ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2005թ.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ
ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդը հայ ժողովրդի հոգեւոր, հասարակական, քաղաքական, սոցիալական, տնտեսական նշանակություն եւ գիտապատմական արժեք ունեցող փաստաթղթերի ամբողջությունն է՝ անկախ դրանց ծագման եղանակից, ժամանակից, վայրից եւ սեփականության ձեւից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդը հայ ժողովրդի հոգեւոր ժառանգության մասն է, պատմության եւ մշակույթի հուշարձան, որը պաշտպանվում է օրենքով:
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի մասին օրենսդրությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերից:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթեր՝ հայ ժողովրդի հոգեւոր, հասարակական, քաղաքական, սոցիալական, տնտեսական նշանակություն եւ գիտապատմական արժեք ունեցող տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսակինոժապավեններ, լուսանկարներ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ.
բ) անձնական ծագման փաստաթուղթ՝ ֆիզիկական անձի ստեղծած փաստաթուղթ, որը, որպես կանոն, պաշտոնական բնույթ չունի.
գ) արխիվ՝ առանձին հիմնարկ եւ (կամ) պետական կառավարման հանրապետական, տարածքային, շրջանային, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է փաստաթղթերի ընդունումը, պահպանությունը եւ օգտագործումը.
դ) պետական արխիվ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի մշտական պահպանությունն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի անմիջական ենթակայությամբ գործող գիտական հաստատություն է.
ե) գերատեսչական արխիվ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի ժամանակավոր պահպանությունն իրականացնող եւ պետական կառավարման հանրապետական, տարածքային եւ շրջանային մարմնի, ինչպես նաեւ պետական ձեռնարկության, հիմնարկի եւ կազմակերպության անմիջական ենթակայությամբ գործող արխիվ.
զ) ոչ պետական արխիվ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող արխիվ.
է) արխիվային ֆոնդ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի հաշվառման եւ (կամ) դասակարգման միավոր, որը կազմում է պետական պահպանության ընդունված պատմականորեն եւ (կամ) տրամաբանորեն միմյանց հետ կապված փաստաթղթերի ամբողջություն.
ը) արխիվների համալրման աղբյուրներ՝ պետական կամ գերատեսչական արխիվներին փաստաթղթեր հանձնող պետական կառավարման հանրապետական, տարածքային, շրջանային, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններ, ձեռնարկություններ, հիմնարկներ եւ կազմակերպություններ կամ ֆիզիկական անձինք.
թ) փորձագիտական հանձնաժողով՝ հանձնաժողով, որն իրականացնում է փաստաթղթերի արժեքավորումը՝ դրանք պետական պահպանության հանձնելու կամ դրանց պահպանության ժամկետները որոշելու նպատակով.
ժ) փաստաթղթերի կարգավորում՝ փաստաթղթերի հետ տարվող գիտական աշխատանքների ամբողջություն, որն ավարտվում է գործերի ցուցակ կազմելով.
ժա) մասնագիտական խումբ՝ փաստաթղթեր կարգավորող արխիվագետների խումբ:
Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի կազմը եւ փաստաթղթերի սեփականության ձեւը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդը կազմվում է պետական եւ ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականությունն են՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային բանկ ՙԱրցախբանկ՚-ի.
գ) պետական կառավարման հանրապետական, տարածքային եւ շրջանային մարմինների.
դ) դատական եւ դատախազական մարմինների.
ե) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների եւ նոտարիատի, անշարժ գույքի պետական կադաստր վարող մարմինների, զորամասերի եւ զորամիավորումների, զինվորական կոմիսարիատների, ռազմաուսումնական հաստատությունների.
զ) պետական ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների.
է) գիտության, մշակույթի եւ կրթության պետական հաստատությունների.
ը) զանգվածային լրատվության պետական միջոցների եւ պետական հրատարակչությունների,
թ) օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական, հյուպատոսական եւ այլ ներկայացուցչությունների գործունեությամբ առաջացած փաստաթղթերը.
ժ) սահմանված կարգով պետությանն որպես սեփականություն հանձնված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականությունն են՝ կուսակցությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, արհմիությունների, հասարակական, կրոնական, մշակութային եւ այլ կազմակերպությունների, ոչ պետական ձեռնարկությունների ու հիմնարկների անձնական ծագման եւ (կամ) ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող փաստաթղթերը:
Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների լուծարման եւ (կամ) սեփականաշնորհման դեպքում՝ դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող եւ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդին դասված փաստաթղթերը պարտավոր են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հանձնել պետական արխիվներին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օտարումն արգելվում է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերն օտարելիս պետությունն այն գնելու առաջնային իրավունք ունի:
ԳԼՈՒԽ 2
ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 5. Արխիվային գործի կառավարումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության, հաշվառման, համալրման եւ օգտագործման աշխատանքների պետական կառավարումը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործավարության կարգի նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին):
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության ու հաշվառման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Լիազորված մարմնի իրավասությունը սահմանվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով:
Արխիվային գործի կառավարումն իրականացնում է լիազորված մարմինը՝ պետական եւ գերատեսչական արխիվների միջոցով:
Պետական արխիվների համակարգը միասնական է: Արգելվում է պետական արխիվների հանձնումը այլ նախարարությունների եւ գերատեսչությունների ենթակայությանը:
Հոդված 6. Արխիվների պետական գրանցումը եւ արտոնագրումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող պետական եւ գերատեսչական արխիվները ենթակա են պետական գրանցման՝ լիազորված մարմնի կողմից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող ոչ պետական արխիվները ենթակա են արտոնագրման՝ լիազորված մարմնի կողմից:
Արխիվների պետական գրանցման եւ արտոնագրման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Սահմանված կարգով չգրանցված եւ չարտոնագրված արխիվների գործունեությունն արգելվում է:
Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող արխիվային փաստաթղթերի եւ հավաքածուների վրա:
ԳԼՈՒԽ 3
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պահպանության ապահովումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական եւ ոչ պետական ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները, ինչպես նաեւ քաղաքացիները պարտավոր են ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի՝ իրենց սեփականությունը հանդիսացող փաստաթղթերի պահպանությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության համար ապահովում է անհրաժեշտ պայմաններ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության կարգը սահմանում է լիազորված մարմինը:
Արգելվում է պետական եւ գերատեսչական արխիվների տեղաբաշխումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պահպանության պահանջները չբավարարող շինություններում, ինչպես նաեւ վտանգահարույց օբյեկտների անմիջական հարեւանությամբ:
Հոդված 8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի հատկապես արժեքավոր եւ հազվագյուտ փաստաթղթերը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի հատկապես արժեքավոր եւ հազվագյուտ փաստաթղթեր են հանդիսանում պատմամշակութային հատուկ արժեք ունեցող փաստաթղթերը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը հատկապես արժեքավոր եւ հազվագյուտ ճանաչելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հատկապես արժեքավոր եւ հազվագյուտ փաստաթղթերի ապահովագրական պատճենների ստեղծումն ու բնագրերից դրանց առանձնացված պահպանությունը պարտադիր է:
Հատկապես արժեքավոր եւ հազվագյուտ փաստաթղթերը սեփականության իրավունքով պահպանող անձինք պետական արխիվներին հնարավորություն են ընձեռում ստեղծել այդ փաստաթղթերի ապահովագրական պատճենները՝ հետագայում դրանք սեփականատիրոջ թույլտվությամբ օգտագործելու իրավունքով:
Հոդված 9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի մշտական պահպանությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի մշտական պահպանությունն իրականացնում են պետական արխիվները:
Պետական արխիվների համակարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի ժամանակավոր պահպանությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերը մինչեւ պետական արխիվների մշտական պահպանության հանձնելը ժամանակավորապես պահպանվում են գերատեսչական արխիվներում:
Գերատեսչական արխիվներն ապահովվում են փաստաթղթերի պահպանության համար անհրաժեշտ տարածքով:
Գերատեսչական արխիվներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պահպանության համար անհրաժեշտ պայմաններ չապահովելու, այդ թվում՝ տարածք չունենալու դեպքում, դրանք կարող են սահմանված կարգով ի պահ հանձնվել պետական արխիվներին:
Պետական եւ ոչ պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ինչպես նաեւ ֆիզիկական անձինք՝ սահմանված կարգով կարող են պետական, ինչպես նաեւ գերատեսչական արխիվներին ի պահ հանձնել իրենց պատկանող փաստաթղթերը:
Կուսակցությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, արհմիությունները, հասարակական, կրոնական, մշակութային եւ այլ կազմակերպությունները, ոչ պետական ձեռնարկություններն ու հիմնարկներն ինքնուրույն են որոշում սեփականության իրավունքով իրենց պատկանող փաստաթղթերի պահպանության ձեւը:
Հոդված 11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը գերատեսչական արխիվներում ժամանակավոր պահպանելու ժամկետները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերը գերատեսչական արխիվներում ժամանակավոր պահպանելու առավելագույն ժամկետներն են՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, պետական կառավարման հանրապետական, տարածքային, շրջանային եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների՝ պետական արխիվների համալրման աղբյուր հանդիսացող փաստաթղթերի համար՝ 10 տարի.
բ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, նոտարիատի, անշարժ գույքի պետական կադաստր վարող մարմինների, դատական եւ դատախազական մարմինների փաստաթղթերի համար՝ 75 տարի.
գ) գիտատեխնիկական բնույթի փաստաթղթերի համար՝ մինչեւ գործնական անհրաժեշտությունը կորցնելը, սակայն 10 տարուց ոչ ավել.
դ) ձայնագրությունների, տեսագրությունների, կինոժապավենների եւ դրանց տեքստային փաստաթղթերի, լուսանկարների, լուսանկարչական ժապավենների եւ էլեկտրոնային փաստաթղթերի համար՝ 3 տարի.
ե) պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի համար՝ դրանց սահմանված կարգով գաղտնազերծումից հետո՝ 3 ամիս:
Սույն հոդվածում նշված ժամկետները հաշվվում են փաստաթղթերը գործավարությամբ ավարտելու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:
Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի հանձնումը մշտական պահպանության
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի ժամանակավոր պահպանության ժամկետները լրանալիս՝ կարգավորված վիճակով եւ գիտատեղեկատու փաստաթղթերով տեղափոխվում եւ հանձնվում են մշտական պահպանության:
Հոդված 13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի դասակարգումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի գիտական կազմակերպման հիմքում ընկած է դրանց դասակարգումը, որի կարգը որոշում է լիազորված մարմինը: Փաստաթղթերի դասակարգման եւ հաշվառման հիմնական միավորը արխիվային ֆոնդն է, որը ենթակա չէ տրոհման: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը մեկ պետական արխիվից մյուսը տեղափոխելն իրականացվում է փաստաթղթերի դասակարգման կարգի համաձայն:
ԳԼՈՒԽ 4
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պետական հաշվառումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը ենթակա են պետական հաշվառման՝ լիազորված մարմնի կողմից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պետական հաշվառման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 5
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ
Հոդված 15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի համալրման աղբյուրները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդը համալրում են սույն օրենքի 4-րդ հոդվածում թվարկված մարմինները, պետական եւ ոչ պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ինչպես նաեւ ֆիզիկական անձինք՝ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով գիտապատմական արժեք ներկայացնող փաստաթղթերը պետական կամ գերատեսչական արխիվներ հանձնելու եւ (կամ) օտարելու միջոցով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի համալրման աղբյուրների ցուցակները հաստատում է լիազորված մարմինը:
Պետությունը հատուկ հոգածություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ հանրապետությունից դուրս գտնվող եւ հայ ժողովրդի պատմությանը վերաբերող փաստաթղթերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդը համալրելու նկատմամբ եւ ֆինանսավորում է այդ փաստաթղթերի որոնման, հայտնաբերման, հաշվառման եւ ձեռքբերման աշխատանքները:
Հոդված 16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի կազմում փաստաթղթերը ընդգրկելու կարգը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի կազմում փաստաթղթերն ընդգրկվում են փորձագիտական արժեքավորման միջոցով:
Փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման սկզբունքները եւ չափանիշները ըստ տեսակների պահպանության ժամկետների նշումով ցանկը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդում ընդգրկելու կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Կուսակցությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական, կրոնական, մշակութային եւ այլ կազմակերպությունները, ոչ պետական ձեռնարկությունները, հիմնարկները, ինչպես նաեւ ֆիզիկական անձինք սահմանված կարգով կարող են օգտվել պետական արխիվներին կից գործող մասնագիտական խմբերի եւ փորձագիտական հանձնաժողովների ծառայություններից՝ փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի կազմում դրանք ընդգրկելու աշխատանքներն իրականացնելու նպատակով:
ԳԼՈՒԽ 6
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի օգտագործումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերն օգտագործվում են քաղաքական, տնտեսական, սոցիալական, գիտական, մշակութային, ստեղծագործական, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ օտարերկրյա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաեւ օրենքով չարգելված ցանկացած այլ նպատակով:
Հոդված 18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործման կարգը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործումը մատչելի է փաստաթղթերը ժամանակավոր կամ մշտական պահպանության հանձնելու օրվանից:
Պետական եւ գերատեսչական արխիվներին հանձնված փաստաթղթերն օգտագործման են տրվում առանց սահմանափակումների, եթե դրանք պետական եւ ծառայողական գաղտնիք չեն պարունակում:
Պետական եւ գերատեսչական արխիվները պարտավոր են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ փաստաթղթերի օգտագործումը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործման եւ հրապարակման ընդհանուր կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող պետական եւ գերատեսչական արխիվներում պահպանվող փաստաթղթերի օգտագործումն անվճար է:
ԳԼՈՒԽ 7
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 19. Պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի մասին օրենսդրության խախտումների համար
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը փչացնելու, ոչնչացնելու, հափշտակելու, կորցնելու, թաքցնելու, անփույթ պահպանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության խախտմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանելու, ինչպես նաեւ այդ փաստաթղթերում պարունակվող պետական եւ ծառայողական գաղտնիքը հրապարակելու դեպքերում պաշտոնատար անձինք եւ քաղաքացիները կրում են պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 8
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Հոդված 20. Միջազգային պայմանագրերը
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:
ԳԼՈՒԽ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 21. Անցումային դրույթ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվին են հանձնվում բռնադատվածների վերաբերյալ խորհրդային իշխանության 1917-1987 թթ. ժամանակաշրջանի բոլոր փաստաթղթերը:
Այդ փաստաթղթերի օգտագործման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 22. Եզրափակիչ դրույթ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝
մշակել եւ ընդունել սույն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական ակտեր:
Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
28 հուլիսի 1998 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-17