ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2008Թ.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը, հարգելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմնադրույթները, սահմանում է երեխայի իրավունքները, պետության և նրա համապատասխան մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների պարտավորությունները երեխայի իրավունքների պաշտպանության գործում:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի գործողության շրջանակները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչև 18 տարեկան անձանց վրա:
Հոդված 2. Երեխայի իրավունքների մասին օրենսդրությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ նորմատիվ ակտերով:
Հոդված 3. Երեխայի իրավունքները պաշտպանող մարմինները
Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված համապատասխան պետական մարմինները:
Պետությունն իր համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող քաղաքացիների միավորումների, ոչ պետական կազմակերպությունների և առանձին անձանց հետ:
Հոդված 4. Երեխաների իրավահավասարությունը
Երեխաներն ունեն հավասար իրավունքներ անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքներից:
Գ Լ ՈՒ Խ 2
ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ
ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 5. Երեխայի կյանքի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:
Պետությունը և նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:
Հոդված 6. Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:
Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:
Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 7. Երեխայի առողջության պահպանման իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք: Պետությունը և նրա համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայույթուններից երեխայի անվճար օգտվելու հնարավորությունը, իրականացնում են երեխայի առողջության պահպանմանն ուղղված պետական նպատակային ծրագրերը:
Հոդված 8. Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:
Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:
Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:
Հոդված 9. Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգևոր և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:
Ցանկացած անձի, այդ թվում՝ ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:
Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պետությունը և նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում՝ թմրանյութերի և ալկոհոլային խմիչքների օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավելուց, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:
Հոդված 10. Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:
Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:
Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:
Հոդված 11. Երեխայի կրթության իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու, իր, ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:
Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար՝ հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:
Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:
Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:
Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:
Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:
Հոդված 12. Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունքª բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն՝ ելնելով երեխայի շահերից:
Պետական համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:
Հոդված 13. Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում
Երեխայի խնամքը և դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:
Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով պետությունը և նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին՝ երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:
Հոդված 14. Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն ծնողների կողմից
Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:
Երեխայի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 15. Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայիիրավունքը
Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց (նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների և ուղղակի կապերի պահպանման իրավունքª բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:
Հոդված 16. Երեխայի բնակելի տարածության իրավունքը
Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք՝ անկախ իր բնակության վայրից:
Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 17. Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա (ներառյալ՝ որդեգրված) ծնողի մահվան, ինչպես նաև դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքա-ցիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 18. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:
Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք:
Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց մատչելիությունը:
Բռնության և դաժանության պաշտամունքի, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, երեխայի վրա բացասական ազդեցություն ունեցող և իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը հետապնդվում է օրենքով:
Հոդված 19. Երեխայի աշխատանքի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, առողջական վիճակին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:
Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին, բացառիկ դեպքերում՝ 15 տարին լրանալուց հետո:
Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք, որը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
Արգելվում է երեխայի կողմից ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառքը, դրանց արտադրության և օգտագործման մեջ երեխայի ներգրավումը, ինչպես նաև այնպիսի աշխատանքի կատարումը, որը կարող է վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:
Հոդված 20. Երեխայի հանգստի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:
Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը՝ ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:
Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական կառավարման մարմինների հետ:
Հոդված 21. Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում՝ հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:
Հոդված 22. Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունք:
Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:
Ուսումնադաստիարակչական հաստատություններում երեխայի ուսուցումը և դաստիարակությունն իրականացնող անձանց և երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:
Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 23. Երեխայի անվտանգության ապահովումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում՝ այլ պետություններ), առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 3
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ
ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
Հոդված 24. Ծնողական խնամքից զրկված երեխայի իրավունքների պաշտպանությունը
Ծնողական խնամքից զրկված երեխան ունի պետության և նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք, պետությունը և նրա համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը և դաստիարակությունը՝ որդեգրման կամ համապատասխան մանկական հիմնարկներում տեղավորելու միջոցով:
Խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի դաստիարակության հաջորդականության ապահովումը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլն:
Երեխայի որդեգրման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
Ելնելով երեխայի, նրա օրինական ներկայացուցիչների շահերից, պետությունը և նրա համապատասխան մարմինները երեխայի կենսապայմանների, առողջական վիճակի գնահատումը կատարում են գաղտնի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Երեխան 16 տարին լրանալուց հետո ունի ինքնուրույն ապրելու իրավունք՝ բավարար կենսապայմանների, պետության և նրա համապատասխան մարմինների կողմից նյութական օգնության և որոշակի պայմանների ստեղծման դեպքում:
Հոդված 25. Երեխայի խնամքը և դաստիարակությունը մանկատներում
և գիշերօթիկ հաստատություններում
Ծնողական խնամքից զրկված երեխայի խնամքը և դաստիարակությունն այլ ընտանիքում կազմակերպելու անհնարինության դեպքում պետությունը և նրա համապատասխան մարմինները երեխային տեղավորում են մանկատանը կամ գիշերօթիկ հաստատությունում:
Ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակª Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ:
Պետության խնամքի տակ գտնվող ծնողազուրկ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, բնակտարածության տրամադրումը, սոցիալական ապահովագրումը, աշխատանքի տեղավորումը դրվում է այդ հաստատությունների ղեկավարության և տեղական կառավարման մարմինների վրա:
Հոդված 26. Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխայի իրավունքները
Պետությունը և նրա համապատասխան մարմինները հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխային երաշխավորում են անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, իր հնարավորություններին համապատասխանող բազային և մասնագիտական կրթություն ստանալու, աշխատանքի տեղավորվելու հնարավորություն, սոցիալական վերականգնում, լիարժեք կյանք՝ նպաստելով նրա ինքնավստահության ամրապնդմանը, դյուրացնելով նրա մասնակցությունը հասարակական կյանքին: Նման երեխաները կարող են իրենց ցանկությամբ սովորել հանրակրթական դպրոցներում:
Պետությունը և նրա համապատասխան մարմինները նրանց համար ստեղծում են հատուկ մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ, իրականացնում են հաշմանդամ երեխաների բուժման հետևանքով նրանց թվաքանակը նվազեցնող սոցիալ-տնտեսական միջոցառումներ, կազմակերպում են հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի արտադրությունը և դրանց ձեռքբերումը:
Հոդված 27. Սոցիալական ապահովության երեխայի իրավունքը
Հաշմանդամ և կերակրողին կորցրած երեխան ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
Երեխան ունի նպաստ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 28. Արտակարգ և ռազմական իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը
Արտակարգ վիճակներում հայտնված երեխային պետությունը տրամադրում է անհապաղ և անվճար օգնություն, միջոցներ է ձեռնարկում վտանգավոր գոտուց նրան տեղափոխելու, ընտանիքի հետ վերամիավորելու, անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:
Պետությունը և նրա համապատասխան մարմիններն ապահովում են արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանվածությունը՝ հոգալով նրա առաջնահերթ կարիքները:
Զինված հակամարտությունների ժամանակ պետությունը և նրա համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի հատուկ պաշտպանությունը, անհրաժեշտության դեպքում կազմակերպում նրա էվակուացիան:
Հոդված 29. Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը
Արգելվում է երեխային ներգրավելը ռազմական գործողություններին, զինված ընդհարումներին, ինչպես նաև երեխաների շրջանում պատերազմի և բռնության քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը:
Արգելվում է մինչև 15 տարեկան երեխայի մասնակցությունը ռազմական գործողություններին:
Հոդված 30. Փախստական երեխայի իրավունքը
Ռազմական գործողությունների և այլ ընդհարումների հետևանքով բնակելի տարածությունից և անձնական գույքից զրկված փախստական երեխան ունի իր շահերի պաշտպանության իրավունք:
Պետությունը և նրա համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում երեխայի ծնողների կամ հարազատների որոնման ուղղությամբ, ցուցաբերում են նյութական, բժշկական և այլ օգնություն, անհրաժեշտության դեպքում նրան տեղավորում են բուժ-կանխարգելիչ, գիշերօթիկ կամ այլ հաստատությունում:
Հոդված 31. Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրան պատասխանատվության ենթարկելիս
Երեխան ունի անձի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով: Երեխային չի կարելի ձերբակալել, խուզարկել կամ կալանավորել այլ կերպ, քան սահմանված է օրենքով:
Երեխայի ձերբակալման կամ կալանավորման մասին անհապաղ հայտնվում է ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին:
Ազատազրկման դատապարտված յուրաքանչյուր երեխա ունի օրենքով սահմանված կարգով ազատազրկման դատավճիռը գանգատարկելու իրավունք:
18 տարին չլրացած անձանց կողմից կատարված հանցագործությունների համար մահապատիժ չի սահմանվում:
Արգելվում է երեխային չափահասների հետ համատեղ կալանքի տակ պահելը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում երեխային քրեական պատասխանատվության ենթարկելիս փաստաբանի (հոգեբանի, մանկավարժի) ներկայությունը հետաքննության, նախաքննության և դատաքննության ընթացքում պարտադիր է:
Երեխան պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ծնողների կամ մերձավոր ազգականների դեմ:
Արգելվում է որպես վկա ցուցմունքներ վերցնելու կամ սեփական հանցանքը խոստովանելու համար երեխայի նկատմամբ բռնության, սպառնալիքի և այլ ապօրինի գործողությունների կիրառումը:
Հոդված 32. Երեխայի իրավունքների պաշտպանությունը հատուկ
դաստիարակչական հաստատություններում
Երեխային հատուկ դաստիարակչական հաստատություն է ուղարկում միայն դատարանըª տեղական կառավարման մարմինների ներկայացմամբ:
Հատուկ դաստիարակչական կամ բուժ-կանխարգելիչ հաստատություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, առողջության պահպանման, համապատասխան կրթության և մասնագիտական պատրաստության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների, հարազատների և այլ անձանց հետ տեսակցության և նամակագրության իրավունք:
Հատուկ դաստիարակչական հաստատության խնդիրն է երեխային ուղղելն ու վերադաստիարակելը:
Գ Լ ՈՒ Խ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 33. Պատասխանատվությունն օրենքը խախտելու համար
Սույն օրենքը խախտող անձինք, ինչպես նաև պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 34. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ
19 հուլիսի 1996 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-18