ԼՂՀ օրենքների, այլ նորմատիվ ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին

 

 

Ուժը կորցրել է 2008թ.

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների,  մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հանրապետության նախագահի նորմատիվ հրամանագրերի եւ կարգադրությունների, Ազգային ժողովի նորմատիվ որոշումների, կառավարության եւ վարչապետի նորմատիվ որոշումների, գերատեսչական նորմատիվ ակտերի կոդավորման, հրապարակման եւ ուժի մեջ մտնելու կարգը:

Հոդված 2. Նորմատիվ իրավական է այն ակտը, որը սահմանում, վերացնում կամ փոփոխում է ֆիզիկական անձանց կամ նրանց մի մասի, իրավաբանական անձանց կամ նրանց մի մասի համար պարտադիր կատարման ենթակա վարքագծի կանոններ:

Հոդված 3. Օրենքների եւ սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ իրավական ակտերի հրատարակումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» պարտադիր է եւ համարվում է պաշտոնական հրապարակում:

Հոդված 4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» կառավարության կողմից հրատարակվող պաշտոնական պարբերական է:

« Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղեկագիրը» հրատարակվում է ամիսը առնվազն 1 անգամ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» բաժանորդագրությունն ազատ է:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» բաղկացած է 2 հավելվածից:

 Առաջին հավելվածում հրապարակվում են՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները

բ) մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը.

գ) Հանրապետության նախագահի նորմատիվ հեռագրերը եւ կարգադրությունները.

դ) ազգային ժողովի նորմատիվ որոշումները.

ե) կառավարության եւ վարչապետի նորմատիվ որոշումները:

Երկրորդ հավելվածում հրապարակվում են գերատեսչական նորմատիվ ակտերը:

 

Հոդված 5. Օրենքները եւ սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերը ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից  10 օր հետո, եթե տվյալ օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով այլ ժամկետ նախատեսված չէ:

            Պատերազմ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժի մեջ է մտնում Հանրապետության նախագահի կամ Ազգային ժողովի նախագահի կողմից զանգվածային լրատվության միջոցներով դրա հրապարակման պահից:

 

Հոդված 6. Օրենքները հրապարակում է Հանրապետության նախագահը: Այլ նորմատիվ իրավական ակտերը հրապարակում են դրանք ընդունող մարմնի ղեկավարները կամ պաշտոնատար անձինք:

 

Հոդված 7. Օրենքները եւ սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերը հրապարակելիս նշվում է դրանց կոդը, անվանումը, ընդունման, վավերացման կամ ստորագրման վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, այն ստորագրող անձի պաշտոնը, անվան սկզբնատառն ու ազգանունը, գրանցման համարը:

 

Իրավական ակտի կոդը պարունակում է՝

     ա) իրավական ակտի տեսակը բնորոշող կոդը.

բ) իրավական ակտի գրանցման համարը.

գ) իրավական ակտի գրանցման ամսաթիվը, ամիսը եւ տարին

դ) այն իրավական ակտերի տեսակը բնորոշող կոդգերը եւ գրանցման համարները, որոնց մեջ փոփոխություն է կատարում տվյալիրավական ակտը.

     ե) այն իրավական ակտերի տեսակը բնորոշող կոդերը եւ գրանցման համարները, որոնց ուժը կորցրած է ճանաչում տվյալ իրավական ակտը:

 

Իրավական ակտերի կոդավորման համակարգը հաստատում է կառավարությունը:

Օրենքները եւ սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում են « Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» ըստ հրապարակման ուղարկելու հերթականության:

 

Հոդված 8. Նախարարությունների եւ այլ գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման եւ ուժի մեջ մտնելու կարգը սահմանում է կառավարությունը, իսկ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի հրապարակման եւ ուժի մեջ մտնելու կարգը՝  կենտրոնական բանկը:

 

Հոդված 9. Օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակումը իրականացվում է կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

նախագահ՝                                                                   Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

17  մարտի  2000 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-100