Ուժը կորցրել է 1999թ.
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Ավելացված արժեքի հարկը ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման բոլոր փուլերում ձեւավորվող ավելացված արժեքից պետական բյուջե գանձվող պարտադիր վճար է:
Ավելացված արժեքն իրենից ներկայացնում է իրացված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների արժեքի եւ սահմանված կարգով՝ արտադրության ու շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների ու ծառայությունների, հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների արժեքի տարբերությունը: Հարկման համար հիմք են ընդունվում վերը նշված այն ծախքերը, որոնց դիմաց մատակարարների /կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ այլ սուբյեկտների/ օգտին հաշվարկվել է ավելացված արժեքի հարկ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
Հոդված 2. Ավելացված արժեքի հարկ վճարողներ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական /արտադրական եւ այլ առեւտրային/ գործունեություն իրականացնող հետեւյալ սուբյեկտները.
1. ձեռնարկությունները, հիմնարկները, հաստատությունները եւ կազմակերպությունները, նրանց առանձնացված բաժանմունքները, մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները՝ անկախ սեփականության ձեւից /այսուհետ՝ ձեռնարկություններ/,
2. անհատ ձեռներեցները՝ իրենց տարեկան եկամուտների /հասույթի/ այն մասով, որը գերազանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 3. Հարկման օբյեկտ են հանդիսանում բոլոր ապրանքների, կատարված աշխատանքների եւ մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը, ինչպես նաեւ՝
1/ առանց դրամական փոխհատուցման այլ ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ հետ փոխանակվող ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ իրացման շրջանառությունը կամ մասնակի հատուցումով իրացումը,
2/ ձեռնարկության ներսում սեփական սպառմանն ուղղվող այն ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ իրացման շրջանառությունը, որոնց գծով ծախքերը չեն մտցվում արտադրանքի /աշխատանքների, ծառայությունների/ ինքնարժեքի մեջ, ինչպես նաեւ ձեռնարկության աշխատողներին ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ իրացման շրջանառությունը,
3/այլ ձեռնարկություններին կամ քաղաքացիներին, ներառյալ ձեռնարկության աշխատողներին, անհատույց կամ մասնակի հատուցմամբ իրացվող ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ շրջանառությունը, բացառությամբ պետական ձեռնարկությունների կողմից պետական այլ ձեռնարկությունների հաշվեկշռին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց փոխանցված հիմնական միջոցների եւ գույքի:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքները հանդիսանում են առանձին հարկման օբյեկտ:
Հոդված 4. Հարկվող շրջանառությունը որոշելու համար հիմք է ընդունվում իրացվող ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ արժեքը, որը ավելացված արժեքի հարկ չի ներառում:
Հարկվող շրջանառությունը չի կարող փոքր լինել սահմանված կարգով արտադրության եւ շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների եւ ծառայությունների, հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների արժեքից:
Պետականորեն կարգավորվող մանրածախ գներով եւ սակագներով բնակչությանը իրացվող հիմնական սպառողական ապրանքների եւ ծառայությունների իրացման դեպքում, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ իրացվող ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/արժեքի մեջ ներառվում է ավելացված արժեքի հարկը, հարկվող շրջանառությունը որոշելու համար հիմք է ընդունվում իրացվող ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ արժեքը, որը ներառում է ավելացված արժեքի հարկը:
Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) փոխանակման, անհատույց կամ մասնակի հատուցմամբ իրացնելու դեպքերում,հարկվող շրջանառությունը որոշվում է ելնելով դրանց փոխանակման կամ իրացման պահին հարկ վճարողի մոտ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գործող գների եւ սակագների մակարդակից, եթե այլ բան նախատեսված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
Մանրածախ առեւտրի ձեռնարկությունների համար հարկվող շրջանառություն է հանդիսանում ապրանքների իրացման եւ մատակարարներից այդ ապրանքների ձեռքբերման գների (ներառյալ ավելացված արժեքի հարկը) տարբերությունը:
Այն ապրանքների համար, որոնք հարկվում են ակցիզային հարկով, ավելացված արժեքի հարկի հաշվարկման ժամանակ հարկվող շրջանառության մեջ ներառվում է նաեւ ակցիզային հարկի գումարը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների հարկման համար հարկվող շրջանառությունը որոշելու հիմք է ընդունվում ներմուծման արժեքը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 5. Ավելացված արժեքի դրույքաչափը սահմանվում է՝
1. ազատ գներով ու սակագներով, ինչպես նաեւ պետականորեն կարգավորվող մեծածախ գներով ու սակագներով իրացվող ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ հարկվող շրջանառության նկատմամբ՝ 20 տոկոսի չափով,
2. այն ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ համար, որոնց գների, սակագների մեջ արդեն ներառված է ավելացված արժեքի հարկը՝ 16.67 տոկոսի չափով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ /ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ,
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ/ ԱԶԱՏՈՒՄԸ
Հոդված 6. Ավելացված արժեքի հարկից ազատվում են՝
1/ նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս արտահանվող ապրանքները, դրանց բեռնման, փոխադրման, բեռնաթափման ծառայությունները եւ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա /բացի ԽՍՀՄ կազմում եղած անդամ պետություններից/ բեռների տարանցիկ փոխադրումները, ինչպես նաեւ՝ աշխատանքների եւ ծառայությունների արտահանումը,
2/ օտարերկրյա դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում պաշտոնական օգտագործման, ինչպես նաեւ այդ ներակայացուցչությունների դիվանագիտական եւ վարչատեխնիկական անձնակազմի ոչ ռեզիդենտ անդամների /ներառյալ նրանց հետ բնակվող ընտանիքի անդամները/ անձնական օգտագործման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռք բերված իրերը, նրանց մատուցված ծառայությունները,
3/ սփյուռքահայ համայնքների, օտարերկրյա եւ միջազգային հասարակական ու կրոնական կազմակերպությունների միջոցների հաշվին կատարվող շինարարական եւ հարակից /նախագծային, հետազոտական եւ այլն/ աշխատանքները,
4/ բնակարանային վարձը՝ ներառյալ հանրակացարաններում բնակվելու վարձը,
5/ բնակչությանը մատուցվող որոշ կոմունալ ծառայությունները՝ ջրամատակարարումը, ջերմային էներգամատակարարումը, սանմաքրումը,
6/ պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հետեւանքով գնվող գույքի արժեքը, ինչպես նաեւ պետական ձեռնարկությունների հիման վրա ստեղծված վարձակալական ձեռնարկությունների վարձակալական վճարը,
7/ կրթության բնագավառի ուսումնական հաստատությունների սննդի օբյեկտների սեփական արտադրության արտադրանքը,
8/ ապահովագրական եւ վերապահովագրական գործառնությունների, վարկի հատկացմանը, ինչպես նաեւ դրամական ավանդներին, հաշվարկային, ընթացիկ եւ այլ հաշիվներին վերաբերող գործառնությունները,
9/ վճարման օրինական միջոցներ հանդիսացող արժույթի դրամի, բանկային տոմսերի /բացի դրամագիտական նպատակներով օգտագործվողներից/, ինչպես նաեւ արժեթղթերի /բաժնետոմսեր, փոխառության պարտատոմսեր, սերտիֆիկատներ, մուրհակներ, չեկեր եւ այլն/ շրջանառությանը վերաբերող գործառնությունները /բացի բրոքերային եւ այլ միջնորդական գործառնություններից/: Բացառություն են կազմում դրանց պատրաստման եւ պահպանման գործառնությունները, որոնցից հարկը գանձվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
10/ փոստային դրոշմանիշների, փոստային դրոշմագրված բացիկների, ծրարների, պետական տուրքային դրոշմանիշների, վիճակախաղի տոմսերի անվանական արժեքով վաճառքը,
11/ այն ծառայությունները, որոնց կատարման համար գանձվում է պետական տուրք,
12/ խաղատների, խաղային ավտոմատների շրջանառությունը՝ հիմնական գործունեության գծով, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված,
13/ հիվանդների ու ծերերի խնամքի հետ կապված, նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու ծառայությունները,
14/ թաղման բյուրոների, գերեզմանատների կողմից մատուցվող ծառայությունները, կրոնական կազմակերպությունների կողմից անցկացվող ծեսերը եւ ծիսակատարությունները,
15/ արտոնագրերի, հեղինակային իրավունքի, լիցենզիաների ստացման եւ հանձնման հետ կապված գործառնությունները,
16/ դոնորային արյան, մայրական կաթի, դեղամիջոցների եւ պրոթեզաօրթոպեդիկ պարագաների իրացումը,
17/ մարդասիրական օգնության եւ բարեգործական նպատակներով հանրապետություն ներմուծվող /ստացվող/ եւ հատկացվող ապրանքները /աշխատանքներն ու ծառայությունները/,
18/ գյուղատնտեսական արտադրանքի իրացումը,
19/ ԼՂՀ տարածքում իրացվող սննդամթերքի առանձին տեսակներ, որոնց ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը,
20/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ նախկին ԽՍՀՄ-ի կազմում եղած պետությունների պետական բյուջեների եւ համապետական նշանակության արտաբյուջետային ֆոնդերի միջոցների հաշվին կատարվող գիտահետազոտական, փորձարարական, նախագծային-հետազոտական աշխատանքները,
21/ թանկարժեք մետաղներ պարունակող հանքաքարի, խտանյութերի եւ այլ արդյունաբերական ապրանքների, թանկարժեք մետաղների ջարդոնի եւ թափոնների հետագա վերամշակման ու հարստացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրացման շրջանառությունները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գանձատանը թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի իրացման շրջանառությունը.
22/ դպրոցական դասագրքերը, տետրերը եւ դրանց վաճառքը,
23/ բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած արժեքների, գանձերի եւ պետության կողմից գնված արժեքների իրացման շրջանառությունը:
Հոդված 7. Ավելացված արժեքի հարկի գծով սահմանված արտոնություններից վճարողներն օգտվում են միայն հարկից ազատված ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ գծով արտադրության եւ շրջանառության ծախքերի, ինչպես նաեւ իրացման շրջանառության առանձնացված հաշվառում իրականացնելու դեպքում:
Գ Լ ՈՒ Խ 6
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 8. Ապրանքները /աշխատանքները, ծառայությունները/ իրացվում են ավելացված արժեքի հարկի գումարի չափով ավելացված գներով /սակագներով/:# Ընդ որում՝ իրացվող ապրանքների /աշխատանքների, ծառայությունների#/ հաշվարկային փաստաթղթերում ավելացված արժեքի դրույքաչափը եւ գումարը նշվում են առանձին տողով:
Ապրանքները /աշխատանքները,ծառայությունները/ բնակչությանը իրացվում են սահմանված դրույքաչափով ավելացված արժեքի հարկի գումարը ներառող գներով /սակագներով/:
Հոդված 9. Արտադրական նպատակներով ձեռք բերված եւ օգտագործվող հումքի, նյութերի, վառելիքի, կոմպլեկտավորող եւ այլ իրերի, հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների համար վճարված ավելացված արժեքի հարկը արտադրության եւ շրջանառության ծախքերին չի դասվում, բացառությամբ սույն օրենքի 11¬րդ եւ 12¬րդ հոդվածներով նախատեսված դեպքերի:
Հոդված 10. Ձեռնարկությունների կողմից պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը որոշվում է որպես իրացված ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ համար գնորդներից /պատվիրատուներից/ ստացված հարկի գումարների եւ արտադրության, շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների, ծառայությունների դիմաց մատակարարներին վճարված հարկի գումարների տարբերություն:
Հիմնական միջոցների ակտիվ մասի եւ ոչ նյութական ակտիվների ձեռքբերման ժամանակ մատակարարներին վճարված հարկի գումարները հանվում են բյուջե վճարման ենթակա գումարներից՝ հիմնական միջոցների ակտիվ մասի շահագործման հանձնման եւ ոչ նյութական ակտիվների հաշվառման ընդունման պահից սկսած՝
ա/ միանվագ, եթե դրանց հաշվեկշռային արժեքը չի գերազանցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկ չափը,
բ/ 6 ամսվա ընթացքում, հավասար չափերով, եթե դրանց հաշվեկշռային արժեքը գերազանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկ չափը:
Հիմնական միջոցների պասիվ մասի ձեռքբերման ժամանակ վճարված հարկի գումարները հաշվառվում են դրանց հաշվեկշռային արժեքում եւ բյուջե վճարման ենթակա հարկի գումարներից չեն հանվում:
Անհատ ձեռներեցների կողմից պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը որոշվում է ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ իրացումից փաստացի ստացված զուտ եկամտից՝ 16,67 տոկոս դրույքաչափով:
Հոդված 11. Ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ իրացման շրջանառությունը ավելացված արժեքի հարկից ազատելու դեպքում արտադրության եւ շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների եւ ծառայությունների դիմաց մատակարարներին վճարված հարկի գումարները միացվում են արտադրության եւ շրջանառության ծախքերին, բացառությամբ սույն օրենքի 6¬րդ հոդվածի 1¬ին, 2¬րդ կետերով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի:
Հոդված 12. Անհատ ձեռներեցներն ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ իրացման դեպքում արտադրության եւ շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի /աշխատանքների, ծառայությունների/ համար մատակարարներին վճարված հարկի գումարները միացնում են արտադրության եւ շրջանառության ծախքերին:
Հոդված 13. Այն դեպքում, երբ ձեռք բերված նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների եւ ծառայությունների, ինչպես նաեւ հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների գծով սույն օրենքով սահմանված կարգով հաշվանցված ավելացված արժեքի հարկի գումարը գերազանցում է ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ իրացումից ստացված հարկի գումարը, ապա առաջացող տարբերությունը հաշվանցվում է առաջիկա վճարումների հաշվին կամ վերադարձվում է հարկի ընդհանուր մուտքերի հաշվին՝ ֆինանսական տարվա կիսամյակային հաշվարկների հիման վրա, հաշվարկների ներկայացումից հետո 10¬օրյա ժամկետում:
Հոդված 14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից արտահանվող ապրանքների ավելացված արժեքի հարկը վերադարձվում է, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ կարգ չի նախատեսված:
Սույն հոդվածի կիրառումը ԱՊՀ անդամ երկրների նկատմամբ կարգավորվում է ԱՊՀ անդամ երկրների միջեւ իրացվող ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ դիմաց հաշվարկների ժամանակ ավելացված արժեքի գանձման սկզբունքների մասին միջազգային պայմանագրերով կամ փոխադարձության հիման վրա՝ յուրաքանչյուր առանձին պետութան /այդ թվում՝ ԱՊՀ անդամ չանդիսացող/ հետ կնքված պայմանագրով:
Գ Լ ՈՒ Խ 7
ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 15. Ավելացված արժեքի հարկը ձեռնարկությունները վճարում են, ելնելով ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ իրացման փաստացի շրջանառությունից, հետեւյալ կարգով.
¬ մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսնապատիկ չափով միջին ամսական վճարումների դեպքում՝ եռամսյակը մեկ անգամ, մինչեւ հաջորդ ամսվա 25¬ը,
¬ միջին ամսական վճարումների գումարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսնապատիկ չափը գերազանցելու դեպքում՝ մեկ անգամ մինչեւ հաջորդ ամսվա 25¬ը:
Հոդված 16. Հարկի ամսական վճարումներ կատարող ձեռնարկությունները, նախորդ ամսվա հաշվարկով վճարման ենթակա հարկի գումարը /կամ նախորդ եռամսյակի հաշվարկով միջին ամսական վճարումների գումարը / Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկ չափը գերազանցելու դեպքում, կատարում են կանխավճարային երկու մուծում այդ գումարի կեսի չափով՝ մինչեւ ընթացիկ ամսվա 25¬ը եւ հաջորդ ամսվա 5¬ը:
Հոդված 17. Իրացման շրջանառության կատարման օր է հանդիսանում բանկային հաշիվներին ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ համար միջոցների ստացման, իսկ կանխիկ դրամով հաշվարկների դեպքում՝ հասույթը դրամարկղ մուտք լինելու օրը: Ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ անհատույց կամ մասնակի հատուցումով իրացման դեպքում շրջանառության կատարման օր է հանդիսանում դրանց իրացման /փոխանակման/ օրը:
Հոդված 18. Վճարողները հարկի վճարման համար սահմանված ժամկետներում իրենց գտնվելու վայրի հարկային մարմին ներկայացնում են հաշվետվություն հաշվարկված եւ վճարված հարկի գումարների մասին:
Հոդված 19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնությամբ կարող է սահմանել այն նախարարությունների, պետական ձեռնարկությունների ցանկը, որոնց ենթակա ձեռնարկություններին թույլատրվում է ավելացված արժեքի հարկը վճարել եւ հաշվարկներն ու հաշվետվությունները ներկայացնել կենտրոնացված կամ նրանց համար հատուկ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 8
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 20. Սույն օրենքի խախտման համար վճարողները եւ դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 21. Սույն օրենքի 8-րդ հոդվածում սահմանված կարգով հաշվարկային փաստաթղթերում ավելացված արժեքի հարկի գումարը առանձին տողով չնշելու դեպքում վճարողը բյուջե է մուծում տուգանք՝ այդ գումարի 20 տոկոսի չափով:
Հոդված 22. Ավելացված արժեքի հարկի գումարը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաեւ տուգանք՝ այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում մեկից ավելի նույնատիպ խախտումների դեպքում՝ տուգանք այդ գումարի կրկնակի չափով:
Թաքցված կամ պակաս ցույց տրված են համարվում բյուջե վճարման ենթակա այն գումարները, որոնք ցույց չեն տրվել ֆինանսահարկային մարմիններ ներկայացված հաշվապահական հաշվետվություններում, հաշվարկներում եւ հայտարարագրերում:
Գ Լ ՈՒ Խ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. Առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնությամբ կարող է սահմանել ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումներ, դրույքաչափեր ու չափեր, հաշվարկման ու վճարման կարգ ու արտոնություններ:
Հոդված 24. Սույն օրենքի կիրարկման հրահանգը մշակում եւ հրապարակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունը՝ համաձայնեցնելով ԼՂՀ արդարադատության պետական վարչության հետ:
Գ Լ ՈՒ Խ 10
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 25. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ