային համակարգերին միանալու վերաբերյալ.

ե) սահմանված կարգով կնքում է համաձայնագրեր՝ միջազգային և տարածաշրջանային, միջպետական կազմակերպությունների հետ համապատասխանության հավաստման արդյունքների ճանաչման մասին.

զ) ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային, տարածաշրջանային կազմակերպություններում՝ արտադրանքի համապատասխանության հավաստման հարցերով.

է) հրատարակում է տեղեկատվություն՝ համապատասխանության հավաստման կանոնների, հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառվող համապատասխանության նշանների վերաբերյալ և այդ տեղեկատվությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, ներկայացնում է միջազգային և տարածաշրջանային համապատասխանության հավաստման կազմակերպու-թյուններին.

ը) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իր իրավասությանը  վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 15. Սերտիֆիկացման մարմինը

 

1. Սերտիֆիկացման մարմինը, իր հավատարմագրման ոլորտի սահմաններում՝

ա) քննարկում է համապատասխանության հավաստման անցկացման աշխատանքների հայտերը.

բ) գրանցում և վավերացնում է հայտատուի կողմից ներկայացված հայտարարագիրը.

գ) իրականացնում է սերտիֆիկացված արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հսկողություն՝ ըստ համապատասխանության հավաստման սխեմայի և հայտատուի ու սերտիֆիկացման մարմնի միջև կնքված պայմանագրի.

 դ) իրականացնում է արտադրանքի նմուշագրում.

ե) կատարում է համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքներ, որոնք նախատեսված են որոշակի արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստման սխեմայով. 

զ) կատարում է արտադրանքի կամ ծառայության սերտիֆիկացում, հանձնում է սերտիֆիկատ.

է) կասեցնում կամ դադարեցնում է հայտարարագրի կամ սերտիֆիկատի գործողությունը՝ համապատասխանության հավաստման պայմանների խախտման դեպքում:

2. Սերտիֆիկացման մարմինը հայտարարագրի վավերացման (մերժման) որոշումը պետք է ընդունի երկու օրվա ընթացքում:

3. Սերտիֆիկացման մարմինը նորմատիվ պահանջներին արտադրանքի կամ ծառայության անհամապատասխանության դեպքում անմիջապես տեղեկացնում է պետական վերահսկողության իրականացման համապատասխան մարմնին:

4. Սերտիֆիկացման մարմնի պաշտոնատար անձինք համապատասխանության հավաստման կանոնների խախտման համար կրում են պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 16. Փորձարկման լաբորատորիան 

 

1. Փորձարկման լաբորատորիան իր հավատարմագրման ոլորտի սահմաններում կատարում է արտադրանքի կամ ծառայության փորձարկումներ կամ փորձարկումների տեսակներ, տալիս է սերտիֆիկացման մարմիններին փորձարկումների արձանագրություն: 

2. Փորձարկման լաբորատորիայի պաշտոնատար անձինք համապատասխանության հավաստման կանոնների խախտման համար կրում են պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 17. Հայտատուն

 

1. Համապատասխանության հավաստման ենթակա արտադրանքի կամ ծառայության հայտատուն՝

ա) ընտրում է համապատասխանության հավաստման սխեման և հայտ է ներկայացնում սերտիֆիկացման մարմին սերտիֆիկացման աշխատանքների կատարման համար կամ ներկայացնում է հայտարարագրի հայտ.

բ) իրացնում է համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքը կամ մատուցում է ծառայությունը միայն հայտարարագրի կամ սերտիֆիկատի առկայության դեպքում.

գ) ապահովում է արտադրանքի կամ ծառայության հայտարարագրում կամ սերտիֆիկատում նշված նորմատիվ պահանջների պահպանումը.

դ) դադարեցնում է համապատասխանության պարտադիր հավաստում անցած արտադրանքի իրացումը կամ ծառայության մատուցումը, եթե այն չի համապատասխանում հայտարարագրում կամ սերտիֆիկատում նշված նորմատիվ պահանջներին, իսկ չդադարեցնելու դեպքում կրում է պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ե) տեղեկացնում է համապատասխանության հավաստման աշխատանքներն իրականացնող սերտիֆիկացման մարմնին տեխնիկական փաստաթղթերում կամ տեխնոլոգիական գործընթացում կատարված փոփոխությունների մասին, որոնք կարող են խախտել սերտիֆիկացված արտադրանքի կամ ծառայության համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.

զ) ապահովում է սերտիֆիկացման մարմնի պաշտոնատար անձանց լիազորությունների անարգել կատարումը համապատասխանության հսկողության իրականացման ժամանակ.

է) համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների համար կատարում է վճարումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

2. Հայտատուն կարող է հայտարարագրի կամ սերտիֆիկացման աշխատանքների կատարման համար հայտ ներկայացնել իր կողմից ընտրված սերտիֆիկացման մարմնին:

 

Հոդված 18. Ապրանքային շուկայում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի իրացման պայմանները

 

                1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապրանքային շուկայում համապատաս-խանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի իրացման պայմանը նորմատիվ պահանջներին այդ արտադրանքի համապատասխանության հավաստումն է:

                2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապրանքային շուկայում համապատաս-խանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ապրանքները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ հայտարարագրով:

 

Հոդված 19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք համապատաս-խանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման պայմանները

 

                1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման դեպքում մաքսային մարմիններին պետք է ներկայացվեն սերտիֆիկացման մարմնում գրանցված հայտարարագիրը, սերտիֆիկատը կամ համապատասխանության նշանի առկայության հավաստումը:

                2. Արտադրանքի օտարերկրյա  սերտիֆիկատը և համապատասխանության նշանը ճանաչվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համապատասխանության հավաստման արդյունքների փոխճանաչման կամ միակողմ ճանաչման համաձայնագրերով:

                3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման դեպքում օտարերկյա սերտիֆիկատների և համապատասխանության նշանների փոխճանաչման կամ միակողմ ճանաչման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 20. Համապատասխանության կամավոր հավաստումը

 

                1. Համապատասխանության կամավոր հավաստումն իրականացվում է հայտատուի նախաձեռնությամբ՝ նրա կողմից որոշվող ստանդարտների, ՙտեխնիկական պայմանների՚, բաղադրագրերի և այլ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի կամ ծառայության, այդ թվում նաև որակի և բնապահպանության համակարգերի համապատասխանության հավաստման նպատակով:

                Համապատասխանության կամավոր հավաստումն իրականացվում է  սերտիֆիկացման մարմնի կողմից՝ իր հավատարմագրված ոլորտի սահմաններում, հայտատուի և սերտիֆիկացման մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

                2. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայության համապատասխանության կամավոր հավաստումը չի կարող փոխարինել այդ արտադրանքի կամ ծառայության համապատասխանության պարտադիր հավաստմանը:

 

Հոդված 21. Համապատասխանության հավաստման աշխատանքների բողոքարկումը

               

Համապատասխանության հավաստման մասնակիցների գործողությունները կարող են բողոքարկվել հավաստման պետական մարմին կամ դատարան:

 

Հոդված 22. Պետական վերահսկողության ոլորտը

 

                1. Արտադրանքի կամ ծառայության նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների և համապատասխանության պարտադիր հավաստման կանոնների պահպանման պետական վերահսկողությունն իրականացվում է արտադրանքն արտադրելու, իրացնելու, օգտագործելու (շահագործելու), պահելու, փոխադրելու և օգտահանելու փուլերում, ինչպես նաև ծառայության մատուցման ժամանակ:

                2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջների և կանոնների պահպանման պետական վերահսկողության իրականացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

                3. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են անհրաժեշտ պայմաններ ստեղծել պետական վերահսկողության իրականացման համար:

 

 Հոդված 23. Պետական վերահսկողության մարմինները

 

                1. Սույն օրենքի 22 հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջների և կանոնների պահպանման պետական վերահսկողությունն իրականացնում է հավաստման պետական մարմինը:

                2. Պետական վերահսկողությունն իրականացնում են հավաստման պետական մարմնի գլխավոր պետական տեսուչը և պետական տեսուչները:

                3. Գլխավոր պետական տեսչի և պետական տեսուչների իրավասությունները և պարտականությունները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 24. Գլխավոր պետական տեսչի և պետական տեսուչների գործողությունների բողոքարկումը

 

                1. Գլխավոր պետական տեսչի գործողությունները կարող են բողոքարկվել դատարան: Բողոքարկումը չի կասեցնում նրա ընդունած կարգադրագրերի կատարումը:

                2. Պետական տեսուչների գործողությունները կարող են բողոքարկվել գլխավոր պետական տեսչին, դատարան:

 

Հոդված 25. Անցումային դրույթներ

 

                Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայության համապատասխանության հավաստումը, համապատասխան տեխնիկական կանոնակարգերի բացակայության դեպքում, մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվելու է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընդունված նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջներով:

 

Հոդված 26. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  հրապարակման պահից:

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                 Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

11 հունվարի  2001 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-127