Պետական վիճակագրության մասին

   Ուժը  կորցրել  է 2002թ.

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ  Ր  Ե  Ն  Ք  Ը

 

 

                                                                                                          ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական վիճակագրության կազմակերպման կարգը եւ կարգավորում է հանրապետության սոցիալ¬տնտեսական գործընթացների, բնակչության ու նրա կենսագործունեության ոլորտների վերաբերյալ վիճակագրության պետական լիազորված մարմնի կողմից տվյալների պարտադիր հավաքագրման, մշակման, կուտակման, ամփոփման, պահպանման, ինչպես նաեւ վերլուծության, փոխանակման եւ վիճակագրական տեղեկատվության տրամադրման (հրապարակման) հետ կապված հարաբերությունները:

 

                                           Գ Լ ՈՒ Խ    1

                                ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Պետական վիճակագրության մասին օրենսդրությունը

                   եւ գործունեության ոլորտը

 

Պետական վիճակագրության մասին օրենսդրությունը կազմված է սույն օրենքից եւ պետական վիճակագրական հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերից:

Պետական վիճակագրությունը պետական լիազորված մարմնի կողմից իրականացվող գործունեություն է՝ վիճակագրական աշխատանքների ծրագրին համապատասխան: Վիճակագրական աշխատանքների ծրագիրը (վիճակագրական ցուցանիշների ցանկը եւ պարբերականությունը) հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ձեռնարկությունների (անկախ սեփականության ձեւից), հիմնարկների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ պետական մարմինների ու քաղաքացիների վրա (պետական վիճակագրական տվյալներ կամ հաշվետվություններ ներկայացնող սուբյեկտներ):

 

Հոդված 2. Պետական վիճակագրության հիմնական խնդիրները

 

Պետական վիճակագրության հիմնական խնդիրներն են՝

ա) միջազգային ֆինանսական, տնտեսական եւ այլ կազմակերպությունների սահմանած չափանիշներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության ապահովումը.

բ) տնտեսական եւ հասարակական գործընթացների եւ դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվության համակարգի կազմակերպումը, պետական մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին եւ կազմակերպություններին (այդ թվում՝ միջազգային), ինչպես նաեւ հասարակությանը տեղեկատվությամբ ապահովումը.

գ) սոցիալ¬տնտեսական եւ ժողովրդագրական գործընթացների վերլուծության հիման վրա համապատասխան եզրակացությունների եւ առաջարկությունների պատրաստումն ու ներկայացումը սույն օրենքով սահմանված կարգով.

դ) ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների պետական վիճակագրական  ռեգիստրի ներդրումը եւ վարումը.

ե) վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկա¬տնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչների վարումը:

 

Հոդված 3. Պետական վիճակագրությանը ներկայացվող

                   պարտադիր պահանջները

 

Պետական վիճակագրությանը ներկայացվող պարտադիր պահանջներն են՝

ա) վիճակագրության օբյեկտիվությունը, գիտական հիմնավորվածությունը, անաչառոթյունը.

բ) վիճակագրական տվյալների արժանահավատությունը, ճշտությունը, համադրելիությունը ժամանակի եւ տարածության մեջ, անանունությունը.

գ) վիճակագրական տեղեկատվության արդիականությունը, կայունությունն ու ամբողջականությունը.

դ) համադրելիությունը միջազգայնորեն ընդունված վիճակագրական չափանիշներին եւ նորմերին.

ե) վիճակագրական ցուցանիշների համապատասխանությունը միջազգայնորեն ընդունված ազգային հաշիվների պահանջներին.

զ) վիճակագրական ամփոփ տվյալների պարբերական հրապարակումը.

է) վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը եւ հրապարակայնությունը:

 

Գ Լ ՈՒ Խ   2

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 4. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական վիճակագրություն իրականացնող մարմիններն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ մտնող վիճակագրության պետական լիազորված մարմինը եւ նրան ենթակա տեղական ու գործառնական ստորաբաժանումները (այսուհետեւ՝ պետական վիճակագրություն իրականացնող մարմիններ):

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական վիճակագրական աշխատանքների ընդհանուր համակարգումը իրականացնում է վիճակագրության պետական լիազորված մարմինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Վիճակագրության պետական լիազորված մարմնի, նրա տարածքային  ծառայությունների ու գործառնական ստորաբաժանումների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով, ինչպես նաեւ այդ մարմինների կանոնադրություններով:

 

Հոդված 5. Պետական վիճակագրության ֆինանսավորումը

 

Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրին համապատասխան կատարվող աշխատանքները ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հոդված 6. Պետական վիճակագրական դիտարկումները

 

Պետական վիճակագրական դիտարկումները դիտարկվող օբյեկտներից սկզբնական հաշվառման փաստաթղթերի կամ անմիջական դիտարկումների հիման վրա վիճակագրական տեղեկությունների հավաքումն է:

Պետական վիճակագրական դիտարկումներն անցկացնում են պետական վիճակագրություն իրականացնող մարմինները:

Պետական վիճակագրական դիտարկումների ձեւերը, մեթոդները եւ անցկացման կարգը սահմանում է վիճակագրության պետական լիազորված մարմինը:

Պետական վիճակագրական դիտարկումները կարող են լինել ճյուղային կամ տարածքային, որոնց անցկացման կարգը եւ փաստաթղթերի ձեւերը սահմանում է վիճակագրության պետական լիազորված մարմինը: Վիճակագրական տեղեկատվության հավաքումը իրականացվում է համատարած, ընտրանքային եւ մենագրական (մոնոգրաֆիական) վիճակագրական դիտարկումների ձեւով:

Մարդահամարները, սոցիալ¬ժողովրդագրական հետազոտությունները եւ տնտեսական հաշվեգրումները (ներառյալ տնտեսության առանձին ճյուղերում) իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված պետական վիճակագրական դիտարկումների անցկացման համար հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները (անկախ սեփականության ձեւից), քաղաքացիները պարտավոր են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով անվճար ներկայացնել անհրաժեշտ տվյալներ, բացառությամբ սույն օրենքի 9 հոդվածի «գ» կետով սահմանված դեպքի:

Պետական վիճակագրություն իրականացնող մարմինները վիճակագրական դիտարկումներ անցկացնելիս կարող են այդ աշխատանքներում պայմանագրային կարգով ընդգրկել այլ ձեռնարկություններ, հիմնարկներ, կազմակերպություններ, առանձին աշխատողների, ինչպես նաեւ քաղաքացիների:

 

Հոդված 7. Պետական վիճակագրական ռեգիստր

 

Պետական վիճակագրություն իրականացնող մարմինները վարում են ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների պետական վիճակագրական ռեգիստրը, որը տեխնիկա¬տնտեսական եւ սոցիալական տեղեկատվության հիման վրա ապահովում է ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների պետական հաշվառումը եւ միասնական նույնականացումը (իդենտիֆիկացումը):

Պետական միասնական նույնականացման միացյալ համակարգի օգտագործումը պարտադիր է այդ համակարգի գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար:

Պետական վիճակագրական ռեգիստրի կանոնադրությունը եւ դրա ներդրման կարգը հաստատում է վիճակագրության պետական լիազորված մարմինը:

 

Հոդված 8. Պետական վիճակագրական տեղեկությունների

                  ներկայացումը, օգտագործումը, հրապարակումը եւ

                  պահպանումը

 

Պետական վիճակագրական տեղեկությունները ներկայացվում են պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով սահմանված պետական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման կարգով, որը ներառում է վիճակագրական տվյալների ծավալը, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման հասցեներն ու ժամկետները:

Պետական վիճակագրությանը ներկայացվող տվյալները պետք է լինեն արժանահավատ:

Պետական վիճակագրություն իրականացնող մարմինների՝ սահմանված կարգով հավաքագրված տվյալները պետք է օգտագործվեն բացառապես վիճակագրական նպատակների համար: Հավաքագրված սկզբնական տվյալները, առանց դրանք ներկայացնող սուբյեկտների համաձայնության, հրապարակման ենթակա  չեն: Այդ տվյալները ենթակա են հրապարակման միայն ամփոփված եւ խմբավորված տեսքով:

Պետական եւ առեւտրային գաղտնիք պարունակող վիճակագրական տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ եւ պահպանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Պետական վիճակագրական տեղեկատվության հրապարակման ձեւերը որոշում են վիճակագրություն իրականացնող եւ կազմակերպող պետական համապատասխան մարմինները, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով այլ բան չի նախատեսված:

Վիճակագրական տեղեկատվությունը պաշտոնական է համարվում, եթե այն հրապարակում են՝

ա) վիճակագրության պետական լիազորված մարմինը կամ նրան ենթակա տեղական ու գործառնական ստորաբաժանումները.

բ) պետական մյուս մարմինները՝ պետական վիճակագրություն իրականացնող պետական մարմինների ներկայացրած տեղեկատվության հիման վրա:

Պետական վիճակագրական տեղեկատվության պահպանման կարգը եւ ժամկետները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ   3

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 9. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինների

                  իրավունքները                    

                                      

Պետական վիճակագրություն իրականացնող մարմիններն իրենց իրավասության սահմաններում իրավունք ունեն՝

ա) ստանալ հավաստի վիճակագրական տվյալներ ձեռնարկություններից, հիմնարկներից եւ կազմակերպություններից (անկախ սեփականության ձեւից) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

բ) ստանալ եւ օգտագործել ֆինանսական, հարկային, բանկային, մաքսային մարմինների ու ծառայությունների վիճակագրական տվյալներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով.

գ) պայմանագրային հիմունքներով քաղաքացիներից ստանալ նրանց սոցիալ¬ժողովրդագրական վիճակի, այդ թվում՝ ընտանիքների բյուջեների վերաբերյալ անհրաժեշտ վիճակագրական տվյալներ.

դ) հրապարակայնորեն պարզաբանել վիճակագրական տեղեկատվության եւ տվյալների ոչ ճիշտ օգտագործման ու մեկնաբանման դեպքերը.

ե) ներդնել վիճակագրական տեղեկություններ ստանալու համար վիճակագրության պետական լիազորված մարմնի կողմից  հաստատված վիճակագրական հաշվետվությունների ձեւերը.

զ) ստուգել սկզբնական եւ ամփոփ վիճակագրական տվյալների արժանահավատությունը: Հաշվետվական տվյալների աղավաղումների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ հրահանգներ տալ եւ համապատասխան ուղղումներ մտցնել ամփոփ վիճակագրական տվյալներում դրանց պարտադիր վերացման համար.

է) պատասխանատվության ենթարկել պետական վիճակագրության համար անհրաժեշտ հաշվետվությունների եւ տվյալների ներկայացման սահմանված կարգը խախտած անձանց՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ը) անցկացնել փորձաքննություն վիճակագրության եւ հաշվառման վերաբերյալ.

թ) պետական վիճակագրական աշխատանքների ծրագրերից դուրս պայմանագրային հիմունքներով մատուցել վիճակագրական, վերլուծական, տեղեկատվական, հրատարակչական եւ իրենց կանոնադրություններով նախատեսված այլ ծառայություններ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով.

ժ) ընդունել վիճակագրական աշխատանքների իրականացման եւ հաշվետվու-թյունների ձեւերի լրացման հետ կապված հրահանգներ, ցուցումներ եւ այլ հրահանգչական փաստաթղթեր:

 

Հոդված 10. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինների

                    պարտականությունները

 

Պետական վիճակագրութուն իրականացնող մարմինները պարտավոր են՝

ա) կազմակերպել պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը ամբողջ ծավալով եւ սահմանված ժամկետներում.

բ) պաշտոնական մամուլում հրապարակել սոցիալ¬տնտեսական իրավիճակի, ժողովրդագրության, բնապահպանության վերաբերյալ տեղեկատվություններ եւ անվճար ապահովել դրանցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմիններին.

գ) ապահովել պետական ամփոփ վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը.

դ) պահպանել հավաքագրված վիճակագրական տվյալների անանունությունը.

ե) չհրապարակել կամ չտարածել սկզբնական վիճակագրական տեղեկատվությունը.

զ) չհրապարակել պետական եւ առեւտրային գաղտնիքները.

է) ձեռնարկության,հիմնարկի, կազմակերպության եւ քաղաքացու դիմումով տրամադրել նրանց վերաբերյալ տեղեկություններ, որոնք գտնվում են տվյալների բանկում.

ը) պետական վիճակագրական տվյալներ (հաշվետվություններ) ներկայացնող սուբյեկտներին անվճար ապահովել վիճակագրական հաշվետվությունների ձեւերով եւ հրահանգներով, նրանց տեղյակ պահել վիճակագրական հաշվետվությունների ներկայացման ժամկետների պարբերականության եւ ներկայացվող պահանջների մասին:

 

Գ Լ ՈՒ Խ   4

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 11. Պետական վիճակագրական տվյալներ (հաշվետվություններ)

                    ներկայացնող սուբյեկտների իրավունքները

 

Պետական վիճակագրական տվյալներ (հաշվետվություններ) ներկայացնող սուբյեկտներն իրավունք ունեն՝

ա) պետական վիճակագրություն իրականացնող մարմիններից անվճար ստանալ վիճակագրական հաշվետվությունների ձեւեր ու հրահանգներ.

բ) պետական վիճակագրություն իրականացնող մարմինների տվյալների բանկից ստանալ իրենց վերաբերյալ կուտակված սկզբնական տվյալներ.

գ) պայմանագրային հիմունքներով օգտվել պետական վիճակագրություն իրականացնող մարմիններում կուտակված վիճակագրական տվյալներից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով եւ այլ ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 12. Պետական վիճակագրական տվյալներ (հաշվետվություններ)

                      ներկայացնող սուբյեկտների պարտականությունները

 

Պետական վիճակագրական տվյալներ (հաշվետվություններ) ներկայացնող սուբյեկտները պարտավոր են՝

ա) պետական վիճակագրական աշխատանքների ծրագրին համապատասխան սահմանված ժամկետներում, ծավալով ու ցուցանիշներով վիճակագրական տվյալներ (հաշվետվություններ) ներկայացնել պետական վիճակագրություն իրականացնող մարմիններին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով.

բ) ներդնել սկզբնական հաշվառման միասնականացված ձեւեր.

գ) կատարել պետական վիճակագրություն իրականացնող մարմինների օրինական ցուցումները՝ վիճակագրության եւ հաշվառման վերաբերյալ.

դ) թույլատրել պետական վիճակագրություն իրականացնող մարմիններին, անհրաժեշտության դեպքում, անցկացնել պետական վիճակագրական տվյալների (հաշվետվությունների) արժանահավատության ստուգումներ, սույն  օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ   5

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 13. Պատասխանատվությունը պետական վիճակագրությանն

                    անհրաժեշտ հաշվետվությունների եւ տվյալների

                    ներկայացման կարգը խախտելու համար

 

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ հաշվետվությունները եւ տեղեկատվությունը սահմանված ժամկետներում եւ ամբողջ ծավալով չներկայացնելու, դրանք ոչ սահմանված ձեւով ներկայացնելու համար ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից գանձվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկ չափով:

Տուգանքը նշանակում են վիճակագրության պետական լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալները:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից տուգանքները վճարվում են դրանց վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ստանալու պահից տասնօրյա ժամկետում:

Տուգանքների նշանակման եւ վճարումների հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ հաշվետվություններն ու տեղեկատվությունը սահմանված ժամկետներում եւ ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձեւով, աղավաղումներով եւ անստորագիր ներկայացնելն առաջացնում են վարչական եւ քրեական պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 14. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինների,

                    նրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

 

Պաշտոնական  վիճակագրական տեղեկատվությունը հրապարակելիս պետական վիճակագրություն իրականացնող մարմիններն անկախ են եւ կրում են պատասխանատվություն հրապարակված տեղեկատվության հավաստիության համար:

Արգելվում է պետական որեւէ մարմնի կամ պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրություն իրականացնող մարմիններին այնպիսի ցուցումներ տալը, որոնք կարող են ազդել վիճակագրական տեղեկատվության օբյեկտիվության, արժանահավատության, անաչառության եւ ամբողջականության վրա:

Պետական վիճակագրություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց կողմից ոչ արժանահավատ վիճակագրական տեղեկատվություն ներկայացնելը կամ դրա ներկայացման սահմանված ժամկետների խախտելն առաջացնում է պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

Պետական վիճակագրություն իրականացնող մարմինները         պատասխա¬

նատվություն են կրում իրենց մեղքով ձեռնարկություններին, հիմնարկներին եւ կազմակերպություններին, ինչպես նաեւ քաղաքացիներին հասցված վնասի (առեւտրական եւ պետական գաղտնիքների, սկզբնական տեղեկատվության հրապարակման հետեւանքով եւ այլն) համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետական վիճակագրություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները կարող են գանգատարկվել դատական կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ   6

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

Հոդված 15. Միջազգային պայմանագրեր

 

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ   7

 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                   ՆԱԽԱԳԱՀ՝                                                                   Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

 

19 դեկտեմբերի 1996 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-28