Զանգվածային լրատվության միջոցների մասին

ՈՒԺԸ  ԿՈՐՑՐԵԼ  Է 2004թ.              

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ  Ր  Ե  Ն  Ք  Ը

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

     Սույն օրենքը կարգավորում է խոսքի ազատության եւ տեղեկություններ ստանալու սահմանադրական իրավունքի իրականացման ընթացքում ծագող, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցների հիմնադրմանը, գրանցմանը եւ գործունեությանն առնչվող հարաբերությունները:

Հոդված 1. Զանգվածային լրատվության միջոցները          

    Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները

    - զանգվածային   լրատվություն    են համարվում մարդկանց անսահմանափակ շրջանակների համար նախատեսված տպագիր, ձայնային, ձայնատեսային եւ այլ տեղեկություններն ու նյութերը.

   - զանգվածային լրատվության միջոցներ են համարվում պարբերական տպագիր հրատարակությունը, ռադիո-հեռուստա-տեսածրագիրը, կանոնավոր կերպով տեղեկություններ թողարկող ձեռնարկությունները (լրատվական գործակալություններ, լուսանկարչական գործակալություններ, կինոխրոնիկայի ստուդիաներ եւ այլն), ինչպես նաեւ զանգվածային լրատվության տարածման այլ ձեւերը.      

  - պարբերական տպագիր հրատարակություններ են համարվում թերթը, հանդեսը, ալմանախը, տեղեկագիրը, մշտական անվանում եւ ընթացիկ համար ունեցող, տարեկան առնվազն մեկ անգամ լույս տեսնող այլ հրատարակություններ.     

   - ռադիո-հեռուստա-տեսածրագրեր են համարվում մշտական անվանում ունեցող եւ առնվազն կես տարին մեկ եթեր արձակվող պարբերական ձայնային եւ ձայնատեսային տեղեկությունների եւ նյութերի (հաղորդումների) ամբողջությունը:                 

 

Հոդված 2. Զանգվածային լրատվության միջոցների ազատությունը     

  1. Լեռնային   Ղարաբաղի   Հանրապետությունում զանգվածային լրատվության միջոցներն ազատ են եւ ծառայում են ազատ, ժողովրդավարական հասարակարգի զարգացմանը:         Մամուլի   ազատությունը   երաշխավորվում   է Սահմանադրությամբ եւ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով:        

 2. Տեղեկությունների որոնումը, ստացումը, թողարկումն ու տարածումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ նրա սահմաններից դուրս ենթակա չեն սահմանափակումների, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:       

  3. Զանգվածային լրատվության միջոցների բնագավառին առնչվող գործունեությամբ զբաղվելու որեւէ հատուկ արտոնագրում չի պահանջվում:

 4. Լեռնային   Ղարաբաղի    Հանրապետությունում     քաղաքացիների     համար երաշխավորվում է զանգվածային լրատվության միջոցների բոլոր տեղեկություններն ու նյութերը ստանալու ազատ հնարավորություն:       

5. Լեռնային    Ղարաբաղի  Հանրապետությունում   զանգվածային լրատվության միջոցների հրատարակության եւ դրանց տարածման ցանկացած մենաշնորհն արգելվում է:        

  6. Զանգվածային լրատվության միջոցների գրաքննությունն արգելվում է:    

 7. Զանգվածային   լրատվության   միջոցների   մասին   Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը կազմված է սույն օրենքից եւ դրա հիման վրա ընդունվող այլ օրենսդրական ակտերից: Զանգվածային լրատվության միջոցները  առաջնորդվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող օրենքներով: Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կնքած միջազգային պայմանագրերով զանգվածային լրատվության միջոցների կազմակերպման եւ գործունեության համար նախատեսվում են այլ նորմեր, քան սույն օրենքով սահմանվածները, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:  

   Հոդված 3. Զանգվածային լրատվության միջոցների ազատության իրավական սահմանափակումը    

       1. Զանգվածային լրատվության միջոցների ազատությունը չի կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքներին համապատասխան, որոնցով սահմանվում են.            ա) պետական գաղտնիքն ու նրա պաշտպանությունը.           բ) ծառայողական գաղտնիքն ու նրա պաշտպանությունը.           գ) կոմերցիոն գաղտնիքն ու նրա պաշտպանությունը.           դ) բժշկական գաղտնիքն ու նրա պաշտպանությունը.           ե) մարդու իրավունքների եւ նրա մասնավոր կյանքի պաշտպանությունը:

          2. Պատերազմի, ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, պետական շահերի պաշտպանության նպատակով, օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են մտցվել զանգվածային լրատվության միջոցների գործունեության սահմանափակումներ:      

  3. Տարերային   եւ   այլ   աղետների,    խոշոր վթարների կամ համաճարակների, պատերազմի, ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են հրապարակել պետական պաշտոնական հաղորդագրությունները:

      4. Չի թույլատրվում զանգվածային լրատվության միջոցներն օգտագործել քրեորեն պատժելի գործողություններ իրականացնելու, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի փոխելու կոչերի, ազգային, ցեղային, սոցիալական, կրոնական անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու, պատերազմ, բռնություն, դաժանություն, պոռնկագրություն քարոզելու համար:           Սույն հոդվածում օգտագործվող հասկացությունները.     Պետական գաղտնիք - տեղեկություններ, որոնք կարգավորվում են պետական գաղտնիքների եւ դրանց պաշտպանության մասին օրենքով:    Ծառայողական գաղտնիք - օրենքներով  կարգավորվող տեղեկություններ նախաքննության մարմինների, ազգային անվտանգության ծառայությունների, ներքին գործերի նախարարության, երկրի պաշտպանության մարմինների օպերատիվ գործունեության մասին:     Կոմերցիոն գաղտնիք - սուբյեկտների տնտեսական գործունեության՝ օրենքով կարգավորվող գաղտնիքներ:         Անձի առողջության մասին գաղտնիք (բժշկական գաղտնիք) - անձի առողջության մասին տեղեկություններ, որոնք կարգավորվում են առողջապահության մասին օրենքով:         

 

  

Հոդված 4. Տեղեկություններ ստանալու իրավունքը            

 1. Պետական   մարմինները,   կազմակերպությունները   եւ   նրանց պաշտոնատար անձինք պարտավոր են տեղեկություններ տալ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:  

  2. Պետական մարմինների պաշտոնական հաղորդագրությունները զանգվածային լրատվության միջոցներին են տրամադրվում միաժամանակ եւ հավասար հիմունքներով:      

 

ԳԼՈՒԽ II

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

   Հոդված 5. Զանգվածային լրատվության միջոցների հիմնադրումը  

      Զանգվածային   լրատվության   միջոցների  հիմնադիր կարող են լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին, քաղաքացիների միավորումը, պետական իշխանության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինը, ձեռնարկությունը, հաստատությունը, կազմակերպությունը, հասարակական-քաղաքական կազմակերպությունը, կուսակցությունը:        

 

   Հոդված 6. Զանգվածային լրատվության միջոցների գրանցումը                                                          

 1. Զանգվածային լրատվության միջոցը համարվում է գրանցված եւ կարող է սկսել իր գործունեությունը, եթե հիմնադիրը մուծել է գրանցման համար օրենսդրությամբ սահմանված պետական տուրքը եւ գրանցման մասին դիմում ներկայացնելուց 30 օրվա ընթացքում գրանցող մարմնից որեւէ առարկություն չի ստացել:

2. Գրանցման համար պետական տուրքը հավասար է  հաշվարկային նվազագույն աշխատավարձի տասնապատիկին:  

3. Հիմնադիրը գրանցման մասին դիմումը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական  վարչությանը:      

 Դիմումի մեջ պետք է նշվեն.          

  ա) զանգվածային լրատվության միջոցի տեսակը եւ անվանումը.          

   բ) տեղեկություններ հիմնադրի եւ հրատարակչի մասին (եթե դիմողը ֆիզիկական անձ է՝ անձնագրային տվյալներ եւ անհատ ձեռներեցի գրանցման վկայականի պատճենը, եթե դիմողը իրավաբանական անձ է՝ կանոնադրության պատճենը, ձեռնարկատիրական եւ (կամ) այլ գործունեության գրանցման վկայականի պատճենը).     

  գ) խմբագրության հասցեն.         

  դ) մոտավոր թեմատիկան եւ մասնագիտացումը.       

  ե) լեզուն:           

Գրանցման   համար   հիմնադրին   այլ   պահանջներ   ներկայացնելը կամ նրանից այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:    

4. Սույն հոդվածի 3-րդ կետում թվարկված, գրանցման համար անհրաժեշտ տվյալների փոփոխության դեպքում զանգվածային լրատվության միջոցի հիմնադիրը պարտավոր է հինգ օրվա ընթացքում այդ մասին տեղյակ պահել գրանցող մարմնին:

 5. Հիմնադիրը   պարտավոր   է   զանգվածային   լրատվության միջոցի թողարկումն սկսել դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում: Եթե նշված ժամկետը լրանալու պահին զանգվածային լրատվության միջոցի թողարկումը չի սկսվել, ապա գրանցումը համարվում է ուժը կորցրած: Գրանցման համար վճարված միջոցները չեն վերադարձվում:

 

Հոդված 7. Զանգվածային լրատվության միջոցների գրանցման մերժումը

             Զանգվածային լրատվության միջոցի գրանցումը կարող է մերժվել, եթե՝

ա) պահպանված չեն սույն օրենքի 6 հոդվածով նախատեսված պահանջները.

բ) դիմում ներկայացրած քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկությունների, կազմակերպությունների համապատասխան իրավունքները սահմանափակված են դատարանի վճռով.

գ) դիմումում նշված չեն անհրաժեշտ տեղեկությունները կամ գրանցող մարմինը հայտնաբերել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը,   

դ) գրանցող մարմինն ավելի վաղ գրանցել է նույն անվամբ եւ տարածման նույն ձեւով զանգվածային լրատվության մեկ այլ միջոց:

 

Հոդված 8. Առանց գրանցման լրատվություն թողարկելու դեպքերը

 

Առանց գրանցման պաշտոնական լրատվություն թողարկելու իրավունք ունեն պետական իշխանության եւ պետական կառավարման, արդարադատության եւ դատախազության մարմինները:

Ձեռնարկությունները, հիմնարկությունները, կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները եւ այլք իրավունք ունեն առանց գրանցման թողարկել իրենց գործունեության համար անհրաժեշտ հաղորդումներ, նյութեր, ուսումնական ձեռնարկներ, որոնք նախատեսված են ներքին սահմանափակ տարածման համար: Դրանց գործունեությունը չի կարգավորվում սույն օրենքով:                                 

    Հոդված 9. Հիմնադիրը

  1. Հիմնադիրը հաստատում է զանգվածային լրատվության միջոցի խմբագրության կանոնադրությունը եւ (կամ) խմբագրության հետ կնքում է պայմանագիր:  

 2. Հիմնադիրն իրավունք չունի միջամտել զանգվածային լրատվության միջոցի գործունեությանը՝ բացառությամբ սույն օրենքով, խմբագրության կանոնադրությամբ, հիմնադրի ու խմբագրության միջեւ կնքված պայմանագրով նախատեսված դեպքերի:     

  3. Հիմնադիրը կարող է հանդես գալ միաժամանակ իբրեւ հրատարակիչ, խմբագրություն, տարածող, խմբագրության ունեցվածքի սեփականատեր:   

 

      Հոդված 10. Հրատարակիչը

     1. Զանգվածային   լրատվության   միջոցի   հրատարակիչն   իրականացնում  է հիմնադրի ծրագիրը: Հրատարակիչ է համարվում այն հրատարակչությունը, այն հիմնարկությունը, ձեռնարկությունը, ձեռներեցը, որն իրականացնում է զանգվածային լրատվության միջոցի թողարկման նյութատեխնիկական ապահովումը:   

      2. Հիմնադրի  եւ    հրատարակչի        հարաբերությունները        կարգավորվում   են    նրանց  միջեւ կնքված պայմանագրով:       

  Հոդված 11. Խմբագրությունը         

  1. Խմբագրությունը գործում է մասնագիտական ինքնուրույնության հիման վրա:     

 2. Խմբագրությունը   կարող  է  լինել   ինչպես   իրավաբանական, այնպես էլ ոչ իրավաբանական անձ, կազմակերպվել օրենքով թույլատրված ցանկացած ձեւով:     

 3. Եթե    խմբագրությունն   իրավաբանական   անձ    չէ   եւ    չի   ստեղծվում   իբրեւ ձեռնարկություն, ապա նրա գործունեությունն օրենսդրորեն կարգավորվում է հիմնադրի կարգավիճակին համապատասխան:  

  4. Խմբագրությունը    ղեկավարում   է   խմբագիրը   կամ այլ ղեկավար, որն իր լիազորություններն իրականացնում է սույն օրենքի, խմբագրության կանոնադրության, հիմնադրի ու խմբագրության միջեւ կնքված պայմանագրի հիման վրա:      

5. Ղեկավարը խմբագրությունը ներկայացնում է հիմնադրի, հրատարակչի, տարածողի, քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պետական մարմինների հետ հարաբերություններում, ինչպես նաեւ՝ դատարանում: Նա պատասխանատվություն է կրում սույն օրենքով եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով զանգվածային լրատվության միջոցի գործունեությանը ներկայացվող պահանջների կատարման համար:

                                            

ԳԼՈՒԽ III

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Հոդված 12. Լրագրողը      

    Լրագրողն այն  անձն է, որը   զբաղվում   է  զանգվածային լրատվության միջոցի խմբագրության համար տեղեկություններ ու նյութեր հավաքելով, նախապատրաստելով, ստեղծելով, խմբագրելով, խմբագրության հետ կապված է աշխատանքային եւ այլ պայմանագրերով կամ նման գործունեություն է իրականացնում խմբագրության լիազորությամբ:

                                         

Հոդված 13. Լրագրողի իրավունքները

   Լրագրողն իրավունք ունի.    

   ա) որոնել, պահանջել, ստանալ, հավաքել եւ տարածել տեղեկություններ, ստանալ պաշտոնական փաստաթղթերին ու նյութերին ծանոթանալու հնարավորություն, այցելել տարերային եւ այլ աղետների, վթարների, զանգվածային անկարգությունների, հանցագործությունների, հատուկ պահպանության վայրեր, ներկա լինել հանրահավաքների, ցույցերի, երթերի, դատավարությունների,     

    բ) ստուգել   իրեն   տրված    տեղեկությունների    հավաստիությունը, շարադրել իր դատողությունները, մեկնաբանություններն ու գնահատականները, իր պատրաստած տեղեկություններն ու նյութերը տարածել իր ստորագրությամբ, կեղծանունով կամ առանց ստորագրության.

  գ) լրագրողը     դատարանում      իր       մասնագիտական      շահերը    պաշտպանելու նպատակով կարող է օգտագործել կամ ներկայացնել ձայնագրություններ եւ տեսաժապավեններ:

1.  Լրագրողն իրավունք ունի նաեւ մասնագիտական գործունեությամբ զբաղվել ինքնուրույն՝ չներկայացնելով զանգվածային լրատվության որեւէ միջոց: Նա իրավունք ունի գրանցող մարմնից ստանալու ՙազատ լրագրողի՚ վկայական:

 

Հոդված 14. Լրագրողի պարտականությունները     

       1. Լրագրողը պարտավոր է.         

  ա) ստուգել իրեն տրված տեղեկությունների հավաստիությունը.       

 բ) բավարարել տեղեկություններ տված անձանց խնդրանքը՝ աղբյուրը նշելու, ինչպես նաեւ մեջբերվող խոսքերը հեղինակազորելու մասին.           

գ) պահպանել տեղեկության եւ նրա աղբյուրի գաղտնիությունը՝ վերջինիս պահանջով.    

 դ) քաղաքացու  անձնական    կյանքի   մասին   տեղեկությունները   զանգվածային լրատվության միջոցով տարածելուց առաջ ստանալ այդ քաղաքացու  կամ նրա օրինական ներկայացուցիչների համաձայնությունը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները շոշափում են հասարակության շահերը կամ վերաբերում են հանրաճանաչ անձանց.      

ե) քաղաքացիներից  եւ պաշտոնատար   անձանցից   տեղեկություններ ստանալիս նրանց տեղյակ պահել ձայնագրության, տեսագրության, կինո եւ լուսանկարահանման մասին:  

 2. Պետությունը   երաշխավորում   է  լրագրողի՝ իբրեւ իր հասարակական պարտքը կատարող անձի պատվի, արժանապատվության, առողջության ու կյանքի պաշտպանությունը՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ:   

 

     Հոդված 15. Լրագրողների հավատարմագրումը       

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառույցներում եւ հասարակական կազմակերպություններում իրենց լրագրողներին հավատարմագրելու իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պաշտոնապես գրանցված զանգվածային լրատվության միջոցները, ինչպես նաեւ հանրապետությունում սեփական թղթակիցներ ունեցող Հայաստանի Հանրապետության լրատվության միջոցները, համապատասխան վկայականներ ունեցող ազատ լրագրողները:     

2. Լրագրողի հավատարմագրման համար հիմք կարող է հանդիսանալ զանգվածային լրատվության միջոցի դիմումը՝ ստորագրված նրա ղեկավարի կողմից եւ կնիքով հավաստված:    

 3. Հավատարմագրման   դիմումները    ներկայացվում   են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարների անունով:        

  4. Լրագրողի   հավատարմագրման մասին որոշումն ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարների կողմից:     

 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների լրատվական ծառայությունները պարտավոր են հավատարմագրված լրագրողներին տեղյակ պահել մամուլի ասուլիսների, ճեպազրույցների եւ այլ միջոցառումների մասին, ապահովել սղագրությամբ, արձանագրություններով եւ այլ փաստաթղթերով, ստեղծել հավատարմագրված լրագրողների աշխատանքի համար բարենպաստ պայմաններ:        

 

 Հոդված 16. Արտասահմանյան թղթակիցները

1. Լեռնային Ղարաբաղի   Հանրապետությունում   զանգվածային լրատվության արտասահմանյան միջոցների ներկայացուցչությունները ստեղծվում են արտաքին գործերի նախարարության թույլտվությամբ:

 2. Արտասահմանյան թղթակիցների հավատարմագրումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:  

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված արտասահմանյան թղթակիցներն ունեն իրավունքներ եւ կրում են պատասխանատվություն՝ իբրեւ արտասահմանյան իրավաբանական անձի  ներկայացուցիչներ:    

 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված արտասահմանյան թղթակիցները, անկախ քաղաքացիությունից, ունեն լրագրողի՝ սույն օրենքով նախատեսված մասնագիտական կարգավիճակ:  

 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից կարող են մտցվել պատասխան սահմանափակումներ այն պետությունների զանգվածային լրատվության միջոցների թղթակիցների նկատմամբ, որոնցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զանգվածային լրատվության միջոցների լրագրողների մասնագիտական գործունեության համար կան հատուկ սահմանափակումներ:   

                                                              

ԳԼՈՒԽ IV

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ

 

Հոդված 17. Լույս ընծայումը եւ ելից տվյալները  

    1. Զանգվածային լրատվության միջոցի արտադրանքի տարածումը կարելի է միայն այն դեպքում, երբ խմբագրության ղեկավարը թույլատրել է դրա թողարկումը:

    2. Պարբերական  տպագիր հրատարակության յուրաքանչյուր թողարկում պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները.         

    ա) հրատարակության անվանումը.   

    բ) հիմնադիրը, հրատարակիչը, տպագրության ստորագրման ժամանակը.

  գ) ղեկավարի անունն ու ազգանունը.

  դ) թողարկման հերթական համարն ու լույս ընծայման ամսաթիվը.     

   ե) գինը կամ ՙանվճար՚ նշումը.    

   զ) խմբագրության, տպարանի հասցեները, հաղորդակցման այլ միջոցներ.

  է)  դասիչը,  տպաքանակը, զանգվածային լրատվության միջոցի վկայագրի համարը:

 

Հոդված 18. Պարտադիր օրինակներ       

   1. Խմբագրությունը պարբերական տպագիր հրատարակության անվճար պարտադիր օրինակ է տրամադրում հիմնադրին, զանգվածային լրատվության տվյալ միջոցը գրանցած մարմնին, ազգային գրադարանին, պետական արխիվին: 

 

   Հոդված 19. Պարտադիր հրապարակումներ     

    1. Խմբագրությունը պարտավոր է անվճար եւ նշված ժամկետում հրապարակել. 

     ա) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած այն որոշումները, որոնցում պահանջ կա այդ որոշումը հրապարակել զանգվածային լրատվության տվյալ միջոցում.     

    բ) զանգվածային լրատվության միջոցները գրանցող մարմնից ստացված հաղորդումները:        

 

 Հոդված 20. Գովազդը զանգվածային լրատվության միջոցներում     

 1. Ցանկացած նյութ, որի հրապարակման համար որեւէ ձեւով փոխհատուցում է ստացվել, համարվում է գովազդ:  

 2. Թաքնված գովազդն արգելվում է:   Խմբագրությունն    իրավունք  չունի գովազդը հրապարակել լրատվական, խմբագրական կամ հեղինակային նյութի տեսքով: Այն պետք է հստակ տարանջատված լինի զանգվածային լրատվության միջոցի մյուս նյութերից: Եթե գովազդային նյութն իր ձեւավորմամբ ու տեսքով չի ընկալվում իբրեւ գովազդ կամ հայտարարություն, ապա այն պետք է հրատարակվի ՙՀայտարարություն՚ կամ ՙԳովազդ՚ խորագրով:     

 3. Զանգվածային     լրատվության    յուրաքանչյուր    միջոց   պարտավոր   է ունենալ գովազդային ծառայության համար նախատեսված տպագրածավալի կամ եթերաժամի միասնական սակագին:       

4. Հիմնադրի,     հրատարակչի    եւ    զանգվածային լրատվության տվյալ միջոցի խմբագրության՝ գովազդի տեղադրման պայմանները կարգավորվում են կանոնադրությամբ եւ (կամ) պայմանագրով:        

 

 Հոդված 21. Էրոտիկ հրատարակություններ

 1. Իբրեւ սույն օրենքին ենթադատ՝ էրոտիկ բնույթի տեղեկությունների ու նյութերի հրապարակման մեջ մասնագիտացված զանգվածային լրատվության միջոցներ ասելով նկատի են առնվում այն պարբերական հրատարակություններն ու ծրագրերը, որոնք հիմնականում եւ հետեւողականորեն շահարկում են սեքսի նկատմամբ հետաքրքրասիրությունը:    

2. Էրոտիկ   բնույթի   մասնագիտացված   ռադիո եւ հեռուստածրագրերն առանց ազդանշանների կոդավորման թողարկելը թույլատրվում է միայն տեղական ժամանակով ժամը 1.00-ից մինչեւ 6.00-ը:      

 3. Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների մանրածախ վաճառքն իրականացվում է միայն տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հատուկ այդ նպատակով հատկացված վայրերում:   

 

  Հոդված 22. Հրապարակված տեղեկությունների պահպանումը 

  1. Հնարավոր   վեճերն   արդարացի   լուծելու համար ապացույցներ ապահովելու նպատակով զանգվածային լրատվության միջոցի հրատարակիչը պարտավոր է հրապարակված նյութերի բնագրերը պահպանել մեկ տարի՝ հրապարակման օրվանից հետո: 

  2. Զանգվածային լրատվության տեսաձայնային միջոցները պարտավոր են սեփական հաղորդումների նյութերը պահպանել ոչ պակաս, քան մեկ ամիս՝ հաղորդումը եթեր արձակվելուց հետո:                                                                                           

 

ԳԼՈՒԽ V

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

 

Հոդված 23. Գաղտնի (խորհրդապահական) տեղեկություններ       

 1. Խմբագրությունն իրավունք չունի տարածվող հաղորդումներում հրապարակել այն տեղեկությունները, որոնք քաղաքացին տրամադրում է՝ դրանք գաղտնի պահելու պայմանով:

 2. Խմբագրությունը պարտավոր է գաղտնի պահել լրատվության աղբյուրը եւ իրավունք չունի հայտնել անձի անունը, եթե նա տեղեկությունները տրամադրել է իր անունը չբացահայտելու պայմանով, բացառությամբ այն դեպքերի, երբ նման պահանջ ներկայացվում է դատարանից՝ կապված վերջինիս վարույթում գտնվող գործի քննության հետ:                        

 Հոդված 24. Գաղտնի ձայնագրություն     

   1. Այնպիսի նյութերի եւ տեղեկությունների տարածումը, որոնք պատրաստվել են գաղտնի ձայնա-եւ տեսագրման, կինո եւ լուսանկարահանման օգտագործմամբ, թույլատրվում է, եթե.   

     ա) դա չի խախտում մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները.

     բ) դա   անհրաժեշտ   է   հասարակական շահերի պահպանության համար եւ կողմնակի անձանց հետ հնարավոր նույնականացումը բացառելու միջոցներ են ձեռնարկված.    

   գ) տեսա- եւ ձայնագրությունը վերարտադրվում է դատարանի որոշմամբ:

 

    Հոդված 25. Հեղինակային նյութեր եւ նամակներ

 1. Խմբագրությունը պարտավոր է պահպանել օգտագործվող նյութերին վերաբերող իրավունքները՝ ներառյալ հեղինակային իրավունքը, մտավոր սեփականության այլ իրավունքները:    

 2. Հեղինակը  կամ   ստեղծագործության նկատմամբ իրավունքներ ունեցող այլ անձը կարող է խմբագրությանը տրամադրված նյութն օգտագործելու կանխապայմաններ դնել: Խմբագրությունը պարտավոր չէ խմբագրել, գրախոսել եւ վերադարձնել իր կողմից չպատվիրված նյութերը:

 3. Խմբագրությանը հասցեագրված նամակը կարող է օգտագործվել զանգվածային լրատվության տվյալ միջոցի հաղորդումներում ու նյութերում:

  4. Խմբագրությունը պարտավոր չէ պատասխանել նամակներին եւ այդ նամակները վերահասցեագրել այն մարմիններին ու պաշտոնատար անձանց, ում  իրավասության տակ է դրանցում բարձրացված հարցերի քննարկումը:

  5. Ոչ ոք իրավունք չունի պարտադրել խմբագրությանը՝ հրապարակել իր կողմից մերժված ստեղծագործությունը, նամակը, այլ հաղորդում կամ նյութ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 26. Պատասխանի եւ հերքման իրավունքը      

    1. Քաղաքացիներն     ու      կազմակերպություններն    իրավունք ունեն խմբագրությունից պահանջել հերքելու իրականությանը չհամապատասխանող եւ իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող այն տեղեկությունները, որոնք տարածվել են զանգվածային լրատվության տվյալ միջոցով:     

  2. Հերքումը    պետք   է   սահմանափակված լինի փաստական տվյալներով, չպետք է վիրավորի հերքվող նյութի հեղինակի պատիվն ու արժանապատվությունը եւ չպետք է շոշափի երրորդ անձի շահերը: Հերքման իրավունք ունեն նաեւ քաղաքացու օրինական ներկայացուցիչները, եթե ինքը՝ քաղաքացին, հնարավորություն չունի հերքում պահանջելու:

 3.   Եթե    զանգվածային    լրատվության միջոցի խմբագրությունը չունի իր տարածած նյութի՝ իրականությանը համապատասխանող ապացույցներ, ապա պարտավոր է շահագրգիռ անձի պահանջով հերքել այն՝  լրատվության նույն միջոցով:     

 4. Հերքումը  կամ  պատասխանը  հրապարակվում  է  այն  ստացվելուն անմիջականորեն հաջորդող թողարկման մեջ, եթե թողարկման նախապատրաստությունը դեռեւս ավարտված չէ:     

  5. Հերքման մեջ պետք է նշված լինի, թե ինչ տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը, երբ եւ ինչպես են դրանք տարածվել զանգվածային լրատվության տվյալ միջոցի կողմից:       

  6. Պարբերական տպագիր հրատարակության մեջ հերքումը պետք է հրապարակվի նույն տառատեսակով, ՙՀերքում՚ խորագրով, նույն էջի նույն տեղում, որտեղ հրապարակված է եղել հերքվող նյութը:       

 7. Ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հերքումը պետք է հաղորդվի օրվա նույն ժամին, նույն հաղորդման մեջ, ինչ հերքվող տեղեկությունը կամ նյութը:       

 8. Հերքման ծավալը չի կարող գերազանցել հերքվող նյութի կամ հաղորդման ծավալի կրկնակին:

 

  Հոդված 27. Հերքումը մերժելու հիմունքները      

   1. Հերքումը կարող է մերժվել, եթե տվյալ պահանջը կամ ներկայացված հերքման տեքստը. 

         ա) ենթադատ է սույն օրենքի 3 հոդվածի 4-րդ կետին,  

        բ) հակասում է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռին,        

        գ) անստորագիր է, 

         դ) եթե խմբագրությունը հերքման պահանջը ստացել է հերքվող տեղեկությունների հրապարակման օրվանից վեց ամիս հետո,   

          ե) զանգվածային լրատվության  միջոցը  կարող  է հրաժարվել հերքել նաեւ այն տեղեկությունները, որոնց հրապարակման համար սույն օրենքի 28 հոդվածի համաձայն ինքը պատասխանատվություն չի կրում:

    2. Հերքումից հրաժարումը կամ հերքման՝ սույն օրենքով նախատեսված պայմանների խախտումը կարող են բողոքարկվել դատարանում՝ հերքվող նյութի հրապարակումից հետո վեց ամսվա ընթացքում

     

ԳԼՈՒԽ  VI

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ  ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

          Հոդված 28. Պատասխանատվության ենթարկելու հիմունքները    

 

   Հիմնադիրները, հրատարակիչները, խմբագրությունները, լրագրողները, պաշտոնատար անձինք, տարածվող տեղեկությունների եւ նյութերի հեղինակները քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվություն են կրում սույն օրենքի խախտումների համար:

 

Հոդված 29. Վնասի փոխհատուցումը

1. Զանգվածային լրատվության միջոցով իրականությանը չհամապատասխանող, անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող տեղեկությունների հրապարակման հետեւանքով հասցված բարոյական (ոչ նյութական), ինչպես նաեւ այլ ոչ նյութական վնասները փոխհատուցվում են զանգվածային լրատվության միջոցի կողմից՝ դատարանի վճռով սահմանված չափով:  

 

Հոդված 30. Պատասխանատվությունից ազատելու հիմունքները

1. Հիմնադիրները,  հրատարակիչները,  խմբագրությունները, լրագրողները պատասխանատվություն չեն կրում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակման համար, եթե. 

ա) այդ տեղեկություններն  առկա են պարտադիր հրապարակումներում.      

  բ) այդ տեղեկություններն առկա են պետական իշխանության, կառավարման մարմինների, իրավապահ մարմինների, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների պաշտոնական փաստաթղթերում եւ հաղորդագրություններում.     

գ) դրանք հանրային ելույթների հատվածների բառացի վերարտադրություն են.    

դ) դրանք զանգվածային լրատվության այլ միջոցի տարածած հաղորդումների եւ նյութերի կամ դրանց հատվածների կամ լույս ընծայված հեղինակային ստեղծագործությունների հատվածների բառացի  վերարտադրություն են.

 ե) լրագրողները   կամ   խմբագրություններն   ապացուցում են, որ գործել են արհեստավարժորեն եւ օգտագործել են իրենց բոլոր հնարավորությունները՝ հրապարակվող տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար:    

 

ԳԼՈՒԽ  VII

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԴԱԴԱՐԵՑՈՒՄՆ ՈՒ ԿԱՍԵՑՈՒՄԸ

         

Հոդված 31. Գործունեության դադարեցման եւ կասեցման հիմունքներն ու կարգը      

Զանգվածային լրատվության միջոցի գործունեությունը կարող է դադարեցվել կամ կասեցվել գրանցող մարմնի, հիմնադրի որոշմամբ կամ դատարանի վճռով՝ գրանցող մարմնի հայցով քաղաքացիական դատավարությամբ՝ հետեւյալ դեպքերում.  

   ա) գրանցող մարմինը կարող է դադարեցնել զանգվածային լրատվության միջոցի գործունեությունը եւ չեղյալ համարել նրա գրանցումն առանց դատարան դիմելու, եթե զանգվածային լրատվության տվյալ միջոցի հերթական համարը լույս չի տեսնում ավելի քան  մեկ տարի.         

 բ) հիմնադիրը կարող է դադարեցնել կամ կասեցնել զանգվածային լրատվության միջոցի գործունեությունը բացառապես այն դեպքերում եւ այն կարգով, որ նախատեսված են խմբագրության կանոնադրությամբ կամ հիմնադրի եւ խմբագրության միջեւ կնքված պայմանագրով.       

  գ) զանգվածային լրատվության միջոցի գործունեությունը կարող է կասեցվել դատարանի կողմից, եթե գրանցող մարմինը զանգվածային լրատվության տվյալ միջոցի հրատարակությունից հետո գրանցման դիմումում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնաբերել: Կասեցման մասին դատարանի վճիռն ուժը կորցրած է համարվում գրանցման դիմումի մեջ հիմնադրի կողմից ուղղումներ կատարելուց մեկ շաբաթ հետո: Եթե գրանցող մարմնի կողմից հայտնաբերված անհամապատասխանությունները կարող են հանգեցնել գրանցման մերժման՝ համաձայն սույն օրենքի 6 հոդվածի 5-րդ կետի, ապա դատարանն իրավունք ունի դադարեցնել զանգվածային լրատվության տվյալ միջոցի գործունեությունը:

 

Հոդված 32. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                       Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

11 դեկտեմբերի 1999 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-77