Ավտոմոբիլային ճանապարհների մասին

   Ուժը  կորցրել  է 2007թ.

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ  Ր  Ե  Ն  Ք  Ը

 

                                   ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ  ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ  ՄԱՍԻՆ                

 

 

Գ  Լ  ՈՒ  Խ   1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 1. Օրենքի խնդիրները

 

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների կառավարման, տնտեսական, իրավական և կազմակեր-պական հիմքերը, դրանց շինարարությունը, պահպանումը, զարգացումը և օգտագործումը:

Օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր ավտոմոբիլային ճանապարհների վրա, բացառությամբ բնակավայրերի փողոցների:

Բնակավայրերի փողոցների (բացառությամբ սույն օրենքի համաձայն ընդհանուր օգտագործման ճանապարհների անվանացուցակի մեջ մտցված փողոցների) կարգա-վիճակը, դրանցից օգտվելու, դրանց կառավարման, շինարարության, նորոգման, պահ-պանման ու ֆինանսավորման հետ կապված հարցերը կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

Ավտոմոբիլային ճանապարհ - համալիր ինժեներական կառույց, որը նախատեսված է ավտոմոբիլային երթևեկության համար և ապահովում է նորմատիվ բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանված արագություններով ու եզրաչափերով: Ավտոմոբիլային ճանապարհի հիմնական մասերն են՝ օտարման շերտը, հողային պաստառը, երթևեկամասը և կողնակները:

Արհեստական կառույցներ - ավտոմոբիլային ճանապարհի մասեր, որոնք ճանապարհի հողային պաստառը դարձնում են անընդհատ՝ բնական և արհեստական խոչընդոտների վրայով կամ միջով, ինչպես նաև ապահովում են ճանապարհի ամրությունն ու երթևեկության անվտանգությունը: Դրանք են՝ կամուրջները, ուղեանցները, թունելները, էստակադները, հենապատերը և այլն:

Ճանապարհային ինժեներական շինություններ - ճանապարհի մասեր, որոնք ապահովում են ճանապարհների շահագործման և դրանցից օգտվելու պահանջները: Դրանք են՝ կանգառները, ավտոտաղավարները, արագացման և արգելակման գոտիները, տրանսպորտային միջոցների կայանատեղերը, հանգստյան գոտիները, տեսահարթակները, ձյունապաշտպան անտառաշերտերը, տնկիները, մայթերը, հեծանվային ուղիները, օտարման շերտից դուրս գտնվող շրջանցող ուղիները, հակահեղեղային և հակաձնա-հոսային կառույցները, հակավթարային գրպանները, ճանապարհային կապը, լուսավորու-թյունը և այլն:

Ճանապարհային կահավորանք - ավտոմոբիլային ճանապարհի մասերի համա-կարգ, որն ապահովում է երթևեկության անվտանգությունը: Դրանք են՝ ճանապարհային նշանները, լուսացույցները, ազդանշանային սյուները, պարսպող հարմարանքները, հորիզոնական և ուղղաձիգ նշագծումները և այլն:

Ճանապարհային ծառայության շինություններ - ավտոմոբիլային ճանապարհի մասեր, որոնք ծառայում են դրանց շինարարությանը, նորոգմանն ու պահպանմանը: Դրանք են՝ արտադրական բազաները, վարչական և բնակելի շենքերը, ճանապարհների պահպանության հենակետերը, շինանյութերի պահեստները և այլն:

Օտարման շերտ - երկրի մակերևույթի, ընդերքի և օդային  տարածքի շերտ, որտեղ գտնվում է ավտոմոբիլային ճանապարհը:

Հողային պաստառ - օտարման շերտի մաս, որն ընդգրկում է ճանապարհի երթևեկամասը՝ ներառյալ մայթերը, հարակից հեծանվային ուղիները և կողնակները:

Ճանապարհի պաշտպանական գոտի - ճանապարհի երկու կողմում դասավորված, որոշակի լայնությամբ և հատուկ օգտագործման պայմաններ ունեցող հողաշերտ:

Պատվարների և ամբարտակների վրայով անցնող հատվածներում ճանապարհի կազմի մեջ մտնում են հողային պաստառը և շահագործման ու երթևեկության ապահովման անհրաժեշտ կառույցները:

 

Հոդված 3. Ավտոմոբիլային ճանապարհների դասակարգումը

 

Ավտոմոբիլային ճանապարհները դասակարգվում են՝

- ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներ.

- ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներ.

- ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, որոնք ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունն են, օգտագործվում են դրանց ներտնտեսական, տեխնոլոգիական, ծառայողական, անձնական, պարեկային և այլ կարիքների համար:

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներն իրենց հերթին ըստ նշանակության դասակարգվում են՝

- միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, որոնք կապում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհների ցանցն այլ պետությունների ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային կապերը.

- հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, որոնք կապում են հանրապետության վարչական կենտրոնները հանրապետության մայրաքաղաքի և միմյանց, մշակութային,  հոգևոր կենտրոնների և միջպետական նշանակության ճանա-պարհների հետ.

- տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, վարչական կենտրոնների, այլ  քաղաքների, հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների հետ:

 

Հոդված 4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային

                   ճանապարհների կառավարման մարմինը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի (այսուհետև՝  պետական ճանապարհային մարմնի) տնօրինության և կառավարման ներքո: Պետական ճանապարհային մարմինը մշակում և իրականացնում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման ու  պահպանման ծրագրերը, ավտոմոբիլային ճանապարհների դասակարգումը և դրանց անվանացանկի հաշվառումը:    

 

Հոդված 5. Ընդհանուր օգտագործման ոչ պետական և ոչ ընդհանուր

                   օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կառուցման

                    և շահագործման թույլտվությունը

 

Ընդհանուր օգտագործման ոչ պետական  և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմո-բիլային ճանապարհների կառուցման և շահագործման թույլտվությունը տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը: Թույլտվության մեջ պետք է նշվեն ճանապարհի տեխնիկական ցուցանիշները, շահա-գործման և օգտվելու պայմանները:

 

Հոդված 6. Ավտոմոբիլային ճանապարհների գրանցումը

 

Ավտոմոբիլային ճանապարհներին տրվում է՝ անվանում, պայմանանիշ և հերթական համար, որոնք գրանցվում են ճանապարհների անվանացանկում:

Ճանապարհի անվանումը կազմվում է նրա սկզբնակետի և վերջնակետի, առանձին դեպքերում նաև՝ միջանկյալ կետերի անվանումներից:

Ճանապարհի համարակալումը կատարվում է ըստ պայմանանիշների՝  հաջորդական համարներով:

 

Գ  Լ  ՈՒ  Խ    2

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄԸ, ՆՐԱՆՑ

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 7. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը

                   և շինարարությունը

 

Ավտոմոբիլային ճանապարհների նախագծերը մշակվում են ըստ գործող շինարա-րական նորմերի և հաստատվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրու-թյան համաձայն:

Ավտոմոբիլային ճանապարհների շինարարությունը կարող է իրականացվել միայն համապատասխան նախագծերի առկայության դեպքում:

 

Հոդված 8. Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության,

                   նորոգման և պահպանման ֆինանսավորումը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների նախա-գծման, շինարարության, նորոգման և պահպանման ֆինանսավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ֆինանսավորման համար հիմք են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության կառավարության կողմից հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների նախա-գծման, շինարարության, նորոգման և պահպանման ֆինանսական նորմերը»:

Ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհների և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների շինարարությունը, նորոգումը և պահպանումը ֆինանսավորվում է դրանց սեփականատերերի միջոցների հաշվին:

 

Գ  Լ   ՈՒ  Խ  3

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ

ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

 

Հոդված 9. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգը

 

Ընդհանուր օգտագործման պետական և ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհ-ներից օգտվելու կարգը սահմանվում է սույն օրենքով, ճանապարհային երթևեկության կանոններով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհ-ների շահագործման և պահպանման կանոններով:

Պատվարների և ամբարտակների վրայով անցնող ճանապարհահատվածներից օգտվելու կարգը սահմանվում է պետական ճանապարհային մարմնի և համապատաս-խան գերատեսչության միջև կնքվող պայմանագրով, ճանապարհային երթևեկության կանոններով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհ-ների շահագործման և պահպանման կանոններով:

Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգը սահմանում են դրանց սեփականատերերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության  պետական ավտոտես-չության մարմինների հետ համաձայնեցնելուց հետո:

 

Հոդված 10. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրավունքը

 

Ընդհանուր օգտագործման պետական և ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկությունը թույլատրվում է առանց սահմանափա-կումների՝

- տրանսպորտային միջոցների (մարդատար, բեռնատար և հատուկ նշանակության ավտոմեքենաներ, ավտոբեռնասայլակներ, ավտոբուսներ, պիկապներ, մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ և օդաճնշման դողերով այլ ինքնագնաց մեքենաներ և մեխանիզմներ) համար՝ ճանապարհի երթևեկամասով.

- հետիոտների համար՝ մայթերով և կողնակներով.

- հեծանվորդների համար՝ մայթերով, կողնակներով և հեծանվային ուղիներով:

Ճանապարհային և կլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում երթևեկու-թյունը կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել պետական ճանապարհային մարմնի ցուցումով:

Ընդհանուր օգտագործման պետական և ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում է՝

- թրթուրավոր կամ այլ մետաղական օղեգոտի ունեցող անիվներով մեքենաների և մեխանիզմների երթևեկությունը.

-  երթևեկամասերի  և կողնակների վրա մեքենաներ ու մեխանիզմներ, կողմնակի առարկաներ, շինարարական նյութեր, ձյուն թողնելը կամ թափելը.

- ոռոգման նպատակով կողային առուների օգտագործելը.

- չնախատեսված  հատվածներում տրանսպորտային միջոցների ճանապարհից դուրս գալը կամ ճանապարհ մտնելը.

- կողնակների վրա ապրանքներ  վաճառելը:

Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրա-վունքը և սահմանափակումները սահմանում են դրանց սեփականատերերը:

 

Հոդված 11. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու վարձը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն անվճար է: Այլընտրանքների առկայության դեպքում առանձին ավտոմոբիլային ճանա-պարհներ  կամ նրանց հատվածներ օրենքով սահմանված կարգով կարող են լինել վճարովի: Այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցների քաշային ու եզրաչափային ցուցանիշները գերազանցում են տվյալ ճանապարհի համար սահմանված նորմերը, դրանց երթևեկությունը կարող է լինել վճարովի: Վճարման չափը և գանձման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներով և ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկության վարձաչափը և գանձման կարգը որոշում է նրա սեփականատերը:

 

Հոդված 12. Հաղորդակցումների տեղադրումը ավտոմոբիլային

                     ճանապարհների օտարման շերտում

 

Ավտոմոբիլային ճանապարհների հատումը ոռոգման առուներով, կապի  և էլեկտրա-կանության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցումներով, ավտոմոբիլային ճանապարհներով ու երկաթուղագծերով, դրանց տեղադրումը և վերատեղադրումը օտարման շերտում և պաշտպանական գոտում կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ պետական ճանապարհային մարմնի կամ ճանապարհի սեփականատիրոջ համաձայնությամբ: Եթե հաղորդակցումների և այլ  կառույցների շինարարության իրականացման հետևանքով առաջանում է ճանապարհի վերակառուցման կամ նորոգման անհրաժեշտություն, ապա դա կատարվում է շինարարությունն իրականացնողի հաշվին:

Հաղորդակցումների և այլ շինությունների ու հարմարանքների տեղադրումը ճանա-պարհի օտարման շերտում չպետք է հակասի ճանապարհի շահագործման և անվտանգ երթևեկության պահանջներին:

Օտարման շերտում գտնվող հաղորդակցումները և այլ շինություններն ու  հարմա-րանքները պետք է պահվեն  պատշաճ վիճակում և ճանապարհի  վերակառուցման կամ նորոգման դեպքում տեղափոխվեն կամ վերաշինվեն դրանց սեփականատիրոջ հաշվին:

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա բոլոր տեսակի աշխատանքները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից կատարվում են պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված պայմաններով:

Ընդհանուր օգտագործման ոչ պետական և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմո-բիլային ճանապարհների վրա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպու-թյունների կողմից աշխատանքները կատարվում են դրանց սեփականատերերի հետ համաձայնեցված պայմաններով:

 

Հոդված 13. Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտը

                     և պաշտպանական գոտիները

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներն ունեն օտարման շերտ, իսկ բնակավայրերից դուրս գտնվող վայրերում՝ նաև պաշտպանական գոտիներ: Օտարման շերտի հորիզոնական չափերը որոշվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ օդային տարածքի և ընդերքի չափերը՝ ելնելով տրանսպորտի երթևեկության և ճանապարհի մասերի  օգտագործման ու պահպանության պահանջներից:

Պաշտպանական գոտիների չափերը և օգտագործման կարգը  սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման աշխատանքները չպետք է խոչընդոտեն պաշտպանական գոտու մելիորատիվ համակարգի և կառուցվածքների նորմալ գործունեության և հիդրոլոգիական ռեժիմի ապահովմանը:

Օտարման շերտի հողերը գտնվում են պետական ճանապարհային մարմնի, իսկ պաշտպանական գոտիներինը՝ դրանց սեփականատերերի տնօրինության տակ:

 

Հոդված 14. Ավտոմոբիլային ճանապարհների կահավորումը

                     սպասարկման օբյեկտներով

 

Տրանսպորտային միջոցների, վարորդների և ուղևորների սպասարկման համար ավտոմոբիլային ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրու-թյամբ սահմանված կարգով կահավորվում են ավտոլցավորման, տեխնիկական սպա-սարկման կայաններով, ավտոկայաններով, առևտրի և սպասարկման այլ օբյեկտներով, ինչպես նաև գովազդի միջոցներով:

 

Հոդված 15. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանումը և ճանա-

                      պարհային երթևեկության անվտանգության ապահովումը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպան-ման և երթևեկության անվտանգության ապահովման համար պետական ճանապարհային մարմինը հատկացված միջոցների սահմաններում իրականացնում է՝

- ճանապարհների խնամքի և պահպանման համալիր աշխատանքները.

- ճանապարհների կահավորումը ճանապարհային նշաններով.

- ճանապարհների նշագծումը և պարսպումը.

-ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների ուսումնասիրումը և դրանց կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնար-կումը:

Ընդհանուր օգտագործման ոչ պետական և ոչ ընդհանուր օգտագործման ավտո-մոբիլային ճանապարհների պահպանումը և երթևեկության անվտանգությունն ապահո-վում են դրանց սեփականատերերը:

 

Հոդված 16. Հողերի հատկացումը ճանապարհների շինարարության,

                      շահագործման և պահպանման նպատակով

 

Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, շահագործման և պահպանման նպատակով հողերի հատկացումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

Գ  Լ  ՈՒ  Խ  4

 

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ԵՎ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

                    

 

Հոդված 17. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

 

Սույն օրենքը խախտողները կրում են պատասխանատվություն Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 18. Ավտոմոբիլային ճանապարհներին պատճառված

                      վնասների հատուցումը

 

Ավտոմոբիլային ճանապարհներին վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում իրենց կողմից պատճառված վնասի համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 19. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողներին

                     հասցված վնասի փոխհատուցումը

 

Ավտոմոբիլային  ճանապարհների անսարքության պատճառով նրանցից օգտվող-ներին հասցված վնասը հատուցվում է ճանապարհների սեփականատերերի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 20. Ավտոմոբիլային ճանապարհների հետ կապված

                     վեճերի լուծման կարգը

 

Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման ընթացքում վնասի հատուցման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

 

Գ  Լ  ՈՒ  Խ   5

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

Հոդված 21. Միջազգային պայմանագրերը

 

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

 

Գ  Լ  ՈՒ  Խ   6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ  ԴՐՈՒՅԹ

 

 

Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

                                                                                  ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

11 հուլիսի 1997 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-44