ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2009թ.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ
ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության, գիտության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի, արվեստի զարգացման և պրոֆեսիոնալ (մասնագիտական) գործունեության ասպարեզում ակնառու նվաճումների և բարձր վարպետության հասած քաղաքացիների և կոլեկտիվների հատուկ ծառայությունները նշելու համար սահմանվում են պատվավոր կոչումներ:
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը:
Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը՝ դրանց վերաբերյալ հրապարակելով հրամանագրեր:
Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների սահմանման հիմնական դրույթները, ներկայացման և հանձնման, պատվավոր կոչումներից զրկելու կարգն ու այլ պայմանները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ հաստատվող՝ պատվավոր կոչումների կանոնադրությամբ:
Յուրաքանչյուր պատվավոր կոչման համար հաստատվում է առանձին կանոնադրություն:
Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչման կարող են արժանանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և կոլեկտիվները:
Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր պատվավոր կոչման համար սահմանվում է կրծքանշան:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների կրծքանշանների նկարագրություններն ու նմուշները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ ըստ իր կողմից անցկացված մրցույթի արդյունքների:
Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչման արժանացած անձանց նոր ծառայությունները կարող են կրկին նշվել պատվավոր կոչմամբ: Նույնանուն պատվավոր կոչում մեկից ավելի անգամ չի շնորհվում:
Հոդված 8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների արժանացած անձինք ունեն դրանք մշտապես կրելու իրավունք և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով օգտվում են արտոնություններից:
Հոդված 9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչման արժանացած անձանց հանձնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի շնորհագիր, համապատասխան վկայական և կրծքանշան:
Պատվավոր կոչումների վկայականների նմուշները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 10. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված ասպարեզներում ծառայությունների համար Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին շնորհված Ադրբեջանական ԽՍՀ պատվավոր կոչումները վերանվանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան կոչումներով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
10 հոկտեմբերի 1999 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ -70