Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին
   Ուժը  կորցրել  է 2013թ.

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ  Ր  Ե  Ն  Ք  Ը

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ

ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետ՝ սոցիալական վճարներ) հասկացությունը, դրանց հավաքագրման իրավական, ֆինանսական և կազմակերպական հիմունքները, դրույքաչափերը և վճարման կարգը:

 

                                           

Գ  Լ  ՈՒ  Խ   1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված  1. Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

Ապահովադիր՝ սոցիալական վճարները հաշվարկող, դրանց պահումները կատարող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ՝ լիազորված մարմին) փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական  անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն:

Ապառք՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում ապահովադիրների չվճարած սոցիալական վճարների գումար:

 

Հոդված 2.  Սոցիալական վճարների մասին օրենսդրությունը

 

1. Սոցիալական վճարումների կատարումը կարգավորվում է սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են  միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ  Լ   ՈՒ   Խ   2

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ

ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հոդված 3. Սոցիալական վճարների հասկացությունը և կատարողները

 

1. Սոցիալական վճարները պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցներ են:

 

2. Սոցիալական վճարումները կատարվում են հայկական դրամով:

Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով՝ վճարման օրը  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային բանկի («Արցախբանկ») սահմանած արժութային փոխարժեքին համապատասխան:

 

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավաբանական անձինք,  իրավաբանական անձի  կարգավիճակ  չունեցող ձեռնարկությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

4. Սոցիալական վճարումներ են կատարում՝

ա) գործատուները.

բ) վարձու աշխատողները.

գ) անհատ  ձեռներեցները (ձեռնարկատերերը).

դ) գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձինք.

ե) գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձինք:

 

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարումներ չեն կատարում:

 

Հոդված 4. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները

 

1. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են՝

ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները.

բ) վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները.

գ) անհատ ձեռներեցների (ձեռնարկատերերի), գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող, ինչպես նաև սույն հոդվածում չնշված անձանց տարեկան եկամուտները՝ «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված նվազեցումները (բացառությամբ սոցիալական ապահովագրության վճարների) կատարելուց հետո.

դ) գյուղացիական տնտեսությունների սեփականություն համարվող հողատարածքների կադաստրային զուտ եկամուտը:

2. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

 

Գ  Լ  ՈՒ   Խ   3

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 5. Սոցիալական  վճարների դրույքաչափերը

 

1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարումները կատարում են նրան վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղվող եւ դրանց հավասարեցված միջոցների ընդհանուր գումարի (այսուհետ՝ աշխատավարձի) նկատմամբ ըստ տարիների հետեւյալ դրույքաչափերով.

 

2001 թվականին                     -          15 տոկոս

2002 թվականին                     -          13 տոկոս

   2003 թվականից սկսած          -          10 տոկոս:

 

(փոփ. 10.11.99, խմբ. 20.11.2000)

2. Վարձու աշխատողները սոցիալական վճարումներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով, բայց ամսական ոչ ավելի 2500 դրամից, որոնց պահումները կատարում և լիազորված մարմին են փոխանցում գործատուները:

(խմբ. 10.11.99)

3. Հաշմանդամների հասարակական կազմակերպությունները, այն ձեռնարկու-թյունները, դրանց տնտեսական միավորումները, հիմնարկները, ուսումնական հաստատությունները և կազմակերպությունները, որտեղ աշխատողների և սովորողների ոչ պակաս 50 տոկոսը հաշմանդամ է, սոցիալական վճարների դրույքաչափը սահմանվում է աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով:

4. Գյուղացիական տնտեսությունները սոցիալական վճարումներ են կատարում սեփականություն համարվող հողատարածքների՝ տվյալ տարվա համար սահմանված կարգով հաշվարկված կադաստրային զուտ եկամտի 5 տոկոսի չափով: Վարձու աշխատանք օգտագործող գյուղացիական տնտեսությունները սոցիալական վճարումներ են  կատարում նաև գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:

(փոփ. 10.11.99, խմբ. 20.11.2000)

5. Անհատ ձեռներեցները (ձեռնարկատերերը), գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող, ինչպես նաև սույն հոդվածում չնշված անձինք սոցիալական վճարումներ են կատարում իրենց տարեկան եկամտի 10 տոկոսի չափով:

(փոփ. 10.11.99, 20.11.2000)

6. Բնաիրային  ձևով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտում հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազատ (շուկայական) գներով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

7. Սույն օրենքով սահմանված սոցիալական վճարները հաշվարկելու, դրանց պահումները կատարելու և լիազորված մարմին փոխանցելու (վճարելու) պարտականությունները դրվում են ապահովադիրների վրա:

 

Հոդված 6. Սոցիալական վճարների  հաշվարկման և վճարման կարգը

 

1. Գործատուները պարտավոր են ամեն ամիս սոցիալական վճարները հաշվարկել եւ փոխանցել (վճարել) լիազորված մարմին՝ աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները բանկից կամ դրամարկղից ելքագրելու օրը£

(խմբ. 16.11.98, 20.11.2000)

2. Գյուղացիական տնտեսությունների սոցիալական վճարները հաշվարկում է լիազորված մարմինը և նշում նրանց տրվող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանուցագրերում:

3. Գյուղացիական տնտեսությունները, անհատ ձեռներեցները (ձեռնարկատերերը), գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձինք տարվա համար հաշվարկված սոցիալական վճարումները կատարում են հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:

4. Գործատուն, յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը լիազորված մարմին է ներկայացնում հաշվետվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու օրվանից մինչև 365-րդ օրը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ՝ ապառքի 0,2 տոկոսի չափով: Վերոհիշյալ տույժը կիրառվում է նաև ստուգմամբ հայտնաբերված (պակաս ցույց տրված) սոցիալական վճարների, սոցիալական վճարների նվազեցված հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարների գծով՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար:

(խմբ. 10.11.99)

Հայցային վաղեմության և գանձման անվիճելիության կարգի կիրառման համար սահմանվում է երեք տարվա ժամկետ՝ ապառքի գոյացման պահից:

6. Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու, վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու դեպքում ապահովադրից սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված (լիազորված մարմնի կողմից) սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ լիազորված մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սոցիալական  վճարների օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու, վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու դեպքում՝ սոցիալական վճարների ամբողջ գումարի չափով:

(փոփ. 20.11.2000)

Վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձեւակերպելու դեպքում՝  սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը չձեւակերպված յուրաքանչյուր աշխատողի համար տվյալ գործատուի մոտ տվյալ պահին հաշվարկվող ամսական միջին աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների 12-ապատիկն է£

(լրաց. 20.11.2000)

7. Ապահովադիրները լիազորված մարմին, վերջինիս կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո, տասնօրյա ժամկետում վճարում են թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև սույն օրենքով հաշվարկված տույժերը և տուգանքները:

8. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում լիազորված մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում՝ ապահովադրի գույքը բռնագանձելու նպատակով: Լիազորված մարմինը, որպես սոցիալական վճարների պարտքը (ապառքի և հաշվարկված տույժերի գումարը) բռնագանձելու մասին դատարանի վճռի հարկադիր կատարման միջոց, ապահովադրի գույքի վրա դնում է արգելանք և ապահովում դրա իրացումը:

9. Սոցիալական վճարումների կատարման արտոնությունները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 7. Ավել վճարված սոցիալական վճարները ապահովադրին վերադարձնելու կարգը

 

Ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները հաշվանցվում են հաշվարկված տույժերի, ապահովադրի համաձայնությամբ՝ առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին՝ դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում, որից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար լիազորված մարմինը վճարում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0,2 տոկոսի չափով:

(խմբ. 10.11.99)

 

Գ  Լ  ՈՒ  Խ   4

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

 

Հոդված 8. Սոցիալական վճարների հավաքագրումը և գանձումն ապահովող մարմինը

 

Սոցիալական վճարների հավաքագրումը և գանձումն ապահովում է լիազորված մարմինը, որը կուտակված միջոցները, մինչև «Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ընդունելը, ուղղում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափերով:

 

Հոդված 9. Լիազորված մարմնի հիմնական իրավասությունները

 

Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը, որն իրավասու է՝

ա) գործատուների մոտ կատարել աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների, անհատ ձեռներեցների (ձեռնարկատերերի), գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված, ինչպես նաև սույն հոդվածում նշված անձանց մոտ՝ սոցիալական վճարների օբյեկտ հանդիսացող եկամուտների հաշվարկման և վճարման փաստաթղթերի, վարձու աշխատողների աշխատանքի ընդունման հրամանների (կարգադրությունների), աշխատանքային պայմանագրերի ստուգում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

(խմբ. 10.11.99, փոփ.20.11.2000)

 

բ) ապահովադիրներից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) ստուգվող ապահովադիրներից պահանջել վերացնելու սույն օրենքի պահանջների խախտումները.

դ) բանկերից, ֆինանսավարկային կազմակերպություններից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթեր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ե) պետական գրանցում ստանալուց հետո, մեկ ամսվա ընթացքում, լիազորված մարմնում չհաշվառված կամ սահմանված ժամկետներում սոցիալական վճարումներ չկատարող ապահովադիրներին (նրանց ղեկավարներին և պաշտոնատար անձանց) ենթարկել պատասխանատվության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով.

զ) համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենսդրության՝ դատարան ներկայացնել ապահովադրի լուծարման պահանջ:

(լրաց. 20.11.2000)

 

 

Գ  Լ  ՈՒ  Խ   5

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Հոդված 10. Սոցիալական վճարումներ կատարողների գրանցումը

 

1. Գործատուները, գյուղացիական տնտեսությունները, անհատ ձեռներեցները, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված անձինք պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են որպես ապահովադիր գրանցվել լիազորված մարմնում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(խմբ. 10.11.99)

2. Գործատուները, գյուղացիական տնտեսությունները և անհատ ձեռներեցները (ձեռնարկատերերը) գրանցվում և հաշվառվում են ըստ գործունեության պետական գրանցման վայրի:

3. Գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձինք լիազորված մարմնում գրանցվում և հաշվառվում են ըստ բնակության վայրի:

 

Հոդված 11. Սոցիալական վճարումներ կատարողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը

 

1. Սոցիալական վճարումներ կատարողները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունեն՝

ա) մասնակցել ստուգումներին, ծանոթանալ իրենց գործունեության ստուգման ակտերին և ստանալ դրանց մեկ օրինակը.

բ) ստուգումների արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում, ակտն ստանալուց հետո, տասնօրյա ժամկետում, ներկայացնել գրավոր առարկություններ կամ այն գանգատարկել դատական կարգով.

գ)  գանգատարկել  լիազորված մարմնի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները.

դ) լիազորված մարմնից ստանալ պարզաբանումներ՝ սոցիալական վճարների հաշվարկման և կատարման մասին.

ե) պահանջել և ստանալ կամ հաշվանցել ապագա վճարումների հաշվին ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները:

 

2. Սոցիալական վճարումներ կատարողները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր են՝

ա) գրանցվել  և հաշվառվել լիազորված մարմնում.

բ) լիազորված մարմին ներկայացնել հաշվետվություններ, եկամուտների մասին հայտարարագրեր.

գ) ներկայացնել արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող համապատասխան փաստաթղթեր:

3. Գործատուի և անհատ ձեռներեցի (ձեռնարկատերի) կողմից հաշվապահական հաշվառում չվարելը կամ այնպիսի խախտումներով վարելը, կամ սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելը, կամ սոցիալական վճարների հիմք համարվող այլ փաստաթղթերում այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք առաջացրել են կամ կարող էին առաջացնել սոցիալական վճարների նվազեցում կամ անհնար են դարձնում սոցիալական վճարների  չափի հաշվարկը, ապա գանձման ենթակա սոցիալական վճարների չափը սահմանվում է  նախորդ հավասար ժամանակահատվածի սոցիալական վճարների կրկնապատիկի չափով, իսկ խախտում թույլ տված անձինք ենթարկվում են պատասխանատվության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

Հոդված 12. Լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկման կարգը

 

Լիազորված  մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

 

Գ  Լ  ՈՒ  Խ   6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 13. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է լիազորված մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(խմբ. 10.11.99)

 

Հոդված 14. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                            Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

14 մայիսի 1998 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-13