03 հոկտեմբերի 2018
03 հոկտեմբերի 2018
Սիրելի բարեկամներ,
Ողջունում եմ Գլենդելի բոլոր բնակիչներին, այդ թվում մեր հազարավոր հայրենակիցներին:
Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամներին քաղաքի գլխավոր պողոտաներից մեկը «Արցախ» անվանակոչելու համար:
Այս նախաձեռնությունը հավաստումն է Միացյալ Նահանգներում ապրող բոլոր ազգերի պատմության և մշակույթի նկատմամբ ամերիկյան ժողովրդի հարգանքի ու գնահատման, և ևս մեկ քայլ՝ Արցախի և Կալիֆոռնիայի միջև հաստատված ջերմ ու բարեկամական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից:
Տարիներ առաջ Լոս Անջելեսում կայացած միջոցառումներից մեկի ժամանակ ինձ նվիրել էին մի ցուցանակ՝ «Լիթլ Արմենիա» մակագրությամբ, որը ես ինձ հետ բերեցի Արցախ: Եվ այն ժամանակ մի երազանք ունեի իմ մտքում, որ կգա ժամանակ, որ մենք կունենանք Արցախ մակագրությամբ ցուցանակներ Կալիֆոռնիայում՝ Լոս Անջելեսում, և այսօր այդ երազանքների իրականացման պահն է:
Ընդամենը երկու շաբաթ առաջ Արցախում էին գտնվում Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Կալիֆոռնիայի Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն: Մենք նրանց հետ նույնպես քննարկեցինք մեր հարաբերությունների զարգացման հետ կապված նոր ծրագրերը:
Վստահ եմ, որ նոր անվանակոչված պողոտայում Արցախ անվանումով ցուցանակները Գլենդելի բնակիչներին և նրա հազարավոր հյուրերին անընդհատ կհիշեցնեն Արցախի մասին: Եվ նրանցից շատերը կուզենան գոնե մի անգամ լինել մեր երկրում, ծանոթանալ մեր մշակույթի և պատմությանը, ազատության համար պայքարող մեր ժողովրդի հետ:
Վերստին շնորհավորում եմ բոլորիս և ողջունում մեզ համար հարազատ դարձած Գլենեդելի բնակիչներին: